Lilit Avanesyan Ararat

Բարև, ես Լիլիթն եմ և ես Արցախից եմ

Իմ մանկությունը անցել է աշխարհի ամենագեղատեսիլ վայրերից մեկում’ Արցախում: Ես 12 տարի ապրել ու մեծացել եմ Արցախի գողտրիկ անկյուններից մեկում’ Մեծ Շենում: Ես վեց տարի սովորել եմ իմ հարազատ գյուղի դպրոցում, որը կրում է Սասուն Դավթյանի անունը: Ես իմ գյուղից ունեմ շատ հիշողություններ, իմ կյանքի լավագույն 12 տարիները անցել են հենց այդ գյուղում: Ես ունեմ շատ ընկերներ, որոնց թողել եմ այնտեղ, բայց ես գիտեմ, որ դեռ հանդիպելու  եմ նրանց:

2020 թվական, աշուն, սեպտեմբերի սկիզբ․․․․ Բոլորը ուրախ գնում էին դպրոց, գնում էին չմտածելով, թե հետո ինչ կլինի: Եվ ահա եկավ չարաբաստիկ օրը’ սեպտեմբերի 27, առավոտյան ժամը 7:30 րոպե, և բոլորը խուճապահար եղած փորձում են փրկել իրենց կյանքը, քանի որ թշնամին ամբողջ ուժով հրետակոծում էր Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը և շրջակա տարածքները:

Այս ամենի պատճառով ես իմ ընտանիքի հետ դուրս եկա իմ հարազատ գյուղից՝ վերադառնալու հույսով: Նոյեմբերի 9-ի առավոտյան իմացա, որ պատերազմը վերջացել է, բայց չգիտեի, որ դրա դիմաց պետք է Արցախը տանք հակառակորդին:

Երբ իմացա այս լուրի մասին, մարմնովս մեկ սարսուռ անցավ, ես փորձում էի չհավատալ, բայց ավաղ, չէր ստացվում:

Սակայն Արցախ աշխարհի տառապանքները այսքանով չսահմանափակվեցին: Հիմա արդեն 58 և ավել օր է, ինչ թշնամին դավադրաբար փակել է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը: Թշնամին պարբերաբար անջատում է Ստեփանակերտի լույսը, գազը, և դրա պատճառով հազարավոր երեխաներ չեն կարողանում հաճախել դպրոց, մանկապարտեզ: Բլոկադայի պատճառով Արցախում սկսել է ճգնաժամ, բայց արցախցին այնքան հզոր է, և այնքան կամք ունի, որ չի պատրաստվում հանձնվել:

Ես հիմա ինձ վատ եմ զգում, քանի որ այն ժամանակ գոնե կարող էի գնալ Արցախ, բայց հիմա չեմ կարող, քանի որ միակ ճանապարհը դեպի Արցախ փակ է թշնամու կողմից:

Ես հույս ունեմ, որ շուտով կավարտվի այս մղձավանջը, և արցախցին հաղթանակած դուրս կգա այս պայքարի միջից ևս: Ես որպես արցախցի կոչ եմ անում, որ ինչ էլ լինի, ինչ փորձություններ էլ լինեն, մեկ է, չպետք է կոտրվենք, այլ պետք է ավելի ուժեղ գտնվենք և համախմբվենք, որպեսզի կարողանանք պահպանել մեր իրավունքները, և ի վերջո այն հողը, որի համար հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհեցին:
ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԱՐՑԱԽՑԻ ԵՄ:

44…

44-րդ օր։ Լրացել է հերթական 44-օրդ օրը, և մեր՝ արցախցիներիս հոգում կրկին ամեն ինչ տակնուվրա է լինում։

Չարաբաստիկ այդ թիվը ոչ մի լավ հիշողություն չի բերում իր հետ։ Մեզ մոտ դեժավյու է։

44-օրյա պատերազմից 2 տարի անց Արցախը վերապրում է հերթական պատերազմական 44-րդ օրը։

Այո, այս շրջափակումը ևս պատերազմ է՝ ուղղված Արցախում էթնիկ զտումներ և ցեղասպանության իրականացման։

2020թ․ պատերազմի 44-րդ օրը հազարավոր անմեղ երիտասարդների կյանքի հետ միասին կանգ առավ նաև ողջ մնացածների կյանքը, նրանց երազանքների հետ միասին կործանվեցին բոլորի երազանքներն, ու անդունդի եզրին հայտնվեց մեր պետությունը։

Սրտի ֆիզիոլոգիական զարկերն ու ինքնաբերաբար շնչելն ու արտաշնչելը ստիպեցին հազարավոր արցախցիների առերեսվել իրականության հետ, ու չնայած խելագարության հասցնող իրականությանը՝ շարունակել ապրել իրենց որդիների արյամբ սրբացած, ամեն տեղից բզկտված Արցախի մի բուռ հողի վրա, որտեղ հանգչում են իրենց որդիներն ու պաշտպանել այն։

Շրջափակման 44-րդ օրը շատ ցուրտ է Արցախում։ Սառնություն է փչում ամեն տեղից՝ անցորդների դեմքերից, խանութների դատարկ ցուցափեղկերից, մեքենաների շարժից դատարկված փողոցներից, փակված դպրոցներից, մոմի թույլ լույսով լուսավորված տների կիսամութ պատուհաններից։

Իմ տան պատուհանից երևում է դեպի Շուշի տանող ճանապարհը, իսկ ներքևում՝ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատունը։ Իմ տան պատուհանից այն կողմ խավարն է իջնում քաղաքի վրա՝ Եղբայրականի խոսուն լռությունն ավելի ամբողջացնելով, իսկ հեռվում՝ հորիզոնի լազուրին միախառնվում են Շուշիից այն կողմ, կորսված լեռների ձյունաճերմակ գագաթները։

Միացվում են բերդաքաղաքի լույսերը, անջատվում է մայրաքաղաքի լույսերը, ու լուսազուրկ փողոցներով սկսում է սուլել ձմռան սառը քամին, որն, ով գիտե, գուցե իջել է այն լեռների գագաթներից, որոնք միաձուլվել էին հորիզոնի հետ, շոյելով Ղազանչեցոցի քրիստոնեական աղոթքներից զրկված սրբատաշ պատերն ու հպվելով Շուշիի անառիկ պարիսպներին։

Անտարբեր աշխարհի ու հայրենակցիդ սառնությունից առավել հաճելի է այդ սառը քամին, որի մեջ այնքան կարոտ կա, որը հարվածում է դեմքիդ՝ չթողնելով, որպեսզի խավարում կորչող քաղաքի հետ միասին մթագնի նաև միտքդ, կորչի հավատքդ, ու մարի հույսդ։

Քաղաքի մթության մեջ աչքերիս առաջ հայտնվում են պատմությունները՝ 90-ականների շրջափակման, սովի,պատերազմի, ուսանողական տարիների մասին, որոնք պատմել են տատիկս և մայրս, երբ փոքր էի, և որոնք կարծես արտացոլվում են այսօրվա մեր իրականության մեջ։

Տատս 3 պատերազմ է տեսել և երևի կյանքի դառը փորձից էր, որ միշտ պնդում էր՝ տանը միշտ ալյուրի, շաքարավազի, ձեթի անհրաժեշտ պաշարներն ունենայինք, իսկ մայրս պատմում էր, թե ինչպես տասնյակ կիլոմետրեր էր քայլում դասի հասնելու համար, հոսանքի միացման ժամանակ միաժամանակ բոլորը փորձում էին ճաշ պատրաստել, իսկ համակարգը չէր դիմանում և նորից անջատվում էր, կամ ինչպես էին ժամերով կտրոնները ձեռքներին հերթ կանգնում՝ 1 հաց ստանալու համար։

Շրջափակման 44-րդ օրն Արցախում չկան մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ նվազագույն պայմաններ։ Վերջացել է պարենամթերքը, դեղորայքը, չկա վառելանյութ, չի հերիքում էլեկտրականությունը, փակված են դպրոցները, հասարակական տրանսպորտը ծանրաբեռնվածությամբ է աշխատում, դժվարացել է կապը Ստեփանակերտի և շրջանների միջև։ Մարդիկ շարունակում են պահել իրենց գոյությունը միայն շաքարավազով, ձեթով, մակարոնեղենով, հնդկաձավարով և բրնձով, որի համար նրանց հատկացվում են կտրոններ, իսկ սննդակարգից բացակայում են վիտամիններով հարուստ ուտելիքները՝ մրգերն ու բանջարեղենը։

Խանութներում հազվադեպ է այս 5-յակից դուրս որևէ ապրանք հայտնվում, դրա մասին կարելի է կռահել խանութների դիմաց առաջացած երկար հերթերից։

Շատ հաճախ դասի կամ աշխատանքի պետք է հասնես ոտքով, որովհետև մեքենաների համար վառելիք չկա, իսկ եթե բախտդ բերի, և հասարակական տրանսպորտում ազատ տեղ գտնես, կարող ես ուրախությամբ անգամ մեկ ոտքի վրա կանգնած հասնել ուզածդ վայր։

Չի հերքիում նաև էլեկտրականությունը․ արդեն լույս չենք ունենում օրեկան 6 ժամ։ Երեխաները ստիպված են լինում մոմի լույսի տակ սովորել իրենց դասերը, գիրք կարդալ․ ինչպես 90-ականներին, սակայն խանութներում նաև արդեն մոմ գտնելն է անհնար։

Բանկերից գումար հանելու համար պետք է ևս հերթ կանգնես, եթե բախտը ժպտա քեզ, և գումարը չվերջանա, կկարողանաս 50 000 դրամ ստանալ։ Հետո հերթ կանգնես խանութում, հետո հերթ կանգնես կաթնամթերք ձեռք բերելու համար, հետո ձու ձեռք բերելու համար, հետո ծխախոտ ձեռք բերելու համար, դե իսկ հիգիենայի պարագաներ գտնելու համար  պետք է ամբողջ օրը շրջել քաղաքի խանութներում և ոչինչ չգտնել։

Շրջափակման դժվարություններն արցախցիների մոտ մեծացրել են են միմյանց կարեկցելու, օգնելու պատրաստակամությունը։ Արցախում հայտնի ֆեյսբուքյան «Ինձ պետք է այս ինչ բանը» խմբում հաճախ են մարդիկ փնտրում իրենց անհրաժեշտ ապրանքները, սակայն այդ բոլոր «պետք է»-ների մեջ ամենացավալին դա երեխաների մայրիկների կողմից արվող փոստերն են: Պատկերացրեք, ձեր երեխան խռովում է ձեզանից ու չի խոսում ձեզ հետ, որովհետև նրա համար չեք կարողանում ապահովել քաղցրավենիք, պատկերացրի՞ք, կամ ձեր երեխան հեռուստացույցով բանան է տեսնում և սկսում լացել, իսկ դուք չեք կարողանում նրա համար բանան գտնել, պատկերացրի՞ք։ Չեմ կարծում․․․

Շրջափակման 44-րդ օրն Արցախում պինդ ենք, ամուր, հույսի սպասումով…