amalya harutyunyan

Գնում են, ոչինչ….

Դե, էդպես մի նայիր ինձ: Հա, վերադարձել եմ, ուզում եմ էլի զրուցենք, քեզ հետ զրուցել լավ է ստացվում: Դու լսում ես, ես` անվերջ խոսում, ի՞նչ վատ է: Ինչ էլ ասեմ, լսում ես, մեկ-մեկ միայն, երբ շատ եմ ներսիս եղածը պատմում, երևի բարկանում ես:
Էդպիսի մի ընկերուհի էլ ունեմ, ինչքան խոսեմ, մեկ է՝ կլռի: Իրականում այս ձևը լավագույն տարբերակը չէ:
Էսօր ոչնչից եմ խոսելու: Հա, ամենահասարակ, ամենասովորական ոչնչից: Այսօր մատներս ամենահիմար մտքերն են գրելու, ու գիտակցությանս մեջ էդ անխուսափելի ոչինչն է գերիշխելու:
Մի քանի վայրկյան առաջ ընկերներիս հիշեցի:
Էնքան էլ քիչ են: Եթե մի քանի անգամ հաշվեմ, հետո էլ փորձեմ մտերիմներին առանձնացնել, քչերը կմնան: Բայց ամեն անգամ, երբ էս քչերից մեկը ինձ ասի, որ գնում է, մյուսը խնդրի՝ կարևորություն չտալ իրեն, այն մեկը նեղանա, ու ես ինձ աշխարհում ամենամենակը զգամ, մի օր կհանդիպեն:
-Ամ, ինչի՞ ես տխուր:
Կպատասխանեմ` տխուր չեմ:
Երբ սպառնում են.
-Ամ, ժպտա, էլի, լաց չլինես:
Էս մարդիկ չգիտեն էլ, որ ամեն անգամ, ամեն պահ…
-Ամ ի՞նչ է եղել:
-Ոչ մի բան, անկեղծ, ոչինչ:
Մերոնք գնում են, գիտե՞ս: Հա, անկեղծ, գնում են: Օր օրի մենք ավելի հեռու ենք դառնում:
-Մամ, ես կուշանամ մի քիչ, երեխեքի հետ եմ:
-Հա, մենակ թե շատ չմնաս:
Գիտե՞ս, մորս զանգելուց հետո հաջողություն եմ մաղթում երեխաներին ու սկսում մենակ քայլել:
Այգի-մետրո-փողոցներ-մետրո-կանգառ-տուն:

Մենք ամենևին էլ չենք ասում այն, ինչ կա: Մենք անխնա հեռանում ենք իրարից:
Բայց ի՞նչ է պատահել: Ոչինչ:
Երբ նստած էս տեքստը գրեմ ու շատ ընկճվեմ, մորս հարցին ինչ է պատահել, էլի էն իմ սիրած «ոչինչն» եմ պատասխանելու:
Ու որովհետև մերոնք գնում են: Որովհետև ամեն անգամ, երբ ասեն, որ ես անհասկանալի եմ, որ դժվար է ինձ հետ, չեն հասկանալու, որ իմ մոլորակից են գնում, որ մենք շատ ավելի հեռու ենք դառնում: Բայց երբ տեսնեն ինձ՝ հայացքս հառած ինչ-որ կետի, կասեն:
-Հիմա ի՞նչ ես մտածում:
Կասեմ:
-Հեչ, ոչինչ:
Բայց գիտես, մարդիկ էլ ավելի հեռու են փորձում գնալ: էն բարեկամները, էն հազար ու մի ծանոթ ու անծանոթ մարդիկ, երբ հանդիպում են քեզ, ասում են.
-Վայ, Ամալյա ջան, էս ո՞նց ես մեծացել, երբ տեսել ենք, մի մատ երեխա էիր:
Չեն էլ հասկանում, որ ավելի լավ է լռեն, չասեն, որ էսքան ժամանակ գնացել են ու հետ չեն նայել, չասեն, որ ոչինչ չգիտեն ինձնից, ոչինչ չեն հիշում, էն իմ չսիրած ոչնչից…
Բայց մի սարսափելի միջոց էլ կա: Մարդիկ գնում են իրենց բնակավայրից, ընտանիքից, գյուղից, հայրենիքից…
Էս մարդիկ էնքան են անում, որ անխնա գոռում ենք, թե ծխնելույզի ծուխը պակասել է, որ օդանավակայանները լիքն են, որ ընկերներս ուրախ են, երբ իրենց հայրը վերադառնում է, որ էդ ժամանակ իրենց աչքերը էնքան պայծառ են փայլում:
Չենք հասկանում, որ ամեն անգամ, երբ…
-Քույրիկ, գիտե՞ս, չէ՞, էսօր դասընկերս Մոսկվա գնաց:
Մյուս օրը.
-Գիտե՞ս, Տարոնն ասել է 20 օրից հետ է գալու, չեկավ:
Քրոջս բացատրել, որ էլի մի քանի ինքնաթիռներ լքել են մեզ ու իրենց հետ հազարավոր մարդիկ, անտանելի դժվար է: Բացատրել, որ մենք էնքան ենք գնում, որ կորցրել ենք մնալու արվեստը, էն էլ անկախ նրանից, թե ինչպես ենք լքել, հետ չենք գալիս:
Որովհետև ամեն անգամ պիտի 2009-ի դեկտեմբերի 14-ը ու հորաքրոջս գնալը հիշեմ: Լսեմ լացիս ձայնը ու նորից մղձավանջի նման ապրեմ էդ սառը օդանավակայանի պատերն ու ճամպրուկների անտանելի աղմուկը:
Բայց ինքն ասում էր.
-Ես հետ կգամ, ոչինչ:
Որովհետև ամեն անգամ պիտի Հոլանդիա գնացող մորաքրոջս ընտանիքը հիշեմ: Պիտի հիշեմ, որ տղաներից մեկը հենց էնտեղ էր ծնվել, ու մինչ իրենք գալիս էին, ու ես 20 օրում նոր փորձում էի ճանաչել իրենց, իրենք նորից գնում էին: Էլ հետ գալ չէր լինում: Հետ գալու համար ուշ էր:
Բայց նրանք ինձ ամեն անգամ պիտի ասեին:
-Էլի կգանք, ոչինչ…
Գիտե՞ս, երբ 14 տարեկան էի, ես մի ամբողջ 4 հոգու եմ պահել Հայաստանում:
Ես մեր ընտանիքին պահել եմ գնալու մտքից, համոզել, որ էստեղ մնալը, էստեղ հասնել բարձունքներին ու առհասարակ էստեղ լինելը ճիշտ է:
Համոզել չստացվեց, բայց մենք էս պահին էս հողի վրա ենք, մենք չենք դասվել գնացողների շարքին, ու էս երևի ամենակարևորն է:
Ու ինձ մեծ հաշվով շատ քիչ է հետաքրքրում՝ ինչքան են ինձ մեղադրում էստեղ մնալու համար, ինչքան են ասում, որ դրսում լավ կլիներ, դա էլ միշտ չէ, ոչինչ…
Որովհետև ամեն անգամ, երբ ինձ հարցնեն, թե ինչ կա դրսում ու օտար երկրներում, պատասխանելու եմ
-Ոչինչ, ոչինչ էլ չկա:
Էն իմ սիրած ոչնչից:
Մի քանի օր առաջ ամբողջ համալսարանով մեկ լաց էի լինում ու կրկնում:
-Ինձ բոլորը նեղացնում են:
Ով ու ինչու հարցերին էդպես էլ չպատասխանեցի:
Ոչինչ չհասկացան: Ես էլ ոչինչ չասացի:
Կանցնի, ոչինչ…

Ճարտարապետությունը փիլիսոփայություն է

Ութ տարի առաջ էր այս հանդիպումը: Նրանք, ովքեր գալիս էին «Մանանա», հենց մուտքի մոտ իր փոքրիկ պարտեզում տեսնում էին պարոն Վարուժանին, որը բարեհամբույր ժպտալով, պարսկահայի իր առոգանությամբ ողջունում էր նրանց.

-Բարև ձեզի, բարև ձեզիԻնչպե՞ս եք, լա՞վ եք

Արդեն բարի ու լավ ընկերներ էինք դարձել, և մի օր էլ որոշեցինք հենց պարոն Վարուժանի հետ հանդիպում անցկացնել և հարցազրույց վարել: Հիմա պարոն Վարուժանը չկա, իր փոքրիկ պարտեզն էլ ամայացել ու այլևս չի ծաղկում: Ցավոք, չկա նաև այս հանդիպումը գրի առնող «Մանանայի» մեր լուսավոր սաներից մեկը՝ Սեդա Խուբլարյանը: Կյանքն անարդար է: Տարիներն անցնում են, ու այսօր հիշեցինք այս հանդիպումը:

Ճարտարապետ Վարուժան Ծառուկյան

Վարուժան Ծառուկյանը ծնվել է Թեհրանում, կյանքի մեծ մասն ապրել է Միացյալ Նահանգներում, իսկ վերջին տասը տարին ապրում է Հայաստանում: Ինչպես ինքն է ասում, արմատները կանչեցին: Նա ունի միաժամանակ երեք մասնագիտություն` ճարտարապետ, շինարար և նկարիչ: «Ճարտարապետները ստեղծագործող անհատներ են»,- ասում է պարոն Ծառուկյանը: Եվ իսկապես այդպես է: Նա ստեղծագործական մոտեցում է ցուցաբերում իր յուրաքանչյուր նախագծին: Եվ ընդհանրապես, ամեն ինչում էլ ստեղծագործում է, նույնիսկ իր և հարազատների համար ուտելիք պատրաստելիս, ինչը, ի դեպ, նա շատ է սիրում: Սիրում է նաև իր տան բակում ծաղիկներ աճեցնել:

-Ինչո՞ւ տեղափոխվեցիք ԱՄՆ:

-Ես ծնվել եմ Թեհրանում: Այնտեղ ֆրանսիական դպրոց եմ հաճախել: 18 տարեկանում որոշեցի մեկնել ԱՄՆ` ուսում ստանալու: ԱՄՆ-ում պետք է աշխատեի, որովհետև հայրս հնարավորություն չուներ ուսման համար վճարելու: Առաջին տարիներին աշխատեցի մատուցող և քանի որ գիտեի ֆրանսերեն, աշխատանքի անցա բարձր մակարդակի ռեստորանում: Դժվար է եղել, իհարկե, բայց հիմա, երբ հետ եմ նայում, տեսնում եմ, որ կյանքիս ամենալավ ժամանակն էր: Կեսօրից մինչև ուշ գիշեր աշխատել եմ, հետո եկել եմ տուն, դաս եմ արել և առավոտյան նորից գնացել համալսարան: Երբ ավարտեցի համալսարանը, սկսեցի աշխատել ուրիշի համար, քանի որ դեռ կառավարական քննություն չէի հանձնել: Երկու տարի էլ դա տևեց, որից հետո ինքս իմ ձեռնարկությունը բացեցի, որը գտնվում էր Լոս Անջելեսում: Փաստորեն, 27 տարեկանից սկսեցի ինքնուրույն մասնագիտությամբս աշխատել: Հետո երկու տարի անց ամուսնացա: Չորս երեխա ունեմ: Աշխատանքում բախտս բերեց, որ մի ճանաչված դերասան իր տան համար նախագիծ պատվիրեց ինձ: Երբ նրա պատվերը կատարեցի, թերթերում գրեցին այդ մասին, որովհետև նա այդ տարի «Օսկարի» արժանացավ: Դրանից հետո աշխատանքս լավացավ:

-Իսկ ինչո՞ւ որոշեցիք տեղափոխվել Հայաստան

-Տասը տարի առաջ հայրենիքս կանչեց, արմատներս կանչեցին: Ես, հավատացե՛ք, իմ կյանքում ամեն ինչ արել եմ՝ թե՛ ուսման առումով, թե՛ աշխատանքի առումով: Ես նյութապաշտ չեմ: Ինձ այլևս պետք չէր այն ամենը, որ մնալով ԱՄՆ-ում` կարող էի ստանալ: Ինձ համար կյանքն այստեղ ավելի հաճելի է, քան ԱՄՆ-ում: Այն ջերմությունը, որ կա այստեղ, չկա այնտեղ: Բոլոր ընկերներս, երբ ամռանը գալիս են Հայաստան, չեն ուզում հետ գնալ: 1992-97 թվականներին Ռուսաստանում գործարարությամբ զբաղվեցի: Երբ ԱՄՆ-ից գնում էի Ռուսաստան, հետո անպայման գալիս էի Հայաստան: Վատ ժամանակ էր, իհարկե, 1992 թվականն էր: Չկար էլեկտրականություն, ոչինչ չկար, բայց այդ ժամանակ ես սիրահարվեցի Հայաստանին: Ես ճանաչեցի և սիրեցի իմ հայրենիքը: 1997 թվականին ես որոշեցի դուրս գալ ԱՄՆ-ից: Իմ երկիրը դա չէր, հո կարմրամո՞րթ չեմ: Այդ ժամանակ արդեն երեխաներս մեծ էին: Եկա այստեղ: Հիմա երեխաներս երկու-երեք տարին մեկ ամռանը գալիս են ինձ այցելության: Աղջիկս ամեն տարի է գալիս: Այստեղ, իհարկե, աշխատում եմ, տներ եմ նորոգում: Բավականին շատ աշխատանքներ ունեմ: Ղարաբաղում` Շուշի քաղաքում, չորս-հինգ տարի առաջ հյուրանոց նախագծեցի:

-Այդ շենքը համապատասխանո՞ւմ է քաղաքի ոճին: Դուք դա հաշվի առե՞լ եք:

-Շենքը սկզբից կառուցվում էր որպես ՁԻԱՀ-ի բուժման կենտրոն` «Արմենիկումի» պատվերով: Սակայն շուտով պարզվեց, որ «Արմենիկումը» ամենևին էլ չի բուժում ՁԻԱՀ-ը, և նրանց շենքն այլևս հարկավոր չէր: Եվ ես այն կառուցեցի որպես հյուրանոց: Ինձ թվում է, շենքը քաղաքին ամենևին էլ խորթ չէ, լավ է ստացվել:

-Ձեր նախագծերում հայկական տարրեր մտցնո՞ւմ եք:

-Շատ չէ, բայց երբեմն անում եմ: Օրինակ` Շուշիի հյուրանոցը նախագծելիս օգտագործել եմ Ղարաբաղի խորհրդանիշ հանդիսացող տատիկ-պապիկին:

-Շենքը կառուցելիս միայն նախագիծը բավակա՞ն է, թե՞ Ձեր ներկայությունը պարտադիր է:

-Շենքի կառուցմանը վերաբերվող ամբողջ տեղեկությունը նախագծում արտացոլվում է` սեյսմակայունությունը, ճարտարապետական լուծումները, սանտեխնիկական հատվածը, էլեկտրականությունը, լույսը և, ընդհանրապես, այն ամենը, ինչ պետք է, կա: Եվ երբ շինարարները գալիս են, գծագրերը կարդալով` շենքը ծնվում է: Ես բացի ճարտարապետ լինելուց նաև շինարար եմ: Ունեմ նաև շինարարության դիպլոմ: Ես միշտ շատ եմ սիրել շինարարությունը: Այնպես որ, որպես կանոն, իմ գծագրած շինություններն ինքս էլ կառուցում եմ:

-Հայաստանը սեյսմիկ գոտի է. ի՞նչ եք կարծում, ճի՞շտ է այստեղ բարձրահարկեր կառուցելը:

-Եթե ճարտարապետը ցանկանում է բարձրահարկ շենք նախագծել, անկախ տեղից, ուրեմն պետք է սեյսմոլոգի օգնությանը դիմի: Այստեղ սխալներ շատ են անում: Այ, դա է վտանգավոր: Եթե ճիշտ նախագծես, բարձրահարկն էլ շատ դիմացկուն կարող է լինել:

-Ձեր նախագծերից ամենաշատը ո՞րն եք հավանում:

-Բնակարաններ են եղել, որոնք մեծագույն հաճույքով եմ նախագծել, որովհետև բնակարանի գծագիրը պատրաստելիս մտերմանում ես տիրոջ, նրա ընտանիքի հետ, ծանոթանում ես նրանց նախասիրություններին և յուրաքանչյուր բնակարանին շատ անհատական մոտեցում ես ցուցաբերում, աշխատում ես տանտերերին հոգեհարազատ բան անել: Դա շատ հետաքրքիր աշխատանք է:

-Ո՞ր ճարտարապետական կառույցն է, որ այնքան է Ձեզ դուր եկել, որ կուզեիք Դուք կառուցած լինել:

-Իմ աստվածը ճարտարապետության ոլորտում, այն մասնագետը, որի գործերը շատ եմ սիրում, Ֆրենկ Լլոյդ Ռայթն է: Նրա հայտնի աշխատանքներից մեկն է Ճապոնիայում «Իմպերիալ» հյուրանոցը: Դա մի շատ գեղեցիկ և յուրահատուկ կառույց է, որն ինձ շատ է դուր գալիս: Ռայթը համարում էր, որ ճարտարապետությունը փիլիսոփայություն է: Եվ իսկապես, այդպես է: Նրա մոտ գնում էին անվճար աշխատելու, որովհետև դա մեծ պատիվ էր և գիտելիք: Այդ մեծագույն ճարտարապետին հիմա էլ շատերն են նմանակում:

-Եթե Ձեր և հաճախորդի ճաշակը չհամընկնի, կաշխատե՞ք նրա համար:

-Այո՛, քանի որ վճարողը նա է, բայց ես կառաջարկեմ իմ հատակագիծը: Հետո կհարմարեցնեմ իր նախասիրություններին: Ես մի հաճախորդ եմ ունեցել, որի կինը ցանկացավ, որ տան արտաքին տեսքը ֆրանսիական ոճով լինի: Ես արեցի այնպես, ինչպես տանտիրուհին ցանկացավ: Եվ տարիներ անց այդ տանը նկարահանեցին մի հոլիվուդյան ֆիլմ, որի հետևանքով բավականին հայտնի դարձավ այդ տունը: Այն հաճախորդի պատվեր էր:

-Որտե՞ղ եք սովորել հայերենը:

-Պարսկաստանում միշտ հայերեն եմ խոսել տանը: Երբ ես գնում էի դպրոց, այնտեղ մեր ֆրանսերենի ուսուցչուհին, որը հայ էր, առաջարկեց դասերից հետո մնալ և հայերեն պարապել: Շաբաթը երկու անգամ դասերից հետո մնում էինք և սովորում հայերեն կարդալ-գրել: Դժբախտաբար, չնայած նրան, որ ԱՄՆ-ում երեխաներս 12 տարի հայկական դպրոց են գնացել, բայց, միևնույն է, ցանկանում են անգլերեն խոսել:

-Դժվար չէ՞ Հայաստանում մենակ ապրելը` առանց ընտանիքի:

-Ես իհարկե շատ եմ կարոտում երեխաներիս: Շաբաթական ամենաքիչը երկու անգամ հեռախոսով խոսում եմ նրանց հետ: Այսօր խոսել եմ տղայիս հետ: Երբ ամռանը գալիս են, կարոտս առնում եմ: Բայց հիմա ավելի շատ եմ կարոտում: Արդեն երեք տարի ԱՄՆ չեմ գնացել:

-Ձեր կարծիքով, կգա՞ մի ժամանակ, որ Ձեր երեխաներին էլ ձգի Հայաստանը:

-Շատ եմ ուզում, որ դա լինի: ԱՄՆ-ում ապրելը հիմա շատ դժվար է, և եթե աշխատանք գտնես, պետք է այն ձեռքիցդ բաց չթողնես: Իսկ աշխատանք գտնելը ֆինանսական ճգնաժամի պատճառով ուղղակի անհնարին է դարձել: Աղջիկս չափից շատ է ցանկանում այստեղ ապրել և եթե աշխատանք գտնի, անմիջապես կգա: Նա 1995 թվականին եկավ և անվճար աշխատեց մի ծրագրի համար, որի անունն էր «Հող և մշակույթ»: Սպիտակի մոտակայքում` Գոգարան գյուղում, մի եկեղեցու շինարարություն էին իրականացնում: Այնտեղ շատ դժվար աշխատանք էր տանում աղջիկս, քարեր էր կրում: Եվ այդ եկեղեցին կառուցվեց: Այդ տարի եկա, որ տեսնեի աղջկաս, որին բամբակի մեջ եմ մեծացրել ԱՄՆ-ում: Ընկել էր հողի վրա, լաց էր լինում, չէր ուզում Հայաստանից գնալ: Որդիս էլ մասնագիտությամբ ճարտարապետ է: Նա էլ է ցանկություն հայտնել Հայաստանում աշխատելու:

-Դո՞ւք եք Ձեր որդուն խորհուրդ տվել դառնալ ճարտարապետ:

-Ո՛չ, ես ասել եմ` մի՛ դարձիր ճարտարապետ: Ինձ շատ դժվար է եղել սովորելը: Ես օրերով տուն չեմ գնացել: Դպրոցում եմ քնել: Չէի ուզում, որ որդիս էլ այդքան դժվարություններ կրի: Ճարտարապետությունը նրա ընտրությունն էր:

-Ասացիք, որ ունեք երեք մասնագիտություն` ճարտարապետ, շինարար, նկարիչ: Արդյո՞ք ստացել եք նկարչական կրթություն:

-Ես 14 տարեկանում սկսեցի մատիտով նկարել: Մեր ճարտարապետության համալսարանի շենքին կից դասավանդում էին դիզայներություն և նկարչություն: Ես ընդունվեցի և սովորեցի: Այն ժամանակվա լավագույն նկարներիցս մեկը ցուցադրվեց թանգարանում: Ես զգացի, որ կար պահանջարկ, և սկսեցի վաճառել նկարներս: Հիմա նկարչությամբ հիմնականում ձմռանն եմ զբաղվում: Ձմեռ չեմ սիրում, տանից դուրս չեմ գալիս և, տանը նստած, զբաղվում եմ նկարչությամբ:

-Մարտիրոս Սարյանն ասել է. «Մարդու ստեղծագործությունը նրա հոգու արտացոլանքն է»: Երբ նայենք Ձեր նկարներին, կարո՞ղ ենք Ձեզ ճանաչել:

-Ես ուրախ մարդ եմ և գույն եմ սիրում… Այո՛, դա իսկապես այդպես է:

Հարցազրույցը գրի առավ Սեդա Խուբլարյանը, 13 տարեկան

Lilitgalstyan

21-րդ դարի մարդը ափիս մեջ

«Արդարացնում եմ և անծիր ծովի այն թերությունը, որ ափեր ունի»։ Սևակյան խորհրդավորություն։

21-րդ դարում երկրագունդն ունի ձեռքեր, ոտքեր, գլուխ, և այն համր քայլերով առաջ է ընթանում..․ Քայլող երկրագունդ, այո՛, որ մարդ ենք հորջորջում։ Գիտելիքի, տեխնոլոգիաների, արդյունաբերության «ծովում» խեղդվում ու ափ է փնտրում այդ նույն մարդը՝ միաժամանակ գտնվելով «ափում»։

Մատներդ ծալի՛ր և փակի՛ր ափդ, կստանաս բռունցք, որն ունի ճիշտ և ճիշտ քո սրտի չափը, այն սրտի, որը լցված է համբերանքի ծովով։

21-րդ դարի մարդ… Մի ափով գողանում է, մյուսով՝ դրամ դնում մուրացկանի պարզած ափի մեջ, մի ափով՝ սպանում և դժբախտացնում, մյուսով՝ արցունք սրբում։

21-րդ դարի միակ զենքը ժպիտն է։ Ժպտա՛ թշնամուդ և խեղդի՛ր նրան այտերիդ փոսում, որոնք լցված են «հմայքի ծովով»։

Պարզում ես ափդ, ձեռք ձեռքի եք տալիս և դաշինք կնքում՝ այդուհետ քայլել միասին և ձգտել մի նպատակի։ Նորից պարզում ես ափդ, ձեռք ձեռքի եք տալիս, բայց այս անգամ բռնում եք գրազ՝ այդուհետ ձգտել մի նպատակի՝ քայլելով տարբեր ուղիներով։

Սեղմում ես մեկի ափն ու հաստատում նոր ծանոթություն։

Թողնում ես մեկի՝ արդեն քոնը դարձած ափն ու վերջ տալիս անհեռանկար ծանոթություններին։

Ծնվում ես և աչքերդ բաց ես անում ինչ-որ մեկի ափերի մեջ։ Մորդ ափը քեզ շոյում է, մեծացնում, գրկում, դու էլ մեծանում ու համբուրում ես այդ նույն ափերը։ Ուրախ ես՝ ափերդ վեր ես պարզում ու շնորհակալություն ես հայտնում Բարձրյալին, տխուր ես՝ ափերդ պարզում ես վեր ու օգնություն ես խնդրում Բարձրյալից։ Մահանում ես՝ ափերդ վեր պարզած՝ թողություն խնդրելով։ Եվ միայն վերջում ավանդում ես հոգիդ ու ակամա բացում այդքան տարի փակված ափդ։ Կարծես ուզում ես, որ համբերությանդ ծովը դուրս գա իր ափերից ու դուրս նետի խեղդված վշտերդ ու հույսերդ։

arxiv

Փորձեք հասկանալ

Նախաբանի փոխարեն

Փորձեք հասկանալ, որ բոլորը տարբեր են, որ սևի կողքին կա սպիտակը, որ առանց չարիք չկա բարիք, որ ձայնը լռության մեջ է լսվում, որ շնչելուց հետո արտաշնչել է հարկավոր, որ զուգահեռ ուղիղները երբեք չեն հատվում, որ ամեն ինչն ունի իր հակադիրը, որ այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ, որ մենք անզոր ենք այս աշխարհում մի բան փոխելու, այլ կարող ենք փոխել միայն ինքներս մեզ՝ ամեն մեկն իրեն: Փորձենք հասկանալ ինքներս մեզ: Փորձենք գտնել ու հասկանալ մեր միջի չարն ու բարին, վատն ու լավը, դրախտն ու դժոխքը, ամպրոպն ու խաղաղը, սերն ու ատելությունը: Փորձենք հասկանալ ու ճանաչել մեր հավասարությունը, փորձենք հասկանալ, որ բոլորիս ստեղծել է մեկը…

Նանե Աբելյան, 15 տ.

***

Մի ուրիշ աշխարհ

Համարյա վեց տարի է, ինչ ես տարված եմ համակարգչային խաղերով: Դրանցից առանձնանում է «Prince of Persia» խաղը: Ինչքան էլ խաղում եմ, չեմ ձանձրանում: Երբեմն լինում է, որ նույն դրվագը խաղալիս նոր հնարքներ եմ բացահայտում, հայտնաբերում եմ խաղի թերությունները, ինձ սկսում եմ խաղի մեջ զգալ: Երբեք ոչ մեկի հետ չեմ կիսվել, չեմ պատմել, թե ինձ համար ինչ գրավիչ են նկարազարդումները, խաղի ոճը, ինչ իրական են թվում կերպարները: Այդ կերպարները հասցրել են ինձ հարազատ դառնալ: Գիտեմ, որ ինձ ոչ ոք չի հասկանա, քանի որ իմ չափ այդ խաղը սիրող դեռ չեմ հանդիպել:

Շանթ Հակոբյան, 14 տ.

***

Փոքրիկ տղան

Սեպտեմբեր ամիսն էր: Դեռ նոր-նոր հունի մեջ էինք ընկնում: Զանգը հնչելուց երկու րոպե հետո ուշացած ներս մտավ ֆիզիկայի ուսուցիչը և խնդրեց, որպեսզի գնամ և բերեմ մատյանը: Ես դուրս եկա դասարանից և, աշխատելով ինչքան հնարավոր է դանդաղ հասնել ուսուցչանոց, սկսեցի քայլել: Երբ վերադարձա, տեսա միջանցքում կանգնած մի փոքրիկ տղայի, ով լաց էր լինում: Ես արագացրի քայլերս և, հասնելով նրան, հարցրի.

-Ի՞նչ ա պատահել, ինչի՞ ես լաց լինում:

Բայց նա չպատասխանեց, նույնիսկ դեմքիս չնայեց, կարծես թե չէր էլ նկատել ինձ: Բայց ես շատ էի ցանկանում իմանալ, թե ինչ է պատահել, և հարցս նորից կրկնեցի: Սակայն այս անգամ էլ պատասխան չստացա: Ես լրիվ մոռացել էի, որ պետք է մատյանը դասարան հասցնեմ, և շարունակում էի հարցեր տալ:

-Խնդրում եմ, ասա՛, ի՞նչ ա եղել, ինչի՞ ես լացում, ասա՛, քեզ շոկոլադ կտամ, խոստանում եմ…

Հանկարծ նկատեցի հեռվից մոտեցող մեր դասարանի Աննային: Նա շնչակտուր եկավ և ասաց.

-Արի՛ արագ դասարան, ինչի՞ ես կանգնել… Դասատուն արդեն բարկացել ա ու ասաց, որ գամ կանչեմ քեզ:

Այդ պահին ես նոր հիշեցի մատյանի մասին և վազեցի դասարան: Ներս մտնելով՝ սկսեցի արդարանալ՝ ասելով, որ չէի գտնում մատյանը, քանի որ շփոթվել և ուրիշ դասարան էին տարել այն: Նստեցի: Սակայն մտքիցս դուրս չէր գալիս փոքրիկ տղան: Ես անհամբեր սպասում էի, թե երբ էր զանգը հնչելու:

Զանգից հետո արագ դուրս եկա դասարանից և քայլերս ուղղեցի այնտեղ, որտեղ կանգնած էր եղել տղան: Նա այնտեղ չէր… Բացեցի մոտակա դասարանի դուռը և նկատեցի նրան՝ տխուր նստած: Մոտեցա և, տեսնելով, որ այլևս չի լացում, հարցրի.

-Ինչի՞ էիր լացում, ի՞նչ էր եղել:

-Երեկ ես դասի չէի եկել, և տնայինը չկատարելու համար դասատուն ինձ հանեց դասարանից,- լացակումած ասաց նա:

Երբ դուրս եկա դասարանից, հարցերը տանջում էին ինձ. «Ինչպե՞ս կարող էր էս խեղճ տղային դասից հանել տնայինի պատճառով: Չէ՞ որ ընդամենը երկու շաբաթ է, ինչ նա դպրոց է գալիս… Հետո էլ կասեն, որ դպրոցը չենք սիրում…»:

Սիրան Մանուկյան, 13 տ.

***

«Ես»-երի կռիվը

«Մինչև Երևանից հասնեմ Նոր Հաճըն, ես կմեռնե՜մ: Մի ժամ տրանսպորտով գնալ, ահավոր հոգնեցուցիչ ա: Ատում եմ, ատում եմ, ատում եմ տրանսպորտները»,- ինքս իմ «ես»-ի հետ խոսելով՝ սպասում էի իմ տրանսպորտին: «Ահա և նա,- տեսնելով հեռվում երթուղայինը՝ ասացի «ես»-իս՝ ուշադիր զննելով տրանսպորտի ներսը և մտքումս անընդհատ կրկնելով,- երանի էս անգամ մեջը քիչ մարդ լինի, երանի էս անգամ մեջը քիչ մարդ լինի…»: Սակայն երթուղայինը գերբեռնված էր: «Մենակ էս տեսարանից արդեն հոգնում ես, բայց ի՞նչ արած, պիտի գնամ»,- խորը շունչ քաշելով՝ մտածեցի: «Վա՜յ, հիմա մեջքս կջարդվի, ի՞նչ ա, էս պապիկը չի կարողանո՞ւմ նորմալ կանգնել, պիտի անպայման հրի՞: Վե՛րջ, հեսա կկռվեմ»,- կատաղած մտածում էի ես: Սակայն այդ պահին աջ ուսիս հայտնվեց իմ բարի «ես»-ը և սկսեց զրուցել հետս: «Չէ՛, Հայաստա՛ն, մի՛ կռվիր, մենակ դու չես, որ այդ վիճակում ես գտնվում, նայի՛ր շուրջդ, պիտի հարմարվես»,- հանգստացրեց ինձ նա: Ես համարյա որոշել էի արդեն լռել, երբ հանկարծ ձախ ուսիս հայտնվեց չար «ես»-ս և, լռեցնելով բարի «ես»-ին, վրդովված ասաց. «Սո՛ւս, բարի՛ Հայաստան, ի՞նչ է, չե՞ս տեսնում ինչ անհարմար վիճակ է, հեսա էս աղջիկը կջարդվի, և ո՞ւմ մեղավորությունն է սա: Իհարկե, վարորդինը: Նա իրավունք չուներ 13-ից ավելի մարդ նստեցնել երթուղայինում: Մի՛ լսիր, Հայաստա՛ն, ասա՛ քո խոսքը, հերիք եղավ, ցո՛ւյց տուր վարորդին իր տեղը»: Բերանս բացել էի, որ բողոքեմ, նորից իմ բարի «ես»-ն ընդհատեց. «Ոչ մի դեպքում չանե՛ս այդպիսի բան, այստեղ քո մեղավորությունն էլ կա: Երբ տեսար, որ շատ մարդ կա, չնստեիր, սպասեիր հաջորդին»: «Ճիշտ ես ասում»,- մտածեցի ես: «Ի՞նչն է ճիշտ… Հայաստա՛ն, եթե դու հիմա ասես քո խոսքը, բոլորը քո կողմից կլինեն, մի՛ լռիր, ասա՛»,- ինձ վարորդի դեմ լարելով՝ բղավում էր չար «ես»-ս: «Դու չես կարող, դու շատ բարի աղջիկ ես և չես կարող քեզ այդպիսի բան թույլ տալ»,- հանգստացնելով լարված մթնոլորտը՝ ասաց բարին: «Ավելի լավ է՝ լռես»,- կարմրեց չար «ես»-ս: «Ո՛չ, չի՛ կարող»: «Կարող է…»:

Եվ այդպես ամբողջ ճանապարհին: Սակայն վերջում չարը հաղթեց: Քանի որ ես տաքարյուն մարդ եմ, չկարողացա լռել: Երթուղայինից դուրս գալիս գումարը հանձնեցի վարորդին և նրան մի լավ իր տեղը դրեցի:

Հայաստան Ապրեսյան, 16 տ.

