Արդվին… Արդեն հարազատ դարձած հնչյուններ…
Վրաստանից Թուրքիա սահմանին տեղի ունեցած հետաքրքիր ու զվարճալի արկածներից հետո, ինչի ընթացքում ուղիղ մեկ ժամ սպասումների մեջ էինք, մի թուրք և մի ադրբեջանցի շատ կենսուրախ ու գրագետ ձևով մեզ օգնում էին, նույնիսկ մեր ազգությունը իմանալուց հետո… Այդ արկածներից հետո հայտնվեցի օտար երկրում, որը չնայած պատմականորեն իմ հարազատ հողն է, իմ նախնիների երկիրը… Հարազատության կարոտով լցված անհասկանալի սպասումներ ունեի: Անհասկանալի, որովհետև, իսկապես, չգիտես, թե ինչ սպասես… Մի կողմից` գտնվում ես քո ազգի թշնամու երկրում, մյուս կողմից` եկել ես քո ապուպապի հարազատ քաղաքն այցելելու, ինչին այնքան սպասում էիր, հաշվի առնելով նաև այն, որ անչափ կարոտել ես հենց քո սեփական հարազատ քաղաքը ու ընդհանրապես ցանկացած հայկական բան…
Արդվինը փոքրիկ, շատ գեղեցիկ քաղաք է, վեր ու վար ճանապարհներով, քանի որ գտնվում է սարի վրա: Մի սիրուն սարի վրա, որ մեր հայկական սարերից ոչնչով չի տարբերվում…
Արդվին քաղաքի խորհրդանիշը երկու իրար դեմ դիմաց մարտական կանգնած ցուլեր են: Դա մենք հասկացանք հուշանվերներ գնելիս: Ցուլ… Միակ հարազատ ու հետաքրքիր ասոցիացիան ցլի հետ ինձ համար այն է, որ ցլի ամսում եմ ծնվել…
Արդվին… Արդեն վաղուց հարազատ դարձած հնչյուններ… Ինչքա՜ն եմ լսել այս քաղաքի մասին: Ու հավատս չի գալիս, որ ոմանց համար սա ընդամենը մի քաղաք է Թուրքիայում, իսկ տեղացիների համար՝ իրենց հարազատ քաղաքը: Շատ տարօրինակ է այդ հարազատ բառի կողքին տեսնել ինչ-որ անհասկանալի թուրքական բառեր փողոցի ամեն խանութի կամ բանկի վրա:
Իսկ տեղացիները կյանքում չեն պատկերացնի ու չեն հավատա, թե էս մարդիկ ինչո՞ւ են եկել էստեղ ու ի՞նչ են անում… Իրենց համար տարօրինակ է… Զարմացած ու տարօրինակ հայացքներով նայում են, որ մի ընտանիք եկել է իրենց քաղաք ու, չգիտես թե ինչու, լուսանկարում է իրենց տները, փողոցները, քաղաքը, որտեղ իրենք ապրում են, գնում են գործի, առևտուր են անում, հանդիպում են իրենց ծանոթներին ու ընկերներին, որտեղ անցնում է իրենց առօրյան: Չեն հավատա, թե ինչու ենք մենք հուշանվերներ գնում ու այնքան հետաքրքրված ենք, որ ոչինչ չի խանգարում քաղաքն ավելի ու ավելի ուսումնասիրել…
Ու մի պահ իսկապես զգացի այդ ցավը, այդ ողբերգության, դժբախտության հետևանքը, այդ օտարացումը: Քոնը արդեն քոնը չէ, ու ոչ ոք չի էլ հիշում այստեղ, որ սա պիտի քոնը լիներ…
Ես պատկերացրի, որ կարծես թե, զուգահեռ իրականության մեջ լինեմ: Որ ժամանակի մեջ մի բան փոխվել է, ու եթե պատմությունը ունենար այլ զարգացում, Արդվինը կարող էր լինել նաև իմ հարազատ քաղաքը: Սակայն բավական ժամանակ այս քաղաքում անցկացնելուց հետո, կենտրոնում ու տարբեր այլ փողոցներում զբոսնելուց ու սարի վրայից բացվող տեսարանը վայելելուց հետո, նույնիսկ այստեղ ճաշելուց հետո ես, հասկացա… Հասկացա, որ նույնիսկ եթե պատմությունը այլ զարգացում ունենար, ու մենք զերծ մնայինք այսօրվա տխուր իրականությունից, Արդվինը իմ ապուպապի հարազատ քաղաքն է, բայց ոչ իմ: Իմ հարազատը այն քաղաքն է, որտեղ ապրում եմ, որտեղ ապրում է ընտանիքս, սիրելի մարդիկ, որտեղ գիտեմ ամեն ինչ, բայց միևնույնն է՝ միշտ մոլորվում եմ, որտեղ սիրում եմ փողոցները, այգիները, ու որը ես գժի նման կարոտել եմ…
07.08.15 12:00
Ես չգիտեմ, թե ինչպես է արարվել աշխարհը, չգիտեմ, թե ինչպես հայտնվեց մարդկությունը: Ինքս ինձ այդ աստիճան իմաստուն երբեք չեմ համարել որևէ բան ստույգ ու համոզված պնդելու համար: Միշտ կարծում էի, որ քրիստոնեությունն էլ պարզապես կրոններից մեկն է, որ անձամբ ինձ համար լեգենդ է, հանճարեղ մի լեգենդ, բայց լեգենդ այնուամենայնիվ… Այդ իսկ պատճառով, ճիշտն ասած, ինձ լիարժեք քրիստոնյա չեմ համարել: Սակայն երբ տեսա ինձ համար մինչև այսօր անհայտ ու թաքնված աշխարհի մի փոքր մասնիկ… Երբ տեսա ուրիշ կրոն… Մոտիկից, ներսից ու իրականության մեջ… Ու թե ինչ էի զգում ես այդ ամենը տեսնելիս… Ես մի տեսակ զգացի, որ կրոնն էլ ազգության պես արյունով է ժառանգվում…































Օրեցօր ավելի է հետաքրքի է դառնում մեր առօրյան: Այսօրվա ընթացքում ես ավելի մանրամասն սովորեցի ֆիլմ նկարահանելու գաղտնիքները: Օրինակ` քանի հիմնական պլանով են նկարահանում ֆիլմերը կամ, որն է ամերիկյան պորտրետը: Հետո մենք բավականին երկար և բարդ քննարկում ունեցանք մեր ֆիլմերի գաղափարների վերաբերյալ, քանի որ ֆիլմերի գաղափարները շատ էին, և մենք չէինք կարող կողմնորոշվել, թե որոնք ընտրենք այս ընթացքում նկարահանելու համար, իսկ երբ ընտրեցինք, համարյա մինչ ուշ գիշեր քննարկում էինք, թե ով որ թիմում աշխատի: Մեր ավագ ընկերները վերջնական ընտրված ֆիլմերի վերնագրերը գրել էին գրատախտակին և մեզ առաջարկել ընտրել մեկը և անունը գրել թիմի կազմում: Երեկոյան պարզվեց, որ համարյա բոլոր թիմերի մեջ աշխատելու ցանկություն էինք հայտնել բոլորս: Կեսգիշերին վերջապես կողմնորոշվեցինք: Շուտով նկարահանումները կսկսեն:
Առավոտը հետաքրքրասիրությամբ լցված իջանք նախաճաշի, քանի որ գիտեինք՝ գիշերը մեր սերբ ընկերները շատ ուշ ժամանել էին ու արդեն հյուրանոցում են: Երկար ճանապարհից հոգնած՝ նրանք առավոտյան մեր աշխատանքներին չմիացան, բայց մինչ մեր ծանոթությունը, պատանի թղթակիցներս հասցրինք մեր՝ մոնտաժային աշխատանքի տեխնիկական գիտելիքները հարստացնել գործնական աշխատանքով:
Ճամբարի առաջին նկարահանումները
Առավոտս բացվեց այն ժամանակ, երբ սենյակակիցներս` Մանեն և Նելլին պատրաստվում էին գնալ վազելու: Նրանք որոշել են այստեղ էլ հավատարիմ մնալ իրենց ռեժիմին. Վեր կաց ու վազք առավոտյան 6-ին և քնել գիշերը 10-ին: Վեր կացն առայժմ ստացվում է:
Բացի դասընթացներից, ինձ շատ են դուր գալիս նաև նոր շփումները և ծանոթությունները: Մասնակիցները Հայաստանի տարբեր մարզերից են ու Երևանից, և զրուցելիս շատ նոր բաներ ենք իմանում նաև մարզերի մեր հասակակիցների մասին: Իսկ այսօր արդեն սկսում ենք ծանոթանալ մեր սերբ հասակակիցների հետ: Առաջինը` սերբերեն «բարև» բառն է, իսկ երեկոյան հասցրեցինք սովորել նաև սերբական պար: Մի խոսքով, այս օրերի ընթացքում կհասցնենք «փոխանակվել» նաև մեր մշակույթներով, ինչը ինձ շատ է ուրախացնում: Առաջին օրն էր, և մեր սերբ հասակակիցները մշակութային շոկ էին ապրում. Առաջին անգամ էին լսում հայերեն խոսք, ուտում հայկական կերակուրներ, անգամ երբ դիտում էին մեր նկարած ֆիլմերը, դիտում լուսանկարները:
