Մենք հաճախ ենք լսում. «Դե, առաջ ուրիշ էր, էլի» արտահայտությունը: Բայց շատ-շատերս ուշադրություն չենք դարձնում կամ էլ վերաբերվում ենք հումորով, սակայն այս և այլ արտահայտությունների ետևում թաքնված է մի պարզ ճշմարտություն, որ առաջ կյանքը եղել է անհոգ, երջանիկ և ապահով: Դե հա՛, բոլորս էլ կմտածենք՝ ի՞նչն է վատ: Հետևում ենք նորաձևությանը, ձեռք ենք բերում թանկարժեք հեռախոսներ, բայց այս ամենն ուղղակի պատրանք է, որը մեր կյանքը ավելի է հեշտացնում և տանում, այսպես ասած, նստակյաց կյանքի: Այս ամենը կարդալով՝ ձեր մեջ հարց է առաջանում, թե արդյոք ինչո՞վ են տարբերվում 70-90-ական թվականներն այժմյան ժամանակաշրջանից: Այս բոլոր հարցերի պատասխանը տվեց մայրս:
-Մա՛մ, որ էդքան ասում ես` «Առաջ ուրիշ էր», ի՞նչն էր ուրիշ:
-Դե, մեր ձգտումները, նպատակները, հետաքրքրությունները տարբերվում էին:
-Օրինակ, էդ ի՞նչ ձգտումներ են, որ տարբերվում են:
-Մենք ձգտում էինք սովորե՜լ, սովորե՜լ, սովորե՜լ՝ ինչպես բոլորը: Այս և այն ժամանակաշրջաններում տարբերությունն այն է, որ այն ժամանակ հեշտ ու հանգիստ էինք գտնում գրքեր ու նման այլ բաներ, քանի որ ուսումը, գրքերը անվճար էին, և յուրաքանչյուրի պարտքն էր միմիայն սովորել, իսկ հիմա ուսման համար առաջանում են շատ ու շատ խնդիրներ՝ կապված նյութերի, գրքերի, անվճար ուսումնական հաստատությունների հետ:
-Բա հետաքրքրություննե՞րը:
-Այն ժամանակ հետաքրքրությունները ամբողջովին ուրիշ էին: Մենք զբաղվում էինք ասեղնագործությամբ, շյուղագործությամբ, կազմակերպում էինք մրցույթներ՝ «Ամենագեղեցիկ ասեղնագործությունը» և այլն: Աղջիկների համար շատ հետաքրքրիր էին անցնում տեխնոլոգիայի դասերը: Դրանք վերջում վերածվում էինք հավաքույթների: Մենք կիսվում էինք տարբեր կենցաղային և խոհանոցային նորամուծություններով: Կազմակերպում էինք ինտելեկտուալ խաղեր զուգահեռ դասարանների միջև, այժմյան «Ամենախելացին» խաղի պես: Ավագները ուսուցիչների օգնությամբ կազմում էին հարցաշար: Այնուհետև դասարանները սկսում էին պատրաստվել խաղին: Եվ հաղթող դասարանի համար դա մի այլ ուրախություն էր, քանի որ ուսուցիչները սկսում էին ավելի լավ զգալ, քանի որ դա նրանց պարծանքն էր դառնում:
-Հա՛, լավ կլիներ մենք էլ նման խաղեր կազմակերպեինք: Բայց դե, մեր խաղերն էլ են լավը՝ 21 ենք խաղում, պոկեր ենք խաղում: Ի՞նչն է վատ,- ցանկանալով գովել մեր երիտասարդությանը՝ մեջ մտա ես:
-Լավ ա, բայց ի տարբերություն ձեզ, մենք դասերից հետո իջնում էինք դպրոցի բակ՝ անկախ տարիքից և սեռից, և կազմակերպում էինք խաղեր ամեն ինչով՝ «ռեզինով», պարանով, գնդակով, օղակով, և հաստատ ավելի լավ էր անցնում քան հիմա, երբ այդ ամենը վերածվել է վիրտուալ իրականության:
-Այ օրինակ, որ ասում ես` դասատուների հանդեպ հարգանք չկա, բա ձեր ժամանակ ո՞նց էր:
-Ավելի փոքր տարիքում ուսուցիչները մեզ համար առեղծվածներ էին: Մենք մտածում էինք. «Տեսնես իրենք հաց ուտո՞ւմ են…» կամ «Իրենք քնո՞ւմ են»: Իսկ հիմա … Հիմա աշակերտի և ուսուցչի միջև ջերմ և ընկերական մթնոլորտ է: Երբ իրենք միջանցքում էին, մենք դասարանից դուրս չէինք գալիս, մենք ամաչում էինք բարև տալ, բայց հիմա երեխաների ուշադրությունը գրավում է ամեն մի փոփոխություն ուսուցչի մեջ, թե ով մազերը ներկեց, ով կտրեց, ով ամուսնացավ և այլն:
Ես ստացա իմ հարցերի պատասխանը և երևի դուք էլ, գուցե ոչ ամբողջովին: Գուցե իմ մայրիկի հասակակիցները մի քիչ տարբերվում էին ձեր մայրիկների և հայրիկների հասակակիցներից: Չգիտեմ, բայց շատ կուզեի իմանալ, երևի դուք էլ:
Ի՞նչ եք կարծում. Արժե՞ այս մասին բանավեճ սկսել:
Ամեն դեպքում միշտ էլ կարելի է հիշել հին ու բարի ժամանակները՝ չմոռանալով ներկայի և ապագայի մասին:
-Մյաու, մյաու:












Օրեցօր ավելի է հետաքրքի է դառնում մեր առօրյան: Այսօրվա ընթացքում ես ավելի մանրամասն սովորեցի ֆիլմ նկարահանելու գաղտնիքները: Օրինակ` քանի հիմնական պլանով են նկարահանում ֆիլմերը կամ, որն է ամերիկյան պորտրետը: Հետո մենք բավականին երկար և բարդ քննարկում ունեցանք մեր ֆիլմերի գաղափարների վերաբերյալ, քանի որ ֆիլմերի գաղափարները շատ էին, և մենք չէինք կարող կողմնորոշվել, թե որոնք ընտրենք այս ընթացքում նկարահանելու համար, իսկ երբ ընտրեցինք, համարյա մինչ ուշ գիշեր քննարկում էինք, թե ով որ թիմում աշխատի: Մեր ավագ ընկերները վերջնական ընտրված ֆիլմերի վերնագրերը գրել էին գրատախտակին և մեզ առաջարկել ընտրել մեկը և անունը գրել թիմի կազմում: Երեկոյան պարզվեց, որ համարյա բոլոր թիմերի մեջ աշխատելու ցանկություն էինք հայտնել բոլորս: Կեսգիշերին վերջապես կողմնորոշվեցինք: Շուտով նկարահանումները կսկսեն:
Առավոտը հետաքրքրասիրությամբ լցված իջանք նախաճաշի, քանի որ գիտեինք՝ գիշերը մեր սերբ ընկերները շատ ուշ ժամանել էին ու արդեն հյուրանոցում են: Երկար ճանապարհից հոգնած՝ նրանք առավոտյան մեր աշխատանքներին չմիացան, բայց մինչ մեր ծանոթությունը, պատանի թղթակիցներս հասցրինք մեր՝ մոնտաժային աշխատանքի տեխնիկական գիտելիքները հարստացնել գործնական աշխատանքով:
Ճամբարի առաջին նկարահանումները
Առավոտս բացվեց այն ժամանակ, երբ սենյակակիցներս` Մանեն և Նելլին պատրաստվում էին գնալ վազելու: Նրանք որոշել են այստեղ էլ հավատարիմ մնալ իրենց ռեժիմին. Վեր կաց ու վազք առավոտյան 6-ին և քնել գիշերը 10-ին: Վեր կացն առայժմ ստացվում է:
Բացի դասընթացներից, ինձ շատ են դուր գալիս նաև նոր շփումները և ծանոթությունները: Մասնակիցները Հայաստանի տարբեր մարզերից են ու Երևանից, և զրուցելիս շատ նոր բաներ ենք իմանում նաև մարզերի մեր հասակակիցների մասին: Իսկ այսօր արդեն սկսում ենք ծանոթանալ մեր սերբ հասակակիցների հետ: Առաջինը` սերբերեն «բարև» բառն է, իսկ երեկոյան հասցրեցինք սովորել նաև սերբական պար: Մի խոսքով, այս օրերի ընթացքում կհասցնենք «փոխանակվել» նաև մեր մշակույթներով, ինչը ինձ շատ է ուրախացնում: Առաջին օրն էր, և մեր սերբ հասակակիցները մշակութային շոկ էին ապրում. Առաջին անգամ էին լսում հայերեն խոսք, ուտում հայկական կերակուրներ, անգամ երբ դիտում էին մեր նկարած ֆիլմերը, դիտում լուսանկարները: