


Կյանքի մեկ րոպե. Անմահները
-Ափսոս, որ չեք կարող ծանոթանալ իմ ընկերոջ հետ: Հոյակապ տղա էր, բոլորը նրան շատ սիրում էին: Գիտե՞ք, այդպիսի մարդիկ կան, որ թշնամիներ չեն ունենում: Այսինքն` ոչ թե չեն ունենում, որովհետև խեղճ են, կամ ոչ մեկի չեն հետաքրքրում, այլ ուղղակի բոլորը նրանց հավանում են և ուզում են այդպիսի ընկեր ունենալ: Նա էլ հենց այդպիսի մարդկանցից էր. բոլորի հետ կարող էր ընդհանուր լեզու գտնել:
Եթե ես ինչ-որ դժվար իրավիճակում էի հայտնվում, կամ ուղղակի ուզում էի ինչ-որ մի բանով մեկի հետ կիսվել, միշտ նրա հետ էի զրուցում: Դե, գիտեք էլի, բաներ կան, որ ծնողներին չես պատմի: Այսինքն` հիմնականում ծնողներին աշխատում ես ոչինչ էլ չպատմել, ճիշտ չե՞մ ասում: Այդ դեպքերում գնում էի ընկերոջս մոտ: Նա շատ յուրահատուկ բնավորություն ուներ. նույնիսկ եթե ինչ-որ բան լավ չէր հասկանում, միևնույն է, կարողանում էր շատ օգտակար խորհուրդ տալ, կամ այնպես ոգևորել, որ հասկանում էիր` քեզ տանջող խնդիրը դատարկ բան է:
Հետո` խաղերից էր շատ լավ գլուխ հանում: Համակարգչային խաղերից նկատի ունեմ: Մեր քաղաքում դա միակ հետաքրքիր զբաղմունքն է, ուրիշ անելու շատ բան չունենք: Միասին ժամերով կարող էինք խաղալ, նա համարյա միշտ հաղթում էր: Եթե ինչ-որ դժվար մակարդակի էի հասնում ու չէի կարողանում խաղալ, միշտ նրան էի կանչում օգնության: Որ հարցնում էի` ինչպես ես այդքան լավ խաղում, որ մեզ չեն սպանում, միշտ ասում էր` որովհետև մենք անմահ ենք:
Ես նրա գերեզմանին հաճախ եմ այցելում: Նայեք, փոշին նոր է մաքրած: Երևի իր մայրն է եկել առավոտյան: Նա ամեն օր գալիս է այստեղ, ես աշխատում եմ ուշ ժամերի գալ: Ամաչում եմ նրանից, որ տեսնում եմ` չգիտեմ, թե ինչ ասեմ:
Երբ կռիվները սկսվեցին, ես վստահ էի, որ մեզ հետ ոչինչ չի լինի: Վստահ էի, որովհետև դրանք մեր հարևաններն էին: Պատկերացրեք` ձեր կողքի տանն ապրող մարդիկ մի օր գան ու հարձակվեն ձեզ վրա: Հիշում եմ` քեռիս եկել` համոզում էր, որ փախնենք: Փախեք այստեղից, փախեք, ասում էր: Բայց չփախանք: Ընկերոջս ընտանիքն էլ չփախավ: Ո՞ւր փախնեինք, ամբողջ կյանքում այստեղ ենք ապրել:
Սկզբում շատ էի ուզում վրեժ լուծել: Ուղղակի մեռնում էի, ուրիշ բանի մասին չէի կարող մտածել: Գիտեի, որ ինձ էլ կսպանեն, բայց դա ինձ շատ չէր հետաքրքրում: Բայց հետո հասկացա, որ այդ ամեն ինչը հիմարություն է:
Ի՞նչ ծաղիկներ: Մենք ծաղիկներ չենք դնում գերեզմանին: Դուք քրիստոնյա՞ եք: Տեսնո՞ւմ եք, այդ պատճառով էլ չգիտեք: Մահմեդականները գերեզմաններին ոչինչ չեն դնում: Նայեք շուրջը, գերեզմաններից ոչ մեկի վրա ծաղիկ չկա: Մեր շիրմաքարերին նկարներ էլ չկան: Միայն անունն է գրած, ու վերջ: Մարդիկ գալիս են այստեղ, աղոթում ու գնում են: Մենք մարդկանց մեր մտքում ենք պահում, ոչ թե նկարներում ու ծաղիկներում: Միայն սա եմ բերել ծրարով` մեր սիրած խաղն էր: Բայց շիրմաքարի վրա չեմ դնի, այս քարին կդնեմ: Մտածեցի` բերեմ, թողնեմ իր մոտ: Չգիտեմ` ինչի համար, ուղղակի, էլի: Ես մի հատ էլ ունեմ, թող այս մեկն էլ այստեղ մնա: Բացի այդ` ես ուզում եմ գնալ Ամերիկա` սովորելու, իսկ այնտեղ խաղեր շատ կլինեն: Ամերիկայում եղե՞լ եք: Իսկ ես մեր քաղաքից բացի ուրիշ տեղ դեռ չեմ եղել: Բայց անպայման կգնամ սովորելու, եղբայրս խոստացել է, որ կօգնի: Սցենարիստ պետք է դառնամ: Ու կդառնամ, դա դժվար չէ, ես արդեն մի քանի սցենար ունեմ գրած: Կսովորեմ ու կդառնամ հայտնի սցենարիստ, Հոլիվուդում կաշխատեմ: Դա խաղի պես է` անընդհատ փորձում ես, մինչև ստացվի, ու կարևոր չէ, թե քանի անգամ քեզ կսպանեն, չէ՞: Որովհետև մենք անմահ ենք:
Խոջիագբար, 17 տարեկան: Ղրղզստանի Օշ քաղաքում տեղի ունեցած միջէթնիկ բախումների ժամանակ այրել են մտերիմ ընկերոջն ու սպանել են բազմաթիվ ազգակիցների:

«Թատրոնն անընդմեջ ստեղծագործական ընթացք է». Երվանդ Մանարյանի հիշատակին
-Մենք կարդացել ենք, որ Դուք ծնվել եք Իրանում և Հայաստան եք գաղթել երիտասարդ հասակում: Գաղթելու որոշումն ու՞մն էր, Հայաստանը Ձեզ դուր եկա՞վ, հե՞շտ էր արդյոք հարմարվել Հայաստանի պայմաններին:
-Գաղթել եմ 21 տարեկան հասակում: Հայաստանը սկզբից էլ ինձ շատ դուր եկավ: Աստված մարդուն այդպես է ստեղծել, նա պետք է հայրենիք ունենա, որտեղ նրա պապերն ու պապերի պապերն են ապրել: Պարսկաստանում մենք շատ լավ էինք ապրում, պարսիկները շատ լավ մարդիկ են: Մեզ միշտ լավ են վերաբերվել, ուղղակի նրանք տան տերերն էին, դա էր միակ տարբերությունը: Մենք հյուր էինք, նրանք մեզ լավ էին վերաբերվում, բայց ուզում էինք մերն ունենալ: Եկանք Հայաստան և ունեցանք հայրենիք: Դժվարությունները չափազանց շատ էին: Երիտասարդը հենց դրանով է լավ, որ դժվարությունները հաղթահարել կարողանում է, չի նկատում դրանք: Միշտ եղել եմ Հայաստանում, լքել եմ միայն զինվորական ծառայության ժամանակ և մի քանի անգամ աշխատանքային գործուղումների պատճառով:
-Ինչու՞ որոշեցիք ընդունվել թատերական ինստիտուտ:
-Ծնողներս դերասաններ էին: Եվ հայրս, և մայրս պարսկահայ բեմի գործիչներ էին: Մորաքույրս այստեղ էր ապրում: Վանաձորի թատրոնում էր աշխատում, հանրապետության ժողովրդական արտիստուհի էր: Այդ միջավայրում եմ ես մեծացել, հակումներ էլ կային: Շատ լավ բան է դերասանությունը: Թատրոնը և ուրախ տեղ է, և շատ պատասխանատու: Օրինակ` երբ նստած են երեխաները և ներկայացում են նայում, շատ հեշտ է նրանց ապակողմնորոշել, սովորեցնել այնպիսի բաներ, որ հետագայում իրենց պետք չի գա, կամ կխանգարի: Այդ առումով շատ պատասխանատու բան է թատրոնը:
-Կպատմե՞ք ձեր ուսանողական տարիներից մի հատված, որը վառ է մնացել ձեր հիշողության մեջ:
-Իմ երիտասարդության տարիների բոլոր հիշողությունները ես աշխատում եմ շատ վառ պահել մտքումս: Աշխատում եմ չմոռանալ և լավ, և վատ դեպքերը: Կյանքը այսպես է. և դառնություններ են լինում, և ուրախություններ: Դրանք բոլորը քոնն են, ավելի շատ ինքդ պետք է կողմնորոշվես, թե որը շարունակես, որից հրաժարվես: Դժվար բան է, բայց լավ է, երբ արդեն կյանքիդ երկրորդ կեսն է սկսվում, և հետ նայելով տեսնում ես, որ վատ բաներն ավելի քիչ են: Պետք է սովորել դժվարություններին, իմանալ, որ դու ունես քո կեցվածքը և ինքդ քեզ պետք է չդավաճանես, չխաբես: Դա է ամենակարևորը: Եթե ինքդ քեզ խաբեցիր, գործերդ շատ վատ կգնան, զղջալուդ ժամանակը շատ շուտ վրա կհասնի, իսկ ուղղել հնարավոր չի լինի այլևս, որովհետև Աստված ոչ մեկին հնարավորություն չի տալիս ամեն ինչ նորից սկսել:
-Մենք գիտենք, որ Դուք աշխատել եք թե Պարոնյանում, թե Սունդուկյանում, որոնք ժանրային առումով շատ տարբեր թատրոններ են: Որտե՞ղ եք Ձեզ ավելի լավ զգացել:
