milena barseghyan

Կարո՛տ, էլ չգրկես ինձ

Ուզում եմ մեր թաղի մասին պատմել։ Մեր թաղը Նար-Դոսի հետ կապ չունի։ Կամ էլ՝ եսիմ, հնարավոր է մի օր պատմվածաշար գրեմ ու նմանվի։ Լավ, դա դեռ թող մնա յոթ սարի հետևում, հիմա դարդս ուրիշ է։

Հուլիսին, երբ երկու անգամ մեկ շաբաթով լքեցի մեր թաղն ու համայնքը, կարոտը պինդ փաթաթվեց ու հիմա նոր-նոր, օգոստոսով մեկ ընկած, ջանում եմ ազատվել նրա գրկից։

Շատ ուրիշ է իմ համայնքը։ Նորք-Մարաշն է, հարուստների թաղամաս են ասում, դրա համար ես էլ մտածում եմ՝ ինչ լավ է, հարուստ ենք։ Փողի մասին չեմ գրում, չխառնեք։ Չկա մի համայնք, որտեղ ամեն ինչ լինի: Ուրեմն սկսեմ թվարկել. հեռուստաընկերություն ունենք ու ամենասլացիկ հեռուստաաշտարակը. էնքան լուսավոր ու սիրուն է, փոքր ժամանակ գիտեի՝ մեծ ներարկիչ է։ Նման է։ Ասում են՝ Երևանի հեռուստաաշտարակ, բայց ես մարաշեցիներիս սեփականությունն եմ համարում, դե, ամեն օր մենք ենք իրեն բարևում, ինքն էլ՝ մեզ։ Գիտե՞ք՝ Փարիզի Էյֆելյանը ընդամենը մի քանի սանտիմետր է բարձր։ Լիահույս եմ, որ բոլորդ կգաք ու աշտարակիս տակ կնկարվեք, կգնահատեք ու կհպարտանաք, որ մեր երկրում էլ ունենք։

Հիվանդանոցների լայն ընտրանի ունենք. ինչդ ուզում է՝ ցավի, միևնույնն է՝ դեմն առնող տարատեսակ հիվանդանոցներ կան։ Եկեղեցի ունենք՝ ներդաշակ այգով ու հյուրընկալ Ս. Մարիամ Աստվածածինը։ Մանկատուն ու ծերանոց ունենք։ Երկուսից էլ երբեք տխուր դուրս չեմ եկել։ Երբ այցելում եմ մանկատուն, սկսվում է «Միլենան հրաշքների աշխարհում»-ը: Աննման են մանուկները՝ ժպիտը դեմքներին բակում խաղում ու խաղացնում են իրենց մոտ եկած յուրաքանչյուրին։ Ծերանոցի մասին էլ ասեմ, որ մանուկներից քիչ են տարբերվում, իրենք էլ սպասում են, որ իրենց կոնֆետ տաս, ու երբ տալիս ես, տատիկներն արագ դնում են շալի տակ ու սպասում՝ «ինձ չեք տվել» դեմքով։ Էլի ենք տալիս: Շատ եմ սիրում Նորքի ծերուկներիս։

Մշակութային ու սպորտային խմբակները մի էդպիսի ամիս չկա, որ հյուրընկալ եկեղեցու բակում միջոցառում չկազմակերպեն։ Երաժշտական դպրոցի անդավաճան սաները շատ են սիրում, երբ իրենց ամեն նոտայից կամ պարային շարժումից հետո բոլորով հավասար ծափահարում ենք ու գոչում՝ ապրե՜ք դուք։

Օգոստոսով մեկ պետք է կարոտս առնեմ, սեպտեմբերից դժվար թե հասցնեմ երեխեքի հետ «ման գալու» գնալ ու թաղամասս վայելել։ Իմ թաղի հանդեպ կարո՛տ, էլ ինձ չգրկես։

ellaMnacakanyan

Օրիորդ երջանկություն կամ` Կապույտը

Ասում են՝ հեղինակի համար գիրքը նման է սեփական երեխային: Շատ տարածված ու հայտնի համեմատություն է, երևի լսած կլինեք: Դե՜, տարածված մտքերն էլ միշտ մի տեսակ ձևական են հնչում, բայց այս մեկը վստահաբար բացառություն է: Վստահաբար, որովհետև սեփական փորձով եմ համոզվել դրանում: Իսկապես, երբ ամիսներ շարունակ աշխատում ես մի ստեղծագործության վրա, ակամա անգիր սովորում յուրաքանչյուր բառն ու արտահայտությունը, ինքդ քո մեջ վերծանում ու վերլուծում ես գրածիդ միտքն ու ասելիքը, կապվում կերտածդ հերոսների հետ ու սկսում ինչ-որ պահի ապրել նրանց ճակատագրերով, զգում ես, որ դեռ լույս չընծայված գիրքդ դարձել է այնքան հարազատ, ինչքան դեռ չծնված փոքրիկն իր մոր համար: Միակ տարբերությունն այն է, որ գիրքը սնվում ու ձևավորվում, փոփոխությունների է ենթարկվում նախ գլխումդ, ապա համակարգչիդ ֆայլերում՝ որովայնի փոխարեն: Ու հա՜, միշտ չէ, որ հենց 9 ամսից է լույս աշխարհ գալիս:

Եվ ուրեմն կարելի է ասել, որ ես արդեն կրկնակի մայր եմ, որովհետև պաշտոնապես ծնվել է իմ երկրորդ «մանկիկը»՝ «Օրիորդ երջանկություն կամ Կապույտը» անունը կրող գիրքը: Փաստորեն, «Նամակ»-ն արդեն կրտսեր քույր ունի (իմ 2 գրքերն էլ, չգիտեմ ինչու, մի տեսակ իգական սեռի են իմ աչքերում): Եվ այս պահից ի վեր, «Օրիորդ երջանկություն կամ Կապույտը» գիրքն այլևս ոչ միայն իմն է, այլև հանրությանը: Ես հույս ունեմ, որ ընթերցողը կծանոթանա նրա հետ, կկարդա ու կբացահայտի նրա էությունը, գուցե նաև լիովին կընկալի ու կսիրի նրան, բայց ավելի շատ կցանկանամ, որ իր ճիշտ քննադատությամբ, դիպուկ նկատառումներով օգնի դառնալ ավելի լավը եթե ոչ իմ «մանկիկին», ապա գոնե նրա՝ դեռ չծնված «քույր-եղբայր»-ներին, քանզի միայն ու միայն թերությունները շտկելով է հնարավոր կատարելագործվել:

Ձեզ էլ թվա՞ց, որ այս նյութս մի տեսակ տարբեր էր նախորդ նյութերիցս: Ինձ այդպես թվաց: Ուրեմն, թո՛ղ այս անգամվա վերջաբանս էլ տարբեր լինի մնացածից: Որպես վերջաբան՝ պարզապես մի մեծ շնորհակալություն այն մարդկանց, որոնք հավատացին իմ ուժերին ու սատարեցին անիրական թվացող նպատակս իրագործելու ճանապարհին:

Հ.Գ. Քանի որ «Օրիորդ երջանկություն կամ Կապույտը» գիրքն այսուհետ ավելի շատ ձերն է, քան իմը, այն կարող եք գտնել Երևանի «Բուկինիստ» գրախանութում:

Լուսանկարը՝ Ամալյա Հարությունյանի

Երևանից 60 կիլոմետր այն կողմ

Երբ հոգնում ես երևանյան միապաղաղ առօրյայից ու առաջին միտքդ փախչելն է լինում, դու գտնում ես մի հարմար տեղ, որտեղ մտքերդ կհանգստանան: Ես գտել եմ այդ վայրը: Դեռ մանկուց ամեն տարի ամռանը գալիս եմ Ապարան: Էստեղ շատ բարեկամներ ունենք, ու առօրյաս միշտ էլ հագեցած է անցնում: Բայց այս անգամ ամեն ինչ ուրիշ էր: Ձեռքումս ֆոտոխցիկ կար, ու ամենահասարակ լվացքը ամենագեղեցիկն էր թվում: Արդեն պատմել եմ այն տան մասին, որտեղ անցել է մանկությունս: Լուսանկարելով ամեն մի անկյունը՝ ես վերհիշում էի անցած օրերը:

Մի շաբաթը բավական է դառնում, որ ես սիրեմ ու սկսեմ կարոտել ամենահին լուսամուտը, ամենաշատ ծակծկող խոտերը, ամենաքարքարոտ ճանապարհները, ամենահետաքրքիր երկինքը, ամենավառ լվացքները, ամենապայծառ երեխաներին ու ամենալուսավոր մարդկանց:

milena baghdasaryan

Այս տետրն էլ վերջացավ…

Գրչիս թանաքն ավարտվում է, փոխում եմ գրիչս, տետրիս 48 թերթերը  լցվում են, 96 թերթանոցն եմ վերցնում: Տանը բոլորը ննջում են, հաճելի լռություն է, միայն գրչիս՝  թղթին  թեթև հպվելու հազիվ նշմարվող ու  խորհրդավոր ձայնն է լսվում:

Մութ փողոցում մի լուսավոր պատուհան կա. իմն է: Իսկ պատուհանից ներս պատեր չեն, այլ մի ուրիշ մոլորակ՝ հեռու առօրյա հոգսերից ու դուրս` ժամանակ և տարածություն հասկացություններից: Իմ մոլորակում չարը տեղ չունի, աշխատում եմ միայն բարու, բարության և բարի արմատով կամ այն իրենց մեջ կրող այլ բառերի հետ աշխատել,  հերոսներս էլ՝ անշոշափելի, բայց երևակայությանս մեջ ապրող արևագույն էակներ են: Արևագու՞յն. այո՛, չէ՞ որ  ամեն երեկո, երբ ամոթխած  արևը տխրությամբ  կարմրում ու հետաձգում է հրաժեշտի պահը, որ մի քիչ էլ մնա մեզ հետ, ես աչքերով փորձում եմ կլանել լույսն ու ջերմությունը և ժամեր անց դրանք արտացոլել իմ տողերում, հերոսներիս էլ այդպես պայծառ ու ջերմ ստեղծել:

Առաջին փոքրիկ բանաստեղծությունս գրել եմ 39 տառերը յուրացնելուց հետո. մայրիկիս էր նվիրված: Անկեղծ էի գրել, մանկական միամիտ մտքերով ու  բառերով: Դրան հաջորդող այլ փորձերից հետո, չեմ հիշում՝ ինչու՞, չշարունակեցի գրել: Մի օր էլ՝  մյուս օրերի նման սովորական մի օր, դասից տուն վերադառնալու ճանապարհին գլխումս սկսեցին պտտվել նոր բանաստեղծությանս առաջին երկու տողերը: Արագ գնացի տուն ու գրի առա դրանք. մի քանի գեղեցիկ տողեր էլ ավելացրի ու կրկին գրեցի բանաստեղծություն՝ առաջին բանաստեղծությունիցս տարիներ անց: Երբեք չսիրահարված մարդու ձեռքով գրված բանաստեղծություն սիրո մասին, որ շատ բան փոխեց իմ կյանքում ու նորանոր արձակ և չափածո  ստեղծագործություններիս նախաբանը եղավ:

Երկարատև ու ցրտաշունչ ձմեռվանից հետո մի փոքրիկ ձնծաղիկով նոր գարուն մուտք գործեց իմ կյանք:  Գուցե ճիշտ են ասում, որ երկար ժամանակ չգրելուց հետո ավելի մեծ սիրով ես գրիչը ձեռքդ վերցնում ու խոսում թղթի հետ, կարծես գրկում ես  երկար տարիներ չտեսած մերձավորիդ, որին շատ էիր կարոտել ու ամբողջ կարոտդ փորձում ես արտահայտել ամուր գրկախառնության միջոցով:  16 տարեկանում մեծ հանդգնություն կլինի իմ կողմից ինձ գրող անվանելը, չգիտեմ էլ՝ կհամարձակվե՞մ երբևէ կրել գրող-լրագրողի պատվավոր տիտղոսը, թե՞ ոչ, բայց մի բան գիտեմ հաստատ. յուրաքանչյուր ավարտվող տետրին նորն է փոխարինելու, ու գրիչի միջուկի դատարկվելուն պես նոր գրիչ եմ ձեռքս վերցնելու, որպեսզի նոր գրիչով նոր հեքիաթներ «խզբզեմ» թղթին ու նոր մոլորակներ հայտնագործեմ:

Այս տետրն էլ վերջացավ, ներշնչածս արևի ջերմությունն էլ արդեն սպառվում է: Սենյակիս լույսն անջատեմ՝ վաղն էլ արևին հանդիպելու, ջերմություն ու լույս կլանելու և մի նոր սպիտակ տետր սևացնելու ակնկալիքով, մի նոր ձնծաղիկ ստեղծելու ու կրկին կյանքումս գարուն բերելու հույսով:

Ռիսկային միքսերից մինչև վերբաֆոբիա

«-Բժիշկ, ինչպե՞ս է հիվանդը։
-Շատ շուտ է գիտակցության եկել,-ամպամած դեմքով պատասխանեց բժիշկը։»
Դուք չհասկացա՞ք խոսքն ինչի մասին է։ Հիանալի է՝ դուք չեք դիտում հայկական սերիալներ։ Բժշկի դերակատարի պրոֆեսիոնալ դերասանական խաղն ապշեցուցիչ էր, շլացուցիչ։ Այնքան, որ աչքիցդ չի վրիպի, որքան էլ արագ փոխես ալիքը։
Հիմա պատկերացրու՝ հիվանդանոցում սրտաթրթիռ սպասում ես մեկի վիրահատության ավարտին, բժիշկը մոտենում է այնպիսի հայացքով, որ արդեն կցանկանաս հոգեհանգստի պատրաստություն տեսնել, մեկ էլ հրաշք՝ «Ձեր հիվանդը ժամանակից շուտ է գիտակցության եկել»։ Ինչպիսի՞ն կլինի քո պատասխանը։ Եթե սկզբունքից չշեղվենք՝ պիտի ասես՝ «Ներեցեք, բժիշկ, որ մեր հիվանդը չարդարացրեց ձեր սպասումները: Քիչ է, որ ողջ է, մի հատ էլ շուտ եկավ գիտակցության»։

Իմաստային, սցենարային, իրավիճակային՝ գրողի տանի ո՞ր դիտանկյունից էր արդարացված այդ մելամաղձոտ դեմքի արտահայտությունը։ Հատուկ ժամանա՞կ կա, որից շուտ հիվանդը պարտավորվում է գիտակցության չգալ։
Սերիալի անունը չնշեմ։ Թե չէ մոլի երկրպագուները կասեն, թե «քննադատելով ինքնահաստատվում եմ, պարապ եմ, դրանից ա»։ Հասկանում եմ՝ իրենց համար ուրբաթից երկուշաբթի ընկած ժամանակահատվածը իսկական մահ էր։ Շաբաթ օրվա անոնսով մի կերպ դիմացած՝ երկուշաբթի կոնկրետ ժամին ալիքը փոխել ու դիտում էին։ Է՜, ասա ո՞ւմ էր պետք՝ բժիշկը լա՞վ է խաղում, թե՞ վատ, ի՞նչ դեմքով է ասում նորությունը, գլխավորը՝ բժիշկը փրկել է Պողոսի կյանքը։ էհ, ի՞նչ անենք, որ հեչ էլ ուրախ չի, որ փրկել է։
Սա միակ օրինակը չի, որ իրականությունը սերիալի հետ, մեղմ ասած, «յոլա չի գնում»։ Ստորև մի քանի անհեթեթ «ֆրազներ» ևս. բառացի մեջբերում եմ՝
«֊Աղջի, ես առանց քեզ ապրել չեմ կարող»։
Սերն արտահայտելու ավելի գռեհիկ ձև հնարավո՞ր չէր մտածել։ Լո՞ւրջ։ Չէ, դուք իրո՞ք մտածում եք, որ աղջկան «աղջի»-ով դիմող «քյարթ» աշխարհում անհավանական մականուն ունեցող մեկն այնքան անտարբեր չի ոսկեղենիկ հայերենի նկատմամբ, որ մի հատ էլ «աղջի»-ից հետո ականջին կշշնջա՝ «սիրելի՜ս»…
Կամ ասենք՝ «Չեմ կարում քեզ հասկանալ»։ Իսկ հեռուստադիտողը «կկարանա՞» քեզ հասկանալ։ Անաղարտ մայրենիի ու խոսակցականի հերթական սերիալային խղճուկ միքսի փորձ։ Միքսված բաները միշտ ռիսկային են։ Մանավանդ, երբ խոսքը հայերենի ու բակի «քաղցրահունչ» ժառգոնային բառերի մասին է, ուղեղդ սթրեսի է ենթարկվում։ Նույն ուղեղդ, որ սոված-ծարավ դիմանում է ու նույնիսկ ունակ է հիշելու տասնյակ հեռախոսահամարներ ու մտաբերել՝ անցած Ամանորին ինչքան ես կերել, կարող է ցավ զգալ։ Ինֆորմացիայի ընկալման բարդ գործընթացի օբյեկտին սուբյեկտիվ բնութագրերի շնորհման վերջին պատասխանատու փուլին հասնելուց հետո, հավանաբար, մոտդ կառաջանա վերբաֆոբիայի սինդրոմ (վախ բառերից)։ Էսպես գնա՝ բառաֆոնդում կհայտնվի «սերիալային բառապաշար» տերմինը։ Կամ էլ կսահմանվի հատուկ ժամանակ, հիվանդը որքան էլ ցանկանա դրանից աջ ու ձախ անել՝ գիտակցության գալ, չի կարողանա։ Թե բա բժիշկը կասի՝ «Ժամանակից շուտ է գիտակցության եկել»։

ella mnacakanyan yerevan

Գիշերային երաժշտություն

Բարև: Էլի ես եմ ու էլի 58 համարի ավտոբուսի մասին եմ խոսելու: Չէ՛, այս անգամ խոսքն անտանելի շոգի ու կաթվածահար երթևեկության մասին չէ՝ չնայած, որ էլի սարսափելի շոգ ու նույնքան սարսափելի երթևեկություն է Երևանում: Այս անգամ պատմելու եմ մի 16-17 տարեկան աղջկա մասին, որն ստիպեց ճանապարհիս կեսը մտորումների մեջ անցկացնել:

Հերթական անգամ երթևեկում էի ավտոբուսով, բնականաբար, կանգնած, երբ, ի ուրախություն ինձ, նստելու տեղ ազատվեց: Ժպտալով նստեցի, որովհետև հիշել էի, որ սիրելի գիրքս մոտս է: Հարմար տեղավորվելուն պես բաց արեցի պայուսակս ու հանեցի գիրքս: Սկսեցի կարդալ: Վերջին շրջանում այնքան զբաղված էի, որ միայն երթևեկելիս էի կարողանում ընթերցել: Աչքերով գտա այն տողը, որի վրա կանգ էի առել անցած անգամ, քանի որ ստիպված էի եղել իջնել իմ կանգառում, ու սկսեցի:

Գրքասերները կհասկանան ընթերցանությունը սկսելուն հաջորդած 4-5-րդ րոպեին առաջացող այն զգացումը, երբ սկսում ես կամաց-կամաց կտրվել քեզ շրջապատող իրականությունից (նույնիսկ աղմկոտ շարժիչով ավտոբուսում գտնվելու դեպքում), եթե իհարկե սյուժեն հետաքրքիր է, ու մտովի հայտնվում ես այնտեղ, որտեղ տեղի են ունենում կարդացածդ գրքի գործողությունները: Հենց այդպիսի մի էյֆորիկ պահի մեջ էի, երբ հանկարծ վեր թռա: Չէ՛, պատճառը ավտոբուսի կտրուկ արգելակումը չէր, այլ մի աղջկա հարցը, որը կանգնած էր իմ նստատեղի մոտ՝ կարծես գլխավերևումս:
-Քուրի՛կ, որ խնդրեմ` էդ գրքի անունը կասե՞ս,- թեթև ռուսական առոգանություն նկատեցի խոսքի մեջ:
Ես, հանկարծակիի եկած, ռեֆլեքսորեն փակեցի գիրքը ու կարդացի կազմի վրա.
-Ночная музыка,- ասացի այնպես, իբր եթե չնայեի կազմին, չէի կարողանա հիշել անունը:
-Մոյեսի՞նն ա:
-Ահա,- պատասխանեցի ես ու անմիջապես վերադարձա ընթերցանությանս. հետաքրքիր մասում էի կանգ առել:
Շարունակեցի կարդալ, կարդացի երկու-երեք տող, հետո զգացի, որ չեմ ընկալում գրվածը, նորից կարդացի, էլի չհասկացա, երրորդ անգամ էլ նույնը: Պատճառն այն էր, որ միտքս զբաղված էր այն աղջկանով, որի տված հարցը զարմանալիորեն մտորումների մեջ էր գցել ինձ: Կտրվեցի գրքիցս, նայեցի աղջկան: Մենակ չէր, հավանաբար ընկերուհու կամ քրոջ հետ էր, որն իրենից տարիքով ավելի մեծ էր թվում ու կարծես հայաստանցի էր: Չէի էլ նկատել, թե երբ ու որտեղ էին ավտոբուս նստել, կամ թե ինչպես էր այդ աղջիկը հայտնվել գլխավերևումս ու քանի րոպե էր հետևում կարդալուս ընթացքին: Գիրքը փակեցի, տեղավորեցի պայուսակումս ու սկսեցի պատուհանից դուրս նայել: Չգիտեմ՝ ինչու, հոգիս ուրախությամբ էր պատվել այն մտքից, որ հիմա էլ ավտոբուսներում երիտասարդները իրար հարցնում են ոչ թե հագած զգեստի գնից ու խանութից կամ լսած երաժշտությունից, այլ կարդացած գրքից ու երբեմն կազմից անգամ գուշակում են գրքի հեղինակին:

Իսկ ես արդեն գրքի վերջաբանին եմ մոտեցել, տեսնես այդ աղջի՞կն էլ կարդաց գիրքը:

Իսկ դու գիտե՞ս, թե ինչ Է կոռուպցիան (մաս 2)

Լուսանկարը` Եվա Հախվերդյանի

Լուսանկարը` Եվա Հախվերդյանի

-Գիտե՞ք, թե ինչ է կոռուպցիան: 

-Իմ կարծիքով` այն գործարքների կամ պայմանավորվածությունների ամբողջությունը, որը տեղի է ունենում օրենքի խախտմամբ` հիմնականում փողի միջոցով (Արման Բայրամյան, Տավուշ, 17տ., ուսանող):

-Կոռուպցիան կաշառակերությունն է: Իմ կարծիքով օրենքից դուրս յուրաքանչյուր քայլ հենց կոռուպցիա է: Օրենքը խախտող մարդկանց միջև համագործակցությունն արդեն իսկ նպաստում է կոռուպցիային (Նարե Տիգրանյան, Տավուշ, 16 տ., աշակերտուհի):

-Դա անօրինական գործողություն է, որը հիմնականում նկատվում է ինչ-որ պաշտոն զբաղեցնող մարդկանց մոտ: Երբ մարդիկ չարաշահում են իրենց ունեցած դիրքը ու կախված պաշտոնից՝ ինչ-որ հարցերի համար դիմում են կաշառք վերցնելուն, միջնորդելուն կամ այլ կեղծարարություններին (Լիլյա Ստեփանյան, Տավուշ, 18 տ., ուսանող):

-Կոռուպցիան կաշառք վերցնելու գործընթացն է (Անուշ Օթարյան, Տավուշ, 80 տ., թոշակառու):

-Կոռուպցիան շահադիտական նպատակներով ինչ-որ բան անելն է, որը օրենքով չի թույլատրվում (Էլիզաբեթ Խուդավերդյան, Տավուշ, 19 տ., ուսանող):

-Կոռուպցիան պետական կառույցներում կամ կազմակերպություններում մարդկանցից փող վերցնելու պրոցեսն է: Դա հիմնականում տեղի է ունենում որևէ անօրինական գործ գլուխ բերելու համար (Գոռ Դավթյան, Տավուշ, 28 տ., քանդակագործ):

-Դա անօրինական ճանապարհ հարթելու միջոց է, որը բարդացնում է երկրի վիճակը: (Աննա Մինասյան, Տավուշ, 19տ., ուսանողուհի):

-Կոռուպցիան մարդկանց «լավություն» անելու համար գումար վերցնելու պրոցեսն է: Կոռուպցիա կարող է համարվել նաև ծանոթ մարդուն աշխատանքի ընդունելը` դարձյալ գումարի միջոցով (Անուշիկ Դավթյան, Տավուշ, 18 տ., ուսանողուհի):

-Կոռուպցիան այն է, երբ ցանկություններիդ հասնելու համար դիմում ես անօրինական ճանապարհի (Արման Միսակյան, Շիրակ, 18տ., ուսանող):

-Դա մարդկանց թալանելու մի ձև է, սոցիալական անարդարության դրսևորում, մարդկային հարաբերությունների կոպիտ խախտում (Ռուզաննա Զարգարյան, Տավուշ, 57 տ., դասախոս):

-Ըստ իս՝ կոռուպցիան դիրքի չարաշահումն է (Սյուզաննա Սաֆրազյան, Երևան, 16տ., աշակերտ):

-Այո, վստահված իշխանության չարաշահումն է սեփական շահ ստանալու նպատակով: (Իրինա Սաղոյան, Երևան, 17տ., աշակերտ):

-Դե, կոռուպցիան կաշառակերությունն է: (Էմիլի Չախալյան, Երևան, 15տ., աշակերտ):

-Այո, գիտեմ: (Գայանե Գևորգյան, Երևան, 37 տ., մանկավարժ):

-Այո, իհարկե: (Նունե Հովհաննիսյան, Երևան, 40տ.,):

-Այո, իհարկե գիտեմ: Ներկայումս արդիական խնդիր է (Լիաննա Պետրոսյան, Երևան, 21տ., ուսանող):

-Տարբեր ձևերով արտահայտված իշխանական լիազորությունների չարաշահումն է (Վարդուհի Սուքիասյան, Երևան, 26տ., համակարգչային օպերատոր):

-Կոռուպցիան վստահված լիազորությունների չարաշահումն է (Վիկտորյա Այդինյան, Երևան, 22տ., ուսանող):

-Այո, իհարկե գիտեմ (Ջուլիետա Վարդանյան, Երևան, 75տ., թոշակառու):

-Այո, գիտեմ (Լաուրա Խաչատուրյան, Երևան, 17տ., աշակերտ):

-Իհարկե (Աննա Վարդանյան, Երևան, 42տ., գանձապահ):

-Կոռուպցիան վստահված իշխանության չարաշահումն է՝ անձնական շահ ստանալու նպատակով (Աննա Գասպարյան, Երևան, 22տ., ուսանողուհի):

-Կոռուպցիան կաշառքն ա, որ տալիս են ինչ-որ նպատակի համար (Արտակ Առաքելյան, Երևան, 17տ., ուսանող):

-Հավատու՞մ եք, որ Հայաստանում մի օր կվերանա կոռուպցիան: 

-Ոչ (Արման Բայրամյան, Տավուշ, 17 տ., ուսանող):

-Այո (Նարե Տիգրանյան, Տավուշ, 16 տ., աշակերտուհի):

-Ոչ (Լիլյա Ստեփանյան, Տավուշ, 18 տ., ուսանող):

-Ոչ (Անուշ Օթարյան, Տավուշ, 80 տ., թոշակառու):

-Այո (Էլիզաբեթ Խուդավերդյան, Տավուշ, 19 տ., ուսանող):

-Ոչ (Գոռ Դավթյան, Տավուշ, 28 տ., քանդակագործ):

-Ոչ (Աննա Մինասյան, Տավուշ, 19տ., ուսանողուհի):

-Այո (Անուշիկ Դավթյան, Տավուշ, 18 տ., ուսանողուհի):

-Ամբողջությամբ երբեք ու ոչ մի տեղ չի վերանա (Արման Միսակյան, Շիրակ, 18տ. ուսանող):

-Ոչ (Ռուզաննա Զարգարյան, Տավուշ, 57 տ., դասախոս):

-Վրաստանից ինչո՞վ ենք պակաս, որ: Անհնարին բան չկա, դա էլ կլինի (Սյուզաննա Սաֆրազյան, Երևան, 16տ., աշակերտ):

-Չի կարող վերանալ, կարող է նվազել: Խոսքը մենակ Հայաստանի մասին չի, ցանկացած տեղ (Իրինա Սաղոյան, Երևան, 17տ., աշակերտ):

-Երբեք չի վերանա (Էմիլի Չախալյան, Երևան, 15տ., աշակերտ):

-Երբեք (Գայանե Գևորգյան, Երևան, 37 տ., մանկավարժ):

-Այո, կվերանա (Նունե Հովհաննիսյան, Երևան, 40տ. ):

-Մի փոքր խելքին մոտ չի մտածել, որ լիովին կվերանա, բայց հնարավոր է նվազեցնել (Լիաննա Պետրոսյան, Երևան, 21տ., ուսանող):

-Ոչ, Հայաստանում կոռուպցիան չի վերանա (Վարդուհի Սուքիասյան, Երևան, 26տ., համակարգչային օպերատոր):

-Իհարկե, կվերանա, եթե իշխանությունների կողմից դրսևորվի համապատասխան քաղաքական կամք (Վիկտորյա Այդինյան, Երևան, 22տ., ուսանող):

-Ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում չի վերանա երբեք (Ջուլիետա Վարդանյան, Երևան, 75տ., թոշակառու):

-Ամեն ինչ էլ հնարավոր է: Պետք է մեծ ցանկություն ունենալ և լավ գաղափարներ (Լաուրա Խաչատուրյան, Երևան, 17տ., աշակերտ):

-Ոչ, չի վերանա (Աննա Վարդանյան, Երևան, 42տ., գանձապահ):

-Այո (Աննա Գասպարյան, Երևան, 22 տ., ուսանողուհի):

-Իմ կարծիքով՝ կոռուպցիան դեռևս չի կարող վերանալ, համենայնդեպս՝ Հայաստանում, որտեղ նույնիսկ պետությունը չի գտնվում նորմալ վիճակում, որտեղ խոսքի ազատությունը ու քաղաքացիական հասարակությունը լիովին ձևավորված չեն ու մոտ ապագայում նույնիսկ հույս չկա: Կոռուպցիան դատականից հետո ահավոր տարածված ա կրթական համակարգում: Ամեն ինչ արվում ա բացահայտ, չնայած՝ վերջերս բավականին փոփոխվել ա իրավիճակը: Ես «Որակի ապահովման ազգային կենտրոն»-ից եմ, ու մենք աշխատում ենք նաև կոռուպցիայի վերացման վրա: Կոնկրետ գործողություններ վերացնելու համար չեմ կարող նշել, որովհետև չեմ ուսումնասիրել հիմնովին: Պարզ ա, չէ՞՝ ինչ-որ բան փոփոխելու կամ վերացնելու համար պետք ա իմանաս, թե որտեղից ա գալիս ու ոնց ա զարգացել: (Արտակ Առաքելյան, Երևան, 17տ., ուսանող):

-Ինչո՞ւ չի վերանա: 

-Առաջին ու ամենամեծ պատճառը, ըստ իս, հայերի մենթալիտետն է: Երևի բնակչության մեծ մասը պատրաստ է իր բարեկամի համար անել ամեն ինչ, նույնիսկ եթե դա օրենքից դուրս է, օրինակ` բանակից ազատել, համալսարանում գնահատական դնել տալ, գործի ընդունել: Հենց դա էլ ծնում է կոռուպցիան (Արման Բայրամյան, Տավուշ, 17 տ., ուսանող):

-Իմ կարծիքով հարցը ոչ միայն Հայաստանի, այլ մնացած երկրների դեպքում նույն պատասխանը կունենար: Ինչ գործողություններ էլ, որ կատարվեն, միշտ կլինեն մարդիկ, ովքեր կդիմեն կոռուպցիայի: Երևի հնարավոր է միայն նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը (Լիլյա Ստեփանյան, Տավուշ, 18 տ., ուսանող):

-Որովհետև շատ խարդախ մարդիկ կան, ովքեր երբեք չեն փոխվի (Անուշ Օթարյան, Տավուշ, 80 տ., թոշակառու):

-Որովհետև դա արդեն արմատավորվել է հայ հասարակության մեջ (Գոռ Դավթյան, Տավուշ, 28 տ., քանդակագործ):

-Չի վերանա երկրի ներքաղաքական վիճակի ու հասարակության մտածելակերպի կարծրացած լինելու պատճառով (Աննա Մինասյան, Տավուշ, 19տ., ուսանողուհի):

-Չի վերանա, որովհետև մենք հսկա, արատավոր համակարգի մի մասնկին ենք: Մենք ինքնուրույն չենք ու թույլ ենք (Ռուզաննա Զարգարյան, Տավուշ, 57 տ., դասախոս):

-Առանց շահի ոչ մեկը ոչ մի բան չի անում (Էմիլի Չախալյան, Երևան, 15տ., աշակերտ):

-Քանի որ երկրի իշխանությունը թերի է աշխատում, հարցն էլ կմնա անլուծելի (Գայանե Գևորգյան, Երևան, 37 տ., մանկավարժ):

-Դրա դեմ ուղղված պայքար չի իրականացվում: Սկսած մանկապարտեզներից, վերջացրած՝ ամենաբարձր օղակներով կոռուպցիան լայն տարածում ունի: Մեր իշխանությունների համար հարստանալու լավագույն տարբերակը կոռուպցիան է (Վարդուհի Սուքիասյան, Երևան, 26տ., համակարգչային օպերատոր):

-Որովհետև յուրաքանչյուրը ձգտում է իր միլիոններին (Ջուլիետա Վարդանյան, Երևան, 75տ., թոշակառու):

-Որովհետև Հայաստանում ամեն ինչ արվում է ծանոթի միջոցով: Խնդրի արմատները հիմնականում կրթված չլինելու հետ են կապված (Աննա Վարդանյան, Երևան, 42տ., գանձապահ):

-Եթե կվերանա, ի՞նչ է դրա համար պետք: 

-Եթե հասարակությունը համախմբվի այդ երևույթի դեմ, արդարամիտ մարդիկ շատանան, ապա կգա մի օր, երբ կոռուպցիան կվերանա կամ գոնե կնվազի (Նարե Տիգրանյան, Տավուշ, 16 տ., աշակերտուհի):

-Պետք է պատժամիջոցներ կիրառել: Երկրի կառավարությունը պետք է շատ լրջորեն դրանով զբաղվի, բայց նախ և առաջ դա պետք է վերացվի հենց կառավարության շրջանում (Էլիզաբեթ Խուդավերդյան, Տավուշ, 19 տ., ուսանող):

-Դրան հասնելու համար պետք է յուրաքանչյուրս մեր հերթին չվերցնենք ու չտանք կաշառք: Եթե յուրաքանչյուրը այսպես մտածի, կոռուպցիան կվերանա: Պետք է փոխենք նախ ինքներս մեզ (Անուշիկ Դավթյան, Տավուշ, 18 տ., ուսանողուհի):

-Պետք է օրենքի ուժով ճնշումներ գործադրել կոռումպացված ու կոռումպացնող մարդկանց վրա (Արման Միսակյան, Շիրակ, 18տ., ուսանող):

-Դա կախված է մեր սերնդի գիտակցության մակարդակից, որն էլ, համենայնդեպս, ցածր չի: (Սյուզաննա Սաֆրազյան, Երևան, 16տ., աշակերտ):

-Պետք է չլռել՝ կոռուպցիա տեսնելիս, իշխանությունը պետք է փոխվի, իսկ ժողովուրդը պետք է այնպիսի իշխանության ձայն տա, որը դեմ կլինի կոռուպցիային, հակակոռուպցիոն կազմակերպություններն էլ պիտի ավելի ակտիվ լինեն: Կարճ ասած՝ պետք է պայքարել (Իրինա Սաղոյան, Երևան, 17տ., աշակերտ):

-Պետք է փոխվեն օրենքները, պետք է հասնել նրան, որ օրենքի առաջ պատասխան տան բոլորը՝ անկախ զբաղեցրած պաշտոնից (Նունե Հովհաննիսյան, Երևան, 40տ.):

-Եթե ես կամ դուք քնից արթնանանք ու փորձենք նվազեցնել, անմտություն կլինի: Այդ ցանկությունը պիտի համապատասխան մարմիններն ուենենան: Պիտի հուսանք, որ մի օր նրանք ուշադրություն կդարձնեն խնդրին (Լիաննա Պետրոսյան, Երևան, 21տ., ուսանող):

-Պետք է հետևել օրենքներին, իսկ եթե օրենքի մարդն անգամ խախտում է այն, պետք է արդեն ուրիշ միջոցներ կիրառել: Մի հոգին ոչինչ չի փոխի. պետք է միասնական գործել (Լաուրա Խաչատուրյան, Երևան, 17տ., աշակերտ):

-Նման երևույթների դեմ պետք է համակողմանի պայքար իրականացնել, որը կընդգրկի ինչպես իշխանությանը, այնպես էլ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին: Արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն որդեգրելու պարագայում կարելի է հասնել Հայաստանում կոռուպցիայի մակարդակի կտրուկ նվազմանը (Աննա Գասպարյան, Երևան, 22տ., ուսանողուհի):

Հարցումները անցկացրեցին Անուշիկ Դավթյանը, Մարիամ Պապոյանը

lilit vardanyan

Նամակ, որը հասավ հասցեատիրոջը

-Վայ, նամակ,- ասացի ես՝ վերցնելով «նամակը»,- տա՛ր ինձ Վեներիկի մոտ:

Ես փչեցի «նամակը» և վազեցի «նամակի» հետևից:

Այդ ժամանակ ես 7-8 տարեկան էի: Իմ ընկերուհին գնացել էր Ֆրանսիա:

Հիշում եմ՝ ինչպես էի վազում նամակի հետևից, մինչև հասա փողոց, և նամակը բարձրացավ այնքան վերև, որ այլևս չէի տեսնում այն…

-Լիլիթ, նայի, Վեներիկից «նամակ» եկավ,- ասաց եղբայրս,- ասում ա, որ գալու ա:

Այդ օրը ես իմացել էի, որ Վեներիկը մի քանի օրից գալու էր:

-Հա,- ասացի ես ու հիշեցի այն օրը, երբ գնում էի «նամակի» հետևից:

Նամակը տեղ էր հասել 8 տարի անց:

Օգոստոսի սկզբին Վեներիկը եկավ Հայաստան:

Հաջորդ օրը ես գնացի նրան տեսնելու: «Տեսնես ես իրանից բոյո՞վ եմ, թե՞ նույն բոյի ենք»,- միայն դա անցավ մտքովս, երբ ես մտնում էի ներս: Երևի այն պատճառով, որ մեր տարիքային տարբերությունը ընդամենը 3 օր է (ես նրանից փոքր եմ):

-Բարև:

-Բարև,- ասացի ես:

Չէ, ես նրանից բարձրահասակ էի:

8 տարի անց նորից հանդիպեցինք: Վեներիկի մեջ համարյա ոչինչ չէր փոխվել, եթե ես նրան տեսնեի ուրիշ տեղ, երևի կճանաչեի:

Բայց 8 տարվա ընթացքում ես նրա հետ մի քանի անգամ էի խոսել: Դրա համար էլ մենք չգիտեինք, թե ինչի մասին խոսել:

Վեներիկը նայում էր իր հին ալբոմները: Նա ցույց տվեց իմ ծննդյան օրվա նկարները, որտեղ ինքն էլ կար: Մենք խոսեցինք այն մասին, թե որտեղ ենք սովորում: Ես իմացա ֆրանսիական կրթական համակարգի մասին: Հետո խոսեցինք մեր սիրած ֆիլմերի մասին:

Մեր կապը այսքան տարիների ընթացքում չէր պահպանվել: Մենք շատ փոքր էինք, երբ իրար հետ խաղում էինք:

Մի քանի օր անց ես գնացի հանգստանալու: Վեներիկը պետք է Ֆրանսիա գնար այն օրվա գիշերը, երբ ես պետք է հետ գայի: Այսինքն՝ ես կկարողանայի տեսնել նրան մինչև Ֆրանսիա գնալը: Բայց ես չգնացի: Եթե հարցնեք՝ ինչու չգնացի, ես կասեմ, որ ինքս էլ չգիտեմ՝ ինչու:

Հետո, իհարկե փոշմանեցի, որ չեմ գնացել նրան տեսնելու:

Հաջորդ օրը ընկերուհուս հետ իջել էի բակ: Մենք զբոսնում էինք, երբ ես տեսա մի «նամակ»:

-Վայ, «նամակ»,- ասացի ես՝ «նամակի» հետևից գնալով:

-Լսի, մանկությո՞ւնդ ես հիշել,- հարցրեց ընկերուհիս:

-Չէ,- ասացի ես՝ բռնելով «նամակը»:

Բայց իրականում ընկերուհիս ճիշտ ասաց. ես հիշել էի մանկությունս: Այդ «նամակը» Վեներիկի կողմից էր: Երևի ասում էր, որ արդեն տեղ է հասել: Ես էլ «նամակը» հետ ուղարկեցի՝ ներողություն խնդրելով, որ չգնացի նրան տեսնելու…

-Լիլիթ, նայի Վեներիկի կողմից «նամակ» ա էկել,- ասաց եղբայրս,- ասում ա, որ հասել ա:

-Ո՞ւր ա,- հարցրի ես՝ մտածելով, որ Վեներիկը սքայփով է գրել:

-Հեսա,- ասաց եղբայրս՝ ցույց տալով «նամակը»:

Ես գնացի նամակի հետևից և վերցրի այն: Տեսնես՝ այս անգամ ի՞նչ էր ասում Վեներիկը…

Լրագրողի, նրա դերի, ազատության և էլի այլ հարցերի մասին

Հարցազրույց Զինուժ հեռուստածրագրի մեկնաբան և լրագրող Դավիթ Դավթյանի հետ

-Ի՞նչ եք կարծում՝ մեդիայի նպատակը հաղորդելն է այն, ինչը հետաքրքրում է լսարանին, թե՞ վերջինիս մտահորիզոնն ընդլայնելը։ 

-Մեդիայի նպատակն իրականում երկուսն է։ Առաջինը, իհարկե, մտահորիզոնն ընդլայնելը, որովհետև եթերում ներկայացվում են և՛ Հայաստանի, և՛ արտասահմանի այն բոլոր թրենդները, որոնք կարող են զարգացնել մարդկանց մտահորիզոնն ու ճաշակը, բայց իմ սուբյեկտիվ կարծիքով առաջին հերթին հանրության լրատվական պահանջը բավարարելն է։ Յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իմանալ՝ ինչ է կատարվում իր շուրջը՝ Հայաստանում և աշխարհում։ Հենց այդ գործառույթն էլ իրենց վրա կրում են լրագրողները և պարտավոր են ու ստեղծված են նրա համար, որպեսզի պատրաստեն բավարար քանակով տեղեկություն հանրության լրատվական պահանջը լրացնելու համար։

-Ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, լրագրողի աշխատանքը Հայաստանում։ Արդյո՞ք լրագրողն ազատ է արտահայտել իր միտքը։

-Կարծում եմ՝ բավականաչափ, այո։ Եթե հետևենք լրատվական հոսքին, ապա ըստ էության չկա մի տեղեկություն, որը կարող է թաքցվել։ Եթե տասը կամ քսան տարի առաջ կարողանում էին սահմանափակել լրագրողի ազատությունը, որպեսզի տվյալ ինֆորմացիան չհրապարակվի՝ հիմա արդեն բավարար միջոցներ կան։ Եթե լրագրողը լրատվամիջոցով չի կարողանում ներկայացնել ինֆորմացիան, ապա նա ունի իր սոցիալական ցանցի էջն ու այդ առումով ավելի անկախ է։ Ընդ որում՝ քանի որ մեդիա դաշտը չի սահմանափակվում միայն հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլով, այդ դեպքում բավականին մեծ խնդիր է իր վրա կրում համացանցը։ Համացանցային լրատվությունն անկառավարելի է, և հնարավոր չի սահմանափակել խոսքի ազատությունը։ Երբեմն բլոգերները նույնպես կատարում են լրագրողի պարտականություններ։ Այսինքն՝ ով ինչ ինֆորմացիա ցանկանում է, որտեղ և ինչպես ցանկանում է՝ հրապարակում է։ Հետևաբար այսօր խոսքի ազատության սահմանափակման մասին խոսելը, կարծում եմ՝ բավականին ժամանակավրեպ է։

-Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ թերի կողմեր ունի հայաստանյան մեդիան։

-Իմ խորին համոզմամբ, գլխավոր խնդիրը պրոֆեսիոնալիզմի պակասն է։ Մենք բավական երկար ժամանակ աշխատում ենք լրագրության մեջ, փորձում ենք ինչ-որ նորամուծություններ անել՝  հետևելով արտասահմանյան մեդիա դաշտին, բայց իրականում բավականին թերի ենք աշխատում։ Եթե հետևենք լրատվական հոսքին, ուշադիր դիտենք, թե ինչպես են աշխատում լրագրողները, ինչ ձևակերպումներ են օգտագործում, հարցազրույցի ընթացքում հյուրերին ինչպես են վերաբերվում. իմ կարծիքով՝ այդ ամենը երբեմն չափազանց ոչ պրոֆեսիոնալ է։ Այդ առումով ունենք զարգանալու շատ մեծ խնդիր, որովհետև լրագրողը չպետք է սահմանափակվի միայն ռեպորտաժ պատրաստելով և կատարվածը ներկայացնելով։ Եթե նա ցանկանում է մի փոքր վերլուծական տեսքի բերել իր նյութը, ապա պետք է զբաղվի նաև ինքնազարգացմամբ։ Այդ առումով, առաջին հերթին, կարծում եմ՝ պետք է շատ ընթերցել, դիտել ֆիլմեր և տարբեր տեսանյութեր, որոնք ուղղորդող են, և իհարկե, հետևել միջազգային լրահոսին, որովհետև միջազգային լրագրողները շատ սրընթաց կերպով են լուսաբանում իրադարձությունները և կարողանում են ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին դատողություններ անել և ընտրել ձևաչափ, որով կարելի է գրավել հեռուստադիտողին։ Մեզ մոտ մի նորություն լինում է ու հնարավոր է երկու ամիս չլինի, իսկ դա ձանձրացնում է. պետք է հեռուստադիտողին գրավելու բազմաթիվ մեխանիզմներ կիրառել։

 -Ճի՞շտ հասկացա՝ լավ լրատվություն տրամադրելու հիմնական ձևը տեսնում եք հենց գիտելիքի՞ մեջ։

-Իհարկե, առաջին հերթին գրագիտությունն է, հետո կրեատիվը։ Կարծում եմ՝ դասական լրագրության տարբերակով առաջնորդվելը սառը ազդեցություն կարող է թողնել։ Այդ պատճառով կրեատիվը ևս շատ կարևոր է։ Լրագրողը միշտ պետք է մտածի տարբեր ձևով իրադարձությունը ներկայացնելու մասին։ Պատկերացրեք՝ միջոցառում է, ներկա են քառասուն լրագրող և պետք է էնպես անես, որ դու մնացած 39-ից տարբերվես քո նյութերով։

-Եվ վերջին հարցը, որն իսկապես կարևոր է հատկապես Հայաստանի պարագայում. ի՞նչ եք կարծում, հայաստանյան մեդիան ունի՞ բավարար միջոցներ՝ լրագրողներին պատերազմական գոտիներ ուղարկելիս՝ նրանց կյանքի ապահովագրման համար. չէ՞ որ ապրում ենք պատերազմական երկրում, և այս խնդիրը շատ կարևոր է։

-Լրագրողի կյանքը սահմանին ապահովագրել որևէ մեկը չի կարող։ Եթե հնարավոր լիներ ապահովագրել լրագրողի կյանքը՝ նույն ձևով կապահովագրվեր նաև զինվորինը։ Էստեղ ոչ թե կյանքի և գոյության խնդիրն է, այլ անվրեպ աշխատանքը։ Լրագրողները մինչև առաջին գիծ մեկնելը պետք է տիրապետեն բավականին շատ գիտելիքների, որպեսզի չպատրաստեն էնպիսի նյութեր, որոնք թիրախ կհանդիսանան հակառակորդի համար։ Եթե մարտական հենակետում ռեպորտաժ է պատրաստվում, չպետք է տվյալ նյութի պատճառով հաջորդ օրն այդ դիրքը տուժի։ Այսինքն, չպետք է ներկայացվի տարածքը, տեղանքը, այդ դիրքի սպառազինությունը։ Լրագրության մեջ հիմա ունիվերսալիզմն է ընդունված, այսինքն՝ լրագրողները նյութեր պատրաստում են բոլոր ոլորտներով, բայց ռազմական լրագրությունն, իմ կարծիքով, շատ առանձնահատուկ ոլորտ է և պետք է դրան առանձին անդրադառնալ՝ հատուկ մասնագետներ պետք է աշխատեն այդ ուղղությամբ, որովհետև ոչ միայն պատերազմական, այլև խաղաղ պայմաններում շատ կարևոր է առաջնագծի ռեպորտաժը։ Պետք է գիտակցել գոնե ամենապարզ պատճառը. տրամադրվող ինֆորմացիան և կադրերը տեսնում է ոչ միայն մեր հանրությունը, այլ նաև հակառակորդը։ Եվ շատ դեպքերում դրանք հատուկ վերլուծությունների են ենթարկվում, հնարավոր են նաև պատասխան գործողություններ, որոնց մասին գուցե չիմանանք։ Գուցե չպատկերացնենք, որ դա մեր նյութի հետևանքով է, բայց անուղղակի կերպով մենք ազդեցություն կունենանք ինչ-որ դժբախտության գործում։

amalya harutyunyan

Սարսափելի վերջն ու անորոշ սկիզբը

Ավտոբուսը կանգնեց:
-Էս մի հատ ստացեք:

Ավտոբուսի վարորդը չհասցրեց ոտքից գլուխ զննել ինձ, երբ ես արդեն հասել էի փողոցի մյուս կողմը: Ո՞ւր եմ գնում: Մետրո: Ինչո՞ւ: Չգիտեմ:
Եկա, ժետոն գնեցի: Ժետոն վաճառող կնոջ մասին չեմ գրի: Թող այդ մենաշնորհը Մարիամին մնա:
Արդեն շարժասանդուղքի վրա եմ: էսօր դանդաղ է ընթանում: Կամ էլ ես եմ շտապում, ու այսօր բոլոր առարկաների շարժն ինձ անկանոն է թվում:
Իջա: Միանգամից սառը օդը դիմավորեց ինձ: Բայց սա այն անտանելիներից չէ: Սա մարդուն ջերմացնող սառնություն է: Մետրոն երևի էն ամենաքիչ տեղերից է, որ մարդիկ չեն նայում վրաս, այլ ամեն մեկը իր սառնությունը գրկած՝ իր համար քայլում է:
Սպասում: Գնում եմ առաջ, գալիս եմ հետ, նախորդ վագոնից 1 րոպե է անցել: Այսինքն՝ դեռ 5-6 րոպե պիտի սպասեմ: Էլի ուշացել էի: Էնտեղ մի հայելի կա: Նայե՞մ, թե՞ ոչ: Նայեցի ու զգացի, որ էն հիմարի ժպիտը, երբ ես իմ ուզածն եմ անում, մատնում է ինձ: էնտեղ կարմիր գիծ կա, որից առաջ անցնել չի կարելի: Ամեն անգամ գալիս, կանգնում եմ այդ գծին, ու ոտքերս մի քիչ առաջ տանելով՝ անցնում այն: Ես երևի կյանքում էլ եմ էդպես…
Հեռվից աղմուկ, անկանոն ինչ-որ մեղեդի, ու վագոնը հասնում է մեզ:
Բոլորը իրենց ներս են գցում, ես էլ մի հարմար տեղ եմ գտնում ու կանգնում: Վագոնում միշտ պետք է մի ազատ նստարան մնա, ու մարդկանց հորդորներին, որ նստեմ, ես միշտ պետք է բացասական պատասխան տամ: Էլի կյանքիս քայլերը հիշեցի: Էլի համընկնում են:
Գնացինք:
Հանրապետության հրապարակ. էստեղի մարդիկ միշտ, չգիտես ինչու, շտապում են: Դե, որ շտապում են, արագ գնանք…
Զորավար Անդրանիկ. էստեղ իջնողներից մեկը միշտ պիտի հարցնի՝ էս Ռոսիա՞ն ա, ու իմ գլխով անելուց հետո հանգիստ իջնի:
Բա որ ինձ հարցնեն՝ ուր եմ գնում, ի՞նչ պիտի ասեմ: Երևի կպատասխանեմ՝ ուղղակի գնում եմ, երևի վերջին կանգառ: Ու էս հարցնողը մի լավ կզարմանա, շրջանաձև աչքերով կնայի ինձ ու կմտածի՝ էս խենթն ով էր:
Սասունցի Դավիթ. էստեղ միշտ մարզերից եկող կամ Երևանից մարզ գնացող ժողովուրդն է: Անկեղծ ասած՝ էստեղի մարդիկ ամենահետաքրքիրն են, ու էստեղի երիտասարդության աչքերն ամենաուժեղն են փայլում:
Սկսում ենք բաց տարածքում երթևեկել, սիրում եմ էդ կայարանները, դրանք ավելի են քո մեջ խորացնում էն երևակայական փաստը, որ դու փախչում ես քաղաքից: Որովհետև էնտեղ լքված շինություններն ու անպետք գնացքի գծերը շատ են:
Հա, մեկ էլ, ես միշտ փորձում եմ այդ ընթացքում տատիկիս տան շենքը փնտրել: Երբ մայրիկի հետ էինք, նա միշտ ցույց էր տալիս իմ ուզածը, իսկ հիմա ես ինքս չեմ կարողանում գտնել:Կյանքում էլ է այդպես:
Գործարանային. վագոնը դատարկվում է: Երևի մարդիկ վերջինին չեն ուզում հասնել:
Շենգավիթ. էս կանգառից հետո վագոնում միշտ մնում է մեկը, որը տուն է շտապում, իսկ թե ես՝ ուր, չգիտեմ:
Գարեգին Նժդեհ. հասանք: Վերջին կայարան: Ինչքան շատ են սիրում մարդիկ այս վերջին բառը: Վերջին զանգ, վերջին դաս, վերջին հանդիպում, վերջին կայարան: Մենք միշտ վերջն ենք կարևորում: Իսկ ինչո՞ւ ոչ սկիզբը, ես էլ մետրոն նստեցի կեսից, բաց թողեցի առաջին կայարանները, իսկ վերջն այդքան սիրում եմ:
Միգուցե մենք չենք հասկանում, որ ամեն ինչ հենց այդտեղ է վերջանում: Իսկ եթե ե՞ս փոխեմ: Ուղղակի չսիրեմ վերջին կանգառները ու համոզեմ, որ նրանք լավը չեն: Իսկ եթե մեր վերջը դարձնենք սկի՞զբ: Երևի դրա համար էլ գոյություն ունի հետադարձ վագոնը:
Բոլորը դուրս են գալիս, բոլորն անխտիր՝ բացի ինձնից:
Նայում եմ շուրջս, ամփոփում, թե քանի հոգի է նայելու ինձ ու որոշելու, որ ես խենթ եմ, ու գնում հակառակ վագոնը:
Վագոնը չի գնում: Վերջից խուսափող մարդկանց ենք սպասում: Շարժվեց: Շենգավիթում նույնպես կանգնում է երկար, ասես ինքն էլ հույսը չի կորցնում, որ մարդիկ պետք է հետ վերադառնան:
Հասնում եմ Երիտասարդական. իջնե՞մ, չէ, ես պիտի կարևորություն տամ սկզբին, պիտի հասնեմ սկիզբը:
Մարշալ Բաղրամյան. էստեղ մարդիկ քիչ իջան, երևի չսիրված փողոց էր:
Հասանք սկզբին՝ Բարեկամություն. ու կապ չունի, որ ես էստեղից ոչ մի երթուղային չգիտեմ, որ ինձ տուն կտանի, ես մեկ է` արդեն այստեղ եմ: Կյանքում էլ է այդպես, մենք անորոշ սկսում ենք սկիզբը ու հետո ենթարկվում քաղաքի կանոններին:
Ի դեպ, մետրոյի նոր կայարան են կառուցում, այսինքն՝ այն կայարանը, որը մենք վերջին ենք կոչում, այլևս վերջը չի լինի…