mariam tonoyan

Շրջանավարտ 2020

«Սուս մնա, խայտառակ ես անում, դասի եմ», «վաայ, միկրոֆոնը միացրած էր», «ասեմ՝ կամերան չի աշխատում, անգիրս կարդամ», «ձայն չհանեմ, մտածեն՝ կապի խնդիր կա» ու նմանատիպ այլ արտահայտություններին, մամայի հեռախոսի համար հերթ կանգնած առցանց դասավանդվողներիս դժգոհություններին հաջորդեց առանց վերջին զանգի մնալու տրտունջներին խառնված մեկ քննությամբ ընդունվելու բերկրանքը։ Վերջին զանգ չունենալու միտքն ինձ առանձնապես թևաթափ չարեց, որովհետև հիմնական դպրոցն ավարտելիս մեկն արդեն ունեցել եմ և միջոցառումների սիրահար էլ չեմ։ Իմ մտահոգության առարկան այլ էր։ Ես, որ երկրորդ կիսամյակում նոր իմացա, որ այսուհետ անգլերեն քննությամբ հնարավոր չէ ընդունվել գերմաներեն բաժին, սկսել էի ինձ համար դասացուցակ սահմանել՝ մեկումեջ օրացույցի վրա նշելով՝ գրավոր, բանավոր, հայոց լեզու։ Ինքնուրույն պարապելը կրկնակի բարդ էր, քանի որ բանավոր խոսքիս մեջ թույլ տված վրիպակներս նույն պահին ուղղող չկար, իսկ դպրոցում միայն անգլերեն էինք անցնում։  Ու այն պահից, երբ բանավոր քննությունները չեղարկեցին, սկսեցի ավելի մեծ ջանասիրությամբ աշխատել գրավոր քննությանը պատրաստվելու համար։ Գուցե մեկ ուրիշ անգամ համաձայնեի, որ մեկ քննությունը բավարար չէ դիմորդի գիտելիքները ստուգելու համար, բայց այս պարագայում սա գոնե հնարավորություն է մեկ քննությանը լավ ներկայանալու։

Քանի դեռ չեմ վարակվել, թագավարակից միայն լավ հնարավորություններ եմ ստանում. վերջերս ավելի շատ ժամանակ ունեմ քննական նյութերից բացի նաև իմ սիրելի ստեղծագործությունները թարգմանելու, մուսայի հետևից ընկած՝ նկարչական կամ ստեղծագործական այլ գաղափարներով լցվելու, այս տարվա այլ շրջանավարտների հետ զրուցելու և նրանց դրությանը ու մեկնաբանություններին, դժգոհություններին ու գոհունակություններին ծանոթանալու։ Նրանցից մի քանիսի վերլուծությունները օգնում են հասկանալ, թե ինչպես են արտակարգ դրության ընթացքում առաջացած պայմանները ազդում շրջանավարտների վրա՝ իրենց դրական ու բացասական կողմերով։

Անուշ Ներսիսյան

Կորոնավիրուսը փոխեց ինչպես բոլորի, այնպես էլ իմ կյանքը։ Ինչպես այս տարի բոլոր շրջանավարտները, այնպես էլ ես պատրաստվում էի ընդունելության քննություններին և, իհարկե, շատ սպասված, շատ ցանկալի վերջին զանգին։

Ժպիտներ, թախիծ, ուրախություն, կարոտ, անհանգստություն, բայց փոխարենը՝ անկատար սպասելիք՝ կորոնավիրուս անունով։

Յուրաքանչյուր աշակերտ իր վերջին դասին ու վերջին զանգին անասելի մեծ ոգևորությամբ է սպասում, ու ես էլ բացառություն չեմ։

Մտքումս շարունակ վերջին զանգը տոնելու ուրվագծեր էի պատկերում։

Վերջին շրջանում շատ էի լսում այսպիսի արտահայտություններ. «Ոչինչ, ձեր վերջին զանգն էլ այսպես կհիշվի», «Տարիներ հետո կհիշեք, կծիծաղեք», «Սա էլ մի հետաքրքիր շրջադարձ էր», որը ես այդպես էլ չհասկացա…

Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս, թե արդյո՞ք հեռավար ուսուցումն արդարացրեց իր նպատակը ու շարունակ տարբեր մտքերի եմ զարնվում՝ ոչ այնքան ընդունելով հեռավար կրթությունը։ Բայց բացասական տրամադրվածությանս հետ մեկտեղ քաջ գիտակցում եմ, որ համավարակի պայմաններում այլ կերպ անհնար էր և մենք պարտավոր էինք մեր ծնողների, տատիկների, պապիկների առողջությունը գերադասել մեր կրթությունից։ Մի կողմ թողնեմ հեռավար կրթությունն ու խոսեմ այս շրջանում իմ՝ կրթության մեջ առավելությունների մասին։ Սա հիանալի ժամանակ էր հրաժեշտ տալու դասագրքային չոր փաստերին, կտրվել այդ «չոր» կրթական համակարգից ու կարդալ բազմաբնույթ ու բազմաբովանդակ գրքեր, որոնք ինքնակրթության լավագույն օղակն են ինձ ու, համոզված եմ, շատերի համար, և ինչի պակասը շատ ենք զգում դասերի շրջանում։ Իհակե, այս ընթացքում ամենամեծ ուշադրությանս առարկան ընդունելության քննություններն են եղել, որոնց պատրաստվում եմ մեծ սիրով։ Պատրաստվելով ընդունելության քննությանը՝ չեմ կարողանում ինձ պատկերացնել որպես առաջին կուրսի ուսանողուհի  հեռավար կրթության համակարգում:

Սուսաննա Ռափյան

Դպրոցական տարիներին մենք շատ ձեռքբերումներ ունեցանք ամենատարբեր ոլորտներում, օլիմպիադաներում, սովորեցինք ունենալ կոլեկտիվ ոգի ու խմբով աշխատելու հմտություններ ձեռք բերեցինք, կարևորեցինք ուսուցիչ-աշակերտ հարաբերություներում ուսուցչին որպես մեծ ընկեր ընդունելը,  ստացանք բազում գիտելիքներ, որոնք օգնելու են մեզ մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Չնայած բոլոր դրական ապրումներին, վերջին զանգը, որ կարծես ամբողջացնում է տպավորությունները, չեղարկվեց։ Շատ տխրեցի, երբ իմացա, որ տեղի չի ունենալու ոչ մի ավարտական միջոցառում ու ստիպված էի պարզապես տխրել տանը։ Երբ իմացա, որ ոչ մի բան չի կազմակերպվելու, շատ հուզված էի և տխրությունս զսպելն ու  ընտանիքիս անդամներից թաքցնելու փորձերս չէին հաջողվում։  Անկեղծ ասած՝ համավարակը, բացի վերջին զանգի հետ կապված մեր սպասելիքներից, որևէ այլ պլաններ չձախողեց, ընդհակառակը, ունեի նախաձեռնություններ, որոնք չէր հաջողվում իրականացնել դասերով պայմանավորված ժամանակի սղության պատճառով, իսկ արտակարգ իրավիճակը տվեց այդ ժամանակը՝ կարդալու նախընտրելի գրքերը, մտածելու, կենտրոնանալու  և պարապմունքներին ավելի շատ ժամանակ հատկացնելու։ Պարապմունքները և դասերը, ինչպես գիտենք, անցկացվում էր հեռավար։ Հեռավար ուսուցումը չեմ համարում արդյունավետ։ Երբ դպրոցում՝ որևէ դասասենյակում կարողանում ենք կենտրոնանալ դասի վրա, ապա տանը դա չի հաջողվում, քանի որ կենտրոնացման մի մասն էլ բաժին է հասնում տան անցուդարձին, առօրյային։

Մեր ընտանիքում միակ շրջանավարտը ես չէի։ Ավարտում էի թե՛ ես,  թե՛ եղբայրս (հիմնական դպրոցը)։ Ճիշտ է, ծնողներս տխրել էին ստեղծված իրավիճակի պատճառով, բայց չի կարելի չնկատել, որ երկու երեխայի վերջին զանգի վրա ծախսվող գումարը բավականին մեծ է և այս առումով շատ ընտանիքներ հնարավորություն ունեցան խնայողություններ անելու։ Մասնագիտության ընտրության հարցում դեռևս տատանվում եմ անգլերեն լեզվաբանության և թարգմանչության մեջ, քննությանը պատրաստվում եմ կրկնուսույցի օգնությամբ ու փորձում եմ առավելագույն կերպով պատրաստ լինել քննությանը։ Ի դեպ, կարծում եմ, որ մեկ քննությամբ ընդունելություն կազմակերպելն արդյունավետ է, քանի որ ընտրվել է հենց այն առարկան, որն առավել կարևոր է տվյալ մասնագիտության համար։ Լուրերը, որ դասերը միգուցե կշարունակվեն հեռավար, չեմ կարողանում ընդունել, քանի որ մարդկանց հետ ռեալ շփումը ավելի շատ է նպաստում ուսանողների միջև ընկերական հարաբերությունների ձևավորմանը, քան  կարող է տեղի ունենալ հեռավար կարգով։

Սեպտեմբերը պատկերացնում եմ նույն աշնանային տրամադրությամբ և հույս ունեմ, որ մինչև աշուն կնվազի թագավարակով և այլ հիվանդություններով վարակված հիվանդների թիվը և կյանքը կընթանա իր բնականոն հունով։

Դավիթ Չիլինգարյան

Վերջին զանգը շատ կարևոր է յուրաքանչյուր աշակերտի համար։ Այդ օրվա հետ կապված դասընկերներով շատ պլաններ ունեինք, բավականին նախապատրաստվել էինք, որոշել էինք երկու օր Արցախում անցկացնել, բայց լուրը, որ վերջին զանգ չի լինելու, ցնցեց բոլորին, և ինքս էլ շատ ծանր տարա։

Չէ՞ որ դա հրաժեշտ էր մի վայրի, որտեղ ձեռք էի բերել գիտելիքներ, հրաշալի ընկերներ, որտեղից դուրս էի գալու արդեն որոշակի չափով հասունացած ու, անկասկած, կարոտելու էի այդ սիրելի միջավայրը։ Եթե ինձ մեկ տարի առաջ ասեին, որ վեջին զանգ չեմ ունենալու, ես բարձր կծիծաղեի՝ համարելով դա անհնար, սակայն կյանքը լիքն է անակնկալներով, ու այդպես նաև հետաքրքիր է, որովհետև  յուրաքանչյուր վատ երևույթ ունի իր լավ կողմերը։ Ինչևէ, համավարակը խիստ գտնվեց ու զրկեց հրաժեշտի  հուզումնալից պահերից, փոխարենը առաջարկելով անիմաստ օնլայն դասեր։ Անիմաստ, որովհետև, կարծում եմ՝ դա երեխաներին գիտելիք չի տալիս, չի նպաստում դասապրոցեսին, այլ ընդհակառակը, սովորեցնում է երեխաներին անազնիվ լինել, որովհետև ուսուցիչն ու աշակերտը հաղորդակցվում են ընդամենը էկրանի միջոցով, իսկ երեխաները գնահատականի համար պատրաստ են չարաճճիություններ թույլ տալ, ինչը տևական դառնալու դեպքում բնավորություն կդառնա։

Ես հակված եմ երկու մասնագիտական ուղղության՝ քաղաքագիտություն և տուրիզմ։ Իմ կարծիքով՝ Հայաստանում քաղաքագիտությունը թույլ է զարգացած և, դառնալով լավ քաղաքագետ, ես ցանկանում եմ իմ  ներդրումն ունենալ իմ հայրենիքում այս ոլորտի զարգացմանը։ Իսկ տուրիզմն ինձ հետաքրքրում է Հայաստանի տեսարժան վայրերը նորովի բացահայտելու և օտարերկրացիներին առավել գեղեցիկ մատուցելու ձգտմանս շնորհիվ։ Այժմ ջանասիրաբար աշխատում եմ, որպեսզի լավ քննություն հանձնեմ։ Այս տարի հանձնելու ենք ընդամենը մեկ քննություն, ինչն ընդհանուր առմամբ ճիշտ քայլ չեմ համարում, բայց այս պայմաններում ամենահարմար տարբերակը սա է։ Իհարկե, դա նույնպես վտանգավոր է։ Ի՞նչ տարբերություն մեկ քնություն, թե երկու, երբ երեխան այդ վտանգի առջև, այնուամենայնիվ, կանգնում է։ Մի կողմից էլ շատ ուրախ եմ, որ շուտով անցնելու եմ զինվորական ծառայության ու մինչ իմ վերադարձը այս անորոշ իրավիճակը անցած կլինի։

Աստղիկ Վարդանյան

Երբ առաջին անգամ տեղեկացա, որ վերջին զանգ չի լինելու, ոչ մի տարօրինակ զգացողություն չունեցա։ Երբ  հասան վերջին օրերը, հասկացա,  որ դպրոցական լավ, հիշարժան գեղեցիկ օրերը, դասընկերների հետ դասի նստելը մնացին դպրոցի պատերի ներսում և որ բոլորն արդեն բռնելու են իրենց սեփական ուղին։ Այդ ժամանակ հուզմունքն արդեն գլուխ բարձրացրեց իմ մեջ ու չէի հասկանում՝ ինչ անել, որպեսզի գոնե մի քիչ էլ ձգեմ, երկարացնեմ այն օրերը, որոնք անցկացնում եմ հարազատ շրջապատում։ Համենայնդեպս, դպրոցից ես ստացել եմ այն ընկերական շփումը,  այն դրական մթնոլորտը, որը ցանկացած պայմաններում ավելի ամուր ու ուժեղ է, քան որևէ համաճարակ։ Առհասարակ վարակի անսպասելի թափով տարածումն ու արտակարգ դրությունը ինձ շատ խանգարեցին։ Պլանավորել էի հնարավորինս շուտ պարապմունքների գնալ, որպեսզի հասցնեմ յուրացնել այն ամենը, ինչն անհրաժեշտ է ինձ քննության համար։ Մտադրվել եմ կրթությունս շարունակել ռեժիսուրա բաժնում և  այն, ինչ ես պետք է քննություն հանձնեմ,  չի դասավանդվում դպրոցում։ Եվ հիմա չգիտեմ՝ ինչ անել, որտեղից սկսել և ինչպես։ Անմիջապես կարող եմ ասել, որ հեռավար ուսուցումը լավագույն լուծումը չէր, քանի որ հիմնական գիտելիքը, որը գործնական աշխատանքներով, տեսական օրինակներով կարող էիր ստանալ դպրոցում, էկրանից այս կողմ չես կարող, կամ կարող ես՝ ցածր արդյունավետությամբ։ Աշակերտները պարզապես ներկայություն ապահովելով կարող են շատ հանգիստ խուսափել դասերից, շատերը տեխնիկական կամ ինտերնետ կապի հետ կապված խնդիրների կարող են բախվել, երբ ունեն անգամ սովորելու ցանկություն։

Գնալով սեպտեմբերյան իմ պատկերացումները վատթարանում են, քանի որ արդեն իսկ  պատկերացրել էի ամեն բան նոր ուսումնական հաստատությունում և նոր շրջապատում, այնինչ հավանականություն կա, որ կրթությունը երկար ժամանակ կշարունակվի հեռավար ուսուցման համակարգով։

Ինչպես ասվում է հայտնի վեպում՝ մեզ մնում է ընդամենը սպասել և հուսալ։

mariam tonoyan

Թագավարակ. մեկնաբանում են փոքրիկները

Ժողովուրդն ասում է՝ ճիշտը երեխայից իմացիր։ Ինչո՞ւ։ Քանի որ մանկական հոգիները, որոնք դեռ չեն կոփվել կյանքից, ու որոնց մտահորիզոնները դեռևս ավելի շատ ներս են ձգվում, քան արտաքին միջավայր, երբեմն ավելի դիպուկ անուն են տալիս իրերին՝ իրենց անկեղծ միամտությամբ բացատրելով այս կամ այն երևույթը, քան մեծահասակները։

Չնայած արտակարգ դրությանը, բակերում խաղացող երեխաների թվի մեջ վերջերս զգալի փոփոխություն չի նկատվում։ Թե ինչպես են փոքրիկներն ընկալում ու մեկնաբանում համաճարակը և դրանից բխող խնդիրները, թե որքանով են տեղյակ աշխարհում տիրող իրավիճակից, կարող եք կարդալ ստորև՝ մի քանի երեխաների օրինակով։ Նրանցից ստացած պատասխանները խմբագրված չեն՝ անմիջականությունն ու թոթով լեզվի  համուհոտը չկորցնելու նպատակով։ Հա, Քյավառի բարբառով:

Ի՞նչ է կորոնավիրուսը, ի՞նչ ես լսել դրա մասին։

Աշոտ (9 տարեկան)- Կորոնավիրուսը հիվանդություն ա, որ գալում ա, կպնում ա, մարդիկ հիվանդանում են, մեռնում են։

Սարգիս (7 տարեկան)- Եսիմ… բան չէ, վատ բան։

Գոհարիկ (10 տարեկան)- Կորոնավիրուսը շատ բարդ ու ծանր վիրուս ա, լսել եմ, որ մահացու ա։

Նատալի (6 տարեկան)- Կորոնավիրուսը վատ նշան ա, որովհետև մարդկանց հիվանդացնում ա։ Գլխի ցավ, հազ, փռշտոց… դու տեվիզրով (հեռուստացույց) չե՞ս նայել։

Անի (9 տարեկան)- Ինքը վտանգավոր վիրուս ա։ Որ մեկը կպավ՝ մեռավ։

Մաքսիմ (4 տարեկան)- Կորոնավիրուսը… ըմ… փոքր ա ինքը։ Համ էլ ես կորոնավիրուսի խաղ եմ խաղում կոմպուտրով, գիտե՞ս։

Պե՞տք է վախենալ կորոնավիրուսից։

Աշոտ- Հա, որովհետև վիրուս ա. էկավ, կպավ, դու էլ կմեռնես։

Սարգիս- Խա… վը, ի՞նչ ես ծզղալու (ծիծաղելի) բաներ խարցնում։ Որ վտանգավո՜ր ա, ի՞մալ չվախենամ։

Գոհարիկ- Այո՛, պետք ա վախենալ, որովհետև եթե հիվանդանաս, կարող ա մահացու լինել։

Նատալի- Էդքան էլ չէ։ Մեր Հայաստան չկա կորոնավիրուս։

Անի - Ըհը, որովհետև կհիվանդանանք, իսկ հիվանդանալը վատ ա։

Մաքսիմ- Պետք ա վախենանք, որովհետև ինքը վախենալու բաներ ունի։ Բայց կարանք բոքսով տանք փորին, փախնի։

Ի՞նչ տեսք ունի այդ վիրուսը։

Աշոտ- Կլոր, Շռեկի հանգաճներով (ականջներով), անտեսանելի… Չէ՜, անտեսանելի չէ, ուղղակի պիտի մանրադիտակով նայես։

Սարգիս- Կլոր ա, կանաչ ու լիքը երկար աչքերով։

Գոհարիկ- Դե վիրուսը տաքություն ա տալիս մարդուն, գրիպ, հազ, էդ տեսքով ա։

Նատալի- Վիրուսը կլոր ա,  արևի նման ա, բայց կլոր։ Կանաչ գույն ա, բայց իր էն արևի նման շերտերը է՜, այ դրա մեջը կարմիր ա։

Անի – Կլոր, պոզերով վիրուս։

Մաքսիմ- Փոքր բան ա։

Ի՞նչ է կարանտինը։

Աշոտ- Երբ մարդիկ մնում են տանը, որ չվարակվեն ու չվարակեն, եթե արդեն հիվանդ են։

Սարգիս- (ծիծաղելով) Չե՞ս իմանում։ Որ տո՜ւնը պիտի մնանք։

Գոհարիկ- Կարանտինը էն ա, որ երբ ինչ-որ ծանր հիվանդություն ա լինում ու դու չպետք ա տնից դուրս գաս։ Այ դա ա։

Նատալի- Որ մանկապարտեզները, դպրոցները փակվում են։

Անի- Կարանտինը… որ պիտի տունը մնան, որ էդ վիրուսը իրանց չկպնի։

Մաքսիմ- Որ գլուխը ցավում ա, փռշտում ես, հազում ու մամաները չեն թողում դուրս գնանք։

Ի՞նչ չպետք է անել կարանտինի ժամանակ։

Աշոտ- Պիտի դուրս չգան, որ չտուգանվեն։ Մնան տանը ու ախտահանվեն։

Սարգիս- Պետք ա դիմանան։

Գոհարիկ- Կարանտինի ժամանակ պետք ա քիչ ներսուդուրս անել ու մարդկանց հետ շատ չշփվել։

Նատալի- Կարող ա մենք դիմակ չդնենք, չլվացվենք, մարդու պաչենք կամ ձեռքը բռնենք, կարողա կորոնավիրուս ա էդ մարդը, մենք էլ կպնենք։

Անի – Չի կարելի տնից դուրս գալ։

Մաքսիմ- Պետք ա չպաչեն մարդիկներին։ Պետք ա մենակ պապաները գնան խանութ, ուտելիքներ առնեն ու գան։

Այս ընթացքում տա՞նն ես լինում, թե՞ դրսում էլ ես ժամանակ անցկացնում։

Աշոտ- Չեն թողում դուրս շատ գամ, բայց մեկ-մեկ ստացվում ա։

Սարգիս- Որ տունը անելու բան չլնում, էթում եմ դուրս։

Գոհարիկ- Ավելի շատ տանն եմ մնացել, մեկ անգամ եմ դուրս եկել։

Նատալի- Դուրս էլ եմ գնում, բայց դիմակով։ Պապային ասել եմ՝ դիմակ առնի, որ թողեն դուրսը խաղամ։

Անի – Մեկ-մեկ դուրս եմ գնում։ Ախր տունը հոգնում եմ։

Մաքսիմ- Որ արև ա լինում, գլխարկը դնում եմ, դուրսը խաղում եմ, բայց հենց մաման կանչում ա, շուտ գալիս եմ տուն։

Տանը ինչպե՞ս է անցնում օրդ, ձանձրանո՞ւմ ես։

Աշոտ- Նստում եմ, պապայի հետ նարդի եմ խաղում, չեմ ձանձրանում։

Սարգիս-  (մտահոգ դեմքով) Չեմ ուզում էլ խոսամ…

Գոհարիկ- Օնլայն դասեր եմ անում, օնլայն պարապմունքներ ու լավ ժամանակ եմ անցկացնում ընտանիքիս հետ։

Նատալի- Հը՞, չէ, դաս եմ սովորում։

Անի – Չեմ ձանձրանում։

Մաքսիմ- Ի՞նչ… Չգիտեմ՝ ինչ ա ձանձրանալ…

(Շարունակիր միտքը) այս օրերին մաման ասում է…

Աշոտ- Ասում ա՝ մոռացի հեծանիվ քշելդ, պրծավ։

Սարգիս- Մաման ասում ա` փոխեք լուրերի ալիք։

Գոհարիկ- Էս օրերին մաման ասում ա՝ մնա տանը ու ձեռքերդ լվա։

Նատալի- Մաման ասում ա՝ կորոնավիրուս չլիներ, հանգիստ գնայիք մանկապարտեզ, քոլեջ, դաս սովորեիք, զբաղված լինեիք ու չկռվեիք։

Անի – Ասում ա՝ գոնե դպրոցը բացվի, էրեխեքը մեղք են։

Մաքսիմ- մաման ավելի շատ ա վախենում, որովհետև ինքը չի գնում դուրս, չի գնում խանութ։ Մենակ պապան ա գնում, բա՜։

Կարոտու՞մ ես մանկապարտեզը/նախակրթարանը/դպրոցը։

Աշոտ- Չէ, տունը լավ ա։

Սարգիս- Մի քիչ։

Գոհարիկ- Շատ եմ կարոտում դպրոցը, դասընկերներիս ու ուսուցիչներիս։

Նատալի- Ես նախակրթարան եմ գնում ու շա՜տ եմ կարոտում։

Անի – Կարոտում եմ իմ դասարանը։

Մաքսիմ- Ըհը։

Ի՞նչ ես կարծում՝ ե՞րբ կվերանա հիվանդությունը։

Աշոտ- Մի օր։

Սարգիս- Մի շաբաթից։

Գոհարիկ- Իմ կարծիքով վիրուսը շատ ուշ կվերջանա։

Նատալի- Երբ բոլորը լավանան։

Անի – Հաջորդ տարի։

Մաքսիմ- Երբ բոլոր մարդիկները կենդանիներ չուտեն, մենակ հաց ուտեն։

Երբ կարանտինն ավարտվի, ի՞նչ ես անելու։

Աշոտ- Ընկերներիս հետ իջնելու եմ ներքևները՝ ման գալու։

Սարգիս- Հլը չեմ իմանում։ Որ պրծնի, կմտածեմ։

Գոհարիկ- Կգնամ, իմ ընկերներին կտեսնեմ ու ավելի շատ ժամանակ կանցկացնեմ բնության գրկում։

Նատալի- Երբ կորոնավիրուսը վերջանա, ես կարող եմ դուրս գալ առանց դիմակի, կարող եմ գնալ մի տեղ, մարդկանց կարող եմ գրկել, պաչել…

Անի -  Կէթամ ընկերներիս հետ խաղալու։

Մաքսիմ- Գնալու եմ պարտեզ, խաղալու եմ պարտեզի ընկերներիս հետ։ Որ իմ դասատուն թողա, բոլոր երեխաներով կլինենք դուրսը, ճոճանակներով կճոճորվենք։

Քեզ դո՞ւր է գալիս տնից սովորելը, ինչու՞։

Աշոտ- Հա, դաս անելուց տնեցիք օգնում են։

Սարգիս- Չէ, կուզի էթի դպրոց։ Տունը լավ չէ։

Գոհարիկ- Ոչ, ինձ դուր չի գալիս օնլայն դաս անելը, որովհետև լինում ա, որ ուսուցիչները թեմա են բացատրում և լինում ա, որ խնդիր ա առաջանում, ու մենք դասը չենք հասկանում։ Հետո նորից մամաների օգնությամբ ենք սովորում։

Նատալի- Երկուսն էլ լավ ա։ Տնից էլ ա լավ։ Կարո՞ղ եմ մի բան ասել։ Իմ դասատուն այսօր ինձ սովորեցրել է Հայաստանի մարզերը։ Չգիտե՞ս քանի հատ են..․ վայ-վայ-վա՜յ։

Անի – Սենց լավ չէ, ավելի լավ ա էթանք դպրոց։ Տունը դաս անելուց սաղով խոսում են, խանգարում են։

Մաքսիմ- Ուրիշ բան հարցրա, էլի։

Ինչպե՞ս է առաջացել այս վիրուսը քո կարծիքով, ինչպե՞ս է տարածվել։

Աշոտ- Չինաստանում ա առաջացել նենց, ոնց որ մնացած հիվանդություններն են առաջանում։ Մեկը հիվանդացել ա հանկարծ ու մյուսները վարակվել են։

Սարգիս- Չինացիների որդ-բլոճ ուտելուց։

Գոհարիկ- Վիրուսը, իմ կարծիքով, առաջացել ա ինչ-որ կենդանու սպանելուց։ Քանի որ Չինաստանում ա առաջացել, իսկ Չինաստանում շատ են ինչ-որ կենդանիներ սպանում ու ուտում։ Հնարավոր ա, որ էդ կենդանու կեղտոտ օդից ա առաջացել հիվանդությունը։ Ու տարածվել ա, երբ մարդիկ մի երկրից մի ուրիշ երկիր են գնացել։

Նատալի- Որովհետև չղջիկներին, խխունջներին Հնդկաստան մարդերը կերել են, եկել են Հայաստան, հարսանիք է եղել… կերել են, եկել են Հայաստան, մարդկանց վրա կորոնավիրուս են կպցրել ու գնացել։

Անի – Չինացիքը օձ ու կարիճ ա կերած։

Մաքսիմ- Որ բոլորը կեղտոտ են եղել, ձեռքերը չեն լվացել, բոլոր կենդանիներին սպանել են, վիրուսը եկել ա մարդիկներին վախեցնի։

Ի՞նչ պետք է անենք, երբ աշխարհը համաճարակի մեջ է:

Աշոտ- Պիտի պահենք հիգիենայի ու մնացած կանոնները։

Սարգիս- Ալկոգել խմենք, լվացվենք։

Գոհարիկ- Եթե աշխարհում վիրուս կա, ուրեմն չպետք ա մարդկանց հետ շփվենք, պետք ա ձեռքերը մաքուր պահենք ու տնից շատ դուրս չգանք։

Նատալի- Դիմակ կրել և օճառով կամ սպիրտով լվացվել։

Անի – Ալկոգելով լվացվենք։

Մաքսիմ- դիմակ դնենք, պիտի… համ էլ բժիշկը ասել ա, որ պիտի ախտահանեն, համ էլ դիմակով մի տեղ էթանք, համ էլ պիտի օճառով լվացվենք։

Manvel Manukyan

Ո՞վ ես դու, անհայտ զինվոր

Բարև՛, հեռավո՛ր ընկեր… Լսել եմ, որ Խորհրդային միությունում այդպես էին դիմում միմյանց: Անցել են յոթանասունհինգ երկար տարիներ, փոխվել է աշխարհը։ Թվում է՝ հավերժություն է անցել, բայց անփոփոխ է քո հանդեպ վերաբերմունքն ու երախտագիտությունը։ Հայաստանի բոլոր գյուղերում ու քաղաքներում դու հուշարձան ունես, չգրված պատմություններ, որոնք մեզ պատմել են ամեն ընտանիքում պատերազմից չվերադարձած իրենց զինվորի մասին: Ես նաև  շատ եմ դիտել Հայրենական պատերազմի մասին պատմող ֆիլմեր: Դրանք այնքան անկեղծ ու իսկական են։ Փորձել եմ մտովի պատկերացնել քեզ… Ինչպիսի՞ն ես, հայրենի՛ք փրկող անհայտ զինվոր: Հավանաբար խորն ու մտածկոտ աչքեր ունես, ազնիվ սիրտդ բաբախում է արդար զայրույթից: Իսկ գուցե քո՞ւյր կամ երեխանե՞ր ունես… Երևի կարոտում ես մորդ կամ կնոջդ, բայց փորձում ես հաղթահարել կարոտն ու կռվել, որպեսզի նրանց ոչ մի վտանգ չսպառնա, նրանք կարողանան ժպտալ ու ապրել… Հավանաբար գիտակցում էիր, որ կարող ես զոհվել կամ անհայտ կորչել, բայց պատասխանատվությունն ու ուխտը ավելի զորեղ էին… Հավանաբար ֆաշիստները չար էին ու դաժան, բայց դու անկոտրում էիր ու հզոր…

Պատերազմները մարդկության պատմության մեջ եղել և մնում են ամենավատ հիշողությունները, բայց մենք պետք է սերնդեսերունդ արթուն պահենք հուշը, որպեսզի դրանք էլ չկրկնվեն: Չպե՛տք է մոռանանք, թե ինչքան ցավ ու մահեր է բերում պատերազմը: Պիտի հիշենք, որ կարողանանք պահպանել ու գնահատել խաղաղությունը…

Հեռավո՛ր ընկեր, այս տարի շքերթներ չեն լինի, բայց բոլորս միահամուռ հիշելու ու հարգելու ենք քո հերոսությունը: Որքա՜ն որդիներ կորցրեցին մայրերը… Նրանք սգացին ցմահ:

Ամենահզոր հերոսը ինձ համար զինվորն է: Մի քանի տարի հետո ես էլ զինվոր կդառնամ, ես է՛լ կպաշտպանեմ իմ հայրենիքը, որի սահմանները գծվեցին մեր նորօրյա հերոսների արյամբ:

Անհա՛յտ զինվոր, քո շնորհիվ է աշխարհում հաղթել մարդկայնությունը: Այո՛, անմահ է հիշատակդ՝ անվերջ հուրհրատող կրակի նման…

luiza sargsyan

Սևանում սպասում ենք

Սևանում ձմեռը երկարատև է: Ձյունը ծանր-ծանր նստում է տանիքներին ու անզիջում համառությամբ փայլում արևի շռայլ, բայց տկար շողերի ներքո։ Բոլորս հասցնում ենք մի լավ հոգնել-ձանձրանալ ու առանձնահատուկ կարոտով ենք սպասում գարնանը։

Այս տարի մի քանի ամսյա բանտարկությունից հետո ուզում էինք վայելել գարունը, բայց ավաղ… Գարունն իր հետ բերեց վիրուսի գույժը: Մինչդեռ մենք այնքա՜ն էինք ուզում շնչել օդի թարմ ու անուշ բույրը, երեխաներն ուզում էին կրկին ցատկոտել դրսում, խաղալ միմյանց հետ: Այդ վիրուսը նման է մի հսկա հրդեհի՝ բռնկվում է շատ արագ և ճարակում է ողջ աշխարհը: Մեզնից ամեն մեկը պիտի ջանք գործադրի՝ հանդարտեցնելու և մարելու այդ չար հրդեհը…

Կյանքն աշխարհում ասես կանգ առավ: Օրեցօր լուրերն ավելի տագնապալի են դառնում: Ու դժվար է այս իրականության հետ հաշտվելը, նոր կյանքին հարմարվելը: Մենք շատ ենք կարոտում դպրոցը, ուսուցիչներին, ընկերներին: Արդեն երկու ամիս է, ինչ հեռավար ենք անցկացնում դասերը: Թվում է, թե պետք է հարմարված լինեինք, բայց… չենք դադարում անհամբերությամբ սպասել: Երանի սա վատ երազ լիներ: Արթնանայի ու տեսնեի, որ ամեն ինչ ավարտված է։ Այ, օրինակ՝ հիմա մենք մեր դասղեկի հետ էքսկուրսիայի պատրաստվելիս կլինեինք: Ինչքա՜ն էինք սպասում այդ օրվան ու քննարկում մանրամասները…

Անկեղծ ասած՝ երբեք մտքովս չէր անցնում, որ այսքան շատ կարող եմ երազել դպրոց գնալու մասին։

Չնայած այս ամենին՝ ես հավատով սպասում եմ, որ մենք մի օր կարթնանանք ու կզգանք, որ վերջացել է այս աշխարհակուլ մղձավանջը: Եվ ամեն ինչ կլինի առաջվանից ավելի՛ լավ։

elita balyan

Պապս ու աղբյուրի սառը ջուրը

Արդեն մայիս ամիսն է, ու պատշգամբից նայելով կարող ենք վերջապես զգալ գարնան շունչը։ Մարդիկ արդեն սկսել են այգիներում աշխատել ու մշակել իրենց հողը։ Ե՛վ մշակում են, և՛ սիրով սպասում երախայրիքին։ Տատս ու պապս արդեն մեծ են, բայց միշտ եռանդով են աշխատում այգում, ամեն մի սերմի հատիկը սիրով են գցում հողի մեջ ու ասում՝ եթե սիրով չանես, երբեք բերք չի տա։ Պապս միշտ պատմում է, որ երբ եկան այստեղ` Կալավան, բնակություն հաստատելու, վերցրին գյուղի առաջին տունը, որը ոչ ոք չէր համարձակվել վերցնել՝ մտածելով, որ թշնամու հարձակվելու դեպքում չեն կարողանա փախչել։ Պապս ու նրա հայրը տան կիսախարխուլ պատերից տուն են շինել ու բնակվել իրենց թոռներով ու ծոռներով։

Տարիներ են անցել, բայց պապս իր սովորությանը վերջ չի տվել։ Ամեն անգամ այգի գնալիս մոռանում է հետը ջուր տանել, ու երբ ուզում է հագեցնել ծարավը, կանչում է ինձ ու աղբյուրի սառը ջուր ուզում։

Ես տրտնջալով վերցնում եմ շիշը, մաքուր լվանում այն, լցնում աղբյուրի սառը ջրով ու տանում պապիս։ Երբ մի կուշտ խմում է, բաց եմ անում իմ անծայրածիր հարցերի շարանը։

-Պապի, բա էն ժամանակ, որ նոր էիք եկել, էլի՞ էսքան շատ էիք մշակում։

-Հա, բա ինչ էինք անում, բալես, սա ինչ ա վեր, տենում ես՝ էն կետի ղրաղովն մին քյալամ ինք անում, կարտոշկա, էնքան լյավ բերք էր տալիս։

20200502_124555

-Պապի, բա էդքան բերքն ի՞նչ էիք անում։

-Է՜ բալես, քաղաքից կյալիս ին մեր բարեկամները, ամենալյավը լցնում ինք, որ տանեն իրանք էլ ծմեռը յոլա քյան։ Կարտոշկեն հատ-հատ ճոկում ինք, բաժանում մասերի ու ամենակուճուրից սկսում ինք ուտիլը, իսկ մեծը տալիս ինք բարեկամներին,- շարունակեց պապս։

-Պապի, բա դուք էիք էդ ամեն ինչը մշակում ու չարչարվում, ինչի՞ փոքրից բարեկամներին բաժին չէիք տալիս։

-Է՜ բալես, դե էն ժամանակ տհենց ա եղել։

Պապս և՛ պատմում էր, և՛ աշխատում, ու երբ հոգնում էր, նստում ու աղբյուրի սառը ջուր էր խմում։

IMG-47e99b9c794c82907ea34df6db4ea8bb-V

Հիմա սիրով եմ պատմում իմ ու պապիս զրույցները, նաև սիրով եմ պատմում, թե ամեն անգամ ինչպես եմ տրտնջալով ջուր տարել պապիս համար։ Ու հիմա, երբ ավարտեմ դպրոցս ու գնամ քաղաք՝ սովորելու, կարոտելու եմ պապիս, նրա զրույցներն ու իմ անթիվ ու անհամար հարցերը։ Կարոտելու եմ նաև, թե ոնց էի ամեն անգամ տրտնջում, երբ պապս ինձ էր կանչում ու աղբյուրի սառը ջուր ուզում։

gayane vardanyan

Ես բանասեր եմ

Բանասիրությունը մասնագիտություն է՝ միշտ արժևորված ու արժևորվող։

Մասնագիտության ընտրությունը լուրջ քայլ ու մեծ պատասխանատվություն է: Ապագադ մի պահ ձեռքդ ես առնում ու լուրջ հայացքով կարևոր ընթացք ես տալիս դրան։ Ես իրականում չեմ պատկերացնում տասներկու-տասներեք  տարեկան աղջնակի հայացքի լրջությունը, բայց որ այդ տարիքում որոշումներս, և հետո արդեն քայլերս լրջագույն էին լինելու՝ դա փաստ է: Որոշել էի՝ բանասեր եմ դառնալու:

Բառարանները մի լավ քրքրելով, մանրակրկիտ ուսումնասիրելով «բանասեր» բառի իմաստն ու նշանակությունը՝ ամեն ինչ պատրաստ էր, երեխայական ոգևորվածությամբ հպարտ կրում էի ապագա բանասեր դառնալու մեծ կոչումը, որն այդ տարիքում երազանքներիս սահմանն էր:

Տարիները ոչինչ չփոխեցին. նույն ոգևորվածությունը, ցանկությունն ու արդեն խելամիտ նպատակները։

Այսօր բանասիրական ֆակուլտետում սովորելով՝ ես հպարտ ասում եմ, որ հասե՛լ եմ: Այո՛, իրականում հասել եմ և նպատակիս հետ հավասար քայլերով գնում եմ առաջ: Գուցե դեռ առաջին քայլերս եմ կատարում, բայց վստահ ու առանց երկմտանքի։

Ապագադ խոստումնալից է, երբ ընտրությունդ տեղին է լինում: Կարևոր է «կարևորի» ընտրությունը։ Համալսարանն իմն է, ինձ շատ հարազատ ու ինձ համար կրթության որակով անգերազանցելին: Մի տեսակ տարբերվող, ամենով ամենաուրիշ Մանկավարժական համալսարանը արդեն առօրյայիս մասն է դարձել: Սա այն կառույցն է, որ տասներկու-տասներեք տարեկան աղջնակի երազանքը տասնութ տարեկանում դարձրեց իրական: Ես հաղթեցի երազանքիս, որ ապացուցեմ՝ իրականություն բառը հենց նրա համար է այդպես կոչվում, որ իր մեջ հասանելիություն ունի, իսկ ամեն երազանք իրական դարձնելու համար պարզապես պետք է ձգտել հասանելիության։