aneta baghdasaryan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Անետա Բաղդասարյան

«Ես Անետան եմ, մի ն-ով, մի տ-ով»։ Հենց այս բառերով երկու տարի առաջ ես դարձա քո թղթակիցը։ Երբ համալսարանական կյանքիս առաջին օրը լսարանում լսում էի «էն լրագրող աղջկան», ով, իր մասին պատմելիս, նշեց, որ «Մանանա» կենտրոնում քո խմբագիրն է, պատկերացում անգամ չունեի, որ ինձ համար անծանոթ այդ բառակապակցությունը 10 ամիս հետո կդառնա կյանքիս մի մասը։ Հայերենով գրելուց բավականին հեռու լինելով, որոշեցի ուժերս փորձել և ուղարկեցի իմ առաջին «Ինչն է ինձ հուզում» նյութը մեդիա դասընթացներին մասնակցելու համար։ Ու հիմա վստահությամբ կարող եմ ասել, որ դա իմ կայացրած սակավ ճիշտ որոշումներից մեկն էր։

Մինչ այդ մեդիայի հետ միայն ոչ անմիջական կապ ունենալով այժմ ինքս եմ մեդիա ստեղծում։ Չէ, ես ոչ այդ ոլորտում տաղանդավոր էի, ոչ էլ փորձառու, երբ սկսեցի նյութեր ու հարցազրույցներ գրել։ «Մանանա» կենտրոնում ես սովորեցի լրագրող լինել, սովորեցի հարցազրույց վարելու կանոններն ու մանրուքները, իմացա, թե ինչպես է պետք ֆոտո անել, ֆոտոռեպորտաժ անել, որ մի ամբողջ պատմություն կարողանամ պատկերել միայն ֆոտոներով։ Ու երբ մի օր առաջին նյութս հայտնվեց քո մոտ, հասկացա, որ սա այն է, ինչը երբեք չեմ թողնի։ Քեզ  հետ ես աճեցի որպես անհատականություն ու սովորեցի չամաչել սեփական մտքերից, սովորեցի դրանք արտահայտել ու կիսվել դրանցով։Հիմա էլ, երբ մի բանի պակաս եմ զգում, երբ չգիտեմ, ինչից եմ նեղված, բացում եմ քեզ ու կարդում նյութերը, որոնք ժամանակին հուզել են ինձ, նայում եմ «Հայաստանի լույսն ու մութը» ֆիլմը, որից աչքերս արցունքոտվում են ամեն անգամ։

Ուրախ եմ, որ դու կաս, որ քո շնորհիվ ամեն անգամ բացահայտում եմ նոր երիտասարդների, իրենց խենթություններով, արկածներով, մտորումներով ու հույզերով, որ կարողանում եմ բոլորի հետ կիսել մտահոգություններն ու լիաթոք ծիծաղել հիմարությունների վրա։ Ուրախ եմ, որ առաջին իսկ օրվանից ընկերացա քեզ հետ, որ ինձ դարձիր քո մի մասը, ու դու էլ դարձար իմ մասնիկը։

Ծնունդդ շնորհավոր, ընկե՛րս։ Շնորհավոր, իմ 17.am:

ella mnacakanyan yerevan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Էլլա Մնացականյան

Այսօր պարզեցի, որ իմ 17-ն արդեն ուղիղ 5 տարեկան է դառնում: Պարզեցի լրիվ պատահաբար… Դե՜, այնպես, ինչպես այս երկուշաբթի հանկարծ պարզեցի, որ ժամանակն անտանելի արագ է ընթանում, ու որ քննաշրջանի սկզբին ուղիղ 2 շաբաթ է մնացել: Ժամանակն անտանելի արագ է ընթանում նաև 17-ի հետ ու 17-ի «կողքին», որտեղ գտնվում եմ արդեն 2 տարի: Ես 17-ի «կողքին» եմ հայտնվել 2 տարի առաջ՝ մայիսին, երբ նա արդեն 3 տարեկան էր, ու 17-ը դարձել է իմ կյանքում հարազատ ու սիրելի՝ այն ընկերների նման, որոնք հարազատ չեն մեզ արյամբ, բայց մեր կյանք են գալիս մեր գիտակցական ինչ-որ տարիքում, մեր ապրած ինչ-որ տարիներից հետո ու, հարազատանալով, մնում այնտեղ հավերժ: 17-ն իմ կյանք եկավ (կամ գուցե ե՞ս 17-ում հայտնվեցի) 2017-ին՝ գոյությանս 17-րդ տարում, ու 17-ամյակս նշվեց արդեն որպես 17-ցի: 17-ն իմ կյանքում նշանավորվեց բազմաթիվ 17-երով, և ամեն ինչ ավելի սիմվոլիկ ու բանաստեղծական կլիներ, եթե այստեղ ասեի, որ գրածս նյութերն էլ 17-ում հենց 17-ն են, բայց դա նենգ ու անհավատալի մի սուտ կլիներ, քանի որ 17-ում գրածս նյութերն արդեն վաղուց հատել են 4 տասնյակի շեմն, ու կարծում եմ՝ դեռ շատ տասնյակներ պիտի հատեն, որովհետև… Որովհետև իմ 17-ում կարելի է խոսել պատանեկան խնդիրների ու հոգսերի, կպչուն մտքերի, հանգիստ չտվող մտածմունքների ու հիշողությունների մասին: Որովհետև 17-ը տեղ է, ուր կարելի է պատմել սիրածդ կերակուրի ու չսիրածդ եղանակի մասին, ուր հնարավոր է պատառիկներ գրել կյանքիդ թանկագույն մարդկանցից ու անմոռանալի պահերից, և ուր անհնար է, պարզապես անհնար է չգրել…

mariam nalbandyan

Իմ 17.am-ը 5 տարեկան է. Մարիամ Նալբանդյան

Եթե ինձ հարցնեիք, թե 17-ը քանի տարեկան է դառնում, երևի չէի կարողանա հստակ պատասխանել, որովհետև հիմա ադեն այնպիսի զգացում է, որ այն միշտ էլ եղել է։ Իսկ ես բախտ եմ ունեցել տեսնել 17-ը ստեղծման հենց առաջին պահից, տեսնել դրա ստեղծումը ու հսկայական աշխատանքը, որ արվել է դրա համար։ 

Այս բոլոր տարիների ընթացքում, իսկ մեր՝ հիմնականում 17 տարեկան (միջինը՝ 17, շեղումը՝ 4) մասսայի համար 5 տարին էական բան է, կյանքի մի մեծ հատված է, շատ դեպքեր են եղել թղթակիցների ծանոթության, դե էնպես, որ հիմա բոլորն իրար ճանաչում են, ու միշտ թղթակիցները իրար հարցնում էին՝ երբվանից են թղթկացում 17-ին։ Այս հարցի տակ ես միշտ հպարտացել եմ, որովհետև երբ ես գրում էի ու «Մանանայից» էի, 17-ը դեռ չկար։ Ու սա ամենալավ հարթակն էր, որ կարող էր ստեղծվել մեր ցանցի աշխատանքները արտացոլելու համար, ինքնաարտահայտվելու համար, գրելու մոտիվացիա ունենալու ու միշտ լավ բաներ կարդալու համար։ Չէ՞ որ ամեն թղթակից առաջին հերթին նաև հավատարիմ ընթերցող է

17-ը էն հարթակն է, որտեղ ես կարդացել եմ նյութեր, տեսել եմ ֆոտոներ ու ֆիլմեր, որոնք հուզել են ինձ մինչև արցունքներ, կամ էլ ծիծաղեցրել՝ մինչև նույն արցունքները, որոնք ինձ համար աշխարհը ավելի պարզ են դարձրել՝ կազմված բազմաթիվ էնպիսի երիտասարդներից, ինչպիսին ես եմ, դարձրել են կյանքը ավելի պարզ ու ափի մեջ, բոլոր մարզերն ու բոլոր պատմությունները՝ համապատասխան խորագրի տակ։

17-ը կարդալով զարգացել եմ, ոգեշնչվել: Սա այն տեղն է, որտեղ ես սիրահարվել եմ․ նյութերով։ Պատմություններ կան՝ այնքան եմ կարդացել, որ կարող եմ անգիր ասել, որոնք կան հեռախոսիս մեջ, որ եթե մի էնպիսի պահի ուզենամ կարդալ, որ ինտերնետ չունենամ, միևնույնն է, դրանք ինձ հասանելի լինեն։ Ու հեղինակներին ճանաչելով՝ ասեմ, որ այս նյութերը պատահմամբ չեն հայտնվել 17-ում, դրանք գրվել են հենց 17-ի համար, 17-ի պատճառով, ու եթե 17-ը չլիներ, ոչ կգրվեին, ոչ էլ գրողը կիմանար, որ ինքը կարող է էնպիսի մի բան գրել, որ Հայաստանի տարբեր քաղաքներում ու գյուղերում ինչ-որ մարդիկ ոգեշնչվեն իր պատմությունից։

17-ը մեզ բացահայտած ու միշտ մեր կյանքում եղած դրական կարմիր գործոնն է, որը, թերևս, իմ կյանքի ամենակոնստանտ բանն է եղել այս բոլոր տարիների ընթացքում։ Ու շարունակում է մնալ հենց այդպիսին։

juli abrahamyan

Ինտերվալ

Այն ժամանակ, երբ վրձինը պետք է վերջապես հանդիպի թղթին, կարծես թե տեղի է ունենում այն, ինչ բոլորս տեսել ենք մեր համակարգիչների էկրաններին` error 404, բայց սա արդեն տեղի է ունենում նկարչի ուղեղում:

Մոտավորապես նույն բանը տեղի է ունենում իմ գլխում, երբ համակարգիչս մի փոքր դանդաղ է միանում, կամ էլ երբ գրելուց առաջ, ըստ սովորության, word-ի էջերն եմ հավասարեցնում: Բոլոր բառերս դուրս են գալիս գլխուղեղիցս ու առանց ցտեսություն ասելու` լքում են ինձ:

Սա տեղի է ունենում նաև այն ժամանակ, երբ ես հայերենով դաս եմ պատասխանում, ուղղակի այս ժամանակ տեղի է ունենում «տեղափոխման» տարբերակը, որը իրենից ներկայացնում է բառերի տեղափոխումը մեկ լեզվից մեկ այլ լեզուն: Բառապաշարիս բառերը միանգամից թարգմանվում են անգլերեն, որոնք ես չեմ կարողանում հետ փոխել հայերենի, և ուղեղիս խորքերից մեկ-երկու գերմաներեն բառեր են գալիս, իսկ թե դրանք որտեղից գիտեմ` ոչ մեկը դեռ չի հասկացել:

Ինչևէ, այս անգամ ցանկանում էի մի փոքր ուրիշ բան գրել` առանց առօրյա անհամ դրվագների, կենցաղային խնդիրների ու դժգոհությունների, սակայն համակարգիչս մի քիչ ուշ միացավ: Ես կարծես թե նմանվում եմ գրողի, ով մեծ ցանկությամբ մոտեցնում է թանաքով լցված գրիչը կաթնագույն թղթին, բայց թանաքը չորացած է լինում, իսկ իրեն հարվածում է հիասթափության ալիքը:

Երբ գրում ես, ցանկանում ես, որ բառերիցդ յուրաքանչյուրը հարվածի մատներիդ, որ ոչ մի բառ անտեսված չմնա, որ յուրաքանչյուրն էլ գա ու իր համար նախատեսված անկյունում մնա, այդ իսկ պատճառով ես չեմ գրում: Ավելի քիչ դրամատիկ հնչելու համար կասեմ, որ համեմատաբար քիչ եմ գրում, որովհետև իրականում ես պահպանողական եմ: Ավելի լավ է՝ բառերս մնան մտքումս` այնտեղ, որտեղ սովոր են մնալ, թեկուզ և փտեն: Մտքերիցս դուրս չեն գա, կմնան ու անտեսված չեն զգա իրենց:

Հոգնած ուրբաթի վերջին ժամերը վաստակած հանգստով վայելելու համար պառկում ես բազմոցին ու աչքերս փակելուն պես դիմացդ են գալիս բոլոր չասված-չգրված բառերը` հատիկ-հատիկ, կարծես թե դատում են լուռ աչքերով քեզ՝ իրենց չարտաբերելու համար: Մնացած երկու օրերը քեզ հանգիստ չեն տալիս: Ավելի ճիշտ` մնացած բոլոր ընկեր-բարեկամներդ քեզ հանգիստ չեն տալիս, որովհետև «հազիվ ազատ ենք, բա մի հատ չգա՞ս, մեզ չտեսնե՞ս»: Դե արի` բացատրի, որ չէ, պետք չէ:

Մի խոսքով, նման ինտերվալներ շատ են լինում, հիմնականում՝ հենց այս պարբերությունների միջև եղած ինտերվալների չափով, սակայն դրանք ավելի մեծ են իմ գլխում, որտեղից բառերս կտոր առ կտոր, կարծես ափսոսելով, որ լքում են ինձ, դուրս են գալիս ու հարվածում ստեղնաշարին, ու հենց այս պահին ես հասկանում եմ, որ ինչքան էլ ես հիմա ստեղնաշարով ժամանակ եմ խնայում (որովհետև վերջապես սովորել եմ խնայել), ինչ-որ մի տեղ ինչ-որ մի թուղթ իրեն լքված է զգում:

Իսկ իմ մտքի թանաքն արդեն վերջանում է…

arxiv

Ոգին

Մի անգամ Արմանը դասամիջոցին հայտարարեց․

-Վաղը ստուգողական ենք գրելու։ Ես գնում եմ ոգի կանչեմ, տեսնեմ՝ ինչ կստանամ։ Ո՞վ է գալիս ինձ հետ։

-Ի՞նչ է պետք․ անտեսանելի գլխա՞րկ, թե՞ կախարդական փայտիկ,- ձեռ առա ես։

-Մեզ պետք կգա մոմ, ափսե, ստվարաթուղթ,- բացատրեց Աննան ու գնաց Արմանի հետևից։

Դե, քանի որ բոլորը գնում էին, ես էլ միացա նրանց։

Եվ այսպես, «զինված» մտանք դպրոցի նկուղ, մոմը վառեցինք։

Արմանը հանդիսավոր ձայնով արտաբերեց․

-Ոգի, ասա, ի՞նչ եմ ստանալու ստուգողական աշխատանքից։

-«Երկուս»,- հանկարծ լսվեց մի հաստ ու սարսափազդու ձայն։

-Իսկ ե՞ս,- լսվեց Վահեի վախվորած ձայնը։

-Դու՝ նույնպես,- կրկնեց ձայնը։

-Վա՜յ, մամա ջան,- սկսեցինք բղավել աղջիկներով։

Մեզ Արմանի ու Վահեի «երկուսները» չէին վախեցրել, այլ ձայնը․․․ Տղաներն էլ էին վախեցել։ Մանավանդ, իրարանցման մեջ մոմը հանգցրել էինք ու խավարի մեջ պատից պատ էինք խփվում։ Մեկ էլ ինչ-որ մեկը լույսի կոճակը միացրեց։

-Ո՜ւփսս,- ասացինք միաձայն։

«Ոգին» կանգնել էր մոմի մնացորդների, կոտրտված ափսեի ու ստվարաթղթի մեջտեղում։ Մեր դպրոցի տնօրենը․․․

Թե ինչ եղավ հետո, չարժե պատմել, դուք էլ եք դպրոց գնում և եղել եք տնօրենի սենյակում․․․

Մեզնից ձեզ խորհուրդ․ լավ է ստուգողականին կարգին նախապատրաստվել։

Անահիտ Ղազարյան 13 տարեկան, 1998թ.

alina grigoryanyerev

Կամք կամ հաջողություն հարմարավետության գոտուց դուրս

Հաջողության հասնել ցանկանում են բոլորը, այդ թվում և ես: Անցած տարի իմ կյանքում տեղի ունեցավ մի իրադարձություն, որը գլխիվայր շրջեց հաջողության մասին իմ պատկերացումները:

2018 թվականի մայիսն էր, ՀՊՄՀ-ի 2-րդ կուրսում էի սովորում։ Համալսարանում էլի եկան ու հայտարարեցին հերթական «Ամառային դպրոց» ուսանողների միջազգային փոխանակման ծրագրի մասին։ Ծրագրի մասին գիտեի դեռևս առաջին կուրսից, սակայն չէի դիմել՝ վախենալով ձախողել ընտրական փուլը, փորձել նոր, ինձ անծանոթ մի բան:

Հայտադիմումի լրացման վերջնաժամկետը մոտ էր, նորից հայտարարություն արվեց։ Իրարամերժ մտքերը խառնվեցին գլուխումս։ Որոշեցի այնուամենայնիվ դիմել ու վերջին օրով լրացրի հայտադիմումը՝ ոչ մի լուրջ բանի չսպասելով (նախ` անցնելու հույս չունեմ, և հետո` անցնելու դեպքում էլ ծնողներս թույլ չեն տա գնալ արտերկիր)։

Եկավ հարցազրույցի օրը։ Հարցազրույցին ներկայացա կոստյումով ու շատ լուրջ դեմքով, պատասխանեցի բոլոր հարցերին, չնայած` պատասխաններս շատ անփույթ էին: Դուրս եկա քննական սենյակից աննկարագրելի ուրախ ու թեթևացած, քանի որ խիզախել էի գոնե փորձել:

Երկու շաբաթ անց տեղեկացա, որ ընտրական փուլը հաղթահարել եմ և պետք է մասնակցեմ վիճակահանության՝ հյուրընկալող երկիրը պարզելու համար։ Եվ ի՞նչ, իմ վերցրած թղթի կտորի վրա գրված էր աշխարհի լավագույն կրթական համակարգ ունեցող երկրներից մեկը՝ Ֆինլանդիան՝ իր Օուլուի համալսարանով։ Ինձ տրված էր հնարավորություն, որի մասին նախկինում միայն կարող էի երազել։ Առաջին անգամն էր, որ կարողանում էի զգալ կամքիս հզորությունն ամբողջապես՝ հոգով, սրտով և էությամբ։ Ո՞վ կպատկերացներ, որ կյանքիս լավագույն օրերի մի մասը պիտի ապրեի «բացարձակապես անծանոթ» մարդկանց հետ, որոնց մեջ և պիտի գտնեի ամենածանոթներին։ Ծրագրի տևողությունը մեկ շաբաթ էր, բայց ստացած դասերը միայն մի շաբաթ չէր, որ պիտի կիրառվեին:

Ու հիմա իմ կյանքը բաժանվում է երկու մասի՝ այս իրադարձությունից առաջ և հետո։ Ամառային դպրոցը միանշանակ ֆորմալ անունն է, սա դպրոց է, որում գլխավոր դերակատարը կամքն է։

Արդեն 3-րդ կուրսում եմ սովորում։ Այլևս չունեմ սխալվելու, կորցնելու ու չհաջողելու վախ, հիմա ես ունեմ միայն ուսուցողական հնարավորություններ:

arxiv

Մեր վերևի հարևանը

Մենք ապրում ենք չորսհարկանի շենքի վերջին հարկում և սովոր չենք եղել, որ ինչ-որ մեկը մեր գլխին թխկթխկացնի կամ դմբդմբացնի։ Իսկ, այ, մենք այնքան ենք տանը գնդակ խաղում, որ ներքևի հարևաններն արդեն սովորել են աղմուկին։ Մի անգամ մայրիկը գնացել էր նրանց տուն, և երբ նստել էին սուրճ խմելու, ջահը ճոճվել էր։ Մայրիկը ճչացել էր․

-Երկրաշա՜րժ։

Իսկ հարևանն ասել էր․

-Հանգստացիր, քո երեխաներն են խաղում։

Բայց ես այդ դեպքի մասին չեմ ուզում պատմել, այլ մեկ ուրիշի։

Մի անգամ, երբ մենք ընտանիքով նստած էինք սեղանի շուրջը, ջահն սկսեց գնալ-գալ։ Իհարկե, բոլորս էլ վախեցանք՝ մտածելով, թե երկրաշարժ է։ Բայց երկրաշարժը սովորաբար մի քանի վայրկյան է տևում, իսկ այս մեկը մի քանի րոպե չէր դադարում։ Բացի դրանից, վերևից սարսափելի աղմուկ էր լսվում։ Մենք հասկացանք, որ որ մեր վերևում հարևան է հայտնվել։ Հայրիկը բարձրացավ տանիք, և երբ բացեց դուռը, նրա վրա հարձակվեց մի շնիկ՝ մեր նոր հարևանը։

Ամենասարսափելին այն է, որ մեր նոր հարևանը, երևի նոր տանը սովոր չլինելու պատճառով, գիշերները չէր կարողանում քնել ու կաղկանձում էր՝ մեզ էլ իր հետ անքուն պահելով։ Որոշ ժամանակից հետո հայրիկն այլևս չդիմացավ այդ կաղկանձին, որոշեց փայտով բարձրանալ կտուր ու քշել նրան այնտեղից։ Իսկ երբ բարձրացել էր ու լապտերը վառել, տեսել էր, որ շունը ձագուկների է սպասում։ Խղճացել էր նրան։ Այդ օրվանից շունն այլևս չի կաղկանձում (հասկացել էր, որ բարությանը բարությամբ պետք է պատասխանել), սովորել է բնակարանին ու շրջապատին։ Ճիշտ է, մեր առաստաղը մեկ-մեկ նրա շատ վազելուց դղրդում է, բայց ոչինչ, չէ՞ որ մենք շուտով նոր և փոքրիկ հարևաններ ենք ունենալու։

Լուսինե Զեյթունյան

1998 թվական

arxiv

Լոբու «ծառը»

Երբ հինգ տարեկան էի, եղբորս ասացի.

-Գոռ, արի լոբի աճեցնենք:

-Հա, արի,- ասաց նա:

Եվ մենք մայրիկից խորհուրդներ էինք հարցնում, թե ինչպես են լոբի աճեցնում:

-Առաջին հերթին ձեզ մի աման է պետք:

-Ինչի՞, որ ծառը ջրե՞նք:

-Չէ, դմբլո, որ լոբին դրա մեջ ցանեք:

-Ի՜, բա մենք էլ գիտենք, թե բակում ենք ցանելու,- հիասթափվեց Գոռը:

-Մենք բնակարանում ենք ապրում,- ասաց հայրիկը, հողամաս չունենք:

Եվ մենք թթվասերի ամանի մեջ հող լցրեցինք,մեջը լոբի դրեցինք և մի-մի դույլ ջուր դատարկեցինք յուրաքանչյուր լոբու վրա: Հայրիկն ու մայրիկը մի կերպ մեր ձեռքից վերցրին ցեխակոլոլ ամանները և դրեցին խոհանոցի պատուհանի գոգին:

-Վերջ, վերջ, սպասենք, տեսնենք, թե ե՞րբ կծլի,- ասաց մայրիկն ու մեզ տարավ սենյակ:

Հինգ րոպե անց ես վազելով մտա սենյակ և ասացի.

-Հայր, լոբին լծել է:

-Ոչ թե լծել, այլ` ծլել,- խորհրդավոր ասաց Գոռը:

Բայց մեր լոբին ոչ լծել էր, ոչ էլ` ծլել: Ես ոտքից գլուխ ցեխոտ էի, որովհետև փորել-հանել էի լոբու հատիկն ու բերել սենյակ, որ հայրիկն ու Գոռն էլ տեսնեն:

-Դեռ ժամանակը չէ,- ասաց հայրիկն ու նորից ցանեց այն:

Գիշերն էլ Գոռն էր արթնացել ու մատիտով հողը քչփորել: Բայց լոբին էլի չէր ծլել:

-Էս ցեխից ու ջրից շուտով մենք կծլենք,- բողոքեց մայրիկը,- տարեք այգում ցանեք:

Մենք այդպես էլ արեցինք: Ամեն երեկո գնում էինք զբոսայգի և հիանում էինք մեր աշխատանքով: Մի օր էլ տեսանք, որ ինչ-որ մեկը մշակում է մեր լոբին, երևի բերքն էլ հավաքեց ու լավ հարստացավ, իսկ մեզ չհիշեց էլ:

Մուշեղ Բաղդասարյան 10 տարեկան

aneta baghdasaryan

Մի վերջացիր, կիրակի՛

Ժամը արդեն ութն անց կես է, իսկ ես դեռ բան չեմ արել։ Ու երևի մոտակա մեկ ժամվա ընթացքում չեմ էլ անի։ Կմտածեք՝ զբաղված մարդ եմ, աշխատում եմ միգուցե, նոր եմ տուն եկել։ Ոչ, չեմ աշխատում, և հետևաբար, նոր չեմ տուն եկել (դե աշխատում եմ, բայց տանից)։ Համ էլ կիրակի է, ի՞նչ աշխատանք։ Ու այսպես առավոտից նստած եմ գրասեղանիս մոտ, նայում եմ համակարգչիս էկրանին, փորձում միջիս ալարկոտին անջատել ու գոնե մի բան գրել։ Երբ մի բան ես ունենում անելու, ամեն վայրկյան մի նոր գործ ես գտնում, մենակ թե այդ հիմնական, ամենակարևոր գործը չսկսես, որովհետև ուղղակի հավես չունես։ Դե ես էլ, ինչպես և դու,  վերցնում եմ փոշու շորն ու մաքրում արդեն մամայի կողմից մաքրած կահույքը, անցնում եմ ամեն մի վայրով, սրբում եմ դաշնամուրը, վրայի բոլոր նկարների շրջանակները, բացում դաշնամուրն ու փոշու շորով անցնում ստեղների վրայով։ Հետո գնում եմ սենյակ ու սկսում դարակներս հավաքել, գտնում եմ լիքը թղթեր, ձեռագիր նշումներ, որոնք դեռ անցյալ տարի եմ գրել, վերջացած նոթատետրիս միջից գտնում եմ կորցրածս նկարն ու դնում նույն տեղը, որ էլի կես տարի այն փնտրեմ ու գտնեմ նույն վայրում։

Անվերջ փոշի սրբել չէր ստացվի, դրա համար էլ նստեցի գրասեղանիս մոտ, ու կրկին իմ ու դատարկ էկրանի միջև համր լռություն տիրեց։ «Պետք է մի բան անել, հավաքվի՛, Անետա»,- մտածում էի ես, երբ հայացքս ընկավ գրասեղանիս ձախ անկյունին, ուր փակցրել էի կպչուն թերթիկ «ֆրանսի տնայինը չմոռանա՛ս» գրվածքով։ Մի քանի րոպե առաջ կարևոր գործս մի վայրկյանում ջնջվեց, քանի որ հիմա դրանից ավելի կարևոր բան ունեի անելու՝ անգիր սովորել ֆրանսերենի տեքստը։ Երբ դեռ նույնիսկ չգիտեի՝ ինչի մասին է տեքստն, ու քանի էջ պետք է սովորեմ, մի անգամ էլ չեմ բացել կայքը, որ ծանոթանամ տեքստին, արդեն դրա հավեսը չունեի։ Շարունակում էի ոչ մի բան չանել։ Մեջս նորից անհագ ցանկություն առաջացավ մի բան անել, միայն թե ոչ ֆրանսերեն։ Նայեցի իրար վրա դրված գրքերիս, որոնցից յուրաքանչյուրը բացել եմ և, հասնելով մի պահի, փակել ու մի կողմ դրել, որովհետև հավեսս կորել էր։ Վերցրեցի ամենավերևինը ու սկսեցի կարդալ ծերուկ Թեոդորի նամակն իր զարմիկին։ Փորձում էի վերհիշել երկու ամիս առաջ կարդացածս, մեկ անգամ ևս պատկերացնել կերպարներին՝ նամակը ձեռքերում կանգնած Լոնսելոտին, իր կնոջը, ում հագուստի վրա ներկի հետքեր կային, իսկ քթի ծայրին թանաքից մնացած սև կետեր: Հիշողությանս մեջ երևաց սենյակը, գրասեղանն ու զամբյուղի մեջ քնած կատուն։ «Նենց կուզենայի հիմա այդ սենյակում լինել, զամբյուղի մեջ, կատվի փոխարեն ու կիսաքուն վիճակում լսեի երիտասարդ զույգի զրույցը ծերուկի ժառանգության ու կատվին իրենց մոտ պահելու դրական կողմերի մասին»։ Պատմվածքը բավականին կարճ էր, ու այն ավարտելուց հետո էջանշանը դրեցի հաջորդի վրա, որ էլի երկու-երեք ամիս չկարդամ ու մի օրում վերջացնեմ։

Նորից նայեցի համակարգչիս էկրանին, այս անգամ սպասելով, որ ֆրանսերենի տեքստն ինքն իրեն անգիր կանի․ ինքն էլ հավես չուներ։ Ավանդույթները չխախտելով նայեցի ձախ՝ այս անգամ աչքովս ընկավ հեռախոսս, ու արդեն մոտ կես ժամ է, ինչ մաթեմատիկայի ու հավանականության կանոններով հաշվարկներ անելուց հետո վանդակի մեջ գրեցի 2-ը, որի վրա անմիջապես խաչ քաշվեց՝ ինձ հուշելով այն մասին, որ հաշվարկներս սխալ էին։ Կեսից հիշեցի, որ գործս նույնիսկ չեմ էլ սկսել, իսկ ես նստած սուդոկու եմ լուծում։ Հեռախոսս մի կողմ դրեցի ու ինձ հավաքելով սեղմեցի կայքի հասցեին։ Դեռ կարդում եմ, հասա տեքստի կեսին, արդեն հոգնեցի, էլ չեմ ուզում, չեմ ուզում դասի գնալ վաղը, կլինի՞ էս կիրակին չվերջանա, կլինի՞ դասի չգնամ։ Դասի ավելի շատ չէի ուզում գնալ, քան թե ֆրանսերեն չսովորելը։ Մարմնիս և ոչ մի բջիջ ոչ մի բանի հավես չուներ։

Կեսգիշերն անց էր արդեն, աչքերս կամաց-կամաց ծանրանում էին, պետք է քնել։ Չէի ուզում քնել, որ երկուշաբթին չգա, որ կիրակին մի քիչ ավել տևի։ Բայց արդեն կես ժամ է, ինչ էլ կիրակի չի։