arxiv

Մեր նոր տանը

Գրքերն անկանոն նետված էին մերկ սենյակի հատակին: Մենք զբաղված էինք տան վերանորոգման գործերով, ներկում էինք պատերը: Այս շենք նոր էինք տեղափոխվել, բայց բոլոր հարևաններին դեմքով ճանաչում էինք: Եվ դա այնքան էլ դժվար չէր: Մեր նոր բնակարանը առաջին հարկում էր, պատշգամբը բացօթյա էր, իսկ մեր հետաքրքրասեր հարևանները օգտվում էին այդ փաստից և «կինոդիտում» էին կազմակերպում իրենց համար:

-Հը՞, էսօր ի՞նչ են ավելացրել,- հարցրեց մի տատիկ և տեղավորվեց մյուսների կողքին:

Նրանք արդեն երկար նստարան էին դրել պատշգամբի տակ և ուշադիր հետևում և վերլուծում էին մեր բոլոր արարքները:

-Հեչ,- պատասխանեց մի ուրիշ տատիկ, որը միաժամանակ լոբի էր մաքրում և լցնում ոտքերի տակ դրված ջրով լի դույլի մեջ,- պատերն են ներկում:

-Յա-ա,- ձգեց նորեկը:

Ես աչքի պոչով տեսա, որ մեր տան բոլոր աշխատողները լարվեցին` այնքան էլ հաճելի չէ, որ բոլոր շարժումներդ ուրիշի խոսակցության թեման են:

-Ախր, ասա՝ ինչի՞ եք սպիտակ ներկում,- փնթփնթաց մի տատիկ` միաժամանակ սուրճ խմելով,- կկեղտոտվի շուտ: Կանաչ անեիք, բորդո:

Հայրիկիս դեմքն սկսեց կարմրել` բարկանում էր: Բայց, իհարկե, ոչինչ չասաց, նա շատ համբերատար մարդ է:

-Յա՜, էս ռեմոնտն էլի սկսա՞վ,- բացականչեց մի պապիկ` դուրս գալով շքամուտքից,- բա ինչի՞ չեք կանչում:

Նա կրկին անհետացավ, իսկ քիչ հետո հայտնվեց 5-6 ուրիշ ծերուկների հետ: Նրանք չէին մոռացել նաև նարդին` իր սեղանով ու աթոռներով:

-Էհեյ, բարև ձեզ, էհ, ո՞նց եք, է՜,- բարձր բղավեց ծերունիներից մեկը` ձեռքով անելով մեզ: Ի տարբերություն տատիկների` նրանք սովորություն ունեին զրուցել «ներկայացման դերասանների» հետ և նույնիսկ խորհուրդներ տալ:

-Էսօր ներկում եք, հա՞,- ասաց մեկ ուրիշը` զառերը առնելով բռունցքի մեջ,- բա մի հատ հարցներիր, խորհուրդ տայինք:

-Շատ շնորհակալ եմ,- քթի տակ պատասխանեց ներկարարներից մեկը, բայց ի պատասխան, միայն ժպտաց ծերունուն:

-Բա՞, տղա ջան, ոնց տեսնում եմ, թարս ես բռնել վրձինը,- չափից ավելի բարձր բղավեց պապիկներից մեկը,- մի տես, հարյուր անգամ քսում ես:

-Ամեն ինչ լավ է, շնորհակալ եմ,- ժպտալով ասաց ներկողը:

-Բա՜, բա,- ինքնագոհ ժպտաց խորհրդատուն:

Խորհուրդներն իրար շարունակեցին մինչև երեկո: Պապիկների ու տատիկների լավ կողմն այն է, որ նրանք շուտ են գնում քնելու: Միայն այդ ժամանակ նստեցինք հանգստանալու:

-Ես տեղափոխվելու եմ,- միանգամից վրա բերեց հայրիկս,- ոնց որ թե կենդանի կինո ենք:

-Ես կասեի՝ ակվարիում,- մռայլ տեսքով ասաց մայրիկս:

Ես ցանկացա ասել, որ կենդանաբանական այգին ամենալավ նկարագրությունն է այդ դեպքի համար, բայց դրա փոխարեն վախից վեր թռա. սենյակում մի նոր մարդ էր հայտնվել: Նա հանգիստ, գիտակի տեսքով զննեց պատերը, հետո անշտապ, բայց գործնական սկսեց.

-Վերանորոգո՞ւմ եք,- ոչ ոք չպատասխանեց, բոլորս քարացել էինք:

-Ես այդպես էլ գիտեի,- շարունակեց նորեկը և գոհ ժպտաց,- հոգնա՞ծ եք:

Ոչ մի պատասխան:

-Այդպես էլ գիտեի,- կրկնեց այդ մարդը,- ձուկը հենց նոր մաքրել եմ, թարմ է, հենց նոր բռնած: Հեսա,- նա ցույց տվեց իրերը,- նստել եք պլիտայի վրա, միացրեք, ձուկ եփեք, հատը հարյուր դրամ, ուզո՞ւմ եք:

Շարունակությունը չերկարեց: Վրդովված բղավոցների ներքո անկոչ հյուրը դուրս գնաց այն ճանապարհով, որով եկել էր` այսինքն պատշգամբից:

Այսպիսի դեպքեր եղան ամեն օր, որքան որ մենք զբաղված էինք վերանորոգմամբ: Մենք տեղափոխվեցինք, բայց հայրիկս փակեց պատշգամբը, մենք հազիվ համոզեցինք նրան պատուհան սարքել:

Գոռ Բաղդասարյան, 13տ., 2001թ.

milena khachikyan

Եվ այլն

Սա մի ժամանակ է,
երբ գրիչ բռնելը դարձել է անսովոր,
երբ ձեռագիրս տարբեր է նախորդ երկու ժամից:
Մի ժամանակ է,
երբ անսահման հեռու եմ ինչ-որ մեկից թանկ,
երբ չի փրկում արդեն Բուքովսկին:

Սա մի ժամանակ է,
երբ հորս նարնջի թեյը լավն է բոլորից,
երբ կարելի է տաքացնել կոկորդը, բայց ձեռքերը` ոչ,
մի ժամանակ է,
երբ հնարավոր է նաեւ ջերմելը`
դողալով տենդի մեջ` ինչ-որ օրվա հուշի:

Սա մի ժամանակ է,
երբ ծրարներն անարձագանք եմ ուղարկում,
երբ չեմ մտածում սպասելու կամ այլնի մասին…
Մի ժամանակ է,
երբ ցուրտը հաճախ է պատահում, քան սերը,
երբ ինչ-որ մեկին հիշելը դարձել է ժամանց:

Սա մի ժամանակ է,
երբ անվերջ կարող եմ նայել մորս ձեռքերին,
երբ կարող եմ կարոտել հազար ու մի բանի…
Մի ժամանակ է,
երբ զարմանալի չէ մինչեւ կեսօր քնելը,
երբ զարմանալի չէ ապրել այսքան սովորական:

arxiv

Օրվա հերոսը

Մի սովորական առավոտ ես դպրոց էի գնում: Չէ, ավելի ճիշտ, մի սովորական առավոտ, երբ մենք ընտանիքով դպրոց էինք գնում, էլի սկսեցի մրթմրթալ.

-Հայրիկ, արագ քշիր, ուշանում ենք:

Հայրիկն ինձ չլսեց, բայց երբ հասանք դպրոցի մոտ, ես, սովորությանս համաձայն, խելագարի պես բացեցի դուռն ու դուրս թռա: Ավելի ճիշտ, ոտքս հանեցի դուրս և զգացի, որ մեքենան դեռ չի կանգնել:

-Հայրիկ, հետ քշիր, հետ,- բղավեցի ես:

Իսկ թե ես ինչպես կարող եմ բղավել, կպատկերացնեք, եթե ասեմ, որ ինձ համեմատում են Ջելսոմինոյի հետ: Այո, բղավոցն այնքան բարձր էր, որ նույնիսկ կողքի մեքենաները կանգնեցին: Հայրիկը վախից գունատվել էր:

Հետո ես հանգիստ իջա մեքենայից, ասես ոչինչ չէր պատահել ու վազեցի դպրոց: Միայն կոշիկիս կրունկն էր մնացել անիվի տակ, ցավն էլ արագ անցավ: Ես հանդիսավորությամբ կաղալով մտա դասարան:

-Ինչու՞ես կաղում,- հարցրեց ուսուցչուհին:

Վերջապե~ս…

-Մեքենայի անիվն անցավ ոտքիս վրայով,- հերոսին վայել լրջությամբ ասացի ես ու մի լավ կաղալով, բայց արժանապատվորեն, նստեցի տեղս:

-Ի՞նչ ես ասում, շա՞տ է ցավում,-այնպես վախեցավ ուսուցչուհին, որ ես մտահոգվեցի, թե արդյո՞ք չափը չեմ անցել՝ տպավորություն գործելու համար:

-Մի քիչ:

Տղաները նախանձով նայեցին ինձ: Նրանք ամեն ինչ կտային իմ փոխարեն լինելու համար: Կարելի է ոտքը ջարդել, գլուխը, չէ, ամենալավն, իհարկե, աջ ձեռքի կոտրվածքն է. գիպս, բոլորը գրում են, իսկ դու սխրանքի պատրաստ դեմքով նայում ես հեռու-հեռուն…

Դու օրվա հերոսն ես…

Իսկ նախանձողներից ես չեմ նեղանում, քանի որ ինքս էլ էի նախանձել ուրիշներին:

Գոռ Բաղդասարյան, 12տ., 2000թ.

arxiv

Հե՞շտ է արդյոք հայրիկ լինելը

-Հայրիկ, հե՞շտ է արդյոք լինել երեք երեխայի հայրիկ:

-Հեշտ չէ, բայց հաճելի է:

-Ինչո՞ւ:

-Հաճելի է, երբ ունես երեք երեխա՝ երկու դուստր և մեկ ուստր: Հաճելի է տեսնել, թե նրանք ինչպես են մեծանում:

-Հայրիկ, դու ուզո՞ւմ ես մնալ այստեղ:

-Իհարկե:

-Իսկ ինչո՞ւ ես գնում:

-Գնում եմ, որպեսզի ավելի լավ լինի:

-Կյանքում ի՞նչն է քեզ համար ամենաթանկը:

-Ընտանիքը:

-Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ես մեզ թողնում – գնում:

-Չեմ թողնում: Իսկ գնում եմ, որովհետև ինձ համար ամենաթանկ բանը ընտանիքն է:

-Հայրիկ, ե՞րբ ես վերադառնալու:

-Հնարավորին չափ շուտ:

-Իսկ մենք առանց քեզ ի՞նչ ենք անելու:

-Ապրելու եք:

-Ես քեզ կկարոտեմ:

-Ես էլ՝ քեզ:

Լուսինե Հակոբյան, 11տ, 2001թ.

arxiv

Երևան, իմ համով քաղաք

Ֆելիետոն

-Ալո: Մո՞ւշ:

-Հը՞:

-Լա՞վ ես:

-Ըհը:

-Վաղը ի՞նչ ես անում:

-Հեչ, ի՞նչ կա:

-Ուզում էինք վաղը մի տեղ գնայինք, մի բան ուտեինք. սոված մեռանք:

-Ո՞ւր եք ուզում գնալ:

-Եսի՞մ: Երևի էլի «Յոլկի-Պալկի» գնանք:

-Չէ: «Կովկասում» ավելի լավ է:

-Դու ի՞նչ ես հասկանում:

Եվ այս նույն խոսակցությունը կրկնվում է համարյա ամեն շաբաթ: Սուտ չի լինի, եթե ասեմ, որ սա այն եզակի թեմաներից մեկն է, որի մասին ես խոսում եմ հեռախոսով: Եվ էլի սուտ չի այն, որ ես սիրում եմ այս խոսակցությունը: Ես ընդհանրապես, սիրում եմ ուտել, չնայած որ ուտող-խմողի տեսք չունեմ: Մանավանդ, սիրում եմ ուտել երեվանյան «օբյեկտներում»: Եվ ասեմ, որ ոչ միայն ես եմ այդպիսին, այլ համարյա իմ բոլոր դասընկերները` Դավիթը, Հովիկը, Լևոնը և այլն… Մենք , որպես կանոն, դասերից հետո գնում ենք «հաց ուտելու»: Տանջվելով հինգ ժամ` մենք յուրահատուկ ձևով մխիթարում ենք ինքներս մեզ նման ձևով:

Շատ եմ սիրում «Յոլկի-Պալկին», չնայած շատ թանկ է, և այնտեղ գնում ենք հազվադեպ, հիմնականում, եթե ինչ-որ մեկն ուզում է նշել իր ծննդյան օրը և մեզ հրավիրում է: Ավելի շատ սիրում ենք ոչ այնքան թանկ տեղեր, որովհետև երկրի վիճակն է այսպիսին. փող չկա: Պետք է խոստովանեմ, որ մեր բախտը բերել է: Երևանը լիքն է էժան տեղերով, որտեղ կարելի է կարգին հաց ուտել: Օրինակ, «Սմակը»: Պետք է ասել, որ «Սմակում» մեզնից բացի ուրիշ մարդ չի լինում, այդ պատճառով շատ ենք ծիծաղում`տեսնելով ինչ-որ այլ մարդկանց:

Իմ ընկեր Հովիկը շատ չաղ է և ուտում է երեք հոգու տեղ: Պատմեմ մի զվարճալի պատմություն: Մի անգամ ես, Հովիկը և Դավիթը գնացել էինք չեմ հիշում որտեղ: Եկավ մատուցողը և հարցրեց, թե ինչ ենք ուտելու: Ինչպես միշտ, առաջինը կանգնեց Հովիկը և ասաց.

-Երեք բաժին խորոված, երեք հատ էլ ֆրի:

Ապա նա շրջվեց դեպի մեզ և հարցրեց.

-Իսկ դուք ի՞նչ եք ուտելու:

Իմ ընկերներ Դավիթը և Լևոնը արտաքինից սոված մնացած երեխաներ են, սակայն դա միայն արտաքինից…

Մի անգամ ես և Դավիթը ցանկանում էինք գնալ մի տեղ սնվելու, քանի որ շատ սոված էինք, սակայն ունեինք շատ քիչ փող: Այդ պահին եկավ Լևոնը, և մենք վերջնականապես կորցրեցինք մեր հույսը, որ եղած գումարով կարող ենք բավարարել երեք հոգու ստամոքս: Բայց Լևոնն ասաց.

-Տղեք, ես կերած եմ: Խաշի էի: Հորս ընկերն էր հրավիրել: Լավ բթվանք:

Եվ այդ պահին հույս ծագեց. եթե Լևոնը չի ուտելու, ոչինչ, ապա գումարը կբավարարի երկու ստամոքսի: Եվ մենք գնացինք ինչ-որ մի օբյեկտ:

Դավիթը կանչեց մատուցողուհուն և ասաց.

-Երկու հատ ֆրի, մեկ էլ երկու հատ ամենափոքր հյութերից:

Լևոնը, լսելով ուտելիքի մասին, հավանաբար մոռացավ, որ ինքը առավոտյան խաշի էր, քանի որ ասաց, որ իրեն բերեն երեք շիշ խորոված: Մատուցողը արագ գրի առավ պատվերը և հեռացավ: Մենք լուռ ու թաքուն հեռացանք այդ օբյեկտից, առանց սպասելու, որ մատուցողը բերի պատվերը: Իսկ Լևոնը մի լավ ծեծ կերավ:

Մուշեղ Բաղդասարյան 12տ., 2002թ.

arus kapukchyan

Ես Արուսն եմ

Այսօր հասկացա, որ ուզում եմ 17.am-ի թղթակից դառնալ, ուզում եմ գրել և ուշադրություն չդարձնել՝ կկարդա՞ն, թե՞ ոչ: Դե, որ որոշել եմ, ուրեմն՝ ի գործ: Վերցրի թուղթ, գրիչ ու սկսեցի գրել առաջինը, ինչ եկավ մտքիս: Դե, կարևորը անկեղծ գրելն էր, չէ՞, ես էլ անկեղծ գրեցի անդեմ մարդկանց ու երևույթների մասին ու մի փոքր ուշ, բայց հասկացա սխալս: Ախր, 17-ը լրագրողական կայք է, էստեղ նյութերը իրական մարդկանց ու իրադարձությունների մասին պիտի լինեն: Դրանից բացի, մի ուրիշ բան էլ հասկացա: Եթե սա լիներ 1-2 տարի առաջ՝ ամենայն հավանականությամբ մի կողմ կդնեի գրիչս ու կկարդայի կիսատ մնացած գիրքս կամ կդիտեի վաղուց ընտրած, բայց էդպես էլ չդիտած ֆիլմերից մեկը: Բայց այսօր ոնց որ ինչ-որ բան ուրիշ է:

Նորից գրում եմ, առանց մտածելու լավ կամ վատ ստացվելու մասին:
Առաջին հերթին ներկայանամ. ո՞վ եմ ես: Երբեմն մտածում եմ, որ մարդկությունը ավելի անհեթեթ հարց չէր կարող հորինել, հետո հիշում եմ նախորդ ամիսներին ամեն ուրբաթ օր «Համակարգչային հմտություններ» առարկայի շրջանակներում մեզ առաջարկվող խնդիրներն ու հարցերը, և միանգամից փոխում եմ կարծիքս: Ինչևէ, այս հարցն այնքան էլ վատը չէ, ինչքան թվում է, և որքան դժվար է պատասխանելը, այդքան հետաքրքիր է այդ պատասխանը փնտրելը:

Դե ինչ, ես Արուսն եմ: Սիրում եմ արև, քաղցրավենիք ու մարդկանց: Սիրում եմ հեքիաթներ, հավատում հեքիաթների ու ապրում հեքիաթում: Իմ հեքիաթում վերջերս նոր միջավայր է հայտնվել՝ համալսարանը, որտեղ ես սովորում եմ լրագրություն, նախաքննական ու հետքննական սթրեսները հաղթահարելու միջոցներ, փորձում եմ յուրացնել մեկ օրում քննության պատրաստվելու արվեստը և այլն: «Սիրում եմ»-ներից կարծես այսքանը, հիմա անցնեմ հակառակ կողմին: Չեմ սիրում, երբ ազգանունս սխալ են ասում: Ի դեպ, ազգանվան մասին. ես պատկանում եմ այն մարդկանց շարքին, ովքեր նոր միջավայրում հայտնվելիս ստիպված են լինում տառ առ տառ արտասանել իրենց ազգանունը և հետո լսել դրա տարօրինակության մասին կարծիքներ:
Ու, կարծես, չեմ սիրում «ո՞վ եմ ես» հարցին պատասխանել: Երևի նրանից է, որ ես ինքս էլ չունեմ այդ հարցի լիարժեք պատասխանը, և այդ հարցը միգուցե երբեք էլ լիարժեք պատասխան չի ունենում:

arxiv

Ավելի լավ չէ՞ր լռեի

Դպրոցում էի: Առաջին դասը շատ դանդաղ էր անցնում:

-Ընկե՛ր Դավթյան, կարո՞ղ եմ պատուհանը բացել,- ասացի ես՝ շոգից խեղդվելով:

-Չէ՛,- բարկանալով ասաց նա:

Ամբողջ դասարանը սկսեց աղմկել:

-Լավ էլի, ընկե՛ր Դավթյան,- չորս կողմից լսվեց երեխաների աղմուկը:

-Տե՛ս ինչ մեծ աղմուկ բարձրացրիր քո մի հարցով,- բարկացավ ընկեր Դավթյանը: -Լավ, բացե՛ք:

Քիչ հետո զանգը հնչեց, և բոլորն իրար խառնվեցին: Մեր դասարանի Աշոտը և Վահանը սկսեցին վիճել իրար հետ: Վեճն այնքան թեժացավ, որ Աշոտը վերցրեց ավելը և խփեց Վահանին: Վահանն էլ հետ-հետ գնաց և մեջքով խփեց բացված պատուհանին: Պատուհանը գնաց կպավ պատին, և բռնակը ջարդվեց: Բոլորն իրենց հայացքներն ուղղեցին դեպի պատուհանը. մի պահ տիրեց լռություն…

Հաջորդ ժամը մեր դասղեկինն էր՝ ընկեր Մանուկյանինը: Նրա՝ դասարան մտնելուն պես, տղաները պատմեցին միջադեպի մասին: Նա սկսեց մի մեծ ճառ կարդալ մեր գլխին և վերջում էլ ասաց.

-Կտեսնե՛ք, թե ինչ արժե այդ բռնակը, և կգնե՛ք:

Բայց հաջորդ օրը պարզվեց, որ Աշոտի մայրը երկու հատ բռնակ է բերել: Ես ընկեր Մանուկյանին ասացի.

-Ընկե՛ր Մանուկյան, ես էլ կարող եմ բերել այդ բռնակներից:

-Չէ՛, պետք չի:

Բայց դասի վերջում նա ասաց.

-Չէ՛, լավ, դու էլ կբերե՛ս, չէ՞ որ դու էլ մեղքի քո բաժինը ունես:

Ես մտածեցի. «Ավելի լավ չէ՞ր բան չասեի»:

Համենայնդեպս, հաջորդ օրը բռնակն արդեն ընկեր Մանուկյանի մոտ էր:

Մարիամ Թումանյան, 13 տ., 2010 թ.

arxiv

Հույսը վերջինն է մեռնում

«Բարև, բարև, երկար սպասված սիրելիս ու թանկագինս… Վերջապես դու բարեհաճեցիր մեր տուն մտնել: Իսկ ես քեզ ամբողջ տարին սպասում էի… Ոչի՛նչ, մենք դեռ իրար հետ շատ-շատ ժամանակ ենք անցկացնելու, որպեսզի ամբողջ տարվա տեղը հանենք… Պատահաբար չի, չէ՞, որ հենց այսօր եկար: Դու եկել ես՝ իմ ծննդյան օրը շնորհավորելու, այնպես չէ՞: Դու ամենալավ նվերը կլինես ինձ համար»,- մտածում էի ես, երբ մեր տանը ինտերնետ էին ակտիվացնում:

-Վերջ, մոդեմը միացրի: Ձեզ մնում է ընդամենը զանգահարել օպերատորին, որպեսզի նա թելադրի հրահանգները,- ասաց աշխատողը:

Ես անհամբեր սպասում էի: Հայրիկս զանգեց օպերատորին: Հեռախոսն անջատելուց հետո ասաց.

-Այսօր շաբաթ ա: Նրանք երկուշաբթի օրվանից են աշխատում: Ոչինչ, մի տարի դիմացել ես, երկու օրն ի՞նչ ա, որ չդիմանաս:

Ասեմ, որ սարսափելի դժվար է ամբողջ տարվանից հետո երկու օր սպասելը:

«Դու ուզում ես իմ համբերությունը փորձել, ինտերնե՛տ: Լավ: Ոչինչ, կսպասեմ»,- մտածեցի ես:

Եկավ երկուշաբթին: Ես զանգեցի օպերատորին:

-Ի՞նչ, էլի՞ չբացեց,- լսվում էր հեռախոսի միջից:

-Չէ՛, ոչ մի կայք չի բացում,- պատասխանեցի ես:

-Լավ, նորից մտեք, նորից հավաքեք նույն կոդը:

Ես հավաքեցի: Արդեն հինգերորդ անգամն էի նույն բանն անում:

-Ըհը, եղավ, բացեց,- հազիվ զսպելով ուրախությունս՝ ասացի ես:

-Դե, լավ: Եթե խնդիր առաջանա, կզանգեք:

Ես առաջին կայքի հասցեն էի հավաքում, երբ ոտքս հանկարծ կպավ համակարգչի լարին: Այն անջատվեց: «Ուֆ» ասելով՝ նորից միացրի համակարգիչը: Այդ երկու րոպեն, մինչ միանում էր համակարգիչը, ինձ համար անվերջանալի էին թվում:

Ահա, վերջապես հավաքեցի կայքի անունը, սեղմեցի «Enter» և… սենյակը մթնեց… Լույսերը անջատվեցին… Եվ անջատել էին ոչ միայն լույսերը, այլև իմ մեկ տարվա և երկու օրվա սպասումները:

Իննա Ազնաուրյան, 15 տ., 2010 թ.

Առաջին քայլեր

Հարցազրույցը վերցրել եմ ընկերուհուցս` Միլենա Կարապետյանից, ով ցանկանում է դառնալ երգչուհի և արդեն շատ հաջողություններ ունի այդ ասպարեզում:

-Ինչպե՞ս ստացվեց, որ ընտրեցիր երաժշտությունը:

-Կարելի է ասել, ծնվածս օրվանից երգում եմ (ծիծաղում է), և երբ առաջին անգամ, 3 տարեկանում, տեսահոլովակ տեսա, շատ տպավորված էի և ամբողջ օրը երգում էի այդ երգը: Մայրիկս էլ նկատել էր դա, և քանի որ մայրիկս ունի երաժշտական կրթություն, նրա որոշմամբ ես 6 տարեկանից սկսեցի հաճախել Արմեն Դիվանյանի անվան «Արևիկ» մանկապատանեկան անսամբլ: Այդ ժամանակվանից ես այս ոլորտում եմ, և այն ինձ շատ հոգեհարազատ է:

-Ինչ-որ ուսումնական հաստատություն հաճախել կամ հաճախո՞ւմ ես:

-Ինչպես նշեցի, 6 տարեկանից հաճախել եմ «Արևիկ», որը հետագայում անվանափոխվեց «Արևներ», իսկ անցյալ տարի ավարտել եմ Գևորգ Բուդաղյանի անվան երաժշտական դպրոցը:

-Կպատմե՞ս քո առաջին ելույթի մասին: Երբ և որտեղ է կայացել:

-Առաջին ելույթս կայացել է 2009 թվականին, երբ ես 9 տարեկան էի և հաճախում էի «Արևներ» անսամբլ: Մասնակցում էի «Արևների» ամենամյա 9-րդ մրցույթ-փառատոնին:

-Իսկ ի՞նչ երգ էիր կատարում:

-Կատարում էի Լիլիթ Նավասարդյանի հեղինակած «Գարուն» երգը: Այն ինձ շատ հոգեհարազատ է դարձել և բերել է բազմաթիվ հաջողություններ:

-Մոտակա ժամանակներում որևէ ելույթ ունե՞ս:

-Այո, հունվար ամսվա վերջին Երևանի համերգասրահներից մեկում կայանալիք համերգին հանդես գալու առաջարկ եմ ստացել: Համերգը կայանալուց հետո կլուսաբանվի:

-Հիմա դու սովորում ես 11-րդ դասարանում: Ի՞նչ ես պլանավորում անել դպրոցն ավարտելուց հետո:

-Ես ինձ այլ ոլորտում չեմ պատկերացնում, այդ իսկ պատճառով մտադրություն ունեմ ընդունվել Ջազ քոլեջ կամ էլ Երևանի պետական երաժշտական կոնսերվատորիա:

-Բարձրագույն կրթություն ստանալուց հետո որտե՞ղ ես ցանկանում հանդես գալ:

-Իհարկե, սկզբում հայաստանյան բեմերում ելույթ կունենամ, սակայն կցանկանամ արտասահմանյան հանդիսատեսին էլ ներկայանալ:

-Եթե երբևէ առաջարկ ստանաս որևէ խմբից՝ այնտեղ հանդես գալու, կընդունե՞ս առաջարկը, թե՞ նախընտրում ես մեներգչուհի լինել:

-Ես կարծում եմ, որ լավ ձայն ունեցող երգչուհին կարիք չունի խմբում հանդես գալու, ինչքան էլ որ խումբը անվանի լինի, և քանի որ ես ինձ համարում եմ լավ երգչուհի, կնախընտրեմ մեներգչուհի լինել:

-Ի՞նչ ոճում ես նախընտրում հանդես գալ:

-Փոփ-էստրադա:

-Հեղինակային ստեղծագործություններ ունե՞ս:

-Փոքր հասակում գրել եմ երգեր, բանաստեղծություններ, սակայն հիմա` ոչ:

-Որևէ անհաջողություն եղե՞լ է ճանապարհիդ, որը խանգարել է առաջ շարժվել:

-Խանգարող հանգամանքներ, որպես այդպիսին, դեռ չեն եղել, սակայն եթե լինեն, ինձ չեն խանգարի հասնել իմ նպատակին:

-Ձայնագրած երգեր ունե՞ս:

-Ունեմ երկու անհատական ձայնագրած երգ` «Գարուն» և «Երևան», նաև ձայնագրվել եմ խմբակային երգերում Գևորգ Բուդաղյանի անվան դպրոցում սովորելուս տարիներին:

-Կպատմե՞ս առաջին ձայնագրված երգի մասին:

-Առաջին ձայնագրած երգս հենց «Գարունն» է, շատ լարված էի այդ ժամանակ: Երբ մտա ձայնագրման ստուդիա, միանգամից դրեցի ականջակալները, կանգնեցի բարձրախոսի դիմաց և, երաժշտությունը միացնելուն պես, սկսեցի ինքնամոռաց երգել: Երաժշտությունը ավարտվելուց հետո ինձ զգում էի մեծ բեմում: Այդ օրը երբեք չեմ մոռանա. այն տպավորվել է որպես ամենավառ և պայծառ օրերից մեկը:

arxiv

Ես և Խաթունը

-Խաթուն, արագացրու, վեր կաց, լույսն արդեն բացվել է, առավոտյան ժամը հինգն է, կովերին ո՞վ պետք է կթի:

Խաթունն առանց հակաճառելու վեր կացավ:

-Մեգի, արթնացիր, կեսօրն էլ անցավ, իսկ դու դեռ քնած ես: Ժամը երկուսն է արդեն:

-Ինչի՞:

-Պետք է գնաս «Մանանա», վաղը գնում եք եզդիների յայլաները:

-Աա…, վայ, ճիշտ ա, լավ, մի կես ժամից վեր կկենամ:

Խաթունն արդեն հագել էր իր շորերը, որոնք մաշվել էին անընդհատ սուր քարերին ու թաց խոտերին քսվելուց: Այդ օրը սարում շատ ցուրտ էր: Մառախուղ էր: Միայն վրանում էր մի քիչ տաք, քանի որ այնտեղ էր վառարանը: Բայց Խաթունն արդեն սովորել էր այդ ցրտին, յայլաներում քանի օր էր՝ նույն ցուրտն էր տիրում:

Դրսում Խաթունը մի քիչ զրուցեց իր ընկերների հետ և անցավ աշխատանքի. Գնաց կովերը կթելու:

Հեռախոսը զնգաց: Ես խոսափողը վերցրեցի. Ընկերուհիս էր:

-Մեգ, ո՞նց ես, գալի՞ս ես՝ վաղը դասարանով կինո ենք գնալու:

-Վաղը չեմ կարող, գնում եմ եզդիների յայլաները, բայց էսօր վեցից հետո ազատ եմ, լա՞վ:

-Եղավ: Լո՞ւրջ եզդիների մոտ ես գնում: Հավես ունե՞ս: Մնա, կգնանք ջրաշխարհ…

Հերթական՝ չորրորդ ոչխարը կթելուց հետո, Խաթունն անցավ մյուսին: Նա շատ էր հոգնել, ուզում էր շուտ վերջացնել իր գործը: Հետո, երևի, մի քիչ կխնամեր փոքր երեխաներին՝ կրտսեր եղբորն ու զարմիկներին, հետո գնդակ, պահմտոցի կխաղար, իսկ վերջում, եթե լվացք չաներ, գիրք կկարդար: Չէ՞ որ նրա երազանքը բժիշկ դառնալն է, այլ ոչ թե՝ ոչխար պահելը, իսկ բժիշկները պետք է խելացի լինեն:

Ժամը իննից հետո ես հոգնած, բայց շատ բարձր տրամադրությամբ վերադարձա տուն: Ֆիլմը շատ հետաքրքիր էր, հետո էլ՝ ընկերներիս հետ նստեցինք սրճարանում և այնքան ծիծաղեցինք, որ փորներս ցավեց: Բայց արդեն ես կանգնածեմ զգեստապահարանիս առջև և վաղվա մեկնումիս առթիվ զգեստներս եմ պատրաստում: Չեմ կողմնորոշվում, թե որոնք տանեմ:

Խաթունի հայրն այդ օրը իրեն նվիրել էր ապակե հուլունքներով վզնոց: Դա Խաթունի ամբողջ հոգնածությունը ցրեց: Նա արագ վազեց դուրս, որ վզնոցը ցույց տա ընկերուհիներին:

-Սիրուն ա, չէ՞: Էնքան դուրս եկավ… Լավն ա շատ:

Վզնոցը Խաթունի միակ ուրախությունն էր այդ օրը:

Վերջ: Էլ չեմ շարունակի նկարագրել իմ ու Խաթունի կենցաղը: Մենք տարբեր ենք: Բայց հաջորդ օրը Խաթունի հետ հանդիպելով՝ ես, չգիտեմ ինչու, ամաչեցի: Ես հարգում եմ եզդի Խաթունին:

Մեգի Հակոբջանյան 12տ., 2006թ.