***

Մայրի՛կ, դու փոքր չե՞ս եղել

Զը՜նգ, զը՜նգ, զը՜նգ, զը՜նգ. հնչեց դռան զանգը: Ես վեր թռա տեղիցս և վազեցի դեպի դուռը:

-Ո՞վ է,- հարցրի ես, և լսվեց մորս ընկերուհու ձայնը:

Մենք այդ ժամանակ փոքր էինք և դեռ դպրոց չէինք գնում, չունեինք հոգս ու ցավ: Մենք չէինք մտածում շուտ արթնանալու, դաս սովորելու մասին:

-Դուրս կիջնե՞ս,- առաջարկեց ընկերուհիս:

Ես, մայրիկից թույլտվություն ստանալուց հետո, վազեցի բակ: Տուն-տունիկ խաղը մեր ամենասիրելի խաղն էր, և ինչպես միշտ, այդ օրը նույնպես մենք տուն-տունիկ էինք խաղում: Սկզբում սցենարը մտածեցինք, ապա շտապեցինք իրագործել մեր պլանները, և հանկարծ լսվեց մայրիկիս ձայնը լուսամուտից.

-Արդեն ուշ է, պիտի տուն գաս:

Մենք փորձում էինք համոզել մայրիկիս, որ թույլ տա մի քիչ էլ մնանք բակում, բայց նա կտրուկ ասաց՝ ո՛չ, և հեռացավ պատուհանից, իսկ մենք տուն գնացինք՝ մտածելով. «Մի՞թե նրանք փոքր չեն եղել»:

Մարիամ Գրիգորյան, 11 տ.

***

Իմ նոր ընկերը

Ես շատ եմ սիրում ընտանի կենդանիներ: Միշտ ասում եմ.

-Մա՛մ, պա՛պ, ես շատ եմ ուզում պահել գոնե մի կենդանի:

Բայց այդ խոսքերն ավելորդ են. նրանք մերժում են՝ ասելով.

-Արա՛մ, լսի՛ր, կենդանիները կարճ են ապրում՝ ամենաշատը 15-16 տարի: Դու երկար տարիներ չես անցկացնի նրանց հետ:

Մի օր էլ տատիկս ինձ տարավ իր ընկերուհու տուն հյուր: Ես այնտեղ մի շուն տեսա: Սկսեցի նրա հետ ընկերություն անել: Հիմա էլ, երբ տատիկիս հարմար է լինում, նա ինձ տանում է իր ընկերուհու տուն: Ես այլևս մայրիկիս ու հայրիկիս հետ չեմ խոսում կենդանի պահելու մասին:

Արամ Մնացականյան, 8 տ.

***

Ուսուցչուհուս դիմանկարը

Հինգերորդ դասարան էինք, երբ ես որոշեցի նկարել ուսուցչուհուս՝ ընկեր Խաչատրյանի դիմանկարը: Ես նրան շատ էի սիրում և հարգում: Առանձնապես լավ չէի նկարում, բայց փորձեցի նկարել: Երբ արդեն նկարս ավարտում էի, մեր դասարանի Լիլիթը հարցրեց.

-Ի՞նչ ես նկարում:

-Խաչատրյանի դիմանկարը,- պատասխանեցի ես:

Մի քանի րոպե անց Լիլիթը մոտեցավ ընկեր Խաչատրյանին, ինչ-որ բան ասաց նրան և վերադարձավ, նստեց իր տեղը: Քիչ հետո ուսուցչուհին ինձ ոտքի կանգնեցրեց և խնդրեց, որ ձեռքիս թուղթն իրեն հանձնեմ: Նայելով նկարին՝ նա զայրացավ և ասաց, որ ես փորձում եմ իրեն ծաղրել, և ինձ վարքից «երկուս» նշանակեց:

Նորայր Բարոյան, 13 տ.

***

Պատիժ

Մի անգամ, երբ դպրոցում «երկուս» էի ստացել տնային աշխատանքս չկատարելու պատճառով, մայրիկս բարկացավ վրաս:

-Վե՛րջ, Թագա՛ ջան, էլ ոչ մի բակ, ոչ մի ընկերուհի, ոչ մի հեռուստացույց: Դու պատժված ես,- հնչեց նրա դատավճիռը:

Առանց լսելու իմ բացատրությունները, նա հեռացավ: Ես շատ տխրեցի: Փակվեցի իմ սենյակում, պառկեցի մահճակալիս և լաց եղա: «Ախր, ո՞նց չի հասկանում, որ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով չէի հասցրել դասս սովորել»,- մտածում էի ես: Հետո մայրիկս մտավ իմ սենյակ, իսկ ես ձևացրի, թե քնած եմ: Նա մոտեցավ, շոյեց գլուխս, համբուրեց և բարի գիշեր մաղթեց ինձ:

Թագուշ Բաղդասարյան, 16 տ.

***

Իմ կյանքն է, չէ՞…

Շրջապատում հաճախ չեն ընդունում իմ հագնվելու ոճը, անգամ առանց հասկանալու: Հատկապես շատ են լինում մայրիկիս հետ վեճերը՝ աչքերս քսելու թեմայով: Իսկ ամենից շատ վրաս ազդում է, երբ ինձ, այսպես ասած, «նկատողություն» են անում մարդիկ, ովքեր իրենք էլ սիրում են այդ ոճը: Երևի փորձեր են՝ իրենց մեծի տեղ դնելու, կամ էլ… Չգիտեմ, ինձ չի հետաքրքրում: Հիմա գոռալու, նյարդայնանալու փոխարեն, ինչպես առաջ էի անում, ուղղակի լռում եմ կամ թողնում հեռանում, ուղղակի հոգնել եմ ասելով.

-Չեք ուզում՝ մի՛ շփվեք հետս, էդ իմ գործն ա, քանի որ իմ կյանքն ա:

Նրանք էլ արդեն այդքան շատ «նկատողություն» չեն անում, երևի հասկացել են:

Մերի Խալիկյան, 15 տ.

***

Մղձավանջ

Ահա և եկան արձակուրդները: Կարելի է դաս չանել: Բայց ես երբեք էլ դաս չէի անում… Ամբողջ օրը համակարգիչ խաղալ, կուշտ փորով հաց ուտել, քնել, քնել, քնել…

Հասա տուն, և ի՞նչ… «Հրաժարվում ենք աշխատելուց» ցուցանակներով ինձ դիմավորեցին համակարգիչս և ցանկիս մնացած բոլոր առարկաները:

-Մենք հրաժարվում ենք աշխատել,- առաջ գալով՝ ասաց համակարգիչս,- մենք պահանջում ենք հանգստի ժամերի ավելացում, ավելի բարեխիղճ վերաբերմունք, և վերջապես, հավաքի՛ր սենյակդ:

-Դե, փորձեք հասկանալ, որ եթե հավաքեմ սենյակս, այնտեղ ինքս ինձ չեմ գտնի…

Լավ է՝ այդ մղձավանջը շուտ ավարտվեց, և աչքերս բացվեցին:

-Լավ ա, երազ էր,- ասացի ինքս ինձ:

-Լուսինե՛, ոտքի՛, սենյակդ հավաքի՛ր, դասերդ սովորի՛ր ու նստի՛ր պատմություն պարապելու: Մինչև չպարապես, հաց չես ուտելու,- լսեցի մայրիկիս ձայնը:

Լուսինե Համբարձումյան, 15 տ.

***

Ճաշակին ընկեր չկա

Մի օր, երբ ես իմ ընկերների հետ դուրս էի եկել դպրոցից, և քայլում էինք, նրանցից մեկը՝ Կարենը, հարցրեց.

-Ռաֆո՛, ի՞նչ նոր երգ ունես:

-Նոր քաշած երգեր ունեմ, տա՞մ,- պատասխանեցի ես:

-Հա՛, տո՛ւր,- ասաց Կարենը:

Ես սկսեցի իրեն հեռախոսով փոխանցել Deep Purple խմբի «Child in time» երգը: Երբ երգն արդեն համարյա ամբողջությամբ փոխանցվել էր, ես իմ հեռախոսով միացրի այն:

-Էդ ի՞նչ Նոյի թվի երգ ա,- ասաց Կարենը:

-Սա Deep Purple խմբի ամենալավ երգերից ա,- հակաճառեցի ես:

-«Oтмена» տուր,- ասաց Կարենը:

-Ինչի՞, լավ երգ ա,- փորձեցի համոզել ես:

-Ես չեմ սիրում Նոյի թվի երգեր: Ես սիրում եմ նոր երգեր ու ռեփ:

Մենք սկսեցինք վիճել և իրար վատ խոսքեր ասելով՝ գնացինք ամեն մեկս մեր տուն:

Ռաֆայել Բաբլոյան, 10 տ.

***

Հանուն լուսանկարչության

Մի սեպտեմբերյան առավոտ տնեցիները որոշեցին ինձ տանել ֆիզիկայի պարապմունքի: Ես գնացի, իհարկե, չուզելով: Ես չէր սովորում ֆիզիկա, և տնեցիները որոշեցին պայման դնել իմ առջև.

-Կա՛մ ֆիզիկա կսովորես, կա՛մ էլ քեզ ֆոտոյի պարապմունքներից կհանենք:

Ես ֆիզիկա չեմ սիրում, որովհետև ինձ համար անհետաքրքիր և անհասկանալի է, իսկ լուսանկարչությունը շատ եմ սիրում, և բոլոր տնային հանձնարարությունները հաճույքով եմ կատարում: Բայց ես ֆիզիկա սկսեցի սովորել, որպեսզի ապացուցեմ, թե ինչքան եմ սիրում լուսանկարչության դասընթացները:

Գարիկ Ավագյան, 15 տ.

«Խաբարբզիկ», 2010թ.

Lilitgalstyan

Ուզում եմ հանդիպել մանկությանս

Արթնացա մի տեսակ պակասի զգացումով: Քննախույզ հայացքով նայեցի չորս կողմս. ամեն բան իր տեղում էր ՝ գիրքը, որ ամբողջ գիշեր կարդացել էի, և ուժասպառ մատներս չէին էլ կարողացել մինչև վերջ ծալել էջը, որ հիշեի՝ որտեղ եմ կանգ առել: Փոքրիկ լուսամփոփս դեռ վառվում էր. խեղճն ամբողջ գիշեր աչք չէր փակել:

Ասես՝ թալանել էին ինձ, մի պահ քնով էի ընկել ու թալանվել ինչ-որ բնակարանային գողի կողմից, ով ներս էր մտել ու մի բուռ երջանկություն գողացել (իբր այնքան շատ էր):

Դուրս եկա տանից՝ փիլիսոփայական դատարկաբանություններով թունավորված: Հունվարյան օդում ձյուն էր պակասում, մարդկանց դեմքերին՝ ժպիտ, եղածներում էլ անկեղծության պակաս կար: Փողոցի անկյունի սրճարանից աշխատողը դուրս թռավ ու շտապեց մոտակա խանութը. սրճարանում էլ սուրճի պակաս կար:

Պակասի զգացմանը թևանցուկ՝ մոտեցա զբոսայգուն, ու երևի երկար կտանջեինք մայթերը, եթե անսպասելի մի հանդիպում չընդհատեր մեր մտերմիկ զբոսանքը: Ծիծաղկոտ աչքերով մի փոքրիկ վազում էր իր գույնզգույն գնդակի հետևից: Հենց այդ փոքրիկի զրնգուն ծիծաղն էր, որ շարժեց նախանձս, արթնացրեց մանկությանս հուշերը, որոնք այնքա՜ն անուշ քնով էին քնած:

Ահա՜ թե ինչ: Հոգիս համակած պակասը լրացնելու համար մանկությանս ծվեններն են պետք, մի կտոր կապույտ՝ նրա երկնքից, հոգուս կարկատաններ են պետք՝ մանկության թելերով:

Ոտքերս, միմյանց հերթ չտալով, ինձ կանգառ տարան: Մի քանի րոպե միայն նստեցի կանգառի նստարանին, բայց մի ողջ ֆիլմի սցենար ունեի արդեն: Մի կին երեխաների ձեռքից ամուր բռնած անհամբեր հետ ու առաջ էր անում ու կրկնում. «Ուշացանք, ա՛յ մարդ»: Հասկացա՝ երեխաներին էր տանում դպրոց, բայց ավտոբուսն ուշանում էր: Մի աղջիկ նստել էր նստարանին՝ կողքիս, ու արագ-արագ կրկնում էր դասը ու շտապ-շտապ նայում՝ հանկարծ ավտոբուսը չանցնի: Բայց նրա ավտոբուսն էլ չկար ու չկար, ու ինչպես ինքն էր ասում. «Հենց ինձ է պետք, չի գալիս»:

Բոլորի պես ես էլ էի շտապում, շտապում էի հանդիպման… Մանկությանս հետ: Բայց կանգառում էլ ավտոբուսի պակաս կար: Միևնո՜ւյն է, արժի սպասել:

Ուզում եմ այսքան տարի անց կրկին անշտապ քայլել մանկությանս բակով, տեսնել բոլոր նրանց, ովքեր ինձ հետ նույն բակն ու այգին էին կիսում այդ անհոգ տարիներին: Նրանց եմ ուզում հանդիպել, ովքեր հենց կողքիս, աչքիս առաջ վաճառում, ստիպված էին վաճառել իրենց մանկությունը մի հացի կամ մի կոշիկի գնով, որոնց մանկության վրա ցեխ էին նետում այն մեքենաների անվադողերը, որոնց պատուհաններից մի քանի մանրադրամ էր նետվում: Այն խեղճ տիկնիկին, որը լուռ տարել է իմ՝ սկսնակ վիրաբույժիս «վիրահատությունների», անդամահատումների չարչարանքները՝ միևնույն ժամանակ, չկորցնելով նախկին փայլն իմ աչքերում: Ուզում եմ ավարտին հասցնել այն բոլոր խաղերը, որոնք կիսատ մնացին (կամ ընկնում ու վնասում էի ինձ, կամ էլ վիճում էի ընկերուհուս հետ ու ասում՝ ես էլ չեմ խաղում):

Մանկությանս ամեն մանրուքին եմ ուզում հանդիպել: Առաստաղի անկյուններից մեկի խունացած հատվածին, որից, երևի, ժամերով աչքս չեմ կտրել՝ փորձելով յուրովի բացատրել գորշ «հյուրի» անսպասելի այցը համատարած ճերմակություն: Ուզում եմ հանդիպել այն սավանին, որի վրայի ծաղիկները բազմիցս փորձել եմ քաղել: Այն աթոռին, որից բռնվել ու առաջին անհաստատ քայլերս եմ արել:

Հանկարծ, ցանկություններիս լաբիրինթոսից դուրս գալով հասկացա, որ կանգառում մենակ եմ մնացել: Զգացի, որ հոգնել եմ, հոգնել եմ նաև այդ ըղձական եղանակից՝ հանդիպեմ, ասեմ, տեսնեմ: Սահմանական եղանակն ավելի հստակ է: Վերադարձա տուն և մի բաժակ տաք թեյն ու Դյումայի հերոսների «կրքոտ» ընկերությունը օգնեցին մի պահ մոռանալ կանգառը, մարդկանց, «պարտաճանաչ» ավտոբուսները: Իսկ մահացած հույսերիցս սա ծնվեց:

-Արի՛ գնանք,

-Ու՞ր:

-Մանկությո՜ւն:

-Ինչո՞ւ,

-Ինչո՞ւ…

Խո՜ր լռություն…

Չէ՞ որ այնտեղ երկուսով էինք.

«Ես», «դու» չկար, «մենք» էր, ու վե՜րջ,

Միասին էինք՝ առանց պատճառ,

Միասին էինք… Էլ ոչ մի բառ…

Նույնիսկ մտքում եմ վախենում խոստովանել.

Վախենում եմ լսես, զգաս,

Վախենում եմ միտքս կարդաս:

Դուրս եմ գալիս իմ մտքերից

Ու տեսնում եմ քեզ… քո դեմքին

Ու շուրթերին գրված մի հարց ՝ ինչո՞ւ:

Փոխվեց հրավերս.

-Արի՛ գնանք,

-Ու՞ր:

-Մանկությո՜ւն,

Բայց ոչ թե «մեր»

Այլ «իմ» ու «քո»:

Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի

mediaMart6Փետրվարի 1-ին Սարգիս Մուրադյան պատկերասրահում տեղի ունեցավ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» նախագծի «Մեդիամարտ ընդդեմ կոռուպցիայի» խորագրով ցուցահանդեսը:

«Սա կոռուպցիայի լուսաբանման պատմությունն է վերջին 25 տարիների ընթացքում»,- նշում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը: Ցուցահանդեսին ներկայացված էին կոռուպցիայի լուսաբանման յոթ սկանդալային դեպքեր՝ վերջին 25 տարիների ընթացքում: Ընտրված պատմություններն ամենալավն են բնորոշում արծարծված խնդիրը: Պատերին փակցված էին ծաղրապատկերներ, իսկ հպէկրանների (թաչսքրին) միջոցով այցելուները ծանոթանում էին պատմություններին:

mediaMart1«Հինգ րոպեն ձեզ բավական է ամբողջ պատմությանը ծանոթանալու համար»,- նշում է «Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանը: Հպէկրանների միջոցով այցելուները, հատկապես՝ երիտասարդ լրագրողները, կարող էին ստուգել և զարգացնել իրենց մեդիա-գիտելիքները «Մեդիամարտ», «Ցանցառ» և «Լիտերատուսի արկածները» խաղերի օգնությամբ: Իսկ պատկերասրահի մյուս սենյակում ցուցադրվում էին տասը ֆիլմերը, որոնք չեն ցուցադրվել հեռուստատեսությամբ, սակայն, Վահրամ Մարտիրոսյանի խոսքերով, դրանք լուրջ հետազոտություններ են, լավ լրագրողական ֆիլմեր: Ցուցահանդեսին ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

mediaMart-Անչափ ուրախ եմ այսօր այստեղ լինել: Այստեղ՝ Հայաստանում, մեր աշխատանքի առաջնահերթ ուղղություններից մեկը Հայաստանի քաղաքացիների, հասարակության լրատվամիջոցների հետ համատեղ աշխատանքն է, աջակցությունը այն ջանքերի, որոնք ուղղված են կոռուպցիայի դեմ պայքարին: Բոլոր երկրներում էլ կա այս խնդիրը, այն միայն Հայաստանին չէ բնորոշ: Իսկ կոռուպցիայի դեմ պայքարի առանցքային ուղիներից մեկը անկախ լրատվական դաշտի առկայությունն է: Հայաստանում կա անկախ լրատվական դաշտ, որը ունի բավարար խիզախություն՝ արծարծելու և լույս սփռելու կոռուպցիային վերաբերող հարցերի վրա: Այս ցուցահանդեսի կարևորությունը ինձ համար հենց սա է: Ես՝ որպես պետական պաշտոնյա, կարող եմ ասել, որ կան Հայաստանում այնպիսի լրագրողներ, որոնք կարող են պաշտոնյաներին բարդ հարցեր ուղղել: Եվ այսօր այստեղ գտնվելով՝ ես ուրախ եմ, որ ականատեսն եմ մի քանի կոնկրետ դեպքերի, որոնց հետ կապված Հայաստանի լրատվական դաշտի ներկայացուցիչները բարդ հարցեր են տվել, կարևոր խնդիրներ են առաջ քաշել՝ դրանք ուղղելուվ պետական պատշոնյաներին, գործարար դաշտի ներկայացուցիչներին: Եվ ես հպարտ եմ, որ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը կարողացել է իր փոքրիկ ներդրումն ունենալ՝ աջակցելու այս կարևոր նախաձեռնությանը, որը կյանքի է կոչվում Նունե Սարգսյանի և նրա հոյակապ թիմի կողմից,- նշում է Ռիչարդ Միլսը:

mediaMart5-Անկախության շրջանում ամեն ինչ շատ արագ է զարգանում,- պատմում է Վահրամ Մարտիրոսյանը,- այդ պատճառով մենք որոշեցինք հետ հայացք գցել, տեսնել, թե մեր մեդիան ինչպիսին է: Մեդիան իրեն դրսևորում է առաջին հերթին ֆորսմաժորային իրավիճակներում, ինչպիսին էին, օրինակ՝ երկրաշարժը, կամ հոկտեմբերի 27-ը: Մեզ համար, կարծում եմ, այդ ֆորսմաժորային կարևորությունն ունի նաև կոռուպցիան: Ահա, այդպես էլ ընտրեցինք այս թեման՝ որպես երկրորդ ցուցահանդեսի նյութ: «Մեդիամարտ»-ը երկրորդ ցուցահանդեսն է, իսկ առաջինը, որը ցնցեց մեդիան, Սպիտակի երկրաշարժին էր վերաբերում: Առաջին ցուցահանդեսին ներկայացված ամբողջ նյութը նույնպես այսօր այցելուները կարող են տեսնել հպէկրանների միջոցով: Այս ցուցահանդեսում ներկայացված պատմություններին ծանոթանալով՝ այցելուն ինքը կորոշի՝ որ դեպքում հաղթանակ տարավ կոռուպցիոները, որ դեպքում՝ մեդիան, իսկ որ դեպքում դեռ անորոշ վիճակ է, և մեդիան հնարավորություն ունի շարունակելու պայքարը: Ցուցահանդեսի առանձնահատկությունն այն է, որ այն առաջին հերթին երիտասարդության համար է՝ այն մարդկանց, որոնք շատ լավ են գլուխ հանում նորագույն տեխնոլոգիաներից, շատ լավ գիտեն՝ ինչպես «նավարկել»: Այստեղ երիտասարդները կարդում են պատմությունները, լսում են փորձառու լրագրողների հարցազրույցները, որոնք զբաղվել են հետաքննական լրագրությամբ, վերլուծում են իրենց սխալները, ամփոփում են իրենց կատարած աշխատանքը: Շատ լրատվամիջոցներ հաճախ չունեն «Իսկ դուք ի՞նչ եք արել» հարցի պատասխանը, որովհետև հետադարձ հայացք չեն գցել: Մենք հիմա փորձում ենք հենց դա անել: Այցելուն նույնպես մեզ հետ դառնում է հետաքննող լրագրող, որովհետև իրեն հսկայական նյութ է տրամադրվում, բայց՝ արդեն ընտրված: Այսինքն՝ ինքն արդեն պատկերացում է կազմում, թե այդ սկանդալը ինչպես է լուսաբանվել, և կարող է իր եզրակացությունն անել:

mediaMart4Ցուցահանդեսը Երևանից հետո տեղի է ունենալու նաև մարզերում: Նախատեսում ենք այցելել երեք քաղաք՝ Գյումրի, Վանաձոր, Գորիս: Կոռուպցիայի լուսաբանման մասին այս ցուցահանդեսը միակ միջոցառումն է դեռևս: Որևէ այլ ֆորմատի միջոցառում իրականացնելու անհրաժեշտություն հիմա չեմ տեսնում, քանի որ ցուցահանդեսը շատ սպառիչ է. այստեղ կան և՛ թեմային վերաբերվող ֆիլմեր, և՛ կայքեր, և՛ թերթեր, և՛ վավերագրողների կատարած ողջ աշխատանքը: Հետագայում այս բոլոր նյութերը կտեղադրվեն նաև կայքում և հասանելի կլինեն նաև ցուցահանդեսից դուրս:

Ցուցահանդեսին ներկայացված բոլոր պատմությունները հավաքելու, կազմելու համար կատարված հետազոտությունը տևել է մոտ տարի ու կես, քանի որ նյութը շատ մեծ էր: Ցավոք, այն լրատվամիջոցները, որոնք կարող էին իրենք ներկայացնել մեզ իրենց հետազոտությունները, կարող էին հնարավորություն տալ մեզ օգտվելու իրենց նյութերից, շատ քիչ էին:

mediaMart3Պատերին տեսնում եք նաև ծաղրապատկերներ, որոնցից ամեն մեկը տիպիկ բնորոշում է մեկ ամբողջ ոլորտ: Ծաղրապատկերների հեղինակը Նորայր Այվազյանն է՝ ժամանակակից լավագույն կոնցեպտուալիստ նկարիչներից մեկը: Մեր ամբողջ թիմը կազմված էր մոնտաժողներից, ռեժիսորներից, օպերատորներից, լրագրողներից:

Ինչպես արդեն նշեցի՝ ցուցահանդեսը բոլորի համար է, բայց երիտասարդ լրագրողների մասնակցությունը շատ կարևոր է: Ցանկալի է, որ երիտասարդ լրագրողներ շատ գան, որովհետև իրենց համար այսքան նյութ է հավաքված, պատրաստի դրված մի տեղ: Հիանալի հնարավորություն է հետաքննական լրագրության մի լավ դաս անցնելու,- եզրափակեց իր խոսքը Վահրամ Մարտիրոսյանը:

mediaMart2Դե, մնում է միայն հիշեցնել, որ ցուցահանդեսը գործում է մինչև փետրվարի 18-ը: Եթե ուզում ես ուսումնասիրել հետաքննիչ-լրագրողի աշխատանքը, ինքդ հայտնվել նրա դերում և միասին բացահայտել մեր հասարակության այս արդի խնդիրը, ուրեմն ժամանակն է այցելել Սարգիս Մուրադյան պատկերասրահը:

arxiv

Դպրոցական սարսափներ

Անսպասելի գրավորը

Մի օր անսպասելի իմացանք, որ ռուսաց լեզվից պետք է գրավոր գրենք։ Մենք չէինք նախապատրաստվել։ Միակ բանը, որ մեզ կփրկեր, արտագրելն էր։ Բայց այս անգամ ոչ թե իրարից էինք արտագրում, այլ գրքից։ Բոլորը չէ, որ գիրք ունեին։ Եվ երրորդ շարքից մեկը գիրք ուզեց ինձանից։ Ես, իհարկե, տվեցի, որովհետև այն նրանց ավելի էր պետք, քան ինձ։ Բայց ես չգիտեի, որ գիրքս կգնա ճամփորդության ամբողջ երրորդ շարքով։ Լավ է, որ այդ շարքը նեղ է, և արանքով ուսուցիչները չեն քայլում սովորաբար։ Գիտեի, որ գրքիս կազմը կպատռվի, բայց ուշադրություն չդարձրի դրան։ Ուսուցչուհին դասի ընթացքում պարբերաբար վեր էր կենում և քայլում էր շարքերի միջով։ Դե, ինչպես միշտ, բացի երրորդ շարքից։ Բայց․․․ Նա արդեն մոտեցել էր երրորդ շարքին և ուզում էր անցնել այդ նեղ հատվածով։ Քիչ էր մնում սիրտս կանգներ։ Բայց տագնապս իզուր էր, քանի որ դասարանցիներս ամեն ինչի են պատրաստ գնահատականի համար։ Մեկը գրիչը «հանկարծակի» գցեց գետնին և կռացավ, որ վերցնի, մյուսն էլ կռացավ, որ «կապի» կոշիկի կապերը, որոնք իրականում չկային։

Լուսինե Ալեքսանյան, 13 տ

***

Իմ տանջանքները

Ինչ տեղափոխվել ենք ավագ դպրոց, հանգիստ չեն թողնում մեզ, տանջում են։ Ուսուցիչների խոսակցության հիմնական թեման է․ «Մոռացե՛ք այն, թե ինչ էիք անում և ինչպես էիք սովորում ձեր դպրոցներում, այս տարվանից պետք է ոչինչ բաց չթողնեք, որովհետև ամեն կիսամյակի վերջում քննություն եք հանձնելու ամբողջ անցածի վերաբերյալ»։

Այս ամենը տանջանք է։ Ես արդեն հանձնել եմ առաջին կիսամյակի ստուգարքները, բայց դեռ առջևում են երկրորդ կիսամյակինը։ Ոչինչ չեմ հասցնում անել, ամբողջովին թաղվում եմ գրքերի մեջ և ոչ թե վերհիշում անցածը, այլ սովորում, քանի որ առանց դրա չեմ կարող հանձնել ստուգարքը։ Ցավոք, մինչև ստուգարքները բավարար չափով չենք սովորում, որ կարողանանք պատասխանել այդ անտանելի հարցաշարերին։ Իսկ ամենազայրացուցիչն այն է, որ իմ ավագ դպրոցում ոչ թե միայն մեր հոսքերին վերաբերող առարկաներից ենք ստուգարք հանձնում, այլ բոլոր առարկաներից։

Նանե Աբելյան, 15 տ

***

Փաստի առաջ

Կիսամյակի վերջում ես ծանր հիվանդացել էի և երկու-երեք շաբաթ բացակայեցի դպրոցից։ Բացակայել էի նաև կենսաբանության կիսամյակային գրավորից։ Վերջին տարիների ընթացքում ես ընտելացել եմ այն փաստին, որ միշտ կարելի է արտագրել գրքից կամ դասընկերներից ու չսովորել դասերը։ Այդպես էի ես վերաբերվում նաև կենսաբանությանը։ Եվ այդ առարկայից ընդհանրապես ոչ մի բան չգիտեի։ Եվ ահա, ես կանգնել եմ տխուր փաստի առջև, որ պետք է մեն-մենակ ուսուցչի առջև նստած՝ գրեի գրավորը, որն ինձ համար բարդությամբ չէր զիջում չինական կամ ճապոնական հիերոգլիֆներին։

Այդ օրը շատ էր ուրախացել մայրս։ Նա արդեն վաղուց էր պնդում, որ պետք է սովորել, և որ արտագրելով ես հեռու չեմ գնա։ Այս անգամ նա համոզված էր, որ «երկուս» եմ ստանալու, և դա ընդմիշտ ինձ դաս կլինի։

Գրավորիս նախօրեն ես անցկացրի տագնապի մեջ։ Փորձեցի կարդալ դասագիրքը և սովորել մեկ օրում այն ամենը, ինչ պետք է սովորեի կես տարում։ Ես առաջին անգամ էի բացում դասագիրքը, և բոլոր թեմաները սովորելու միտքը, իհարկե, ձախողվեց։ Իսկ գիշերը չէի կարողանում քնել։ Երազումս տեսնում էի ուսուցչուհուս ինձ «երկուս» դնելուց, քառորդիս «երկուս» փակվելը և այլն․․․

Պատկերացրեք իմ ուրախությունը, երբ տուն վերադառնալով մայրիկիս հայտնեցի, որ ստացել եմ 8 բալ․․․ Երևի թե պարտադիր չէ նշել, որ ինձ ուսուցչուհիս էր օգնել։

Ալեքսանդր Սարգսյան, 13 տ

***

Երեքշաբաթյա ակցիա

-Գա՛յ, իմացա՞ր վարժարանի՝ քո դեմ հնարած նոր օրենքի մասին։

-Իմ դե՞մ։

-Հա՛։ Գա՛յ ջան, արդեն ստիպված ես լինելու առավոտը 8․30 արթնանալու փոխարեն ուղիղ ութին արթնանալ և 9․15 վարժարան մտնելու փոխարեն ամենաուշը 8․50 վարժարանում լինել, քանի որ ուղիղ իննին՝ զանգից հետո, վարժարանի դռները փակվելու են, ու եթե ուշանաս, ստիպված կլինես 45 րոպե դրսում սառել ու մի ժամ էլ բացական կունենաս։

Այս յուրահատուկ նորությունը լսելուց հետո ամբողջ մարմնովս մի սարսուռ անցավ։ Պատկերացրի, որ առավոտյան ժամը ութին պետք է արթնանամ, հագնվեմ ու դասի գնամ․․․

Չնայած, որ առավոտյան չափից շատ է քունս տանում, քնում եմ մինչև 8․30, հագնվելուց հետո էլ օրոր-շորոր լինելով քայլում եմ դեպի վարժարան։ Ու բացի այդ էլ, եթե առաջին ժամի դասը սովորած չեմ լինում, դա էլ առիթ է հանդիսանում երկրորդ դասից դպրոց գնալու։

Երեք շաբաթ գործեց օրենքը։ Այդ երեք շաբաթվա ընթացքում, երբ տնօրենն առաջին ժամին դասարան էր մտնում, տեսնում էր, որ դասին ամենաշատը տասը աշակերտ է ներկա։ Հիմա արդեն այդ օրենքը չի գործում, բայց սովորությունը դեռ մնում է։ Երբ դասղեկը հարցնում է, թե ինչու առաջին ժամին չենք եղել, բոլորս միաբերան պատասխանում ենք․

-Վարժարանի դռները փակ էին։

Գայանե Մարտիրոսյան, 15 տ

***

Էլի՞ հրդեհ է

Մեր դպրոցում ամեն ամիս տագնապի ազդանշան է լինում։ Դա նրա համար են անում, որ հրդեհի դեպքում երեխաները կարողանան կողմնորոշվել, թե ինչ անեն։ Երբ տագնապի ազդանշանը հնչում է, և մենք դուրս ենք վազում դպրոցից, անպայման ինչ-որ մեկը գոչում է․

-Ուռա՜, ազատությո՜ւն։

Լինում են այնպիսիք, որ շատ են վախենում, թե դպրոցը կարող է իսկապես այրվել։ Մյուսներն էլ կանգնում, այսուայնկողմ են նայում, իրար հետ զրուցում։ Ինչ-որ մեկի վրա էլ ուսուցչուհին բարկանում է, որ տագնապի ընթացքում պայուսակով է դուրս վազել դպրոցից։ Մի խոսքով, տագնապը զվարճալի երևույթ է մեր դպրոցում։

Մերի Վարդանյան, 11 տ

2011 թվական

lilit vardanyan

Ձկները, շատակեր գորտը, կրիան ու երազանքները

Հիշում եմ, որ ժամանակին մենք ձկներ էինք պահում: Միջանցքում կար մի ակվարիում, որի մեջ փոքրիկ ձկնիկներ էին: Ու վերջ: Չեմ հիշում, թե երբվանից էինք մենք ձկներ պահում: Բայց դրանք իմ առաջին կենդանիներն էին: Ես շատ էի սիրում կերակրել ձկներին և հետևել նրանց ուտելու ընթացքին:

-Հերիք ա կերակրեք, ձկներն արդեն կուշտ են,- ասում էին ծնողներս:

Մի օր եղբայրս ու հայրիկը գնացին շուկա և այնտեղից չինական գորտ բերեցին: Այդ գորտը սպիտակ էր և տարօրինակ տեսք ուներ: Մի քանի շաբաթվա ընթացքում մենք նկատում էինք, որ ձկները քչանում են, իսկ գորտը գիրանում էր: Արդեն ձկների կեսից շատը պակասել էր: Հերթական ձկնիկի անհետացումից հետո մտածում էինք՝ ինչ անել գորտի հետ: Հայրիկը զայրացավ և գորտին գցեց զուգարանակոնքի մեջ: Մենք երկար ծիծաղում էինք: Հետո ես հարցրի.

-Բա գորտին ի՞նչ ա լինելու:

-«Կանալիզացիայում» կապրի,- ասացին հայրիկն ու եղբայրս:

Հետո հայրիկը նոր ձկներ գնեց: Որոշ ժամանակ անց մենք հոգնեցինք ձկներ պահելուց, և հայրիկը նրանց կենդանիների խանութ տարավ:

Իսկ 2009 թվականին մենք կրիա գնեցինք, որովհետև Արամը (եղբայրս) գերազանց ավարտել էր 2-րդ դասարանը և ուզում էր կրիա պահել: Կրիան երկկենցաղ էր: Դրա համար էլ ակվարիումի մեջ մի քիչ ջուր ու ավազ լցրեցինք և նրան դրեցինք մեջը: Հետո նրա համար բակից մեծ քար գտանք: Ես և եղբայրս կրիային անվանեցինք Կրյոշ (իսկ ինչպե՞ս կարելի էր ավելի լավ անուն հորինել կրիայի համար): Այդ տարի ամռանը մենք կրիային իջեցնում էինք բակ: Իմացանք, որ խոտ էլ է ուտում: Ես ու Արամը նրան դնում էինք բազմոցի վրա, որ բարձրանար: Դնում էինք մեջքի վրա, որ հետ շրջվեր ու ասում էինք, որ նրան տարբեր հնարքներ ենք սովորեցնում: Շատ ուրախ էինք անցկացնում ժամանակը՝ տեսնելով, թե մեր կրիան ինչ լավ է ընտելանում:

Իսկ ձմռանը նա երկարատև քուն մտավ: Այդպես մենք նրան 6 տարի խնամեցինք: Բայց վեց տարի անց մենք արդեն հոգնել էինք նրան խնամելուց: Ակվարիումի ջուրը շաբաթներով չէինք փոխում: Չէինք կերակրում: Հետո մենք որոշեցինք, որ հերիք է նրան տանջել: Կրյոշին տարանք շուկա և վաճառեցինք տիրոջը:

Մենք էլ ոչ մի կենդանի չպահեցինք:

Երբ ես փոքր էի, երազում էի շուն ունենալ: Հիշում եմ, որ մենք նույնիսկ գնացել էինք վերնիսաժ՝ շներին նայելու: Մի խելացի շուն տեսանք, որը լպստեց և հոտ քաշեց իմ կոշիկներից:

-Իմ հոտը կհիշի, չէ՞,- հարցրի ես:

Որոշել էի, որ այդ շանը պիտի գնենք:

Բայց ծնողներս ինձ չէին թողնում շուն պահել: Երբ հարցնում էի՝ ինչու, նրանք պատասխանում էին, որ պապիկը չի սիրում կենդանիներ, ու հետո, այդ շունը մի օր կսատկի: Ծնողներիս կարծիքով, ես դեռ փոքր էի այդպիսի պատասխանատվություն կրելու համար:

Մտածում էի՝ կարելի է պուդել պահել: Իսկ երբ ես պուդել տեսա ու իմացա, թե ինչ աշխույժ ու ագրեսիվ է, փոշմանեցի:

Շուն ունենալու պատմությունը շատ հին է ու երկար: Ես վաղուց մոռացել էի այդ երազանքի մասին:

Հիմա ես ավելի շատ ուզում եմ կատու ունենալ: Կատուն հանգստացնում է նյարդերը: Չնայած, ես չեմ սիրում կպնել կենդանիներին: Չնայած, իմ կարծիքով, կատուները եսասեր են, հավատարիմ չեն ու մտածում են միայն լավ տիրոջ, տաք վերմակի ու համեղ նախաճաշի մասին:

Կենդանիների հետ կապված միակ բանը, որ մինչև հիմա երազում եմ՝ կյանքում գոնե մի անգամ ձի նստելն է: Գիտե՞ք՝ երբ սկսվեց իմ սերը ձիերի հանդեպ: Ես մոտ 6 տարեկան էի:

-Մամ, ես ինչի՞ տարի եմ ծնվել,- հարցրի ես:

-Ձիու: Ավելի շուտ՝ ծովային ձիու:

Ես այդ ժամանակ ծովառյուծի պատկերացրի: Բայց հետո իմացա, թե ինչ է ծովային ձին:

11 տարեկանում կարդացի «Երեք հրացանակիրները» ու ես էլ ուզեցի ունենալ դ’Արտանյանի՝ ամբողջությամբ սև, ճակատին սպիտակ աստղաձև նշանով ձիուց:

Իսկ եթե ճիշտն ասեմ՝ ես չգիտեմ, թե կոնկրետ երբվանից սկսվեց իմ սերը ձիերի հանդեպ:

2016 թվականին Աղվերանի մեդիա ճամբարում ես մասնակցեցի Նուշիկի ու իր ձիու մասին ֆիլմի նկարահանմանը: Նուշիկը պատմում էր իր ձիերի մասին: Տեսա, թե ինպես էր ձին հասկանում իր տիրոջը: Իմացա, թե ինչ խելացի կենդանիներ են ձիերը: Նուշիկը խոստացավ, որ նկարահանումներից հետո ամեն մեկս հերթով կնստենք ձիու վրա: Ես շատ ուրախացա: Իմ երազանքը կկատարվեր:

Բայց իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ մենք շուտ գնացինք և չնստեցինք ձիու վրա:

Հուսով եմ՝ այս տարի կկատարվի իմ երազանքը, որովհետև որոշել եմ ամռանը ձիարշավի դասերի գնալ:

ella mnacakanyan yerevan

«Որբանոց»

«…Որբանոցը, որտեղ մենք ապրում ենք, ավելի ճիշտ՝ շնչում, մեզ զրկել է որևէ զգացմունք ունենալու հնարավորությունից, որովհետև հետխորհրդային Հայաստանի բոլոր «առաջնորդները» ջանք ու եռանդ չխնայեցին, որ երկիրը դառնա ռոբոտների գործարան: Ինձ երբեմն թվում է, որ այդ բոլոր «առաջնորդները» մի մարդ են՝ տարբեր ժամանակներում: Այդ «առաջնորդները» միայն գեղեցիկ բառակապակցություններ գիտեն՝ «հպարտ քաղաքացի», «ստեղծագործ ազգ», «երեք հազար տարվա մշակույթ», «առաջին քրիստոնյա ժողովուրդ»… Դրա համար էլ այդ հպարտ, ստեղծագործ, արվեստասեր ու, վերջապես, հավատացյալ ժողովրդի զինվորները սայլակին են…»:

Էդգար Կոստանդյանի «Որբանոց»-ն եմ կարդում: Առաջին անգամ՝ չնայած նրան, որ տարուց ավելի կլինի՝ ուզում էի կարդալ: Սովորաբար մարդիկ սկսում են որևէ գիրք ընթերցել արձակուրդի ընթացքում, իսկ ես, բոլոր գործող օրինաչափություններին ի հակառակ, անում եմ դա արձակուրդիս հաջորդող հենց առաջին երկուշաբթի, երբ թվում է՝ աշխարհում չկա ավելի անտանելի բան, քան առավոտյան շուտ ժամը 7-ին արթնանալը: Բայց դե՜, գիրքը հիմա է ձեռքս ընկել, և ուրեմն, լավ է ուշ, քան երբեք: «Որբանոց»-ի մասին գրում եմ այն կարդալը չավարտած ու գոնե կեսին չհասած անգամ: Սկզբներում եմ: Գրում եմ, ու դա գուցե սխալ է, որովհետև միշտ կարծել եմ, որ որևէ գրքի, ֆիլմի, սերիալի կամ նույնիսկ մարդու մասին կարելի է կարծիք հայտնել այն ավարտելուց, նրան ճանաչելուց հետո միայն, երբ բացահայտած կլինես նկատելի բոլոր դրական ու բացասական կողմերը: Բայց գրում եմ հիմա, որովհետև «Որբանոց»-ն ինձ արդեն կտրել տարել է իր մեջ սևով սպիտակի վրա գրված բուն տեքստից, ու առանց մտքերս գրի առնելու՝ պարզապես անիմաստ կլիներ շարունակվող նախադասությունները կարդալ, միևնույնն է, երբ մտքով ուրիշ տեղ ես, ոչինչ չես հասկանում:
Իրոք: Այս հպարտ, ստեղծագործ, արվեստասեր ու, վերջապես, հավատացյալ ժողովրդի զինվորները սայլակին են: Նախադասություն, որը չափից դուրս ցավոտ է ու նույնքան էլ ճշմարիտ: Զինվորները սայլակին են՝ հաճախ ոչ թե թշնամու գնդակի, այլ ներքին կռիվների, ինքնահաստատման փորձերի, զինվոր-հրամանատար անառողջ հարաբերությունների պատճառով: Զինվորները սայլակին են, իսկ նրանց ապագան՝ մշուշում, որովհետև «սայլակավորների» ապագան հազվադեպ է հստակ լինում մեր երկրում: Իսկ ես շարունակում եմ կարդալ.

«…Ուսանող տարիներին մենք երազում էինք լավ երկրի մասին («ավելի լավ» երկրի մասին չի խոսքը), սիրում էինք մեր որբանոցը, երազում էինք այն բոլորի փոխարեն, ովքեր դադարել էին երազել, իսկ այսօր, երբ մենք ենք դադարել երազել, մեր փոխարեն էդ անշնորհակալ գործն էլ ոչ ոք չի անում, որովհետև երազանքների դիարան է էս երկիրը, էստեղ չի կարող երազանք ապրել…»։

Ես կարդում եմ ու զուգահեռաբար մտածում, որ չէ՛, իրենց փոխարեն ուսանողական տարիներին երազողներ դեռ կան, որ մենք էլ ենք երազում լավ երկրի մասին (երբեմն անգամ չտարանջատելով «լավ»-ն ու «ավելի լավ»-ը), երազում ենք՝ նույնիսկ առանց կռահելու դրա՝ անշնորհակալ գործ լինելու մասին, երազում ենք, որովհետև հիմա մեր հերթն է երազելու, դրան զուգահեռ գործելու՝ հավատալով, որ երկիրը երկիր է, երազանքների դիարան չէ, ու էստեղ կարող է երազանք ապրել, դեռ մի բան էլ՝ իրականություն դառնալ:

«Մեր ժողովուրդը հեշտ է հավատում. դա հատուկ է հավատը կորցրածներին…»։

arxiv

Դպրոցական սարսափներ

Սովորել, սովորել, սովորել․․․

Մեր պատմության ուսուցչուհին շնչակտուր մտավ ներս․

-Երեխանե՛ր, տնօրենի կողմից հանձնարարված թեստ ենք գրում։ Նախօրոք զգուշացնում եմ․ տնօրենը ներկա է լինելու, ձեզ խելոք կպահեք։

Երեխաները շատ հուզված սկսեցին արագ-արագ թերթել գրքի էջերը՝ կարևոր տարեթվերն ու անունները գտնելու և թղթի վրա արտագրելու նպատակով։ Եվ ահա, եկավ որոշիչ պահը։ Մենք, վախից քարացած, կանգնած էինք, երբ դասարանի դուռը ճռռոցով բացվեց, և ներս մտավ տնօրենը։

-Նստե՛ք և սկսե՛ք աշխատել։ Հա՛, մի բան էլ, արտագրել չի լինելու,- ահարկու ձայնով շեշտեց նա։

Չնայած կլանված էինք թեստով, բայց դեռ զգում էինք, թե ինչպես է տնօրենի սառեցնող հայացքն անցնում մեր վրայով։

-Սրանից հետո ամեն չորեքշաբթի մի առարկայից գրավոր եք գրելու, և ով հաջող չգրեց, ավատական քննությանը չի մասնակցի,- զգուշացրեց տնօրենը։

Մի քանի տասնյակ դաժան րոպեներից հետո հնչեց սպասված զանգը։

Դասամիջոցին երեխաներով սկսեցինք քննարկել ընկեր Ղազարյանի որոշումը։

-Երեխե՛ք, որ Ղազարյանը մի բան ասում ա, ուրեմն կանի,- ասաց Լիլիթը։

-Էնպես որ, սկսենք դասերով ավելի լուրջ զբաղվել,- ավելացրեց Վլադիմիրը։

Նորայր Բարոյան, 13տ

***

Անքնություն

Շատ են խոսում դպրոցում հնարավոր փոփոխությունների մասին։

-Երեխանե՛ր, արդեն հաստատվել է, որ եկող տարի ստիպված կլինենք դասերի գալ նաև շաբաթ օրերին,- վերջերս հայտարարեց մեր դասղեկը։

-Ի՞նչ,- մեր բերանները բաց էին մնացել զարմանքից։

-Եթե այդ վիճակով դեռ երկար մնաք, ձեր բերանը ճանճ կմտնի,- նշեց դասղեկը։

-Ընկե՛ր Մալխասյան,- ըմբոստացավ Աննան,- բայց ի՞նչ իմաստ կա դրա մեջ։

-Ես կրթության նախարա՞րն եմ, որ ինձանից եք հարցնում։ Կարո՞ղ է՝ կոտորվում եք դաս անելով,- մեր թույլ տեղին կպավ դասղեկը։

-Չգիտեմ՝ կոտորվում ենք, թե չէ, բայց մեզ հաստատ կոտորում են էս դպրոցում,- պատասխանեց Աննան։

-Այդպես լինելու է բոլոր դպրոցներում, դուք բացառություն չեք։

Մեր դասղեկի խոսքը չազդեց իմ մտավոր զարգացման վրա, սակայն այդ գիշեր չկարողացա աչք փակել։ Այդ օրվանից հետո այդպիսի գիշերները հաճախակի են լինում։ Ես սարսափում եմ, բայց ոչ թե մթությունից, այլ դպրոցական անդադար փոփոխվող օրենքներից։

Շանթ Հակոբյան, 14 տ

***

Ժամանակ կա

-Երեխե՛ք, պատմության դասատուն չի եկել։

-Ինչ լավ ա, ես էլ վատ էի սովորել դասս,- ասացի ես։

Սկսեցինք խաղեր խաղալ, իրար պատմություններ պատմել։ Դասի ավարտին տասը րոպե էր մնացել, երբ դասարանի դուռը բացվեց, և ներս մտավ մեր պատմության ուսուցչուհին։ Բոլորը միաձայն հարցրին․

-Իսկ ինչո՞ւ եք ուշացել։

-Քննություն էր տասնմեկերորդների մոտ,- հանգիստ պատասխանեց նա։

-Ո՞նց, տասնմեկերորդներն էլ են քննություն հանձնո՞ւմ,- սարսափած հարցրինք մենք։

-Հա՛, ամեն երկու ամիսը մեկ քննություն են հանձնելու, դուք էլ եք հանձնելու, սկսեք լավ սովորել, որ կարողանաք հանձնել։

Բոլորը վախեցած էին, բայց մյուս կողմից էլ՝ ուրախ, որովհետև դեռ երեք տարի ունենք մինչև 11-րդ դասարանցի դառնալը և ժամանակ ունենք՝ մեր բացթողումները շտկելու, ավելի լավ սովորելու։

Մարինա Հարությունյան, 12 տ

***

Ում համար՝ սարսափ, ում համար՝ ծիծաղ

-Երեխանե՛ր, այսօր հիվանդանոցից մեր դպրոց բժիշկներ են գալու,- ասաց դասղեկս։

Այդ ժամանակ դպրոցներում տարածված էր կարմրուկ հիվանդությունը։ Գալու էին՝ պատվաստումներ անելու։ Ամբողջ դասարանը սարսափի մեջ էր։ Երբ դասարանցիներս իմացան, որ մեզ սրսկելու են, սկսեցին զանգահարել իրենց մայրիկներին, որ գան իրենց տուն տանեն։ Ես հեռախոս չունեի և չէի կարող մայրիկիս զանգահարել։ Ես լացում էի։ Ոչ ոք ինձ չէր հանգստացնում։ Իսկ բարձր դասարանցիները նայում էին մեզ և ծիծաղում։ Փոքրիկների համար դա սարսափ էր, իսկ մեծերի համար՝ սարսափելի ծիծաղելի։

Նելլի Հարությունյան, 10 տ

***

Պատիժ-փրկություն

-Երեքշաբթի օրը գնում ենք թատրոն, բոլոր յոթերորդ դասարանցիները պարտադիր է, որ ներկան լինեն,- դասարան մտնելով ասաց դասղեկս՝ ընկեր Աղասարյանը։

-Վա՜յ, բա ինչի՞ հենց երեքշաբթի․․․ Ես չեմ կարող․․․ Ինձ հարմար չի․․․ Ի՜նչ լավ ա․․․,- դասարանի բոլոր կողմերից բղավում էին երեխաները։

-Ընկե՛ր Աղասարյան, բայց ինչո՞ւ է պարտադիր,- ոտքի կանգնելով հարցրի ես։

-Ով որ չգա,- շարունակեց նա,- այդ ժամերին, որ մենք կլինենք թատրոնում, գնալու է ֆիզիկա պարապելու։

-Իսկապե՞ս,- ուրախությունից բացականչեցի ես,- ու դա պատի՞ժ է համարվում։ Շատ լավ է, ուրեմն հաստատ չեմ գալիս։

-Կարծում եմ, որ հիմա բոլորիդ հարմար դարձավ,- տեսնելով աշակերտների սարսափած դեմքերը՝ ասաց ընկեր Աղասարյանը, իսկ իմ ասածին ուշադրություն էլ չդարձրեց։

«Սրանից ավելի լավ պատիժ չէի՞ք կարող հնարել,- մտքումս ասացի ես,- եթե առաջին րոպեներին կասկածում էի՝ գնալ, թե չէ, հիմա վստահ եմ՝ չեմ գնում։ Ֆիզիկայից լավ առարկա երևի միայն հանրահաշիվն է»։

Երևում է՝ մեր դպրոցի բոլոր յոթերորդ դասարանցիների մեջ ֆիզիկան միայն երեք հոգու համար է լավ առարկա, որովհետև մյուսների համար իսկապես մի լավ պատիժ էր։ Ֆիզիկա պարապելու գնալու ենք միայն ես, Գայանեն ու Գրիգորը։

Մարիամ Նալբանդյան, 12 տ

***

Ահազանգ

-Նշե՛ք տնային առաջադրանքները,- զանգը հնչելուն պես ասաց մեր հանրահաշվի ուսուցիչը,- վարժություններ 446, 447, 448, 450, 452, 453, 454, 467։ Ով չկատարեց՝ «մեկ» է ստանալու։

Հայոց լեզվի դասի վերջում․

-Երեխանե՛ր, տանը կվերցնեք դերբայներից համակատարն ու հարակատարը՝ բոլոր վարժություններով, շտեմարանից էլ՝ այդ թեմաների բոլոր առաջադրանքները, և կգրեք շարադրություն՝ «Մեր լեզուն մեր հայրենիքն է» վերնագրով։

Տոննաներով դասեր, լավ, հասկանում եմ, հոսքային խորացված առարկաներն են, բա մնացա՞ծը․․․ Կենսաբանությունը տալիս է միանգամից երեք թեմա, այն էլ՝ ի՞նչ կենսաբանություն՝ օրգանական։ Դա դեռ ոչինչ։ Ֆիզիկան, աշխարհագրությունը, պատմությունը այնքան են «բարձում», որ մենք չենք դիմանում։ Ես անձամբ դաս սովորել չեմ սիրում, բայց դե, անում եմ ստիպված։ Չափազանց շատ սովորելու պատճառով ուղեղս կամաց-կամաց հանձնվում է։ Այսպես որ շարունակվի, ծույլիկ եմ դառնալու։

Մերի Սիմոնյան, 16 տ

2011թ.