- Լուսանկարը` Զարինե Կիրակոսյանի
- Լուսանկարը` Մերի Ամիրխանյանի
- Լուսանկարը` Լիլիթ Հովսեփյանի
- Լուսանկարը` Մերի Ամիրխանյանի
- Լուսանկարը` Մերի Ամիրխանյանի
- Լուսանկարը` Արաքս Ներսիսյանի
-Մամ, բայց ախր․․․
-Ոչ մի ախր, ինձ չի հետաքրքրում:
Բազմոցին նստած հետևում եմ ընկերուհուս ու իր մոր զրույցին, եթե իհարկե, դա զրույց կարելի է համարել։
-Մամ, բայց երաժշտական խմբի մեջ ի՞նչ վատ բան կա։
Իրոք որ, երաժշտական խմբի մեջ ի՞նչ վատ բան կա, մանավանդ, եթե դու լավ ես երգում կամ նվագում։
-Բա դասե՞րդ, բա մե՞նք, մոռանում ես լրիվ, որ երաժշտությունը քեզ ապագա չի։
Այ քեզ կարծրատիպ։ Երաժշտությունը չի կարող ապագա լինել։ Նման պահերին ես չգիտեմ՝ ինչ անել։ Սենյակի մի անկյունում կանգնած հիշում եմ բոլոր եղյալ և չեղյալ դրվագները․․․ Եղյալ և չեղյա՞լ, նման բառեր կա՞ն։ Այսօրվանից կան։ Հիշեցի մի ֆիլմ, որտեղ դասախոսն ասում է իր ուսանողներին․
-Բժշկությունը, իրավաբանությունը, հաշվապահությունը մասնագիտություններ են, որոնք մեզ անհրաժեշտ են բարեկեցիկ կյանքի համար, բայց գեղեցկությունը, պոեզիան, սերն ու երաժշտությունը ստիպում են մեզ ապրել։
«Երաժշտությունը ստիպում է մեզ ապրել»,- կրկնում էի մտքումս, երբ լսում եմ հետևյալը․
-Ես չէի լսում ծնողներիս,- հանգիստ տոնով խրատում է ընկերուհուս մայրը, ի դեպ, կցանկանայի, որ մի փոքր արագ խրատեր, ուշանում ենք,- հիմա դու էլ ինձ չլսես, էլ ո՞վ պիտի…
-Բայց երաժշտությունը․․․
-Ոչ մի բայց։
Հաջորդ հայացքս, որը շռայլեցի ընկերուհուս (հումանիտար հոսքի ուսանողները միշտ պետք է խոսեն գրական ու ոչ այդքան շատ գործածվող բառերով, և կապ չունի՝ իմաստ կա, թե ոչ), արդեն դրսում էր։
-Ախր, ո՞նց չի հասկանում, որ ես ապրում եմ երաժշտությամբ: Ես ատում եմ լեզուները, բնագիտական առարկաները։ Ինձ համար երաժշտությունն է գիտությունը, բեմը՝ կյանքը։
-Իսկ դու գնա ու զբաղվիր երաժշտությամբ,- հանկարծ ասացի ես։
Իմ ընկերներն արդեն սովոր են բերանիցս դուրս եկող կտրուկ առաջարկներին։
-Հենց այդպես, ես կլինեմ քո խմբի կիթառահարը, դաշնամուր նվագող կգտնենք։
-Չէ, խնդիրներ կունենամ։
-Իսկ եթե․․․
-Ոչ։
-Կամ․․․
-Չի լինի։
-Բայց․․․
-Դրա մասին ընդհանրապես մոռացիր։
Դե, արդեն նշեցի, որ սովոր են կտրուկ առաջարկներին, իսկ ես սովոր եմ դրանց մերժումները ստանալուն։
Ինչևէ, քայլում էի փողոցով, ուսումնասիրում էի ամեն ինչ, ինչը կընկներ աչքիս։ «Երաժշտությունն է իմ գիտությունը»,- ականջներիս մեջ զնգում էին խոսքերը, ու հենց այդ պահերին եմ ես հասկանում, որ երազանքները չի կարելի սպանել, քնեցնել։ Միգուցե նախորդ սերունդը չի հասկանում, միգուցե ցանկանում է իր երազանքը պարտադրել մեզ, բայց մի՞թե դա ճիշտ է։
Եվ հենց այս պահերին եմ ես հիշում, թե ինչքան ընկերներ ունեմ, ովքեր ունեն ձայնագրման ստուդիաներ․
-Արի,- ձեռքից բռնելով՝ տանում եմ, ավելի ճիշտ ՝ քարշ եմ տալիս դեպի հակառակ կողմը։
-Ո՞ւր։
-Արի, կիմանաս․․․
Ամառ էր՝ շոգ հուլիս։ Տառապում էի անգործությամբ՝ շրջում էի ֆեյսբուքով։ Հանկարծ ստացա մի հաղորդագրություն։ Ծանոթներիցս մեկը ինձ հրավիրում էր կամավորական աշխատանքներ կատարելու միջազգային կինոփառատոնում։ Ուրախացա ու քայլերս ուղղեցի դեպի խոհանոց, որ մայրիկից թույլտվություն խնդրեմ։ Մինչև կհասնեի խոհանոցի դռանը, տեսա, որ փառատոնը տեղի է ունենալու ինչ-որ գյուղում։ Որոշեցի հետ գնալ իմ սենյակ ու մերժել առաջարկը, բայց ներսիս արկածատենչ Անահիտը մտավ խոհանոց ու բոլոր մանրամասները ներկայացրեց մայրիկին։ Իսկ արկածատենչ Անահիտի մայրիկը սիրով համաձայնեց։
Օրեր անց Անահիտը սկսել էր իր արկածները գյուղում։
Ազատ ժամանակս ծախսում էի գյուղացիների հետ ծանոթանալու ու զրույցներ վարելու վրա։ Արմանի՝ գյուղի դպրոցական տղաներից մեկի հետ ունեցած զրույցս գյուղական կենցաղի, գյուղացիների և գյուղերի դրության մասին պատկերացումներս տակնուվրա արեց։ Արմանը պատմեց, որ իրենց դպրոցում ընդամենը տասնմեկ աշակերտ կա (շատ էի զարմացել), դասերը հետաքրքիր չեն, աշակերտները քիչ են։ Ու երբ ավարտվեցին այն թեմաները, որոնց շուրջ կարելի էր զրուցել տասնամյա տղայի հետ, ուղղակի հարցրեցի․
-Արմա՜ն, հեչ մտածե՞լ ես՝ ինչ ես դառնալու, որ մեծանաս։
-Հա՛, բա ոնց, ֆուտբոլիստ եմ դառնալու։
Ուրախացա՝ մտածելով, որ կարելի է տասնամյա դպրոցականի հետ քննարկել Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։
-Լո՞ւրջ։ Բա ո՞ւմ կողմից էիր՝ Ֆրանսիայի՞, թե՞ Խորվաթիայի։
-Ե՞րբ։
-Ոնց երբ։ Մի քանի օր առաջ։ Աշխարհի առաջնությանը։
-Ի՞նչ առաջնություն։
Էլ հարց չտվեցի․ Արմանենց տանը ո՛չ համակարգիչ կար, ո՛չ հեռուստացույց։ Հետո առաջարկեցի միասին ֆուտբոլ խաղալ։
-Ինչո՞վ։
-Ա՛րմ, դու ֆուտբոլը բացի գնդակից էլ ինչո՞վ ես խաղացել։
-Հա, բայց ես գնդակ չունեմ, ընկերներիցս մեկը ուներ, էն էլ գնացել ա, վաղուց էլ գյուղում չի ապրում։
-Ուրեմն արի գնանք խանութից առնենք։ էնտեղ էլ հո կլինի։
-Ո՞ր խանութից։ Մեր գյուղի՞։
-Ուրիշ խանութ մոտերքում չկա։
-Մեր խանութում մենակ աղ կա։ Հա՜, մեկ էլ արաղ։
Խոսակցությունը ընդմիջվեց ինչ-որ ճնշող լռությամբ, որովհետև ասելիք չունեի։ Որովհետև տասնամյա դպրոցականի հետ զրուցելու ավելի շատ թեմա կար, քան ես պատկերացնում էի։ Զրույցից հետո էլ մտահոգվելու հազար ու մի տեղիք կար։
-Լա՛վ, Արմա՛ն, մյուս անգամ, որ գամ, գնդակ կբերեմ, որ քեզ իսկական ֆուտբոլիստ դարձնենք։
-Լո՞ւրջ։
-Հա՛, բա ոնց։ Հիմա կանգնի ու ժպտա, որ քեզ նկարեմ․․․
Տուն. երևի բոլորդ տուն ասելով կպատկերացնեք այն միակը, որտեղ ծնվել ու մեծացել եք, իսկ ես՝ ոչ։ Ես Արաքսն եմ, 14 տարեկան, չորս անգամ փոխել եմ տունս, չորս անգամ սկսել սկզբից։
Ծնվեցի, երկու տարի ապրեցի մի տան մեջ, որից տեղափոխվելու պատճառը 9-րդ հարկն էր։ Մի քիչ անհասկանալի էր, թե ինչը խանգարեց ծնողներիս 9-րդ հարկում։ Ես բան չեմ հիշում։
Մինչև 7 տարեկանը մանկությանս շատ լավ, հաճելի պահերը ապրեցի երկրորդ հարկում։ Հարմար էր շատ, հիշում եմ իմ բոլոր ընկերներին և մեր խաղերը։ Հիշում եմ բոլորին, անգամ մեր բակի տատիկ պապիկներին, որոնց հանգիստը միշտ խանգարում էինք՝ առավոտից երեկո անիմաստ գոռգոռալով։ Ու չեմ ուզում հիշել այն պահը, երբ մայրիկս սկսեց հավաքել իրերը ու ասաց, որ տեղափոխվելու ենք նոր բնակարան։ Գնացի, կանչեցի մոտ ընկերուհուս, և չգիտեմ՝ ինչու, սկսեցի լացել։ Նա էլ, առանց որևէ բան հարցնելու, լացեց, հետո խոսեցինք։ Իրար գրեթե ամեն օր հրաժեշտ էինք տալիս, իսկ իմ գնալու օրը առանց խոսելու միայն լացում և իրար խոստանում էինք, որ միշտ կմնանք լավ ընկերներ։
Տուն 3-րդ․ գրեթե երկու ամիս տանից դուրս չէի գալիս, ինձ թվում էր, որ դրսում ոչ ոքի հետ չեմ կարող խաղալ, որ նրանք իմ իմացած խաղերը չգիտեն։ Դե, ես ճիշտ էի, ես այդ տան մեջ դարձա 13 տարեկան և ոչ մի անգամ բակ չիջա։ Միայն երեկոյան՝ միայնակ զբոսնելու։
Դարձա 14 տարեկան, և մենք կրկին տեղափոխվեցինք։ Ես կարծես եկել էի իմ հին տուն, նորից գտա լավ ընկերներ, իմ հասակակիցների հետ ամեն օր խաղում էինք իմ խաղերը։ Ինձ թվում էր՝ գտա կիսատ թողած խաղերիս շարունակությունները։
Հիմա մի բանից եմ վախենում․ 15-ամյակս նոր տան մեջ չլինի։
-Սամ, արդեն որոշել ես, թե ի՞նչ ես հագնելու:
-Հա, ոնց որ մտածում էի` Ջոկերի դիմակս կդնեմ:
-Իսկ ես չեմ կողմնորոշվում: Կամ կմախքի կերպար կընդունեմ կամ էլ Ջոկերի: էն էլ, որ ասում ես` Ջոկերը դու ես, ես երևի կլինեմ կմախք:
-Իսկ ես կլինեմ «մանյակ»,- սերիական մարդասպաններին բնորոշ ժպիտով մեջ մտավ Դավիթը:
-Բայց զգույշ, չափից շատ նման չլինես,- ծիծաղեցինք բոլորս:
-Որոշել ես, չէ՞, թե ում տներն ենք մտնելու,-հարցրեց Սամվելը:
-Հա, Լիլիթի հետ պայմանավորվել եմ, իրանք լիքը լավ կոնֆետներ են գնելու,- մեծ ախորժակով պատասխանեցի ես:
-Իսկ դդո՞ւմ:
-Արմեն, մենք Ավշարում ենք ապրում, ի՞նչ դդում:
Հնչեց զանգը այդ օրը վերջին անգամ, ու բոլորս գնացինք տուն` պատրաստվելու:
Արդեն ժամը 6-ն էր, պայմանավորվածությանը համաձայն, պետք է հանդիպեինք գյուղամիջում: Ոչ ոք չէր ուշացել: Փողոցով քայլում էին մի քանի գժուկներ, որոնք նշում էին կելտական յուրօրինակ ու սարսափազդու այս տոնը: Մարդիկ մեզ նայում էին ինչպես Արմաշի հոգեբուժարանի հիվանդների, որոնք փախել էին Ավշար, որպեսզի վեհաժողով գումարեին:
-Ուրա՜խ Հելլոուին…
-Վա՜յ, էրեխեք, լեղաճաք եղա,- պատասխանեց մեր առաջին հյուրընկալը:
Սա այդ օրվա ամենատարածված ռեակցիաների Թոփ 10-ում 1-ին տեղն էր զբաղեցնում: Նրանց հաջորդում էր «Ինչ հավես ա՜, էրեխեք», «Սա սատանիստական տոն ա, այ անամոթներ, մենք առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը…» արտահայտությունները: Բայց դե մեզ ոչինչ չէր կոտրում, քանի որ մեզ միավորում էր մի մեծ տոպրակ քաղցրավենիք ու հույս, որ շուտով ուտելու ենք այդ քաղցրավենիքը:
Արդեն 8-ի կողմերն էր: Մեր բարեկամների և դասարանցիների տներն այցելելուց հետո, միտք ծագեց այցելել նաև անծանոթ մարդկանց տներ, սակայն այդ ժամանակ ոչ ոք պատկերացում անգամ չուներ, թե ինչի կհանգեցնի մեր այդ միտքը:
-Եկեք դե այս տունն էլ մտնենք,- չեմ հիշում ով առաջարկեց` մատնացույց անելով այդ չարաբաստիկ տունը:
-Եկե՛ք,- համաձայնվեցինք բոլորս:
-ՈՒՐԱԽ ՀԵԼՈՈՒԻՆ…
-Աաաաա՜աաաա…,- մեզ տեսնելուց հետո մի աղջնակ ճչաց ու լացելով վազեց դեպի ծնողները` բացականչելով. «Պապ, պաա՜պ, գողերը…»
Լսելով նրա ճիչը, դժվար չէր կռահել, որ նա մեզ դրել էր գողի տեղ, ինչը մեզ համար շատ անսպասելի էր, որն էլ հանգեցրեց նրան, որ բոլորս փախանք այդ տնից:
Փախուստի ընթացքում մեր բոլոր կոնֆետները թափվեցին, մեր թանկարժեք շոկոլադե (և ոչ միայն) կոնֆետները, որոնք մենք հավաքել էինք կյանքի գնով, բայց ամեն ինչ այդքան վատ չէր լինի, եթե ես պատահաբար չշրջվեի ու չտեսնեի, որ մեզ հետապնդում են այդ աղջնակի հայրիկը և պապիկը: Նրանք վազում էին վագրերի նման, որոնք հետապնդում էին իրենց որսը: Նրանց հայացքում կար ատելություն, դաժանություն ու որսին ինչքան հնարավոր է շուտ հասնելու մոլուցք: Բայց ես էլ հո եղնիկ չե՞մ, որպեսզի նրանք ինձ որսան: Ես քաղաքակիրթ անհատ եմ, որը չէր ուզում փախներ:
«Հոպ, բայց ես ի՞նչ եմ արել, որ մի հատ էլ վազում եմ ինչպես «Ֆերրարի»,- մտածեցի ես, ոտքս հանեգի գազի ոտնակից:
-Մենք գողեր չենք…
-Այ, հիմարներ, էդ ո՞ւմ տուն եք մտել,-բղավելով հարձակվեց վրաս տղամարդը:
-Մի խփեք, էսօր հելլոուինն ա, մենք գողեր չենք… ,-բայց միևնույն է, նա շարունակում էր ինձ քյուֆթայի մսի տեղ դնել:
-Ի՞նչ հելլոուին, դուք գողեր եք:
-Չէ, էսօր…
-Թե՞ մտածում եք` կարաք իմ տուն մտնեք: Լավ կայնի, ո՞ւր փախան քո հանցակիցները,- այս ասելով նա բաց թողեց ինձ ու վազեց մյուսների հետևից:
Սա դեռ քիչ չէր, նրանց հաջորդեց տան պապը, ով «ծանր թաթ» էր, ում թաթի ծանրությունը անձամբ ես զգացի իմ մարմնի վրա:
-Տո, այ հիմարներ, գոնե գիտե՞ք ում տունն եք մտել:
-Մենք գողեր չենք…
Ինչպես տեսնում եք, կանգնելը ու քաղաքակիրթ մարդկանց պես խոսելը նրանց համար չէր: Նրանք ուղղակի բռնության մեծ ալիք էին բարձրացրել անչափահաս երեխաների վրա: Ու այս ամենի հետ մեկտեղ, մենք լսեցինք ոստիկանական մեքենաների շչակների ձայնը: Նրանք ոստիկանություն էին կանչել…
…Չեմ ուզում հիշել այս մղձավանջը: Այո, դա իրոք մղձավանջ էր մի խումբ երեխաների համար, որոնք ուղղակի ցանկանում էին նշել Հելլոուին տոնը և ընկերներով ուրախանալ: Սակայն իմ ուղեղում մի քանի բան չի տեղավորվում: Ո՞ր մի գողը կգար և դուռը կթակեր բացականչելով` «Ուրախ Հելլոուին», ո՞ր մի գողը ներկված կլիներ ասես մանկական թատերական ներկայացումից փախած դերասան, և ո՞ր մի գողը զենքի տեղը կօգտագործեր մի տոպրակ կոնֆետ…
Հա, քիչ էր մնում մոռանայի` բոլորին բարություն և ցտեսություն:

Լուսանկարը` Ջուլիա Աբրահամյանի
Օգոստոսն էր, երեկոյան ժամ։ Facebook-ում էի շրջում, որովհետև ուրիշ անելու բան չունեի, շուտով էլ դասերս էին սկսվելու՝ հաստատ ժամանակ չեմ ունենալու մտնել սոցցանցեր ու փոխարենն ամեն օր լեզուներ եմ ուսումնասիրելու։
Տեսնում եմ՝ ինչ-որ գրառումներ, երաժիշտների մասին նկարներ։ Վիդեո` մի ուկրաինացի երաժիշտի ու ոստիկանների տարաձայնության մասին։ Լավ, անցնենք։ Հիմար բան կլինի՝ ինչպես միշտ։
Հետո տեսնում եմ, որ ընկերներիցս մի քանիսը պատրաստվում են գնալ «Համերաշխություն փողոցային երաժիշտներին» միջոցառմանը։ Հետ եմ բարձրանում ու արդեն ուշադիր եմ նայում վիդեոները և հաջորդ օրն արդեն կիթառն ուսերիս` բարձրանում եմ Հյուսիսային պողոտայով։ Կնվագեմ, թե չէ՝ դա արդեն հարցի մյուս կողմն է, բայց ինքս ինձ մի որոշ չափով երաժիշտ անվանելով` «սրբազան պարտքս» էի համարում գնալ ու միանալ հենց այդ ֆեյսբուքյան միջոցառմանը։
Տարբեր ոճերի երաժշտություն էին նվագում. ռոք ու բլյուզ, հայկական ու դասական, նույնիսկ ռաբիզ երգեր, բայց ձևափոխված։ Եթե սա դրախտը չէ, ապա ի՞նչ է։
Ինքս ինձ հարցեր տալով` բարձրանում եմ վերև՝ ուրիշ երաժիշտների լսելու նպատակով։
Լավ, սա իմ սիրելի ռոք խմբերից է, նվագում է, այսինքն` աջակցում է։ Լավ է անում։
Մյուս խմբին չեմ ճանաչում, երկու հոգի էին, մեկը նվագում էր կիթառ, իսկ մյուսը երգում էր։
Ահա, մի քանի քայլ էլ անեմ։ Կիթառ ու քանոն։ Կիթառ ու քանո՞ն։ Տղան լարում էր կիթառը, իսկ աղջիկը ինչ-որ բան էր փորձում քանոնի վրա։ «Հավանաբար կսկսեն մի քանի վայրկյանից»,- մտածեցի ու կանգնեցի, որ լսեմ։ Քանոնի հետ երբեք չեմ նվագել, երևի հետաքրքիր կլինի։
Մեկ էլ աչքս ընկավ իրենց կողքին դրված պաստառին։ “We play together, we fight together”: նման խոսքերով պաստառների համար խելքս իմը չի։ Անմիջապես հանեցի հեռախոսս ու առանց կենտրոնանալու, ճիշտ լույս ու դիրք ընտրելու` չրխկացրի, կարելի է ասել` անմահացրի, այն հույսով, որ պաստառի գրվածը անպայման պետք է երևա։
Կանգնեցի ու լսեցի հրաշք դուետը, երգի ելևէջները։ Փաստորեն քանոնն ու կիթառը լավ համադրություն են ստեղծում։
Բայց ժամին նայեցի ու հասկացա, որ մայրիկս հենց հիմա զանգելու է… Զանգեց։
Արագ քայլելով բարձրացա կանգառ՝ մտքումս “we play together, we fight together’’: Քանի-քանի երգեր գրեցի մեկ վայրկյանում։ Արդեն մտածում էի, որ հասնելուն պես նկարը կհրապարակեմ ֆեյսբուքումս ու կհպարտանամ, որ նման պահ եմ «բռնացրել»։
Արդեն երթուղայինի մեջ որոշեցի նայել իմ արվեստի գործը, ու տեսնում եմ, որ պաստառը չի երևում։ Էհ, Ջուլի, հազար եմ ասել՝ նկարելուց առաջ նայիր, թե ինչ ես անում։
Դե, իհարկե, հրապարակեցի ֆեյսբուքում, վերևում ավելացրի տողերը։ Ի վերջո՝ կարևորն այն էր, որ “we played together, we fought together”, իսկ փողոցային երաժիշտներին մինչև օրս էլ լսում եմ, երբեմն նկարներ անում և նրանց գտնելու դեպքում՝ անպայման ուղարկում եմ։ Ուրախանում են։
Եղանակն ամպած է։ Ուժեղ անձրև, անտանելի քամի ու գունավոր անձրևանոցներ։
Ես սիրում եմ աշնան ստեղծագործությունները, բայց Երևանը այդ ստեղծագործությունների գրկում, տանել չեմ կարողանում։ Առանց անձրևի ու քամու գոռում-գոչյունների էլ ակնհայտ է, որ էստեղ ապրող ժողովուրդը դժգոհ է, բայց աշունը ամեն ջանք գործադրում է, որ դժգոհությունն ավելի ուժգին արտահայտվի։
Նայում եմ փողոցով քայլող մարդկանց դեմքին ու տեսնում եմ հիասթափության անդունդներ։ Անդունդներ, որոնք լցված են ասված ու չասված խոսքերով, իրականացված ու դեռ չիրականացված սպասելիքներով, դատարկ մտքերով ու անորոշ ապագայով։
Ուզում եմ ասել նման անդունդը գլորվող բոլոր մարդկանց, որ էս քաղաքը մեղավոր չի։ Երևանը մեղավոր չէ, որ քո մանկական երազանքները չեն իրականացել, ու դու չես դարձել քո երազած մասնագետը, փոխարենը դասի ժամանակ կատարած նշումների, դասագրքերի ու դասախոսների ցուցումների արանքում փորձում ես գտնել ինքդ քեզ։ Երևանի նեղ փողոցների կիսահանգած լույսերը մեղավոր չեն քո ներսում մարող հույսի համար։ Էս փոքր քաղաքում մի՛ փնտրիր այն հազարավոր խնդիրները, որոնք քեզ ստիպում են իրականությունդ մոխրագույն ներկել ու մոռանալ գլխումդ կառուցված հեքիաթային քաղաքը։ Երևանը մեղավոր չէ, որ իր աշնանային քամիները տերևներից բացի իրենց հետ միասին տանում են նաև քո բոլոր սպասելիքներն ու բոլոր ընկերներին։ Ու պետք չէ մեղադրել Երևանին միայն նրա համար, որ 15 համարի ավտոբուսի մեջ, բացի մարմնիցդ, ճմրթվում ու անհետ կորում են քո բոլոր-բոլոր նպատակները։ Երևանը մեղավոր չէ, որ նպատակներդ իր հետ տանող ավտոբուսից իջնելուց հետո կոտրվում են մտքերդ ու ցանկություններդ՝ տեղ տալով դժգոհություններին ու հառաչանքներին։ Հայաստանի էս փոքր մայրաքաղաքը մեղք չունի այն բանում, որ դու էստեղ չես գտնում հոլիվուդյան ֆիլմերում նկարագրվող սերն ու այդ նկարագրությունը ստեղծող դերասաններին։ Չնայած հոլիվուդյան սերն ու դերասանները, բացի Հոլիվուդից, ուրիշ տեղ չես էլ գտնի, ո՛չ Կոլումբիայում, ո՛չ Մոզամբիկում, ո՛չ էլ Միլանում։ Միգուցե այն հասարակ պատճառով, որ այդ սերն ավելի շատ ուտոպիական է, քան իրական։
Ո՛չ Երևանը մեղք ունի, ո՛չ աշունը, ո՛չ էլ անձրևը․․․
Հոլիվուդյան սերն ու նոր նպատակներդ շուտով ձեր տան դուռը կթակեն:
Մեր շվեդական գործընկերներից մեկը` Seek you Seek you – Youth in Creative Global Communication կազմակերպությունը հոկտեմբերի 24-ի` Միավորված ազգերի օրվա առթիվ պատրաստել է մի հաղորդում, որում ներառել է նաև «Մանանա» կենտրոնի սաների ֆիլմերից մի քանիսը: Հաղորդման մեջ տեղ են գտել նաև International Youth Media Summit-ի կողմից տրամադրված տեսանյութերը, որոնցում նույնպես մեր կենտրոնը որոշակի ավանդ ունի, որովհետև հանդիսանում է այդ համաժողովի հիմնադիր անդամներից: Քանի որ շվեդ հեղինակները հաղորդումը ներկայացնում են որպես երիտասարդների կոչ` ուղղված ողջ աշխարհին և ապագային, կարծում ենք այն կարող է հետաքրքիր լինել նաև մեր ընթերցողներին: Հաղորդման հղումը այստեղ`
https://cqcqycgc.wordpress.com/
կամ
Արշավ
Մի անգամ մենք որոշեցինք գնալ արշավի: Եկան նաև հայրիկիս ընկերները: Վերցրինք վրանները և գնացինք Հաղարծին: Առաջին տեղը մեզ շատ հարմար թվաց: Մայրիկն ու հայրիկը պատրաստվում էին իջնել գետից ջուր բերելու, երբ մի գերան դղրդալով ընկավ նրանց ոտքերի առաջ: Պարզվեց, որ անտառը կտրում են: Մնալ հնարավոր չէր: Մենք արագ հավաքեցինք վրանները և փախանք այդ սարսափելի վայրից:
-Ինչքան քաղաքին մոտ, այնքան ավելի լավ,- ասաց հայրիկիս ընկերը, և մենք վերադարձանք Դիլիջան քաղաքին մոտ գտնվող մի բացատ:
Գտնելով մի հարմար տեղ` վրանները խփեցինք: Բայց քիչ հետո, չգիտես որտեղից, հայտնվեցին մկները: Շատ-շատ մկներ: Նրանք առանց վախենալու զբոսնում էին մեր շուրջը, բարձրանում էին սեղանին: Քիչ հետո հայրիկն ասաց, որ գետակը, որի ափին մենք վրան էինք խփել և պատրաստվում էինք լողալ, դարձել է քեֆչիների աղբանոցը: Իսկ որտեղ աղբանոց, այնտեղ մկներ ու առնետներ: Մոռանալով հոգնածությունը` փախանք նաև այդտեղից: Տեսնելով մի բացատ` արդեն երրորդ անգամ խփեցինք մեր վրանները: Երբ հայրիկիս ընկերը բարձրացրեց գլուխը, տեսավ, որ կովը փորձում է համտեսել իր ճաշը: Նա սկսեց զայրացած քշել կովին` ասելով.
-Փը՛շտ, փը՛շտ, կյանքումս այսպիսի անդաստիարակ կով չեմ տեսել:
Մենք ուրախությունից կչկչում էինք: Ամբողջ օրվա մեջ առաջին անգամ:
Գոռ Բաղդասարյան 9տ., 1997թ.