sona zakaryan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Սոնա Զաքարյան

Այսօր 17.am կայքի հինգ ամյակն է։ Սա կարդալուց հետո մտածեցի. «Իսկ ինչքա՞ն ժամանակ է, որ թղթակցում եմ 17.am-ին»։

Չորս տարի։ Արդեն չորս տարի է, ինչ 17-ի մեծ ընտանիքի անդամ եմ։ Ակամա հիշողություններս ինձ տարան տասնհինգամյա Սոնայի մոտ։ Հիշեցի իմ ոգևորվածությունը, երբ իմացա 17-ի մասին, առաջին փոքրիկ  նյութս գյուղիս մասին։ Առաջին մեդիա ճամբարը, նոր մարդկանց ճանաչելն ու լրագրողական հմտություններ սովորելը։ Ի՜նչ արագ անցան այս չորս տարիները։ Արագ անցան, բայց շատ բան տվեցին։ 17-ը ինձ համար դարձավ հարթակ՝ գրելու առօրյա տարբեր թեմաների մասին, որոնք առաջին հայացքից կարող են շատ անհետաքրքիր թվալ, բայց ես մի շատ կարևոր բան հասկացա, որ չկան անհետաքրքիր նյութի, լուսանկարի կամ ֆիլմի գաղափարներ, որովհետև եթե մի բանը մեծ ոգևորությամբ ու հաճույքով ես անում, այն երբեք անհետաքրքիր չի ստացվի։

17-ը ինձ օգնեց ազատ արտահայտել իմ մտքերն ու գաղափարները, կյանքին նայել այլ աչքերով, օգնեց, որ բացահայտեմ ինքս ինձ ու իմ շուրջը գտնվող մարդկանց ու աշխարհը։ 17-ի շնորհիվ ես դարձա ավելի ինքնավստահ ու ավելի համարձակ…

Ես անչափ ուրախ եմ, որ Հայաստանում ունենք նման հարթակ, որը դեռահասներին ու երիտասարդներին հնարավորություն է տալիս գրել այն ամենի մասին, ինչն իրենց հուզում է։ Հուսամ, որ ապագայում ավելի շատ թղթակիցներ կունենանք Հայաստանի տարբեր անկյուններից, ու 17-ի ընտանիքը գնալով ավելի կմեծանա։

Հ. Գ. Ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել 17-ի ողջ անձնակազմին, ձեզ անսահման եռանդ ու նորանոր ձեռքբերումներ։ Սիրում եմ բոլորիդ։

Քաղաքացու օրը

sona zakaryan

Շտեմարաններից մինչև որակյալ կրթություն

Ողջույն բոլորին։ Վաղուց է,  ինչ նյութ չեմ գրում։ Այնպիսի տպավորություն է, որ երկու տարի է` նյութ չեմ գրել, մինչդեռ ընդամենը երեք ամիս է անցել։

Հիմա երևի հարց առաջացավ, թե ինչու չեմ գրում։ Կպատասխանեմ մի  բառով՝ քննություններ։ Այս բառը երևի բավական է ամեն ինչ հասկանալու համար։

12-րդ դասարանի աշակերտների մեծ մասը, ինչպես ասում են,  «քիթ սրբելու ժամանակ չունի»։

Մենք՝ աշակերտներս, ամեն օր «գլուխ ենք ջարդում» շտեմարանային տարբեր վարժությունների ճիշտ պատասխանները գտնելու համար, պարապում ենք, հոգնում, բարկանում, նույնիսկ ատում բոլոր գրքերն ու հատկապես շտեմարանները։

Իսկ ի՞նչ են տալիս մեզ այս շտեմարանները։ Չէ՛, չեմ պատրաստվում ասել, որ ոչինչ չեն տալիս, որովհետև իսկապես  սովորել ցանկացողները որոշակի գիտելիքներ ստանում են,  իսկ չսովորողները բնականաբար «անգիր են անում»։  Չնայած որոշակի գիտելիքներ ստանալուն՝ շտեմարանները անգամ «ռոբոտացնում» են խելացի աշակերտներին։

Շտեմարանների շնորհիվ այսօր համալսարան ընդունվելը խաղ ու պար է դարձել շատերի համար։ Հա՛, ի՞նչ խնդիր կա, 20 միավորից  8-ը կստանան ու մի կերպ կընդունվեն համալսարան։ Մի կերպ կսովորեն, անընդհատ «լիկվիդ» կմնան,  մի կերպ կավարտեն  ու հետո էլ կբողոքեն, թե  աշխատանք չկա։

Երկար ժամանակ է, ինչ ընդունելության քննությունները անցկացվում են շտեմարանային հարցերով, որը մեծ թվով աշակերտների հնարավորություն է տալիս ընդունվել համալսարան և սովորել։ Հենց այս շտեմարանային հարցերը ծուլացրել, բթացրել են աշակերտներին, և հենց սա է պատճառը, որ այդքան բուհ ավարտողներից շատերը աշխատանք չունեն։ Մարդիկ անընդհատ բողոքում են, որ աշխատանք չկա և այլ և այլն, բայց հավատացեք, որ խելացի ու կայացած մարդը միշտ էլ աշխատանք կգտնի, որովհետև մեր երկրում խելացի ու զարգացած կադրերի մեծ պահանջարկ կա։ Իսկ խելացի ու զարգացած կադրեր ունենալու համար առաջին  հերթին պետք է փոփոխություններ սկսել հենց դպրոցում ու ամբողջ կրթական համակարգում։ Ես կասեի՝ ամբողջ կրթական համակարգը պետք է արմատախիլ անել  և նորը «տնկել»։ Դպրոցը պետք է լինի այն տեղը, ուր աշակերտները կստանան բավարար գիտելիքներ ու չեն հաճախի հավելյալ պարապմունքների, իսկ համալսարանը չպետք է լինի  մի տեղ, որտեղ բոլորը հեշտությամբ կարող են ընդունվել, կապ չունի` խելացի են, թե ոչ։ Համալսարան ընդունվելը պետք է բարդ լինի, որպեսզի յուրաքանչյուր աշակերտ աշխատի իր վրա և իրոք սովորի, միայն այս դեպքում, որոշակի փոփոխություններ  կունենանք կրթական համակարգում։

Վստահ եմ, որ մեզնից շատերը մեծ ցանկություն ունեն, որ կրթական համակարգը փոխվի, և  մենք որակյալ կրթություն ստանանք, բայց պետք է նաև գիտակցել, որ այդ ամենը երկար տարիներ է պահանջում։ Ուղղակի  յուրաքանչյուրս պետք է համբերատար լինենք ու մեր հերթին պայքարենք, որ մենք ու մեր երեխաները լավ կրթություն ստանան…

Իսկ հիմա, ուզած-չուզած պետք է գնամ. շտեմարանները ինձ են սպասում։

 

Անահիտ Բադալյան

Կիսված ապրիլն ու հիշողությունները

Բարև, հին ընկեր: Հուսամ՝ լավ ես: Վաղուց չէինք զրուցել, բայց քննությունները, «դեդլայններն» ու քոլեջի էս աննկարագրելի ակտիվ կյանքը շատ ու շատ բաների ժամանակ չեն թողնում: Էսօր ուզում եմ պատմել էս ամիսների մասին: Գիտե՞ս, դու շատ բաներ գիտես: Առանձին դեպքերով քեզ հետ բազմիցս կիսվել եմ, շատ բաների մասին պատմել եմ, սիրուն տեսարանները ևս փորձել եմ քեզ տեսանելի դարձնել: Բայց էսօր ուզում եմ խոսել էն մասին, թե մարդն ինչքան կարող է հասունանալ մի քանի ամսում:

Ամեն գիշեր քնելուց առաջ փորձում եմ մտովի հետ գնալ ու հասկանալ՝ ինչ եմ արել վերջին ամիսներին, ինչ եմ սովորել: Ու մտքիս առաջին թռիչքս է գալիս: Ես՝ դեռ երկար մազերով, հուզված՝ համ հայրենիքն ու բոլորին լքելու, համ ապագայի հանդեպ մեծ հույսեր, բայց մի քիչ տագնապ ունենալու պատճառով: Հետո հիշում եմ կորած ճամպրուկս՝ Վենետիկի օդանավակայանում: Նստած մարտկոցս ու Իտալիայում կորչելու մեծ վախս եմ հիշում: Օդանավակայանում 6 եվրոյով գնած պիցցայի մի փոքր կտորն ու լարվածությունից էդ պիցցայից առանձնապես բան չհասկացած ստամոքսս: Ցավող մեջքս եմ հիշում, որ երեք մեծ պայուսակ ուսերին 3-4 ժամ քաշ էր տվել Երևանից Վենետիկ: Հիշում եմ առաջին անգամ UWC Adriatic-ի ավտոբուս նստելս ու ամրագոտի կապել մոռանալս (վերջինս հաճախ էր կրկնվում սկզբնական շրջանում): Հետո հիշում եմ քոլեջ ժամանելս, ականջներիս իտալերենը, որ էն ժամանակ դեռ բացարձակապես չէի հասկանում, ու շուրթերիս անգլերենը, որ ամրապնդվեց էս ամիսների ընթացքում: Հիշում եմ սենյակիս պատուհանին մոտենալը, այն բացելն ու լաց լինելը: Երջանկությանս չհավատալն եմ հիշում: Հետո Նեմրայի “Last Chance To Love”-ը բարձր միացրած՝ սենյակս ձևավորելն եմ հիշում: Հիշում եմ՝ ինչ երկար էի նայում լուսնին ու ինչի մասին ասես՝ չէի մտածում․ հեռու անցյալից մինչև մոտ ապագա: Էկոնոմիկայիս առաջին տնայինն եմ հիշում, որի վրա երևի 3 ժամ ծախսել եմ, որ անթերի ստացվի, էն տնայինը, որը հիմա առավելագույնը 25 րոպեում կավարտեի: Հուզված Անահիտին եմ հիշում՝ կյանքում առաջին անգամ փիլիսոփայության դասախոսությանը նստած, էն Անահիտին, որը հիմա ձկան նման լողալ է սիրում փիլիսոփայության մեջ: Հա, լողալու մասին: Հիշում եմ՝ ծովի ափին ընկերներիս լողալիս լուսանկարելս ու իրենց պես լողալ իմանալ ցանկանալս: Ու հիշում եմ և այն, որ լողում եմ հիմա արդեն: Տեղանքին անծանոթ լինելու պատճառով մի քիչ անհանգիստ լինելս եմ հիշում ու հիմա Դուինոյով անընդհատ զբոսնելու անհագ ցանկությունս: Կյանքիս ամենասիրուն մայրամուտներն եմ հիշում ու ամենապայծառ արևածագերը: Երևի ոչ ամենատաքը, որովհետև ինձ ջերմացնողներից քիչ ավելի հեռու եմ: Սիրուն օրեր եմ հիշում, պաղպաղակներով ու ժպիտներով լիքը օրեր: Կարևոր թեստերից առաջ չփակված աչքեր ու թեստը ավարտած մաքուր խիղճ եմ հիշում: Էսքանը հիշում եմ մի ակնթարթում, բայց թվում է՝ երկար ժամանակ է պահանջվել էսքանը հիշողության գիրկը գցելու համար: Ու մի բան էլ եմ հիշում, որ հիմա ես ծովից ծով եմ, էնպես, ինչպես իմ Հայաստանը՝ ժամանակին: Ծովի էս կողմում ես ժպտալ ու անկեղծ ուրախանալ եմ սովորել, ինքնուրույն ու հաստատակամ ապրելուն ու ինքս իմ մասին հոգ տանողը լինելուն եմ հարմարվել, բայց այդ ամենը շնորհիվ էն մեծ կամքի ուժի, որ ծովից էն կողմ եմ ձեռք բերել: Ես ծովից էն կողմ մի ուրիշ ծով ունեմ: Իմ սիրելիների, թանկերի ստեղծած ծովը՝ խաղաղ, ջերմ, տաք ու ջինջ:

Ես ուզում եմ իմանաս, որ բոլոր ծովերում էլ փոթորիկներ լինում են: Բայց նավերը շարունակում են հանդարտ լողալ նրանց մակերեսին: Պինդ մնա, եթե փոթորիկներ սկսեն քո հոգու ծովերում, դուրս չգաս ափերիցդ ու չբորբոքվես: Ծովը նրանով է գեղեցիկ, որ կարողանում է լուռ հանդուրժել անձրևը, ձյունը, քամին ու այդքանով հանդերձ չի դադարում սիրունագույնս արտացոլել արևի լույսը:

Այս յոթ ամսվա ընթացքում շատ եմ մտածել ծովի մասին՝ ծովի ափին նստած: Ժամանակը, հեռավորությունը, քո առջև դրված նպատակների խոստումնալից ու պարտավորեցնող լինելն ու մտերիմներիդ բացակայությունը թափահարում են ալիքներդ, բարեկամս, ուզում են հունից հանել հոգուդ ծովը: Խաղաղ մնա, որ քեզ նայելիս մարդիկ զգան այն, ինչ ես՝ Ադրիատիկին: Սեր, հիացմունք, ներդաշնակություն ու․․․ կարոտ:

Հ․Գ․ Դասերի ու հանձնարարությունների թոհուբոհում շաբաթ օրը Սլովենիա եմ այցելելու, կկիսվեմ։ Մինչ հանդիպում, իմ բարեկամ:

Հաղթանակից հետո դեպի Գառնի

IMG_20190329_141247

2018 թվականի դեկտեմբերի 7-ին լրացավ Սպիտակի երկրաշարժի 30 տարին։

ՀՀ ԳԱԱ ԵԳՒ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը կազմակերպել էր «Սպիտակի երկրաշարժ, 30 տարի անց. փորձ և հեռանկարներ» խորագրով մրցույթ-միջոցառում։
Մրցույթին, դպրոցի կազմակերպիչ և երեխաների շատ սիրելի ուսուցիչ Ռոզա Միրզոյանի գլխավորությամբ, իրենց ներդրումը ունեցան Սյունիքի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցի աշակերտները՝ «Հպարտ սյունեցիներ» անվանմամբ։

Մրցույթին մասնակցում էին 25 խմբեր` Երևանի և մարզերի դպրոցներից, քոլեջներից, կրթահամալիրներից, որոնցից առաջին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեցին հենց Նորավանի միջնակարգ դպրոցի աշակերտները։IMG_20190328_092640

2019 թ․ մարտի 27-ին Գառնիի երկրաֆիզիկական դիտարանում կազմակերպված մրցանակաբաշխությանը երեխաներին շնորհվեցին նվերներ և հավաստագրեր։ Երեխաները նաև այցելեցին Գառնի տաճար՝ որպես սողանքային գոտի։
Դպրոցականները լավ տպավորություններով և էլ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերած՝ հետ վերադարձան տուն։

Հայ աղջիկները ֆուտբոլում

56271634_325159774715915_4664750476808421376_nՖուտբոլ՝ հավանաբար աշխարհի ամենասիրված, ամենահայտնի և ամենագեղեցիկ մարզաձևը: Մարզաձև, որը մեկ նպատակի շուրջ է միավորում միլիոնավոր մարդկանց:

Հայաստանում էլ մարդիկ սիրում և խաղում են ֆուտբոլ, բայց ինչքան ես եմ նկատել՝ խաղում են հիմնականում տղաները: Մեծ կարծրատիպ է դարձել այն, որ ֆուտբոլը տղաների համար է, ինչի հետևանքով քիչ աղջիկներ են գետի հոսանքին հակառակ գնում և խաղում ֆուտբոլ: Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք խրախուսում են աղջիկների մասնակցությունը, որոնցից մեկն է ԳՈԼՍ-ը:

Մարտի 24-ին Արմավիր քաղաքի սպորտդպրոցում տեղի ունեցավ ԳՈԼՍ աղջիկների ֆուտբոլի լիգայի գարնանային շրջանի բացման արարողությունը: Արմավիր քաղաքում ԳՈԼՍ լիգան գործում է դեռևս 2018-ի սեպտեմբերից՝ այս պահին ունենալով 4 թիմեր Արմավիրից, Լեռնագոգից և Շենիկից:

Արմավիր քաղաքի ԳՈԼՍ համակարգողն է Օժենի Ավետիսյանը, մրցավարն է Հակոբ Բաբաջանյանը, իսկ բժշկական-տեխնիկական պատասխանատուն՝ Հեղինե Պապիկյանը:anahitaharonyndsht

ԳՈԼՍ կազմակերպությունը հիմնադրվել է 2015 թվականին, այն օգնում և աջակցում է աղջիկներին դառնալ առաջնորդներ ֆուտբոլի միջոցով՝ տալով նրանց արդար, հավասար և ապահով միջավայր՝ հաղթահարելու սոցիալական կարծրատիպերը սպորտի միջոցով:anahara

Հայաստանի ողջ տարածքում կա ԳՈԼՍ-ի 8 լիգա՝ ներառելով շուրջ 700 ֆուտբոլ խաղացող աղջիկների Արմավիրից, Սյունիքից, Շիրակից, Տավուշից, Վայոց Ձորից, Լոռիից, Կոտայքից և Գեղարքունիքից:

ԳՈԼՍ կազմակերպությունը շարունակաբար զարգանում է՝ ընդլայնելով իր լիգաների քանակը և համագործակցությունը ազգային ու միջազգային կազմակերպությունների հետ:
Կասկած չկա, որ սա հիանալի գաղափար է և մեծ հաջողության է հասնելու: Իմ կարծիքով, բոլորս էլ պետք է օգնենք նման կազմակերպություններին` մեծացնելու աղջիկների դերը բոլոր ոլորտներում։ Կանայք կարևոր են, կանայք հզոր են:

iza aststatryan

Մարտիության

Ծաղիկներ, փափուկ խաղալիքներ… Կարճ ասած` ամեն ինչ հուշում է, որ մարտի ութ է:

Մարտիության նվերներ ընտրելիս տատանվում ես, չես կողմնորոշվում` ինչ գնել, արդյոք գնածդ նվերը դուր կգա՞ նրանց, թե չէ (դե, համ էլ փորձում ես հավաքածդ գումարի մեջ տեղավորվել): Կարճ ասած, բավականին ծախսատար տոն է, թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար (հատկապես` տղամարդկանց):

Անկեղծ ասած, մարտիության նվերներից ամենաշատը սիրում եմ այն նվերը, որը ես եմ ինձ նվիրում (ես սովորություն ունեմ տոն օրերին ինձ համար նվեր գնելու, հատկապես, որ հնարավոր չէ իմ գնած նվերը չհավանեմ):

Մեկ-մեկ մտածում եմ, որ մարտի ութին ծաղկավաճառները միլիոնատերեր են դառնում (սովորաբար այդ ժամանակ ծաղիկները աստղաբաշխական գներ են ունենում):

Լավ, իմ կյանքն ու մարտիության իմ պատկերացումները մի կողմ դնելով` ուզում եմ շնորհավորել բոլոր կանանց և աղջիկներին:

Անկեղծ ասած` երբ փորձում էի որևէ բան գրել, չէի կողմնորոշվում, թե ում մասին կարելի է գրել:

Այո՛, դժվար է, երբ շրջապատված ես լինում լավ մարդկանցով և չես կողմնորոշվում, թե ինչպես շնորհավորել նրանց:

Մա՛մ, շնորհավոր տոնդ: Չեմ կասկածում, որ իմ ներսի դրական էներգիան քեզնից եմ ժառանգել: Ցանկացած իրավիճակում, հիշիր, առաջինը քեզ եմ հիշում, մամ: Եվ եթե երբեմն քեզ բարկացնում եմ, կներես, որովհետև հետո փոշմանում եմ:
Դժվար է, երբ գրում ես քեզ սիրող մարդկանց մասին: Դու նրանց հետ ապրում ես մի ամբողջ կյանք, բայց չես կարողանում նկարագրել, որովհետև բառերը չեն հերիքում:

Վստահ եմ` դեռ շատ բան ունեմ քեզանից սովորելու, մամ:

anahit aharonyan

Խաղաղասեր երիտասարդներս

Վերջերս շատ է օգտագործվում «խաղաղություն» բառը: Բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ խոսում են դրա մասին, ժողովրդին կոչեր են անում, որ պետք է խաղաղություն հաստատվի: Բայց եկեք հասկանանք, թե ինչ է խաղաղությունը: Ես անընդհատ տալիս եմ այս հարցն ինքս ինձ և ամեն անգամ նոր պատասխաններ եմ ստանում: Այս պահին ինձ համար խաղաղությունն այն է, երբ դու երջանիկ ես այն հասարակությունում, որտեղ ապրում ես, դու ինքդ քեզ աջակցված ես զգում, գլուխդ բարձին դնում ես այն մտքով, որ ամեն ինչ լավ է և ավելի լավ է լինելու:

Իսկ ինչպե՞ս պետք է խաղաղությունը հաստատվի: Բացի բանակցություններ վարելուց, ինքներս մեզ խաղաղությանը պատրաստելուց` կա մի շատ կարևոր նախադրյալ (դե, ինձ համար): Խաղաղության հաստատման մեջ երիտասարդներն էլ պետք է ներգրավվեն: Իմ կարծիքով` պետք է այնպիսի ծրագրեր կազմակերպել, որոնց շրջանակներում կոնֆլիկտների մեջ գտնվող երկրների երիտասարդները իրար հանդիպեն, ծանոթանան միմյանց մշակույթների հետ, հասկանան, թե ինչ է կատարվում իրենց միջև:

Ես, օրինակ, մասնակցել եմ մի քանի միջազգային ճամբարների, որտեղ թուրք և ադրբեջանցի երիտասարդներ էլ կային: Նրանց հանդիպելուց հետո ես հասկացա, որ վատ ազգեր իրոք չկան, կան վատ մարդիկ: Նրանց հետ հիմա այնքան կապված եմ, որ թվում է, թե մենք նույն երկրում ենք ապրում՝ անընդհատ շփվում ենք, կիսվում մեր ազգերի ավանդույթներով և պատմությամբ: Այդպիսի մի ճամբարի ընթացքում շատ հետաքրքիր բան էր կատարվել: Վերջին օրն ադրբեջանցի աղջիկներից մեկը մոտեցել էր ընկերուհուս և ասել հետևյալ խոսքերը.

-Գիտե՞ս, ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են մեր ազգերը թշնամացել: Հա, պատճառը կա, բայց ո՞րն է նպատակը: Ես չեմ ուզում, որ մենք կռվենք, ուզում եմ, որ ես հանգիստ գամ քո երկիր, դու էլ` իմ, հանգիստ շփվենք ու հետևանքներից չվախենանք:

Բոլորս շատ էինք զարմացել, նման բան չէինք սպասում: Նրա խոսքերը շատ երկար ժամանակ գլխիս մեջ էին, ուշքի չէի գալիս: Կարճ ժամանակ անց միայն հասկացա, որ նա լիովին ճիշտ է:

Մենք` երիտասարդներս, պատերազմ չենք ուզում, չենք ուզում ոչ մեկին սպանել կամ վիրավորել նրա համար, որ նա չունի նույն մաշկի գույնը, կրոնը, ապրելաձևը, ինչ մենք: Մենք ուզում ենք ապրել խաղաղ, ճամփորդել, կիսվել մեր կյանքի հաջողություններով, ուղղակի կյանքը վայելել: Ու մենք հուսով ենք, որ այս կոչերը տեղ կհասնեն, մարդիկ կլսեն մեզ և կմիանան:

Խաղաղ օր բոլորիդ:

Անահիտ Բադալյան

Կյանքի նոր ուղի կամ պարզապես UWC

Ուսանողական կյանքիս մասին, ընթերցողս, շա՜տ բաներ գիտես։ Սիրուն ու չկրկնվող քաղաքների գեղեկությունն ես տեսել ինձ հետ, ինքնաբերաբար դուրս թռչող ժպիտս ես կիսել, համեղ ուտելիքների բույրից ես արբել ինձ հետ, հնդկացի ու գերմանացի ընկերներիս հետ ես ընկերացել, մայրամուտների մանուշակագույնով ես հիացել ու թախծել մի քիչ։ Այսօր ուզում եմ քեզ պատմել ամենակարևորի մասին։ Ուզում եմ, որ իմանաս իմ ու շատ-շատերի կյանքը փոխած ու փոխող UWC-ի մասին։

UWC-ն (Աշխարհի միացյալ քոլեջներ) ծրագիր է, որի շրջանակներում բազմաթիվ երկներից աշակերտները հնարավորություն են ստանում երկու տարի ուսանելու աշխարհի 17 միացյալ քոլեջներից մեկում՝ դառնալով մշակութային փոխանակման, անկրկնելի փորձառության, որակյալ կրթության ու changemaker լինելու պատվավոր կրողը։ UWC-ն  մարդկային մեծ արժեքների ու փոխադարձ հարգանքի ծրագիր է, աշխարհի, մյուսների ու ինքդ քո հանդեպ ունեցած սիրո, խաղաղության, բարության ու հոգատարության ծրագիր։ Աշխարհի 17 UWC քոլեջներից մեկի մասին լսած կլինես, բարեկամս։ Դրանցից մեկը մեր Դիլիջանում է։ Ու հպարտանալու մեծ առիթ պիտի ունենանք հայերովս, որ մեր երկրում նման հաստատություն է գործում, որ դեռ էն ժամանակվանից, երբ մարդիկ արտագաղթում էին մեր երկրից՝ սովորելու ու աշխատանք գտնելու, աշխարհի տարբեր ծայրերից մեր Հայաստան էին գալիս իմ ու քո տարիքի հարյուրավոր ուսանողներ՝ UWC Դիլիջանի քոլեջում կրթություն ստանալու։ Քոլեջներից մեկն էլ կա, որի մասին պիտի որ իմանաս, հավատարիմ բարեկամ իմ։ Քեզ շատ եմ պատմել UWC Ադրիատիկի մասին, էդ էլ էն քոլեջն է, որտեղ ես եմ սովորում։ Իմ քոլեջը՝ ծովի ու երանության ափին, երազանքի ու իրականության հատման կետում՝ Իտալիայում։ UWC քոլեջները յուրահատուկ են նրանով, որ անկախ նրանց աշխարհագրական դիրքից՝ ուսանողներին հավասար հնարավորություններով են օժտում։ Ես ու Հայաստանում, Գերմանիայում, Չինաստանում ու Հնդկաստանում սովորող իմ տարեկիցները բոլորս IB (միջազգային բակալավրիատի) ուսումնական ծրագրով ենք սովորում՝ մարտահրավեր նետող, բայց, ինչ խոսք, որակյալ և ուժեղ։ Բայց IB-ն UWC-ի մի մասն է միայն։ Մենք աշխարհը փոխելու մեծ հեռանկարով ենք ապրում, որովհետև ինքնաբացահայտվելու ու մեր ձայնը լսելի դարձնելու հնարավորություն ունենք, որովհետև աշխարհի մյուս ծայրերում ապրող մեր հասակակիցներին (ու ոչ միայն) մեր մշակույթը ներկայացնելու ու իրենց մշակույթը ճանաչելու մե՜ծ հնարավորությունը ունենք։ Օրինակ՝ մեր քոլեջում մշակութային շաբաթներ են կազմակերպվում ամեն կիսամյակ։ Այս կիսամյակ Ասիական մշակույթի շաբաթն էր։ Հա, ի դեպ, կյանքում առաջին անգամ փորձեցի հնդկական ու K-pop պարել. ասում են՝ վատ չստացվեց: Հաջորդ կիսամյակ Արևելյան Եվրոպայի երկրների ներկայացուցիչները ելույթ կունենան, անցյալ կիսամյակ էլ մեզ իրենց երկրում հյուրընկալ ընդունող իտալացիներն էին իտալական շաբաթ նախաձեռնել։ Ամեն առավոտ դասի գնալուց ու դասերից հետո դասապատրաստմամբ զբաղվելուց բացի, բարեկամս, մենք սպորտի ենք հաճախում, կամ գնում ենք մոտակա քաղաքներ ու գյուղեր՝ համայնքին որևէ սոցիալական ծառայություն մատուցելու։ Օրինակ՝ ես ու իմ ընկերները ամեն հինգշաբթի գնում ենք մոտակա ավան՝ Մոնֆալկոնե՝ տարբեր տարիքի իտալացիներին անգլերեն ուսուցանելու։ Ամեն չորեքշաբթի և ուրբաթ ես լողի եմ գնում։ Երբ քոլեջ եկա, լողալ չգիտեի։ Մի տեսակ ափսոսում էի․ ծովի ափին էի ապրելու ու լողալ չգիտեի։ Դժվար էլ սովորեի, շատ բարդ էր թվում։ Այ, դա է UWC-ն․ այն, որ ես հիմա լողում եմ ազատ ու շա՜տ հավեսով, էնպես, ոնց ամիսներ առաջ պատկերացնել անգամ չէի կարող։ Ու համ էլ իմ լողի մարզիչը իմ՝ իտալերենի հմտությունները բարելավելու առաջին ու ամենասիրելի օգնականն է։ Էնքան շատ ենք զրուցում։ Դժվար կլինի բացատրել՝ ոնց եմ ամեն անգամ ոգևորվում մի նոր երկխոսություն վարելուց ու վերջում Tu sei brava ստանալուց հետո։ Երեքշաբթի իմ երգելու օրն է։ Իմ վոկալի ուսուցիչը ամենալավն է։ Քոլեջի համերգներին ելույթ ունենալն էլ մի ուրիշ հաճելի զգացողություն է։ Բացի էն ընկերներից, որոնք ժամանակի ընթացքում դառնում են մեր մտերիմները քոլեջում, մենք նաև մեր դասղեկական փոքրիկ խմբեր ունենք։ Իմ դասղեկը լեզվաբան է։ Բազմաթիվ լեզուներով է խոսում ու հայերեն էլ հասկանում է։ Ամեն ամիս հավաքվում ենք ու ջերմ զրույցներով համեմում մեր իսկ ձեռքով պատրաստած ազգային ուտելիքներով լիքը սեղանը։

Թե ինչքան բարդ է սովորելն էստեղ, բարեկամս, չեմ ասի։ Գիտե՞ս, մարտահրավերները նրա համար են, որ ընդունենք, դժվարություններն էլ՝ հաղթահարենք։ Ամեն ինչի մեջ որ մի պայծառ գույն ու լավատեսության մի նշույլ տեսնենք, որ ժպտալու առիթ տեսնենք, կսիրենք ամեն ինչը։

Ու հա, հարազատս, գիշերներ կլինեն՝ գիշերալամպի լույսից հոգնած աչքերս կտրորեմ ու կհոգնեմ հորանջել անգամ, օրեր կլինեն՝ զարթուցիչս չի զանգի, ու ես կարթնանամ ինտուիցիայովս (որը, ի դեպ, մինչև էսօր ինձ երբևէ հուսախաբ չի արել): Երգեր կլինեն՝ չեմ հասցնի լսել, որովհետև պիտի էկոլոգիայիս թեստին պատրաստվեմ կամ փիլիսոփայության վերլուծությունս ավարտին հասցնեմ։ Օրեր էլ կլինեն՝ կուզենամ մի թույլ սուրճ խմել, որ արթուն մնամ, բայց ձեռքս ինքնաբերաբար կբռնի թեյնիկն ու իր կամքից անկախ թեյ կպատրաստի՝ հոգու խորքում իմանալով, որ սուրճն իմը չէ, ես թեյահոլիկ եմ։ Օրեր էլ կլինեն՝ մամային կգրեմ, որ լավ եմ, հաց եմ կերել ու դասերը լավ են, բայց չեմ հասցնի զանգել։ Կպատահի, որ մտերիմ ընկերներիս քննությունների օրերը առաջվա պես անգիր չեմ հիշի ու անգամ կմոռանամ հարցնել։ Կլինեն, բարեկամս, կլինեն․․․ Բայց ես կսիրեմ ու կգնահատեմ էդ օրերը էն նույն անկեղծ ու նվիրական սիրով, որով սիրում եմ մանուշակագույն մայրամուտն ու իմ ու քո զրույցները․․․ Այն զրույցները, որոնցում ես խոսում եմ, պատմում, իսկ դու պատասխանում ես ինձ երբեմնի լավագույն ձևով՝ հյուրընկալ լռությամբ․․․

Բարդի կամ հեշտի գիտակցելը չի, որ քեզ պիտի UWC-ի մասին պատկերացում տա: Պիտի պատկերացնես, որ այն օրվանից, երբ դու դառնում ես էս կենսական շարժման մի մասնիկը, էդ թեթև մարմնիդ ու պուճուրիկ ուսերիդ վրա աշխարհը փոխելու ու ավելի լավը դարձնելու ծանր ու մեծ պատասխանատվությունն ես վերցնում․․․

Ես սիրում եմ էս պատասխանատվությունը, էն էլ ինչքան շա՜տ․․․ Մինչև լուսին ու․․․ Անվերադարձ․․․ (To the moon and never back)…

Հա, ու անցյալ տարի այս օրն էր, երբ UWC ընտրության վերջին փուլին էինք մասնակցում՝ ապագայի հանդեպ մե՜ծ հույսով լցված․․․ Շնորհավոր էս օրը՝ կյանքիս ամենագունավորներից ու ամենահիշարժաններից մեկը․․․

anahit aharonyan

Օտարը Հայաստանում

Բարև բոլորին: Ինչպես վարչապետն է ասում՝ հուսով եմ, լավ եք: Վերջին անգամ մոտ մեկ ամիս առաջ էի ձեզ հետ զրուցել: Անկեղծ ասած՝ շատ էի կարոտել, փորձում էի ինչ-որ բան գրել, բայց չէր ստացվում: Վերջապես այստեղ եմ և ուզում եմ խոսել մի շատ կարևոր թեմայից՝ օտարերկրացիներից և նրանց հանդեպ ունեցած մեր վերաբերմունքից:

Մի քանի օր առաջ Երևանից Մեղրի էի գալիս ու ականատես եղա, թե ինչպես էր մի տղամարդ հայերենով վիրավորական բառեր ասում չինացի զբոսաշրջիկի հասցեին՝ մտածելով, որ նա, միևնույնն է, ոչինչ չի հասկանում: Գիտե՞ք, շատերին թվում է, թե դրանք ուղղակի կատակներ են, հավեսով կծիծաղենք ու կանցնի, կգնա: Բայց դրանք ուղղակի կատակներ չեն:

Մենք անընդհատ մեզ վեր ենք դասում մյուսներից, նման անփույթ կատակներ ենք անում, առիթը բաց չենք թողնում և ամեն հարմար պահի բողոքում ենք «երկրի մեջ լցված» օտարերկրացիներից: Այս ամենն էլ վերջանում է նրանով, որ զբոսաշրջիկները հիասթափվում են մեզնից և մեր երկրից, մենք էլ բողոքում ենք, թե ինչու տուրիզմը չի զարգանում:

Թվարկածս խնդիրների սկզբնաղբյուրը մեր «հայավարի» մտածելակերպն է: Մեզ դեռ փոքր տարիքից համոզում են, որ հայից լավը չկա, բոլորը վատն են, հայը լավն է: Շատ անգամներ եմ տեսել, երբ նույն տիպի տգեղ արտահայտություններ անում են երեխաները, իսկ նրանց ծնողները, փոխանակ ասեն, որ չի կարելի, գովում և ուրախանում են: Ոչ ոք չի կարող պատկերացնել, թե այդ պահին ինչքան եմ զայրանում։ Մեր մտածելակերպը փոխելու համար շատ-շատ երկար ժամանակ է պետք (դե, ցանկության մասին էլ չասեմ):

Սիրելիներս, եկեք ուղղակի հիշենք, որ վատ ազգ չկա, կան վատ մարդիկ: Ոչ մի հանգամանք մեզ չպետք է թույլ տա փնովել մյուսներին միայն նրա համար, որ նրանք չունեն նույն մաշկի գույնն ու արտաքինը, ինչ մենք: Մենք բոլորս տարբերվում ենք մեր արտաքինով, իսկ ներսում նույն օրգաններն ու ոսկորներն են: Եթե մենք նման կերպ վարվում ենք մեր հյուրերի հետ, մի օր էլ մենք ենք նման տհաճ իրավիճակում հայտնվելու նրանց երկրում: Սիրենք միմյանց, հարգենք միմյանց և փորձենք մի քիչ ավելի բարյացկամ լինել:

Մինչ նոր հանդիպում:

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Անահիտի նյութը մեզ խորհելու առիթ տվեց, մի՞թե մենք իսկապես այսպիսին ենք: Իսկ ի՞նչ ես դու կարծում: Արձագանքիր: