Երկնքի առաջ

Լուսանկարը` Շուշան Դաբաղյանի

Լուսանկարը` Շուշան Դաբաղյանի

Մանկուց, երբ ցանկացել ենք նկարել երկինք, ամպեր, միշտ շտապել ենք վերցնել կապույտ մատիտը։ Բայց ժամանակի հետ հասկացել եմ, որ կապույտով կարելի է նկարել ծովեր, ջրեր, ծաղիկներ, բայց ոչ երկինք։ Հասկացել եմ, որ սպիտակի վրա արված անհամաչափ գծիկները երկինք չեն։ Այն ավելի խորհրդավոր է ու շքեղ, քան մեր պատկերացումները։ Օրվա մեջ տարբեր ժամերի երկնքին նայելիս՝ հաշվում եմ անթիվ գույներ, տարբեր պատկերներ եմ տեսնում… Միգուցե ե՞ս եմ իմ մեջ կենդանացրել երկինքը։

Լուսանկարը` Շուշան Դաբաղյանի

Լուսանկարը` Շուշան Դաբաղյանի

Գեղեցիկ ու գունավոր է երկինքը մայրամուտի ժամանակ. անթարթ աչքերով երկնքին նայելիս արժե հիանալ։ Ամեն անգամ այնքան յուրովի է երկինքը մայրամուտին ներկվում, կարծես այլևս մայրամուտներ չեն լինի։ Ամեն մայրամուտ մի նոր արևածագի սկիզբ է, և ամեն մի արևածագ նոր երկինք է բերում։ Ինչե՜ր է տեսել երկինքը ջինջ, ինչե՜ր կպատմի, եթե հարցնես։ Ինչպիսի՜ ճակատագրեր է կրել և ինչպիսի սերերի վերջ դրել կամ նոր սկիզբ ներարկել։

Երբ մնում ես մենակ կանգնած երկնքի առաջ, երբ ուղղակի չես կարող որևէ ձևով արտահայտել ցավդ, ուրախությունդ կամ սերդ, կանգնիր, գոռա, լացիր կամ ցնծա երկնքի առաջ։ Մի խոսուն լռություն կտա նա քեզ, և չես էլ զգա՝ ինչպես ես փոխվում ինքդ քո առաջ։

elza zohrabyan

Լավ ամառ

Ինչպես միշտ, իմ ամառն սկսվել էր այն որոշումով, որ այս տարի այն պետք է տարբերվի և լինի ուղղակի անկրկնելի: Բայց քանի որ իմ ամառը քննությունների պատճառով սկսվեց մեկ ամիս ուշ, այն յուրահատուկ դարձնելը ավելի դժվար էր։

Ամեն օրս պլանավորած էր. առավոտյան արթնանալով ժամը 7-ին՝ անպայման պետք է մարզանք անեի, բայց, իհարկե, ես արթնանում էի ժամը 11-ին, և արդեն մարզանք անելու ցանկությունը փոխարինվում էր ժամերով հեռախոսով սոցկայքերում ուրիշների կյանքին հետևելու ցանկությամբ։

Ի վերջո իմացա, որ այս տարի հանգստանալու ենք Բարսելոնայում, և այդ ժամանակ ամեն ինչ փոխվեց: Նկատի ունեմ, դա իմանալուց հետո պարապությունս արդարացնում էի Բարսելոնայով՝ ասելով, որ ուղղակի շատ եմ սպասում, և որ վերադառնամ, ամեն ինչ լավ կլինի։ Օրերն էի հաշվում, թե երբ ենք գնալու, և ահա եկավ այդ օրը (հանգստի արկածային դեպքերի մասին նյութը արդեն գրում եմ)։ Իհարկե, այնտեղ ամեն ինչ լավ էր, և վերադառնալու ցանկություն չկար, բայց ստիպված էի։ Ինձ անընդատ կրկնում էի, որ Երևանում էլ կարող եմ լավ ամառ անցկացնել։

Ինձ թվում է, որ իրոք լավ ամառ կարող եմ այստեղ անցկացնել և այս մեկ ամսում կփորձեմ հասկանալ, թե ինչպես։

elen avetisyan

Ամենահարազատներից… կամ ուղղակի իմ սենյակը

Նախքան սկսեմ իմ սենյակը բնութագրել, հիշեմ իմ մանկության սենյակը, երբ քնում էի մայրիկի ու տատիկի մահճակալների մեջտեղում։ Մահճակալների մեջտեղում, այսինքն՝ դրանք միացրած էին իրար, իսկ ես էլ վախելանով այն բանից, որ եթե քնեմ ծայրում, ապա մի օր կընկնեմ գետնին, քնում էի մեջտեղում։ Դե, տարիքի հետ միասին փոխվեց սենյակս ու ինքնըստինքյան էլ՝ մահճակալս։ Այժմ նախկին սենյակի տերն ունի նոր սենյակ, որն էլ գրանցված է իր անունով՝ Էլենի հարազատ սենյակ։

Դե, սենյակ անվանելը մի փոքր սխալ կհնչի, քանի որ այնտեղ ունեմ ամեն ինչ։ Չէ, այս բառի տակ չհասկանաք, թե աշխարհի եղած-չեղածն իմ սենյակում եմ պահում, ուղղակի այստեղ ունեմ այն ամենը, ինչն ինձ է պատկանել ու մինչ օրս էլ պատկանում է։

Այդ «ամեն ինչ» բառի տակ թաքնվող ամենակարևոր իրերից մեկը հենց իմ նկարներն են, որոնց էլ վեր եմ դասում ամեն ինչից։ Ի՞նչն է ամենից լավ տպավորվում մարդու մեջ․ միանշանակ, նկարները, այն նկարները, որոնք դարակիս մեջ իրենց տեղն են գտել դեռ մանկուց։ Բացի դրանցից՝ շատ լավ եմ հիշում բոլոր տիկնիկներս ու խաղալիքներս։

Անցում կատարեմ հագուստներին. նույնիսկ 2 պահարանն է քիչ դրանք տեղավորելու համար։

Պատուհանի տակ՝ աջ կողմում, դարակի մեջ են գրքերս, տետրերս, պատվոգրերս, իսկ դրա կողքին իմ ամենասիրելի մասն է՝ հայելիս ու դրա առջև դրված կարևոր իրերս։

-Սենյակդ ինչո՞ւ չես հավաքել,- այս խոսքերը կարելի է լսել գրեթե շաբաթական մեկ անգամ, ոչ թե օրեկան 2-3 անգամ։

Ուղղակի ունեմ սենյակս հավաքելու, ամեն ինչ ճիշտ ձևով կարգավորելու ու դնելու սովորություն։ Չեմ կարծում, որ մայրիկին ամեն օր բարկացնելը լավ բան է, քանի որ դա էլ իմ պարտականությունն է՝ սենյակս միշտ պահել իր տիրոջ՝ Էլենի կարգադրած օրենքներով՝ մաքուր, հավաքված, առանց ավելորդ իրերի։

Բոլորի համար էլ կարևոր տեղ ու նշանակություն ունի իր սենյակը, սակայն ինձ համար իմ սենյակն ամենից կարևորն է, ես այն համարում իմ ամենահարազատներից։

lilit vardanyan

Ժառանգական է

-Բարև,- ասաց տատիկս:

-Բարև ձեզ,- ասացի ես:

-Թոռնիկս ա:

-Բա մազերը ինչի՞ են սենց սպիտակ,- լսվեց այս ամառվա ամենաշատ տրվող հարցը, որը հուզում է գրեթե ամեն ինձ անծանոթ մարդու:

-Պապայի պես ա. իրա մազերն էլ են շուտ սպիտակել:

-Հա… Դե էս հարցի լուծումը հեշտ ա: Կարա ներկի:

-Հեսա, որ մի քիչ էլ մեծանա, կներկի,- վստահորեն ասաց տատիկս:

Տասը տարեկան էի, երբ մայրիկս նկատեց, որ մեկ սպիտակ մազ ունեմ:

-Ես սպիտակ մազ չունեմ,- ասում էի ես, մինչև մեկ տարի անց դրանք չշատացան:

Հայրիկիս մազերն էլ են շուտ սպիտակել: Եվ քանի որ հայրիկիս շատ եմ նման, իմ մազերն էլ շուտ սպիտակեցին:

Ժամանակի ընթացքում դա սկսեց ինձ դուր գալ:

Վերջերս իմ սպիտակ մազերը ավելի տեսանելի դարձան: Բայց ես մինչև հիմա հավանում եմ դրանք (իսկ ի՞նչ վատ բան կա լավ որակով, հաստ, չոր, խիտ, տեղ-տեղ սպիտակ մազերի մեջ): Բոլորին թվում է, որ ես տանել չեմ կարողանում իմ մազերը. ուզում եմ ներկել դրանք:

-Էս մազերդ ներկե՞լ ես,- ասում են ինձ մոտ քսան րոպե ծանոթ մարդիկ:

-Չէ, սպիտակել են:

-Ինչ հավես ա: Ոնց որ վերցրած լինես հատ-հատ ներկած լինես:

-Էս քո մազերը սպիտակե՞լ են,- ասում են ինձ որոշ չափով ծանոթ մարդիկ:

-Դե, հա:

-Երևի շատ մտածելուց ա:

-Հըմ,- ասում եմ ես:

«Ինչ «սրամիտ» կատակ էր»,- մտածում եմ այդ պահին:

-Էս քո մազերը սպիտա՞կ են,- ասում է անծանոթ ինչ-որ մեկը (օրինակ՝ խանութի վաճառողուհին, փոքր երեխաներ, անծանոթ կին)` ապշած հայացքը դեմքին:

-Դե… հա,- զարմացած նրա հայացքից՝ պատասխանում եմ ես:

-Ինչ հետաքրքիր ա,- շարունակում է զարմանալ:

Բայց սա մի քիչ թեթև տարբերակն էր: Լինում է նաև այսպես.

-Էս ինչի՞ ես սենց շուտ ծերացել:

-Բայց ես չեմ ծերացել:

-Կատակ էի անում: Մազերիդ հետ էի: Իսկ ինչի՞ են սենց շուտ սպիտակել:

Ո՞վ կարող է դիմանալ այս խոսքերին բացի ինձնից: Գիտե՞ք՝ յուրաքանչյուրին հերթով բացատրել եմ, որ դա ժառանգական է, նույնիսկ ծերանալու մասին «կատակից» հետո:

Բայց ինչո՞ւ է գրեթե ամեն անծանոթ զրուցակից (անծանոթ զրուցակիցներից 10-ից 9-ը) անքաղաքավարի ձևով միանգամից տալիս այդ հարցը: Չնայած՝ ես նրանցից ոչ մեկին չեմ ճանաչում: Հիշում եմ միայն նրանց զարմացած, կարեկցանքով լի դեմքերը:

gayane movsisyan erevan

Դոմինիկա

Ճիշտ է, ես Կոլումբոսը չեմ, բայց, ինչպես Կոլումբոսը կիրակի օրը հայտնաբերած կղզին անվանեց Դոմինիկա, որը նշանակում է՝ կիրակնօրյա, այնպես էլ ես որոշեցի իմ օրը այդպես անվանել՝ Դոմինիկա, քանի որ օրը կիրակի էր։

Դուրս եկա, շտապում էի խանութ, ավելի կոնկրետ՝ դեղատուն։ Դեղը վերցրի։ Շարժվեցի առաջ՝ դեպի եկեղեցի։ Դե, կիրակի էր և Սուրբ Պատարագ։ Մոմ էլ վառեցի, կողք կողքի հարմարեցրի, դրանք իմ աչքին անշարժ էին, բայց հետո չգիտեմ՝ ինչ կլինի, մոմը անդունդի եզրին կհայտնվի, թե՝ ոչ։

Եկեղեցուց դուրս եկա, վթար էր։ Ձեռքումս ջուր կար, իսկ պայուսակումս՝ դեղ։ Ջուրը նրանց թողեցի, իսկ դեղը դեռ պայուսակումս է։ Գլուխս դեպի նրանց՝ գնում էի։ Կանգ առա, դիմացս՝ մի մեծ խանութ, բայց այս անգամ պայուսակների, մտածեցի՝ կարող է պայուսակս փոխելու ժամանակն է, բայց ձեզ հավատացնում եմ, որ ոչ։

Դոմինիկան շարունակվում է։

-Բարև Ձեզ։

Բարևն Աստծունն է, բարևեք ժպտալով, այդ բառի խորհուրդը գիտակցելով, անկախ ներսի ցեխաջրերից, եթե այդ մարդը նույնիսկ ձեր ազգականը չէ։

-Բարև։

Անունը Օֆելյա էր, նրա հոր սիրած բուժքրոջ անունը, բայց մոր սիրտը շահելու համար ասում էր, թե «լյա» նոտան լսվում է, և անուն էլ հնչեղ անուն է։

Օրվա կապույտի մեջ արևի ոսկին էլ էր երևում, և մարդիկ խայտաբղետ էին աչքիս երևում։ Օֆելյային տեսնելով՝ Արևաշատին հիշեցի, երբ նրանց տունը ծմակ էր, հայրը որոշեց անունը Արևաշատ դնել, որ տունը մի քիչ լուսավորվի։

Օրս թաթախված էր դեղատան, եկեղեցու, պայուսակների, Օֆելյայի, հիշողությունների և ամենակարևորը՝ Դոմինիկայի մեջ։ Կոլումբոսի պես կղզի չհայտնաբերեցի, որ մի անուն էլ ես տայի, բայց արդեն ուշ է, պետք է քնեմ։

-Բարի լույս։

«Արևորդի 2018»

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Եթե դու սիրում ես ֆիլմեր, հետաքրքրված ես բնապահպանությամբ ու ցանկանում ես բացահայտել Հայաստանը, ուրեմն «Արևորդի» միջազգային բնապահպանական կինոփառատոնը հենց քո տեղն է։ Այս տարի իր ութամյա գործունեության ընթացքում փառատոնն առաջին անգամ դուրս էր եկել Երևանի սահմաններից և հասել էր Վարդահովիտ գյուղ։

Ամեն ինչ սկսվեց այսպես. ես նստեցի մի սպիտակ ավտոբուս՝ լցված անծանոթ մարդկանցով, և ուղևորվեցի Վարդահովիտ։ Հասանք Վարդահովիտ, երբ կեսգիշերը վաղուց էր անցել, ու միանգամից քնեցինք։ Առավոտյան վաղ արթնացանք ու անցանք գործի։ Տեղադրեցինք մասնակիցների համար նախատեսված վրանները, կահավորեցինք մշակույթի տունը, ծանոթացանք գյուղի ու նրա բնակիչների հետ։ Ի դեպ, բնակիչները մեզ աջակցում էին փառատոնի ողջ ընթացքում։ Փոքրիկները տեղափոխում էին տարբեր իրեր, իսկ տատիկներն ու պապիկները սիրով տրամադրում էին իրենց ունեցած-չունեցածը։

Հաջորդ օրը փառատոնի բացման օրն էր։ Ժամանեցին մասնակիցները՝ Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից, մի քանի կամավորներ և միջազգային ժյուրիի կազմը։ Շատ արագ ծանոթացանք ու շարունակեցինք օգնել կազմակերպիչներին՝ առանց ջանք խնայելու։ Խոսում էինք անգլերեն, քանի որ միջազգային էր ոչ միայն ժյուրիի ու մասնակիցների, այլև կամավորների կազմը։

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Միջոցառման երկրորդ օրն ամենածանրաբեռնվածն էր։ Տեղի ունեցան աշխատարաններ տարբեր թեմաներով, դիտեցինք մրցույթին մասնակցող ֆիլմերից մի քանիսն ու ամենակարևորը, նշեցինք Վարդավառն ըստ հին հայկական ավանդույթների։ Օրն ավարտեցինք խարույկի մոտ ուրախ երգելով ու պարելով։

Երրորդ օրվա առավոտը սկսվեց փոքրիկ թեյախմությամբ՝ ամենատարբեր թեյերով։ Հաջորդիվ սկսվեց դասընթաց, որն անցկացնում էր ժյուրիի կազմից Նինոն։ Նա բացատրեց մասնակիցներին, թե ինչ կարևոր քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել ֆիլմ նկարահանելու համար։ Պատասխանեց բոլոր հարցերին, անցկացրեց փոքրիկ հարցումներ ու ներկայացրեց հաջողության իր ուղին։ Երեկոյան տեղի ունեցավ միջոցառման փակումը։ Հանձնվեցին մրցանակներ հաղթողներին, ու ելույթ ունեցավ «Տիեզերք» բենդը՝ իր տիեզերական երաժշտությամբ։

Վերադարձա տուն սպիտակ ավտոբուսով՝ լի հարազատ մարդկանցով, գրպանումս՝ անթիվ հիշողություններ, կատակներ, քիթս ու ձեռքերս՝ արևից կարմրած։

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

Լուսանկարը՝ Նարեկ Բաբայանի

«Արևորդի» բնապահպանական կինոփառատոնն առաջին հերթին մի մեծ կամուրջ էր աշխարհի բոլոր մշակույթների ու ազգերի միջև։ Ես ինքս ծանոթացա գյուղական կյանքին, սովորույթներին ու, ինչու չէ, նաև կարծրատիպերին։ Փառատոնն ինձ տվեց ամենաընտիր հմտությունները, ամենաանմոռանալի փորձը և լիքը-լիքը նոր ընկերներ (մի քանիսն էլ տասնյոթցի)։

Դե ի՞նչ, սպասում եմ քեզ հաջորդ տարի «Արևորդի» բնապահպանական կինոփառատոնի Ինֆո-Տնակի մոտ կանգնած։

Կարող եմ ազատ հաղորդակցվել

Լուսանկարը՝ Աիդա Շահբազյանի

Հարցազրույց Media Moving Forward ծրագրի Պորտուգալիայի թիմի ղեկավար Լարա Լիժեյրուի հետ:

-Ներկայացեք խնդրում եմ և ներկայացրեք Ձեր կազմակերպությունը:

-Ես Լարա Լիժեյրուն եմ, 33 տարեկան: Ներկայացնում եմ Լիսաբոնում Associação bué fixe հասարակական կազմակերպությունը, որը ինձ ուղարկել է այս ծրագրին մասնակցելու, նաև աշխատում եմ Nova University of Lisboa համալսարանի արժեքների ստեղծման օֆիսում (value creation office):

-Ի՞նչ գործունեությամբ են զբաղվում այս երկու կազմակերպությունները։

-Associação bué fixe հասարակական կազմակերպությունը զբաղվում է անապահով կամ ոչ լիարժեք կրթություն ստացած երիտասարդների սոցիալական ներգրավվածությամբ: Աշխատում ենք դպրոցականների և երիտասարդների հետ, որպեսզի նրանք հաջողությունների հասնեն ուսման և աշխատանքի մեջ:

Իսկ Nova University-ն Պորտուգալիայի հիմնական համալսարաններից է, այն բիզնեսին և տնտեսագիտությանը վերաբերող ամենալավ համալսարաններից մեկն է, որն այժմ ունի մոտ 19000 ուսանող:

-Ո՞րն է Ձեր դերը այս երկու կազմակերպություններում

-Associação bué fixe-ում ես աջակցում եմ տարբեր ծրագրերի: Իրականում, ես կազմակերպության ղեկավարի հետ նախկինում աշխատել եմ մեկ այլ ՀԿ-ում, այդ իսկ պատճառով որոշ չափով կապված եմ իրենց հետ: Եվ արդեն 2 տարի է, ինչ աշխատում եմ Nova University-ում՝ օգնելով ուսանողներին ձեռնարկատիրական ծրագրերում:

-Երբվանի՞ց են այս կազմակերպությունները կամ նրանցից որևէ մեկը European Youth press-ի անդամ։

-Վստահ չեմ, որ նրանցից որևէ մեկը European Youth press-ի անդամ է, բայց մենք ունեցել ենք բազմաթիվ ծրագրեր European comission-ին հետ, ինչպես նաև Nova University-ն ունեցել է Erasmus + ծրագրեր: Իսկ այժմ մենք արդեն European Youth Award-ի գործընկեր ենք:

-Ի՞նչ եք կարծում այս՝ Media moving forward ծրագրի մասին։

-Այս ծրագիրն ինձ համար մեծ կարևորություն ունի, քանի որ ես աշխատում եմ ուսանողների հետ, ինչպես նաև ծրագրերի սթարթափների ոլորտում, և երբեմն ես չեմ կարողանում գտնել հաղորդակցման ճիշտ ձևը: Եվ հիմա այս ծրագիրն ինձ օգնում է ավելի ազատ հաղորդակցվել իմ բնագավառում:

-Արդյոք Ձեզ համար օգտակար եղա՞ն այս վորքշոփերը։

-Այո, իհարկե, քանի որ ես լրագրող չեմ, բայց աշխատանքիս արդյունքում պետք է շատ շփվեմ ու հաղորդակցվեմ և հիմա ինձ համար որոշ խորհուրդներ առանձնացրի, որոնք կարող եմ հետագայում օգտագործել: Ապագայում ես պետք է գրեմ հոդվածներ, ինչը անելու համար հիմա ես տիրապետում եմ ավելի լավ գործիքների:

-Ի՞նչ ապագա ծրագրեր ունեք։

-Կփորձենք կապել Youth Press-ը և մեր հաղորդակցման գրասենյակը, իսկ European Youth Award-ի հետ, կցանկանայի, որ համագործակցեն մեր սթարթափները:

«Յուրաքանչյուր մարդ ինձ համար մի պատմություն է». Արման Ֆաթիջ

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Ինչպես գիտեք, հուլիսի 9-15 Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում անցկացվեց Media Moving Forward ծրագիրը, որի շրջանակներում մենք՝ 17-ի թղթակիցներով, ոչ միայն ծանոթացանք թվային տեխնոլոգիաներին և մերօրյա մեդիայի մարտահրավերներին, այլև հանդիպեցինք հետաքրքիր երիտասարդների, ովքեր ևս իրենց երկրում զբաղվում են լրագրողական գործունեությամբ, նյութեր գրում, թղթակցում այս կամ այն լրատվամիջոցին: Նրանցից մեկն էլ քսանհինգամյա Արման Ֆաթիջն է՝ Բոսնիա և Հերցոգովինայից, ով, ավարտելով Սարաևոյի պետական համալսարանի փիլիսոփայության և գրականության բաժինը, այժմ բնակվում է Սլովենիայում՝ ուսումը այնտեղ շարունակելու նպատակով:

-Արման, պատմիր մի փոքր քո մասին:

-Եկեք ասենք այսպես. ես լրագրող եմ և մշակութային քննադատ: Վաղ տարիքում երազում էի դառնալ գրադարանավար, բայց ընտանիքս ասում էր, որ դա եկամտաբեր գործ չէ: Ավագ դպրոցում ընտրել էի ինժեներության բաժինը. ծնողներս կարծում էին՝ դա այն է, ինչ պետք կգա ապագայում: Բայց երկու տարի սովորելուց հետո հասկացա, որ այն իմը չէ. պատկերացրեք մի լսարան, որտեղ բոլորը լսում են ինժեներության մասին լեկցիա, իսկ մի տղա նստած Սելինջեր է կարդում… Ես ուզում էի ընտրել մի մասնագիտություն, որը մոտ կլիներ պատմություններ գրելուն: Ես սիրահարվել էի գրելուն այն բանից հետո, երբ մասնակցել էի կինոքննադատության մի դասընթացի: Ինձ դուր էր գալիս ֆիլմեր նայելը, կարդալը, հետո՝ դրանց մասին գրելը:

-Փիլիսոփա լինելն օգնո՞ւմ էր այդ գործում:

-Փիլիսոփայությունը հիանալի հիմք է մուտք գործելու համար ուզածդ ոլորտ: Իմ դեպքում, այո, այն օգնեց հասկանալ՝ ինչպես գրել, զարգացրեց ստեղծագործ միտքս: Առհասարակ, փիլիսոփայությունը կապ ունի բոլոր բնագավառների հետ՝ գիտություն, էկոնոմիկա… Այն օգնում է գտնել պատասխաններ:

-Ինչո՞վ ես զբաղվում ուսմանը զուգահեռ:

-Քանի որ ես մոտ եմ մշակույթին և սիրում եմ գրել, գրում եմ և նյութերս վաճառում տարբեր խմբագրությունների: Այսինքն՝ սովորում և աշխատում եմ միաժամանակ:

-Ո՞ր կազմակերպությունն ես ներկայացնում այստեղ:

-Ես մի մասն եմ Բոսնիա և Հերցոգովինայում գործող ONAuBiH կազմակերպության: Այն գործում է արդեն տասներկու տարի, անցկացնում է մեդիա-վերլուծություններ, կազմակերպում վորքշոփեր, սովորեցնում երիտասարդներին գրել, հարցազրույցներ վարել: Այսինքն՝ հարթակ է երիտասարդ լրագրողների համար: Կենտրոնն ունի նաև իր ամսագիրը՝ «Karike»-ն (անվանումը թարգմանաբար նշանակում է՝ կապեր): Այն ստեղծվել է տասը տարի առաջ և սկզբում գործել է տպագիր տարբերակով, երկու տարի առաջ դարձավ օնլայն:

-Ինչպե՞ս սկսեցիր թղթակցել:

-Շատ պատահաբար. ես պարզապես ճանաչում էի նրանց լրագրողներից մեկին, ով ինձ առաջարկեց միանալ իրենց: Դրանից առաջ մենք 4-5 ընկերներով ունեինք մեր սեփական մշակութային կենտրոնը, որտեղ կազմակերպում էինք տարբեր ցուցահանդեսներ, պոեզիայի օրեր… Եվ քանի որ մեր կազմակերպությունն այդ ժամանակ փակման շեմին էր, ես որոշեցի թղթակցել այդ ամսագրին: Եվ արդեն երկու տարի է՝ այնտեղ եմ:

-Ինչի՞ մասին ես գրում սովորաբար:

-Երբ նոր էի սկսել թղթակցել, գրում էի գրախոսություններ ֆիլմերի մասին, բայց հետո ինքս ինձ ասացի. «Գուցե պետք է փորձել նոր մի բան»: Եվ սկսեցի հարցազրույցներ վարել, զեկուցումներ պատրաստել: Հիմա, երբ ապրում եմ արտասահմանում, գրում եմ այն ամենի մասին, ինչ տեսնում եմ այնտեղ. իմ ապրումների, զգացողությունների… Ուզում եմ ցույց տալ մարդկանց, թե ինչ է նշանակում լքել երկիրդ: Նաև ուզում եմ գրել Կոլումբիայում գտնվող էմիգրանտների խնդիրների մասին:

-Ովքե՞ր են ամսագրի ընթերցողները:

-Հիմնականում երիտասարդությունը, ուսանողությունը: Մի անգամ մի հետաքրքիր դեպք պատահեց. մեր ընթերցողներից 18 տարեկան մի տղա գտավ ինձ ու պատմեց, որ կարդալով իմ նյութերը՝ ոգեշնչվել է և որոշել ինժեներության փոխարեն լրագրությունն ընտրել: Կարծում եմ՝ դա իմ ամենամեծ նվաճումն է, որովհետև ես իմ նյութերով, փաստորեն, կարողացել եմ ազդեցություն ունենալ ինչ-որ մեկի որոշման վրա:

-Իսկ ո՞վ է եղել քեզ ոգեշնչողը:

-Մի ժամանակ կատակելով ասում էի՝ ես ինքս եմ իմ ոգեշնչման աղբյուրը: Չգիտեմ, վաղուց չեմ մտածել այդ մասին…

-Ինչպե՞ս ես գտնում գրելու թեմաներ:

-Հիմնականում թեմաներն են գտնում ինձ: Ամիսներ առաջ ընկերներս առաջարկեցին գրել մի փողոցային արվեստի մասին: Դրանից հետո ես շարունակեցի այդ թեման՝ իբրև մշակույթի մաս: Իսկ երբ ես եմ գտնում թեմաներ, ընտրում եմ այնպիսիք, որոնք ոգեշնչում են ինձ և կարող են ոգեշնչել ուրիշներին էլ: Դրանք հիմնականում պատմություններ են երիտասարդների մասին, ովքեր, չունենալով որևէ ռեսուրս, ստեղծում են հիանալի գործեր, այսինքն՝ ապրելով մթության մեջ՝ կռվում են դրա դեմ: Երևի հենց նրանք են ինձ ոգեշնչողը:

-Խոսենք մեր Media Moving Forward ծրագրից: Ինչպե՞ս ստացվեց, որ մասնակցեցիր:

-Շատ հետաքրքիր էր, ես Սլովենիայում էի, երբ իմ խմբագիրը գրեց ինձ: Նա ուզում էր իմանալ, թե ինչ ունեմ անելու հուլիսի 9-15-ն ընկած հատվածում: Ես փորձեցի հասկացնել նրան, որ զբաղված եմ լինելու, որ գործեր ունեմ: Բայց երբ նա ասաց, որ նման ծրագիր կա, այն էլ Զալցբուրգում, անմիջապես համաձայնեցի, որովհետև շատ շուտ ձանձրացող եմ և կարիք ունեի նոր մի բանի:

-Եվ ինչպիսի՞ն են տպավորություններդ հիմա, ի՞նչ սովորեցիր այստեղ:

-Ես թվային տեխնոլոգիաներին ծանոթ էի, և կարելի է ասել, դասերի մեծ մասն ինձ համար նորություն չէր: Միգուցե սովորեցի ուրիշների հետ կիսվել իմ փորձով: Բայց պետք է նշեմ, որ ես այստեղ եմ ոչ միայն ինչ-որ բան սովորելու, այլև պատմություններ պատմելու համար: Այստեղ հավաքված են բազում հետաքրքիր մարդիկ, իսկ յուրաքանչյուր մարդ ինձ համար մի պատմություն է: Դրանից բացի, շատ հետաքրքիր է հանդիպել օտարերկրացիների, մարդկանց, որոնց հետ նախկինում երբեք առիթ չէի ունեցել շփվելու, ինչպես, ասենք, հայերի, իտալացիների… Եվ իհարկե, հետաքրքիր է բացահայտել Զալցբուրգը, այս լեռները, տպարանը… Կարճ ասած՝ Զալցբուրգը հիասքանչ քաղաք է:

goharpetrsoyanervn

Ընդունեք մեզ այնպիսին, ինչպիսին կանք

Այս աշխարհում երևի թե չկա մեկը, ում որևէ հարց չանհանգստացնի։ Բայց ինձ անհանգստացնում են մարդկանց ուղեղներում պտտվող հարցերը։

Կրկին ցանկանում եմ անդրադառնալ մի թեմայի, որը վերաբերում է Հայաստանում մի փոքր զանգվածի։ Նրանց համար (կցանկանամ այսուհետ ասել՝ մեր) այս ամենը ավանդական դարձած, քննարկման ոչ ենթակա, բայց ամենուր քննարկվող հարց է։ Կրկին ու կրկին կանդրադառնամ կորեամոլությանը… Հայ հասարակության մեծ մասի ուղեղներում պտտվում են հետևյալ հարցերը, որոնց պատասխանները նրանք լսել են հազար անգամ. «Ի՞նչ եք գտել կորեացիների մեջ», «Դրանք հիմա չինացի՞ են, թե՞ ճապոնացի», «Ո՞նց եք տարբերում դրանց», «Սա՜ղ միանման են», «Տղեն քսվի՞, մազ ներկի՞, դրանցից էլ ի՞նչ տղա, աղջիկն ա տենց բաներ անում»։

Նորից պատասխանեմ հարցերին։ Կորեացիների մեջ գտել ենք այն, ինչը չենք գտել շատ ու շատ ազգերի, մարդկանց մեջ։ Շատերիս այդ նույն կորեացիները տվել են նպատակներ, ապրելու և պայքարելու ուժ, լցրել մեր կյանքը գույներով՝ սևն ու սպիտակը նույնիսկ դարձնելով գույներ։ Իսկ այդ նպատակն էլ թեկուզ հենց Կորեա գնալն է։ Բոլորս էլ սառը ուղեղով դատում ենք դրա դժվարությունը. հեշտ չէ այնտեղ հասնելը, կամ էլ թե՝ սիրած արտիստին տեսնելը։ Հենց սա էլ գիտակցելով` մենք պայքարում ենք բարձր մակարդակների հասնելու համար, սովորում ենք ամենաբարդ լեզուներից մեկը՝ կորեերենը, կազմակերպում տարբեր միջոցառումներ՝ նրանց ուշադրությունը մեր և մեր երկրին ուղղելու համար։ Եվ սա ո՛չ հեշտ է, և ո՛չ էլ ի նշան տեղում անիմաստ դոփելու։ Մեր ամեն քայլի մեջ կա նպատակ, պայքար և սպասում։

Չինացի՞, ճապոնացի՞։ Մի՞թե բարդ է տարբերելը։ Եթե այս երկուսից որևէ մեկը լինեին՝ ինչո՞ւ նրանց կասեինք կորեացի։ Գուցե այս ժողովուրդները շատ նմանություններ և ընդհանուր գծեր ունեն, բայց գոնե կարելի է տարբերել անվանումները։

Նրանք միանման չեն. պետք է ուղղակի խորանալ նրանց առանձնահատուկ և տարբերվող դիմագծերի, տեսքի և բնույթի մեջ։ Նույնիսկ մի ծառի տերևներն են տարբերվում մեկը մյուսից, էլ ի՞նչ խոսք մի ողջ ժողովրդի մասին։

Ասում եք՝ աղջի՞կն է մենակ մազ ներկում ու քսվում… Իսկ ո՞վ է էդ չգրված «օրենքներին» կենդանություն տվել։ Եթե նույն ենթատեքստով ասենք, ուրեմն ես էլ կասեմ՝ մենակ եկեղեցականը չի սափրվում, մեծամասամբ սև հագուստ է կրում ու միշտ չի, որ ժպտալիս կտեսնեմ։ Հետևաբար, թրաշով, ոտքից գլուխ սև հագած ու միշտ դարդոտած դեմքով հայ տղաներին տեսնելիս պիտի ասեմ՝ օրհնեցե՛ք, տեր հայր։

Չգիտես՝ ինչու, միշտ համացանցում վիրավորանքները հասցեագրվում են կորեացիներին (մեծ մասամբ ֆեյսբուքյան խմբերում)։ Կարելի՞ է իմանալ՝ ի՞նչ են կորեացիները կամ էլ մենք՝ կորեամոլներս արել այդ մարդկանց։ Հարավային Կորեան ոչ մի վնաս չի տվել Հայաստանին՝ օգուտից բացի։ Վերջին ժամանակներս էլ երկու երկրների միջև հարաբերություններն ավելի են լավացել։ Իսկ ինչը վերաբերում է որոշ կորեամոլների ագրեսիվ պահվածքին, անտեղի ոչ ոք ագրեսիա չի ցուցաբերում։ Ուղղակի հարգեք հարգվելու համար։ Հասկանալ և ճիշտ ընկալել է պետք ամեն բան, այլ ոչ թե առանց հասկանալու անիմաստ վիրավորել ու պիտակավորել։
Եթե կորեացիներին սիրելով վնաս ենք հասցնում ձեզ, ապա կներեք մեզ, թող մեր թերությունն էլ ուղղակի սիրելը լինի։
Պարզապես ընդունեք մեզ այնպիսին, ինչպիսին կանք։