-Սունդուկյանում իմ աշխատանքը այլ բնույթի էր: Վարդան Աճեմյանը թատրոնի տնօրենն էր, իսկ ես` նրա ասիստենտը: Դա ուրիշ տեսակի աշխատանք է: Այդտեղ մի հետաքրքիր դեպք պատահեց: Այն ժամանակ այսպես էր` կենտրոնական կոմիտեից պետք է գային, ներկայացումը դիտեին և հավանություն տային, մանավանդ եթե ժամանակակից պիես ես բեմադրում: Այսինքն քո թատրոնի համար գրված պիես է, քո ժամանակի մասին: Բեմադրում էինք կոլխոզի գյուղական ակումբի մասին ինչ-որ պիես: Եվ մի տեսարան կար, որ պետք է զուռնա-դհոլ մտներ բեմ: Երբ եկավ այդ պահը, ես շատ մեծ ոգևորությամբ երաժիշտներին (դրսից եկած երաժիշտներ էին) նշան արեցի, որ դուրս գան բեմ, իրենք էլ ոգևորված միանգամից զուռնան փչեցին և շատ բարձր երաժշտությամբ դուրս եկան բեմ: Շփոթություն առաջացավ և բեմի վրա, և դահլիճում: Առաջին քարտուղար Թովմասյանը շատ վրդովվեց, Աճեմյանի հետ ծանր խոսակցություն ունեցավ: Արդյունքում ներկայացումն արգելեցին: Մոտ մի ամիս անցավ, որպեսզի նորից թույլ տային, ուղղակի երաժշտությունը մի քիչ մեղմ պիտի բեմադրվեր: Նման դեպքեր շատ են պատահել:
Թատրոնի աշխատանքը ինձ համար շատ հետաքրքիր աշխատանք է: Ամեն կերպար մի մարդ է, իսկ թատրոնում աշխատող դերասանը քանի կերպար է կերտում, այդքան մարդ է ներկայացնում հասարակությանը: Դա բարդ աշխատանք է: Լուրջ աշխատանք է կատարվում և, երբ հասարակությունը որևէ դերասանի հավանում է, ի վերջո նրա համակրանքը կանգնում է այն դերասանի վրա, ով կարողանում է կյանքը ճիշտ ներկայացնել: Սուտը հետք չի թողնում, իսկ ճշմարտությունը` ներկայացված ուրախ, կամ տխուր տարբերակով, հետք թողնում է:
-Դուք աշխատել եք և թատրոնում, և կինոյում: Ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ:
-Թատրոնը: Թատրոնը արվեստի որևէ այլ ճյուղի հետ դժվար է համեմատել: Կինոյում ինչ-որ դեր են հանձնարարում, կատարում ես: Եթե ռեժիսորը չի հավանում, նորից ես փորձում: Սկզբունքը դա է, և դերասանը ներքին զգացողություն ունի, գիտի, որ եթե սխալ բան արեց, հնարավոր է ուղղել: Իսկ թատրոնում հնարավոր չէ ուղղել: Դուրս եկար բեմ` վերջ: Հանդիսատեսը` նստած, լույսերը` մարած, և բոլորը սպասում են, թե դու ինչ պիտի անես: Եվ դու պիտի անես այն ամենն, ինչ կարող ես, ինչ ճիշտ ես գտնում: Պատասխանատվությունը շատ մեծ է: Թատրոնում աշխատանքը անընդմեջ ստեղծագործական ընթացք է, որը ընդհատումների ենթակա չէ:
-Ե՞րբ որոշեցիք դառնալ դերասան:
-Ես աչքերս բաց անելու պահից սկսած դերասանություն եմ տեսել: Երբ ես և եղբայրս փոքր էինք, դերասանները գալիս, մեր տանն էին փորձերն անում, մենք էլ դիտում էինք: Այդ ժամանակվանից արդեն որոշել էինք դառնալ դերասան: Հայաստան գաղթելիս ես ծնողներիցս մի քանի ամիս առաջ եմ եկել, և դրվածքն այնպես էր, որ ես կարող էի էլ չտեսնել նրանց: Հայրս վատառողջ էր, ինձ խնդրեց, որ անեմ` ինչ ուզում եմ, միայն թե թատրոնի հետ գործ չունենամ, որովհետև դերասան մարդը, ընդհանրապես, շատ է տուժում: Արտաքինից միայն ուրախությունն է երևում, բայց իրականում այսպես չի, ծանր կյանքով է ապրում թատրոնի մարդը: Ես այստեղ ընդունվեցի համալսարան և իմանալով, որ թատերական խմբակ կա, ցանկացա մասնակցել: Մի քանի անգամ մտա ռեկտորի` Հրաչիկ Բունիաթյանի մոտ, որ հարցնեմ, թե երբ է սկսվելու խմբակի աշխատանքը: Ըստ երևույթին, նա հասկացավ, որ ես սխալ, պարտադրված ընտրություն եմ կատարել: Երբ նույն խնդրանքով երրորդ անգամ մտա նրա մոտ, իմ ներկայությամբ զանգեց թատերական ինստիտուտի ռեկտորին և ասաց, որ Պարսկաստանից մի երիտասարդ սխալմամբ իր մոտ է եկել, պիտի նրա մոտ գնար: Եվ ինձ ուղարկեց թատերական ինստիտուտ: Գնացի ռեժիսուրայի ֆակուլտետը: Իմ շրջապատում ես միակն էի, որ ռեժիսուրայի ֆակուլտետ ընդունվեցի: Իմ մյուս Պարսկաստանից եկած ընկերները` Զարեհ Տեր-Կարապետյանը, Հայկ Վարդանյանը և Իշխան Ղարիբյանը, դերասանականում էին: Ավարտելուց հետո երկար աշխատել եմ Գորիսի թատրոնում: Երբ առիթ եղավ Սունդուկյանում ասիստենտ աշխատելու, իսկ հետագայում նաև տիկնիկային թատրոնը գլխավորելու, ես անմիջապես ընդունեցի այս առաջարկը: Գնացի և մնացի այդ արվեստի ասպարեզում մինչ այսօր: Այս ասպարեզը շատ բարդ է, որովհետև երեխային խաբելը հանցագործություն է, իսկ նրան ընդառաջ չգնալը` անհնար: Շատ հետաքրքիր է նաև նրանով, որ երեխա հանդիսատեսը եկել է թատրոն և պետք է դիտի ներկայացումը: Ինչ էլ եղած լինի, նրան հետաքրքիր չէ: Նա եկել է, և դու պետք է բեմադրես այն, ինչ ուզում է նա տեսնել:
-Դուք աշխատել եք որպես դերասան, ռեժիսոր և սցենարիստ: Ո՞ր աշխատանքն է Ձեզ ավելի դուր գալիս:
-Իհարկե, դերասանի աշխատանքը հիմնական աշխատանքն է: Եթե դերասանը չլինի, մյուս բաներն ավելորդ են: Դրամատուրգը գրում է պիես, բայց դերասան չկա, որ խաղա, պիեսն արդեն ավելորդ է: Թատերական ինստիտուտի մեր դասախոսներից մեկի` Լևոն Քալանթարի, իր ուսանողների հետ ունեցած հենց առաջին զրույցը այդ մասին էր: Օրինակ բերեց այսպես` ասենք թե Մոսկվայից մի խումբ պիտի գա ներկայացում խաղալու: Խումբը առանձին մեքենայով է գալիս, իսկ դեկորները և մյուս պարագաները` այլ: Ճանապարհին ինչ-որ բան է պատահում, և դեկորները տեղ չեն հասնում: Դերասաները կան, մի բան խաղում են, և հանդիսատեսը դա տեսնում է: Ասենք թե հակառակն է լինում: Դեկորները գալիս են, իսկ դերասանները չկան: Ո՞վ պիտի խաղա: Ներկայացումը չի կայանում:
Այս փոխհարաբերությունը, այս դրվածքը թատրոնում զգալի երևում է: Երբ դերասան ես, դու զգում ես, որ դու ես պատասխանատուն, հանդիսատեսի և դրամատուրգի, բեմադրիչի միջև կապը: Եթե դու չլինես, հանդիսատեսը չի գա, նստի դահլիճում:
Դերասանությունը մեր ժողովրդին շատ վաղուց է ծանոթ: Մովսես Խորենացին նկարագրում է, որ բամբիռը ուսներին գցած, գյուղից գյուղ, քաղաքից քաղաք էին շրջում ստեղծագործողները և երգով, պարով ինչ-որ բան էին ներկայացնում: Դա հենց դերասանությունն է: Եվ դա առավել տարածված է եղել Ագուլիսի, Նախիջևանի շրջաններում: Իսկ եթե հայրդ արմատապես այդ շրջաններից է, քեզ կարող է թվալ, ինչպես ինձ է թվացել, որ իմ նախնիներից մեկը այդպիսի մարդ է եղել: Նա թափառել է գյուղից գյուղ, որովհետև ինձ հետ շատ հաճախ է պատահել, որ, ունենալով իմ հիմնական աշխատանքը Երևանում, թողել գնացել եմ շրջանային թատրոն: Շրջանային թատրոնում հետաքրքիր է շատ, որովհետև շրջում ես գյուղից գյուղ, ավանից ավան: Շաբաթը մեկ անգամ ներկայացում ես բեմադրում Գորիսում, իսկ մյուս օրերը` գյուղերում: Իսկ գյուղերում ներկայացում բեմադրելը շատ հետաքրքիր է, որովհետև այնտեղի հանդիսատեսը շատ անկեղծ, լավ հանդիսատես է: Նրան թվում է, որ այն, ինչ դու բեմի վրա ցույց ես տալիս, իրականում տեղի է ունենում:
Դերասանի մասնագիտությունը նաև շատ հետաքրքիր է նրանով, որ դու ցույց ես տալիս տարբեր կերպարներ: Ուրիշ ոչ մի մասնագիտություն այդ հնարավորությունը չունի:
-Դուք աշխատել եք Ձեր եղբոր հետ: Տարաձայնություններ ունենու՞մ էիք, արդյոք դժվար չէ՞ր:
-Տարաձայնություններ շատ հաճախ էինք ունենում: Եթե դու քո գործին նվիրված մարդ ես, կատարում ես այն, ինչ քեզ է Աստված տվել: Դու քո ցանկություններն ունես, իսկ եղբայրդ` իրենը: Չես կարող նրան ընդառաջ գնալով մի տեսարան գրել, որը գիտես, որ պետք չէ: Պետք է գալ ընդհանուր հայտարարի, գտնել ոսկե միջինը և ստեղծել: Երբ այդպես չես վարվում, խոտան ես ստեղծում: Իսկ հանդիսատեսը անմիջապես նկատում է խոտանը: Դեպքեր են լինում, որ ֆիլմը նկարելուց հետո հանդիսատես չի լինում: Իսկ պատճառն այն է, որ անկեղծ չէր: Հետաքրքիր է միշտ անկեղծությունը:
-Ինչո՞ւ թատրոնը որոշեցիք անվանել «Ագուլիս»:
-Ծնողներս Ագուլիսից են: Ագուլիսը առայժմ մեզնից հեռացած շրջան է, բայց դա մեր Գողթան գավառի շեն կենտրոններից մեկն է եղել: Ցանկացա այդպես անվանել թատրոնը:
-Ինչու՞ որոշեցիք հիմնել հենց տինկինային թատրոն, ե՞րբ և ինչպե՞ս ստեղծվեց «Ագուլիսը»:
-Տիկնիկային թատրոնում դու ես ամեն ինչն անում: Դա շատ հետաքրքիր գործ է: Ամենամեծ թատրոնում, ենթադրենք, կա հիսուն կամ վաթսուն դերասան, որոնք կարող են ստեղծել երկու հարյուր, կամ երեք հարյուր կերպար: Իսկ տիկնիկային թատրոնում, եթե պետք լինի, կարող ես հազար կերպար ստեղծել: Տարբերությունը դա է: Մի բան է, երբ դու խաղում ես և տեսնում ես քո հանդիսատեսին, մեկ այլ բան, երբ դու զգում ես նրան: Շատ հետաքրքիր պրոցես է, երբ ձեռքդ բարձրացրած տիկնիկին ես խաղացնում և չես տեսնում հանդիսատեսին, այլ զգում ես նրան: Տիկնիկային թատրոնի դերասանի ամբողջ էությունը գալիս, մատների ծայրին է հավաքվում: Ընդհանրապես, ստեղծագործական առումով, տիկնիկային արվեստը շատ հետաքրքիր արվեստ է, հանդիսատեսին շատ բան կարող է ասել:
-Դուք աշխատել եք շատ դերասանների հետ: Արդյոք դժվար չէ՞ր նրանց հետ լեզու գտնել:
-Դերասանների հետ լեզու գտնելը շատ դժվար բան է: Նրանցից յուրաքանչյուրն անհատականություն է: Որքան էլ տարօրինակ է, հետաքրքիր է աշխատել այն դերասանի հետ, որը վիճում է: Ասածներդ կատարող դերասանը հետաքրքիր չէ, իսկ վիճողը` շատ հետաքրքիր է, իհարկե, դա էլ իր չափը պիտի ունենա: Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում մի դերասան ունեինք` Պավլոս անունով: Նա տիկնիկային արվեստի մեծ երախտավորներից էր, հայրենադարձ էր: Բեմադրում էինք «Ակամա երաժիշտները», ինքը էշի դերակատարն էր: Փորձի ընթացքում ինչ-որ բան արեց, չհավանեցի, դիտողություն արեցի: Չընկալեց, կամ չցանկացավ անել: Վիճեցինք, կերպարը ստեղծվեց վիճելու պրոցեսում, ի վերջո ես կարգադրեցի: Ասացի` ես կարգադրում եմ, որ սա այսպես պետք է անես: Վեճը վերջացավ: Սկսվել է ներկայացումը, նայում եմ, այդ տեսարանից հետո ինչ-որ անիմաստ դադար կա: Գնացի բեմի հետևը, հետաքրքրվեցի: Վիրաբ Հարությունյանից, ով թատրոնի տեր-տնօրենն էր, հարցրեցի, թե ինչո՞ւ է այդ տեսարանում անհարկի դադար: Ասաց, որ ես եմ մեղավոր: Ես Պավլոսին դիտողություն եմ արել, նա այդ դիտողությունը չի ընդունել և ամեն անգամ այդ խոսքերն ասելուց հետո, ցածրաձայն ասում է. «Այսպես է կարգադրել գլխավոր ռեժիսոր Երվանդ Մանարյանը»: Շատ հետաքրքիր անձնավորություն էր Պավլոսը:
-Մեր հասարակության մեջ այժմ շատ հաճախ է հանդիպում անտարբերությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում անտարբերությանը:
-Չեմ սիրում անտարբեր մարդկանց: Նրանց հետ չես կարող վստահ աշխատել: Հետաքրքիր մարդիկ չեն: Քաղաքացիական կեցվածք ունեցող մարդանց հետ շատ հետաքրքիր է գործ ունենալ, թեկուզ, եթե հակոտնյա դիրքերում կանգնած լինեք:
-Դուք ակտիվ քաղաքացի եք, ինչու՞ երբևէ չեք զբաղվել քաղաքականությամբ:
-Քաղաքականությամբ զբաղվելը շատ լուրջ մասնագիտություն է: Քաղաքականությամբ զբաղվել` այսինքն, դառնալ քաղաքական գործի՞չ: Չէ, պետք չի, ես դերասան եմ, ես թատրոնի մարդ եմ: Բայց, իհարկե, որպես քաղաքացի անտարբեր չեմ: Երբ տեսնում եմ, որ ինչ-որ բան իմ կարծիքով սխալ է, ասում եմ դա: Երբեմն էլ գնում եմ հանրահավաքների, ելույթ եմ ունենում: Կարծում եմ, որ դա ճիշտ է: Իմ ընկերներից ոմանք կարծում են, որ պետք չէ դերասանը մասնակցի քաղաքական կյանքին, իսկ ես գտնում եմ, որ իրենք սխալ են, ես եմ ճիշտ: Ամեն մեկս մեր դիրքորոշումն ունենք:
Հարցազրույցը գրի առավ` Մարիամ Նալբանդյանը
2013թ.

Հայացքներ

Ֆրանսիական օրագիր, Մաս 5. «Փոքրիկ բույն» սրճարանից
Ողջույններ Փարիզի «Փոքրիկ բույն» հացաբուլկեղենի խանութ֊սրճարանից, որտեղ ես հաճախ «օրվա ճաշն» եմ ուտում և անցկացնում իմ ընդմիջումը։ Այսօր օրվա ճաշը լազանյա է, ու մինչ իմ լազանյան կսառի, քանի որ այն շատ են տաքացրել, ես որոշեցի ձեզ գրել։ Շաբաթվա առաջին օրը սկսել եմ շատ հոգնած, որովհետև ունեցել եմ հրաշալի «վիքենդ», բայց դե ոչինչ, այսօր կհանգստանամ։ Այս վիքենդին մենք առաջին անգամ Փարիզից դուրս գնացինք՝ հարևան երկրներ։
Ընդհանրապես, այստեղ գալուց առաջ պլանավորել էինք լիքը այլ տեղեր գնալ՝ գրեթե ողջ Եվրոպան տեսնելու։ Հետո, երբ եկանք, հասկացանք, որ յոթ շաբաթը հենց միայն Փարիզը տեսնելու համար շատ քիչ է։ Կրճատեցինք մեր բոլոր պլանները՝ թողնելով միայն Բրյուսել֊Ամստերդամ ճամփորդությունը։ Հենց դրանից էլ մի քիչ վերևում պատմում էի։

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի
Շաբաթ օրը առավոտյան ֆրանսիական արագընթաց գնացքը (ֆրանսերեն ասած՝ տե ժե վե) մեզ հասցրեց երկար սպասված Բրյուսելը։ Հենց իջանք, ամենուրեք կատուներ էին։ Մագնիս գնելիս վաճառողին հարցրի՝ ինչո՞ւ հենց կատուներ։ Նայեց վրաս, նեղ աչքերը ճպճպացրեց՝ սպասելով, որ կհասկանամ, որ ինքը զտարյուն բելգիացի չէ։
-Ինչո՞ւ են բոլոր հուշանվերների վրա կատուներ, ի՞նչ խորհուրդ ունեն,- կրկնում եմ։
Նեղ աչքերը մի անգամ էլ ճպճպացնելուց հետո երիտասարդը խոսեց.
-Այստեղ շատ կատուներ կան։
-Հաա, պարզ է։
Բրյուսելում մեզ սպասող այնտեղ իր ստաժն անցնող մեր ընկերը՝ քաղաքի իրական գիտակը, որը իր ողջ ուժով փորձում էր ցույց տալ քաղաքի գեղեցկությունները ու անդադար կրկնում էր՝ լա՞վն ա, չէ՞, հավանո՞ւմ ես, դուր գալի՞ս ա, Փարիզից լավն ա, չէ՞, նույնպես չգիտեր կատուների խորհուրդը, չէր էլ նկատել, որ ամենուրեք կատուներ են։ Իսկ ես դա չնկատել չեմ կարող։ Այնպես որ, եթե մի օր իմանաք՝ ինչու են Բրյուսելում ամենուրեք կատուներ, ինձ ասեք, խնդրում եմ։
Դե, էլ ի՞նչ ասեմ։ Հա, Փարիզից լավն էր։ Գուցե որովհետև այստեղ հյուր էի, ոչ թե բնակիչ։ Կատուներ, բելգիական ֆրի, բելգիական վաֆլի, բելգիական շոկոլադ, բելգիական գարեջուր։ Բելգիացիները շատ են սիրում շատ խորհրդանիշներ ունենալ, ու դա ինձ դուր է գալիս։ Ուղղակի ամեն անգամ առանց ալարելու կասեն՝ բելգիական ֆրի, ոչ թե ֆրանսիական։ Իսկ Փարիզում ոչ մի տեղ չտեսա, որ նշեն ֆրիի արմատների մասին։ Ու դա էլ ինձ դուր եկավ։ Սիրուն փոքրիկ քաղաքն ու ուրախ ժողովուրդը, որը գիշերն է ապրում։ Ամեն ինչ ժամը 4-ին փակվում է, բացի ուտելու տեղերից։ Փողոցներում ֆեստիվալներ ու շատ լավ երգեր երգող երաժիշտներ են։ Ամենուրեք ուրախ, գուցե մի քիչ խմած, բայց ամեն դեպքում՝ ուրախ մարդիկ են։ Շատ սիրեցի Բրյուսելը։

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի
Գիշերելով մեր վարձած տանը, որի տերը հայ էր (հա, հատուկ էի հայի տուն գտել), մյուս առավոտ մենք ճանապարհվեցինք Ամստերդամ։ Եկեք չպատմեմ ոչինչ, բացի Վան Գոգից ու Հայնեքենից։ Որովհետև մնացած ողջ ժամանակ անձրևի տակ մրսում ու քայլում էինք, ու չէինք կարողանում վերև նայել, որովհետև անձրևը խեղդում էր։

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի
Գիտեմ, որ շատ վատ եմ պատմում, բայց ինձ արդարացնող միայն մեկ բան կարող եմ ասել՝ ձեզ գոնե պատմում եմ։ Ուրիշներին ընդհանրապես չեմ պատմում, ուղղակի ասում եմ՝ լավ էր։ Լավ էր, Ամստերդամում էլ, որը իմ տեսած քաղաքներից թերևս ամենամոդեռն մետրոն ունի, էլի լավ միջավայր ու Վան Գոգի թանգարան, որը ինքնին արդեն Ամստերդամը սարքում է Ամստերդամ։
- Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի
- Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի
Դե հա, այստեղ երկրորդ անգամ էի, բայց էլի չեմ հասցրել լիքը բան։ Երրորդ անգամն էլ է պետք գնալ։ Իսկ հիմա ես կուտեմ իմ լազանյան ու կգնամ Հայաստանի դեսպանատուն՝ ինձ արդեն շատ հարազատ աշխատանքի։ Մնաց ընդամենը երկու աշխատանքային շաբաթ, ու ես ուզում եմ լիքը բան հասցնել անել ու սովորել։
Մեկ էլ գիտեք՝ երբ եմ նյութ գրելու։ Հետ վերադառնալիս, ինքնաթիռում, որպես ավանդույթ։ Հայաստան հետ գալը ախր շատ-շատ եմ սիրում։
Սպասեք, եկա։
Հ. Գ. Հենց նոր վերադառնալիս կարդացի, որ Վիետի փողոցի ցուցանակի վրա ներքևում գրված է մաթեմատիկոս։ Այսքան ժամանակ Վիետ֊Վիետ ասելով չէի մտածում, որ սիրելի թեորեմի Վիետի փողոցն է սա։ Հինգերորդ շաբաթն է ընթանում, ես դեռ չէի հասկացել, թե դա որ Վիետն է։ Հիմա ավելի ուրախ եմ, որովհետև, դե, հիշում եք, Վիետի թեորեմը ինչքան օգտակար բան է։

Կրթությունը ոչ բոլորի համար
Թերևս գաղտնիք չէ, որ արտերկրյա կրթությունը տարբերվել և տարբերվում է հայաստանյան կրթական ոլորտի իրականությունից։ Հենց արտասահմանյան ֆիլմերում միշտ էլ նկատել ենք, որ դպրոցներում և համալսարաններում ուսուցումը բարձր մակարդակի է, և բավարար գիտելիքներ չունեցող ուսանողները շատ հաճախ են զրկվում ուսումը շարունակելու հնարավորությունից։ Որքան էլ փորձենք ինչ-որ օրենքներ հանել կամ ավելացնել, մեկ է, կրթական համակարգի փտած արմատներն ուղղակի պետք է արմատախիլ անել, սկզբից աճեցնել և նոր սկսել բարելավել այն։
Արդեն սկսվել է ուսումնական պրոցեսի երկրորդ կիսամյակի շրջանը։ Այս անգամ համալսարանի արդեն սիրած մասնաշենքի փոքրիկ ճամփան անցնելը դժվարացել է. ձյունն ու սառցապատ տարածքը անգամ ձմեռ սիրող մարդկանց է տհաճ ու վտանգավոր։
Մոռանալով եղանակային անբարենպաստ պայմանների, նախորդ տարում ծագած անհարմարությունների մասին ՝ գնում եմ համալսարան։ Ծանոթ ու նոր դեմքեր, անկեղծ ու կեղծավոր ժպիտներ, մրցակցություն ու ընկերություն։ Ուսումնական պրոցեսի հենց առաջին օրերին դասացուցակում օտար լեզուն է։ Նախ ՝ պետք է մեծ ցավով ու վրդովմունքով նշեմ այն փաստը, որ սովորելով լրագրություն բաժնում, կարող ենք ուսումնասիրել միայն մեկը։ Քանի որ դեռ մանկուց անտարբեր չէի անգլերենի հանդեպ և դպրոցում ստացել եմ լավ գիտելիքներ, առանց վարանելու անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն տարբերակներից ընտրեցի անգլերենը՝ մտածելով, որ կլրացնեմ գիտելիքներս ու առավելագույն մակարդակի կհասնեմ։ Սակայն, ինչպես ասում են ՝ «Առուն թռիր, նոր ուրախացիր»։ Բախտս բերել է՝ դասախոսը լավ մասնագետ է, բայց ինչ վերաբերում է խմբի՝ լեզվին տիրապետելու մակարդակին, նույնը, ցավոք, չեմ կարող փաստել։ Չունեմ հնարավորություն առարկայի ընտրությունը վերանայելու։ Դասերին, երբ մյուսները տարրական հիմունքներ են սովորում, որոնք հավասար են 5-6-րդ դասարաններում ուսուցանվող նյութին, տհաճությամբ եմ մասնակցում, իսկ երբ փորձում եմ համալսարանին վայել, բարձր մակարդակին վերաբերող նյութեր ուսումնասիրել, ուսանողները փնթփնթում են։
Սկզբում փորձում էի մյուսներին առարկայի հանդեպ սեր «քարոզել»։ Երբ պատրաստել էի շնորհանդես (presentation) և ներկայացնում էի լսարանին, այդպես էլ ոչ ոք չլսեց, չփորձեց հասկանալ, հարց տալ կամ որևէ մի բան։ Հակառակը՝ պատրաստ են ամբողջ դասապրոցեսը ջուրը նետել ստեղծված հարմար առիթի դեպքում։
Այսպիսով՝ երբեմնի սիրելի և սպասված առարկան դարձել է ուսումնական նոր շրջանի մղձավանջը, դե բացի իհարկե, դժվարանցանելի, սառցե ճանապարհից։ Սակայն, իհարկե, կգա գարունը և ձնհալ կսկսի, սակայն ինչ վերաբերում է դասերին, ամառը հազիվ թե կարողանա ինչ-որ բան փոխել։
Ըստ իս ՝ մեղավորն այս պատմության գործող անձանցից ոչ թե ոչ ոքն է, այլ այն մեկը, որ չէր երևում ամբողջ ընթացքում ՝ համակարգը։ Համալսարանն ասոցացվում է բարձրագույն կրթության հետ, և մի՞թե սա է այն բարեկեցիկ ապագայի բարձր որակավորում ստացած մասնագետների կրթությունը։ Ինչպե՞ս ստանալ այն երազած բարձրագույն կրթությունը, երբ չես յուրացրել հիմնական և ավագ դպրոցներում դասավանդվածը, կամ գուցե դրանք չե՞ն էլ դասավանդվել…

Հայացքներ

Պեր Լաշեզ` մեռյալների քաղաք
Պեր Լաշեզը Փարիզի ամենամեծ գերեզմանատունն է։ Տեղացիներն այն անվանում են «La cité des morts» (մեռյալների քաղաք)։ Այն իսկապես փոքրիկ քաղաք է իր փողոցներով ու թաղամասերով, որոնցից յուրաքանչյուրն ունի իր համարը։ Մուտքի մոտ քարտեզի օգնությամբ կարող եք գտնել՝ որ թաղամասում ում գերեզմանը կամ էլ ընտանեկան դամբարանն է գտնվում, որոնց զարդանախշ դռների ներսից երևում են խորհրդավոր վիտրաժները։
Զբոսաշրջիկների մեծ մասն այստեղ է գալիս տեսնելու Ֆրեդերիկ Շոպենի, Ժորժ Բիզեի, Մոլյերի, Օսկար Ուայլդի, Ջիմ Մորիսոնի, Էդիթ Պիաֆի, Մարսել Պրուստի և այլ նշանակավոր արվեստագետների, գրողների, հասարակական գործիչների, կոմպոզիտորների գերեզմանները։
Փարիզեցիներն էլ սիրում են այստեղ գալ՝ զբոսնելու, կտրվելու առօրյա աղմուկից, միայնակ մնալու ինքներն իրենց հետ։ Տեղն իսկապես նման չէ ոչ մի այլ վայրի։

Նույն երկնքի տակ ենք
Տարբեր տրամաչափի հոգոց եմ հանում նամակս քեզ ուղղելուց առաջ: Իմ մասին երգ հորինելդ իզուր է. դաշնամուրիդ սեղմակը տրամադրություն չունի: Երեկոյան քամու պես կողքովդ անցա, վրադ վերարկու եմ գցել. հանկարծ չմրսես: Թատրոնի դիմաց եմ սպասել. վարագույրները այդպես էլ չեն բացվի: Ակնոցս կորցրի, որ քեզ չտեսնեմ: Տաք ձեռնոց եմ ձևացել, բայց ինձ միայն ձմռանն ես հիշել: Երկու հատորով գիրք գրեցի մեր մասին, պատճառը մեր երկար պատմությունը չէ, երկուսիս երկու մասի բաժանվելն է. չեկար շնորհանդեսին: Արհեստական ծաղիկներ էիր նվիրել, ի՞նչպես վարվեմ, որ թոռոմեն: Բակում յասաման էի աճեցրել, չորս թերթիկ ունեն, կարծում ես բոլորից հինգերորդը պոկելով երազանքդ կիրականացնե՞ս:
Վագոնի դռները մեր միջև փակվեցին, որ ինձ հասնող երկաթգիծ չկառուցես: Լուսացույցներին եմ հրամայել՝ միայն կարմիր մարդուկի դեպքում զգաստ լինեն. իմ տուն հասնող ճանապարհներդ փակ են: Ես թափվեցի քեզ վրա հազար ագամ, անձրևանոցովդ արհամարհեցիր, հայտնվեցի բաժակիդ մեջ, որ քեզ ջերմացնեմ, երկար ժամանակ փչեցիր վրաս, հետո էլ կասես` սառն ես իմ հանդեպ:
Երկար կգրեի. գրչիս համբերության թանաքը ա-վարտ-վեց…
Սառցե համբույր
- Լուսանկարը` Լուսինե Բաբայանի
- Լուսանկարը` Լուսինե Բաբայանի
- Լուսանկարը` Լուսինե Բաբայանի
- Լուսանկարը` Լուսինե Բաբայանի
- Լուսանկարը` Լուսինե Բաբայանի
- Լուսանկարը` Լուսինե Բաբայանի
- Լուսանկարը` Լուսինե Բաբայանի
- Լուսանկարը` Լուսինե Բաբայանի