Մենք մենակ չենք

-Էսօր գիշեր սաղդ կքնիք. ես ֆուտբոլ բդի նայեմ…

Այո’, երբ ես ֆուտբոլ եմ նայելու, բոլորը քնած են լինելու, կամ ցանկության դեպքում, եթե իհարկե մինչև վերջ նայելու են, կարող են ինձ հետ նայել հանդիպումը:

Իսկ իմ ֆուտբոլ նայելը մի իսկական հանդիսություն է. հագնում եմ իմ սիրած ակումբի՝ «Բարսելոնայի» շապիկը, դնում Բարսայի լոգոյով գլխարկս, պատին ամրացնում եմ իմ սարքած մեծ պաստառը, թուղթ ու գրիչը վերցնում եմ ձեռքս ու նստում եմ խաղը նայելու:

Ամեն ինչ պետք է ըստ կարգի լինի. սկզբում օրհներգն է հնչում, ու էդ րոպեից մերոնց քունը խանգարվում է, քանի որ ես, լինելով հավատարիմ երկրպագու, ֆուտբոլիստների հետ հավասար երգում եմ. Blaugrana al vent, un crit valent tenim un nom el sap tothom: Barca, Barca, Barca…

-Լիլի’, քիչըմ կամաց:

Կարող է թվալ, որ սա ձևականություն է, բայց հնարավոր չէ արդեն իսկ 7 տարի ձևացնել: Երբ փոքր էի, ֆուտբոլ մեծ եղբորս հետ էի նայում՝ թիմերին տարբերելով մարզաշապիկի գույներով միայն: Ճի’շտ է, եղբայրս բացատրում էր, սակայն միևնույնն է. շապիկի գույներով տարբերելը ավելի հեշտ էր…

Իսկ մի ուրիշ հաճույք է այն, երբ Բարսաս իր հերթական գոլն է խփում, և այդտեղ ես մտածում եմ, թե ինչ եմ ասելու այն ընկերներիս, որոնք Մադրիդի «Ռեալի» երկրպագու են. ֆուտբոլ նայողները կհասկանան ինձ, որովհետև ամենահավես բաներից մեկը այն է, երբ հեգնում ես քո չսիրած թիմին:

Այո˜… Հերթական հաղթանակը…

Առավոտյան գնում եմ դպրոց, ու սկսվում է.

-Հը, Լի’լ, ի՞նչ էղավ:

Ու ես հպարտորեն միշտ ասում եմ, որ հաղթել ենք՝ ոգևորված բացատրելով խփած գոլը:

Էդ էլ մի ուրիշ հաճույք է, երբ տղաները ինձանից են իմանում խաղի մանրամասները…

Բայց երբ սկսում են լուրջ չվերաբերվել, ինչ-որ մեկնաբանություններ անել, իմ սիրած ֆուտբոլիստներին ասել, որ լավը չեն, կամ որ շատ աղջիկների նման ես էլ եմ ֆուտբոլիստների գեղեցիկ լինելու համար նայում ֆուտբոլ, ես կատաղում եմ, որովհետև իմ սիրած ֆուտբոլիստների ցանկի մեջ մտնում են նաև Դիդիե Դրոգբան, Նիկոլա Անելկան, Զլատան Իբրահիմովիչը և այլք. չէ՞ որ նրանք այդքան էլ գեղեցիկ չեն:

Ինչևէ…Շատ եմ սիրում ֆուտբոլ: Ըստ իս, աշխարհում միակ բանն է, որի ժամանակ աշխարհը մի պահ կանգ է առնում և իր կարճատև քնից արթնանում, երբ բարձրանում է երկրպագուների հսկա ալիքը… Եվ երևի պատահական չէ այն, որ ամեն տարի ծննդյանս օրը միշտ համաշխարհային մակարդակի մի հանդիպում է լինում, որից ես էլ ավելի եմ ոգևորվում: Ֆուտբոլասերները մի ունիվերսալ լեզու ունեն, որը նույնն է բոլոր մշակույթների և մարդկանց համար: Եվ ես գիտեմ, որ իսկական ֆուտբոլասերները երբեք մենակ չեն: Մենք լեգեոն ենք, և միակ բանը, որ ընդհանուր է մեզ համար, ֆուտբոլն է…

Պայքար հանուն խաղադաշտի

Դեռ փոքր տարիքից ինձ հուզում էր հաջողության հասնելու ճանապարհը։ Շատ ժամանակ ես ինձ անհաջողակ էի համարում, որովհետև բակը, որտեղ իմ ամենաթանկ մարդիկ էին, և մեր ժամանակի մեծ մասն էր անցնում, նման չէր մեր հարևանությամբ գտնվող մանկապարտեզի բակին։ Մանկապարտեզի բակում կար ճոճանակ, սահուղի, լողավազան։ Իսկ մեր բակում դրանց փոխարեն կային միայն քարեր, տարբեր տեսակի մոլախոտեր և մի քանի մետր բաց տարածք։ Իմ ու ընկերներիս մեջ մեծ էր ցանկությունը  մանկապարտեզի բակում խաղալու, բայց ամեն անգամ, երբ ցանկապատի վրայով անցնում էինք, տեղի էր ունենում մեր պատկերացրած պատերազմը՝ բախում մեր և մանկապարտեզի պահակի միջև։ Այո՛, չզարմանաք, հենց պատերազմ, որովհետև մենք միշտ կանխազգում էինք բախումի մասին՝ «զինվում» էինք պարսատիկներով, քարերով, և ամեն անգամ, երբ պահակը փորձում էր մեզ հեռացնել, սկսում էինք պատերազմը։ Բայց պահակը համառ էր ու չէր նահանջում. նա նույնպես քարերով հարվածում էր: Երբ որոշեցինք փախչել, տղաների մեծամասնությանը հաջողվեց փախչել` ցանկապատն իրարից առանձնացնելով, պոկելով, իրար վրայով անցնելով։ Ընկերներիցս մեկը մի փոքր հետ մնաց մեզանից, և պահակի նետած քարը կպավ նրա ոտքին։ Ոտքը վնասվեց, չկարողացավ դուրս գալ մանկապարտեզից, և տեղի ունեցավ այն, ինչը այնքան էլ մեր ուզածով չէր…

Ստիպված բոլորս հետ վերադարձանք։ Պահակը սրտի ուզածի չափ նախատեց ու կանչեց մեր ծնողներին։ Ծնողները նույնպես նախատեցին, և այդ օրվանից մանկապարտեզի խաղադաշտը դարձավ «արգելված գոտի»… Հիասթափված էինք բոլորս, նեղված այս դեպքերից։ Սկսեցինք մտածել տարբերակներ՝ մեր բակը մեր ուզածի պես դարձնելու համար։ Մեկն առաջարկեց լոտո խաղալ և շահած գումարով բարեկարգել բակը, մեկը թե՝ դիմենք դատարան, և այդպես մի շարք տարօրինակ մտքեր։ Սրանք այդպես էլ իրականություն չդարձան։ Գտանք երկաթյա ձողեր. որոնք իրար կապելով, ամրացնելով՝ մի կերպ սարքեցինք դարպասներ՝ ֆուտբոլ խաղալու համար…
Խաղում էինք առավոտից մինչև գիշեր։ Այնքան էինք խաղացել, որ մոլախոտերը վերացել էին, մնացել էր միայն հողը։ Անցավ այդ երջանիկ ամառը, և սկսվեցին դասերը. բոլորս տարված էինք դասերով։ Մի քանի տարի հետո, երբ մեծացանք, մեր համար բացվեց կյանքի նոր ուղի, ընտրեցինք մեր ապագայի ուղին։ Դաշտը մնաց լքված, և ժամանակի ընթացքում նորից պատվեց մոլախոտերով, թփերով, և հիմա դաշտում խաղացող երեխաներ չկան։ Նրանք գերադասում են ֆուտբոլ խաղալ համակարգչով: Դաշտը հուսահատված սպասում է հաջորդ սերնդին: Ով գիտի, միգուցե հաջորդ սերունդը վերադառնա իրական դաշտ ու նորից կարգի բերի լքված խաղահրապարակը…

Ջրափի

Գյուղը ինձ համար եղել ու մնում է գեղեցիկ ու հետաքրքիր մի նկար, որը լիովին տարբերվում է քաղաքային միապաղաղ ու հոգնեցնող կյանքից: Հիշում եմ, երբ փոքր էի, հաճախ այցելում էինք մեր մարզի Ջրափի գյուղը, որտեղ մեծ տուն ու հողամաս ունեինք: Ես միշտ անհոգ խաղում էի մեր այգում, թաքնվում մասրենու թփերի տակ, հաճախ ծաղիկներից փնջեր կապում ու խնդրում մեծերին, որ ծաղկեպսակներ պատրաստեն ինձ համար: Ու ինձ թվում էր, թե ինչպես իմ, այնպես էլ գյուղում ապրողների առօրյան շատ հետաքրքիր է, և նրանք շատ գոհ են կյանքից: Եվ իրոք… Ինձ թվում է, որ առաջ գյուղացին ուրախ էր, նրա համար կյանքը հեքիաթային էր թվում, չնայած՝ առավոտից մինչ իրիկուն կամ իր կենդանիների հետ էր, կամ էլ դաշտում՝ իր գործին: Երևի դա նրանից էր, որ, չնայած իր՝ դժվարություններով լի առօրյային, նրա դեմքին ժպիտ կար, նրա համար երջանկություն էր թվում հացահատիկի առատությունը: Շատ լավ եմ հիշում, որ երբ փոքր էի, գյուղացիները շատ էին սիրում մեզ, միշտ մեր տուն էին գալիս ու զրուցում մերոնց հետ:

Այս գունեղ ու հեքիաթային կյանքը ինձ համար ավարտվեց 2005 թվականին, երբ մենք վերջնականապես քաղաք տեղափոխվեցինք, ու ես այլևս չկարողացա իմ սիրելի գյուղ գնալ: Չգիտես ինչու, մերոնք եղբորս հաճախակի էին տանում, իսկ ինձ՝ ոչ: Այսպես, ես մինչև վերջերս էլ կարոտով էի հիշում իմ անցկացրած լավագույն պահերը ու չէի էլ ուզում մտածել, որ իմ գյուղը կարող է փոխվել, որ այն դասարանը, որտեղ ես որոշ ժամանակ սովորել եմ, կարող է առաջվանը չլինել…

Մոտ երկու շաբաթ առաջ մերոնք վերջապես ինձ էլ գյուղ տարան: Երբ հասանք, արդեն երեկո էր, ու ես ենթադրում էի, որ ինչպես նախկինում, հիմա նույնպես գյուղի երեկոն անզուգական է լինելու: Բայց ես սխալվեցի: Կայարանից մինչև մեր տուն երկար ու քարքարոտ ճանապարհ էր, որի նախկին տեսքից ոչինչ չէր էլ մնացել: Մինչ տուն  հասնելը միայն մի երեխայի հանդիպեցինք, ով, ի սարսափ ինձ, առանց վախի խաղում էր մի հսկա շան հետ այնպես, ասես գրկել ու շոյում էր իր փափուկ խաղալիքը: Ինձ համար շատ տարօրինակ էր այն ամենը, ինչը տեսնում էի ես այդ պահին: Նախկին կահավորված ու գործող բուժկետից մնացել էին միայն չորս պատերը՝ առանց տանիքի, պատուհանների ու սանդուղքների…

Իմ այն հարցին, թե ինչու են քանդել բուժկետը, տատս ասաց.

-Է՜, բալես, ո՞վ գիտի…

Ու ես սկսեցի մտածել, որ նույն վիճակում է նաև դպրոցը, բայց հետո իմացա, որ այն դեռևս գործում է, բայց, ինչպես գյուղացիներն ասացին. «Դասարանների կեսը մեռած է, էն կեսի բերանումն էլ ըսկի շունչ չկա…»:

Առաջվանից գրեթե ոչինչ չէր մնացել. նախկին աշխույժ գյուղը գրեթե ամայի էր դարձել, իրար հարևան չորս տներից երեքը անբնակ էին, այնինչ առաջ այստեղ մեծ ու ավանդական ընտանիքներ էին ապրում, բուժկետը չէր գործում, դպրոցի երեխաների թիվը վաթսունը չէր գերազանցում, մարդիկ էլ տխուր էին ու հիասթափված…

Միակ բանը, որ ուրախացրեց ինձ ու հույս տվեց, այն էր, որ նախկին փլված եկեղեցին այսօր նորոգված էր ու դարձել էր գյուղի երիտասարդների միակ տեսարժան վայրը, ուր կարելի էր գնալ շաբաթ-կիրակի օրերին:

Հիմա, երբ այլևս այնտեղ չեմ ապրում, մտածում եմ. տեսնես կգա՞ մի ժամանակ, որ Ջրափին կամաց-կամաց նորից դառնա այն գյուղը, որտեղ մարդիկ երջանիկ էին իրենց պարզ ու հասարակ կյանքով:

Հանուն ջրամբարի և առանց նրա

Ախուրյանի ջրամբարը կառուցվել է 1975 թվին: Ջրամբարի շինարարության հետ զուգահեռ շատ գյուղեր տեղահանվել են և կառուցվել նոր ավաններ, քանի որ կմնային ջրամբարի տակ: Այդ գյուղերի թվին են պատկանում Վերին, Ներքին Ջրափիները, Իսահակյանը, Շիրակավանը, Երազգավորսը եւ Նորաբերդ գյուղը, որը հիմա չկա: Ջրամբարի կառուցման նպատակն է եղել ոռոգել Թալինի և Արմավիրի 40 հզ. հա հողատարածք: Սակայն ի՞նչ եղան մարդիկ, որոնք ապրում էին ջրամբարի կառուցման պատճառով տեղահանված գյուղերում:

Վերին և Ներքին Ջրափիները միավորեցին, և կառուցվեց Ջրափի գյուղը: Սկզբում գյուղ էլ չէր, այլ ջրամբարի շինարարությանը մասնակցող աշխատավորներին կացարանով ապահովելու ավան: Հետո շինարարները հեռացան,
և գյուղում շարունակեցին ապրել գյուղացիները: Եթե հանդիպեք ջրափցիների, շատ պատմություններ կլսեք տեղահանման, հին գյուղի սովորությունների մասին: Հանուն ոռոգման ջրի տեղահանվածները, թեև ապրում են ջրամբարի հարևանությամբ, սակայն ոռոգման ջուր այդպես էլ չունեցան: Ինչպես տեղումների հույսին էին եղել իրենց պապերը, այնպես էլ իրենք են այսօր անձրևի հույսին: Վաղուց չորացել են մրգատու այգիները, որոնք սկզբում ոռոգվում էին ջրամբարի ջրերով: Երաշտը ոչնչացրել է գրեթե ողջ տնտեսությունը: Մարդիկ հեռանում են գյուղից:

Երբ գյուղ մտնեք, կտեսնեք մի հին եկեղեցի: Ահա այն ամենը, ինչ մնացել է հին գյուղից: Եկեղեցին նույնպես մնալու էր ջրի տակ, սակայն որոշվեց համարակալել քարերը և տեղափոխել եկեղեցին:

Շուտով գարուն է, ջրափցիները դարձյալ երկնքին են նայում. Աստված կոռոգի՞ իրենց արտերը:

Մարգարիտը

-Ճանապարհ տվեք Մարգարիտին, երեխանե’ր:

Այո’, Մարգարիտին՝ քնքուշ, բարի ժպիտով մի աղջնակի, ով սովորում էր մեր դպրոցի տարրական դասարաններից մեկում իր հասակակիցների հետ, սակայն արտաքնապես տարբերվում էր նրանցից:

Դասամիջոցներին, երբ ողջ դպրոցը իրար էր խառնվում, միջանցքում տեսնում էի Մարգարիտին՝ միշտ դասընկերներով շրջապատված, որոնք կռվում էին իրար հետ Մարգարիտի անվասայլակը քշելու համար, և այդ ժամանակ Մարգարիտը միշտ ծիծաղում էր՝ ասես նախատելով ընկերներին:

Ուսուցիչները միշտ պատմում էին, որ մեծ դժվարությամբ, սակայն անսահման համբերությամբ նա մասնակցում էր բոլոր դասերին, խմբային աշխատանքների ժամանակ օգնում ընկերներին:

Մի անգամ էլ, երբ դպրոցում հանդես էր, իմանալով, որ Մարգարիտը մասնակցելու է, որոշեցի մնալ ու դիտել: Հենց առաջին համարը

նրանն էր. երգելու էր: Երբ նրան բեմ բարձրացրին ու սկսեց երգել, բոլորը հմայված լսում էին: Ելույթից հետո բոլորը ոտքի կանգնեցին. ծափերը չէին դադարում:

Երբ դպրոցի մասին ֆիլմ էինք նկարում, Մարգարիտը նույնպես մասնակցում էր: Մոտեցա, սկսեցինք զրուցել. և ինձ էր հաճելի, և իրեն: Երևի այսպիսի մարդիկ շատ քիչ են, որ զրկված լինելով շատ բաներից՝ չեն ընկճվում…

Աշնանը՝ նոր ուսումնական տարում, ես այլևս չտեսա նրան. մեկնել էր Մոսկվա՝ բուժման հերթական կուրսն անցնելու… 

Լեյլիի Լեյլի տատիկը

Անկեղծ ասած, ես մի տեսակ կարեկցանքով եմ վերաբերվում նրանց, ովքեր տատ ու պապ չունեն, որովհետև մարդը, ով չի մեծացել տատիկ-պապիկների հեքիաթներով, կոնֆետներով ու սիրով, մի մեծ աշխարհ է կորցրել: Հիշում եմ, մինչև եղբորս ծնվելը տատիս միակն ու անկրկնելին ես էի, որովհետև ամբողջ օրն ինձ հետ էր լինում, միասին այգի կամ հարևանների տուն` սուրճ խմելու էինք գնում, ինձ էր միայն հեքիաթներ պատմում, գրպանի քաղցր ու անուշ կոնֆետները, ի վերջո, ինձ էին բաժին հասնում, որովհետև հորաքույրներիս երեխաները բավական մեծ էին, ու տատիկն էլ միայն ԻՄՆ էր: Երբ եղբայրս ծնվեց ու տատիս ուշադրությունը գրավեց, ես խանդում էի ու անընդհատ լաց լինում: Մերոնք զգացել էին դա, քանի որ ես չէի գնում եղբորս սենյակ, նրա հետ չէի խաղում, ու մայրս փորձեց բացատրել ինձ: Ես էլ կարծես հասկացա, թե ինչու են նրան բոլորը սիրում:

Երբ պառկում էինք քնելու, ես ու եղբայրս ստիպում էինք տատիս հեքիաթ պատմել` հաշվի չառնելով նրա հոգնածությունը: Տատս միշտ ընդառաջում էր մեզ, պատմում մեր սիրած հեքիաթները: Մի օր էլ ես տատիս խնդրեցի մի նոր բան պատմել: Նա ժպիտով նայեց ինձ ու սկսեց մի շատ հետաքրքիր հեքիաթ պատմել գյուղացու ու հրաշագործի մասին: Երբ հարցրի, թե ինչ է այդ հրաշալի հեքիաթի վերնագիրը, տատս նայեց ինձ ու խորը շունչ քաշելով ասաց. «Է՜խ,է՜խ…»: Վերջերս հեքիաթը միտքս էր ընկել, ու տատիս հարցրի, թե որտեղից է իմացել այն: Ի զարմանս ինձ՝ նա ասաց, որ ինքն էր հորինել…

Երբ պարապմունքի շտեմարանը ձեռքիս վերադառնում եմ տուն, տատս հարցնում է.

-Էսօր ի՞նչ ես սովորել:

Ես, իմանալով, որ տատիս լեզուն ու գրականությունը կարելի է «տասը» գնահատել, միշտ ասում եմ.

-Տատ, դու էս մեկը չգիտես:

-Հնարավոր չէ, ասա, տեսնեմ՝ որն է:

Ու միշտ, երբ սկսում եմ սովորածիս առաջին տողերն արտասանել, տատս ժպիտով ընկերակցում է ինձ այնքան, մինչև ես մոռանում եմ, իսկ ինքը առանց սխալների ավարտում է:

Ու ամեն անգամ ծիծաղելով ավելացնում է.

-Չէ, Լիլի ջան, իմ դասատուն քոնից լավն է եղել:

Տատս հինգ թոռ ունի, որոնցից երեքը արդեն մեծ կյանք են մտել: Նրանցից հետո ես եմ ու այս տարիների ընթացքում իմ նվաճումներով փորձում եմ հետ չմնալ նրանցից: Գրեթե միշտ տատիս հարցնում եմ.

-Տատ, էդքան խելացի թոռ ունես, ամենախելացին ո՞վ է:

Տատս միշտ նայում է ինձ ու ամեն անգամ մեկիս անունը տալիս, բայց այն հարցին, թե ում է ամենից շատը սիրում, միշտ մեկ սպառիչ պատասխան ունի՝ քեզ:

Երևի մեծ դեր է խաղում այն, որ հենց ես եմ կրում Լեյլի տատիս անունը ու չեմ սիրում, երբ աղավաղում են այն՝ ասելով Լեյլա՝ իմանալով, որ ընդունում եմ կամ Լեյլին, կամ Լիլին:

Երբ ընկերուհիներս մեր տուն են գալիս, խնդրում են տատիս, որ մի բան երգի: Անգամ երբ տատս տրամադրություն չի ունենում ու մերժում է մեզ, նայելով ինձ՝ դեմքին ժպիտ է հայտնվում, ու սկսում է իր անուշ ձայնով երգել: Զարմանում եմ տատիս երաժշտական կարողությունների վրա: Երբ ընտանիքով դիտում ենք «Երգ երգոց»-ը, տատս գրեթե բոլոր երգերը կամացուկ երգում է ու հանկարծ տեսնում, որ բոլորս ապշած իրեն ենք նայում:

Ախր, շա՜տ լավն է տատս, հատկապես, երբ տուն է գալիս ու ասում.

-Լիլի, գիտե՞ս քեզ ինչ եմ բերել:

Ու իմ՝ հետաքրքրությունից փայլող դեմքը էլ ավելի է պայծառանում, երբ տատս հանձնում է նվերս:

Երբ նա պատրաստվում է տեղ գնալ ու հագնում է իր՝ զգեստապահարանում խնամքով պահված զգեստները, որոնք ես չեմ էլ տեսել, միշտ հարցնում է.

-Լիլի, սիրո՞ւն է:

Ու երբ դրական պատասխան է ստանում, ասում է.

-Քեզ եմ տալու:

Եվ ես, լսելով այդ, ակամայից հիշում եմ մանկությունս, երբ հագնում էի տատիս երկարափեշ, ծաղկավոր զգեստները, որոնց վրայից օծանելիքի հոտ էր գալիս: