Meri Muradyan

Կնգան լսողը սեհե կլի, էլի

Մի ժամանակ, երբ ասում էին, որ հայերը միամիտ ազգ են, ես չէի հավատում, բայց իմ կարծիքը փոխեցի այն ժամանակ, երբ լսեցի այս զվարճալի և միևնույն ժամանակ, եզակի պատմության մասին:

Մի քանի օր առաջ մեր տանն էին հավաքվել տատիկիս ընկերուհիները: Մտա այն սենյակ, որտեղ նրանք նստած էին. ինչ-որ բան էի ուզում վերցնել: Կարծես ճիշտ ժամանակին էի ներս մտել: Աղունիկ տատը, որը խոսքի մեծ վարպետ է, պատմում էր, թե ինչպես է պատահել, որ իրենց գյուղացիները պատահականության զոհ են դարձել:
-Ուրեմն, աղջկերք ջեն, էս մեր գեղի Սամսոնի տղի հըրսանիքն էր, մի երկու օրից եդն էլ իմացանք, որ Անուշկի թոռան հըրսանիքն էլ ա էտ նույն օրը: Գեղը թնդեր: Չադիր կապեին, պատրաստութին տենեին, հրավերքնի անեին, էդ Սամսոնը մեզ էլ կանչեց: Գեղի կեսը կամ Սամսոնանց տանն էր, կամ Անուշկանց: Սամսոնը բարեգամներին չիմնուն հրավերք ա անըմ, հեռու-մոդիկ հաշվի չի առնըմ:

Դե, աղջկերք ջեն, ի՞նչ ասեմ, հըրսանքի օրը էս մեր հըրսանքավորը էկավ, զուռնա-դհոլով մի հէ քեփ արինք, մի հէ քեփ՝ էլ ասելու չի: Համա մի բան ասեմ, ծիծաղիք ոչ: Մի մարդ ու կնիկ եկան մի օրհնըմ են մեր նորապսակներին, մի հե շնորհավորանքնի ասըմ, որ էլ ասելու չի: Մի լավ նվեր էլ ձեռներուն տվին ու գնացին նստեցին: Մի լավ կերան, խմեցին, պար եկան: Համա մինն էլա դրանց ճնանչըմ չի: Փեսի կռան ժողովուրդը ասըմա՝ սրանք երևի հարսի բարեգամնին են, հարսի բարեգամնին էլ ասըմ են՝ սրանք հաստատ փեսի բարեգամնին են: Վերջը էս մեր քավորը շնորհավորանքի խոսքը ասավ պրծավ թե չէ՝ ես մեր անծանոթ «բարեգամնին» վիկացան, գնացին, բանն էլ դրանում չի է, նվերն էլ հետներուն տարան տունը շինվածնին: Դրանց վրա մխելամ ծիծաղեցինք:
Մի երկու օր եդը չիմ պարզվըմ ա, թե էդ ովքեր են էլել, էն ինչ խաբար էր, որ դրանք հըրսանիք էին եկել: Թուրմելի դրանք Անուշկի հարսի բարեգամնին են, Անուշկանց տան տեղն էլ գիդեն ոչ, գալիս են, հասնըմ գեղը: Դրանք էլ, որ տան տեղը գիդնալիս չեն ըլընմ, կնիկը մարդին ասըմա՝ արի մնին հարցնենք, տան տեղը իմանանք: Ճամփին մնին հարցնըմ են, թե որդի հըրսանիք կա, էլ ոչ անըմ են ասըմ, ոչ մի բան, էդ մարդն էլ Սամսոնի տան տեղն ա ցույց տալիս: Էս մեր Անուշևանն ու Մարուսը իրանցից գոհ-գոհ գալիս են հըրսանիք, նվերը տալիս, լավ քեփ անըմ: Մենակ քավորը, որ խոսելիս ա ըլըմ, էդ վախտ ուրիշ անըմ ա տալի, նոր ջոգըմ են, որ թարս են էկել՝ Անուշկանց տուն գնալու տեղը՝ Սամսոնանց տուն են գնացել: Մարդ ու կնիկ սուսուփուս վիր են կենըմ, վեշերներուն վաքըմ, դուս գալի: Համա էս Մարուսը տեղը կենըմ չի: Ասըմ ա՝ ես նվերս եդ տիմ վիրունիլ: Գնըմ ա փեսի մորը չիմ պատմըմ, նվերն էլ եդա վիրունում, հա ըրանքըմն էլ հիշըմա, որ նվերի հետ տարած մի կիլո կանֆետը մոռացել ա, եդ ա գնըմ՝ կանֆետն էլ վիրունում, Անուշկանց տան տեղն էլ իմանըմ, դուս գալի: Վերջը հասնըմ են Անուշկանց տուն: Գալիս են տեղավորվըմ, մինել դրանց հարցնըմ են, թե խի ուշացան: Էս Անուշևանը կնգանն ա մտիկ անըմ, քմծիծաղ տալի, հետո ասըմ. «Բա կնգան լսողը սեհե կլի, էլի»: Էս էլ մեր շշկլված ղոնախնին,- ասաց Աղունիկ տատը և վերջացրեց իր պատմությունը:

Կանաչ շապիկավորները Արցախում

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Օրերս Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնությամբ և առաջնորդությամբ Հաղարծնի շաբաթվա կամավորներս, կամ ինչպես մենք ենք մեզ անվանում՝ կանաչ շապիկավորներս, այցելել էինք Արցախ՝ ուխտագնացության: Մեզնից շատերը, այդ թվում և ես, առաջին անգամ էինք Արցախում:

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Դեռ վաղուց՝ Հայոց պատմության դասաժամերից, երազում էի տեսնել Արցախը, հպարտորեն քայել այն հողի վրա, որը մերն է, որի համար հարյուրավոր որդիներ ու հայրեր տուն չեն դարձել, որի համար շատ աչքեր են սառել ու երազանքներ կիսատ մնացել:

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Մենք եղանք Դադիվանքում, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում, Ստեփանակերտում, Գանձասարում: Իմ մեջ մի  անծանոթ զգացողություն էր առաջացել Արցախի տարբեր ճամփաներով անցնելիս: Այդ զգացողությունը երևի միայն Արցախում կարող ես ունենալ, երբ հպարտության հետ ցավ ու կսկիծ ես զգում: Երբ քեզ զգում ես երջանիկ, որ այժմ այս երկինքը խաղաղ է, կապույտ:

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Իմ մեջ շատ տպավորվել է Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի այս խոսքերը. «Երբ տղաները մուտք էին գործում Շուշի, բոլորի հայացքը դեպի Ղազանչեցոց եկեղեցին էր: Բոլորի հանդիպման վայրը եղավ այստեղ՝ այս սուրբ եկեղեցին… Մեր հաղթանակների, մեր ներկայության, մահվան վրա մեր իշխանություն ունենալու մեծագույն վկայության օրրանն է այստեղ:

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Մենք այսօր իրոք երջանիկ սերունդ ենք, քանի որ մեր կյանքի ընթացքում Հայրենիքից տարածք ու հող չենք կորցրել, այլ ընդհակառակը՝ ազատագրել ենք: Այսօր մենք հաղթանակած իրականության մեջ ենք ապրում, որտեղ մեր արցունքները միայն ուրախության ու մեր զոհված եղբայրների, իրենց կյանքը Հայրենիքի ազատագրության զոհասեղանին դրած մարդկանց համար ափսոսանքի արցունքներ են: Կրկնում եմ՝ բազմաթիվ սերունդների չի հաջողվել այսպիսի երջանիկ իրականություն ունենալ, որ այսօր մենք ունենք»:

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Լուսանկարը՝ Էմմա Քոսակյանի

Նրանք, ովքեր հավատացին մեր վաղվա օրվան

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Սեպտեմբեր ամիսն է, դասերն արդեն մեկնարկել են, աշակերտներն ու ուսանողները արդեն կամաց-կամաց հունի մեջ են ընկնում, հետարձակուրդային սթրեսը անցել է: Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ես արդեն տասներկուերորդ դասարանում եմ սովորում՝ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի տասներկուերորդ դասարանում: Երևի բոլոր դպրոցականների երազանքը, գուցե ես էլ ինչ-որ պահի երազել եմ, բայց հիմա հավատացնում եմ` այնքան էլ նախանձելի իրավիճակում չեմ գտնվում…

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Հա, ի դեպ մոռացա ասել նաև, որ սեպտեմբերի մեկը մեր դպրոցի համար կրկնակի տոն էր, ոչ միայն մենք նշում էինք Գիտելիքի օրը, այլ նաև մեր դպրոցի բացման արարողությունը: Դպրոցի մի մասը հիմնանորոգվել է ամիսներ առաջ ամերիկահայ բարերար ժան Մարի Աթամյանի կողմից, ով նույնպես ներկա էր միջոցառմանը: Այստեղ էին նաև ամերիկյան «Փարոս» հիմնադրամի ղեկավարները, որոնք տարիներ առաջ առաջինը եկան մեր գյուղ, սկսեցին վերանորոգել դպրոցն ու մանկապարտեզը, և որոնց միջոցով էլ հետագայում այլ բարերաներ միացան նրանց:

Լուսանկարը՝  Փարոս հիմնադրամի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ Փարոս հիմնադրամի ֆեյսբուքյան էջից

Այնքան ոգևորված էի գնացել դպրոց այդ օրը, մտածում էի` հիմա բոլոր բարերարները ներդրումներ են անում միայն սահմանագոտուց հեռու տարածքներում, որպեսզի իրենց ներդրումները «ջուրը չընկնի», որովհետև սահմանում ապահովագրված չէ նոր վերանորոգված դպրոցի կամ այլ կառույցի ապագան, որովհետև թշնամու նշանառության տակ է ու արտասահմանում գտնվող քիչ բարերարներ կան, ովքեր պատրաստ են իրենց եկամտի զգալի մասը տալ բարեգործությանը` հենց այդ շրջանում: Բայց համոզված եմ` հավատացած լինելով են ներդրումներ կատարում, մտածելով, որ այս ութսուն աշակերտներից յուրաքանչյուրը, կարող է և պետք է դառնա հայրենիքի զարգացման ամենակարևոր օղակներից մեկը:

Լուսանկարը՝  Փարոս հիմնադրամի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ Փարոս հիմնադրամի ֆեյսբուքյան էջից

Ինչևէ, շարունակեմ: Բացման արարողությանը նաև ներկա էին` Տավուշի մարզի մարզպետ Հովիկ Աբովյանը և Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ` Մանվել Կամենդատյանը: Նաև մեզ հյուր էին եկել հիսուն տարի առաջ մեր դպրոցը ավարտած շրջանավարտները, որոնց թվում էր նաև ճանաչված լեզվաբան` Լավրենտի Միրզոյանը: Նա պատմեց իր դպրոցական կյանքից դրվագներ, նունիսկ ցույց տվեց իր դպրոցական տարիների կարմիր «վզկապը», որը այն ժամանակ պարտադիր պետք է կրեր յուրաքանչյուր աշակերտ: Թերևս այդ օրվա ամենաանմիջական ու հետաքրքիր մասերից մեկը հենց Լավրենտի Միրզոյանի անմիջական շփումն էր աշակերտների հետ:

Գիտե՞ք այդ պահին ինչ մտածեցի, չէ ավելի շուտ պատկերացրեցի: Ինձ պատկերացրեցի հիսուն տարի անց, իմ հարազատ դպրոցում, բայց արդեն ոչ թե 80 աշակերտի, այլ ամենաքիչը 150-200 աշակերտի դիմաց կանգնած` խոսելիս, բայց թե ինչ խոսելիս` «ըըըըը»… Մտածել է պետք:

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Լուսանկարը՝ Լիա Ավագյանի

Այս տարի առաջին դասարանցիների թիվը յոթն է, զարմանալիորեն երեխաները ուրախ էին, սիրեցին դպրոցը առաջին հայացքից: Իսկ ես` այդ երեխաներին, այնքան կյանքով լեցուն են ու այնքան խելացի, անպայման իրենց ու իրենց երազանքների մասին կգրեմ մի առանձին նյութում:

Իսկ ինչ վերաբերվում է սահմանին, այստեղ խաղաղ է, դիրքերը անառիկ, թիկունքը` պինդ:

Հ.Գ. Հա, մտածեցի՝ ինչ կասեմ հիսուն տարի հետո աշակերտներին, չէ, հիմա չեմ ասի, ասացի, չէ՞` հիսուն տարուց:

monika mamyan

Ատամհատիկ

Մանկությունը սիրուն է, չէ՞: Հիշում եմ ու միշտ ժպտում, ինչքան էլ որ հեծանիվի պատճառած վերքերը շաբաթներով ոտքերիս ու ձեռքերիս էին մնում, ինչքան էլ որ իմ սիրելի ծառից «չէ՜» գոռալով ցած էի ընկնում ու ինձ էդ վայրկյանին զգում էի կինոյում:

Անձրևից հետո հեռվի ծիածանն էլ է նման իրեն, նայում ենք ու նայում, հետո տեսնում, որ դրա մեջ կան էն բոլոր գույները, որոնք և կան մեր հուշերի ալբոմներում:

Էդ տարիների գժությունները, որ գրչին տանք՝ մի չքնաղ հաստափորիկ դուրս կգա:

Դե, քանի որ ես էն տարիներին եմ ծնվել, երբ ատամհատիկ գրեթե չէին անում, մի օր մի բան մտածեցի. «Հա, բայց ի՞նչ տարբերություն՝ քանի տարեկան եմ, կարևորը՝ հիմա էլ ահագին ատամ ունեմ, փորձեմ»: Ու փորձեցի:

Ննջասենյակում դրված փոքր սեղանիկին շարեցի բոլոր այն հարմար իրերը, ըստ որոնց մի մասնագիտություն ձեռքիս տակ կունենայի: Ճնշման ապարատ, շերեփ, մատիտ, հա՛, ինչքան հիշում եմ՝ քարտեզից մի կտոր էլ պոկեցի (գիտեմ՝ վատ բան եմ արել): Սեղանի երեսին տեղ չմնաց: Գնացի ճաշասենյակ, ամուր փակեցի աչքերս ու պատերից կառչելով` զգացի՝ հասել եմ: Ժամանակն էր: Անկեղծ ասած՝ հուզվում էի. կարո՞ղ ա այնպիսի բան ընտրեմ, որ հիասթափությունը մեծ լինի: Վերջ, ինձ հավաքեցի ու ձեռքս մեկնեցի դեպի սեղանիկը:

Ժպտացի ու բացեցի աչքերս. գրիչ էր: Թռվռացի, թռվռացի ու կանգնեցի:

Մի բան գրելու էի փաստորեն:

Seroj araqelyan

18 տարեկան կամ անծանոթ մի միջավայր

Էսա կասեք՝ էլի սեպտեմբերի 1-ի ուրախ օրով կրակել, ծնունդը փչացրել են, բայց ոչ հարգելիներս: Այս անգամ ոչ կրակոց կար, ոչ էլ հյուրեր: Եթե չասեմ էլ, ապա գիտեք. սեպտեմբերի մեկը ինչ օր է. քայլ դեպի նոր կյանք, ոմանք արդեն աշխատանք են փնտրում, ոմանք նոր են պայուսակ վերցնում, իսկ ես նոր եմ մտնում համալսարան: Եկավ այդքան երկար սպասված պահը, որ պետք է մուտք գործեմ մի վայր, որտեղ իմ երեք հոգանոց դասարանը չէ, այլ մի մեծ կուրս:

Հա, մինչև հիմա էլ հենց այս պահը ասում եմ՝ ինչո՞ւ էլի, ինչու շատ չէինք դպրոցում, որ էնտեղ էլ էսպես հավես անցներ, ու մեկ-մեկ մեծ քանակի շնորհիվ կարողանայի թաքնվել դաս պատասխանելուց:

Հա, կիսատ մնաց, է, խոսքս: Եկավ սեպտեմբերի 1-ը, ես դարձա 18 տարեկան: Բայց մինչ սեպտեմբերի մեկին պատրաստվելը, ես նախօրոք պատրաստել էի շորերս, թե ինչ պետք է հագնեմ սեպտեմբերի 1-ին՝ վերջ ի վերջո, առաջին անգամ համալսարան եմ գնում: Ինչպես դպրոցում, այդպես էլ բուհում՝ վերնաշապիկով ու, արդեն երևի հասկացաք, սիրուն-սիրուն հագնվեցի ու դեպի մետրո:

Դե, աշխույժ օր է, բնականաբար շատ մարդ կա: Ես էլ, երբ նստում եմ մետրոյի նստարանին, ներս է մտնում կամ մի աղջիկ, կամ մի տարեց կին ու կանգնում ինձ մոտ: Ես էլ տեղիցս վեր եմ կենում ու առաջարկում նստել: Ասում են՝ շատ շնորհակալ եմ ու տեղերով փոխվում՝ բռնվում մետրոյի բռնակներից ու կիսաբաց աչքերով մի կերպ կանգնում այդ խիտ մարդաշատ վագոնում: Գնանք առաջ, երևի ցանկացած ուսանող կհասկանա, թե ինչ է կատարվում, երբ դուրս ես գալիս մետրոյից ու գնում դեպի քաղաք: Ախ, այդ հաճելի քամին, որ բոլորն են սիրում մետրոյից դուրս գալուց անմիջապես հետո: Բայց հենց աստիճաններով բարձրանում ես, էլի նույն շոգը. տաք ասֆալտ, ու առաջ՝ Երիտասարդականից դեպի Ճարտարապետական: Եկա հասա, համալսարանի դիմաց կանգնեցի: Նայում եմ շուրջս ու ինձ հարցնում: Մի՞թե այս մարդիկ են ուսանողները, որ եկել են կարմիր բոթասներով, ճղված ջինսերով ու հիփ հոփ ոճի գլխարկներով: Դե լավ, հա: Ի՞նչ գործ ունեմ ուրիշի հետ, գնամ համալսարան, տեսնեմ՝ ինչ է կատարվում:

Ինչպես միշտ, բացման խոսք, ու դրանից հետո դեպի 4-րդ հարկ՝ դասացուցակի մոտ: Դե, սեպտեմբերի 1-ը ուրբաթ էր: Ինձ մնում էր սպասել երկուշաբթի օրվան:

Եկավ երկուշաբթին: Ծանոթացանք, բայց մինչև հիմա էլ ծանոթանում ենք, որովհետև անունները միշտ խառնում ենք: Բայց այդ անգամ կար և հաճելի պահ, և մի տխուր պահ: Հաճելի է, երբ նոր կյանք ես մտնում, նոր շենք, նոր մարդիկ ու ավելի հետաքրքիր դասեր: Բայց տխուր է, երբ սեպտեմբերի 1-ին, երբ արթնանում  էի, միշտ եղբայրս գալիս էր, վերմակը քաշում ու գոռում՝ ծնունդդ շնորհավո՜ր: Ես էլ որ միշտ ջղայնանում էի առավոտվա իր ավանդույթից, այդ օրերին չէի ջղայնանում, որովհետև անհնար է ծիծաղելով բարկանալ:

Լավ, ես արթնացա, հետո գնացի հյուրասենյակ: Դատարկ է, մարդ չկա, բայց եթե մեր տանը լինեի, հաստատ ամեն մեկը իր տեղից կկանգներ ու կմոտենար ինձ, ու նույնը դպրոցում: Բայց այս անգամ էլ թող էսպես լինի. սա էլ իր հետաքրքրությունն ունի: Հիմա էլ, երբ իմացան ծննդյանս օրվա մասին, կեսը շնորհավորում էր, կեսը չէր հավատում, մի մասն էլ զարմանքից ծիծաղում:

Երբ տուն եկա հոգնած՝ պլակատների, մեծ տախտակի, ներկերի ու քանոնների հետ միասին, ու դրանց մի կողմ գցելով, մոտեցա բազմոցին ու հանեցի հեռախոսս, որ տեսնեմ՝ ով է ինձ հիշել ու շնորհավորել: Հաճելի է կարդալ, շնորհավորանքներ ստանալ, զանգեր, բայց էլ ավելի հաճելի է, երբ բացումես ֆեյսբուքյան էջդ ու տեսնում, որ կա 10 շնորհավորանք, որից 7-ը իմ 17-ի երեխեքն են: Շնորհակալ եմ իրենց, որ կան:

Հա, ու մի փոքր դաժան լրացում անեմ: Ծննդյանս օրը հաշվեցի և տեսա, որ այսպես մի քանի տարի շարունակ է լինելու. Բանակ, որը իր մեջ ներառում է 2 ծնունդ և ուսանողական 3 տարի, բայց մարդ ես, էլի, եթե մագիստրատուրա էլ շարունակեցի, ես կմոռանամ, թե ինչպես են նշում ծննդյան օրը հարազատներիս հետ:

Astghik Ghazaryan

Առած-ասացվածքներ

Այսօր ներկայացնում եմ տատիկիցս գրի առած առած-ասացվածքները հենց իր մեկնաբանություններով:

Րեխեն ազիզ ա, թարբիաթը րեխիցը ազիզ ա:

Րեխեն ծնողի ջիգյարն ա, բայց ընտանիքի պատիվը, դաստիարակությունը, նիստուկացը ավելի թանկ են:

***

Աբրուշումա տիկինը պրթատիկնի ղաքին ղրավաշ ա:

Մարդ կա, վեր լավ ծնողի ժառանգ ա, անող-տնող, բայց Աստված նրան տվել չի, վեր լավ ապրի, ու մի փնթիի ղաքին նոքարություն ա անըմ իրա ընտանիքի գոյությունը պահիլու հըմար:

***

Իշին պոզեր չի տյուս էկավ, ասեց՝ տյառ կոդուխ եմ:

Ամեն մինը պետք ա իրա տարիքին սազական խոսք ու արարք ունենա:

***

Շունը շանիցն ա, կաշին կղանիցն ա:

Եթե մարդը վատն ա, իրանից ծնվածը իրա նման վատը դի լիլ:

***

Թուքը` թքողին, մուրը` մրողին, ո՞վ կթքի իրա ծնողին:

Մի ջահել հարսն ա լըմ: Էդ հարսը վատն ա լըմ. փռնըմ են, մրըմ, կապըմ, ճըմփի կես տեղը նստցնըմ, կեղին էլ ասըմ, վեր քյացող-էկողը վրին թքի: Իրա տղա րեխեն դետնն անց կենալիս ա լըմ: Ասըմ են` վիրին թքի: Տղեն կաղնըմ ա ու ասըմ.

- Թուքը` թքողին, մուրը` մրողին, ո՞վ կթքի իրա ծնողին:

***

Սևին սապունն ինչ կանի, խևին` խրատը:

***

Օրեն զարդանք ա, տարեն մխկիթ:

Տեսքը լավն ա, սիրուն ա, բայց պիտանի չի, անորակ ա:

***

Աստվածը խառատ չի, իրար քցող ա:

***

Ճումբն ըլել ա սարի կլյուխ, լյաց ա լըմ:

***

-Տնա’զ, տնա’զ, ո՞ւր ես քյըմ:

 -Տնազ անիլ…

Ինքը մի պյան չի, դիմացինին էլ հլա տնազ ա անըմ:

***

Քարի պյուճուրը չի մեծանըմ, իսանի պյուճուրը մեծանըմ ա:

***

Ինքը մարդանման չի, խոսքը մարդասպան ա:

***

Պերանի տյուս էկածը իրանից մեծ ա:

***

Հաթամը խաբվըմ ա, պտուղը ուտըմ ա:

***

Ծյուածի հավը կչկչան ա:

Ղոչաղ օքմին լյաչառ ա ըլըմ:

***

Չուտողի մալը ուտողին հալալ ա:

***

Կակող խաչին տևերը տրոր են տալիս:

Համեստ, խելոք մարդուն հաշվի չեն առնըմ:

***

Անճարն ա կերել թանն ու պյանջարը:

Եթե մարդ հնար չունի, հարմարվիլ դի, էլի:

***

Թյուլեն դյամակըմ են խրատըմ:

Րեխին օրորոցից պետք ա դաստիարակեն:

 

Ասացող` Սիրանուշ Ղազարյան (Ամայ)
Գրի առնող` Աստղիկ Ղազարյան
Տավուշի մարզ, գ. Գետահովիտ

մարինե իսրայելյան

Ուսանողական վախեր

Արդեն բավական ժամանակ է անցել, և ես դժվարանում եմ հիշել, թե ինչ պատկերացումներ ու սպասելիքներ ունեի առաջին դասարան ոտք դնեուց առաջ, և արդյո՞ք արդարացան դրանք, թե ոչ, բայց ամենայն հավանականությամբ ես միայն համակերպվեցի:

Երկար ժամանակ չի անցել, բայց ես կրկին չեմ հիշում, թե ինչ սպասելիքներ ունեի համալսարանից, բայց հիմա ինչ-որ զգացում ունեմ, որ ամեն ինչ հենց այսպես էլ պետք է լիներ: Չհիշելով իմ երազանքները, չգիտես ինչու, հիշում եմ ընկերներիս, ծանոթներիս երազանքները, օրինակ` նրանցից ոմանք պատկերացնում էին, որ լսարանները լինելու են կիսաշրջանաձև` ներքևում ամբիոնը, գրատախտակը և դասախոսը, իսկ նրա շուրջը դեպի վեր կազմահարկերով ձգվելու են սեղաններն ու նստարանները, ճիշտ ինչպես ֆիլմերում: Երևի այդ մարդիկ մի քիչ կոտրվեցին, քանի որ մեր լսարանները դպրոցական դասարաններին շատ նման են, ուղղակի մի քիչ ավելի մեծ: Ինչ-որ մեկը պատկերացնում էր լուսավոր, հարմարավետ ու ամենակարևորը, լայն կերակրացանկով բուֆետ, բայց դե դա ևս չարդարացավ: Ինչևէ, մենք ինչ ասես չենք պատկերացնում, բացի այն հիմնականից, ինչը հենց համալսարանի իրական գործառույթն է, այսինքն, որակյալ և կայուն գիտելիքի մատուցումը:

Այս ամենը գրելու առիթը եղավ այն, որ սեպտեմբերի մեկը տարբեր կերպ անդրադարձավ նոր ուսանողների վրա: Եղան մարդիկ, որ մի քիչ հիասթափվեցին, մի քիչ ընկճվեցին: Հետո նրանք իհարկե ժպիտով են հիշելու այնօրվա հուզմունքը, բայց կարծում եմ, որ դա բնական է, և հատուկ է բոլորին, որովհետև մենք գուցե երևակայում էինք, որ մեր ինքնաթիռը պիտի վայրէջք կատարի Պետերբուրգում, բայց պարզվում է, որ այն իջել է Մոսկվայում: Մոսկվան էլ վատ քաղաք չէ, թեև ժամանակին ընդամենը մեծ գյուղ է եղել, պարզապես մենք նրա մասին չէինք երազել:

Խնդրի լուծման համար պիտի լայնացնենք մեր երազանքների շրջանակները և ուրախ ապրենք, չէ որ ուսանողական կյանքի յուրաքանչյուր խոչընդոտ (որոնք երբեմն այնքան շատ են) բացասական վերաբերմունքի դեպքում մեզնից կխլի մեր կյանքի հիասքանչ օրերից մեկը, իսկ պայծառ հայացքի դեպքում` այն հեշտությամբ կհաղթահարվի և քաղցր հուշ կդառնա մեր կյանքի հաստափոր գրքում:

Մի կյանքի պատմություն

Լուսանկարը՝ Աստղիկ Հունանյանի

Լուսանկարը՝ Աստղիկ Հունանյանի

Չորս տարի առաջ էր, երբ մտադրություն անգամ չունեի ուսանող դառնալու: Ցանկությունս մեծ էր, բայց չէի ուզում ծնողներիս ավելորդ ծախսերի տեր դարձնել: Այդպես էլ չպարապեցի ո՛չ հայոց լեզու, ո՛չ մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա և ո՛չ էլ իմ մասնագիտական առարկաները: Ընդունելության նախավերջին օրն էր, տխուր նստած էի: Մոտեցավ մայրս՝ արցունքոտ աչքերով:

-Ի՞նչ ես մտածում:

-Հեչ, մամ ջան, գլխացավ ունեմ:

Լռությունից հետո մայրս շարունակեց.

-Բալես, արի փորձի, էլի, կընդունվես՝ կընդունվես, չես ընդունվի՝ էլի կփորձես:

Երբ հայրս տուն վերադարձավ, սկսվեցին բանակցությունները փակ դռների հետևում: Մոտեցավ հայրս.

-Հը՞ն, չփորձե՞նք գնալ քո երազանքի հետևից: Միայն պիտի խոստանաս, որ հուսախաբ չես անի:

-Հա, հա, պապ ջան, խոստանում եմ:

-Դե, իմացի՝ ինչ ա պետք, վաղը գնում ենք:

Օրեր անցան, քննությունները հանձնեցի (ինձ թվում էր՝ ամեն ինչ լավ է, բայց ներքին վախ կար սրտումս): Եկավ վճռորոշ պահը՝ ընդունվե՞լ եմ, թե՞…

Երբ արդեն համալսարանի առաջ էինք, վազեցի, ներքին համոզմամբ, որ բախտը ժպտացած կլինի: Արագ-արագ կարդում էի անունները, «Ն» տառով ազգանունները երեք անգամ ուշադիր կարդացի, բայց իմ ազգանվանը այդպես էլ չհանդիպեցի: Երկու կամակոր արցունքի կաթիլ հայտնվեցին աչքերիս մեջ, ապա երրորդը, չորրորդը, հինգ, վեց… հարյուր, հազար: Հայրս տխուր էր.

-Հը՞ն, չկա՞: Ոչինչ, էլի կփորձես, հաջորդ տարվան թող:

Արդեն ուզում էինք գնալ, երբ մի միջահասակ մարդ մոտեցավ հորս:

-Ինչո՞ւ է լացում, վճարովի՞ է ընդունվել:

Ամոթից կարմրած հայրս.

-Չի ընդունվել, հաջորդ տարի կփորձի:

-Բայց այս տարի… Անունդ ասա:

-Նա… Նավա…

-Արմինե՞:

Էլի կարմրեցի, այդ պահին անգամ անունիցս էի ամաչում:

-Ապրես, աղջիկ, անվճար համակարդգի առաջատարն ես, ամենաբարձր միավորները գրանցվել են քո մոտ, շնորհավորում եմ:

Շփոթված էի, արցունքներս իրար հերթ չէին տալիս, որ շնորհակալություն հայտնեմ:

Իրենց բարդություններով ու խոչընդոտներով՝ անցան այս չորս տարիները, հանդիպեցի հորս նման մի հոգատար, աջակցող մարդու: Ամուսնացանք: Հարսի պատասխանատվություն կար վրաս, ուզում էի թողնել ուսումս, բայց ամուսինս արգելեց անգամ մտածել այդ մասին: Ծնվեց որդիս, ում ուղեկցությամբ ամեն օր վայելում էի ուսանող լինելու պատիվը:

Զրուցում էի հորս հետ.

-Պապ, կներես, դիպլոմս կապույտ ա, քեզ հուսախաբ արեցի:

Համբուրելով որդուս ճակատը՝ հայրս ժպտաց:

-Կարևորը այս թուշիկներն են միշտ կարմիր… Գլխավոր տիտղոսը մարդ լինելն է:

Վերջերս Աստծո կամոք, ծնողներիս, ընտանիքիս, հարազատներիս, ամուսնուս ու որդուս աջակցությամբ՝ հասա ամենադժվար ուղիներով անցած երազանքիս: Շնորհակալ եմ:

davit aleqsanyan

Վերջացան ամառային արձակուրդները

Բարև բոլորին, ով կարդում է նյութս: Ամբողջ ամառ համարյա տանը չէի լինում, այդ պատճառով չէի գրում: Իսկ ինչո՞ւ համարյա տանը չեմ լինում. ասեմ՝ սարում էի։ Ամբողջ ամառ աշխատում ենք, դրա համար էլ օրերն ենք հաշվում, թե երբ են դասերն սկսվելու:

Այս տարի սեպտեմբերի մեկին շատ անհամբեր էի: Արթնացա ժամը 6-ին՝ չնայած, որ զարթուցիչս ժամը 8-ին էր։ Բայց այդ անհամբերությունն էլ ունի իր պատճառները։ Դեռևս անցած տարվա երկրորդ կիսամյակից մենք դասղեկ չունենք, և ես անհամբեր սպասում էի, որ իմանամ, թե ով է մեր դասղեկը։ Իսկ երկրորդ պատճառն այն է, որ ուսուցչական կազմում փոփոխություններ են եղել, իսկ դա նշանակում է, որ լինելու են նոր դեմքեր, նոր ծանոթություններ։

Ժամը 9-ին հնչեցրին նոր ուսումնական տարվա առաջին զանգը։ Դպրոցի տնօրենը երեխաներին իր ուղերձը հղեց և, ամփոփելով անցած տարվա առաջադիմության արդյունքները՝ գերազանցիկ աշակերտներին գովասանագրեր հանձնեց։ Դրանից հետո եկան երկու զինվորական։ Չգիտեմ՝ ձեզ մոտ կա՞ նման բան, թե՞ ոչ։ Բայց սահմանամերձ գյուղերում շատ ամուր է կապը բանակի հետ: 10, 11, և 12-րդ դասարանի աշակերտներին տարան մի դասասենյակ, որտեղ սպաները պատմեցին մեր բանակի մասին, արդեն երկրորդ անգամ էի լսում։

Իսկ հանդիպումից հետո էլ իմացա, որ այս տարի նախորդ տարիների պես 10 հազար դրամ դժվարությամբ աշխատած գումար չեմ տալու և ասեմ՝ վերցրեք, գրքերիս փողն է, քանի որ սահմանամերձ գոտում ապրող երեխաների համար դասագրքերն այս ուսումնական տարվանից անվճար են դարձել։

Ջա՜ն, էլի դասի ենք։

Hayk Qalantaryan

Ուսանողական կյանքի առաջին սեպտեմբերը

Իմ առաջին ուսանողական սեպտեմբերի 1-ն էր, առաջինը ու ամենադժվարը, ամենահաճելին, լարվածը… Հա, հա, լարվածը: Դպրոցում համարյա չես լարվում էս օրերին, մենակ առաջին դասարանում, ուղղակի էդ ժամանակ կիսով չափ, որովհետև դեռ չես գիտակցում։

Բայց փորձում էի առավելագույնս հաճույք ստանալ ամեն մի վայրկյանից՝ ֆիքսելով ամեն ինչ ու զգալով պահի լրջությունը։ Երևի ստացվեց (ախ, էս «երևի»-ները): Հավատացեք, էդ ամենի մեջ կար ինչ-որ ծիծաղելի, անհասկանալի մի բան․ մենք իսկական առաջինկուրսեցիներ էինք․բոլորս լարված, անտեղյակ, անընդհատ շվարած նայում էինք անորոշ ուղղությամբ կամ ջանում էինք, թաթերի վրա կանգնելով, մի քիչ էլ բոյ հավաքել ու փորձել հեռվից հեռու գտնել ինչ-որ ծանոթի, որպեսզի կարողանանք կոծկել էդ խառնաշփոթ ապրումները։ Բայց մեկ ժամ հետո սկսեց անցնել էդ ամենը, ու ակամայից սկսում էի զգալ ինձ տանը ՝ էլի դպրոցի պես, էլի նույն կանոններով՝ պարզապես մի բառի տարբերությամբ: Համալսարանը մեր տունն է… Իսկ երբ սկսեցինք դասերը, ես մտովի գնացի դպրոց․ ամեն բառի հետ հիշում էի դպրոցը, հիշում դասատուներիս ամեն մի խոսքը, էն որ ասում էին. «Էսա ուսանող կդառնաք, կիմանաք՝ էդ ինչ ա, ջահելություններդ կվայելեք»։ Էխ, դպրոցը…
Դժվար է ամբողջությամբ ու ճիշտ նկարագրել էդ ամեն ինչը, որովհետև դեռևս այս փոփոխությունների ազդեցության տակ եմ, չեմ կարողացել մտքերս լիովին ի մի բերել: