anahit badalyan (kapan)

Փոքրիկ թամադան

Երբ Երևան եմ գնում, հորեղբորս տանն եմ ապրում: Արժանանում եմ գեղեցիկ ու հաճելի ընդունելության, և գրեթե միշտ ճաշակում եմ հորեղբորս կնոջ պատրաստած համեղ խմորեղենը: Սիրում ենք ժամերով զրուցել՝ սովորաբար իմ ապագայի ու կրթության մասին: Անին՝ հորեղբորս կինը, ինձ պես սիրել է անգլերենն, ու մենք նախասիրություններով շատ նման ենք: Ես միշտ հետաքրքրությամբ եմ լսում այն դրվագները, որոնք նա պատմում է իր դպրոցական ու համալսարանական կյանքից:

Հորեղբորս գեղեցիկ ընտանիքն ամբողջացնում են նրա երկու որդիները՝ Հենրին ու Ալենը: Նրանք փոքր են՝ 8 և 4 տարեկան: Ուզում եմ պատմել փոքրի՝ Ալենի մասին: Նա իր տեսակով այնքան տարբերվող է: Այդքան փոքր լինելով՝ նա կարողանում է տղամարդու նման զսպել արցունքները, պահպանել հավասարակշռությունն ու ափերից դուրս չգալ: Իր տարեկիցներին ոչ բնորոշ խաղաղասիրությամբ ու հանդարտությամբ է օժտված: Եվ որ ամենակարևորն է՝ մեծ ու բարի սիրտ ունի: Բայց Ալենի անհատականության մեջ ամենատպավորիչն ու ապշեցնողը նրա խոսքն է: Հիմա կզարմանաք. այդ տարիքի շատ երեխաներ դեռ ամբողջապես ձևավորված խոսք չեն ունենում, իսկ նա օգտագործում է այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «հատկապես», «առհասարակ», «ինքնըստինքյան»: Անգամ բազում մեծահասակներ են խուսափում իրենց խոսքում նման բառեր գործածելուց, իսկ նա կիրթ ու գեղեցիկ ձևով է դրանք արտահայտում: Բայց դա էլ դեռ ամենը չէ. նա անփոխարինելի հանդիսավար է: Երբ բոլորով սեղան ենք նստում, սեղանին պիտի պարտադիր խմելու ինչ-որ բան լինի, Ալենի բաժակը պիտի անպայման լիքը լինի: Նա լուռ վերցնում է իրենից մեծ այդ բաժակը, պատառաքաղով զարկում ու ասում.

-Պա՜պ, կենաց եմ ուզում…

-Ասա, բալես,- պատասխանում է հորեղբայրս:

Ու անկախ նրանից, թե ինչ առիթով ենք հավաքվել, ինչ թեմաներից ենք խոսում ու ինչ ենք քննարկում, նրա կենացը մեկն է ու անփոփոխ.

-Մամային, պապային չջղայնացնե՛ք:

Ամեն անգամ, երբ նա այսպես է ասում, ամբողջ մարմինս փշաքաղվում է: Բոլորը համակ ուշադրությամբ լսում են նրան. նա մեր սեղանի փոքրիկ թամադան է:

iza Astsatryan

Ալլան

Լուսանկարը՝ Դավիթ Մարգարյանի

Լուսանկարը՝ Դավիթ Մարգարյանի

Ես ու Ալլան ծանոթացել ենք կիրակնօրյա դասընթացների շրջանակներում` էքսկուրսիաների գնալու ժամանակ: Ալլան Տաթևից է, այժմ գտնվում է ԱՄՆ-ում, «FLEX» ծրագրի հաղթողներից է: Որոշեցի զրուցել նրա հետ՝ իր նախասիրությունների ու հատկապես՝ «FLEX»-ի մասին:

-Խոսելով հետաքրքրություններիս մասին՝ նշեմ, որ սիրում եմ ուսումնասիրել տարբեր լեզուներ, ամենասիրելի լեզուներից մեկը ֆրանսերենն է, որը շատ կցանկանայի սովորել: Հետաքրքրված եմ նաև լուսանկարչությամբ, հատկապես՝ սիրում եմ լուսանկարել բնությունը: Սիրում եմ կարդալ գրքեր, դիտել բազմաժանր ֆիլմեր:

«FLEX» ծրագրի մասին իմացել եմ մի քանի տարի առաջ՝ նախքան մասնակցելս, ու երբևէ չեմ մտածել դիմելու մասին: Մասնակցեցի միայն մեկ անգամ, բայց չգիտեմ՝ ինչու, զգում էի, որ պետք է անցնեմ: Երբ զանգ ստացա Ամերիկյան խորհուրդների գրասենյակից, քարացա: Հիմա արդեն ԱՄՆ-ում եմ և նույնիսկ հիմա դժվարանում եմ հավատալ, որ այս ամենն իրական է: Ես ապրում եմ Տաթևում և շատ ուրախ եմ դրա համար: Սիրում եմ իմ ծննդավայրը, շատ եմ կարոտում իմ հայրենիքն ու ընկերներիս, կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ապրի իր հայրենիքում: Ինչպես ասում է Պարույր Սևակը՝ օտարության մեջ ազատ լինելն ուրիշ ծերություն է, հայրենիքում ծեր լինելը՝ ուրիշ ազատություն: Ես շատ եմ հավանում ինձ հյուրընկալող ընտանիքը, բնությունը, ամեն ինչ՝ բացի fast food-ից: Առաջին տպավորություններս շատ լավն էին:

-Իսկ ի՞նչ տարբերություններ կան Հայաստանի և Ամերիկայի դպրոցների միջև:

-Դասերի սկսվելուց հետո ամեն ինչ ավելի հետաքրքիր դարձավ: Ուսուցման ձևը շատ տարբեր է, անցնում ենք յոթ առարկա՝ ամեն օր նույն առարկաները: Կարծում եմ՝ դա շատ լավ է, որովհետև ավելի խորն ես ուսումնասիրում առարկաները:

-Իսկ ի՞նչն ես ամենաշատը կարոտում:

-Շատ եմ կարոտում մեր սարերը, իմ գյուղը, ընկերներիս, ամեն ինչը:

Ալլան նաև շատ լավ ձայն ունի, Տաթևի վանքի երգչախմբում է երգում: Վստահ եմ, որ երգի ասպարեզում ևս նորանոր հաջողություններ են նրան սպասում:

Ջերմությամբ լիքը մի փոքրիկ անկյուն

Լուսանկարը՝ Անահիտ Բադալյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բադալյանի

Հիմնական դպրոցն ավարտելիս՝ վերջին զանգիս ժամանակ, մի պահ հիշեցի անցածս ամբողջ ճանապարհը՝ առաջին զանգս, երկու պոչիկներս, մեծ ծաղկեփունջը, դպրոցական նստարանները, գրատախտակը, երկար դասամիջոցներն ու դասից ուշանալը, ուսուցիչներիս ու դպրոցը, ու կարծես զգացի, որ այս ամենն արդեն անցյալ է: Այդ զգացումն ուղեկցեց ինձ մինչև սեպտեմբերի մեկը: Սեպտեմբերի մեկին ես կրկին դպրոց էի գնում, բայց ամեն ինչ լրիվ ուրիշ էր: Այդ «ուրիշությունը» ես զգացի միայն այն ժամանակ, երբ հարազատ դպրոց տանող ճանապարհից թեքվեցինք ու անցանք փողոցը: Ինը տարի առավոտյան նույն ուղով եմ գնացել, հա, կիսաքուն, հոգնած, տխուր, ուրախ, շտապելով ու վազելով, բայց միշտ այդ նույն ճանապարհով եմ գնացել: Իսկ այս անգամ փոխվեց ճանապարհս, ու այդ ճանապարհի հետ փոխվեց ամեն բան:

Լուսանկարը՝ Անահիտ Բադալյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բադալյանի

Իմ նոր դպրոցը միջնակարգ է: Գտնվում է Կապանից ոչ հեռու: Ես առաջին անգամ էի այստեղ: Սկզբում, բնականաբար, անսովոր էր, ճանապարհի առաջին մասը մեքենայով անցնելուց հետո պիտի հաղթահարեինք մինչև դպրոց ձգվող «ոտքի ճանապարհը»: Ես հարմարվող եմ, ճամփան էլ ինձ համար դժվարանցանելի չէր: Վերջապես հասանք.

-Մամ, բա ո՞ւր ա դպրոցը:

-Ստեղ ա, հասանք…

Դպրոցի մուտքը նման էր մի սեփական տան դարպասի: Ես բացեցի դուռն, ու մենք մտանք ներս, քիչ քայլելուց հետո արդեն հասանք դռանը, որը բացելուց հետո ես պաշտոնապես կդառնայի Կապանի թիվ 4 դպրոցի աշակերտուհի:

Դպրոցս փոքր է, նման է մի սեփական տան, որն ունի շատ սենյակներ: Բայց դա էլ իր առավելությունն ունի, բոլորս իրար ճանաչում ենք, ու շփումը շատ հեշտ է: Ուսուցիչներն ու աշակերտները շատ լավն են, ջերմ, մարդասեր ու ինձ էլ շատ լավ ընդունեցին: Դպրոց մտնելուն պես տնօրենը ջերմագին ողջունեց ու բարի գալուստ մաղթեց: Դասարանում 4 աշակերտ ենք:

Լուսանկարը՝ Անահիտ Բադալյանի

Լուսանկարը՝ Անահիտ Բադալյանի

Ընկեր Ավետիսյանն է՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիս, համոզելուց հետո վերջապես կարողացա դասամիջոցին մի քանի լուսանկար անել նյութիս համար: Երեխեքն էլ, որ իմացան՝ նյութ եմ ուզում գրել, բացեցին տետրերն ու գրքերը և մտան դերի մեջ: Լավ են դուրս եկել, չէ՞:

Մյուս դասարանների երեխեքի հետ էլ ենք շատ մտերիմ: Ամեն դասամիջոցի գալիս, հավաքվում են մեր դասարանում, ու սկսում ենք բարձր-բարձր ծիծաղել ամենատարբեր բաների վրա:

Միջավայրը, թեև նոր էր, բայց ես կարողացա հեշտությամբ հարմարվել ու հիմա սիրով եմ դպրոց գնում: Այս փոքրիկ դպրոցը լիքն է ջերմությամբ ու անկեղծությամբ:

anahit badalyan (kapan)

Մի տեսակ նորովի

Ասում եմ՝ էս սեպտեմբերն ասես կյանքի մի նոր փուլի կամ մի նոր կյանքի սկիզբ լինի: Ամենապարզ բանից սկսեմ. օգոստոսի 31-ին մտնում ես լոգարան ու էնպես երկար ես լողանում, որ 20 րոպեի փոխարեն 30 կամ 40 րոպե մնում ես լոգարանում ու դուրս ես գալիս նոր հավեսով ու չգիտես՝ ինչու, շատ բարձր տրամադրությամբ: Հա ու չասեք, որ էդպես չի, ես էլ եմ աշակերտ, ինձ համար էլ է օգոստոսի 31-ին «հաջորդողը» սպասված ու կարևոր: Լողանալուց հետո թաց մազերդ 30-40 րոպե հարդարում ես (իրականում դու հարդարել չգիտես, ու քո հարդարած մազերը քեզ միայն 5 րոպե են գոհացնում): Պատրաստում ես սեպտեմբերի մեկի հագուստդ: Լվանում ես, արդուկում, խնամքով փռում բազմոցի կամ բազկաթոռի ծայրին: Եթե սեպտեմբերմեկյան գնումների ժամանակ նոր գիշերազգեստ ես առել, անպայման հագնում ես, փոխում ես սպիտակեղենդ, փռում ես ամենասիրունը, ամենայն ուշադրությամբ դասավորում ես պայուսակդ (ախր, վաղը դաս չես անելու, ինչի՞ ես էդքան տանջվում), դնում ես խնամքով գծված տետրերն ու կապույտ ու կարմիր գրիչները, ընդ որում՝ 2 կապույտ ու 1 կարմիր,  չգիտեմ՝ չգրված օրենք է: Հետո նայում ես ժամին ու տեսնում ես՝ 21:00: Ամբողջ ամառ քնել ես 00:00-ից ոչ շուտ, եղանակը, ինտերնետը, բակի երեխաները ավելի շուտ քնելու տարբերակ չէին թողնում, իսկ հիմա ժամը 21:00-ին սլանում ես ու մտնում անկողինդ: 5 րոպե մտածում ես մեջքի վրա պառկած, 5 րոպե՝ փորի, 10 րոպե աջ ուսիդ վրա ես շրջվում, 15 րոպե՝ ձախիդ, բայց, դե նկատում ես, որ քունդ չի տանում, էլի, հո զոռով չի՞: Ու այդ գիշեր մտածում ես ամեն-ամեն ինչի մասին: Այն մասին, թե ինչ ես արել երեք ամսվա ընթացքում, ինչով ես զբաղվել, քանի գիրք ես կարդացել, քանի ֆիլմ ես դիտել, քանի նոր ընկեր ես ձեռք բերել, քանի միջոցառման ես մասնակցել, քանի մրցույթում ես հաղթել, քանի… Ու մեկ էլ.

-Անահիտ, Մարի, վեր կացեք, տեսե՞լ եք՝ ժամը քանիսն ա…

Մաման է, արթնացնում է, որ դպրոց գնանք, արդեն առավոտ է: Մանկուց մի սովորություն ունեմ. ինչքան էլ ուշ քնեմ սեպտեմբերի մեկի գիշերը, մեկ է՝ շատ շուտ եմ արթնանում, բոլորից շուտ: Բայց ժամանակի հետ այդ սովորությունը վերացավ: Այս տարի արդեն տասներորդ «առաջին անգամն էր», որ բացեցի աչքերս ու հագնվեցի՝ դպրոց գնալու: Բայց էս անգամ սև-սպիտակ չէի հագնվել: Կանաչ զգեստ էի հագել, առաջին անգամ օպտիկական ակնոց էի կրում (դրա մասին մի ամբողջ հոդված ունեմ ձեզ նվիրելու), մազերս կտրել էի ու մի տեսակ փոխվել: Տասներորդ տարին է, բայց առաջին դասարանցու պես պատրաստվել էի: Չէի ասի, թե նույն սրտատրոփ ոգով, չէ, երևի մեծանալու հետ սեպտեմբերի մեկը այլևս դադարում է կախարդական թվալուց, բայց պատրաստվել էի մեծ նվիրումով, այս տարին ինձ համար նոր նվաճումների սկիզբ պիտի լիներ ու պիտի լինի:

Ես երևի միշտ կսիրեմ սեպտեմբերի մեկը, անգամ երբ ծերանամ: Այդ ամսաթվի հետ կապված ես տասը գեղեցիկ հուշ ունեմ ու տասը նոր մեկնարկ: Սպասում եմ տասնմեկերորդին, որը, եթե անկեղծ, ուզում եմ լինի ամենաարտասովորը, ամենագեղեցիկն ու ամենասպասվածը:

Պայծառ տատին

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Գիտե՞ք, Հալիձորում մի հետաքրիր ընտանիք կա` Մկրտչյանների ընտանիքը, որն աչքի է ընկնում 91-ամյա Պայծառ տատիկի կյանքի հետաքրքիր պատմություններով, ինչու ոչ՝ նաև նրա պայծառությամբ: Ես էլ որոշեցի առիթը բաց չթողնել, գնալ և Պայծառ տատիկի պատմությանը ծանոթանալ: Պայմանավորվեցի դասընկերուհուս` Անուշի հետ, որը Պայծառ տատի ծոռնիկն է: Մտա տուն, բարևեցի, նստեցի Պայծառ տատի կողքին: Չէի հասցրել հարց տալ, երբ Պայծառ տատիկը սկսեց պատմել.

-Գերազնացիկ եմ իլալ, ոշ մինդ ներկա չեք իլալ, դասարանում հինգ հոգի էինք, վեր գերազանցիկ էինք, բայց վեր հայրս մահացավ, ուսումս կեսատ թուղացի, հինգ տարի սուվերալ էի, վեցերորդից տուս եկա դպրոցից, սկսեցի մայրիկիս հետ աշխատել, վեր տոնը պահենք: Էն վախտ ալ տարինին լավ չեն իլալ, կոլխոզ ա իլալ, կյանքը շատ բարդ ա իլալ, շատ տիժվար եմ ապրալ անցած տարիներն: Իմ կյանքում էդ դժվարությունը հանդիպալ ա ինձ, է՜, ալ հի՞նչ ասեմ, կթվոր եմ ըշխադալ, շտեղ ըշխադալ եմ, պարգևատրալ են, մեդալ են տուվալ,- տատիկը խնդրեց Անուշին մեդալը բերել, որպեսզի ինձ ցույց տա, և շարունակեց:- Աշխատանքի վետերան, դե էդ էն ժամանակ, մհեկ կոլխոզ չկա, սովխոզ չկա: Ջահիլ խոխա եմ իլալ, քիշերը սերմ եմ զտալ, ըռավոտը քինացալ հանդը հնձի, մերս հաց էր ղարկում, վեր սոված չմնամ: Կյանքս վատ էր, որովհետև հերս շուտ էր բացակայել մեզանից, մենք էլ իրեք աղջիկ էինք ու մայրս… Եթիմ խոխա եմ իլալ, ժամանակին չեմ ամուսնացալ, մնացալ եմ ըշխադալ, մորս քումագ ըրալ, փոքր ժամանակ շատ վատ եմ ապրալ: Մինակ ես չէ, բոլոր ժողովուրդը, ուղղակի, վեր իմ հայրը շուտ էր մահացալ, ինձ հետի ավելի տժվար էր, մեր տոնը ես եմ պահալ, ղոչաղ աղջիկ եմ իլալ, բայց հո՞ւմ էր պետք: Ափսուզ իմ հեր, վեր ժամանակից շուտ բացակայվեց մեզանից:
Ադրբեջանը խառնված ա իլալ Հայաստանին, իմ ժամանակներին, գիդում չեմ՝ քանի թվին ա իլալ, էդ երբայերնիդ, մի թորք ա իլալ, գյուղան օխտը ջահիլ ա տարալ: Օխտը, որից մեկը իմ հերն ա իլալ, ասալ ա` նախշուտնին տուվաք, գեղեցիկնին, խելունքնին տուվաք: Էդ ժամանակ հայը, թորքը խառնված են իլալ, մեր գրողնին ալ, մեր գիտնականին, համախմբվում են, կազմում մի մեծ բանակ, տապալում Ադրբեջանին, Հայաստանը ազատում թորքերի ծերքան: Եկալ են տները, թալան են ըրալ տանք, ալ հի՞նչ ասեմ, տրա հետի ես դժվարությունների մեջ եմ ինգալ, թաղվեն տանք:
Ներքի շենումը մի ղարադն տան ենք իլալ մնում, մինակ մեք վեչ, սաղ ժղովուրդը, հետո ես քամ ֆիրմայում ըշխադեմ, մի լավ փող թուփ անեմ, ըսենց մի գեղեցիկ սենյակ սարքիլ տամ, «ակուրատնի», նախշուտ: Մաշին առնեմ տինեմ քուվորս ըռջին, մինն ալ պիրալ եմ ըստեղ, կարի մաշին, առալ եմ մինը տուվալ քուվորս: Վաղո ա իլալ գործակատարին անունը, մաշինը կամ ա իլալ խանութը, նանք ծախում են իլալ, էդ օրին, վեր պիտի ես մաշինը յորնի, հանդումն եմ իլալ, իմ քուր լաց ա ինում, քունում են, վեր մաշինը յորնեն, էդ ապրածը տամ չի, ասում ա` ինքը հերթագրված ա, ես հունց տամ, հերթագրվալ ա, վեր մեքենա կա, առաջինը պիտի տանք ուրան: Տամ չեն, մաշինը պահում են, քուվորս լացը մհեկ ալ չի մտաս թռնում,- մի փոքր հուզվեց, ապա շարունակեց:- Պայծառը կալում ա, բա հինչ անենք, մաշինը տամ չեն, օզում են տան ուրիշի: Կամ ընդե, ըտանց մի լավ հոփ տամ, դե ղեկավարի միջոցավ, ես հիշ կարամ անեմ: Դե, ղեկավարներն ալ մեզ հարգում են իլալ, մեզ գեղեցիկ ընդունում են իլալ, աման ձև: Հմեկ ասում եմ` աստոծ պահի Ռոմիկին, Ռուդիկին, ուրանք ալ ինձ պահում են, լավ, հոյակապ, գեղեցիկ:

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Ամեն հինչում եմ է գերազանցիկ իլալ, էտ ա, վեր կյանքս վախտին չեմ դասավորալ: Իմ մերը լաց էր ինում միշտ, ասում էր՝ կնեկը հինգ տղի անա էվել կպիրի, հենգ տղա եմ պիրալ, մինը մնացալ չի, ասում էր, լաց ինում: Էհ, մտաս թռնում չի, մերունք հունց են համախմբվում, թուրքերին խռեկ տամ,- ասաց Պայծառ տատիկը:
-Բա ինչի՞ են քո անունը Պայծառ դրել,- հարցրի ես:
-Դե, պայծառ նշանակում ա լուսավոր աշխարհ, ալի, պայծառ արեգակ, պայծառ, լուսավոր երկինք: Պայծառը լավ անուն ա, չէ՞,- ասաց տատիկը:
-Հա, շատ,- տարբեր կողմերից ասացինք բոլորս:
-Ամեն հինչում պայծառ եմ իլալ, էս ընտանիքում ալ ես ապրում եմ ուրախ ուրանց անավ, ապրում եմ պատվավոր, հարգված, սիրված, դուզ եմ ասում, խոխերք, ըհն էդ ալ տենց, Ռոմիկն ալ ասում ա՝ եկ մհեկ ալ ես քեզ պահեմ: Իմ թոռներս` Ռուդիկը, Ռոմիկը ուրանց խոխորցավ ինձ հարգում են, ծնողին անգամ նենց հարգում չեն, հունց վեր ուրանք ինձ,- ասաց տատը:
-Բա գիրք կարդո՞ւմ ես,- հարցրի ես:
-Հա, բա հի՞նչ եմ անում, հին պատմություն եմ կարդում ամեն օր, էսօրի ալ եմ կրդացալ,- հետո Անուշը մի գիրք բերեց ու Պայծառ տատին սկսեց կարդալ,- կարդում եմ, հետո խոխորցս պատմում:

Հետո խնդրեցի մեդալը կախել, որ նկարեմ իրեն: Մեդալը կախեց, դուրս եկանք, նկարեցի, որոշեցի մի հատ էլ սելֆի անել: Երբ դիմացի տեսախցիկը միացրի, տատին, թե բա.
-Էս կողքինս հո՞վ ա:
-Ես եմ, դիմացի տեսախցիկով եմ նկարել,- ասացի ես:
-Հա՜, տենց ալ ա նկարում,- ասաց տատին:
Հետո մի հատ էլ ճշտեց, թե ով եմ, ասաց, որ իր բարեկամն եմ, ճակատս պաչեց, որ իրեն նկարեցի, հետո ասաց.
-Աղջի, «կոֆե» տիրաք, թող էս խոխան խմի:
-Ես «կոֆե» չեմ խմում:

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Գնացինք տուն, տատի հետ մի-մի բաժակ թեյ խմեցինք, շնորհակալություն հայտեցի ու գնացի տուն: Ի միջիայլոց, տատին անընդհատ ասում էր՝ կյանքս ուշ եմ դասավորալ, որովհետև 45 տարեկանում է ամուսնացել:
Մկրտչյանները հյուրընկալող ընտանիք են, եթե ուզենաք մոտիկից ծանոթանալ Պայծառ տատի և նրա հետաքրքիր ընտանիքի հետ, կարող եք այցելել Mkrtchyan family hosting ֆեյսբուքյան էջը:

Ե՛կ Սիսիան

-Սոսե, դու որտեղի՞ց էիր։

-Սիսիանից։

-Հա, էն ցուրտ տեղից, ո՞նց եք դիմանում։

Համարյա այսպես է լինում ամեն անգամ, երբ նոր ծանոթներս իմանում են, թե ես որտեղից եմ։ Ամեն անգամ այսպիսի խոսակցությունների ժամանակ ցավում էի․

-Ախր, ինչո՞ւ Սիսիան ասելուց չեք ասում Շաքիի ջրվեժի կամ էլ Զորաց քարերի մասին, կամ գոնե Համո Սահյանի, որ ամեն անգամ ցուրտն եք հիշատակում: Ու ես որոշեցի, որ ամբողջ ամառային արձակուրդս նվիրեմ Սիսիանը բացահայտելուն։

Դե սկսենք միասին բացահայտել Սիսիանը։ Ի՞նչ եք կարծում, ո՞ր պատմամշակութային վայրից սկսենք։ Դե լավ, եթե չեք կողմնորոշվում, ուրեմն սկսենք Զորաց քարերից։

Զորաց քարեր կամ Քարահունջ.  նախապատմական մեգալիթյան կառույց է, ըստ որոշ հեղինակների՝ աշխարհի հնագույն աստղադիտարան, պատմամշակութային արգելոցի կարգավիճակ ունեցող և պետության կողմից պահպանվող հատուկ տարածք է։ Քարահունջը 7500 տարեկան է։

Հաջորդը կխոսենք Թանահատի վանքի մասին։ Պատմիչ Ստեփանոս արքեպիսկոպոս Օրբելյանը Թանահատի վանքը համարել է իր նշանակությամբ երկրորդը (Տաթևի վանքից հետո) Սյունիքի վանքերի շարքում: Վանքը կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղում, որը նվիրված է եղել հայոց աստվածուհի Անահիտին: 5-րդ դարում այստեղ հիմնադրվել է քրիստոնեական տաճար` զարդարված գեղեցիկ շուշան ծաղիկների քանդակներով:

Իսկ հիմա հերթը Շաքիի ջրվեժինն է։ Ջրվեժն ունի 18 մետր բարձրություն։ Շաքին Հայաստանի ամենասիրված զբոսաշրջային վայրերից է։ Շաքի անվան հետ կապված մի քանի ավանդություն կա, բայց դրա մասին հիմա չեմ ասի: Երբ գաս այդ գեղեցկությունը վայելելու, անպայման կպատմեմ։

Դե լավ, եկար- բարակ չխոսեմ ֆոտոշարքի մեջ բոլորը կտեսնես։ Մի խոսքով, ե՛կ Սիսիան և վայելիր այն իր ողջ հմայքով ու ջերմությամբ։ Եթե կուզես, ես կհյուրընկալեմ քեզ, և կբացահայտենք Սիսիանը միասին։

anahit badalyan (kapan)

Այսօր աշո՜ւն է

Անձրև է գալիս: Հա՜, մի զարմացեք, էստեղ՝ Կապանում, հորդ անձրև է գալիս: Արդեն ժամ-ժամուկես կլինի՝ պատուհանի կողքին նստած դաս եմ անում ու զգում եմ անձրևի անկրկնելի բույրը: Զգում եմ ամեն կաթիլի ճանապարհը, շարժման արագությունն ու ուժգնությունը, զգում եմ ամեն ինչ՝ մթությունը, անձրևն ու աշունը: Անձրևն ուժեղանում է, ավելի արագ է սկսում տեղալ, օդը ավելի սառն է դառնում ու այնքա՜ն հաճելի, այնքա՜ն սիրելի: Մի ամբողջ ամառ երազել եմ այս տեսարանի մասին. պատուհանից նայեմ ու տեսնեմ, որ կաթիլները մեկը մյուսից առաջ ընկած, իրար հրելով՝ ցած են իջնում:

Այս հոտն իմ հոգին լցնում է սիրով: Այն ինձ պատմում է, որ շուտով ամեն ինչ նորից է սկսվելու՝ նոր ու մաքուր էջից: Շուտով բոլորը փոխվելու են, կաթիլները քշելու են ու տանեն ամենավատն ու ամենապղտորը՝ թողնելով միայն պարզն ու անպիղծը: Ես ավելի մեծ ոգևորությամբ եմ սկսում լուծել մաթեմատիկայի խնդիրը, ու այն այլևս դադարում է խնդիր լինելուց, այն դառնում է գեղեցիկ ու նուրբ մի պատմություն այն մասին, թե ինչպես է անձրևն օգնում ինձ վերածնվել: Այ հիմա՝ հենց այս րոպեին, ես զգում եմ, որ աշուն է, զգում եմ բոլոր գույներով: Վաղը անձրևը կդադարի, նորից արև կբացվի, ես կնվնվամ անտանելի շոգից ու արևի անխնա լուսավորությունից, ջուրը կդառնա երանելի, քամին՝ անհասանելի, աշունը նորից կթաքնվի հեռուներում: Վաղն ամեն ինչ նորից կփոխվի, իսկ ես շտապում եմ ապրել այսօրը:

Վաղը՝ չգիտեմ, բայց այսօր աշո՜ւն է:

iza Astsatryan

Մեկ տարի 17-ի հետ

2016 թվականն էր, երբ դարձա 17.am-ի թղթակից ու սկսեցի կիսվել հետաքրքիր պատմություններով: Հիշում եմ՝ առաջին հոդվածիս համար ջանք ու եռանդ չէի խնայել, որպեսզի հետաքրքիր ստացվի ու չվրիպի ոչ ոքի աչքից: Առաջին հոդվածս հրապարակվել էր 2016 թվականի սեպտեմբերի 7-ին: Այդ հոդվածից հետո երկար ժամանակ հոդվածներ չէի գրում, բայց հետևում էի մյուս թղթակիցներին: 2016 թվականին շատ պասիվ թղթակից էի, նախկին ակտիվությունս վերականգնեցի 2017 թվականին:

Մտնելով 17.am-ի աշխարհ, հաճախ էի հետաքրքիր պատմություններ որոնում, իսկ իմ պատմությունների հերոսներն իրենց յուրահատկությամբ էին աչքի ընկնում և ընտրվում: Իրոք, 17.am-ից շատ բան եմ սովորել, այդ թվում՝ հետաքրքիր կադրեր որսալը: Հույս ունեմ, որ 17.am-ում ինձ դեռ երկար տարիներ են սպասվում:

17.am-ը ինձ հնարավորություն տվեց իմ նյութերն ավելի հետաքրքիր դարձնելու և հրապարակելու, հնարավորություն տվեց գրելու իմ սիրելի երաժշտական խմբի մասին, ֆուտբոլային հանդիպան մասին, իմ ընկերների մասին:

17.am-ի շնորհիվ ձեռք ես բերում մեծ լսարան, որն անհամբեր սպասում է քո հոդվածներին, լուսանկարներին: Ընկերներիս ասելով՝ մեծ ոգևորությամբ են կարդում իմ գրած հոդվածները, կարդում են, տարածում ու մեկնաբանում: Վերջերս էլ դասարանցիներով նստած տարբեր թեմաներից էինք խոսում, խոսքից խոսք բացվեց, ու դասընկերուհիներիցս մեկը՝ Էլլադան, ասաց.
-Իզա, ես քո գրած հոդվածները հատ-հատ կարդացել եմ:
-Էս վերջերս հոդված էիր գրել ձեր փողոցի երեխաների մասին, միակ բանն էր, որ չնայած երկար էր՝ դրեցի ու կարդացի մինչև վերջ,- ասաց Նարեկը:

Շատերն են ասում, որ գնալով հոդվածներիս մեջ համն ու հոտը շատանում է: Իսկ ես սովորել եմ իմ սիրելի լսարանի համար նստել ու հավեսով հոդված գրել:
Գիտեք, շատ հետաքրիր է նաև այն, որ շատերը թղթակից են դառնում հենց մեր հոդվածները կարդալուց հետո: Այնպես որ, եթե դու ունես հետաքրքիր մտքեր, հրաշալի լուսանկարում ես, բայց դեռ հնարավորություն չես ունեցել դրանք հրապարակելու և շատերին հասանելի դարձնելու, դարձիր թղթակից և հրապարակիր դրանք:

Իսկ վերջում, կասեմ շնորհակալություն՝ ինձ նման հնարավորություն ընձեռելու համար, կշարունակեմ մնալ շա՜տ ակտիվ, սպասեք նոր հոդվածների:

anahit badalyan (kapan)

Անարդա՜ր է

Այն, որ գրքերը սառը և ապահով բարեկամներ են, Հյուգոն այնքա՜ն ճիշտ է ասել: Բայց գրքերը որքան սառն են, այնքան էլ տաք են ու ջերմ: Ես չափազանց սենտիմենտալ մարդ եմ և սովորաբար սրտիս մոտ եմ ընդունում ամեն փոքր բան, ուստի ուրախ ու տխուր պահեր շատ եմ ունենում, ու հոգիս հաճախ է տակնուվրա լինում այս կամ այն փոքր բաներից: Կախված տրամադրությունից՝ կան մարդիկ, որոնց հետ ինչ-որ պահի չեմ ցանկանում շփվել, կան շարժումներ, որոնք բնորոշ են իմ՝ միայն լավ կամ վատ տրամադրությանը, և կան զբաղմունքներ, որոնք սկսում եմ արժևորել միայն հանգիստ կամ նյարդային պահերին: Այսպիսի բազմազանության մեջ միայն մի բան կա, որն ինձ համար ամեն րոպե նախընտրելի է. գիրքը: Թույլ տվեք Գրքի մասին խոսել իբրև անհատականության, և նրա անունը գրել միայն մեծատառով: Գիտե՞ք՝ ինչու: Որովհետև Գիրքը վեր է բոլոր այն հատուկ անուն կրող մարդկանցից, որոնք դժվար պահերին սատար չեն կանգնում, դիմացինին չեն հարգում, մարդու դրության մեջ չեն մտնում ու երբեք չեն կարեկցում: Գիրքն ի զորու է կատարել այս ամենն ու երբեք շահ չհետապնդել: Նա պատրաստ է հայտնվել իմ գրկում, երբ ես լաց եմ լինում, իր նուրբ ու բարակ թերթերի վրա կրել իմ՝ երբեմն հորդ անձրևի կաթիլի ծանրության արցունքները ու էլի մնալ ընթեռնելի: Նա պատրաստ է գիշերել իմ անկողնում՝ բարձիս տակ, սեղանիս վրա, երբեմն՝ փոշոտ գրադարակում, երբեմն էլ՝ նույնիսկ հատակին, բայց երբեք չդժգոհել՝ փափուկ անկողին չունենալու պատճառով: Գիրքը պատրաստ է այնպիսի խորհուրդներ տալ, որոնք կարող են ինձ ուղեկցել ողջ կյանքի ընթացքում: Նա կարող է առաջին հայացքից անշուք թվալ, չգրավել, բայց էջերը թերթելիս սփռել իր տարիների իմաստության հոտը, որն ինձ համար վեր է ամեն տեսակ շքեղությունից: Գիրքը պատրաստ է օգնել ինձ, երբ ես ցանկանում եմ որևէ բան իմանալ: Այն պատրաստ է ծառայել ինձ որպես գիտելիքի աղբյուր, կամ պարզապես՝ անձրևից պաշտպանվելու հարմարանք: Այն ինձ սպասում է գրադարանում, գրախանութում, իմ գրադարակում: Հաճախ ես ուղղակի անտարբերության եմ մատնում Գրքին՝ այն չընթերցելով և անգամ փոշին չսրբելով, բայց նա երբեք չի դադարում լայն ժպիտով ժպտալ ինձ՝ ամեն անգամ նույն տեղից, նույն դիրքով:

Ահա այսքան լավն է իմ հին ու նոր ընկերը: Իսկ դուք, մարդի՛կ, ափսոսում եք այն դարակը, որ գրքերով պիտի լցնեք: Անարդա՜ր է:

Lusine atanesyan

Անգեղակոթի իմ փոքրիկ դպրոցը

Իմ 9-րդ սեպտեմբերի 1-ն էր դպրոցում՝ արդեն որպես ավարտական դասարանի աշակերտուհի: Այդ պատճառով այս տարի շատ ոգևորված եմ:

Բացի այն, որ ես արդեն 9-րդ դասարանցի եմ՝ անցյալ տարի սեպտեմբերի 1-ին 17.am կայքում տեղադրվեց իմ առաջին հոդվածը, և արդեն լրացավ մեկ տարին, ինչ ես դարձել եմ «Մանանա» ընտանիքի անդամ, ու դրա համար շատ ուրախ եմ:

Մի քիչ լարված եմ այն պատճառով, որ այս տարի պետք է քննություններ հանձնեմ, նաև մի քիչ հուզված եմ: Դրա պատճառն էլ այն է, որ դպրոցում 12-րդ դասարան չկա, և մեր դասարանը պետք է վերջին դաս անի: Նույն պատճառով էլ մեր դասարանն է առաջին դասարանցիներին հանձնել այբբենարանները և ուղեկցել դեպի դասարան, իսկ ես ծաղկեփունջ էի ստացել այն երեխայից, որին ուղեկցել էի:

Երբ վերադարձանք դասարան, ուսուցչուհին մեզ շնորհավորեց, մի քիչ զրուցեցինք, ու նա բաժանեց մեր դասագրքերը, իսկ բարերարները աշակերտներին նվերներ էին ուղարկել՝ գրենական պիտույքներ: Այս տարին մի բանով էլ էր յուրահատուկ՝ գովասանագրերը հանձնեցին հենց սեպտեմբերի 1-ին, ճիշտ է՝ էլի դասարաններում, բայց կարևորն այն է, որ հանձնեցին:

Այս տարի առաջին դասարանցիներից էին նաև մորաքրոջս աղջիկը և մորեղբորս տղան: Նրանց առաջին ուսուցչուհին և՛ ինձ է դաստիարակել, կրթել, և՛ եղբորս, և՛ մորաքրոջս ավագ աղջկան, և՛ մորեղբորս աղջկան: Հետաքրքիրն այն է, որ նա մորաքրոջս ամուսնու քույրն է: Մենք կատակում ենք՝ ասելով, որ նա մեր ընտանեկան ուսուցչուհին է: