hripsime vardanyan

Այն, ինչը ոգեշնչում է

Կասկադ. սեպտեմբեր. երկու-երեք հարյուր հոգի լուռ ու ուշադիր լսում են Գագիկ Գինոսյանի հայրենասիրական և ոգեշնչող կոչը, այնուհետև պարի պատմությունը, որը ներկայացնում է ամեն պարից առաջ:

Եվ վերջապես հնչում է երկար սպասված «Հե~յ»-ը, և սկսվում է հայկական «յարխուշտան»: Սկսում են «Մշո Խըռով», հետո տղաները դուրս են գալիս շարքերից սկսում են ծափերը, թռիչքները, հարվածները: Պարը նմանվում է իսկական կռվի:  Շրջապատող մթնոլորտը քեզ ստիպում է վերապրել պատմությունդ, մտքով հետ գնալ այն ժամանակները, երբ «յարխուշտան» պարում էին պատերազմներից առաջ՝ մարտական ոգին բարձրացնելու համար: Պարը վերջանում է  տղաների միաձայն «Հեյ հո»-ով:

Գագիկ Գինոսյանը սկսում է պատմել հաջորդ պարի պատմությունը, թե որտեղից է եկել, ով է մշակել և այլն: Ու հանկարծ, տեսնում ես մարդկաց գլխավերևով անցնող կոպալը, դհոլը, շվին և զուռնան: Սկսում է նվագել կենդանի երաժշտությունը: Կոպալի ամեն զարկի հետ սիրտդ սկսում է ավելի արագ աշխատել: Նայում ես շուրջդ, մեծահասակ մարդկանցից մինչև երկու-երեք տարեկան երեխաները, զբոսաշրջիկները պարում են: Այդ պահին մտածում ես, թե որքան քիչ բան է հարկավոր մարդուն երջանիկ լինելու համար:

Ես այդ պահին ինձ լիովին երջանիկ մարդ էի համարում: Ես կարծում եմ, ամեն հայ պետք է իմանա գոնե մեկ հայկական, ազգային պար: Եվ քանի որ ազգային պարերից մեկը սովորելով ցանկանում ես ևս մի քանիսը, այնուհետև բոլորը սովորել`  ես ցանկանում եմ, որ բոլորդ սկսեք պարել մեր ազգայինը: