
Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
Տիեզերքը շատ առեղծվածներ ունի, որոնց մի մասը բացահայտված է, մի մասը՝ ոչ: Այն անծայրածիր է։ Գուցե մարդկանց միլիոնավոր տարիներ են հարկավոր, որպեսզի այն ուսումնասիրվի: Ես շատ եմ հետաքրքրվում տիեզերքով, մոլորակներով, տիեզերանավերով: Չեմ ուզում երկարացնել, մի խոսքով՝ այն ամենով, ինչը կապված է տիեզերքի հետ: Գլխավոր պատճառներից մեկը, որ ես սկսեցի ուսումնասիրություններս, պապիկս էր: Նա Հայաստանի լավագույն երկրաբաններից մեկն էր: Դեռ տասը տարեկան էի, երբ պապիկս ինձ նվիրեց մոլորակների քարտեզը. ես ուղղակի հիացած էի դրանով: Այդ օրվանից իմ մեջ անընդհատ հարցեր էին առաջանում տիեզերքի մասին, և այդ հարցում ինձ միշտ օգնում էր պապիկս: Մենք ամեն երեկո պատշգամբում նստում և խոսում էինք աստղերի մասին (մեր պատշգամբից աստղերը շատ պարզ են երևում):
Ամառային մի գեղեցիկ երեկո նստած էինք պապիկիս հետ, և մեծ երկնակամարում լուսինն այնքան մեծ ու պարզ էր երևում, որ ես որոշեցի, անպայման պետք է տիեզերանավ պատրաստենք ու թռչենք դեպի լուսին: Պապիկը ծիծաղեց, բայց ապա լրջությամբ պատասխանեց.
-Մենք վաղվանից պատրաստվում ենք տիեզերանավի կառուցման աշխատանքներին:
Ես հաջորդ օրը առավոտյան շատ վաղ արթնացա, գնացի բակ, հավաքեցի տարատեսակ փայտի ու երկաթի կտորներ ու բերեցի տուն: Սկսեցի տիեզերանավի նախապատրաստական աշխատանքները: Երեկոյան տիեզերանավն արդեն պատրաստ էր:
-Պապի՛կ, ամեն ինչ պատրաստ է, գուցե չհետաձգե՞նք թռիչքը,- ասացի ես:
Պապիկն ասաց, որ մեր տիեզերանավը շատ փոքր է և անիրական՝ տիեզերք թռչելու համար: Ես մի փոքր հիասթափվեցի: Սակայն դրա փոխարեն նա ինձ պատմեց NASA-ի մասին: Պատմեց, որ հենց այնտեղ են կատարվում գրեթե բոլոր տիեզերական ուսումնասիրությունները, և հիմնականում այնտեղ են նախապատրաստում տիեզերագնացներին: Այդ օրվանից սկսեցի հետաքրքրվել NASA-ով։ Յուրաքանչյուր օր ինձ համար սկսվում էր նրանց կայքէջի նորություններով:
Ես շարունակում եմ հետաքրքրվել անծայրածիր ու անսահման տիեզերքով ու նրա գաղտնիքներով: Պապիկս ինձ նվիրել է մի մասնագիտական հեռադիտակ, որի օգնությամբ ես կարողանում եմ դիտել ամբողջ երկինքը շատ մոտիկից: Գիշերը լուսնին նայելիս ինձ թվում է, թե ես գտնվում եմ լուսնի վրա, հաճախ էլ երևակայությունս թևեր է առնում, և սկսում եմ սավառնել մյուս մոլորակների շուրջը: Վերջին խավարումը գրեթե բոլորն են տեսել. ես ուղիղ չորս ժամ հեռադիտակով հետևել եմ խավարման ամբողջ ընթացքին: Ես հուսով եմ, որ կստեղծեմ իմ երազանքների տիեզերանավը, իհարկե, հատուկ կրթություն ստանալուց հետո:
Շատ եմ ոգեշնչվել նաև «Աստղային պատերազմներ» ֆիլմից, որտեղ պատմվում է խաղաղ և ծաղկող մոլորակի՝ Նաբուի մասին: Ամեն օր պրպտում եմ, մի նոր բան ուսումնասիրում, փորձում մի նոր բան գտնել երկնքում: Այս ամենը ես մեծ հաճույքով եմ անում: Տիեզերքը հեքիաթային աշխարհ է: Ես դառնալու եմ տիեզերագնաց, չնայած այն փաստին, որ մասնագիտությամբ լեզվաբան եմ:
Սպասե՛ք իմ ուղիղ եթերներին Մարս մոլորակից:
Ձմեռ։ Ըստ իս, ամենայուրահատուկ ու նուրբ եղանակներից մեկը։ Ամբողջը պատված է փայլփլուն ձյան ծածկույթով, պաղ օդ, սառը, միաժամանակ թարմացնող քամի ու ես, որ քայլում էր փողոցով ու հանկարծ.
-Օֆ է՜, էլետ էս ծմեռը եկավ, զահլես էլա քընմ, է: Էս վե՞նց դենք անիլ, էդքան ծախս անիլ կլի՞, քե մատաղ։
-Էլ ասիլ մի, աստծուբեդիլք դի անիլ։
-Թե` մթամ էդ ո՞ւր են էդ Նոր տարին ստեղծել։ Իմ անասունին չեմ կարըմ սկի կերով ապահովեմ, դե յե՛ ու օրական հյուր դիմավորի, սեղան քցի, հըվաքի, բա տհե կլի՞։
-Հոգհան ենք ըլըմ…
-Ախիր, էն վախտվա ծմեռը չի, է՜, վեր մի երկու մանդարին, կանֆետով բավարարվենք, հմիկվա րեխեքն ինչ ասես` ուզըմ են:
-Դուզ ես ասմ, էլ են վախտվանը չի՜…
Ու այսպես հոգոց հանելով` երկու ծեր կին զրուցում էին ճանապարհին, իսկ ես լսում ու մտածում էի, թե ինչպես են ատում ձմեռը, եթե այն ունի այնքան գեղեցիկ դրսևորումներ՝ սկսած պատուհանին ձմռան կողմից նկարված նախշերից։ Ի՞նչն է փոխվել. միգուցե մեծանալուն զուգընթաց հոգսե՞րն են ավելացել, թե՞ էլ չեն հավատում Ձմեռ պապի գոյությանը… Միլիոնավոր անպատասխան հարցերի մասին մտորելով` հասա տուն.
-Տատ, տյուք՝ մեծերդ, խի՞ չեք սիրըմ ծմեռը։
-Է՜հ, էն վախտվա ծմեռը չի, է՜…
Բայց ինչպիսի՞ն էր էն ժամանակվա ձմեռը… Հանելուկային է։
-Դըմփ, դըմփ, դըմփ…
Ու այսպես ամեն բացվող առավոտ, երբ ես դուրս էի գալիս տնից, լսելով այս ոտնաձայները՝ իսկույն պաշտպանված էի ինձ զգում։
Մի տարի կլինի։ Դեռ նոր էր սկսվել ուսումնական տարին, սև ու սպիտակ հագուստներ, զանազան պայուսակներ, ճիչեր, երգեր, նույնիսկ՝ տխուր դեմքեր։ Մի սովորական օր ութն անց քառասուն ես դուրս եկա տնից։ Միանգամից ականջակալներս դրեցի ու պատրաստվում էի արդեն միացնել երաժշտությունը, բայց լսվեց.
-Դըմփ, դըմփ, դըմփ…
Վախից քարացա։ Թեթևակի շրջվեցի, տեսա մի մեծ շան. ամբողջովին շագանակագույն, խոշոր ականջներով, սև աչքերով։ Նա արագ քայլերով մոտենում էր ինձ։ Սիրտս քիչ էր մնում կանգ առներ։ Ի դեպ, ես սարսափելի վախենում եմ շներից, մանավանդ՝ փողոցի։ Շատ էի հեռացել տնից, այլևս ճար չկար. պետք է կա՛մ շարժվեի, կամ էլ… Սկսեցի դանդաղ քայլել՝ ցույց տալով իբրև ոչինչ չի եղել։ Քայլերի ձայնը կամաց մոտենում էր։ Ինչքան շատանում էին դմփդմփոցները, այնքան սիրտս տակնուվրա էր լինում։ Շատ չերկարացնեմ։ Մի քանի վայրկյան անց մոտեցավ ու սկսեց հավասար քայլել. ո՛չ մի դիպչել, հաչալ ու նմանատիպ ավելորդություններ։ Երկյուղս քիչ թե շատ նվազեց։ Քայլում էի հանդարտ, բայց չէի ուզում երաժշտությունը միացնել, որովհետև իմ ֆանտազիան գերզարգացած մակարդակի վրա է։
-Ամեն ինչ հնարավոր է։ Միայն թե ցույց չտամ լարվածությունը։ Նա կզգա դա։
Անընդհատ կրկնում էի մտքումս, ու անգամ չնկատեցի, թե ինչպես հասա փողոցի ծայրը։ Ժամանակն էր ճանապարհն անցնելու։ Անսպասելիորեն շունն առաջս ընկավ և իսկույն կանգնեց փողոցի մեջտեղը։ Չհասկանալով կատարվածը՝ արագ անցա կողքով ու տեսա, որ գալիս է։ Մտորելուց հետո հասկացա, ու գրպանիցս մի կտոր շոկոլադ գտա, տվեցի իրեն։ Մտա դպրոց։
Ու այսպես ամեն առավոտ կրկնվում էր, մինչ եկավ ամառը. ամռանը հազվադեպ էի տեսնում նրան։
Ես այս տարի փոխադրվեցի ավագ դպրոցի 10-րդ դասարան. նոր ճանապարհ, նոր դպրոց, նոր շրջապատ, ուսուցիչներ։ Գրեթե մոռացել էի շան մասին, երբ հոկտեմբերյան առավոտներից մեկին տնից դուրս գալուն պես տեսա նրան։
-Ինչքա՜ն է մեծացել։
Իսկապես նա այնքան ծերացել էր, ու քայլերն էլ շատ դանդաղ էին և փոքր։ Այդ օրվանից հետո մեկ-երկու անգամ եմ տեսել, ոչ ավելի։
Մտածում եմ՝ մի՞թե որևէ անծանոթ նման քայլի կգնար ինձ համար ամեն առավոտ՝ վտանգի տակ դնելով կյանքը։
Հաճախ միայնակ մնացած մարդկանցից ոմանք էլ ուզում են բարություն անել, թեկուզ՝ անծանոթին։ Մեր օրերում նման մարդկանց կարիքը շա՜տ է զգացվում։
Ես ուսանող եմ՝ մեկը այն ուսանողներից, որոնք ամեն օր մտնում են համալսարան ու նոր գիտելիքներով հարստանում, բայց այնպիսի մեկը, որը դասերից հետո չի վազում տուն` մի բաժակ սուրճով օրը շարունակելու և երիտասարդական եռանդը ձեռքից բաց թողնելու, այլ գիտության քաղցրությունը զգալուց հետո մխրճվում է հասարակության մեջ, դառնում հասարակության ոչ թե մի մասնիկը, այլ ինքնին հասարակությունը, իսկ մխրճման արագությունը մղում է դառնալու շարժիչը հասարակության:
Մարդկային կյանքը նման է անդադար կրկնվող իրադարձությունների մի շղթայի, որ հաճախ տրտում և անհետաքրքիր է դարձնում ներկան: Ակամա մենք հետ ենք նայում մեր անցած օրերին և հանկարծ նկատում, որ հիշողության մեջ պահպանվել են առանձին դրվագներ. որևէ տոն, ուրախության յուրահատուկ պահ, գուցե որևէ տխուր հիշողություն, որոնք ճանկռում են մեր հոգին… Հասկանալով, թե քանի-քանի օրեր, իրար ձուլվելով և վերածվելով միապաղաղ զանգվածի, դուրս են մղվել մեր հիշողությունից, և որքա՜ն ժամանակ ենք կորցրել մենք, որքա՜ն հնարավորություններ` մեր և մեր դիմացինի կյանքը առավել գունեղ դարձնելու, ես գիտակցեցի, որ ժամանակն է գործել: Գործել հանուն ընդհանրական գործի:
Որքան էլ զարմանալի է, այս միտքը այցելեց ինձ 13-14 տարեկան հասակում: Այդ ժամանակ ես չգիտեի՝ ինչ ասել է կամավորություն, ինչ հնարավորություններ ու առավելություններ է տալիս այն, մինչդեռ այժմ շռայլորեն կիրառում եմ այն ամեն հնարավոր պահի: Արդարև ես հիմա էլ չեմ ընկալում այդ բառերի իմաստը: Ըստ իս, այն ամենը, ինչ մենք համարում ենք բարեգործություն, իրականում մարդկայնություն է շրջապատի նկատմամբ, կարեկից վերաբերմունք դրսևորելու պարզագույն միջոց:
Փոքր տարիքում գյուղի երեխաներս իրար էինք օգնում անշահախնդրորեն. մենք պաշտպանում էինք մեզնից թույլին, բարեկարգում դպրոցը, մեր բակը, օգնում ճերմակ մազերով ու երկար հյուսքերով տատիկներին և ալևոր ծերունիներին` վար ու ցան անել մի քանի խնձորի կամ կոնֆետների դիմաց: Եվ պատճառը այդ ամենի ամենևին էլ ուտելիքները չէին, այլ տատիկների ու պապիկների ջերմ ու պայծառ ժպիտը, իրենց քաղցր խոսքն ու լոկ մի համբույրը մեր պարզ ճակատին: Մենք չէինք անվանում դա բարեգործություն, և դա մեզ ոչ ոք չէր սովորեցրել, և երևի թե մեր ճիշտ քայլերն էլ սկսվեցին այդտեղից, երբ մեր արարքները դիտարկեցինք որպես պարտք, ոչ թե բարեգործություն:
Երբ ավելի մեծացա, հասկացա, որ կան մարդկանց օգնելու բազմաթիվ արդյունավետ միջոցներ, և անդամագրվեցի բազմաթիվ կազմակերպությունների և կամավորական ծրագրերի, իսկ հիմա կյանքս առանց այդ ծրագրերի դժվար է պատկերացնել: Նպատակն էլ մեկն էր. օրը գեթ մեկ անգամ տեսնել մի շնորհակալ ժպիտ, մի թախծից ազատված աչք, մի նոր ձևավորված անհատ: Օրերս ավելի ու ավելի գունավորվեցին: Ես զգացի, որ ապրում եմ ոչ միայն ինձ համար, և կյանքս էլ այլևս միայն ինձ չի պատկանում: Եվ հենց այս փորձառություններն էին, որոնք եղան նպաստող խթաններից մեկը մասնագիտական աճի, գիտական գործունեության և նոր ձեռքբերումների:
Ես խառնվում եմ հասարակությանը, բայց չեմ փորձում երբևէ խառնել հասարակությունը:
Ես պարզապես մեկն եմ, կամ էլ` մեկնումեկը:
Մայրական կողմի տատս՝ Անահիտը, պատմում էր, թե ինչպես է հարս եկել Աբգարյանների տուն, ու ինչ հետաքրքիր դեպքեր են եղել։
-Դե՜, Աննա ջան, կյալիցս մի երկու օր յեդը մի կծոտան հավ հարձակվել էր վրես ու վետներս ծվրտորել, էդ ա ահագին վախտ տհե կցա։
-Տատ, էլ պատմի, մի տեսակ հետաքրքիր տյառավ։
-Բա պատմե՜մ։ Ուրեմն ես ու կիսուրս՝ մեր Անիկ տատը, փռնըմ հաց ենք թխըմ, մթուշ շուռ կյամ տենամ պատրոնս՝ Ռուբեն պապն ու քու պապը, վերցակ են մորթըմ, ահագին վախտ յեդը, վեր յեկա կուխնի, տեհա էդ հավը մաքրել են, լվացել, հմի էլ ճաշ են էփըմ։ Մնացի ըրմացած։ Իմ հերական տանը տղամարդը ճաշ էփած չէր, էդ թըվըմ` հերս։ Հըմի վեր մին-մին քու պապին ասըմ եմ շուլուղով՝ ճաշ էփի, ասըմ ա, թե վախտն անց ա կացել։
-Տա՜տ, բա ծիծաղիլի դեպքեր լել չի՞։
-Գիդըմ չեմ՝ ծիծաղիլի ա՜, թե լաց ըլիլի՜, նախդի մհետ խայտառակ եմ լել նոր յեկածս վախը։
-Էդ ի՞նչ ա լել, վեր։
-Ջահիլ վախտերս միամիտ-միամիտ խոսալ ունի։ Մեր հըրևան Շաքար պապը, հիվանդ մարդ էր, մի օր վեր կցավ յեկավ տուն, իրեք լիտրանոց դեղձի սոկը մհետըմ խմեց, հատիկներիցը հետ կերավ ու բրախեց քնաց։ Մացանք մհել, վեր էտ քշեր վատացել ա։ Աննա ջան, քու տատն էլ միամիտ ու զո՜լ միամիտ, ասեց. «Մի՜ լյավ էլ էդ սոկը մըչև վերջ խմեց, նոր քնաց…»։

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
Հա, գիտեմ, մի քիչ տարօրինակ է հնչում, բայց դե ինձ բաժին է ընկել աշխատել թղթերի հետ: Ինչո՞ւ հենց «բարև, թուղթ»՝ հիմա կասեմ:
Մարդիկ տարբեր են, չէ,՞ իսկ եթե տարբեր են, ապա տարբեր են նաև իրենց մտածելակերպը, պլաններն ապագա կյանքի, մասնագիտական աշխատանքը և այլն: Ես էլ դե իմ հերթին եմ տարբերվում, ինչպես նաև երևի իմ դրած վերնագրով: Ուզում եմ մի պահ կտրվել իմ գերծանրաբեռնված գրաֆիկական դիզայն մասնագիտության ծանր գրաֆիկից և մի քիչ կիսվել ու զրուցել: Հա, գիշերվա ժամը չորսին քսան է պակաս, բայց համ հավես ունեմ գրելու, համ քունս է ճիշտ պահին փախել, համ էլ այսօր շորերս դասավորելուց ծալեցի նաև իմ շատ սիրելի 17.am-ի շապիկը: Որ ճիշտը ասեմ, ուզում էի հագնել, բայց նայեցի ցրտից քրտնած ապակիներին ու էլի դրեցի տեղը` ասելով. «Լավ, չեմ հագնի, բայց կգրեմ էսօր կայքի համար, վերջ ի վերջո հենց էնպես չի այն իմ պահարանում»:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
Հիմա ես գրում եմ, այդ ամենին գումարած տանը միայնակ եմ, անդորր է, ու հենց սա էլ պետք է ինձ: Դասերս ավարտված են, հեռուստացույցի անձայն էկրանն է խաղում ու վերջ: Հա, մի քիչ սառնարանի ձայնն է խանգարում, բայց ոչինչ, էսքան դրականի մեջ մի հատ էլ բացասական թող լինի: Հիմա ես գրում եմ սպիտակ մի տարածքում. ամբողջ սեղանը թղթերի մեջ կորած է, կպչուն ժապավենները կենտրոնում են ու համակարգիչը: Հա, վայ, մոռացա, մեկ էլ 24 գույնի մարկերներ թափված բազմոցին, և ինչպես միշտ, կանաչը գետնին, որը այդքան շատ չի օգտագործվում: Մոտ մեկ ամիս է` քնում և արթնանում եմ թղթերի մեջ: Բերում ես հյուրասենյակ թղթերը, և արդեն նկատվում են ընկերներիս տխուր դեմքերը: Չէ, չէ, սխալ մի հասկացեք, իրենց չեմ խնդրում, որ օգնեն, այլ ասում եմ. «Ազատեք տարածքը, գալիս ենք»: Ու տան միակ բազմոցին նստում եմ ես ու հիսուն սանտիմետր լայնությամբ և յոթանասուն սանտիմետր երկարությամբ գծագրական տախտակը իր անբաժան նույն չափսի հինգ թղթերի հետ միասին:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
-Բարի գիշեր, Սերոժ, մենք գնացինք:
-Բարի:
-Չե՞ս քնում:
-Չէ, գործի կեսն եմ արել, դեռ երկու հատ հիսուն-յոթանասուն կա:
-Լույսը անջատեմ, էլի, քնում ենք:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
Ու այդպես ամբողջ գիշեր հյուրասենյակի լույսը վառած գծել-ջնջել, ուրախանալ և հիասթափվել՝ չորս միլիմետր սխալ է գծվել: Դե արի ու նորից գծի: Լավ, տեսողության անկումը ու հոգնածությունը մի կողմ: Ես դրանց վրա գումար եմ ծախսում, չէ՞. գնում եմ թուղթ, որի արժեքը չորս հարյուր դրամ է, ու բնականաբար, ոչ մեկ հատ: Քանի դեռ ուսանող ես, վստահ չես, որ չես փչացնի և չես վազի խանութ: Երանի չէ՞ր թղթերով պրծնեի: Չխոսեմ ներկերի մասին: Երբ գնացել եմ տասերկու հազար դրամով գնել քսանչորս գույն, լավ իմանալով, որ այն օրիգինալ ներկերը չեն՝ գնելով ամենաէժանը, օգտագործում եմ, էսպես ասած, շունչս պահած, որպեսզի շուտ չվերջանան: Կապ չունի, որ չեմ աշխատում, բայց գիտակցում եմ, որ ծնողներիս համար էլ հեշտ չի ապահովել ինձ այդ նյութերով: Հիմա կասեք` մեծ տղա է, ինչո՞ւ չի աշխատում: Համաձայն եմ ձեզ հետ: Տասինը տարեկան եմ, դեռ չեմ աշխատում: Բայց ոչ թե նրա համար, որ չեմ ուզում, այլ այն պատճառով, որ գիշերվա չորսից մինչև առավոտվա ինը գրաֆիկով աշխատանք չկա: Կան երեկոյան ժամերից: Իսկ երեկոյան ես գծում եմ: Գիտեմ նաև, որ եթե աշխատեցի, չեմ կարող նորմալ մասնագետ դառնալ, իսկ հետո էլ մասնագիտական աշխատանքի ժամանակ իմ արդարացումները չեն փրկի, երբ ասեմ` էս բանը չգիտեմ, որովհետև աշխատում էի: Առանց աշխատելու էլ քնում եմ երեք ու կես ժամ, բա որ աշխատեմ, էդ ժամանակ ի՞նչ անեմ, չքնե՞մ: Էդպես կլինի՞: Ինձ ասում եմ` ոչինչ, կիսել եմ արդեն, մնաց երկու կուրս: Սա էլ կավարտեմ ու արդեն կաշխատեմ իմ գործով ու սիրելով: Բայց միևնույնն է, ինքդ քեզ հույս տալուց հետո բախվում ես այն փաստին, որ աշխատանք է պետք: Աշխատանք է պետք թղթերից ու ներկերից բացի ուրիշ ծախսերի և այսքան ժամանակ ինձ համար երազանքի նման մի բան դարձած լուսանկարչական ապարատ առնելու համար, մանավանդ, երբ շուտով դրա պահանջը կզգացվի համալսարանում լուսանկարչական դասընթացին: Երրորդ կուրսից արդեն կանցնենք համակարգչային դիզայն, և կազատվեմ ներկերից ու թղթերից: Իսկ այդ գումարն էլ, որը ծախսում էի թղթերիս վրա՝ կհավաքեմ և կգնեմ լուսանկարչական ապարատը:

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
Դե ինչ, սա է իմ առօրյան. համալսարան, կանգառ, կանգառում նստած ինձ տարօրինակ հայացքով նայող մարդիկ, ովքեր միշտ զարմանում են իմ ձեռքի մեծ սև լայնամասշտաբ պայուսակից, որը արտաքինից նման է զենքի պատյանի, բայց իր մեջ անմեղ գծագրեր են, վառ գույներ: Իսկ սառած ձեռքս, որը գրպանումս է, այդ ձեռքիցս էլ կախված է տոպրակ, որի մեջ են քառասուն հատ A4 թղթեր: Չգիտեմ` ինչ եմ գրել, որովհետև արդեն համարյա ժամը հինգն է, ու կարծես երազում լինեմ, էնքան հոգնած եմ:
Ինչ անեմ, քնե՞մ, թե արդեն արթնանալու ժամանակն է: Եթե քնեմ, անտանելի է լինելու արթնանալը երեք ժամ հետո, իսկ եթե չքնեմ` վաղը դասին անկախ ինձնից կքնեմ: Մի խոսքով, արդեն գերհոգնածությունից կարծես զառանցում եմ:
Հավաքեմ այս թղթերը և գնամ սենյակ քնելու: Ահ, մոռացել էի. այս նույն իրավիճակը նաև սենյակումս է: Անկողին, որի վրա ծածկոցը չի երևում սպիտակ թղթերի պատճառով և պահարան, որի վրա են տարատեսակ ներկանյութեր: Մի խոսքով, ես էլի կարթնանամ իմ թղթաշատ սենյակում, և շորերիս տակ կլինեն էսքիզների ճմռթած թղթեր և այն մեծ տոպրակը, որը պայթում է իր մեջ եղած թղթերի քանակից: Առավոտյան ձայն կտամ ինձ հետ բնակարանը վարձակալող ընկերներիս. «Բարի լույս, տղերք», ովքեր հյուրասենյակում են: Բայց մինչ իրենց տեսնելը աչքովս են ընկնում պահարանի գլխին դրված թղթերը, որոնք անհնար է առաջինը չնկատել: Թվում է` քեզ են նայում, իսկ բարևդ էլ կարծես ուղղված է առաջինը հենց իրենց՝ թղթերին:
Դե ուրեմն` բարև, թուղթ…

Լուսանկարը` Մերի Մուրադյանի
Սովորական աշխատաքային օր էր, ամեն մեկը իր գործին՝ երեխաները դասի, մեծահասակները` աշխատանքի, ամեն ինչ ընթանում էր իր հունով մինչ այն պահը, երբ դասարան մտան երկու անծանոթ աղջիկ: Մի պահ խառնաշփոթ տիրեց, բայց ամեն ինչ ընկավ իր տեղը, երբ այդ աղջիկները հայտնեցին, որ մոտակա երեք օրերին դասարանի աշակերտների մի մասը մասնակցելու է «Էկոդպրոց» ծրագրին: Աշակերտներն այդքան էլ լավ չհասկացան, թե ինչի մասին են խոսում այդ երկու աղջիկները, բայց մեծ ուրախությամբ ընդունեցին լուրը: Նրանք 13-14 տարեկան երեխաներ էին, կային նաև 15-16 տարեկաններ:
Իսկ այդ երկու աղջիկները ես և քույրս էինք: Կազմակերպել էինք բնապահպանական դպրոց, քանի որ քաջ տեղյակ էինք մեր շրջապատի բնապահպանական խնդիրներին, և այն ամենը, ինչը մեզ հուզում էր, կարող էինք փոխանցել նաև երեխաներին: Սա լավագույն տարբերակը կլիներ նրանց բնապահպանական մշակույթով փոխանցելու:
Առաջին օրը նրանք մեծ հետաքրքրությամբ լսում էին այն, ինչ հաղորդում էինք իրենց, խոսնակներ էինք հրավիրել հատուկ երեխաների համար: Սա մեծ բավականություն էր պարգևում բոլորիս՝ ես տեսնում էի նրանց հետաքրքրված աչքերը, տեսնում էի` ինչքան ուրախ են, որ մասնակցում են ծրագրին:
Օրվա ընթացքում խաղեր էինք խաղում, հետաքրքիր փաստեր սովորում թե՛ բնության, թե՛ աղբի մասին: Անկեղծ ասած, ինձ համար ամենահետաքրքիր և սպասված պահը կարծիքները կարդալու պահն էր: Նրանք ամեն օր դասընթացի վերջում կարծիքներ էին գրում այդ օրվա մասին: Իսկ այ, երեխանների համար ոգևորիչ էին մրցույթները: Հաճելի էր տեսնել, թե ինչպես են պայքարում իրենց հաղթանակի համար, սակայն միևնույն ժամանակ, օգնում ընկերոջը:

Լուսանկարը` Մերի Մուրադյանի
Երկրորդ օրը գնացինք աղբահավաքության: Սկզբից խոսեցինք աղբի մասին, հետո խմբերի բաժանվեցինք և գնացինք աղբահավաքության, բավականին հագեցած օր ունեցանք: Վերջում քայլարշավ կազմակերպեցինք, հետո նորից մրցույթ:
Եկավ երրորդ օրը, այսպես ասած, հրաժեշտի օրը: Ընդհանուր քննարկում արեցինք, զրուցեցինք, խաղեր խաղացինք և հրաժեշտ տվեցինք երեխաններին:
Հաճելի զգացողություն է, որ դու կարողացար այդ երեք օրվա ընթացքում երեխաներին փոխանցել կարևոր գիտելիքներ, անմոռանալի պահեր (դե, ասում եմ անմոռանալի, որովհետև սա նրանց առաջին ծրագիրն էր, որին երբևէ մասնակցել էին):

Լուսանկարը` Մերի Մուրադյանի
Ուրախ եմ, որ կարողացանք մեր փոքր ներդրումն ունենալ նրանց կրթության մեջ: Եվ այս ամենը ևս մեկ անգամ համոզեց մեզ, որ ծրագիրը դարձնենք շարունակական և ընդգրկենք մեծ թվով մասնակիցների:
Բարև, Տավուշ։ Անցնում ես թունելը, ու ոսկեզօծ աշուն։ Դիլիջան, անտառ և մառախլապատ եղանակ։ Մինչ հայրենի գյուղ Բաղանիս հասնելս զմայլվում եմ Տավուշով: Երբ գյուղ հասնելուն մոտ մեկ կիլոմետր է մնում, ուզում եմ վճարել տաքսու գումարը և այդ մեկ կիլոմետրը վազելով ու նկարելով անցնել։ Այս անգամ գիշերը հասա գյուղ։ Չէի ուզում շտապել, որովհետև մութ էր։ Իսկ այ առավոտը՝ ֆոտո անելու։ Ճիշտ է, քիչ են ֆոտոները, բայց դա էլ բավական է զգալու համար, թե ինչ է ոսկե բնությունը։ Հաճելի է նման ֆոտոներ անելը և նաև շատ թանկ՝ կարծես կյանքի գնով նկարած։
Այո, այո, ճիշտ հասկացաք՝ ինձանից ձախ 800 մետր հեռավորության վրա են գտնվում ադրբեջանական դիրքերը։