Ժինգյալով հացի հետքերով

Լուսանկարը՝ Անի Ասծատրյանի

Լուսանկարը՝ Անի Ասծատրյանի

Գիշեր էր, տանը նստած էինք՝ ես, Գոհարը, Անին, Անետան ու Մարտինը: Տարբեր թեմաներից էինք խոսում, մեկ էլ Անին ասաց.
-Ժողովուրդ, գալի՞ս եք վաղը գնանք կարմանձուկի:
-Հա, իհարկե, համ էլ մի լավ կնկարվենք,- ասացի ես:
-Հա, դե դու մենակ նկարվելու մասին ես մտածում,- ասաց Անին:
Ինչ խոսք, ճշմարտություն կար խոսքերի մեջ:
-Վերջ, վաղը ժամը 12-ին գնում ենք: Գոհարի, Իննայի ու Մարտինի հետ մեր տանը լինեք,- ասաց Անին:
-Լավ, կգանք,- ասաց Գոհարը:

Լուսանկարը՝ Անի Ասծատրյանի

Լուսանկարը՝ Անի Ասծատրյանի

Գիշերը մի կերպ քնեցինք:
Առավոտյան աչքերս բացեցի թե չէ, միանգամից ժամին նայեցի, 10:36 էր, դեռ ահագին ժամանակ ունեինք: Մինչև 11:20 սպասեցի, հետո մտածեցի, որ քույրերիս մտքով չի անցնելու, որ արթնանան, ասացի՝ ես կարթնացնեմ: Դե ինչ, դժվարությամբ, բայց ինձ դա հաջողվեց:
Արդեն ժամը 12:00 էր, բայց մենք դեռ տանն էինք, Գոհարենք էլ չէին երևում: Զանգեցի Գոհարին, ասաց, որ ինքը չի կարողանալու գալ, բայց Իննան ու Մարտինը կգան:

Լուսանկարը՝ Անի Ասծատրյանի

Լուսանկարը՝ Անի Ասծատրյանի

12:40 էր, արդեն բոլորս հավաքվել էինք, մինչև բոլորը «զուգվեցին, զարդարվեցին» ժամը ժամից անցավ, դարձավ 13:00, մինչև հասցրեցինք դուրս գալ, արդեն 13:10 էր:

Լուսանկարը՝ Անի Ասծատրյանի

Լուսանկարը՝ Անի Ասծատրյանի

Գնալուց առաջ պայմանավորվել էինք, որ ես իրենց զբոսավարը պետք է լինեմ: Դերասանություն անելով էլ գնացինք, ես էլ զբոսաշրջիկներին ցույց տվեցի և՛ Չինական պատը, և՛ Թաջ Մահալը, և՛ Կոլիզեումը, մի խոսքով, էլ տեսարժան վայր չկար, որ չներկայացնեի:

Լուսանկարը՝ Անի Ասծատրյանի

Լուսանկարը՝ Անի Ասծատրյանի

Արդեն մի քանի ոլորան էինք արել, ուր որ է, պետք է հասնեինք մեր բնակավայրի նշանավոր Ակնի ջուրը, որի ջուրը յուրահատուկ համ ունի, մեկ էլ Մարտինը ասաց.
-Հեսա հասնում ենք Ակնի ջուրը:
-Չէ, դեռ մի քանի ոլորան կա,-ասաց Անետան:

Լուսանկարը՝ Անի Ասծատրյանի

Լուսանկարը՝ Անի Ասծատրյանի

Բայց, միևնույն է, Մարտինը շարունակում էր պնդել, որ մի ոլորան է մնացել: Արդեն այդ ոլորանն էլ էինք արել, մեկ էլ Մարտինը ասաց.
-Վայ, էս Ակնի ջուրը տեղափոխե՞լ են:
Մի լավ ծիծաղեցինք ու շարունակեցինք:

Լուսանկարը՝ Անի Ասծատրյանի

Լուսանկարը՝ Անի Ասծատրյանի

Տարբեր թեմաներից խոսելուց հետո, սկսեցինք խոսել հին գյուղում թութ թափելու մասին, երբ Մարտինը ասաց.
-Վերջին անգամ, որ եկել էինք թութ թափելու, մեքենայով էինք հետ գնացել, չորս հոգով էինք, ես, պապան ու երկու «բոչկա»:

Լուսանկարը՝ Անետա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Անետա Ասծատրյանի

Մինչ տեղ կհասնեինք, մեր Հալիձորի համայնքաբնակներից մեկին տեսանք, ավանակով էր, մեր բարբառով ասած՝ «էշը պեռնած քում էր», մենք էլ խնդրեցինք ավանակի հետ նկարվել, նկարվեցինք ու առաջացանք:

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Հետո ամբողջ տարածքով շրջեցինք, «ճռճռոկ, պենջար, կարմանձուկ» քաղեցինք: Մի փոքր հոգնել էինք, որոշեցինք հանգստանալ, մի կտոր հաց ուտել: Հարմարավետ քար գտանք, նստեցինք և պայուսակների պարունակությունը դատարկեցինք քարին, ես էլ սկսեցի բաժանել:
Մարտինը ջանասիրաբար էր պոկում այն ամենը, ինչ ընկեր աչքի առաջ:
-Մարտին, 90-ակաների թալանը չի,- ասացի ես:
Մի լավ ծիծաղեցինք, մեկ էլ ցրտեց, որոշեցինք գնալ տուն:
Տուն գնալուց էլ մանուշակ հավաքելով գնացինք:

Լուսանկարը՝ Անի Ասծատրյանի

Լուսանկարը՝ Անի Ասծատրյանի

Եկանք, բերածներս ջոկեցինք, լվացինք, իսկ հաջորդ օրը կտրատեցինք, մայրիկս ժինգյալով հաց թխեց, մենք էլ կերանք:
Ու այդ տանջալի օրվանից հետո, ես սկսեցի գնահատել ժինգյալով հացի արժեքը:

Լուսանկարը՝ Անի Ասծատրյանի

Լուսանկարը՝ Անի Ասծատրյանի

ruzanna stepanyan

Պատմության թանգարանում

Դպրոցներում գարնանային արձակուրդ է՝ ուսանողների նախանձի առիթը: Դե, բախտը մեզ էլ ժպտաց: Ես շատ պլաններ ունեի այս արձակուրդների հետ կապված, որոնք պետք է իրականացնեի Երևանում:

Երեկոյան մտածեցի, թե ում հետ գնամ Հայաստանի պատմության թանգարան: Հետաքրքիր էր հենց այն փաստը, որ բոլոր կապանցիները գտնվում են Երևանում: Զանգեցի մանկությանս ընկերուհուն՝ Գոհարին, և չնայած այն փաստին, որ նա սովորում է տնտեսագիտական հոսքում՝ համաձայնեց հետս գալ պատմության թանգարան: Որոշեցինք հանդիպել ժամը 12-ին Հյուսիսային պողոտայում:

Մեր հանդիպումը տեղի ունեցավ: Եվ հենց առաջին վայրկյանից մեզ անսովոր թվաց այն փաստը, որ մենք հանդիպում ենք ոչ թե դպրոցում` Շահումյան փողոցում, կամ էլ «շատրվաններում», այլ Երևանում:

Թանգարանում մենք պետք է շրջեինք բոլոր հարկերով՝ 3-րդից 1-ին հարկ իջնելով: Երրորդ հարկում Հին, Միջին և Նոր քարի դարից պահպանված իրերն էին, մարդկանց առաջին աշխատանքային գործիքները, պաշտամունքի առարկաները, կախազարդերը և այլ իրեր: Երկրորդ հարկում համահայկական թագավորություններից պահպանված իրերն են, արձանագրությունները: Մեզ ամենից շատ հետաքրքիր թվաց այն, որ կային իրեր, որոնք ներկված էին շատ վառ գույներով և մինչ այժմ անգամ չէին խամրել: Դե, իսկ ազգային տարազներն էլ հագնելուց հաստատ չէինք հրաժարվի: Ամենացավոտը, բայց տպավորիչը, առաջին հարկն էր` խմբակներից մինչև առաջին հանրապետություն: Կարծես մեկուկես ժամով տեղափոխված լինեինք պատմության գիրկը: Գոհարն ասաց, որ հենց այս թանգարան այցելելով կարելի է ոգեշնչվել և սովորել հումանիտար հոսքում: Թանգարանի դռնից ներս մտնելով կտրվում ես 2018 թվականից և մինչև վերջին նմուշը ուղղակի կլանել ես ուզում:

29.03.1974

Չգիտեմ՝ ինչից սկսեմ այս նյութս։ Երևի երբեք էլ չեմ իմանա, որովհետև ամեն ինչ սկսվել է դեռ այն ժամանակվանից, երբ ես խոսել, լսել ու մտածել չգիտեի՝ դեռ այն ժամանակվանից, երբ ես լույս աշխարհ անգամ չէի եկել։

Այսօր ինձ համար մի շա՜տ կարևոր օր է։ Մեր տանը չորսիցս ամենաքիչը դու էիր սպասում քո ծննդյան օրվան, ամենաքիչը դու էիր պատրաստվում, բայց ամենաշատը դու էիր ուրախանում մեր սովորական շնորհավորանքներից անգամ։ Երևի երբեք մտքովս չէր անցնի հիշել նախորդ տարեդարձներդ, եթե այս մեկին էստեղ լինեիր՝ մեր կողքին։

Ես ու դու երևի ավելի շատ ենք կռվել, քան որևէ մեկը կարող է պատկերացնել։ Դու միշտ բարկանում էիր ինձ վրա ամենամանր ու չնչին պատճառներով, իսկ ես նեղանում էի ու սկսում լաց լինել քո ամենաթեթև զայրույթից անգամ։ Միշտ տխրում էի, երբ բարկանում էիր, իսկ հիմա՝ այսօր, կարոտել եմ։ Հա, չէի ուզի էլի բարկանաս, բայց կուզեի՝ էլի կողքիս լինեիր, տեսնեիր ու լսեիր ամեն մի մանր բանը, որ կատարվում է ինձ հետ, սփոփեիր ամենափոքր անհաջողությունիցս հետո, գրկեիր ու հոգուդ խորքում հպարտությունից գոռայիր ամենամեծ հաջողություններիցս հետո։ Կուզեի hետ բերել այն ժամանակները,  երբ ինձ հետ մինչև ուշ գիշեր զրուցում էիր ամենատարբեր թեմաներից։ Դու միակն էիր, ով համբերատար լսում էր իմ՝ ապագայի երևակայական պլանները, ու քննարկում դրանք ամենայն լրջությամբ՝ մտքում իմանալով, որ, մեկ է, ոչինչ իմ ասածով չի լինելու, ամեն ինչ ավելի լավ է դասավորվելու։ Ամեն անգամ, երբ ութերորդ դասարանում սովորելով հանդերձ, պատմում էի նախընտրած  համալսարաններիս մասին, ինձ հետ հավասար քննարկում էիր բոլոր ֆակուլտետները, բաժինները, միավորները, ամեն-ամեն ինչ․․․ Բայց հոգուդ խորքում դու ինձ ավելի բարձր տեղերում էիր տեսնում, ես դա զգում էի․․․Ես դա զգում եմ հիմա, երբ իրոք ամեն ինչ փոխվել է։ Վերջին շրջանում իմ կյանքում տեղի ունեցած ամենամեծ հեղափոխությանը, ավաղ, դու հեռախոսով միայն արձագանքեցիր։ Իսկ ես ամեն ինչ կտայի, որ այդ պահին տեսնեի քեզ, տեսնեի՝ ինչքան ես ուրախացել ու ինչքան ես հպարտանում։

Ամեն ինչ կտայի, որ հետ բերեի այն օրերը, երբ զգում էի, որ դու ինձ համար ամեն ինչ ես։ Այն օրերը, երբ մինչև ուշ գիշեր ինձ հետ «Ամենախելացին» էիր նայում ու ռուսերենից հայերեն թարգմանում ամեն մի բառ, որ ես ամեն ինչ հասկանամ ու  կարողանամ հաջողության հասնել։ Իսկ ես հասա, ու ոչ ավել, ոչ պակաս, հենց քո շնորհիվ։

Կուզեի հետ բերել այն ժամանակները, երբ միշտ մենակ ինձ համար էի թեյ պատրաստում՝ մոռանալով անգամ քեզ առաջարկել։ Եվ այն ժամանակները, երբ ինձ միայն դու էիր հասկանում։ Կուզեի հետ բերել իմ կյանքի բոլոր-բոլոր օրերը, որոնցում դու եղել ես։ Դու բոլորում ես եղել, բայց ես ուզում եմ կրկնվեն այն օրերը, որոնցում ես զգում էի քո ֆիզիկական ներկայությունը։ Այն, թե հեգևորն է միայն կարևոր, էդքան էլ էդպես չի։

Կուզեի հետ բերել այն պահերը, երբ հանկարծ նայում էիր դեմքիս ու ասում՝ ինչքան ես դու ինձ նման։ Իսկ ես երևի էլի կծիծաղեի ինչպես առաջ։

Ես իրոք քեզ նման եմ, որովհետև ես իմ մեջ ամենաշատը հենց քեզ եմ կրում։ Ու արտաքինը չէ միայն, որ պիտի փաստի դա, մենք նույնն ենք ամեն ինչով, բնավորության ամենաթեթև ու ծանր գծերով։

Ու եթե անգամ ես «տարօրինակ» եմ, հպարտ եմ ու երջանիկ, որ հենց քո մի մասն եմ, քո շարունակությունն ու քո աղջիկը։

Իսկ այսօր՝ մարտի 29-ին, երբ դու հեռու ես, ու ես քեզ չեմ կարող գրկել, ուղղակի ուզում եմ ասել․ «Շնորհավոր ծնունդդ, պա՜պ»։

Ուղղությունը՝ Կապան․ Կապանը կինոյում կամ հակառակը

Լուսանկարը՝ Zangezur TV

Լուսանկարը՝ Zangezur TV

Վերջապե՜ս․․․ Ինձ թվում է՝ սա բոլոր կապանցիներիս երազանքն էր։ Կապանում կինոթատրոն է բացվել։ Գիտե՞ք՝ մեզ մոտ՝ Կապանում, շատ արվեստասեր մարդիկ կան, բայց ցավոք, արվեստի այն ճյուղը, որ կինո է կոչվում, ամբողջապես վայելել չէր լինում մինչև այս պահը, երբ ամեն ինչ պատրաստ է: Երկար աշխատանքներ տանելուց հետո` վերջապես Կապանում ևս կարող եք դիտել վերջին ֆիլմերը, զգալ փոփքորնի՝ կինո նայելու ժամանակ ստացող հատուկ էֆեկտն, ու այս ամեն ինչը՝ առանց Երևան գնալու, հենց Կապանում։ Իրականում, հոգուս խորքում միշտ նախանձում էի երևանցիներին, որ ուզած պահին տոմս են պատվիրում, վեր կենում, գնում ֆիլմ դիտելու։ Ինձ այդ ամեն ինչի համար յոթ ժամ ճանապարհ էր պետք կտրել, հետո՝ մի լավ հանգստանալ, հետո միայն գնալ ու կինո նայել, բայց դե էդքանից հետո ո՞վ կգնահատեր կինոն էնպես, ինչպես որ պետք էր․․․ Ուրախ եմ ու տպավորված։ Կինոթատրոնը հագեցած է հարուստ տեխնիկայով, մթնոլորտը ներդաշնակ է, հաճելի, ու համ էլ հետաքրքիր անվանում ունի՝ S’Unique, դե Սյունիք, էլի։ Իմ մտքով, օրինակ, դժվար անցներ մեր «եզակիությունը» կինոթատրոնի անվանման մեջ օգտագործելը։

Լուսանկարը՝ Zangezur TV

Լուսանկարը՝ Zangezur TV

Կինոթատրոնի կառուցման աշխատանքներն արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ սկսվել էին, և մենք անհամբեր էինք։ Ես իրոք երջանիկ եմ իմ քաղաքի ամեն նվաճման համար։ Մենք հիասքանչ թատրոն ունենք, բայց տխուր էր, երբ այդ թատրոնում հաճախ ստիպված էինք լինում կինո դիտել։ Թատրոնի բեմը թատրոնի համար է, թատրոնը ուրիշ մոլորակ է, կինոն՝ ուրիշ աշխարհ։ Հիմա արդեն ամեն մեկն իր տեղն ունի, իսկ ես սրանից հետո, փաստորեն, ավելի հաճախ եմ փոփքորն ուտելու․․․

anahit badalyan tonakan

Wi-Fi-ի մասին դառը ճշմարտությունը

9-րդ դասարանի աշակերտները գրավել են գիտնականների ուշադրությունը՝ գիտական փորձի միջոցով բացահայտելով  Wi-Fi-ի մասին դառը ճշմարտությունը

Դպրոցական աշխատանքն ավելի հետաքրքիր ու հագեցած դարձնելը, համբերատար կերպով աշխատելն ու մեծ հաջողություններ ակնկալելը  ողջունելի է և քաջալերվում է։

Այս դեպքը տեղի է ունեցել հյուսիսային Ջութլանդում, որտեղ 9-րդ դասարանի աշակերտների մի խումբ վերջերս նախաձեռնել էր կենսաբանական փորձ՝ ոգեշնչվելով կենտրոնանալու իրենց անձնական փորձառությունից։

Աշակերտներից մեկը՝ Լի Նելսենը, բացատրում է․

-Մենք բոլորս այն կարծիքին ենք, որ դպրոցում դժվարացել ենք կենտրոնանալ, երբ քնել ենք՝ հեռախոսները մեր գլխի կողքին դրած։ Պատահել է նույնիսկ, որ քնելիս ևս բախվել ենք դժվարության։

Հետաքրքրված լինելով այս ընդհանուր փորձառությամբ, աղջիկների մի խումբ նախաձեռնել է փորձ՝ պարզելու Wi-Fi-ի ճառագայթման ազդեցությունը կենսական բջիջների վրա։

Մասնավորապես, նրանք որոշեցին օգտագործել ջրկոտեմի սերմեր։ Վերցնելով 400 սերմ, նրանք առանձնացրեցին դրանք 12 տարբեր սկուտեղների վրա։ Երկու սենյակներում տեղադրվեցին վեցական սկուտեղներ։ Երկու սենյակներում էլ պահպանվում էր նույն ջերմաստիճանը, և ամեն սենյակում տեղակայված վեցական սկուտեղները փորձի ընթացքում ստանում էին նույն չափի ջուր և արեգակի լույս։

Միակ տարբերությունը երկու սենյակների միջև (որն էլ հանդիսանում էր փորձի հիմքը) այն էր, որ սենյակներից մեկում սկուտեղները տեղադրված էին Wi-Fi ցրող սարքերի հարևանությամբ։ Այս սարքերը ցրում էին նույն տեսակի ճառագայթներ, ինչպիսիք  ցրվում են մեր հեռախոսների կողմից՝  թույլատրելով աշակերտներին վերստեղծել  ազդեցությունը, որն առաջանում է հեռախոսը, գլխի կողքին կամ դիմացի սեղանի վրա դրած, քնելիս։

Արդյու՞նքը։ 12 օր անց շոկային էր սկուտեղների երկու խմբերի միջև ի հայտ եկած տարբերությունը։ Մինչ առաջին սենյակի ջրկոտեմի սերմերը լավ էին աճում՝ դառնալով առողջ ու փարթամ իրենց միջավայրում, նույնը ասել հնարավոր չէր երկրորդ սենյակի սերմերի մասին։ Wi-Fi-ի ցրող սարքերի հարևանությամբ տեղադրված սերմերը բնավ էլ բնական աճ չէին դրսևորում։ Որոշ սերմեր անգամ ամբողջովին մահանալու նշաններ էին ցուցաբերում:

Փորձը բավական էր՝ բացելու աշակերտների աչքերը հեռախոսների օգտագործման ու դրանց՝ գիշերը անկողնում պահել-չպահելու հարցում։

-Իսկապես սարսափելի է տեսնել այսքան մեծ ազդեցություն, և մենք իրոք շոկի մեջ ենք։ Մեզնից ոչ ոք այլևս հեռախոսը կողքին չի քնում։ Կամ դնում ենք հեռախոսը հեռու մի տեղ, կամ ուրիշ սենյակում։ Իսկ համակարգիչը միշտ անջատված է,-նշում է Նիլսենը։

Աղջիկների փորձը ոչ միայն դրական արձագանքի է արժանացել դպրոցի կողմից, այլև ուշադրություն է գրավել միջազգային ասպարեզում, քանի որ կենսաբաններն ու ճառագայթման գիտակները  մեծ կարևորություն են տվել աշակերտների հայտնագործությանը։

Փորձի հանդեպ մեծ հետաքրքրություն ցուցաբերած գիտնականներից մեկն էլ Օլ Ջոհանսոնն է՝ Ստոկհոլմի Կարոլինսկա համալսարանի դասախոսը։ Նա կսկսի իր գնահատումը աղջիկների հայտնագործության շուրջ՝ կրկրնելով վերջիններիս փորձը իր գործընկեր Պրոֆեսոր Մարի-Քլեյր Քամըրթի հետ Բրյուսելի համալսարանում։

Ջոհանսոնը իսկապես տպավորված էր աղջիկների ջանքերից։ Դասախոսը գովաբանեց նրանց՝ ասելով․

-Աղջիկները մնացին գիտելիքների իրենց շրջանակում՝ հմտորեն նախաձեռնելով և զարգացնելով մի հրաշալի փորձ։ Ճշգրտության և մանրակրկիտության առատությունը խրախուսելի  է, իսկ ջրկոտեմի ընտրությունը խելացի միտք էր, և ես կարող եմ շարունակել։

Ի՞նչ է սպասվում աղջիկներին հաջորդիվ։ Ջոհանսոնը անկասկած պատրաստվում է աշխատել այս տաղանդավոր և բանիմաց աշակերտների հետ՝ առաջ շարժվելով։

-Ես անկեղծորեն հույս ունեմ, որ նրանք իրենց ապագա մասնագիտական կյանքը կանցկացնեն հետազոտություններ անելով, որովհետև վստահաբար կարծում եմ, որ աղջիկները  օժտված են այս ոլորտին բնորոշ բնատուր ունակություններով։ Ես, անձամբ, շատ կցանկանայի տեսնել այս մարդկանց իմ թիմում,-ամփոփում է դասախոսը։

Այս և այլ տեսակի բազմաթիվ փորձերը մեծ ազդեցություն կարող են ունենալ մարդու կյանքի վրա։ Մեզնից շատերը գիտեն, որ հեռախոսը կողքին դրած քնելը վտանգավոր է, բայց ոչ բոլորն են գիտակցում դրա հետևանքներն ու սպառնացող վտանգները։ Իրազեկ լինելը հանդիսանում է այն գլխավոր խթանը, որի շնորհիվ մենք էլ ավելի զգոն և ուշադիր ենք դառնում մեզ շրջապատող իրերի ու երևույթների նկատմամբ։

Այս կարևոր փորձը, որը արժանացել է միջազգային լսարանի ուշադրությանը, կատարվել է իններորդ դասարանում սովորող աշակերտների կողմից։ Որքան էլ զարմանալի է, դպրոցականներն իրենք են բացահայտել այս հիմնախնդրի հիմնական ազդեցությունն ու պատճառը։

Կարծում եմ, որ Հայաստանում ևս կգտնվեն նույնքան բանիմաց և ընդունակ աշակերտներ, ովքեր կկարողանան կենսական նշանակության խնդիրներ հայտնաբերել և աշխատել  դրանց պարզաբանման շուրջ։ Ցավն այն է, որ մեր աշակերտների մոտ կարծես մտավախություն կա միջազգային լսարան դուրս գալու հարցի հետ կապված։ Իրականում այս փորձը հնարավոր է իրականացնել ցանկացած վայրում, իսկ միջազգային լսարանը, կարծում եմ, պատրաստ կլինի ընդունել այս օգտակար տեղեկությունը որպես անվտանգության և ապահովության որևէ տեսակի զգուշացում։ Պարզապես պետք է հնարավորինս լսելի դարձնել խնդիրն ու դրա շուրջ կատարվող ուսումնասիրությունները։ Պետք է նախ փորձել հետաքրքրել լսարանին՝ ընտրելով ընդհանուր և համատարած որևէ խնդիր, որի լուծումը կենսական նշանակություն կունենա։ Նման խնդիրները մեր օրերում, ավաղ, շատ են, իսկ դրանք փնտրողները արդեն նոր սերնդի վառ ներկայացուցիչներն են։ Յուրաքանչյուր մանր թվացող խնդիր անգամ կարող է վճռական ազդեցություն թողնել կենդանի օրգանիզմների վրա։ Այնպես որ, ժամանակն է հետևելու համարձակ աղջիկների օրինակին և բարձրաձայնելու մեր օրերի՝ գուցե թաքնված, բայց կարևոր և նշանակալի խնդիրները։

Ուղղությունը՝ Կապան, Պերեմենի

Լուսանկարը՝ Անահիտ Բադալյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բադալյանի

Բարև: Էլի ես եմ՝ Անահիտը, Կապանից: Արդեն պատմել եմ քեզ մեր բարբառի մասին: Իրականում բարբառը միայն մեկն է այն առանձնահատկություններից, որոնցով օժտված է իմ քաղաքը: Ես ինքս էլ չգիտեմ՝ ինչու եմ այսքան սիրում Կապանը: Չնայած՝ տրամաբանական է, այստեղ ես 16 տարվա պատմություն ունեմ: Շատ ու շատ հետաքրքիր վայրեր կան, որոնց մասին կուզեի պատմել: Այսօր ուզում եմ պատմել «Պերեմենի» կոչվող մի թաղամասի մասին: Փոքր ժամանակվանից չեմ հասկացել՝ ինչով է պայմանավորված այս թաղամասի նման տարօրինակ անվանումը: Ճիշտը որ ասեմ՝ հիմա էլ չեմ հասկանում, բայց այն, որ այն իրոք տարբերվող է, փաստ է: Հիմա բացատրեմ՝ ինչով է տարբերվում: Այս թաղամասում շենքերն արտասովոր դասավորվածություն ունեն: Հիմնականում ամեն շենք երկու մուտք է ունենում: Եթե դու շենք ես մտել առաջին մուտքով ու բարձրացել ես, օրինակ, երրորդ հարկ, երկրորդ մուտքով մտնելիս այդ նույն հարկը ոչ թե երրորդն է, այլ, օրինակ, յոթերորդը: Անհնար բան է, գիտեմ: Մի անգամ, երբ հրավիրված էի այդ թաղամասում ապրող ընկերուհուս տարեդարձին, խոհանոցի պատուհանից ներքև նայեցի։ Ուղղակի հետաքրքրիր էր, բակն էի ուսումնասիրում: Ընկերուհուս տունը երրորդ հարկում էր: Հետո, երբ ինքը մեզ իր սենյակն էր ցույց տալիս, սենյակի պատշգամբ մտանք, ու ի՞նչ տեսնեմ․․․ Պատշգամբն այնքան բարձր էր, աննկարագրելի, վախեցա: Հարցրի՝ Իննա, էս ո՞նց, ասաց․

-Դե, բա Պերեմենին էլ սենց ա, էլի։

Համ զարմանալի էր, համ հետաքրքիր: Ներքևից նայելիս այս շենքերի դասավորվածությունն այնքան տարբերվող է: Ասես աստիճանների հաջորդականություն լինի: Մի անգամ լսել եմ, որ նման դասավորվածությամբ շենքեր հանդիպում են մեկ էլ Շվեյցարիայում: Չգիտեմ, հպարտանալու առիթ է տալիս:

Պերեմենին առանձնանում է նրանով, որ այստեղ է գտնվում նաև Դավիթ Բեկի արձանը: Հենց այս առիթով է, որ թաղամասի շենքերի մի մասը Դավիթ Բեկի անունով է կոչված: Դավիթ Բեկի արձանը շատ ու շատ կապանցիների համար ժամադրման վայր է: Եթե անգամ այլ քաղաքից հյուրեր են լինում, զանգում, տան տեղն են հարցնում, ասում եմ՝ թող բերեն Դավիթ Բեկի արձանի մոտ, իջնեմ, դիմավորեմ:

Հուսամ՝ մի օր դու էլ կայցելես Կապան:

Հ․Գ․ Հա, եթե մոլորվես, արի Դավիթ Բեկի արձանի մոտ, գամ, դիմավորեմ․․․

Sona Qyarunts Goris

Չափազանց կարևոր է, որ մենք դա անենք։

Հարցազրույց Հակոբ Կոջոյանի գեղարվեստի դպրոցի սան Էդիտա Ավոյանի հետ։ 

-Էդիտա, նախ մի փոքր պատմիր այս դպրոցում ունեցած քո հաջողությունների մասին։

-Դպրոցում երեք անգամ մասնակցել եմ մրցույթի և հաղթել։ Այնուհետև նկարներս ուղարկել են Իտալիա, Ֆրանսիա, Իսպանիա։ Պատվով ներկայացրել եմ դպրոցս քաղաքապետարանում։

-Քեզ ճանաչելով՝ կարող եմ ասել, որ միշտ սիրել ես նկարչությունը, բայց դրա հետ մեկտեղ առավել կարևորում ես թատրոնը, խաղում ես ներկայացումներում։ Ինչո՞ւ որոշեցիր ընտրել այս ուղղությունը։

-Անկեղծ ասած, երբ դեռ ութ տարեկան էի, ուզում էի դառնալ ծաղրածու, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ մի պահ եմ այդպես ցանկացել միայն։ Ու քանի որ թատրոնում կարող էի լինել և՛ ծաղրածու, և՛ բժիշկ, և՛ ուսուցչուհի, որոշեցի ընտրել թատրոնը։

-Վեց տարի է, ինչ գտնվում ես թատրոնում և հասցրել ես խաղալ բազում ներկայացումներում։ Կա՞ այնպիսի կերպար, որը մինչ այսօր չի մոռացվել։

-Միանշանակ կա։ Իմ կարծիքով՝ բոլոր նրանք, ովքեր խաղում են թատրոնում, ունեն առանձնացված կերպար։ Ես նույնպես ունեմ իմ կերպարը՝ «Մոխրոտը» ներկայացման մեջ դայակի կերպարն է։ Այն շատ բարդ էր կերտել, և երկար ժամանակ պահանջվեց այդ դերը ստանալու համար։

-Արդեն որոշե՞լ ես, թե որ ասպարեզում ես մասնագիտանալու՝ թատրո՞ն, թե՞ նկարչություն։ 

-Այո, որոշել եմ։ Այս տարի կավարտեմ դպրոցս և կընդունվեմ Երևանի թատրոնի, կինոյի պետական ինստիտուտ։ Նախընտրում եմ թատրոնը և կենդանի բեմը։ Ինչ էլ մենք անենք կյանքում, աննշան կլինի, բայց չափազանց կարևոր է, որ մենք դա անենք։

-Թատրոնը այն վայրն է, որտեղ

-Չի կարելի ստել։

sona zakaryan

Հարգել առանց հիշեցման

Հայաստանում ապրելով ու մեծանալով աչքիս առջև միշտ հայ կնոջ կերպարն է եղել՝ խոնարհ, հեզ, օր ու գիշեր մեղվի պես աշխատող, բոլորի հոգսը իր վրա վերցնող կնոջ կերպարը։

Մենք՝ հայերս այսպես ենք չէ՞մտածում. «Կինը պետք է ունենա իրեն սազող աշխատանք, պետք է լինի ուսուցիչ, բժշկուհի, դայակ և այլն։ Կինը պետք է տան բոլոր հոգսերը իր վրա վերցնի։ Կինը պետք է ենթարկվի իր ամուսնուն ու նրա ծնողներին և շարժվի նրանց կամքով ու կարծիքով, և մի շարք այլ «Կինը պետք է» արտահայտությամբ սկսվող նախադասություններ։

Ասում են, որ տղամարդը տան սյունն է, համաձայն եմ, բայց գիտե՞ք ով է ամենագլխավոր պատճառը այդ սյան չքանդվելու, դե իհարկե, կինը։ Մենք միշտ սովոր ենք մտածել, որ կինը պարտավոր է այս կամ այն բաները անելու կամ չանելու, որովհետև կին է։Կանանց կարելի է չհասկանալ, որովհետև նրանք կին են, բայց տղամարդկանց միշտ պետք է հասկանալ, ուղղակի պետք է ու վերջ։

Շատ ընթերցողներ գուցե համաձայն չեն ինձ հետ ու մտքում ասում են. «Կանայք միշտ էլ մեծարվում են»։ Այո, մեծարվում են, բայց ի՞նչ է նշանակում «մեծարել» բառը տարբեր մարդկանց համար, սա մեկ այլ հարց է։

Ինձ համար մեծարանքը չի նշանակում սեղանի շուրջ կնոջ կենացը խմելը, նրան գովաբանելը կամ նվերներ ընծայելը, դա ես երբեք չեմ համարի մեծարանք։ Կամ ինչո՞ւ պետք է միայն առիթ լինի, որ կնոջը ձեր մտածած ձևով մեծարեք։ Քեֆերի, ուրախ ու տխուր առիթների, հա, ու մեկ էլ կանանց միամսյակի ժամանակ։ Կնոջ սիրելու, հարգելու ու նրան գնահատելու համար երբեք առիթ պետք չէ։

Քանի որ հիմա գտնվում եմ ԱՄՆ-ում, ամեն ինչի հետ կապված փորձում եմ համեմատություններ անել, և այս հարցն էլ բացառություն չէ։  Կանայք ու տղամարդիկ այստեղ ունեն հավասար իրավունքներ, ու եթե դու կին ես, չի նշանանկում, որ չես կարող այս կամ այն բանը չանել։ Հասարակ օրինակ։ Կնոջ մեքենա վարելը Հայաստանում շատերի համար տարօրինակ է, քանի որ շատերը մտածում են, որ դա տղամարդը պետք է անի, իսկ երբևէ ձեզ հարց տվել եք, թե ինչո՞ւ, ինչո՞ւ է մեքենա, ավտոբուս, երթուղային վարելը տղամարդկանց հատուկ։ Եվ հակառակը։ Խոհանոցում միշտ պետք է կինը լինի, ինչ խայտառակություն կլինի, եթե տղամարդը խոհանոցում ափսեներ լվանա։ ԱՄՆ-ում այդպիսի բաները երբեք հաշվի չեն առնվում, ոչ մի սարսափելի բան չկա կանանց մեքենա վարելու կամ տղամարդկանց  ափսեները լվանալու մեջ։

Երբ վազքով սկսեցի զբաղվել, մտածում էի, որ եթե տղամարդիկ վազում են 5 կմ, ուրեմն կանայք պետք է 4 կամ առնվազն 3 կմ վազեն, բայց արի ու տես, որ ոչ։

Այս հավասարությունը կարծում եմ շատ կարևոր է, քանի որ այն օգնում է ստեղծել ամուր ու հուսալի հարաբերություններ։

Ես չեմ խոսում չափն անցնելու կամ չափից դուրս ազատ լինելու մասին, ամեն ինչ իր սահմանն ունի, իսկ սահմանն անցնելը դա մեկ այլ հարց է։

Մի քանի օր առաջ պարզեցի, որ շատ ամերիկացիներ նույնիսկ չգիտեն մարտի 8-ի մասին։ Իսկ մարտի 8 այստեղ առհասարակ չեն նշում։ Հետաքրքիր է, չէ՞։ Եթե նրանք մարտի 8 չեն նշում, դա չի նշանակում, որ կանանց չեն մեծարում։ Միգուցե այլևս չեն նշում, որովհետև կանանց իրավունքների համար պայքարելու այլևս կարիք չկա՞: Կարծում եմ, որ մարտի 8-ը և առհասարակ կանանց միամսյակը շատ դեպքերում ձևական բնույթ են կրում։

ԱՄՆ-ում կանանց դերը շատ կարևոր է, ու նրանք մեծ դեր ունեն իրենց երկրի զարգացման ու բարգավաճման գործում։ Հուսով եմ, որ մի օր Հայաստանում էլ կինը կգնահատվի այնպես, ինչպես պետք է, և այդ ժամանակ վստահ կարող եմ ասել, որ շատ բաներ կփոխվեն, և անկասկած, դեպի լավը։

nina arsutamyan portret

Ֆուտբոլից դեպի պար

10 տարեկան էի, երբ իմացա, որ այսուհետև գյուղում երեխաները կարող են հաճախել ֆուտբոլի պարապմունքների: Մեզ մարզում էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզիչները: Առաջին պարապմունքը մի քիչ բարդ էր, սակայն մեր մարզիչների շնորհիվ ամեն ինչ անցավ հիանալի: Ամեն պարապմունքի ժամանակ զգում էի տարբերությունը: Զգում էի, թե ինչպես է սերը մեծանում դեպի ֆուտբոլը: Մի ժամանակ, երբ տանը հայրիկս ֆուտբոլ էր դիտում, ես դուրս էի գալիս տնից: Իսկ հիմա արդեն ես հայրիկիս հետ նստում և դիտում էի ֆուտբոլը: Մեր ֆուտբոլային պարապմունքերը տևում են գարնան մի ամիսը, ամռանը և աշնան մի ամիսը, քանի որ հետո եղանակը սկսում էր վատանալ:

Ամեն ֆուտբոլի պարապմունքից հետո ես պարտադիր պետք է մի վնասվածքով վերադառնայի տուն: Մի օր ոտքս էի ոլորում, մի օր թաց խոտածածկույթի պատճառով ընկնում էի և վնասում ծնկներս, մի օր ոտքիս էին խփում և այդպես շարունակ:

Էլ ինչ ֆուտբոլային թիմ, եթե պետք է ունենա լավ խաղացողներ և չմրցի այլ թիմերի հետ: Խմբի մեջ կար շա՜տ լավ խաղացող մի աղջիկ՝ Կիման, որը հետագայում 3 տարի մարզվեց Երևանում և շարունակում է իր ֆուտբոլային կարիերան:

Մեր ֆուտբոլային պարապմունքները տևել են ընդամենը 5 տարի: Այնուհետև ֆուտբոլից անցանք պարի, որտեղ լավագույններն ավելի շատ են, քան ֆուտբոլում:

Արդեն 2 տարի է, ինչ պարում ենք, սակայն երբեմն-երբեմն կարոտում եմ մեր ֆուտբոլի պարապմունքները, կարոտում եմ մեր մարզիչներին:

Մի քանի ամսից կլքեմ իմ պարը, պարի փորձերը, քանի որ արդեն ժամանակն է գյուղից հեռանալու և քաղաք գնալու:

Տատս գեղեցկացնում է մեզ…

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Տատիս՝ Ռոզան, գանգուր վարսերով, սևակ ու անչափ գեղեցիկ է: Նա այնքան աշխատասեր է, որ ձանձրանում է միայն պարապ-սարապ մնալուց: Միշտ զարմանում է, թե ինչպես կարելի է գործ չանել ու հոգնել: Ասում են, որ տատիկները շատ կարևոր դեր ունեն թոռների կյանքում, նաև յուրահատուկ կապ կա: Տատս հենց այդպիսին է: Նա յուրահատուկ տանտիկին է, մայր ու լավագույն տատը: Նրա խոսքն ու լինելն ուղղակի անհրաժեշտ է բոլորիս: Տատս ուրիշ է:
1960-ական թվականներից Հին Հալիձորից մարդիկ բարձրանում էին ներկայիս գյուղ: Այստեղ արդեն դպրոց էր կառուցվում, մարդիկ տուն ու տեղ էին դնում: Տատս ու պապս առաջիններից էին, ովքեր նոր Հալիձորում սեփական ձեռքերով տուն կառուցեցին: 1972 թվականին տեղափոխվեցին նորակառույց տուն, բայց շարունակեցին մշակել նաև հին գյուղի այգիները: Ամռան եռուզեռին, ոտքով հասնում էին հեռավոր այգիներ, թութ թափում, որ օղի քաշեն: Մայրս միշտ հիշում է, թե ինչպես էր տատս ամեն գործ ժամանակին հասցնում և չորս երեխաներին մաքուր ու դասապատրաստված դպրոց ուղարկում: Խելացի տատիս հետ երբեք չես ձանձրանա: Մի անգամ միասին դաշտ գնացինք թեյի ծաղիկներ հավաքելու: Ես, ինչպես միշտ, գնացել էի լուսանկարվելու համար, բայց տատիս հետ երիցուկներ հավաքեցի ու ինձնից գոհ հետ վերադարձա: Իսկ տատս… Տատս այնքան ծաղիկներ էր հավաքել, որ Ռուսաստանի բոլոր բարեկամներին էլ բաժին հասավ: Հետո նաև թութ թափ տալու աշխատանքներին մասնակից դարձա: Ու այդպես էլ սկսեցի հասկանալ գյուղում ապրող մարդու աշխատանքի գինը, կնոջ կյանքի բոլոր դժվար ու նաև հաճելի կողմերը: Հեշտ չէ ապրել ու շենացնել գյուղում ապրող մեծ ընտանիքի տունը, որտեղ հյուրերն անպակաս էին:
Տատիկս շատերի համար է իդեալական կնոջ օրինակ: Եվ իր նվիրվածության պտուղները կարելի է տեսնել ճիշտ դաստիարակված երեխաների ու թոռների մեջ: Նա յուրաքանչյուրիս հաջողությամբ այնպես է ուրախանում և ոգևորում, որ պարտավոր ենք առաջ նայել ու ավելիին հասնել: Իսկ թե ինչպիսի խոհարար է Ռոզա տատիկը, պատմելու բան չէ: Նրա պատրաստած չամիչով փլավը, խաշիլն ու տոլման ուրիշ համ ու հոտ ունեն: Երբ իրար գլուխ ենք հավաքվում, տատս մառանից միրգ ու կոմպոտ է բերում, փոխինձով կոլոլակ պատրաստում: Վայ, չուտողին:
Դժվար է գրել իդեալական կնոջ մասին, երբ նա այնքան համեստ է: Չես կարող բառերով նկարագրել նրա կյանքով լիքը աչքերի ու ամենաբարի ժպիտի մասին: Նա անվերջ լավագույնն է անում բոլորիս համար՝ իր խորհուրդներով, օրինակելի պահվածքով ու պարզապես մեր կողքին լինելով: Նրան պետք է սիրել ու հարգել, մեզնով հպարտանալու առիթներ շատ տալ, միշտ շնորհակալ լինել:

Շնորհավո՜ր իմ ամենատատիկի միամսյակը և ամեն օրը: Շնորհավո՜ր բոլոր կանանց և աղջիկների տոնը: