alla harutyunyan

Վիրտուալ տիրույթ

Երբեմն կյանքում գալիս են պահեր, երբ վերհիշում ես որոշ ժամանակ առաջ տեսած ֆեյսբուքյան հրապարակումներ, հետաքրքիր մտքեր, իմաստալից նկարներ: Դու հասկանում ես, որ հենց հիմա, հենց այս պահին դրանք լավագույնն են բնորոշում քո հոգեվիճակն ու այն անվերջ մտքերի շարանը, որ փոթորկվում են գլխումդ մերթ սուր բեկորի պես խրված, մերթ ուսերիդ՝ հոգսերի տեսքով ծանրացած: Այդպիսի պահերի դուրս ես հանում քո նպատակների ու երազանքների փոքրիկ արկղիկը մտքի փոշոտ ու խոնավ լաբիրինթոսի գողտրիկ անկյունից, և վերանայում ես որոշ ժամանակ առաջ ձևավորված ծրագրերը: Դրանք արդեն թվում են անիրագործելի, խիստ դժվար, անհաս. չէ՞ որ վաղուց ես ազատվել այն թև տվող զգացումից, որ ամեն բան քո ձեռքերում է։ Բավական է սփռես թևերդ հնարավորինս լայն, հառես հայացքդ հեռուն, ժպտաս աշխարհին, և այն ափիդ մեջ է: Ո՛չ, այլևս այդ պատրանքը չկա, այն պատահական անցորդի նման հազվադեպ սողոսկում է ականջակալներիդ լարերի միջով։ Դու զգում ես էներգիայի մի հզոր ալիք, որ պարուրում է մարմինդ, պատրաստ ես քայլել, վազել, թռչել նպատակներիդ ընդառաջ, զգում ես քեզ ամենակարող և անհաղթ, գույները խտանում են, և անգամ նախկինում գորշ և տհաճ երևացող շինությունը ձեռք է բերում յուրահատուկ երանգ, աչք է շոյում, ուզում ես ժպտալ բոլորին և բարի օր մաղթել, գոռալ աշխարհին՝ ես ձեզ սիրո՜ւմ եմ, և չակնկալել պատասխան: Ժամանակի ընթացքում սա թմրանյութի պես խառնվում է արյանդ և դառնում դրա անբաժան մասը, երբ չես հասցնում կամ չես կարողանում «օգտագործել», որովհետև, օրինակ, կորցրել ես ականջակալդ մշտական անփութության պատճառով։ Անիրական գույները քիչ-քիչ խամրում են՝ առաջացնելով իրական դատարկության զգացում: Այդ պահին օգնության են գալիս շատերի կողմից արդեն իսկ ատելի ֆեյսբուքյան սթորիները. «խորիմաստ» մտքեր, որ իբր պահի արդյունք են և ուրիշ ոչինչ: Իրականում ուզում ես կիսվել մարդկանց հետ զգացմունքներովդ` դարձնել նրանց քո բերկրանքի կամ տխրության, ձանձրույթի կամ հետաքրքրության մի մասը: Լինում է նաև, որ այդ ճանապարհով պատահաբար ձեռք ես բերում նոր ընկերներ։ Մարդիկ, ովքեր իմաստ են գտնում քո անիմաստ թվացող, մի տեղից կրկնօրինակած հրապարակումներում, ուրեմն նաև քո մեջ:

arxiv

Վերջին օրը

Սովորական օր էր։ Մեկը դասն էր կրկնում, մեկը պատմում էր նախորդ օրը դիտած մարտաֆիլմը․․․ Դե, ես էլ, սովորականի նման, կրկնում էի պատմության դժվար հիշվող բառերը․ ինտերվենցիա, ալ Մալիք, Սալահ-ադ-Դին, ինդուլգենցիա․․․ Հանկարծ նկատեցի, որ դաս կրկնող չկա․ ես եմ ու իմ գրքերը (չհաշված պայուսակը ու գրասեղանը)։ Մի անկյունում բոլորը վախեցած հայացքով իրար էին նայում։

-Երեխեք, երեկ «Վեստի»-ով ասել են, որ երկնաքար է գալիս մեր վրա,- ասում էր աղջիկներից մեկը։

-Հովանոցդ բաց, որ գլխիդ չընկնի,- փորձեց ծաղրել մեր կատակասեր ընկերը։

Բայց այս անգամ ոչ ոք չծիծաղեց։

-Ի՞նչ ենք անելու,- սարսափած կրկնում էին բոլորը։

Առաջարկներ եղան, բայց ոչ ոք աշխարհը չէր կարող փրկել։

Որոշեցին գոնե լավ սովորել, ավարտել կիսատ թողած գործերը։

Ով չէր կարդում, սկսեց կարդալ, ով վատ էր սովորում, սկսեց լավ սովորել, ով պարտքեր ուներ, վերադարձրեց․․․

Բայց մի երկու օր հետո իմացանք, որ ինչ-որ մեկը կատակ է արել։ Ոչ մի երկնաքար էլ չի գալիս։ Միանգամից հանգստացանք, և կյանքը մտավ սովորական հունի մեջ, մատյանում ավելացան «երկուսները», իսկ տղաների աչքերի տակ՝ կապտուկները։ Հաշտվել կհասցնենք, ի՞նչ ունենք շտապելու։

Գևորգ Մանթաշյան, 12 տարեկան 

2001 թվական

Ընկերությունը հավասարություն է պահանջում

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Լուսանկարը` Օրիեն Լեքլյուզի

Ձեր հարցերին պատասխանում է հոգեբան Նարինե Խաչատրյանը 

«Լավ ընկեր լինելու համար պետք է ընկերոջ հետ հավասար լինել, այսինքն` վերևից չնայել ընկերոջը: Ընկերությունը հավասարություն է պահանջում: Եվ պետք է միշտ փորձել հասկանալ ընկերոջը»,- կարծում է հոգեբան Նարինե Խաչատրյանը:

Իհարկե, լավ կլիներ, եթե երբեք խնդիրներ չառաջանային ընկերների հետ շփվելիս: Բայց կոնֆլիկտներն ու տարատեսակ հակասություններն անխուսափելի են: Նարինե Խաչատրյանը մեծ ուշադրությամբ լսեց «Մանանա» կենտրոնի սաներին և փորձեց իր խորհուրդները տալ դժվարին իրավիճակների մեջ հայտնված երեխաներին:

«Երբ ես սկսեցի հաճախել կարատեի, սկզբից չէի կարողանում շփվել խմբի մյուս երեխաների հետ: Նրանց խոսակցության թեմաներն ինձ դուր չէին գալիս, զրույցի ընդհանուր թեմա չունեինք: Հետո ես փորձեցի ինքս խոսակցության թեմաներ առաջարկել, նրանք էլ զրույցի էին բռնվում: Աստիճանաբար ավելի հեշտ դարձավ շփումը նրանց հետ: Եվ միշտ այդպես է: Ինչո՞ւ եմ ամեն անգամ այդքան դժվարությամբ հարմարվում նոր միջավայրին: Ինչպե՞ս անեմ, որ անծանոթ միջավայրին հեշտ հարմարվեմ»:

Ռուբեն Մնացականյան, 14 տարեկան

-Երբ մենք գնում ենք մի անծանոթ միջավայր, մեզ ընկճված ենք զգում, որովհետև չգիտենք` այդ միջավայրի մարդիկ մեզ նմա՞ն են, թե՞ չէ: Սովորաբար, երբ մարդիկ մեզ նման են լինում, մենք ավելի շուտ ենք մտերմանում: Այդ ընկճվածությունն անծանոթ միջավայրում շատ բնական է: Մարդն իրեն ընկճված է զգում, երբ չի գտնում նման հատկություններ, նույնություններ: Մարդիկ սկսում են մտերմանալ, երբ ընդհանուր ինչ-որ եզրեր են գտնում: Կան մարդիկ, ովքեր առաջինն են շփվում, փորձում են ընդհանուր հետաքրքրություններ գտնել, այսինքն` ավելի նախաձեռնող են, և կան այնպիսիները, որոնք սպասում են, մինչև իրենց ներգրավեն նոր միջավայրում, զրույցի մեջ: Եթե դու զգում ես, որ դիմացինը չի շտապում քեզ ավելի մոտիկից ճանաչել, ինքդ եղիր նախաձեռնողը:

«Մեր դասարանի Էմման շատ է ուզում ինձ հետ ընկերություն անել, իսկ ես չեմ ուզում: Ի՞նչ անեմ, չեմ ուզում նրան նեղացնել, ոչ էլ ուզում եմ հետն ընկերություն անել: Ընդհանրապես, մեր դասարանի երեխաներն այնքան էլ չեն սիրում Էմմային»:

Իննա Ազնաուրյան, 12 տարեկան lost in 210

-Միգուցե դու իրեն դուր ես գալիս քո հետաքրքրություններով, քո ոճով: Միգուցե ուզում է քեզ հետ ընկերություն անել, որ ինչ-որ չափով նմանվի քեզ: Կամ միգուցե իրեն ուղղակի հետաքրքիր է քեզ հետ ընկերություն անելը: Կարելի է, օրինակ, խոսել իր հետ, տեսնել` քե՞զ իր մեջ ինչն է հետաքրքրում, շփվես, բայց սահմանափակես քո շփումը: Կարող է ինքն էլ ինչ-որ գծով հետաքրքիր լինի քեզ: Փաստորեն, նա իրեն մենակ է զգում: Յուրաքանչյուր մարդ պետք է ընկեր ունենա: Ոչ մի երեխա, ոչ մի մեծ չի ուզում խմբում մենակ լինել, ու դրա համար նա երևի գտել է քեզ: Քո կերպարը նրան դուր է եկել, և նա ուզում է ընկերություն անել: Բայց եթե դասարանն իր նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերի, և նրանք սկսեն շփվել, կարող է նրա մոտ այդ կախվածությունը քեզանից մի փոքր քչանա: Քո օգնությունն այդ աղջկան կլինի այն, որ դու ձեր դասարանցիներին ասես` չկոպտեն նրան, փորձեն ավելի սիրալիր լինել հետը: Երբ որ ինքը տեսնի, որ այդքան էլ մերժված չէ, արդեն մի հոգուց այդ կախվածությունը չի ունենա:

«Մեր դասարանում երեք աղջիկ կա, որոնցից մեկը թիթիզ է, մեկը` գեղեցիկ, մեկը` հարուստ: Այդ աղջիկները մեծ հեղինակություն են վայելում դասարանում` մեր բոլոր տղաների շնորհիվ: Վերջիններս դասարանի մնացած աղջիկներին հիշում են միայն այն ժամանակ, երբ պետք է ստուգողական գրենք: Ինչպե՞ս կարող ենք անել, որ այդ երեք աղջիկների հեղինակությունն այդքան վատ չազդի դասարանի վրա»:

Նանե Ջավրուշյան, 13 տարեկան

-Կարևոր չէ` ինչ պատճառներով են իրենք այդ հեղինակությունը ձեռք բերել: Կարող է դա, մյուսներիդ կարծիքով, անարդար է կամ ոչ ընդունելի, բայց նրանք արդեն ձեռք են բերել այդ հեղինակությունը: Այս իրավիճակում կարելի է ոչ թե իջեցնել իրենց հեղինակությունը, այլ փորձել բարձրացնել ձերը: Որովհետև հեղինակություն իջեցնել` նշանակում է ինչ-որ վատ բաներ ասել այդ աղջիկների մասին: Բայց դա էլ արդար ճանապարհ չէ: Ամեն մեկն իր ինչ-որ հատկությամբ ձեռք է բերում հեղինակություն: Գեղեցկությունն ու թիթիզությունը միանգամից ուշադրություն են գրավում, իսկ խելքը ոչ միանգամից է ուշադրություն գրավում: Ես կարծում եմ, որ դուք ամեն մեկդ պետք է զգաք ձեր արժանիքները: Ինչպես ասացի, յուրաքանչյուրն էլ ունի մի հատկություն, որ իր մեջ շատ վառ է արտահայտված, և հաստատ պետք չէ համեմատվել մյուս աղջիկների հետ: Եվ եթե կարողանաք ցույց չտալ ձեր ճնշված վիճակը, շատ ավելի լավ, որովհետև ինչպես դուք ձեզ զգում եք, այդպես էլ ձեզ ընկալում է ձեր դիմացինը: Ի՞նչ անենք, որ նա գեղեցիկ է, ի՞նչ անենք, որ նա ավելի շատ է ուշադրություն գրավում, ես էլ ուշադրության եմ արժանանում ուրիշ ընկերական շրջապատում, ես իմ դասը շատ լավ եմ սովորել, ես «հինգ» եմ ստացել, ես իմ ընկերների հետ եմ ինձ լավ զգում…

«Չնայած մեր բակի երեխաները տարիքով ինձանից այնքան էլ մեծ չեն, մենք համարյա հասակակիցներ ենք, բայց միշտ, ամեն հարցում ինձ փոքրի տեղ են դնում, ասենք` կարող են չվստահել իրենց գաղտնիքները, կարծիքս չհարցնել: Ի՞նչ անեմ, որ հասկանան` ես փոքր չեմ»:

Լիլիթ Կարապետյան, 14 տարեկան

-Ես քեզ խորհուրդ կտայի, որ երբ զգում ես, որ քեզ որպես փոքր են ընկալում, այդ ժամանակ փորձես ակտիվ լինել, այսինքն` մեծն այդ ժամանակ ինչպե՞ս կվարվեր, դու այդ մեծի գործողությունն արա:

«Մեր դասարանում մի տղա կա, ով շատ թուլամորթ է, և նրան բոլորը ծաղրում են` ասելով «դոդիկ» կամ «ղզիկ», բայց քանի որ շատ թույլ է, չի կարողանում պայքարել և նրանց «բերանը փակել»: Իմ կարծիքով, նրան այդպես են ասում իր արտաքինի, քայլվածքի, և ընդհանրապես, իր շարժուձևի համար: Ձեր կարծիքով, հարկավո՞ր է տղային օգնել այդ պարագայում»:

Մանանա Մելքոնյան, 14 տարեկան

-Ճիշտ է, լավ չի այդպիսի բառեր ասել, բայց սովորաբար, երբ այդպիսի իրավիճակ է ստեղծվում, դա երկու կողմերից էլ կախված է: Եթե այդ տղան կարողանար իրեն պաշտպանել, մյուսներն այդպիսի բաներ չէին ասի: Դպրոցական տարիքում լինում է սովորություն` իրար այդպիսի բառերով անվանել: Այն մարդիկ, ովքեր այդպիսի բաներ են ասում, նրանք կարծես ինքնահաստատվում են: Եթե դասարանը շահագրգռված է, ապա պետք է օգնի այդ տղային, ավելի ուժեղներին թույլ չտա նրան այլևս վիրավորել: Միայնակ շատ դժվար է բոլորի դեմ պայքարել:

 

«Մի քանի տարի առաջ մենք դասարանով որոշեցինք դասից փախչել: Բայց մի քանի երեխա չէին ուզում մեզ հետ գալ, ուզում էին դասի մնալ: Եվ նրանք մնացին: Հաջորդ դասին, երբ մենք վերադարձանք և տեսանք, որ նրանք դասարանում են, նրանց դավաճան անվանեցինք: Մեր դասղեկը մի առիթով մեզ ասել է, որ եթե փախչում ենք դասից, ապա պետք է բոլորով դա անենք: Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ճիշտ` եթե չես ուզում փախչել, պե՞տք է արդյոք հանուն մյուսների գնալ»:

Լուսինե Հարությունյան, 16 տարեկան

-Եթե դասարանը շատ ընկերական է, այդպիսի դասարանում նման խնդիր չի առաջանա: Ինչքան էլ առանձին մեկն ուզենա իր անհատական կարծիքը հայտնել, ի վերջո նա ենթարկվում է խմբի կարծիքին: Ձեր դասարանի պարագայում, կարող է մնացողների մեջ ավելի շատ գործել է վախը: Մարդը ե՞րբ է ընտրություն անում. երբ տեսնում է, որ ապահով է այդ ընտրության մեջ: Երևի իրենց մեջ այդ տագնապն ու վախը, որ իրենց նկատողություն կանեն, կպատժեն, ավելի ուժեղ է եղել, քան փախչելու ձգտումը, այդ զգացողությունը, որ մենք միասնություն ենք: Կամ` կարող է ծնողների հետ պրոբլեմներ ունեին, վախենում էին, որ նկատողություն կստանան: Ճիշտ է, դուք դասարան եք, բայց այդ դասարանի մեջ ամեն մեկն անհատ է: Իսկ մնացողներն ուղղակի չեն կարողացել որոշում կայացնել:

«Մի անգամ մեր դասարանի Արթուրը կռիվ արեց դասընկերոջ հետ և օգնության դիմեց իր մեծ եղբորը: Արդյո՞ք ճիշտ է հասակակցի հետ վիճելիս մեծերին դիմելը»:

Արամ Մնացականյան, 14 տարեկան

-Իհարկե, լավ է, որ ինքդ լուծես խնդիրներդ, բայց երբ թույլ ես ու չես կարողանում մենակ լուծել, ի՞նչ անես: Մարդն ունի պաշտպանվելու կարիք, դրա համար էլ կռվելիս իր հետ մեկին բերում է, որ իրեն պաշտպանի: Այդ պաշտպանողն էլ կարող է գալ, բայց հեռու կանգնել, նայել և միջամտել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

«Խաբարբզիկ», 2007թ.

lilit vardanyan

Ինքնահարցազրույց «Եվրատեսիլի» մասին

-«Եվրատեսիլին» մի շաբաթ մնաց:

-Գիտեմ, մարտից սպասում եմ, թե երբ է լինելու «Եվրատեսիլը»: Հենց այդ ժամանակվանից սկսում եմ լսել բոլոր մասնակիցների երգերը ու կանխագուշակել մրցույթի արդյունքները:

-Բայց այս տարի բոլոր երգերը չես լսել:

-Ի՞նչ իմացար:

-Ախր, ես դու եմ, ինքդ քեզնից ես հարցազրույց վերցնում:

-Լավ: Այս տարի բոլոր երգերը չեմ լսել, որ հետաքրքիր լինի: Չնայած ամեն տարի լսում էի ու երգերը սովորում, որ հետո մրցույթի ընթացքում նրանց հետ երգեմ: Լսել եմ Հայաստանի, Ռուսաստանի, Նիդերլանդների, Ադրբեջանի և Ֆրանսիայի երգերը: Ամենաշատը հավանել եմ Ֆրանսիայի երգը:

-Ունե՞ս կանխատեսումներ:

-Դե, այս տարի մենք երկրորդ կիսաեզրափակչում ենք: Իսկ երկրորդ կիսաեզրափակչում միշտ իմ սիրած երկրներն են լինում և ամենաուժեղ մրցակիցները: Չնայած երկրորդ կիսաեզրափակչում ենք, բայց ես հույս ունեմ, որ կանցնենք եզրափակիչ:

-Համարյա ամեն տարի քո սիրած երգերը երկրորդ տեղ են ընկնում:

-Ամեն տարի ժյուրիի պատճառով մարդկանց կողմից ամենաշատ միավորներ ստացողները չեն հաղթում, բայց անցած տարվա երգն ակնհայտ հաղթող էր: Իսկ 2017թ. ես Բուլղարիայի կողմից էի: Այս տարի Նիդերլանդների կողմից եմ: Կանխատեսում եմ, որ Ռուսաստանը մի քանի տարի խառը վիճակից և Սերգեյ Լազարևի վերադարձից հետո կհաղթի:

-Բուլղարիան «Եվրատեսիլում» քո սիրած երկիրն է:

-Քոնն էլ:

-Այս տարի Բուլղարիան չի մասնակցում:

-Երեք տարի շատ լավ արդյունքներից հետո չի մասնակցում: Կարող է՝ ուզում են մյուս տարի ավելի լավ ներկայանալ:

-Քանի տարի է՝ Ավստրալիան էլ է մասնակցում:

-Ավստրալիան Եվրոպա չի: Բայց չեզոք եմ այդ հարցում: Երբեք Ավստրալիայի երգերը իմ ֆավորիտներից չեն եղել: Եթե մի օր Ավստրալիան հաղթի, «Եվրատեսիլը» կարող է միջազգային մակարդակի հասնել:

-Բայց «Եվրատեսիլը» արդեն միջազգային է:

-Լավ: Համաշխարհային մակարդակի:

-Այս տարվա Հայաստանի երգը շատ լավն է:

-Սիրում եմ այս տարվա երգը:

-Սրբուկին էլ ես շատ սիրում:

-Այս տարվա երգով լավ տեղ կարող ենք զբաղեցնել: Ընդհանրապես «Եվրատեսիլը» մեզ համար կարևոր է: Եվրոպացիներն իմանում են Հայաստանի մասին:

-Ամեն տարի քվեարկությունների կարգը փոխում են:

-Ամեն տարի ավելի են ավելացնում ճնշումը: Անցած քվեարկելու ձևն ավելի հարմար էր:

-Իսկ մանկական «Եվրատեսիլի՞նը»:

-Անիմաստ եմ համարում օնլայն քվեարկությունը: Հենց սկսում է քվեարկության ժամանակը, քվեարկության կայքը լավ չի աշխատում: Հետո քո երկրի մասնակցին էլ կարող ես քվեարկել:

-Քեզ դու՞ր են գալիս «Եվրատեսիլում» Հայաստանի մասնակիցների երգերը:

-Ոչ բոլորը: Ամենաշատը հավանել եմ Արամ MP3-ի, Իվետա Մուկուչյանի ու այս տարվա երգերը:

-Սևակ Խանաղյանի և Արծվիկի երգերը չե՞ս հավանել:

-Ոչ: Դեմ եմ մրցույթի միջոցով մասնակիցների ընտրությանը:

-Մտածում ես, որ մրցույթով ընտրված մասնակիցները հենց սկզբից են որոշվում:

-Այո:

-Հաղթող երգերը չեն հիշվում:

-Դե, ինձ որոշ ժամանակ է պետք, որպեսզի հիշեմ հաղթողներին: Հիշում եմ միայն այն երգերը, որոնք սիրում եմ: Կան երգեր, որոնք 2014թ-ից լսում եմ:

-Երբվանի՞ց ես նայում «Եվրատեսիլ»:

-Գիտես… 2012թ-ից: Իսկ մանկականը՝ 2009թ-ից:

-Ես գիտեմ, իսկ կարդացողները՝ ոչ:

-Դե ուրեմն ուրիշ մարդու գտնեիր:

-Սիրո՞ւմ ես նայել «Եվրատեսիլ»:

-Սիրում եմ: Միշտ մինչև վերջ նայում եմ, որ ուղիղ եթերով իմանամ հաղթող մասնակցին: Եզրափակիչը նայելը ավելի դժվար է, որովհետև սովոր չեմ այդքան ուշ քնելուն: Լավն այն է, որ եզրափակիչը շաբաթ է լինում: Հետո էլ արդեն սովորել եմ, որ «Եվրատեսիլը» գիշերն է լինում:

-Եվրատեսիլը միավորո՞ւմ է երկրներին:

-Եթե հարցականի նշանով ես տալիս հարցը, ուրեմն ինքդ էլ չգիտես:

-Այս տարի «Եվրատեսիլ» նայելը շատ հետաքրքիր է լինելու:

-Մեծ ակնկալիքներ ունեմ, որովհետև այս տարվա ոչ բոլոր երգերն եմ լսել:

-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար:

-Խնդրեմ: Բայց մյուս անգամ ուրիշին կգտնես:

-Խոստանում եմ:

Որտեղ է խոսքի ազատությունը

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Նման հռետորական բողոք-հարցեր հաճախ եմ լսում ու կարդում մարդկանց ֆեյսբուք-ստատուսներում. «Այ, Եվրոպայում հո սենց չի՞, Արևմուտքում մարդիկ խոսքի ազատություն ունեն», ու նմանատիպ այլ ոգևորված հայտարարությունները գնալով ավելի հաճախակի են հանդիպում, և երբեմն, ինչն ինձ համար էլ ավելի զարմանալի է, այնպիսի մարդկանցից, որոնք որոշ ժամանակ ապրել են արևմտյան աշխարհի որևէ երկրում կամ առնվազն հաճախ այցելել են:

Ես էլ իմ համեստ, բայց բավականին մտածված հայտարարությունն եմ ուզում անել, որքան էլ որ դա վիճելի հնչի. եթե որևէ տեղ գոյություն ունի խոսքի ազատություն, ապա դա մեզ մոտ է: Ասեմ ավելին` Արևմուտքում այն ընդհանրապես գոյություն չունի:

Արևտմյան ցանկացած երկիր խոսքի ազատության առումով ոչնչով չի զիջում նույն ԽՍՀՄ-ին, շատ հարցերում նույնիսկ գերազանցում է: Ցանկացած միջին քաշային եվրոպացի և ամերիկացի աշխատում է ավելորդ անգամ բերանը չբացել` կրակը չընկնելու համար: Եվ խոսքը հեռուստատեսությամբ ելույթ ունենալու մասին չէ: Նույն Ամերիկայում, օրինակ, երբ սկսեք որևէ նախադասություն արտասանել, որը նույնիսկ ամենահեռավոր կերպով վերաբերվում է սևամորթներին, մինչև նախադասության ավարտին հասնելը դուք, ամենայն հավանականությամբ, կկորցնեք ձեր աշխատանքը, որովհետև ռասիստ եք: Նույնիսկ քաղաքական առումով կոռեկտ «աֆրոամերիկացի» տերմինը լսելիս սրճարաններում մարդիկ թույլ ցնցվում են ու շրջվում` Աստված չանի, գան բոլորիս բռնեն: Աբսուրդն այն աստիճան է զարգացել, որ որոշ վախվորած կերպարներ անգամ Եվրոպայի սևամորթներին են երբեմն անվանում աֆրոամերիկացի, ինչը պարզապես ծիծաղելի է:

Որևէ կարծիք ունեք համասեռամոլների մասի՞ն: Նույնիսկ եթե այն զուտ դրական է, և դուք ուզում եք խոսել ձեր անսահման սիրո մասին նրանց հանդեպ, ավելի լավ է` լռեք, որովհետև որևէ մեկը, միևնույն է, որևէ վիրավորական բան կգտնի ձեր խոսքերի մեջ, և վաղը ևեթ ձեզ երկրից «կաքսորեն»:

«Իմ լավագույն ընկերը հրեա է» նախադասության համար ձեզ նույնպես չեն գովի. դուք պարզապես չար քսենոֆոբ եք ու մոլի հակասեմիտ, որովհետև ձեր այդ նախադասությամբ ուզում էիք ասել, թե հրեաների հետ ընկերություն անելը դժվար է, իսկ դուք մեծահոգաբար ընկերություն եք անում նրանց հետ:

Այդ ո՞վ օգտագործեց «մահմեդական» բառը: Կրոնական ֆանատի՞կ եք: Չե՞ք ուզում, օրինակ, խոշոր տուգանք մուծել ձեր էքստրեմիստական արտահայտությունների համար և, ձեռքի հետ, սուլոցով դուրս թռչել աշխատանքից: Կարևոր չի, թե ինչ էիք ուզում ասել, ձեր ալժիրցի հարևանին դուր չի եկել այն, որ խոսում եք իր կրոնի մասին: Եվ, ընդհանրապես, ինչ-որ կասկածելի տեսք ունեք, հը՞: Ձեր դեմքից զգացվում է, որ դուք որոշակի կարծիք ունեք Հոլոքոստի վերաբերյալ, խոսե՞նք այդ մասին:
Եթե կարծում եք, թե չափազանցնում եմ, ահա մի վառ ապացույց. մի անգամ մի հեղինակավոր կազմակերպություն որոշեց գնել մեր ստուդիայի ֆիլմերից մեկի ցուցադրության իրավունքները, բայց մի պայմանով, որ մենք պետք է հանենք ֆիլմի համար հարցազրույց տված մասնագետներից մեկի կտորը: Երբ մենք հիմնավորում պահանջեցինք (բա կարող ա՞ գիտեք պատվերով համերգ ա ստեղ), նրանք բացատրեցին, որ այդ մարդը չորս տարի առաջ տված մեկ այլ հարցազրույցում ասել է, թե այդքան էլ հիացած չէ համասեռամոլներով և, եթե իրենց ցուցադրության ժամանակ այդ մարդու դեմքը երևա, կստացվի, որ իրենք անուղղակի կերպով համաձայն են նրա մտքերի հետ: Մեր խոսակցությունից հետո նրանք «օճառով լվացվեցին և երեք անգամ խաչակնքեցին», որովհետև տվել էին այդ մարդու անունը:

Բռնատիրական ժողովրդավարության ու հանդուրժողականության ծայրահեղ դրսևորման նման դեպքեր մեր աշխատանքում շատ են պատահում, պարզապես բոլորի մասին չեմ ուզում պատմել` մարդկանց խայտառակ չանելու համար:

Չնայած մեր հասարակության բազմաթիվ թերություններին և կենցաղի ու մշակույթի «կուստուրիցական աբսուրդությանը»` մենք ունենք անփոխարինելի մի առավելություն` շփման ադեկվատություն, երբ կարելի է իրերն անվանել իրենց անուններով, խոսել ցանկացած թեմայով (հաշվի առեք` ես նկատի չունեմ վիրավորանքներ հասցնել այս կամ այն հասարակական շերտի հասցեին, այլ հենց խոսել), կատակել` առանց մեղադրվելու գոյություն չունեցող հետին մտքի համար: Ինձ դուր է գալիս, որ մենք կարող ենք պատմել «հայը, ռուսը, վրացին» անեկդոտներից որևէ մեկը և չհամարվել քսենոֆոբ կամ նացիոնալիստ: Խանութ մտնելիս կանանց ճանապարհ տալով` ուրախ եմ, որ հաջորդ օրը ծանուցում չեմ ստանում դատարանից` ամեն տեսակ սեքսիզմով զբաղվելու մեղադրանքով:

Շատերը շփոթում են խոսքի ազատությունը ուրիշներին անպատիժ հայհոյելու ու վիրավորելու հնարավորության հետ, բայց ես նկատի ունեմ պարզապես ազատ շփումը, որն Արևմուտքում գնալով ավելի ու ավելի քիչ է հանդիպում:

Անկեղծ խոսքի հնարավորությունը մեր ունեցած ամենաթանկ հարստություններից մեկն է, և ես վայելում եմ այն ամեն օր: Դրա վառ ապացույցն այն է, որ իմ հայրենակիցներն այս գրածը կարդալիս պարզապես կծիծաղեն, իսկ շատ արտասահմանցիներ (եթե հայերեն կարդալ իմանան) անմիջապես կզանգեն ոստիկանություն:

ManeStepanyan

Վերադարձ

-Մեր, էսօր գնա՞նք դպրոց։ Սեպտեմբերից չենք գնացել, կարոտել եմ։

-Քանի դեռ քննությունները չեն սկսվել, վաղը կգնանք անպայման։

Ուսանող լինելն էլ էսպես բան է՝ անդադար դասեր, քննություններ քննությունների հետևից։ Ու աննկատ մի տարի էլ գլորեցինք, բայց այս անգամ արդեն համալսարանական պատերից ներս։

Հաջորդ օրը, ինչպես և պլանավորել էինք, հասանք դպրոց։ Նույն դպրոցս էր՝ համեստ, լուսավոր ու հիշողություններով լի։ Քայլում էինք մի մասնաշենքից մյուսը, բացում դասասենյակների դռները ու ամեն մի քայլի վրա հիշում այն ամենը, ինչն արդեն  հիշողություն է դարձել, իսկ մի ժամանակ անավարտ ու անվերջ էր թվում մեզ։

Նույն պատերն էին, նույն դասարանները, միայն մարդիկ էին տարբեր։ Ոչինչ գրեթե չէր փոխվել։ Փոխվել էինք մենք։ Փոխվել էինք՝ ասես հին աշխարհից ոչինչ չպահելով։ Մի հարկից մյուսն անցնելով՝ նկատում էինք այնպիսի գեղեցիկ մանրուքներ, որ այն ժամանակ էլ կային, բայց որոնք, սակայն, մինչ այդ չէինք էլ նկատում։
Երբեմն հարկավոր է կանգ առնել, հետ դառնալ՝ հասկանալու՝ ժամանա՞կն է քեզ փոխել, թե՞ դու ժամանակին։

Հանդիպեցինք հարազատ ուսուցիչներին, հիշեցինք հին ու հիշարժան օրերը, ծիծաղեցինք, տխրեցինք։

Դպրոցից նորից դպրոց։ Հետաքրքիր է, չէ՞։

Շրջադարձային դեպքից հետո մի օր կհայտնվես նույն տեղում, կսիրես այն ամենը, ինչն ուղղակի ձանձրալի էր թվում քեզ, կկարոտես այն ամենը, ինչն ուղղակի թողել էիր այդ տեղում։

Ուշ էր արդեն, հարկավոր էր հետ վերադառնալ։ Մերիի հետ քայլում էինք կանգառ՝ անսովոր կերպով ոչինչ չխոսելով։ Ավտոբուսը եկավ, որով էլ ճանապարհվեցինք տուն։

Ուղեկիցներ. Ուշացածները

-Դուք ուշացել եք,-մեղադրող ձայնով հայտարարեց ավիաուղիների աշխատակցուհին` ժապավենով փակելով դեպի ինքնաթիռը տանող միջանցքը:

-Ես չեմ ուշացել, ձեր ինքնաթիռն է ուշացել,- պատասխանեցի ես` հասկանալով, որ վիճելն առանձնապես օգուտ չի տալու. պատուհանից այն կողմ արդեն երևում էր, թե ինչպես է ծանր օդանավը տեղում պտույտ կատարում` արևից փայլող քիթն ուղղելով դեպի թռիչքի հեռավոր գոտին:

-Սպասեք, սպասեք, մեզ սպասեք,- լսվեց ինչ-որ մեկի հայերեն բղավոցը:

Միջանցքի մուտքին վազքով մոտեցավ մոխրագույն մորուքով ցածրահասակ մի տղամարդ` շտապեցնելով իր հետևից վազող տասներկու-տասներեք տարեկան որդուն:

-Ուշացել եք,- կրկնեց աշխատակցուհին` աշխատանքային ժպիտը դեմքին:

-…Արման, ուշադիր լսի, որ մի բան եմ պատմում,- կրկնեց մորուքով տղամարդը, երբ մենք արդեն երկու ժամ է, ինչ կանգնած էինք ավիաուղիների գրասենյակի մոտ` սպասելով մեր նոր տոմսերին,- Փարիզի օդանավակայանն աշխարհի ամենահայտնիներից ա իր ճարտարապետությամբ, հասկանո՞ւմ ես:

Տղան գլխով արեց` տրորելով քնատ աչքերը, բայց բողոքել չհամարձակվեց` ամբողջ ուժով ջանալով լսել ու հասկանալ հոր դասախոսությունը:

-Պոլ Անդրեի գործն ա, ինչ գործ եմ ասել, է,- ոգևորված շարունակեց հայրը` մերթ ընդ մերթ անկախ իրենից քշտելով կանաչ սվիտերի թևքերը,- 70-ականներին ա կառուցվել, բայց մինչև հիմա ոչ մեկ էս ոճը չի կարացել կրկնի: Կներեք, էհ, էսկյուզե-մուա,- տղամարդը շտապեց ներողություն խնդրել անցորդներից մեկից, որին պատահմամբ հրեց իր ոգևորված շարժումներից մեկի ժամանակ,- ինչ համարձակ, ինչ հեղափոխական գործ, մարդու քեֆ ա գալիս: Արմա՞ն:

Տղան շտապեց գլխով անել, պատրաստակամ նայեց շուրջը` հետևելով հոր ոգևորված շարժումներին:

-Կմեծանաս` պապայիդ պես ճարտարապետ կդառնաս, այ էն ժամանակ դու էլ սենց մի բան կսարքես,- ավելացրեց տղամարդը, մի պահ մտածեց, գլխով արեց` ասես համաձայնվելով ինքն իր հետ,- ես քեզ ասել եմ` կսովորես, լավ կրթություն կստանաս, ոչ թե… Մենք էդ հնարավորությունները դե չունեինք, հո:

Արևն աննկատ թեքվեց դեպի հորիզոնը` ողողելով Պոլ Անդրեի հեղափոխական ու հակասական կառույցը նարնջագույն, կտրուկ լույսով, որի ճառագայթներն ուղիղ անկյուններով բեկվում էին միջանցքներում` այրելով օդում քարացած փոշու հատիկները, ասես օդանավակայանը ոչ թե հողի վրա էր կառուցված, այլ սավառնում էր տիեզերքում` Երկրի ուղեծրի վրա:

-Սա էլ կեր, Արման, հլը շատ պիտի սպասենք,- կարգադրեց հայրը` սրճարանի մետաղե սեղանի վրայով դեպի որդին սահեցնելով բուտերբրոդը,- հլը տես հա, քոնն էլ չես վերջացրել:

-Կշտացա,- մեղավոր ձայնով քրթմնջաց տղան` ափով խառնշտելով առանց այդ էլ քաոսային վիճակում գտնվող մազերը:

-Էդպես չի լինի, ուժասպառ կլինես, մի քիչ հետո կփակեն սրճարանը, ամբողջ գիշեր կմնաս…

-Կարա՞մ նայեմ,- աչքերը փայլեցնելով հանկարծ հարցրեց Արմանը` նայելով իմ առջև բացված համակարգչին:

-Արման,- խիստ ձայնով սաստեց հայրը,- ի՞նչ պետք ա ասես:

Տղան գլուխը շփոթված կախեց` կծելով շրթունքը:

-Խնդրում եմ, կարելի՞ ա նայեմ,- նորից հարցրեց նա:

Ես շտապեցի նրա կողմը հրել համակարգիչն ու աչքով անել տղային, երբ հայրը չէր նայում: Արմանը հազիվ նկատելի աշխուժացավ:

-Այ էս ապակուց միջանցքները, որ շենքի թևերն իրար են միացնում, ինչ գաղափար էր բայց, ոնց որ ֆանտաստիկ կինոյից հանած լինի…,- շարունակեց խոսել տղամարդը` պարբերաբար լռելով ու ոգևորված շուրջը նայելով:

…Ուշ գիշեր էր, երբ մենք նստած էինք դատարկ սպասասրահում` ոտքներս դրած ճամպրուկներին: Օդանավակայանի աշխատողը հավաքում էր այստեղ-այնտեղ թողած սայլակները` ճոճվելով ականջակալներից հոսող երաժշտության տակ: Սպասասրահում այնքան լուռ էր, որ ես հստակ լսում էի ֆրանսիական ռեպի իրար ձուլված նախադասությունները, որոնք շշուկով կրկնում էր աշխատողը:

Արմանը գլուխը դրել էր հոր ծնկներին ու չէր խոսում:

-Արման, դե ասա, Հռոմի ո՞ր շենքի ճարտարապետությունը քեզ ավելի շատ դուր էկավ,-անսպասելի խոսեց տղամարդը:

Որդին չպատասխանեց, որովհետև վաղուց արդեն քնած էր` բերանը կիսաբաց արած:

Հայրը մի անգամ էլ կրկնեց հարցը, հետո վերջապես հայացքն իջեցրեց որդու կողմը, կծեց շրթունքը, հազիվ լսելի հառաչեց:

-Կսովորի, մարդ կդառնա,- քրթմնջաց նա,- մեր ժամանակ սենց չէ՞ր հո: Հատուկ տարա, որ Հռոմը տեսնի, աչքը սովորի գեղեցիկին, որ մարդ դառնա, էլի: Չգիտեմ:

Նա մատները թաղեց մորուքի մեջ, տրորեց այտերը, նորից հառաչեց:

Ես նայեցի քնած Արմանի կճատ քթին ու կիսաբաց բերանին, մի պահ նախանձեցի, թե ինչքան խորն ու անվրդով է քնել:

Պատուհանից այն կողմ գետնից կտրվեց հերթական ինքնաթիռը, մի պահ ուժգին ճոճվեց, ասես հիմա կընկնի, բայց վերջին պահին բարկացած մռնչաց բոլոր շարժիչներով ու հրթիռի պես մխրճվեց սառը, սև ամպերի մեջ:

arxiv

Պատմություններ մեր կրտսեր բարեկամների մասին

Արտասովոր կատուն

Իմ այս պատմությունը լինելու է մի նազելի կատվի մասին, որը շատ է սիրում օյիններ խաղալ։

Արձակուրդներին ես ու եղբայրս գնացինք քեռուս տուն՝ Դիլիջան։ Երբ հասանք տեղ, Ջեկո անունով շունն սկսեց հաչալ մեզ վրա։

Հանկարծ ինչ-որ տեղից լսեցի մի թույլ մլավոց։ Նայեցի շուրջս և տեսա մի կատվի, որի մասին չէի լսել։ Այս կատուն շատ արտասովոր կատու էր։ Նա թաքուն գնում ուտում էր շան ափսեից, իսկ շունը հաչում էր նրա վրա։ Բայց կատուն նույն ծուլությամբ շարունակում էր ճաշին անկոչ հյուր լինել։

Մի օր, երբ արդեն ուշ էր, և պիտի քնեինք, նկատեցինք, որ կատուն չկա։ Մենք շատ փնտրեցինք նրան և ոչ մի տեղ չգտանք։ Երբ եղբայրս վերցրեց իր վերմակը, տեսանք, որ կատուն այնտեղ տաքուկ-տաքուկ տեղավորվել է։ Մենք վերցրինք նրան, դրեցինք արկղի մեջ և փակեցինք։

Ես այսքան հանդուգն փիսո երբեք չեմ տեսել։

Էդգար Թաթիկյան

1998 թ․

Շնակատուն

Մենք մեր կատվիկին բերեցինք, երբ չորս ամսական էր։ Չիկան վախից մտավ մահճակալի տակ ու տարօրինակ ձայներ էր հանում։ Մայրիկի ընկերուհին, որը տվել էր կատվին, ասաց․

-Չիկան մեծացել է շների հետ, դրա համար էլ տարօրինակ է մլավում։

Բայց, ախր, ընդհանրապես չէր մլավում, այլ հաչում էր շնիկի պես։ Նա շատ բաներով է շան նման։ Մի անգամ մայրիկս եկավ աշխատանքից, հանեց ձեռնոցները։ Հանկարծ Չիկան ձեռնոցն առավ ու մտավ բազկաթոռի տակ։

-Այ հիմար, բե՜ր ձեռնոցը,- բացականչեց մայրիկը՝ մյուս ձեռնոցով խփելով Չիկայի քթիկին։

Ինչպես զարմացանք, երբ բազկաթոռի տակից դուրս եկավ մեղավոր աչքերով և փոշոտ մռութով Չիկան՝ ատամների մեջ ձեռնոցը։

Չիկան շատ ամաչկոտ է։ Հենց հյուրեր են գալիս, թաքնվում է, մինչև հյուրերը գնան։ Մի անգամ նույնիսկ մենք չէինք գտնում նրան։

Երբ հուսահատ ուզում էի քնել, մեկ էլ տեսնեմ՝ Չիկան բարձիս վրա պառկած հորանջում է ու խորամանկ ինձ նայում։

Կոնստանտին Բեգիջանյան

2001 թ․

Շատ սարսափելի պատմություն

Ես շատ եմ վախենում շներից։ Ինձ համար դրանք ամենասարսափելի գազաններն են։

Մի օր խաղում էինք այգում։ Հանկարծ մի շուն վազեց դեպի մեզ։ Չգիտեմ՝ խաղա՞լ էր ուզում, թե՞ բարկացել էր աղմուկի համար։ Բոլոր երեխաները փախան մի կողմ, ես՝ մյուս։ Շունն էլ, բոլորին թողած, վազեց իմ հետևից։ Ես վազում էի ինչքան ուժ ունեի։ Բայց շունը հասավ ինձ ու ոտքս լպստեց։ Ես բարձր գոռացի, բայց արդեն ուշ էր։ Այդ դեպքից հետո էլ ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ շներից ավելի սարսափելի կենդանիներ կան։

Նարինե Դանեղյան

2001 թ․

alla harutyunyan

Մարդկային-անմարդկային

Երկնքից մի կաթիլ ընկավ դեմքիս և ձուլվեց արցունքիս, այդ պահին ես զգացի հորդառատ անձրևի մի մեծ տեղատարափ. ասես մի դույլ ջուր լցնեին գլխիս։ Ես նստած էի լուռ, նայում էի մեքենաների ընթացքին, մարդկանց արագ քայլքին։ Ես նստած էի միայնության մեջ, թեև շուրջս կային մարդիկ, իսկ կողքիս այն մեկը, ով միշտ բերկրանքով էր լցնում հոգիս, իմ հոգու ընկերը… Նա խոսում էր անդադար, խոսում՝ ինչից պատահի, իսկ ես, անտարբեր նստած, լսում էի միայն աջ կողմից եկող մի ձայն և ուրիշ ոչինչ։ Գուցե մեկ այլ պահի ես զգաստանայի, հիշեի, որ մտերիմ ընկերս է, որ պետք է լսեմ, պատասխանեմ, հարգեմ նրա խոսքն ու ներկայությունը, բայց այդ պահին ինձ ոչինչ էր հետաքրքրում. ուղեղս ազատվել էր ամեն տեսակ մտքերից։ Այն ամենը, ինչը երբևէ կարևոր էր և առաջնային, այժմ անիմաստ էր և ձանձրալի։ Մնացել էր միայն մի ճեղք այնտեղ՝ ներսում՝ մի գողտրիկ անկյունում թաքնված, այն առաջացել էր անժամանակ և կվերանար երբևէ, բայց ոչ հիմա։ Ես դա գիտեի, ես դա զգում էի, բայց մեկ է, աղոթում ու խնդրում էի երկնային ուժերին շնորհել ինձ ևս մեկ ներում, ևս մեկ րոպե հանգստության և ներքին խաղաղության, բայց ոչինչ չէր օգնում. այդ ճեղքը խորն էր, և դատարկության քամին ներս էր սողոսկում իմ մարմին, սարսռեցնում ամեն զգացական…

Անտարբերությունը դաժան մի զենք է, որը ոչնչացնում է քայլ առ քայլ։ Սկզբում դու չես էլ նկատում, որ երեկ բերկրանքով ու ոգևորությամբ գնված գիրքը, մեծ հետաքրքրությամբ քննարկված թեման այսօր արդեն թվում են անիմաստ, աշխարհը կորցնում է իր գույները, մարդիկ վերածվում են մոխրագույն ստվերների, որոնք արագընթաց գնացքների նման սլանում են դեպի իրենց վերջնակետը, իսկ դու, մոլորված այդ ամբոխում, չես գտնում քո տեղը, քո ուղին և նպատակակետը: Մտնում ես մոտակա խանութ, գնում առաջին պատահած գրիչն ու տետրը, նստում թաց նստարանին և սկսում գրել առանց մտածելու, պարզապես գրել, շարադրել այն, ինչ այդքան երկար կուտակված է եղել քո մեջ, գրում ես առանց կետադրելու, որովհետև ամեն բառի վրա պետք է դնես բացականչական նշան։ Միտքդ պատռվում է այդ ամենից, և այլևս չես կարողանում գրել, ուզում ես դառնալ մի կծիկ, ամուր բռնել գլուխդ ափերիդ մեջ և թույլ տալ, որ մեկը ձգի քո թելերից, այն հույսով, որ կկարողանա քանդել տարիների ընթացքում առաջացած քարկապերը, ուզում ես հանձնել քո էությունը մեկ ուրիշին և թույլ տալ ղեկավարել իրեն, որովհետև սեփական ուժերը արդեն հատնում են. այլևս ընդունակ չես լինել այդ «Տիտանիկի» նավաստին։ Բայց ո՞վ կհամաձայնի խորտակվել քեզ հետ, ո՞վ կհամաձայնի պայքարել քեզ հետ և քո դեմ միաժամանակ։ Ոչ ոք։

Դատարկությունը անհուն մի ձոր է, որտեղ փռված են բազմաչարչար զոհերի դիակներ։ Ոմանք պարտվել են պայքարի մեջ, ոմանք` միանգամից հանձնվել, բայց դե ի՞նչ էական է, մեկ է, բոլորն էլ նույն ձորում են ի վերջո հայտնվել։ Ես էլ, կարծես, այդ ձորի ծայրին նստած, նայում եմ հեռուն։ Այնտեղ կա պայծառ մի երկինք` բաց կապույտ ու լուսավոր, բոլորիս ապագան է երևի։ Ուզում եմ քայլ անել, գնալ դեպի պայծառ եզերքներ, դեպի լույս։ Ձգում եմ ձեռքս ու նայում հեռուն, զգում եմ, թե ինչպես ոտքիս մկանը կծկված պատրաստվում է շարժում անել, քայլել առաջ, ահա, մի փոքր էլ, և կվերցնի ինձ կյանքն իր գիրկը, և ես կհավերժանամ…

Արթնացիր, արթնացիր, սա քնելու տեղ չէ, լսո՞ւմ ես, արթնացիր… Բացում եմ աչքերս և հասկանում, որ քնել եմ նստարանին` տեղատարափ անձրևի տակ, մարմինս սառել է։ Հազիվ կարողանում եմ շարժվել, տետրս պինդ գրկած՝ քնել էի և պաշտպանել այն անձրևից։

arxiv

Անցողիկ երջանկություն

Մի հրաշալի օր հայրս վախեցած զանգեց տուն և հայտնեց, որ եղբորս ձեռքը կոտրվել է։ Բոլորը տխուր սպասում էին եղբորս վերադարձին, իսկ ես հետաքրքրությամբ կանգնած էի դռան մոտ։ Եղբորս ձեռքը գիպս էին դրել։ Ես չէի նայում նրա ձեռքին, այլ ուշադրությամբ նայում էի աչքերի մեջ։ Մի բան էի փնտրում։ Կարծես թե գտա։ Եղբորս աչքերը երջանկությունից շողում էին․ դասի չի գնա, տնային չի գրի։

Մյուս օրը, երբ դպրոցից տուն եկա, եղբայրս տխուր նստած էր մի անկյունում ու ոչ մեկի հետ չէր զրուցում։ Որոշեցի՝ ես էլ չեմ խոսի երջանիկի հետ։ Հենց այդ պահին հեռախոսը զնգաց։ Հորաքույրս էր զանգողը։ Տատիկս էլ սկսեց հորաքրոջս հանգստացնել․

-Փառք Աստծո, ոչ մի լուրջ բան չկար, պարզվում է՝ չէր կոտրվել, մի երկու օրից գիպսը կհանեն։

Ես շարունակությունը չլսեցի։ Այնպե՜ս խղճացի եղբորս․․․

Մարդու երջանկությունն էլ այսքան կարճ տևի՞․․․

Անի Պողոսյան, 11 տ.

2001 թվական