marine nikoghosyan

Ես քվեարկել եմ առաջին անգամ

Ողջու՜յն, ես Մարինեն եմ։ Այս տարի առաջին անգամ մասնակցեցի ընտրություններին։ Սպասելիքներս ու իրականությունը մի փոքր տարբեր էին։ Շատ էի ոգևորված, քանզի առաջին անգամ իմ ձայնը որոշիչ կարող էր լինել երկրի կառավարման համակարգում։

Այս մի քանի օրը շրջապատումս շատ էի լսում նմանատիպ արտահայտություններ. «Կյանքումս առաջին անգամ հաճույքով գնալու եմ ընտրությունների», «Վերջապես արդար և անկողմնակալ ընտրություններ կլինեն» և այլն։ Անկեղծ ասած, այս արտահայտություններն ինձ համար մի փոքր խորթ էին, քանի որ ես այս տարի առաջին անգամ էի մասնակցելու ընտրություններին, և տարբերությունը այս և անցած տարիների՝ դժվար էր ասել։ Չհաշված այն, որ անցած տարիների անարդարությունների մասին շատ անգամներ եմ լսել, սակայն աչքովս չեմ տեսել։

Այս տարի առաջին անգամ ընտրատարածք գնացի եղբորս հետ։ Երեկոյան ժամը 5-ն էր։ Ընտրատարածքում միայն ես և եղբայրս էինք ընտրող։ Գնացի առաջ, ցույց տվեցի անձնագիրս, մի քանի գործողություններ կատարեցի, հետո վերցրեցի քվեաթերթիկները և անցա առաջ։ Քվեաթերթիկների վրա կարդացի բոլոր կուսակցությունների անունները, մի փոքր ժպտացի, հետո վստահ և անվարան կատարեցի իմ ընտրությունը և դուրս եկա, մոտեցա քվեատուփին, ծրարը գցեցի ներսը և հպարտ քայլերով դուրս եկա ընտրատարածքից։ Անկեղծ ասած, սպասում էի գոնե մի փոքր շնորհավորական խոսքերի՝ առաջին անգամ ընտրություններին մասնակցելու կապակցությամբ, քանզի գյուղում միայն ես էի առաջին անգամ ընտրող։ Հետո ինքս ինձ քմծիծաղ տվեցի և դուրս եկա։

Ընտրատարածքից դուրս գալուց հետո եղբորս միջոցով ինձ փոխանցեցին մի կրծքանշան՝ «Ես քվեարկել եմ առաջին անգամ» գրվածքով։ Կիսաձայն շնորհակալություն հայտնեցի բոլորին և վերադարձա տուն։

Anna mkhitaryan

Աշոցքս

Ամեն օրս, մանկությանս ամեն վայրկյանը անցկացրել եմ հայրենի գյուղումս: Աշոցքը քչերին է հայտնի, բայց հայտնի է յուրովի: Հայտնի է, որ այստեղ միշտ ցուրտ է, ձմեռ: Բայց ոտք դնես Աշոցք, դժվար թե կարողանաս դիմանալ և չայցելել գյուղի գեղատեսիլ վայրերը: Գյուղի ամենագեղեցիկ վայրը Թթու ջուրն է. հանքային ջուր 2000 մետր բարձրության վրա՝ շրջապատված ալպիական կանաչ մարգագետիններով, մաքուր, թթվածնահագ օդով և ամենակապույտ երկնքով: Ես կասեի՝ իսկական բնության հրաշք:

Եկեք խոսենք հրաշագործ հանքային ջրերից, մասնավորապես այս մեկից, որը գտնվում է ծննդավայր Աշոցքումս: Այս ջուրը արդեն մեծ հռչակ և ճանաչում է վայելում տեղի բնակչության կողմից: Տեղացիները վաղուց են բացահայտել այս ջրի հրաշք ազդեցությունը սեփական օրգանիզմի վրա և ունեցած փորձով կիսվում են բոլորի հետ: Ջրի ազդեցությունը կհետաքրքրի այն մարդկանց, ովքեր ունեն խնդիրներ կապված աղեստամոքսային համակարգի հետ, անոթային խնդիրներ (վարիկոզ, արյան վատ շրջանառություն), թույլ իմունիտետ, նշիկաբորբ: Ջուրը պարունակում է բազմաթիվ միներալներ, հարուստ է երկաթով: Խորհուրդ ենք տալիս այցելել և հենց տեղում վայելել այս հրաշագործ հանքային ջուրը, կազմակերպել արևային լոգանքներ և վայելել հրաշք բնությունը և, իհարկե, համեղ ու օգտակար, բնական, տեղում պատրաստված գյուղական սնունդը:

Աշոցքցիները շատ հյուրընկալ են, բոլորի դռները բաց են հյուրերի դիմաց: Բայց միայն սա չէ, որ զարդարում է Աշոցքս, նաև առանձնանում է Սոճու անտառը: Չկա երևի տարվա մի եղանակ, մի ամիս, ամսվա մի օր, որ գնաս անտառ և չտեսնես ինչ-որ մեկին: Շատերի մոտ սոճին ասոցացվում է Ամանորի հետ, և շատերը սոճին անվանում են եղևնի կամ տոնածառ: Սոճին բազմամյա ծառ է և ողջ տարին մնում է կանաչ, հիմնականում աճում է բարձրադիր վայրերում: Սոճու այս անտառը գտնվում է ծովի մակերևույթից 1800-ից 2000 մետր բարձրության վրա: Սոճին հաճախ անվանում են կանաչ դեղատուփ, քանի որ այն դեղաբույս է և կարող է օգնության հասնել մի շարք առողջական խնդիրների ժամանակ: Օրինակ՝ փշատերևները պարունակում են մեծ քանակությամբ վիտամին c և հանդիսանում են հզոր հակաբորբոքային միջոց մրսածության ժամանակ: Սա է գաղտնիքը, որ գյուղի բնակիչները առողջ են, և տարիքային սահմանը հասնում է 90-ի:

Բայց կնշեմ մի ցավալի փաստ. գյուղի մոտակայքում կա մի կամուրջ՝ Կրասարի կամուրջը, որը գտնվում է ոչ բարվոք վիճակում: Շիրակի մարզի հյուսիսարևմտյան մասում, Ախուրյանի վտակներից մեկի` Արփաչայի հովտում է գտնվում Կրասար գյուղը, որը նախկինում, ըստ Ղևոնդ Ալիշանի, կոչվել է «Քէօր-պուլագ»: Կրասարում է ծնվել աշուղական արվեստի լավագույն ներկայացուցիչներից գուսան Շահենը: Այսօր Կրասարի կամուրջը հարևան Սեպասար գյուղի հետ կապող միակ ճանապարհն է: Խորհրդային տարիներին կամրջի ամրությունը հաշվի չառնելով՝ որոշել էին նրա վրայով մեծ տրամաչափի խողովակով ջրագիծ անցկացնել: Ջրագիծը շահագործվել է մինչև 1970-ական թվականները: Հետագայում կամրջի վրայով անցնող ջրագծի խողովակաշարը պատճառ է դարձել կամրջի արևմտյան կողմի պատերի փլուզմանը: Ցավոք, Կրասարի կամուրջն այժմ վթարային վիճակում է: Ըստ Ալիշանի՝ ուշագրավ է կամրջի վրա պահպանված հայերեն, ռուսերեն և թուրքերեն լեզուներով արձանագրությունը. «Շնորհօքն ամենազօրին աստուծոյ շինեցավ կամուրջս յինքնակալութեան Աղեքսանդր երկրորդի օգոստափառ կայսր ռուսաց, արդեամբ և ծախիւք Ստեփաննոսի Անանիկեանց, ի հիշատակ հոգւոյ փրկութեան իւրոյ կենակցին Գայանեայ, եղբօրն Կարապետի եւ կենակցին Հռիփսիմեայ եւ ծնողաց նոցին: Եւս առաւել վերակացուին շինութեանս Գրիգորի Ռափայէլեանց»: Բայց կամրջի հետ կապված խնդիրները չեն խանգարում այցելել և զմայլվել բնության այս հրաշքով: Սիրում եմ իմ գյուղը, իր բոլոր առեղծվածային վայրերով:

Ֆրունզն ու Շիրազը, Ճռռան գրատունն ու դուխով օպտիկան. Գյումրի

leyli tadevosyan

Մի քիչ էլ պայմանագրերի մասին

Դեռևս հնագույն ժամանակներից մարդկանց համար սովորական է եղել առօրյայում սեփական շահերից ելնելով, այսպես ասած, գործարքների մեջ մտնելը: Այդ ժամանակներում դեռ չեն եղել օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր և այլն, ու մարդիկ առաջնորդվել են իրենց իմացած բարքերով, ինչը մենք այսօր հաճախ սովորույթ ենք անվանում, գումար են վերցրել` խոստանալով վերադարձնել, օրինակ, հաջորդ ամիս, մեկի մոտ անցել են աշխատանքի` իմանալով, որ ստանալու են 2-3 ոսկի աշխատավարձ և այլն: Այս ամենը ներկայիս իրավագիտակից հասարակությունը անվանում է քաղաքացիաիրավական հարաբերություններ:

Քաղաքացիաիրավական հարաբերությունների ծագման ամենից տարածված հիմքը պայմանագրի առկայությունն է:
Տեսության մեջ ընդունված է ասել, որ քաղաքացիական պայմանագիր է համարվում երկու և ավելի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ առաջացնելուն, փոփոխելուն կամ դադարեցնելուն։ Առաջին պայմանագիրը, որ հայտնի եղավ մարդկությանը, ըստ էության, առուծախի պայմանագիրն է, այնուհետ գալիս է փոխառության պայմանագիրը: Այսօր արդեն Քաղաքացիական իրավունքի տեսությանը հայտնի են նաև մատակարարման, ռենտայի, նվիրատվության, վարձակալության, հանձնարարության և այլ տեսակի պայմանագրեր (գլուխներդ չցավեցնեմ երկար-բարակ իրավաբանական տերմիններով), որոնցից յուրաքանչյուրը ունի իր յուրահատկությունը: Բայց յուրաքանչյուր իրեն հարգող պայմանագիր պիտի ունենա մի քանի կարևոր հատկանիշներ՝ էական պայմաններ, առանց որոնց չենք կարող ասել, որ գործ ունենք պայմանագրի հետ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` պայմանագիրը համարվում է կնքված, եթե կողմերի միջև պահանջվող ձևով համաձայնություն է ձեռք բերվել պայմանագրի բոլոր էական պայմանների վերաբերյալ:
Էական են համարվում պայմանագրի առարկայի մասին պայմանները, օրենքում կամ այլ իրավական ակտերում որպես էական նշված կամ պայմանագրի տվյալ տեսակի համար անհրաժեշտ պայմանները, ինչպես նաև այն բոլոր պայմանները, որոնց վերաբերյալ կողմերից մեկի հայտարարությամբ պետք է համաձայնություն ձեռք բերվի:
Հետևաբար պայմանագրի էական պայմանները, ըստ էության տարբերվում են` կախված տեսակից, բայց կան մի քանի պայմաններ, ինչպես օրինակ` պայմանագրի առարկան, գինը, կողմերի վերաբերյալ տվյալները (վավերապայմանները), որոնք կարող եք հանդիպել յուրաքանչյուր պայմանագրում:
Սովորաբար իրավաբաններս խորհուրդ ենք տալիս հիմնական պայմանագիրը կնքելուց առաջ կնքել նախնական պայմանագիր` իրավական բացասական հետևանքներից հնարավորինս խուսափելու համար: Եվ ամենակարևոր բանը, որ արժե հիշել ամեն անգամ, երբ գործ ունեք պայմանագրերի հետ, այն է, որ պետք է ստորագրելուց առաջ կարդալ այն ու հասկանալ բոլոր դրական ու բացասական հետևանքները, որ կարող են առաջանալ: Խնամքով մշակված պայմանագրերում շատ հաճախ դրանք աննկատելի են, ու քաղաքացին, ով չի տիրապետում օրենսդրությանը, կարող է գլխի չընկնել, թե ինչ է սպասվում իրեն պայմանագիրը կնքելուց հետո, ուստի, կարող եք միշտ դիմել իրավաբանի օգնությանը:
Պայմանագրի տեսակներից է նաև ամուսնական պայմանագիրը: Արտասահմանյան երկրներում շատ ընդունելի է, երբ զույգը կնքում է պայմանագիր, բայց եկեք պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե հայկական իրականության մեջ ևս սկսվեր ամուսնական պայմանագրի կիրառելիությունը. կդադարեն գործել հայկական ընտանեկան այն բոլոր սիրուն ավանդույթները, որոնք մենք ունենք, կդադարեն լինել փոխադարձ սերն ու հարգանքը ամուսինների միջև, կոնֆլիկտները առավել շատ կլինեն և այդպես շարունակ։
Եվ ինչպես ասում էր Ի. Տենը` օրենքը նման է երկար բարձր սյան, նրա վրայով չես թռչի, բայց շրջանցել կարող ես…
Պահպանե՛նք օրենքները, իսկ քաղաքացիական պայմանագրերի տեսակների մասին առավել մանրամասն հետո կպատմեմ։

Anna Mkhitaryan

Ուսուցիչս

Հարցազրույց Աշոցքի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Սիլվարդ Սարգսյանի հետ:

Սիլվարդ Սարգսյանը ծնվել է 1955թ.-ին Աշոցք գյուղում: Առաջին մասնագիտությամբ կենսաբանության մասնագետ է, նաև ծավալել է լրագրողական աշխատանք՝ Խորհրդային Միության տարիներին: Ներկայումս գյուղի դպրոցի ամենագիտակ ուսուցիչներից է: Եվ ինչպես ինքն է նշում՝ յուրաքանչյուր օր նոր լրագրողական նյութ է դպրոցում։

-Մի փոքր պատմեք Ձեր մասին:

-Ես ներկայումս կենսաբանության ուսուցչուհի եմ Աշոցքի միջնակարգ դպրոցում, սակայն մինչ այդ աշխատել եմ լրագրող, և շատ եմ սիրել այդ աշխատանքը: Շրջանային թերթերի վերանալուց հետո աշխատել եմ դպրոցում, և համադրելով լրագրողի և ուսուցչի աշխատանքը՝ հասա այն արդյունքին, որ կարողացա որպես լրագրող էլ լավ դրսևորվել:

-Ի՞նչ մասնագիտություն կընտրեիք, եթե ոչ մանկավարժ:

-Եթե ոչ մանկավարժ, կմնայի լրագրող: Ցավում եմ, որ չկարողացա շարունակել լրագրողի մասնագիտությամբ աշխատանքս, ես ԽՍՀՄ Ժուռնալիստների միության անդամ էի և մեծ հաջողություններ կունենայի։

-Եթե ներկայումս հնարավորություն ընձեռվեր, կթողնեի՞ք ուսուցչի մասնագիտությունը և աշխատեիք լրագրող:

-Ոչ, որովհետև ես ներկայումս համատեղել եմ լրագրողի և մանկավարժի աշխատանքը, և իմ յուրաքանչյուր օրը վերածել եմ լրագրողական և ուսումնական արկածային օրվա: Եվ յուրաքանչյուր երեխայի հետ շփումը լրացնում է լրագրողական օրերիս պակասը:

-Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը:

-Իմ կյանքի կարգախոսն է` լինել ազնիվ: Երբեք չեմ հանդուրժել սուտն ու կեղծիքը: Այնտեղ, որտեղ ես եղել եմ, միշտ առաջ եմ տարել ճշմարտությունը:

-Ըստ Ձեզ՝ ո՞ր հատկանիշն է ամենակարևորը ուսուցչի մասնագիտության մեջ։

-Մանկավարժը պետք է անչափ բարի լինի և ներողամիտ, և քանի որ մանկավարժը գործ ունի տարբեր ընտանիքների, տարբեր բնավորության տեր երեխաների հետ, ապա նրանց հետ պետք է լինել հավասարը հավասարի նման: Եվ որ ամենակարևորն է՝ պետք է վարվի աշակերտի հետ այնպես, ինչպես իր սեփական երեխայի հետ:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք Նոր Հայաստանի նոր կառավարությունից:

-Նոր Հայաստանի նոր կառավարությունից շատ մեծ ակնկալիքներ ունեմ: Որքան շատ եմ հետևում իրադարձություններին, այնքան մեծ բավականություն եմ ստանում: Նրանք էլ են կարևորում ճիշտը և ոչնչացնում են սուտն ու կեղծիքը: Մեծ հույսեր ունեմ և Նիկոլ Փաշինյանին, որպես քաղաքական գործիչ, խիզախություն եմ ցանկանում նոր մարտահրավերներին դիմակայելու և հաջողությունների հասնելու համար: Եվ այն ուղին, որով Նիկոլ Փաշինյանը տանում է այս նոր կառավարությունը, պսակված է մեծ հաջողություններով: Եկել է երազանքների իրականացման պահը, և մենք բոլորս՝ մեծ, թե փոքր, մեր գործառույթով պետք է գնանք Նոր Հայաստան:

-Պատկերացրեք՝ Ձեզ է վստահվել երկրի ղեկավարությունը, առաջինը ո՞ր ոլորտին կուղղեիք Ձեր հայացքը։

-Իհարկե, բազմաթիվ փոփոխություններ կան դեռ անելու, բայց առաջին ոլորտը կլիներ անվտանգությունը: Եթե անվտանգությունը հասնի իր գագաթնակետին, ապա հավատացնում եմ բոլորին, որ մեր պետությունը այլ հիմքերի վրա կլինի: Եթե պետությունը ամուր լինի սահմանից, ամուր կլինի նաև հիմքերից: Երբ կարողանայի ապահովել անվտանգությունը, կլուծվեին նաև մյուս հարցերը:

-Իսկ որպես մանկավարժ՝ ի՞նչը կփոխեիք կրթական համակարգում:

-Դեմ եմ կտրուկ փոփոխություններին, կցանկանայի հետագայում տեսնել այնպիսի կրթական համակարգ, որ երեխաները մանկուց մեծանային նոր մտածելակերպով: Նոր մտածելակերպը մեր պետությանը կհասցներ կրթական բարձր մակարդակի: Եվ դասապրոցեսը զուտ առարկայական դաս չլիներ, դուրս գայինք սահմանված դասապրոցեսի շրջանակից:

-Իսկ ո՞րն է Ձեր ուղերձը նոր սերնդին:

-Իմ ուղերձն է` հայրենքը պահել իր սահմանների մեջ, իր լեզվի մեջ, իր ավանդույթների մեջ: Ձգտենք ավելացնել նորը և կարևորը մեր պատմության նոր էջերին։

Շուտով Ուսուցչի  տոնն է: Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին իրենց մասնագիտական տոնի առթիվ:

Anna mkhitaryan

Ընտրություններ

Սեպտեմբերի սկզբից անհամբերությամբ սպասում էինք դպրոցի աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններին: Երևի թե թեկնածուներից շատ էի սպասում ընտրության օրվան: Տարեցտարի փոփոխվում է, նորամուծություն է մտցվում ընտրական գործընթացում: Այս տարի էլ ավելի հետաքրքիր ստացվեց:

Այս տարի ԱԽ նախագահի պաշտոնում առաջադրվել էին երկու թեկնածու՝ ավագ դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտներ Մինասյան Զոհրաբը և Կարապետյան Մարիամը: Սպասում էինք քարոզարշավի օրվան, և գրեթե ողջ ծրագրի ներկայացման փուլում լռություն էր դահլիճում: Բոլորը սպասում էին նախընտրական ծրագրի իրենց ցանկալի և սիրելի կետերին: Ես ինքս նորարարություն էի փնտրում, ուզում էի էլ ավելի հետաքրքիր ծրագիր լսել և սպասել դրա իրագործմանը: Ես, որպես արդեն փորձառու նախկին ԱԽ նախագահ, խորհուրդներ էի տալիս և ինքս վերապրում այդ անմոռանալի օրերը: Վերջապես հայտարարվեց ընտրության օրը: Ամբողջ դպրոցը հարցեր էր նախապատրաստել մեր թեկնածուներին, իսկ նրանք մեծ սիրով շրջում և պատասխանում, լուծումներ էին նշում երեխաների հղած հարցերին:

Ընտրությունից մեկ օր առաջ լռության օր էր, ոչ մի քարոզարշավ: Եվ հավատացեք, բոլորս վստահ էինք արդարության վրա, բոլորս սպասում էինք արդար արդյունքների: Սեպտեմբերի 27-ին արդեն ընտրություններն էին, և ես ընտրական հանձնաժողովի մեջ էի համադպրոցական աշակերտական կազմի հետ: Այնքան լուրջ և պատասխանատու աշխատանք էր տարվում, համակ ուշադրությամբ բոլորը հետևում էին մեր աշխատանքին։ Գրեթե ավարտվել էին ընտրությունները, անգամ դիտորդ ունեինք, ամեն ինչ արձանագրված, հաշվարկված և պատրաստ էր, բոլորս անհամբերությամբ սպասում էինք արդյունքներին: Կարող եմ ասել՝ ուժերի հավասարակշիռ վիճակ էր: Այդ պահին ես հիշեցի այն ապրումները, որոնք ունեցել էի ես: Հավատացեք, այնքան էլ հեշտ չէ սպասելը։ Ներքին ապրումները, վախը, վստահությունը, զիջողականությունը, ամեն բան խառնվում է, և ինքդ էլ չես հասկանում, թե ինչպես ավարտվեցին ընտրությունները, և դու հաղթեցիր: Ձայների հաշվարկման ընթացքում այնքան մեծ լարվածություն, ոգևորվածություն կար, որ թվերի հերթականությունն անգամ խառնվում է մտքումդ: Եվ ահա, վերջ, ավարտվել էին ընտրությունները, և հայտնի էր հաղթողի անունը, բոլորը սպասում էին թեկնածուներին: Եվ նրանց ներկայությամբ միայն հայտարարեցինք: Հուզմունք, զարմանք, ուրախություն ամեն բան խառնվեց իրար: Ընտրվեց Մարիամը` դպրոցի առաջատար և խելացի աշակերտուհիներից մեկը: Այնքան ուրախություն կար, մանավանդ, երբ տեսանք, թե ինչպես մյուս թեկնածուն Մարիամին շնորհավորեց և հաջող աշխատանք մաղթեց: Զգացինք, որ ոչ մի տարաձայնություն չկա, և այնքան դրական բան էր կուտակվել դպրոցում, դասարանում, դպրոցի պարիսպներից ներս, որ չհասկացանք, թե ինչպես ավարտվեց այս օրն էլ: Շնորհավորում և հաջողություն եմ մաղթում բոլորին, սպասում ենք պլանների իրագործմանը:
Ավարտվեց ևս մի դպրոցական հետաքրքիր և իրադարձություններով լի օր։ Այսպիսի օրերը շատ կլինեն, քանի դեռ մեր դպրոցը բարձր կազմակերպչական մակարդակի վրա է: Սիրով սպասում եմ բոլոր ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների իրականացմանը:

Anna mkhitaryan

Անկախության տոնը Աշոցքում

Աշոցքում արդեն ավանդական երևույթ է դարձել ամեն տարի Անկախության տոնին ընդառաջ արշավի գնալ: Այս տարին ևս բացառություն չեղավ: Բայց հրաշալի օր սկսվեց նախքան արշավի մեկնելը: Մեր դպրոցականները միջոցառում էին կազմակերպել Անկախության 27-րդ տարելիցի կապակցությամբ: Միջոցառումն այնքան տպավորիչ էր, որ անգամ չէինք ուզում դասարան գնալ և դասը շարունակել: Միջոցառման ավարտին ամբողջ դպրոցով մեծ շուրջպար բռնեցինք և սկսեցինք պարել: Ես կողքից այնքան ուշադիր և զարմացած էի նայում, որ ուղղակի ամբողջ մարմինս փշաքաղվում էր: Այնքան մեծ ոգևորությամբ էին պարում, որ մի պահ վախեցել էի շրջանի մեծությունից, չէ, չէ սխալվեցի, երևի զարմացել էի՝ ինչպես կարող են այսպես մի մարդու նման պարել:

Միջոցառումն ավարտված էր, բոլորն արդեն դասարաններում էին, երբ հանկարծ ներս եկավ մեր դասղեկը և ասաց, որ ժամը 2-ին գնում ենք: Մի տեսակ այլ կերպ էին հնչում այդ խոսքերը, մեծ ոգևորություն տեսա բոլորի աչքերում: Դասերն արագ ավարտելուց հետո վազեցինք տուն, վերցնելով համապատասխան պարագաները՝ շտապեցինք դպրոցի բակ: Արդեն դուրս էինք եկել, քայլերիս հետ նայում էի շուրջ բոլորս․ մանուկ, թե ծեր, խինդով էին մեզ նայում, և բոլորին հետաքրքիր էր մեր ուղղությունը: Համարյա մեկ ժամ անց արդեն անտառում էինք, ամբողջ ճանապարհին երգել էինք: Անտառում էլ ավելի մեծ ոգևորություն էի նկատում: Բոլորը վազում էին, խաղում, և այնքան մեծ ջերմություն կար, որ չէինք մրսում: Ուսուցիչների հետ էլ շփումն այլ հունով էր ընթանում: Ավելի ազատ, ավելի ընկերական, մեզ հետ էր նաև ոստիկանության մանկական բաժնի տեսուչը: Այնքան լավ էր ամեն բան, անգամ խարույկ վառեցինք և մի լավ ուրախացանք: Խարույկի շուրջը սկսեցինք երգել, և գիտեք՝ ամենահետաքրքիրն ինչն էր, երգի բառերը մոռանում էինք, բայց էլի նույն ոգով հիշում և երգում էինք: Այնքան մեծ էներգիա ստացա այդ օրվանից, որ տուն գալու ճանապարհին, չնայած մրսած էի, չէի ուզում բաժանվել ուսուցիչներիցս և ընկերներիցս:

Շնորհակալ եմ իմ դպրոցի ողջ անձնակազմից այս հնարավորությունը մեզ ընձեռելու համար: Ուրախ եմ, որ հնարավորություն ստացանք մեր ընկերներին ավելի լավ ճանաչելու: Չէ՞ որ մարդկանց հետ ճանապարհորդելիս ես նրանց ճանաչում: Ճանաչեցի նաև ինքս ինձ, դե ես էլ էի փոխվել: Ուզում եմ այս ավանդույթը շարունակական լինի, և մեր դպրոցի բոլոր սերունդները զգան այդ հրաշալի պահը իրենց կյանքում:

Lili Davtyan

Կարոտած գրում եմ

Օգոստոսի 9-29-ը մասնակցում էի եվրոպական ճամբարի Վրաստանում: Սկզբում մտածում էի, որ կարող է չհարմարվեմ կամ ձանձրալի անցնի, չէ որ 20 օրը բավականին շատ էր:

Բայց հենց առաջին օրը, երբ ծանոթացա ճամբարականներից մի քանիսի հետ, զգացի, որ առաջիկա 20 օրերը կյանքիս լավագույն օրերն են լինելու: Հենց այդպես էլ եղավ 20 օրվա ընթացքում։ Հասցրի ծանոթանալ 12 երկրներից եկած 100 մարդու հետ:

Առավոտյան մի կերպ էի արթնանում, իսկ ժամը 9-ին մարզանքն էր: Չնայած, որ բոլորս ատում էինք առավոտյան մարզանքները, մեկ է՝ կարոտում եմ նույնիսկ դրանք: Հետո մասնակցում էինք բազմաթիվ սեմինարների, խաղերի, մշակութային երեկոների… Մի խոսքով, օրերս շատ հետաքրքիր էին անցնում, և օր օրի էլ ավելի էի սիրում ճամբարը։ Ի ուրախություն ինձ, ծննդյանս օրը համընկել էր ճամբարի օրերից մեկի հետ, և ընկերներս այդ օրը լավագույններից մեկը դարձրին։

Ճամբարում ամենից շատ կապվեցի հենց հայերի հետ, ձեռք բերեցի շատ ընկերներ։ Ամենահիշարժան օրերիցս մեկն էլ հենց մեր՝ հայերիս ելույթի օրն էր: 2 օր անընդմեջ պատրաստվում էինք ելույթին, Հայաստանից տարել էինք ազգային սնունդ, հագուստ և այլ բաներ: Եվ իրոք, վստահաբար կարող եմ ասել, որ մեր ելույթը լավագույններից մեկն էր: Բոլորը հավանել էին ամեն ինչ, բայց հատկապես՝ հայկական կերակրատեսակները:

Ճամբարի ընթացքում երեք անգամ գնացինք նաև էքսկուրսիաների դեպի Թբիլիսի, Մցխեթա և Սիղնաղի: Չնայած շատ շոգ էր, այնուամենայնիվ լավագույն տպավորություններով վերադարձանք:

Եվ արդեն վերջին օրը թվում էր, թե մի ողջ կյանք ես ապրել այդ մարդկանց հետ, կապվել ես բոլորի հետ: Դժվար էր պատկերացնել, որ առավոտյան քեզ առաջնորդդ չի արթնացնելու, որ չես լսելու քո «Դեղին» թիմի նշանաբանը, հետաքրքրաշարժ պատմություններն ու կատակները:

Բայց ճամբարի ավարտով մեր բոլորի ընկերությունը չավարտվեց, այն շարունակվում է և դեռ շարունակվելու է շատ երկար ժամանակ։

mariam hayrapetyan

Երկու քարի արանքում

Մի անգամ մի առիթով հասկացա, որ կյանքը կորուստների մի մեծ շղթա է։ Մենք պետք է մեզանից պոկենք և տանք այն, ինչ սիրելի է, որպեսզի ստանանք այն, ինչ պետք է։ Ասել, թե այն, ինչ կստանանք, կենսական նշանակություն ունի նրա համեմատ, ինչ կտանք, սխալ է։ Ես երբեք չեմ մոռանում այն «երկու քարի արանք» իրադրությունները։ Որովհետև հենց այդտեղ է, որ որոշում ենք՝ ինչ կորցնել և ինչ ստանալ։ Պետք է որոշել, այլ ելք չկա։ Հավանաբար արդեն գլուխներդ տանում եմ սեփական կյանքիս պատմություններով, բայց դե, ես դրանց հիման վրա եմ իմաստնանում և փորձ հավաքում, որ էլի չասեն՝ աշխատանքային փորձ չունես։

Հիմա ապագան հասկանալու համար շարում ենք ներկայի պատը և հետ հայացք գցում անցյալին։ Կար ժամանակ, երբ անհոգ էինք։ Հետո լքեցինք ընտանիքը, որպեսզի կայանանք, հասկացաք՝ ինչը ինչով փոխարինեցինք։ Հետո սովորելու անվերջանալի տարիներին չկար ժամանակ համարյա ոչ մի այլ բանի համար։ Մեկ էլ հասկացանք, որ մեզ պետք է ֆինանսական անկախություն։ Դրա ձեռք բերումը մեզ զրկեց ամիսը մեկ անգամ ընտանիքին գրկելու հնարավորությունից, դարձավ մի քանի ամիսը մեկ միմյանց տեսնելը։ Շատ մեծ ընտանիքս ցրիվ է եղած ողջ աշխարհով։ Իսկ շատ փոքր ընտանիքս՝ ամբողջ երկրով։

Ամեն անհաջողության հետ բախվելիս կրկին ինձ համոզում եմ, որ անհոգ տարիները շուտ են անցել, պայքարել է պետք, ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը։

Դադարել եմ գրել․ մի քանի բան կիսատ եմ թողել և անգամ չեմ բացում հասկանալու համար, թե վերջինն ինչ եմ ուզում, որ լինի։ Հիմա նման բաների համար մտածելու ժամանակ ունեմ միայն երթուղայինում՝ ճանապարհների խորդուբորդությունների վրա։ Բայց ինչպես մտածում եմ՝ այնպես էլ մոռանում եմ երթուղայինից իջնելիս: Վազել է պետք, որ հասցնենք։ Իսկ վազում ենք օրական մի քանի ժամ, միշտ ունենք չհասցրած և կիսատ գործեր, որովհետև օրն ունի ընդամենը 24 ժամ։ Ինչ-որ կերպ գրելն ու ստեղծագործելը արդեն փոխարինում ենք, այսպես ասած, կենսական կարևորության եսիմ ինչերով։ Հետո էլ ասում են՝ ոնց ա ստացվում, որ մարդը փոխվում ա։ Ասեմ՝ ո՞նց։ Ինչքան էլ փորձես քո իսկ աուրայով լցված շրջանակդ պահել ու դրանով քայլել, միևնույնն է, օրերից մի օր հասկանալու ես, որ շրջանակդ մաշվել, հալից ընկել է, որովհետև դու ժամանակ չունեիր այն վերանորոգելու, ու որովհետև զբաղված էիր «ավելի կարևոր» գործերով՝ փող էիր աշխատում, սովորում, վազվզում պարզապես ու շփվում մարդկանց հետ։

Ընտրությունների մեծ շղթա։

Ախր, ձեզանից քչերն են պատկերացնում, երբ ներսումդ ինչ-որ բան կա կուտակված, ու դու դրան էություն չես տալիս՝ հանձնում թղթին, ինչքան է դա ծանրանում, սկսում խանգարել, խաղալ տրամադրությանդ հետ։ Իսկ կգա մի օր, որ պարզապես ամենաթեթև ու պարզ բառերով էլ չես կարողանա դրանց էություն տալ․ այ, դա էլ դու չես լինի։ Հասկացա՞ք։

Ինչևէ, փակենք վարագույրները ու նորից անցնենք գործի։ Ցտեսություն։