milena barseghyan

Հարգենք առանց թվերի

Գրում եմ այն մասին, որը գուցե բազմիցս անցել է քո մտքով, բայց անցնելիս երևի «կոնտակտային տվյալներ» չի թողել, որ հետո նորից կապվես հետը։ Դրա համար։

Վերնագիրը դրել ենք, դե, սկսենք։

Ամեն օր դու ծանր պայուսակով, դպրոցում հոգնելուց ու հետո էլ պարապմունքներով զբաղվելուց հետո, վերջապես որոշում ես հասնել տուն, չէ՞։ Ավտոբուսով պետք է գնաս ու «օրենքով» պետք է կանգնած գնաս ու ազատ նստատեղը զիջես մեծահասակներին, չէ՞։ Ինչո՞ւ դու նստած չես՝ որովհետև դու փոքր ես, իսկ նրանք՝ մեծ, «պետք է հարգել մեծերին»։ Անկեղծ ասած, մեր ու մեծահասակների իրավունքներն ու հնարավորությունները լիովին հավասար և նույնն են հասարակական տրանսպորտում։ Քննարկման ենթակա էլ չէ, որ և՛մենք, և՛ մեծահասակները նույն ուղեվճարն ենք տալիս։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք զիջում։

Եթե հոգնած եմ, ուսապարկս լիքն է գրքերով, ոտքերս էլ հրաժարական են տվել, ու ուզում եմ նստած տուն հասնել, բոլորովին չի նշանակում, որ չեմ հարգում մեծերին, լա՞վ։ Որովհետև հարգել մարմինը, չափերը, և առավել ևս տարիքը՝ խելքին մոտ չէ։ Իմ ամենաչսիրելի արտահայտություններից է՝ «Գոնե տարիքը հարգի»։ Ես սովոր չեմ ու ոչ մի տեղ չեմ էլ կարդացել, որ պետք է տարիքը՝ թվերը հարգել։ Ոչ էլ կարդացել եմ, որ եթե չհարգեմ՝ անդաստիարակ պիտի կոչվեմ կամ «էս հիմիկվա ջահելնե՜րը…»։ Որովհետև թվերը հարգելը չէ կարևորը։

Հարգանքը իր ճիշտ իմաստը կրում է այն ժամանակ, երբ ավելացնում ենք «փոխադարձ» բառը ու մոռանում տարիքի մասին։ Բոլոր մեծահասակներին հարգելը ի՞նչ կանոն է, ես դա չեմ հասկանում, քանի որ ինձ համար հարգանքի չափորոշիչը տարիքը չէ։ Ես ինձնից փոքր երեխաներին էլ եմ հարգում և ուզում եմ բոլորդ էլ հարգեք նրանց՝ երեխաներին։ Դիմացինի հանդեպ հարգանք ցուցաբելերու համար կարևոր չէ, որ նա չորս տարեկան է, շիկամազ է, օտարերկրացի, կապույտ մազերով է կամ մաշված շապիկով։ Կարևոր չէ։ Դե՞մ չեք, որ չափորոշիչը լինի փոխադարձությունը, փոխադարձ հարգենք իրար, մարդկանց հարգենք անկախ իրենց, օրինակ՝գույնից։

Մի քիչ էլ «դու»-ի ու «Դուք»-ի մասին բարձրաձայնեմ ու հետո ավարտեմ, թողնեմ՝ մտածեք ու հակաճառեք։

Հարգանքի դրսևորում է «Դուք»-ով խոսելը։

Ավտոբուսում վարորդի հետ «դու»-ով խոսելը՝ «կանգառում կկանգնես»-ը, մեծահասակի կողմից ավելի անշնորհք վարքագիծ է, քան իմ, որ նրան չզիջեցի կիսակոտրած նստատեղը։ Հարգո՞ւմ է վարորդին, Ձեզ եմ հարցնում։

Կամ, եթե ինչ-որ մի կին ուզում է իմանալ երեխայի անունը ու հարցնում է՝ անունդ ի՞նչ է, արդեն ակնհայտ նեղանալու առիթ կա այդ կնոջից, քանի որ տարիքը կապ չունի, ու «Դուք»-ով խոսելը հարգանք է։

Ձեր անունն ի՞նչ է, սիրելիս, ես Ձեզ հարգում եմ ու բոլորովին ինձ չի հետաքրքրում, թե քանի տարեկան դարձաք Ձեր ծննդյան օրը, ես այդ թվերով ոչինչ չեմ որոշում։

amalya harutyunyan

«Սոնե» աղջկա մասին

-Ինչ տարօրինակ աղջիկ ես, ամեն ինչի մասին ուրիշ կերպ ես մտածում:

Այսպես ասաց Սոնան դեռ մեր ծանոթության առաջին օրը, դրանից հետո մեզ շատ չշփված օրեր էին սպասվում, ու կարծես հենց սկզբից էլ չէինք գտել մտերմանալու ուղին: Դե, մենք ի՞նչ իմանայինք, որ շուտով Սոնան ստիպված էր լինելու 5 օր ինձ հետ ապրել, այն էլ իրենց տանը ու այն էլ ճամբարի շրջանակներում:
Չէր էլ լրացել մեր ծանոթության 1 ամիսը, երբ մենք բավականին լավ գիտեինք իրար:
Ու երբ մենք մեծ երևակայությամբ իմ փախուստն էինք պլանավորում դեպի Մալիշկա, ինչի շնորհիվ պետք է տեսնեինք իրար, «երկնքից ընկնում է» հնարավորությունը՝ «ՏՆԱԿ» ճամբարը:
Մի քանի օր անց արդեն փախուստիս տոմսերն էլ էին ձեռքումս: Դե, նկատի ունեմ՝ ես ու Սոնան լրացրել էինք հայտը ու, ի ուրախություն մեզ, անցել ճամբարը: Ճամբարի ֆորմատը այլ էր, բոլոր այն մարդիկ, ովքեր Վայոց ձորից չէին, պիտի գային ու հյուրընկալվեին վայոցձորցիների տանը: Սոնան ու իր ընտանիքը դարձան ինձ հյուրընկալող ընտանիքը:
Հիմա, երբ հիշում եմ, որ առաջին 5 րոպեների ընթացքում չեմ ճանաչել Սոնային, ու մի կերպ եմ հասկացել, որ նա է, նորից կարմրում եմ: Ախր, շատ ամոթ էր, է: Բայց մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես ուժեղ գրկեց ինձ:

Ու սկսվեց, սկսվեցին իմ 5 անմոռանալի օրերի արկածները Վայքում ու Մալիշկայում:
Դե, պատկերացրեք՝ մեկը, ով ապրում է Երևանում, տանը միշտ փակված է ու բակում չունի ընկերներ, ամեն օր շրջապատվում է 30-ից ավելի ընկերներով, ու դա էլ հերիք չի, ընկերուհու տանն է մնում: Պատկերացրի՞ք, թե ինչ ուրախություն էր պատել ինձ: Ես էլ մինչև վերջին վայրկյանը չէի պատկերացնում: Ես տանը քնում եմ շատ ուշ՝ 3-ին կամ 4-ին ու արթնանում ցերեկը՝ 12-ին: Սոնան ինձ ստիպում էր, որ քնեի երեկոյան 11-ին ու արթնանայի առավոտյան 6-ին: Արթնանում էինք ու ճանապարհվում Վայք: Սոնայենց տունը սարի վրա էր, մենք ստիպված էինք շատ թեք ճանապարհներով գնալ: Միայն տեսնեիք, թե ինչ անհանգստությամբ ու զգուշությամբ էր բռնում ձեռքս Սոնան ու իջեցնում դժվար ճանապարհներով: Իջնում էինք, ճանապարհի կեսից միանում էին երեխեքի մի մասը, մյուս կեսից էլ՝ մյուս մասը, ու բոլորով ուղևորվում էինք կանգառ: Մեզ գցում էինք փոքրիկ ավտոբուսն ու մի փոքր տեղ գտնում նստելու: Սոնայի պատճառով ես ամբողջ ճանապարհին քնում էի, ու քնում էի՝ որպես բարձ օգտագործելով Սոնայի ուսը, Սոնան էլ ստիպված էր լինում գրկել ինձ: Դե, ճանապարհներն անհարթ էին ու իմ ընկնելու հավանականությունն էլ՝ շատ մեծ: Հասնում էինք, ամբողջ օրը միասին, ամբողջ օրը մի տեղում: Կիսում էինք նույն հացը կամ նույն նվերը (հա, Սոնան ինչ ստանում էր, ես միշտ կեսը ինձ էի վերցնում): Անցնում էինք ճոճվող կամուրջը՝ միասին գոռալով: Դասընթացներին միասին էինք ինչ-որ բան մտածում կամ միասին էինք արձագանքում ինչ-որ բանի:
Միասին էինք գնում Վայք ու Վայքից գալիս Մալիշկա:
Չեք էլ պատկերացնի՝ ինչքան շատ եմ սիրել Մալիշկան, մրգերը, որ պատահած ծառից թաքուն քաղում էինք, ճանապարհները, որ թեկուզ դժվար էր գնալ, բայց Սոնայի ձեռքը բռնած՝ լրիվ ուրիշ էր: Տները, որ հին էին շատ, բայց հետաքրքիր էին, էն սարը, որ Սոնայենց տան վերևում էր, ու որը մենք երկուսով բարձրացանք ու հայտնվեցինք արևին շատ մոտ:
Գիշերները մի լավ զրուցում էինք հազարավոր բաներից, պատմում մեր ամենակարևոր պատմությունները: Ու երբ Սոնան քնում էր, ես աչքերս բաց պառկում էի ու փորձում կանգնեցնել ժամանակը: Ես չէի ցանկանում, որ վերջանար ամեն ինչ, թեև գիտեի, որ այդ օրը շատ մոտ է:
Էդպիսի պահեր են, չէ՞, լինում, որ չես մոռանա երբեք, հա, ես չեմ մոռանա, թե ինչպես էր օգնում Սոնան, որ մաքրեի վրայիս ցեխը, երբ ընկել էի: Կամ ինչքան էր անհանգստանում, երբ ես շոգից լավ չէի զգում, ու ինչպես էր ինձ համար ջուր գտնում: Չեմ մոռանա՝ ինչպես էր ախառնվում իրար, երբ իր տեսադաշտից կորչում էի, կամ ինչպես էր մտահոգվում, երբ քաղցած էի լինում:
Մեկ, երկու, երեք, ու էսպես շուրջ 5 օր անցկացրինք ես ու Սոնան: Ամեն օրը յուրովի ուրիշ էր ու հետաքրքիր, միևնույն ժամանակ՝ խառն էր ու նույնը, արցունքոտ ու ժպիտներով լի: Բայց էդ օրերը մերն էին, մեզ համար ամենակարևոր ու ամենաթանկ պահերն էին:
Այնքան եմ կարոտում Մալիշկան: Ես նորից եմ ուզում արթնանալ Սոնայի հորդորներից առավոտյան 6-ին, ես նորից եմ ուզում ամաչել, ընկնել անհարմար իրավիճակների մեջ, նորից եմ ուզում լսել Աշոտիկի՝ Սոնայի փոքր եղբոր բղաված «բարևը», կամ նորից եմ ուզում զգալ նրա հարվածները, նորից եմ ուզում ստիպել Սոնային սովորեցնել իրենց բարբառը: Նորից եմ ուզում ընկնել ցեխաջուրն ու լաց լինել, ու ծարավ լինելու դեպքում՝ նորից եմ ուզում ջուր խմել այն տեղից, որը կենդանիների համար էր նախատեսված:
Հիմա այս ամենն արդեն երազ է թվում, թվում է, թե կյանքում չի էլ եղել, ու ես միայն քնի մեջ՝ երազում եմ այդ օրերը տեսել:
Իսկ դեռ մի քանի օր առաջ ես Մալիշկայի փողոցներով էի քայլում:
Վերջում, երբ արդեն գնում էինք, Սոնայի տանեցիները մրգի տոպրակը տվեցին ձեռքս ու ասացին՝ տանեմ: Սոնայի տատիկն էլ ասաց, որ միշտ հիշեմ՝ Մալիշկայում հարազատ քույր ունեմ ու ընտանիք:
Չէ, ես էլի եմ գնալու: Գնալու եմ՝ կարոտս առնեմ:
Գնալու եմ, հաստատ:
Մի փոքր ծանոթությունը վերածվեց մի մեծ շատ ամուր ընկերության:
Ինչ տարօրինակ ես, կյա՛նք, ամեն ինչ ուրիշ ձևով ես մատուցում:

sona gevorgyan

Անկախությունն ու ռոքը

Երեկ անկախության տոնն էր։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս բազմաթիվ միջոցառումներ կազմակերպվեցին տոնի առիթով։ Դրանցից մեկն էլ որոշեցի ներկայացնել։ Միջոցառումը Արաբկիր համայնքում էր։ Այգին կարծես բաժանված լիներ երկու մասի. մի հատվածում փոփն էր, մյուսում՝ ռոքը։

Ընտրությունս կանգ առավ ռոքի վրա (քանի որ կա տարածված կարծիք, որ ռոքը անկախության դրսևորումներից մեկն է)։ Միջոցառման մասնակիցները 54 դպրոցի սաներն էին՝ Վանիկը, Դավիթը, Անին, Արայիկն ու Արուսը՝ Մարիետա Էջոյանի ղեկավարությամբ։ Մինչ կսկսվեր միջոցառումը, որոշեցի զբոսնել ու հասկանալ, թե ինչ են մտածում մեր համաքաղաքացիները ռոքի մասին։ Հարցս հետևյալն էր՝ արդյո՞ք ռոքը կարող է ագրեսիայի պատճառ դառնալ։ Գրեթե բոլորն ասում էին, որ ռոքը երաժշտական ժանր է ու կախված է մարդու աշխարհայացքից ու բնավորությունից, միայն մի տատիկ կար, որ կտրականապես դեմ էր hard rock կոչվածին։

Հանկարծ լսեցի «Get lucky» հանրահայտ երգի ռոք տարբերակի հնչյուններն ու հայտնվեցի այնտեղ, որտեղ իշխում էր ռոքը։ Իհարկե, դժվար էր կտրվելը երիտասարդների ստեղծած աշխարհից, բայց լրագրող լինելով՝ չէի կարող չնկատել, որ նստարաններն ազատ էին՝ չնայած այն փաստին, որ հարցմանս ժամանակ բոլորը գովաբանում էին ռոքը։ Չնկատեցի՝ ինչպես անցավ ժամանակն ու հանկարծ տեսա, որ կողքիս նստած է այն տատիկը, որը րոպեներ առաջ հանդես էր գալիս որպես ռոքի «հակառակորդ»։ Կասկած անգամ չէր կարող լինել, որ միջոցառման վերջում ազատ տեղ չպիտի մնար, բայց այ, տատիկի ներկայությունը զարմանալի էր։

Միջոցառումն ավարտվեց, բայց Ալեքսանդր Բաբասյանի հետ զրույցի շնորհիվ (ի դեպ՝ նա կազմակերպիչներից մեկն էր) իմացա, որ դեռ էլի խմբեր են ներկայանալու, ու ելույթները շարունակվելու են մինչև ժամը 5-ը։

Չէի կարող բաց թողնել անկախության սերնդի ներկայացուցիչների հետ հարցազրույցի հնարավորությունն ու որոշեցի Վանիկի և Դավիթի (մենակատարների) հետ խոսել ռոքից ու անկախությունից:

-Ինչո՞ւ ընտրեցիք հենց ռոքը։

Վանիկ (սիրիահայ).

-Սկզբնական շրջանում երաժշտություն չէի լսում, մի անգամ եղբորս հետ ֆիլմ էինք դիտում, ու ֆիլմի սաունդթրեքը գրավեց ինձ, հետո սկսեցին հետաքրքրել նույն խմբի այլ կատարումները։ Այնուհետև «System of a down» աշխարհահռչակ ռոք խումբը եկավ Հայաստան, ու արդեն ռոքը մտավ իմ կյանք։

-Ո՞րն էր «System»-ից լսածդ առաջին երգը։

Վանիկ.

-«Holy Mountains»-ը:

Դավիթ.

-Ի սկզբանե լսում էի փոփ, բայց եկավ պահ, երբ ռոքը գրավեց ինձ ու հասկացա, որ իրականում ինձ ռոքն է հոգեհարազատ։ Այդ շրջանում շատերը մտածում էին, որ ռոքը սատանիստական ոճ ունի, բայց, այնուամենայնիվ, ես նրանց հետ համակարծիք չէի։

-Սերժ Թանկյանը միշտ փորձում է առաջ քաշել ցեղասպանության հարցը, իսկ դուք ո՞ր հարցի մասին կբարձրաձայնեիք։

Դավիթ.

-Ես էլ կխոսեի ցեղասպանության մասին, քանի որ ըստ իս՝ դա հայերիս համար առաջին խնդիրն է։

Վանիկ.

-Ես կարծում եմ, որ նախ պետք է խոսել երկրում առկա ներկայիս խնդիրների մասին, հատկապես՝ երիտասարդության միօրինակության ու անառողջ մթնոլորտի:

-Ինչպե՞ս են վերաբերվում ձեզ, երբ տեսնում են փողոցում ձեր «ռոքային» կերպարները, եղե՞լ են արդյոք հետաքրքիր դեպքեր:

Վանիկ.

-Մի անգամ հարցրել են՝ էս ի՞նչ դաշնամուր ա մեջքիդ դրած, ես էլ պատասխանել եմ, որ դաշնամուր չի, դհոլ ա։

-Նկատեցի, որ ձեր կատարումների մեջ մեծ տեղ էին զբաղեցնում «Nemra» ռոք խմբի ստեղծագործությունները. ինչո՞ւ հենց «Nemra»:

Դավիթ.

-Միջոցառումից 2 օր առաջ էինք իմացել, որ պետք է բեմ դուրս գանք ու ամեն բան հանպատրաստից էր, այսինքն՝ հավաքել ու ներկայացրել էինք այն երգերը, որոնք սիրում ենք։

Վանիկ.

-«Nemra»-ի երգացանկի երգերն ինձ ամենահոգեհարազատն են:

-Նկատեցի, որ ունեք շատ հեղինակային կատարումներ, կա՞ ցանկություն տեսահոլովակի կերպով դրանք հանձնելու հանրության դատին։

Վանիկ.

-Ինչ խոսք, կա, բայց խմբում կան որոշ տարաձայնություններ, դրանք հարթելուց հետո կանցնենք մյուս ծրագրերի կյանքի կոչմանը։

-Ամփոփիչ հարցը. անկախության սերնդի ներկայացուցիչների պատկերացումները անկախության մասին։

-Մենք անկախ չենք, քանի դեռ կախված ենք դիմացինի տեսակետից ու ապրում ենք նրա կարծիքի համար։

Պապիկի թղթապանակը

Այն օրը պապիկիս հետ զրուցում էի Սեպտեմբերի 21-ի մասին: Նա բազմոցի դարակից ինձ տվեց մի թղթապանակ: Թղթապանակի մեջ կային հին թերթեր, տպագրական մեքենայով հավաքած կամ ձեռագիր երգերի տեքստեր և այլ թղթեր:

Ես ընտրեցի 1989-1992 թվականների թերթերը ու սկսեցի կարդալ:

1989թ. թերթում (անունը «Ավանգարդ» էր) այդ տարվա իրադարձություններն էին՝ ամիս առ ամիս: Կարդացի, թե ինչպես էին մարդիկ պայքարում անկախանալու համար:

Հունվար.
Թերթում գրված էր, որ պարետային ժամը շարունակվում է:

Փետրվար.
Փետրվարի 28-ին «լրացավ Սումգայիթյան ցեղասպանության մեկ տարին»: Պարետային ժամը շարունակվում է:

Մարտ.
Պարետային ժամը շարունակվում է:

Ապրիլ.
Ապրիլի 24-ին նշվեց Մեծ Եղեռնի 74-րդ տարեդարձը: Պարետային ժամը շարունակվում է:

Մայիս.
Պարետային ժամը ոչ կա, ոչ չկա: Մայիսի 3-ին Ղարաբաղում սկսվեց գործադուլ:

Հունիս.
ԼՂԻՄ-ում շարունակվում է գործադուլը: Պարետային ժամը ոչ կա, ոչ չկա:

Հուլիս.
ԼՂԻՄ-ը շարունակում է գործադուլը: Սկսվեց Ադրբեջանի կողմից Հայաստանի տնտեսական շրջափակման առաջին փուլը: Պարետային ժամը ոչ կա, ոչ չկա:

Օգոստոս.
Օգոստոսի 16-ին Ստեփանակերտում իր աշխատանքը սկսեց ԼՂԻՄ-ի բնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարը: Ընտրվեց Ազգային խորհուրդ: Պարետային ժամը ոչ կա, ոչ չկա:

Սեպտեմբեր.
Շրջափակում:

Հոկտեմբեր.
Շրջափակումը շարունակվում է: Պարետային ժամը ոչ կա, ոչ չկա:

Նոյեմբեր.
Տեղի ունեցավ Հայոց համազգային շարժման հիմնադիր համագումարը: Պարետային ժամը ոչ կա, ոչ չկա:

Դեկտեմբեր.
Լրացավ երկրաշարժի մեկ տարին: Խորհրդային պաշտոնական մամուլում՝ ի վերջո հրապարակվեց «Մարդու իրավունքների համընդանուր հռչակագիրը»: Պարետային ժամը ոչ կա, ոչ չկա:

Թղթապանակում մի քանի հին «Հայաստանի Հանրապետություն» թերթի համարներ կային: 1990թ.-ի թերթում կարդացի, որ օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության մասին հռչակագիրը: Օգոստոսի 24-ին ընդունվեց Հայաստանի պետական դրոշի, զինանշանի և օրհներգի մասին օրենքը: Թերթում նաև գրված էր հայոց օրհներգի մասին: Հեղինակը դեմ էր «Մեր հայրենիքի» ընդունմանը, բայց նա գրում էր, որ մեծամասնությունը ընդունեց «Մեր հայրենիքը»: Այդպես մեր հիմնը դարձավ «Մեր հայրենիքը»:

Հաջորդ թերթը տպագրվել էր 1991թ. սեպտեմբերի 23-ին՝ Անկախության հանրաքվեի օրվա՝ Սեպտեմբերի 21-ից հետո առաջին համարն էր: Թերթում գրված էր, որ ժողովրդավարական Հայաստանի օգտին, նախնական տվյալներով, քվեարկել է մասնակիցների 99,31 կամ հանրապետության ընտրական իրավունք ունեցող բնակչության 94,39 տոկոսը: Հայաստանը անկախացավ: Հռչակվեց Հայաստանի 3-րդ հանրապետությունը:

1992թ.-ի թերթը արդեն գունավոր էր: Այն Հայաստանի անկախության 1-ամյակի առթիվ էր: Այնտեղ գրված էր այն մասին, որ մենք դեռ նոր ենք սկսում առաջին քայլերը կատարել, որպես անկախ պետություն:

Թղթապանակում նաև գտա տպագրական մեքենայով հավաքած կամ ձեռագիր երգերի տեքստեր, օրինակ «Արդյոք ովքեր են» երգը: Պապիկը պատմեց, որ անկախության համար շարժման տարիներին մարդիկ ազգագրական երգեր էին գրում և ձեռքից ձեռք փոխանցում: Սովետական տարիներին այդ երգերը մոռացվել էին: Մարդիկ Ազատության հրապարակում հանրահավաքների ժամանակ երգում էին այդ երգերը:

Ես հավանեցի «Զինվորի երգը»՝

Թռիր իմ նժույգ, սլացիր շուտով,
Տար ինձ ցանկալի կռվի փոթորիկ,
Կռվի մեջ միայն ես արյան գնով,
Կը կփրկեմ իմ խեղճ փտրուկ հայրենիք…

Հայրիկս էլ ասաց, որ գրամեքենայով հավաքած կամ ձեռագիր տեքստերը ժամանակին խաղացել են նույն դերը, ինչ հիմա խաղում են սոցիալական ցանցերը: Դա է եղել տեղեկությունները տարածելու ոչ պաշտոնական ձևը:

Պապիկս ասաց, որ թերթերն ու երգերը թղթապանակում պահել է որպես հիշողություն: Ու ես շատ ուրախ եմ դրա համար:

Հատկապես ինձ դուր եկավ «Ավանգարդ»-ի վերջին բանաստեղծությունը Նոր տարվա մասին.

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երկու բան պետք է.
Նախ ծառ մը-հետո զարդեր ծառին վրա:

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Երեք բան պետք է-ծառեն զարդեն զատ
Հավատքը գալիք աղվոր օրերում:

Կաղանդի ծառ մը շտկելու համար
Մեկ բան կբավե- ոչ ծառ, ոչ այլ զարդ-
Ատիկա խիճերն ադամանդ կարծող
Միամիտ հոգվույս բարի խաբկանք է:

Կաղանդ ծառ մը շտկելու համար
Արդեն պատրանքը լրիվ կբավե

nelli chibuxchyan yerevan

Երիտասարդները

Արագ-արագ քայլում էի, որ դասից չուշանամ: Կանգնեցի. լուսակրի կանաչ լույսին էի սպասում: Կողքիս կանգնած երկու մեծահասակ կին զրուցում էին: Անկախ ինձնից՝ ականջ դրեցի նրանց խոսակցությանը: Չնայած՝ այնքան բարձր էին խոսում, երևի լսում էին բոլորը:

-Այս դարի երիտասարդության վիճակն ահավոր է: Ամբողջ օրն անցկացնում են միայն համակարգիչների և հեռախոսների մեջ:

-Համաձայն եմ: Շատերն ապրում են վիրտուալ աշխարհում: Խաղում են անիմաստ համակարգչային խաղեր:

-Իսկ հիշիր մեզ այդ տարիքում: Մենք աշխատում էինք, սովորում, որպեսզի ծաղկեցնենք մեր երկիրը: Եվ հավատա՝ վիճակն ավելի է վատանալու:

-Միանշանակ:

Անկեղծ ասած՝ այդ պահին կարևորություն չտվեցի երկխոսությանը: Երեկոյան համակարգչով ֆիլմ էի դիտում: Հիշեցի առավոտյան տեղի ունեցած պատահարը: Արդյոք վա՞տ է տեղեկացված լինելը: Եվ արդյո՞ք այժմյան երիտասարդությունը ոչինչ չի անում երկիրը շենացնելու համար: Երիտասարդները նույնպես ուզում են ապրել ավելի լավ և բարեկեցիկ երկրում: Եվ հավատացած եղեք, որ մենք, թեկուզ փոքր, բայց քայլեր ենք կատարում երկրի բարելավման համար: Գուցե այն աղջիկը, որը կլանված նայում է համակարգչի էկրանին, նյութ է պատրաստում Հայաստանի մասին միջազգային հարթակում ներկայացնելու համար: Կամ մյուսը, որն օրվա մեծ մասն անցկացնում է համակարգչի առաջ, պատրաստվում է դառնալ ծրագրավորող և ավելի հայտնի դարձնել մեր երկիրը:

Մենք կարող ենք բարելավել մեր երկրի վիճակը: Պարզապես պետք է աջակցեք և հավատաք մեզ՝ նոր սերնդին:

«Խվալա»

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Այս տարի ամռանը ընտանիքով գնացինք Մոնտենեգրո: Մոնտենեգրո կամ Չեռնոգորիա: Մոնտենեգրո թարգմանաբար նշանակում է` սև լեռներ: Առաջին բանը, որ ես նկատեցի այնտեղ, հենց լեռներն էին:

Գիտե՞ք, ես չունեմ տեսողական հիշողություն: Նոր քաղաքներում չեմ կարողանում կողմնորոշվել, բայց Բուդվայում (որտեղ մենք ապրում էինք) ճանապարհները այնքան քիչ էին ու հեշտ, որ նույնիսկ ես հիշեցի դրանք:

Բուդվայում մի կղզի կար: Երբ տեսա այդ կղզին, ուզեցի լինել այնտեղ: Եվ մենք գնացինք կղզի՝ Սուրբ Նիկոլա: Այդ կղզին դարձավ իմ սիրած տեղերից մեկը: Կղզում մարդիկ քիչ էին, ջուրը ավելի մաքուր էր, և այդ ժամանակ մայրամուտի ժամն էր: Բայց մայրամուտը Ադրիատիկ ծովի այդ ափից չէր երևում:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Սուրբ Նիկոլայում բացահայտեցի իմ վախերից մեկը՝ մեծ քարերից ֆոբիան: Երբ ես մի քիչ խորն էի գնում, քարերը ահռելի չափսերի էին հասնում, ու ես վախենում էի: Սկսում էի տարօրինակ ձայներ արձակել:

Չգիտեմ, թե այդ վախը ինչպես է առաջացել և ինչպես է կոչվում, բայց մի օր հայրիկս շատ մեծ սունկ էր գնել: Ես տեսա այդ սնկի մեծ չափերը և, չեք հավատա, վախեցա:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Մոնտենեգրոյի քաղաքներից ամենաշատը հավանեցի Կոտորը: Կոտորը կատուների քաղաքն է: Այնտեղ այնքան շատ կատուներ կային: Կոտորը եղել է արհեստավորների քաղաք: Իսկ կատուները նավերի հետ Կոտոր են եկել, և մնացել այդ քաղաքում: Քաղաքը շատ հին էր՝ գեղեցիկ պատուհաններով: Փողոցները այնքան նեղ էին, որ երկու-երեք հոգի հազիվ կարող էին կողք կողքի քայլել:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Կոտորում ցերեկվա շոգին տանջվելով բարձրացանք քաղաքի պարիսպներով: Բարձրացանք 520 փլված աստիճան, որպեսզի տեսնենք փոքրիկ եկեղեցին: Կարող էինք շարունակել աստիճաններով բարձրանալը, բայց արդեն հոգնել էինք: Վերևից մենք տեսանք Կոտորի տների կարմիր տանիքները: Հետ գնալուց մենք ուժասպառ քայլում էինք քաղաքի լաբիրինթոսի պես ճանապարհներով և նայում տների ստվերներում անհոգ պառկած կատուներին:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Մենք եղանք նաև հին Բուդվայում, որը ինչպես անունից հասկացաք, հին ամրոց-քաղաք էր: Այն տեսքով նման էր Կոտորին: Բուդվան ժամանակին գրավել են ծովահենները: Երբ իմացա այդ մասին, հասկացա, թե ինչու էին այնտեղ ծովահեններով վերնաշապիկները վաճառվում 8 եվրոյով:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Իսկ մյուս քաղաքը, որտեղ եղանք՝ Հերցեգ Նովին էր: Հերցեգ Նովի գնացինք երեկոյան: Այդ պատճառով էլ քիչ ժամանակ ունեինք այնտեղ մնալու և չէինք կարող լողալ ծովափում: Բայց երբ տեսա այդ քաղաքի ափը, ափսոսեցի, որ չեմ լողալու: Հերցեգ Նովիում մենք եղանք երկու ամրոցում: Առաջինը իտալական էր, իսկ երկրորդը՝ թուրքական: Երբ մտանք իտալական ամրոց, տեսանք, որ այնտեղ կար բեմ: Այնտեղ բացօթյա բեմադրություններ էին ներկայացնում: Ընդհանրապես, բոլոր այն ամրոցներում, որտեղ ես եղա, ներկայացումների համար բեմահարթակներ կային: Թուրքական ամրոցից տեսքը շատ գեղեցիկ էր: Ծովի խորքում փոքր ժայռ կար: Մայրամուտ էր և ծովափը երևում էր սև ու դեղին գույներով: Մենք ընդամենը մի ժամ մնացինք այդ քաղաքում:

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Վարդանյանի

Հիմա կպատմեմ մեր տրանսպորտի մասին: Մենք նստում էինք ավտոբուս: Ավտոբուսը գնում էր մինչև նավահանգիստ: Հետո մի քանի ավտոբուսներ և ավտոմեքենաներ նստում էին մի մեծ լաստի վրա: Այդ մեծ լաստը ավտոմեքենաներին տեղափոխում էր ծովի մյուս ափ, և ավտոբուսը շարունակում էր ճանապարհը:

Մոնտենեգրոյում շատ էր օգտագործվում «խվալա» բառը: Երբ մենք գնումներ էինք կատարում, ասում էին՝ «խվալա»: Այդպես ես սովորեցի «խվալա» բառը, որը նշանակում է շնորհակալություն:

mariam papoyan portert

975 անգամ «գլխապտտված»

Հիշել եմ քեզ։ Որ շատ ուզես, չեմ ասի՝ կարոտել էլ եմ։ Ինչ ուզում ես մտածիր։ Դու, քո ցանկությունները։ Ես ո՞վ ձեր մեջ։ Քեզ չէ։ Եսիմ, քեզ էլ չէ։ Ձեզ չէ, մի խոսքով։ Ի՞նչ կարոտել։ Վերջին անգամ ե՞րբ էր, որ խոսում էինք։ Վաղուց էր։ Ժուկով ժամանակով չի, որ նյութ եմ գրել, բայց է՜…

Մի խոսքով, «Լինում է չի լինում»՝ էնքան «շվարած եմ» լինում, որ ուզում եմ հետդ խոսել։ Դե, իսկ ես հետդ խոսել ամեն դեպքում սիրում եմ։ Դե սիրելը ո՞րն ա։ Անշոշափելի ես։ Կամ էլ՝ չէ։ Ինձ համար։ Հարաբերական ա։ Բան էի ասել, հիշո՞ւմ ես։ Լուրջ, հիշո՞ւմ ես։ Բան ու գործ չունե՞ս դու։ Ես չէի հիշի։ Ենթադրում էի՝ դու էլ։ Որ ասեիր՝ հիշում եմ, կզարմանայի։ Զարմացա։ Կուզեի, բայց զարմացնեիր։ Քիչ ես զարմացնում։ Քեզ ի՞նչ ա հետաքրքրում։ Ի՞նչ պատմեմ։ Ինչի՞ չէինք խոսում։ Մեծ մասամբ էս հարցը քեզ ներսիցդ չի կեղեքում ու ութ հարյուր քսանյոթերորդական տեղում ա (թվով չգրեցի, որ աչքիդ ավելի մեծ երևա)։ Դե, ես ի՞նչ իմանամ՝ քեզ ինչ ա տանջում։ Եսիմ, ինչերի՞ց ես մասնատվում, դու կիմանաս։ Ինձ էդ չի տանջելու։ Դու կուզեի՞ր, չէ՞, իմանայիր՝ ես քեզ ոնց եմ վերաբերվում։ Չէիր ուզի՞։ Ես քեզ ընդհանրապես չեմ վերաբերվում։ Դու չէ, դու կարևոր ես։ Դու չնեղանաս, բայց եսիմ, է՜, ճակատագրական չես առանձնապես։

Ճակատագի՞ր։ Ինչ «մուդ» ա մոտս։ Իսկ ԴՈՒ։ Այ, ԴՈՒ, բոլորից «պետքականն» ես։ Նեղանալու բառ ասացի՞։ Դու քեզ, հաստատ անպիտան չէիր կնքել, գիտեմ։ «Պետքականը» մի քիչ ուրիշ իմաստով։ Որ խորը մտածես՝ աջ ու ձախ շաղ տվածդ հաճոյախոսություններից էլ լավ ա։ Ինչևէ, դու չհասկացար, ես՝ որ պետքականի հետ եմ։ Ինչ որ է, բայց եթե բախտդ բերի ու կյանքում թեկուզ մի անգամ քեզ ասեմ էդ սիրուն արմատով, առանց ժխտական նախածանցի բառը, ուրեմն դու «սպեցիֆիկ» ես, ես էլ՝անհույս, երևի։ Սա՝ Դու-ին, ձեզ չէ։ Բայց երևի դու չես կարդում։ Թե չէ՝ կարդաս իմանալո՞ւ ես՝ էսքան դու-երի մեջ ո՞ր «դու»-ն ես դու։ Դժվար ա, չէ՞։ Բարդ չի՞։ Չէ, հա։ Քո համար երևի։ Ինձ համար՝ չէ։ Տենց էլ լեզու չգտանք, հա՜, ես ու ԴՈՒ։ Չէ դու գտար։ Ես՝ չէ։ Մեծ բան չի։ Կդիմանաս մի կերպ։ Պատկերացնո՞ւմ ես, հավերժական պտույտի մեջ լինեինք։ Նիցշեն, Կունդերայի ասած, փիլիսոփաների հետ մեզ էլ նեղը գցած կլիներ։ Ինձ գցել ա ոնց որ։ Պատկերացրու կրկնվելով ապրեինք։ Միջին հաշվարկով շատ-շատ 975 անգամ (թվերով, որ չասես՝ ահագին շատ) հանդիպեինք երեք կյանքի ընթացքում։ Մտածում եմ՝ ես քեզ հետ էլ հաստատ թեմա չէի ունենա։ Հա, լավ, չորրորդ կյանքում կարող ա հետդ լեզու գտնեի։ Ինչ որ է։ Հինգերորդ կյանքում երևակայությունդ կսպառվեր, մեկ է, էլ թեմա չէիր բացի։ Հա՜, ես բացեի՞։ Չէ, էլի։ Հա, ի՞նչ, մեկ-մեկ լուռ հավես ա։ 975-ի մեջ 300-ը մի բան ասելու լինես գոնե, գոհ կլինեմ, ընտիր ա։ Դու իմացիր՝ քեզ կլսեմ։ Մինչև վեցերորդ կյանք կձգեմ, վերջերը մի քիչ լարված կլսեմ, երևի։ Չգիտեմ։ Դրանից հետո՝ եսիմ։ Ժամանակը, որ կրկնվեց, կարո՞ղ ա դու էլ սկսես կրկնվել։ Չէ, էլի։ Եթե հիմա կարդում ես ու, մեկ ա, չգիտես, որ դու ես։ Զգուշացնում եմ՝ չկրկնվես էլի։ Եթե դու էլ չես, դու էլ նկատի ունեցիր։ Հաստատ, մեկն էլ քեզ ա ուզում մի երեք-չորս կյանք լսի, բայց 975 անգամ «ամբախ-զամբախ» խոսելուդ սիրտը չի դիմանա։ Կրկնության «էֆեկտն» էլ կկորցնես։ Իր անունից էլ թող լինի, ուրեմն։ Չես «ֆայմում» չէ՞ ասես՝ կրկնվելուց  ամբողջովին են կրկնվում, ի՞նչ ես գլուխս տանում։ Գլխի՞  ես ընկել արդեն։ ԴՈՒ ես հաստատ։

Այ հիմա՝ բարև, հիշել եմ ՔԵԶ ու չեմ կարոտել։

amalya harutyunyan

Վառ պահիր լույսը

Անձրևը երևույթ է: Անձրևը բնության երևույթ է, որը ամպերից թափվում է երկրի մակերեսին հեղուկ կաթիլների տեսքով:

Իսկ քանի՞ անգամ ենք մենք թրջվում անձրևից ու քանի հազարավոր անգամներ փախչում ենք նրանից: Չենք սիրում անձրևը ու մի լավ կռիվ տալիս եղանակի հետ, եթե ջրափոսեր ու ամպամած երկինք կան:
Իսկ ինչո՞ւ մենք երբևէ չենք խուսափում մեր միջի անձրևից: Էն անձրևից, որ նույն ձևով է գալիս, նույն հեղուկ կաթիլի տեսքով ու նույն ձևով ջրափոսեր առաջացնում մեր մեջ:
Անձրևը թափվում է հիմնականում շերտաանձրևային և կույտաանձրևային ամպերից։
Իսկ մեր շերտաանձրևային ամպերը քանի՞ շերտ են պարունակում, քանի տխրության, թախիծի կամ հակառակը՝ քանի ուրախության առիթ:
Իսկ մեր կույտանձրևային ամպերը քանի պատճառահետևանքային կապ ունեն ու քանի շարժառիթ, քանի չասված բառեր ու խեղդված արտահայտություններ, քանի չարած գործեր ու չլրացրած էջեր:
Ես գիտեմ՝ նա իր անձրևանոցը երբեք չի հանում պայուսակից, բայց նաև երբեք չի օգտագործում այն: Հա, մինչև մաշկի վերջին բջիջը թաց է դառնում: Ու թրջվում է նաև միջի անձրևից, հեղեղվում է կաթիլներից: Բայց նա երբեք, ոչ մի դեպքում չի բացում իր անձրևանոցը:
Եթե որևէ նյութ շիկացնենք 700°C ջերմաստիճանից ավելի, այն կսկսի լուսարձակել: Արեգակը, մոմերը և էլեկտրալամպերը լուսարձակում են, որովհետև շատ տաք են:
Իսկ մե՞նք: Ո՞ր ջերմաստիճանում ենք մենք սկսում լուսարձակել: Միգուցե, երբ բարության ջերմաստիճանն է շատ, դե, կամ էլ անկեղծության: Կամ երբ մի լավ բան ենք անում, կամ մի լավ բան ենք մտածում, տեսնես՝ մեր լուսարձակման ջերմաստիճա՞նն էլ պիտի 700°C լինի, թե՞ մենք 500°C ջերմաստիճանով կբավարարվենք: Մենք սկսում ենք շիկանալ կարոտից, սիրուց, երջանկությունից: Մենք տաքանում ենք, անխնա լցնում մեզ տաք հոսանքով ու ճիշտ պահին լուսարձակում ենք ու լուսարձակելով՝ լուսավորում ենք ոչ միայն մեր ներսը, այլև շրջապատող մարդկանց: Դե, ինչպես արևը լուսավորում է շրջապատը, բայց բավական է՝ մի պատուհան տեսնի ու անմիջապես ներս է թափանցում:
Էլեկտրալամպերի մեծ մասի մեջ կա վոլֆրամե թելիկ: Երբ դրա միջով հոսանք է անցնում, այն շիկանում է՝ սպիտակելու աստիճան:
Իսկ մեր թելիկը ո՞րն է: Ինչի՞ շնորհիվ ենք մենք լուսարձակում: Ո՞րն է էն մոտիվացիան, որ մեզ տանում է մինչև սպիտակելը: Միգուցե նպատակնե՞րը, իսկ եթե երազանքնե՞րը, իսկ եթե հնարավորությո՞ւնը, կարող է և կամքի ուժը կամ երևակայությունը: Չգիտեմ, թե այս դեպքում որ նյութից պատրաստված թելիկն է մեզ տանում առաջ, բայց որ այն պետք է ուժեղ լինի, դա հաստատ:
Ես համոզված եմ, որ նա անջատում է լույսը՝ ամեն անգամ սենյակից դուրս գալիս, անջատում է մինչև վերադառնալը:
Իսկ մենք ինչո՞ւ ենք անջատում մեր ներսի լույսն ու այլևս հետ չենք գալիս: Հա, հետ չենք գալիս: Նա կգա, արդեն լույսը չի վառի, մութ սենյակում կխարխափի ու կգնա:
Մենք էլ կգանք: Հա, կգանք: Կնայենք մեր ներսի մութ սենյակին ու խարխափելուց հետո՝ մեկ է՝ չենք միացնի լույսը:
Մենք ընտրում ենք բարդը: Մենք տարօրինակ ենք:

mariam grigoryan

Սովորել, աշխատել, ժպտալ

Երևանի փողոցներով քայլելիս շատ եք տեսնում մռայլ ու «մուննաթ» եկող հայացքներ, չէ՞: Ես էլ: Ուսուցիչներիցս մեկը պատմում էր Հունաստան կատարած իր այցից: Ասաց, որ սկզբում շատ անսովոր էր, ու ամեն ինչ տարբերվում էր Հայաստանից: Բոլորը ժպտում են ու թեկուզ առանց պատճառի զրուցում անծանոթների հետ: Լսել եմ, շատերն ասում են, որ ուղղակի հայերը շատ խնդիրներ ու հոգսեր ունեն, դրանից է: Չեմ կարծում, որ խնդիրներ միայն հայերը ունեն: Ուղղակի մենք սիրում ենք ամեն ինչ բարդացնել: Համ էլ, հայերին շատ է հետաքրքրում մյուսների կարծիքը: «Որ ժպտամ, չե՞ն ասի՝ էս գիժը ով ա, անտեղի բերանը բացել ա»: Կամ էլ իրար խորհուրդներ են տալիս.

-Փողոցում մի ծիծաղեք, կողքից սիրուն չի նայվում:

Էդ ինչպե՞ս: Բայց այնպիսի տպավորություն է, որ մարդկանց ուղղակի առիթ է պետք քննադատելու համար: Լուրջ դեմքի արտահայտությամբ մեկին տեսնելիս էլ ասում են՝ «Մի հատ էլ խփի»: Չէ, իրար խփել պետք չէ, իրար վիրավորել, քննադատել ու բամբասել նույնպես: Երևի թե սա է ամենամեծ խնդիրը, ուղղակի պետք է դադարել քննադատել իրար և մտածել ուրիշի կարծիքի մասին: Թեթև ապրելը ավելի հեշտ է: Ի վերջո ապրում ենք մի անգամ, ապրում ենք ինքներս մեզ համար:

Եթե ինձ հարցնեն, թե որն է կյանքիս կարգախոսը կամ ինչով եմ առաջնորդվում, ես կպատասխանեմ. «Կապ չունի՝ ինչ եմ անում, մարդիկ միշտ խոսելու պատճառ կգտնեն: Ապա ինչու չանեմ այն, ինչ ինձ դուր է գալիս»:

Իսկ ամենաչսիրած արտահայտությունս է. «Իսկ մարդիկ ի՞նչ կմտածեն»: Եթե շփվում ես ինձ հետ ու հիմա կարդում ես սա, երբեք ինձ չասես դա: Ինձ չի հետաքրքրում: Մասնագիտությանս ընտրությունն էլ է հակասական արձագանքներ առաջացնում: Շուտով կավարտեմ դպրոցը, ու ամենաշատ հնչող հարցը հենց մասնագիտությանս ընտրությանն է վերաբերում: Պատասխանը ստանալուց հնչում է հաջորդ հարցը` «Իսկ չե՞ս վախենում»: Կամ էլ` «Իսկ ինչո՞ւ հենց լրագրող»: Պատասխանեմ բոլոր հարցերին` չէ, չեմ վախենում, վերջ ի վերջո պետք է լինեն մարդիկ, ովքեր կխոսեն իրոք կարևոր հարցերից, ոչ թե «աստղերի» ամառային հանգստից, և լրագրող, որովհետև սա այն եզակի մասնագիտություններից է, որտեղ կկարողանամ օգտագործել գիտելիքներս, շփվել ու ծանոթանալ տարբեր մարդկանց հետ և ուղղակի հաճույք ստանալ կատարածս աշխատանքից:

Բայց մի րոպե, ոնց որ թե շեղվեցի թեմայից: Ուզում էի ասել, որ ամբողջ օրը տխրելով խնդիրները չեն լուծվի: Մեկ էլ, եթե ինչ-որ մեկը հաջողության է հասնում, դա ամենևին չի նշանակում, որ բախտավոր է, ուղղակի նա աշխատել է և բազում դժվարությունների միջով անցել նախքան դա: Չի ասել. «Էս երկրում գործ չկա», այլ աշխատել է ու չի ամաչել իր աշխատանքից: Բոլորն էլ ինչ-որ բանից են սկսել, համոզված եմ, համաշխարհային ճանաչում վայելող մարդկանց կենսագրություններում էլ եք հանդիպել այդպիսի պատմությունների: Հայտնի պապիկը ասել է. «Սովորել, սովորել, սովորել», իսկ ես կավելացնեմ. «Սովորել, աշխատել, ժպտալ», ու ձեր կյանքում ամեն ինչ լավ կլինի: