anna khachatryan

Մեր ժամանակների հերոսը

Ու հիմա, երբ սահմանին անհանգիստ է, ամեն որոտի հետ մեռնում է մոր սիրտը։ Այնտեղ որդին է, ամուսինը…

19 տարվա կյանքդ աչքիդ առաջով վայրկենական անցնում ու մի հեռու կետում սևանում է, ու սևանում է մորդ սիրտը քեզ համար ու այն անծանոթի, որ կանգնած է սահմանին: Երբ ապաստարանից գալիս ու ճաք տված հայելու միջով քեզ ես նայում ու զգում, թե դեռ 20 տարիդ չբոլորած ինչքան ես ծերացել, հասկանում ես, որ պատերազմ է: Ու մղկտում է սիրտդ։ Հողը տնքում էր տանկերի թրթուրների տակ, լռութունը՝ անարգվում արկերի պայթյուններից: Հինգ շիրիմ էլ ավելացավ ու կանայք էլի սևեր հագան: Երազանքներ, որոնք պիտի կատարվեին, անկատար մնացին: Հողում հինգ ծիլ էլ ավելացավ, արյունոտ ծիլ, հինգ հոգի էլ հերոս դարձավ, դարձավ մեր ժամանակների հերոսը:

Մեզնից ոչ ոք չգիտի, թե երբ ու որտեղ կկտրվի իր կյանքի թելը: Մենք պիտի ապրենք այնպես, որ մեզնից հետո անուն թողնենք: Մեր կյանքի ղեկը մեր ձեռքում է. ոնց պտտենք, այնպես էլ կշարժվի մեր նավը: Կան այնպիսիք, ովքեր ղեկը դեպի սահման են պտտում ու կյանքի արևամուտն այնտեղ վայելում: Այդպիսիներին հերոս են ասում:

Կռիվ էր․․․ Ու չէին դադարում հայրենասիրական երգերը, տղաների սխրանքների մասին պատմություններն ու «ապրեն մերոնք» բացականչությունները։ Միայն այսպես կխլացնեինք արկերի պայթյունների ձայները:

Այսօր պատերազմը մի մեծ սպի է թողել որդուն կորցրած մոր սրտում, այսօր պատերազմն անջնջելի վերք է դարձել չմայրացած աղջկա համար, ով շարունակում է սպասել իր հերոս ամուսնուն:

Alla Virabyan

Մարդիկ

Կյանքում մեզ հանդիպում են բազում մարդիկ…

Մարդիկ, որոնց հանդիպելիս հասկանում ենք բազում բաներ, օրինակ՝ թե ինչ լավ է, որ նրանք կան մեր կյանքում, շատ լավ է, որ ունենք նրանց: Մարդիկ էլ կան, որոնց գոյությունը հազիվ թե հիշենք մինչև այն պահը, երբ հենց իրենք ուզենան պարզել մեր ինքնությունը:

Կան նաև այնպիսիք, ովքեր կյանքի ընկերներ են, որոնց հետ կարող ես անցնել բազում փորձությունների միջով, բազում ծուռ ու մուռ ճանապարհներով՝ առանց տրտնջալու:

Կան այնպիսի մարդիկ, որոնց հանդիպելու համար զղչում ենք, ցանկանում ենք մոռացության տալ այն պահը, երբ թույլ տվեցինք մոտենալ, զղջում ենք կյանքի ընթացքում նման մարդկանց վրա ժամանակ կորցնելու համար, ասում ենք, որ փակում ենք այն էջը, որը կապված է նրանց հետ, բայց չենք հասկանում, որ կյանքը մի փոքր գիրք է, որը փոխել անհնար է, մեզ մնում է միայն սկսել մի մատ խորքից, նոր պարբերությունից:

Կա մի պարզ ճշմարտություն. կյանքում մեզ հանդիպած լավ կամ բարի մարդկանց, լավ կամ վատ երևույթները մեզ տալիս է Աստված մեր հավատքը էլ ավելի ամրացնելու համար:

Մենք անընդհատ սովորում ենք, մինչև մեր փոքր գրքի վերջին պարբերությունը, մինչև վերջակետին հասնելը մենք ունակ ենք սովորել: Մեզ հանդիպած բոլոր մարդիկ սովորեցնում են մեզ, և իմ կարծիքով՝ մեզնից յուրաքանչյուրը ուսուցիչ է մյուսի համար:

Բարի մարդիկ միշտ էլ սովորեցնում են էլ ավելի լավը լինել, ավելի կամեցող, նույնիսկ սովորում ենք նրանցից, ում ներկայությունը տհաճ է մեզ, սովորում ենք, որ ոչ մի դեպքում չպետք է իրենց նման լինել:

Հե՜յ չար մարդիկ, թույլ տվեք ասել, որ ես սիրում եմ ձեզ, որովհետև սովորել եմ պատարագներին ձեր փրկության համար էլ աղոթել:

Գիտեք՝ մայրամուտները, արևածագերը նույնպես լինում են տարբեր, ինչպես մարդկանց տեսակները: Դրանք մի օր լինում են մառախլապատ երկնքում, մի օր պարզկա, մի օր ավելի գրավիչ, մի օր էլ ոչ այդքան։ Դա կախված է նրանից, թե որ դեպքում է այն մեզ հարազատ:

Անկեղծ ասած՝ ես շատ եմ սիրում մայրամուտը, որովհետև դրա շնորհիվ գնահատում եմ արևածագը:

marine ghahramanyan

Ուսանողուհին սահմանապահ գյուղում

Մոտ մեկ ամիս առաջ սահմանին լարված իրավիճակ էր, բոլորս մի բուռ դարձած աղոթում էինք մեր քաջարի մարտիկների համար, իսկ այսօր կարծես թե խաղաղություն է։ Ինչպե՞ս է կյանքն ընթանում սահմանին կրակոցների ժամանակ և կրակոցներից հետո, ի՞նչ նպատակներ, երազանքներ ունի սահմանին ապրող երիտասարդը։

Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրի բնակչուհի, ապագա բանասեր 19-ամյա Մերի Առաքելյանը խոսում է իր զգացողությունների, նպատակների, երիտասարդների, հակառակորդի կողմից թիրախավորված գյուղի մասին։

«Կրակոցների ժամանակ զգացումներս, զգացմունքներս, ամենը խառնվում են իրար, հատկապես, երբ գիտեմ, որ հայրիկս դիրքերում է, դրանից ավելի եմ լարվում, ասում են՝ մի անհանգստացիր, գյուղի վրա կրակոց չկա, այդ ժամանակ ես ավելի եմ սարսափում, քանի որ հայրիկիս մասին շատ եմ մտածում ու ոչ միայն հայրիկիս, հիմա բոլոր սահմանին կանգնած տղաները մեզ համար և՛ հայր են, և՛ եղբայր։ Նրանց բոլորի կյանքը ինձ համար մեծ նշանակություն ունի։ Կրակոցների ժամանակ ոչ միայն իմ մասին եմ մտածում, այլ նաև համագյուղացիներիս, կարծես մի մեծ ընտանիք լինենք, ովքեր միասին պետք է պայքարեն այս ամենի դեմ։ Պետք է միասնական լինենք ու կարողանանք դիմակայել այս ամենի դեմ, քանի որ վատ ժամանակներ են հիմա թե՛ հայոց ազգի համար, թե՛ ընդհանրապես աշխարհի համար»։

Չնայած նրան, որ մեզնից շատերը միշտ ցանկանում են ինչ-որ բան փոխել իրենց շրջապատում, համայնքում կամ ընդհանրապես աշխարհում, Մերին գյուղը սիրում է այնպիսին, ինչպիսին այն կա, ցանկանում է ոչ թե ինչ-որ բան փոխել գյուղում, այլ ավելացնել։

«Գյուղում ոչինչ չէի փոխի, ավելի շատ կավելացնեի։ Չնայած նրան, որ դպրոցն ունի հարուստ գրադարան, այնուամենայնիվ, կցանկանայի գյուղն ունենար մեծ գրադարան իր ընթերցասրահով, որտեղ մարդիկ կկարողանային իրենց ժամանակն անցկացնել, գրականություն կարդալ, այնպիսի մի վայր, որտեղ, թե՛ մեծերը, թե՛ մանկահասակները, դեռահասները իրենց լավ կզգան ու կկարողանան իրենց գտնել այդտեղ։ Բոլոր ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես շատ-շատ եմ սիրում իմ գյուղը և երբեք չեմ մտածել գյուղից հեռանալու մասին, անգամ ցանկություն ունեմ, թեկուզ կարճ ժամանակ, բայց ուսումս ավարտելուց հետո գալ և փորձել ինչ-որ բանով օգնել գյուղիս, թեկուզ մասնագիտական առումով, որպեսզի կրթեմ երեխաներին, հայրենաճանաչություն դասավանդեմ, մարդկանց օգնեմ սիրել գրականությունը։ Իրականում իմ բոլոր պլանները կապված են գյուղիս հետ։ Ես այն կարծիքն ունեմ, որ մարդիկ իրենց ներսից պետք է հանեն այն կարծրատիպը, թե քաղաքի և գյուղի երեխաների միջև տարբերություն կա, կամ հենց այն մարդը, ով ապրում է գյուղում, չպետք է կարծի, որ ինչ-որ բանով պակաս է։ Օրինակ՝ ես հպարտ եմ իմ արմատներով, իմ՝ գյուղացի լինելով, իմ ապագան տեսնում եմ հենց գյուղում։ Հնարավոր է հետագայում դասավորվի այնպես, որ ես գյուղում չապրեմ, բայց բազմաթիվ պլաններ ունեմ, որոնք պետք է իրագործեմ գյուղում։

Կրակոցներից մեկ ժամ էլ չանցած՝ մարդիկ նորից իրենց բնականոն կյանքով են ապրում, որովհետև տունը, իրենց գործը մարդկանց են սպասում, մեզ են սպասում։ Երբ կրակոցները վերջանում են, մարդիկ դուրս են գալիս նկուղներից, ապաստարաններից և անմիջապես վերադառնում իրենց գործերին։ Մարդկանց մեծ մասը գյուղատնտեսությամբ զբաղվելով է ապահովում իր օրվա ապրուստը, եթե չաշխատեն, չեն կարող ապրել։ Դրա համար էլ անմիջապես կրակոցներից հետո գյուղը վերադառնում է իր բնականոն կյանքին։

Կցանկանայի, որ երիտասարդներն ավելի ուսումնատենչ լինեին, բազմակողմանի զարգացած, այսինքն՝ երբեք չկանգնեին մի կետի վրա, այլ ձգտեին անընդհատ նորանոր բաներ սովորելուն, քանի որ ինչքան գիտելիք ես պահեստավորում քո ուղեղում, տեսնում ես, որ այդքան դատարկ մաս է մնում, այդքան սպիտակ էջեր կան, որ պետք է լրացնենք։ Դրա համար կցանկանամ, որ երիտասարդները չլճանան և անընդհատ շարժվեն առաջ։

Նույնիսկ կրակոցների ժամանակ, երբ հակառակորդը կրակում էր մեծ տրամաչափի զինատեսակներից, երբեք դուրս չեմ եկել գյուղից, չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց երբեք չեմ մտածել հեռանալ գյուղից, քանի որ Ներքին Կարմիրաղբյուրում է անցել իմ մանկությունը, պատանեկությունը։ Ամուր կառչած եմ իմ հողին»,- իր խոսքը եզրափակեց սահմանին ապրող երիտասարդ Մերի Առաքելյանը։

sona ghavalyan

Երգ խաղաղության

Իմ Տավուշը անձեռակերտ ու քարակերտ ամրոց է, քարեղեն ու խոսուն կենսագրություն, բեզարած ռանչպարի արոր ու մաճ, և ոչ թե լոկ հող, պատմական տարածք կամ էլ թշնամու համար պատերազմի թատերաբեմ։

Սա սիրո ու արարումի երկիր է․ ամեն բուռ հողի մեջ գյուղացու քրտինքով ձեռք բերած վաստակը կա, դաշտային ամեն ծաղկի բույրի մեջ՝ մանկան արևավառ ժպիտը,  բարձր լեռների ու դյութական սարերի գրկում ամեն մեկիս թաքուն պահած երազանք կա, բայց և այնպես, բոլորը միահյուսված, բոլորի շուրթերին էլ՝  խաղաղություն գրված․․․

Եվ նորից մենք պարտադրված ենք  գիշերը կրակոցի ձայներից չքնել, իսկ այգաբացին վերստին մեր մտքերի մեջ կորսված՝ մեր չջրած այգու ու չհնձված արտերի մասին մտածել․․․

Ուզում եմ ամեն առավոտ առաջվա նման նորից հեծանիվս վերցնել ու մտքերիս հետ ծալ-ծալ թերթվող դաշտերի մեջ խորանալ։ Ուզում եմ ոսկի հասկերի եզրին նստել ու ծղրիդի ձայների ներքո խճճված մտքերիս կծիկն ի մի բերել, հետո նայել ծավի երկնքին ու խորհել․ արդյո՞ք ամենասիրուն գույնը երկնագույնը չէ, մի՞թե խաղաղաբեր գույնը երկնագույնը չէ։ Նայել արևից խանձված արտերին ու դրա մեջ էլ գեղեցիկը տեսնել, և մտքերի խոժոռ բեռից ծանրացած՝  հասկերի մեջ պառկել ու քնել՝ ասես Տավշո աշխարհի հոգին չի վրդովվել երբեք։ Երազիս մեջ դարձյալ երկնքի կապույտը ու քամու՝ մեղմ շնչից օրորվող մայրացած հասկերը տեսնել․․․ Երեկոյան արթնանալ մայրամուտի՝ հրդեհի մատնած բոսորաթույր լույսի հունձքից և սպասումի հայացքով մայրամուտին նայել ու հրաշեկ կտավի մարող երանգները հաշվել։

Մտմտալով ու հոգոց հանելով բռնել կածանը վերադարձի՝ կրկին ու նորեն խորհելով մարդու անմիտ քայլերի ու, չգիտես՝ ինչու, հավերժորեն կրկնվող պատերազմների մասին․․․

meri araqelyan

Երջանիկ պատահականություն

Կրկին սահմանին լարված իրավիճակ է, և հայ ազգը կրկին պայքար է մղում իր գոյության համար: Հուլիսի 12-ին առժամանակ տիրող հանգիստը ընդհատվեց: Ականների պայթյունի ձայնից դող է անցնում մարդու մարմնով, բայց ոչ նրա, ով տարիներ շարունակ ականատեսն է եղել մի պատերազմի, որն այդպես էլ չկրեց այդ անունը: Գիտե՞ք, թշնամին նման է քնած հրաբուխի, որը ամեն վայրկյան պատրաստ է ժայթքել՝ փորձելով կուլ տալ այն ամենը, ինչը կփորձի հայտնվել իր ճանապարհին:

Աշխարհը գիտի՝ որքան քաջարի և տոկուն է հայ ազգը, ինչը ամեն վայրկյան ապացուցում են սահմանին կանգնած մեր հայրերն ու եղբայրները: Խաղաղությանը երևի պատերազմի միջոցով են հասնում, հա՞: Հիմա, երբ դրսում պայքար է մղվում՝ կյանքի պայքար, կրտսեր քրոջս փորձում եմ բացատրել՝ ինչ է կատարվում, թե ինչի համար է այս ամենը: Եվ գիտե՞ք՝ նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ՝ ինչո՞ւ պետք է մեկը ձգտի մի բանի, որը երբեք էլ իրենը չի եղել: Ցավալի է, երբ գիտակցում ես, որ կյանքդ երջանիկ պատահականությունից է կախված: Ամեն պահ շուրթերիս «Հայր մերն» է հնչում, սակայն ոչ այն բանի համար, որ հուսահատ եմ, այլ նրա համար, որ շնորհակալություն հայտնեմ Աստծուն, որ նման զինվորներ կան սահմանին, ովքեր անկոտրում են և քաջասիրտ: Ամեն բան իր ավարտն ունի, և սա էլ կանցնի: Եվ վստահ եմ, որ մենք կհաղթենք, քանի որ մեր պայքարն ազնիվ է: Փա՜ռք մեզ և մեր զինվորներին, իսկ սահմանին՝ խաղաղություն:

Alla Virabyan

Մովսես, հուլիսի 13, Ալլայի նամակը բոլոր հայերիս

-Ալլա, վեր կաց, վեր կաց, իջնում ենք նկուղ,- քնիցս վեր թռա: Մութ գիշեր էր:

Վեր կացա, բացեցի աչքերս, բայց ոչինչ չտեսա: Աշխարհում գիշեր էր, բայց Տավուշ աշխարհը չէր էլ հասցրել նիրհել:

Իջանք նկուղ: Ես դեռ քնած էի, չէի հասկանում` ինչու ենք գնում խոնավ նկուղ, մինչև որ ականջիս հասավ մի ուժեղ պայթյուն, որը վերջին անգամ լսել էի մի քանի տարի առաջ:

Տեղիցս վեր թռա, սիրտս սկսեց արագ բաբախել: Ես հասկացա, որ դա ամենևին էլ հրավառության ձայն չէր, այլ մի ահարկու սպառնալիք, մահվան սպառնալիք:

Ականջներս ու աչքերս ամուր փակեցի, որ չլսեմ, որ ուղղակի չտեսնեմ այն, ինչ մթության մեջ ավելի լավ է երևում: Ամբողջ գիշերը անցավ իմ դողով, քույրերիս վախի բացականչություններով, մորս սփոփանքով, հորս քաջալերումներով և տատիկիս հայրենասիրական երգի ցածր անուշ ձայնի հնչյուններով:

Լույսը բացվեց, բայց կարծես չէր էլ մթնել, աչքերիս կոպերն էլ չէին հպվել իրար, բայց վեր կացա խոնավ գետնից, նայեցի պատուհանից: Եղանակը սառն էր, արև չկար, լռություն էր՝ սառը լռություն, որը ըստ իս, ավելի վախենալու էր, քան պայթյունի ձայները:

Նորից լսվեց բարձր պայթյուն, բայց ես աչքերս չփակեցի, որովհետև չէր երևում այն. նրա կարմիր լույսը միայն գիշերն էր երևում: Ես միայն լսում էի, լսում ու ցնցվում, մտքումս մի բան էր պտտվում, շուրթերս մի բան էին արտասանում.

Հա՜յր մեր, որ յերկինս ես …

Փոքր քույրերս մեկ-մեկ լացում են, բայց հաջորդ վայրկյանին բարձր ծիծաղում և դիմում մայրիկին.

-Մամ, ամեն ինչ լավ դի լիլ, չէ՞…

Եվ նորից սկսում են խաղալ ոգևորված դրական պատասխանից:

Սիրելի ընթերցող, ես հիմա նստած եմ նկուղում, լսում եմ պայթյունները ու պատմում քեզ այն, ինչ զգում եմ և տեսնում: Նայում եմ գյուղին. ամեն ինչ նույնն է թվում, բայց էլ առաջվանը չէ…  Զգում  եմ նկուղի պատուհանի ցնցումները պայթյունից հետո, փորձում եմ բառերով նկարագրել այն, ինչն անհար է:

Քեզ խնդրում եմ աղոթել մեր սահմանների անառիկության համար, մեր զինվորների տոկունության համար, մեր Հայաստանի, մեր Տահույս աշխարհի համար, ԱՄԷՆ…

Հայ՛ր մեր, որ յերկինս ես,

սուրբ եղիցի անուն  Քո,

եկեսցէ արքայութիւն Քո,

եղիցին կամք Քո որպէս յերկինս եւ յերկրի:

Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր.

եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս եւ մենք թողումք մերոց պարտապանաց:

Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն, այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,

զի Քո է արքայութիւն եւ

զօրութիւն եւ փառք յաւիտեանս. ամէն:

meri araqelyan

Սահմանի գաղտնիքը

Երբևէ տեսե՞լ ես Տավշո բնությունը, այն իսկակապես չքնաղ է: Տավուշն ու սահմանը ձուլված են միմյանց և ներկայացնում են մի անզուգական բնապատկեր, որտեղ և անցել է մանկությունս: Հիշում եմ, երբ դեռ աղջնակ էի, սահմանին լուսաբացը միշտ շուտ էր սկսվում, խավարն էլ շուտ էր տարածվում, հաճախ էին լսվում կրակոցի ձայներ, սակայն դրանք ինձ համար այնքան էլ սարսափելի չէին, քանի որ հայրս զիվորական էր: Նա երբեք չէր խոսում կռվի, կրակոցների, ականների պայթյունների մասին, չնայած ամենուր այդ մասին էի լսում, և քանի որ հայրս չէր խոսում դրա մասին, մտածում էի, որ սարսափելի ոչինչ չկա, չէ՞ որ հայրս պաշտպանում էր երկիրը, հետևաբար և ինձ: Ունեինք խաղողի այգի, որտեղ ես հաճախ էի գնում հայրիկիս և քրոջս հետ, գիտե՞ք՝ այնտեղ փոքրիկ առու կար, որտեղ սիրում էի նստել ու երազել «վառ ապագայի» մասին: Մի անգամ այնտեղ էի և մտածում էի, թե ինչու մայրս բարկացավ ինձ վրա, երբ տեսավ իմ չքնաղ դիմահարդարումը, որի վրա ես ուղիղ տասը րոպե աշխատել էի և ցանկանում էի այդպես գնալ մանկապարտեզ, երբ քույրս եկավ և ամուր գրկեց ինձ։ Չէի հասկանում՝ ինչ է կատարվում, բայց տեսնում էի, որ հայրս շտապ մեր կողմ էր վազում: Ուզում էի ազատվել քրոջս գրկից, որը ինձ հողին էր սեղմել։ Չգիտեմ՝ ինչու, բայց այդ օրը սովորականից շուտ վերադարձանք տուն, մայրս ամուր գրկեց ինձ և մոռացա այն ամենը, ինչը տեղի էր ունեցել այգում: Միայն երեկոյան, երբ բոլորս քնած էինք, հայրս պատմում էր մորս, թե ինչպես էր քույրս ինձ համար կենդանի վահան դարձել՝ փորձելով պաշտպանել ինձ իր փոքրիկ մարմնով, ես այդ ժամանակ չորս տարեկան էի, իսկ քույրս՝ ութ: Ժամանակի միջով սահելով՝ հիշողություններիս մի մասը անհետացել է, սակայն այս դեպքը դաջված է հոգուս մեջ: Շատ տարիներ են անցել այդ օրից, սակայն ամեն անգամ այգի գնալով ես դառնում եմ այն չորսամյա աղջնակը, որի համար Հայաստանը ամենահզոր երկիրն էր, քանի որ սահմանին կանգնած էր իր հայրը: