Ուսուցիչ դառնալու ճանապարհին
Շատերն իմանալով, որ սովորում եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանում, միշտ զարմանում են ու հարցնում, թե ինչն է ինձ դրդել ընդունվել այս համալսարան: Երևի, առաջին հերթին մարդկանց զարմացնում է արտաքին տեսքս՝ մազերիս փոփոխական գույները, դաջվածքներս, հագնվելուս ոճը, բայց արտաքին տեսքը ոչ գիտության վրա է անդրադառնում, ոչ սովորելու և ոչ էլ սովորեցնելու: Չգիտեմ կարծրատիպերը, երբ հասան կրթությանը, բայց ես միշտ կոտրել եմ ու կշարունակեմ կոտրել այդ կարծրատիպերն ու կապացուցեմ, որ ոչ մազերի գույնը, ոչ հագուկապը, ու ոչ էլ դաջվածքները հայրենասեր, խելացի, վերլուծող, մտածող սերունդ դաստիարակելու և կրթելու հարցում դեր չեն խաղալու և ամենակարևորը. ապագա աշակերտներիս առաջին բանը, որ կսովորեցնեմ, այն կլինի, որ երբեք մարդուն չի կարելի դատել արտաքին տեսքով:
Ինչևէ, շուրջ երեք տարի ինքս չեմ հասկացել, թե ինչ եմ անում այս համալսարանում, ո՞րն է այստեղ սովորելուս իմաստը կամ առաքելությունը: Երբ հանձնարարում էին գրել էսսե՝ ինչու եմ ընտրել ուսուցչի մասնագիտությունը, դժվարանում էի գրել, մտքերս չէի կարողանում դասավորել, ընտրությանս վրա կասկածում էի ու մտածում, որ սխալ մասնագիտություն եմ ընտրել, բայց երեկ վերջապես հասկացա, ու բացի հասկանալուց, արդեն այն հարցին, թե ինչու եմ սովորում հենց այս համալսարանում, հանգիստ կարող եմ պատասխանել:
Բոլորդ էլ գիտեք, միշտ չէ, որ ամեն բան առաջին անգամից է ստացվում: Առաջին անգամ դաս տալու փորձը ձախողվեց. շատ լարված էի, չգիտեի` ինչ խոսեի, ինչ անեի, որ երեխաները իրենց լավ զգան, չձանձրանան, և բացի դրանից էլ, լարվելուս պատճառն այն էր, որ ֆորս մաժորային իրավիճակ ստացվեց, որը հանգեցրեց խառնաշփոթի: Դասարանից դուրս եկա անտրամադիր, հիասթափված ու ինչու չէ՝ նաև փոքր ինչ վրդովված, որովհետև չէի սպասում, որ այդպես կստացվի: Խուսափում էի ու չէի ուզում էլ դաս տալ, բայց դպրոցի ուսուցիչներից մեկը, ով մեր համալսարանում մագիստրոս էր, ասաց` չհիասթափվես, դա ամենակարևոր բանն է, որից հետո փոքր-ինչ հանդարտվեցի: Ինչևէ, երեկ արդեն դասավանդելուս երկրորդ փորձն էր:
Պատասխանատվությունից փախչելով և համապատասխան փորձ չունենալու պատճառով որոշեցի դասավանդել 6-րդ դասարանում: Կյանքում այդքան լարված զանգի ձայնին չէի սպասել: Զանգը տվեց, երեխաները ոտքի կանգնեցին, նրանց դասավանդող ուսուցչուհին ասաց, որ դասն այսօր ընկ. Դավթյանն է անցկացնելու: Համ ուրախ էի, համ տխուր, համ էլ չէի գիտակցում, որ հասել եմ այն կարգավիճակին, որ ուղղակի Դավթյան ազգանվանս կողքին ավելացավ նաև ընկերը, բայց չէ՞ որ ընկեր բառն իր մեջ բազմաթիվ պատասխանատվություն ու իմաստ է պարունակում: Պետք է գիտակցես, որ առաջին հերթին քո աշակերտի ընկերն ես, հետո նոր ուսուցիչը:
Երեխաներին պատմում էի հին Հայաստանի տնտեսության մասին, ու դուք պետք է տեսնեիք առաջին շարքի նստած աղջկա հիացած ու հետաքրքրված հայացքը: Ամբողջ դասի ընթացքում նրան նայելով ջերմություն էի զգում ու ինձանից անկախ ժպտում: Միգուցե հենց նրան նայելով հիշում էի ինձ իր տարիքում ու մի պահ ուզեցի հայտնվել նրա տեղում, ոչ թե անհոգ մանկություն ունենալու, այլ ինձ կողքից տեսնելու համար: Տեսնելու համար, թե ինչպես այն աղջիկը, ով ամբողջ կյանքում դպրոց սիրով չի գնացել, այսօր մեծ եռանդով, սիրով ու պատասխանատվության զգացումով նորից մտել է դպրոց, բայց ոչ թե սովորողի կարգավիճակով, այլ՝ սովորեցնողի: Անկեղծ ասած՝ ամբողջ դասի ընթացքում մտքումս իմ դպրոցի պատմության ուսուցչուհու խոսքերն էին պտտվում, երբ բղավում էր վրաս ու ասում, որ չսովորելով ոչնչի չեմ հասնի, համալսարան չեմ ընդունվի: Երկու տարի ինձ դասավանդելուց հետո էլ անգամ չհասկացավ, որ ոչ թե ես չեմ ցանկացել սովորել, այլ նա է դասավանդել այնպես, որ ես չեմ ցանկացել սովորել: Նա չէր գիտակցում, որ իր մասնագիտությունը պատասխանատվություն, նվիրում, համբերություն էր պահանջում: Չէր գիտակցում, որ իր ֆինանսական և ընտանեկան խնդիրները դասարան ներս մտցնել պետք չէ, որովհետև մենք ամեն ինչ զգում ու հասկանում էինք: Չեմ հասկանում, թե ո՞նց էր կարելի Հայոց պատմություն առարկան այդքան ձանձրալի դասավանդել. ոչ մի մեթոդ, ոչ մի նորություն, ոչ մի մոտեցում: Միայն անհիմն բղավոցներ ու մեղադրանքներ…
Իր դասերի ժամանակ միշտ մտածում էի. եթե օրերից մի օր հանկարծ որոշեմ դառնալ մանկավարժ, նա կլինի այն մանկավարժի օրինակը, որին երբեք չեմ նմանվի, իսկ մյուս կողմից էլ մտածում եմ իմ մասնագիտություն ընտրելու հարցում ամենամեծ ներդրումը հենց ինքն է կատարել, ցույց տալով, թե ապագայում ինչ սխալներ ես երբեք թույլ չեմ տա ու աշակերտներիս կոպտելու փոխարեն միշտ կողջունեմ իրենց ընտրությունն ու ամեն կերպ կաջակցեմ նրանց…
Հարության կիրակի

Ավագ ուրբաթ. Հարության սպասումով

Ամպրոպից առաջ

Գարունը քաղաքում
Ապրում ենք
գիշեր է
***
գիշեր է,
կանգնած ես
պատուհանի դիմաց.
աչքերիդ առաջ
մեռնում է երեկը`
անձայն գոռալով,
ոռնալով
ցավի
ու
կյանքի համար։
աչքերիդ առաջ
դողում է ներկան`
տոկուն թմրությամբ,
վերջին ցոլքի պես
պարզ,
հանդարտ։
միայն թե`
չկա վաղը,
չքացած ու ցմքած է այն,
կամ կգա,
կամ սոթ կտա,
կընկնի սառած ասֆալտին,
ինչպես թռչունը այլ ուղի բռնած,
որ փետրաթափ եղավ։
ու կսատկի,
կսատկի
ձմռան վերջին օրը`
լուսաբացը
չտեսած։
Վայրի կարմիր կակաչներ
Չեմ սիրում վարդեր, դրանցից սուր հոտ է գալիս, իսկ ես սուր հոտերից ալերգիա ունեմ։ Նախընտրում եմ վայրի կարմիր կակաչներ վարդերի փոխարեն։
Փետրվարի վերջին, երբ եղանակը փոքր-ինչ տաքանում է, նախընտրում եմ հագնել կարճ կիսաշրջազգեստ, որ մի փոքր մրսեմ ու չզգամ գարնան մոտենալը։ Տնից դուրս գալիս երբեք չեմ մտածում ուրիշների հայացքների ու հնարավոր տհաճ դեպքերի մասին։
Սիրում եմ ընկերուհուս հետ գիշերային անկեղծ զբոսանքները, երբ դրսում բացի մի քանի սև հագած տղաներից ու գիշերային մարզանք անողներից ոչ ոք չկա։
-Մարտի ութդ շնորհավոր,- կլսեմ նորից ինչպես ամեն գրողի տարած տարի։
-Շնորհակալություն,- կասեմ մի քանի վայրկյան անց որպես պատասխան։
«Փորձանքը մի անգամ ա լինում»,- ամեն անգամ կրկնում է տատիկս, երբ տնից ուշ ժամի եմ դուրս գալիս։ Նայում եմ նրա անհանգստացած հայացքին, վերցնում հեռախոսս։
«Գնացի տատ»,- եթե ես ամեն օր տնից դուրս գալիս մտածեի հնարավոր փորձանքների ու ուշ ժամին ապահով հետ վերադառնալու մասին, կդառնայի տան բույս ու չէի կարողանա ապրել կյանքն ամբողջությամբ։
Աշխարհում երեք կանանցից մեկը կյանքի ընթացքում ֆիզիկական բռնության զոհ է դառնում։ Դեպքերի մեծամասնությունը մնում է ստվերի տակ։ Քչերը ունեն բավականաչափ համարձակություն իրենց պատմությունը բարձրաձայնելու։
Ներկայիս ՀՀ Օրենսգրքում նշված է կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության սկզբունքի մասին, սակայն ինչու՞ են կանանց բռնությունների դատավարությունները ավարտվում դեռ չսկսված՝ դեպքի կրկնվելու ռիսկով։
Ապրելով պատրիարխալ հասարակությունում, որտեղ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց կողմից ամեն օր զգում ես հասարակության կողմից ընդունված նորմերի պարտադրումը՝ մարտի ութի շնորհավորանք ստանալը արդեն վիրավորական է դառնում։ Կարծես հատուկ ընդգծվի, որ ես՝ լինելով իգական սեռի ներկայացուցիչ, ունեմ մի յուրահատուկ օր այդ մասին ևս մեկ անգամ հիշեցնելու։ Իսկ հետո կստանամ թանկարժեք վարդերը, որոնց պատճառով ալերգիաս ավելի կսրվի ու կշարունակվի ամբողջ գարնան ընթացքում։ Կանանց միամսյակ է, ասում են։
Մարտի ութը բավականին սխալ է ընկալվում մեր հասարակության կողմից։ Այն դարձել է տոնական զեղչերի ու վաճառքները բարձրացնելու միջոց։
«Մարտի ութդ շնորհավոր»,- ասում են։ Բայց ի՞նչ առիթով են նրանք շնորհավորում՝ կին լինելու՞, թե՞ երկու դար առաջ կանանց՝ քվեարկելու իրավունքը ձեռք բերելու առիթով։
Մարտի ութը այլևս արդիական չէ։ Ես այն դատապարտում եմ և դեմ եմ գնում մեր կողմից այդ օրվա սխալ ընկալմանը։ Մարտի ութը ուղղակի ոչ աշխատանքային օր է, առիթ՝ թանկ գներով ծաղիկներ գնելու և կանանց հաճելի նվերներ անելու։
Կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարության պայքարը ամեն օր է։ Մարտի 8-ին, ապրիլի 7-ին, հունվարի 28-ին և նույնիսկ դեկտեմբերի 4-ին։
1917 թվականին սպիտակ կանանց ընտրական իրավունքի ձեռքբերումից 2 դար է անցել։ Այդ ընթացքում կանանց՝ տղամարդկանց հետ հավասար իրավունքներ ունենալու պայքարը շարունակվել է՝ ամեն անգամ զարգանալով և նոր գաղափարներ առաջ բերելով։ Չնայած նրան, որ Հայաստանում նույնպես կարող ենք նկատել դրական փոփոխություններ, բայց հիմնական գաղափարը մնում է այն, որ մարտի ութը մնացել է սովետական սովորույթներից մնացած հնաոճ տոն։
Ըստ 2021թ-ի տվյալների Հայաստանում ամեն 4-րդ երեխան չի ծնվում՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական դադարեցման պատճառով։
Ակնհայտ է, որ դեռևս ընտանիքում գոնե մեկ տղա երեխայի առկայությունը ավելի ողջունելի է և ավելի մեծ ոգևորությամբ է նշվում։ Պատճառները շատ են, բայց դրանք չեն արդարացնում չծնված աղջիկների փոխարեն տղաներին նախընտրություն տալը։
«Պահանջվում է վաճառողուհի» կարդում եմ ես երբեմն խանութների կողքով անցնելիս։ Հիմնականում նրանք փնտրում են «բարետես արտաքինով» երիտասարդ կանանց։
Գործատուները բնականաբար աշխատանքային հարցազրույցի ժամանակ կարող են թեթևակի շոշափել կնոջ անձնական կյանքի մասին հարցերը՝ ամուսնացա՞ծ են, արդյոք պլանավորու՞մ են երեխա ունենալ։
«Բա ե՞րբ ես ամուսնանում»,- կիսակատակ կհարցնեն բոլոր հետաքրքրված բարեկամները, հարազատները, հարևանները։ Իսկ ամուսնանալուց հետո հաջորդ ամենաշատ տրվող հարցը կարծում եմ պարզից էլ պարզ է։ Կինը պարտավոր է հասարակության կողմից ակնկալվող ժամանակահատվածում ամուսնանալ, ընտանիք կազմել և երեխաներ ունենալ։
Իսկ ինչու՞ պետք է ինչ-որ մեկը որոշի մեր փոխարեն։ Կանայք ունեն ընտրության իրավունք 1917թ-ից սկսած։ Ինչպես հագնվել, երբ և որտեղ գնալ, ում հետ շփվել ու երբ ամուսնանալ։ Այս ամենը կնոջ անձնական կյանքի մասն է կազմում, որը չպետք է քննարկվի ուրիշների կողմից։
Նույն Մարտի 8-ը, նույն ծաղիկներն ու տոնական զեղչերը։ Արդեն ձանձրալի է դառնում։
























