anahit badalyan (kapan)

Անկե՞ղծ…

Այն, ինչի մասին ուզում եմ խոսել այսօր, իմ ամենամտերիմ ընկերն է ու ինձ ոգեշնչողը: Մի առիթով հարևաններից մեկն ասաց. «Դու կիմանաս՝ մոտիվացիան ո՞րն ա, հայերեն ո՞նց ա թարգմանվում»: Այդ ժամանակ փոքր էի՝ տասներկու տարեկան: Լսել էի՝ մոտիվացիա բառն օգտագործում էին դրական իմաստով, բայց որ ասեմ՝ կոնկրետ իմաստը գիտեի, սուտ կլինի: Ինձ հետաքրքրեց՝ ինչ է նշանակում այդ բառը, ինչ իմաստով է գործածվում, բայց մի քանի րոպե անց ընկա դասերովս ու մոռացա անգամ բառարանս բացել ու նայել: Բառը թռավ մտքիցս, ու մի ահագին ժամանակ էլ չհիշեցի դրա մասին:

Երկու գիրք կա, որ ինձ ստիպում է գնահատել ունեցածս ու պայքարել՝ ավելին նվաճելու համար: Մեկը Հեկտոր Մալոյի «Առանց ընտանիքի»-ն է, իսկ մյուսն իմ ամենասիրելի գիրքն է՝ «Ալքիմիկոսը»: Թեմայից չշեղվեմ: Ժամանակ անցավ: Ես մեծացա ոչ միայն տարիքով, այլ նաև հոգով ու սրտով, իսկ որ ամենակարևորն է՝ մտքով: Ու հիմա, երբ հետ եմ նայում, տեսնում եմ, որ արդեն երկար տարիներ ես պայքարում եմ: Ես մի երազանք ունեմ: Մի անասելի մեծ ու սիրուն երազանք, որն ինձ ուժ է տալիս անգամ այն պահերին, երբ ես թևաթափ եմ լինում: Երազանք, որն իմ փոքր ընկերն է, իմ մտերիմը: Տարիների ընթացքում փոխվել են արտաքինս, բնավորությանս որոշ գծեր, մտածելակերպս, աշխարհայացքս, դպրոցս, բնակությանս վայրն ու անգամ շրջապատս: Փոխվել է ավելին, քան ես կարող էի նույնիսկ պատկերացնել: Փոխվել եմ ես՝ ոտքից գլուխ: Բայց այդ երազանքս տարիների հետ չի փոխվել, չի վերացել, չի արժեզրկվել ու մնացել է նույնքան թանկ ու կարևոր, որքան եղել է միշտ: Ես շատ բաներից եմ հետ կանգնել, հիասթափվել, բայց ոչ երբեք իմ երազանքից: Իմ առաջ շատ դռներ են բացվել ու փակվել, բայց ես երբեք չեմ դադարել հավատալ իմ երազանքին:

Մի տարի առաջ ես սկսեցի քայլեր անել երազանքիս հասնելու համար: Ժամանակն էր գիշերները քնելուց առաջ երազելուց բացի նաև կոնկրետ ու հստակ քայլեր անելու՝ երազանքը նվաճելու համար: Այո՛, դրա ժամանակն էր, այդ պահն արդեն հասունացել էր: Ես փորձեցի, արեցի առաջին քայլս ու երազանքիս ճամփան այնքա՜ն գունեղ ու գեղեցիկ թվաց: Ես, չնչին տարակուսանքով, բայց հույսերով լցված՝ առաջ էի շարժվում: Ու փոքր-փոքր քայլերս ինձ ակամա բերեցին ու կանգնեցրին երազանքիս առաջ: Ես այնքան մոտ էի կանգնած նրան՝ մի քայլ հեռավորության վրա: Թվում էր՝ այն արդեն նվաճված էր: Բայց, ա՜խ, այդ մի քայլը: Միայն թե պատկերացնեք՝ ինչքան դժվար է: Ամենադժվարը հենց այդ վերջին՝ կարևորագույն քայլն անելն է: Ամենադժվարը հենց այն պահն է, երբ գիտակցում ես, որ հասել ես անհավատալիին ու շա՜տ մոտ ես երազանքիդ իրականացմանը: Ու ամենադժվարը հենց այն է, որ ստիպված ես լինում հետ գնալ ու ամեն ինչ սկսել նորից, որովհետև այդ վերջին քայլը, ավաղ, ձախողվել է:

Երբ հետ ես գնում՝ ամեն բան նորից սկսելու, արդեն ավելի վստահ ես քայլում ու համարձակ: Ինչո՞ւ, որովհետև ծանոթ ես այդ ճանապարհին ու լավ գիտես՝ որտեղ են խորդուբորդ ու հարթ հատվածները: Հիմա էլ տարակուսանք չկա, անգամ մի փոքր: Չնայած՝ կա: Բայց այդ տարակուսանքը միայն մի հարցի շուրջ է՝ կկարողանա՞մ այս անգամ կատարել վերջին քայլն ու նվաճել երազանքս: Հիմա դու չես դողում քո ամեն քայլի վրա ու չես վախենում ոտքդ գետնին դնելիս: Հիմա դու ուղղակի վազում ես այդ ճանապարհով՝ մտքումդ միայն մի հարց տալով. «Կկարողանա՞մ անել դա այս անգամ»: Բայց մի րոպե. կանգ առ, սիրելի՜ս: Քեզ նայիր: Տես՝ որքան համարձակ ես հիմա, զգա՝ ինչքան ես փոխվել: Դու քաջ ես, քաջ աղջիկ, դու էլ չես վախենում ոտքդ ոտքիդ առաջ դնելուց: Դու էլ այդ ճանապարհը ցույց տվողների կարիքը չունես, դու այն արդեն գիտես, դու դա սովորել ես ինքդ՝ սեփական մաշկիդ վրա կրելով այդ ճանապարհի վթարներն ու պատասխանատվությունը կատարածդ խախտումների: Դու անգամ գիտես՝ որ հատվածում է այդ ճանապարհը մարդաշատ ու որտեղ՝ ավելի լուռ ու հանդարտ: Ճանապարհի լուսակիրները քեզ այլևս պետք չեն, դու անգիր գիտես բոլոր անցումներն ու մայթերը: Դու գիտես՝ ճանապարհի որ կետում ով է կանգնած, ում պիտի բարևես ու ում՝ ուղղակի արհամարհես ու անցնես: Դու սովորել ես այս ամենը: Հիմա մի բան ականջիդ օղ արա. անկախ նրանից՝ կանես վերջին քայլն այս անգամ, թե ոչ, դու այնքան ես կոփվե՜լ… Դու այնքան ուժեղ ես դարձել: Կոտրվելու փոխարեն դու ավելի ես ամրացել: Երազանքիդ ճանապարհով քայլելու համար հիմա քեզ միայն դու ես պետք, դու՝ ամբողջ քո «ես»-ով: Հաշվե՞նք՝ ինչքան բան ես սովորել դեպի երազանք տանող ճանապարհին: Գնացինք: Սովորել ես քայլ անելուց առաջ երկար մտածել, սովորել ես ճանաչել դեպքերն ու դեմքերը, սովորել ես քայլել «առանց կոշիկների»՝ հույսդ միայն քեզ վրա դնելով ու երբեմն ասֆալտի քարերը տրորելով, սովորել ես արհամարհել քարերի առաջացրած վերքերն ու շարունակել ճամփան: Սովորել ես լուսավորել քեզ՝ լույսի բացակայության դեպքում ու հեռու մնալ ուրիշ լապտերներից. դրանք մեկ է՝ շուտ հանգչելու էին: Սովորել ես ճամփա գնալուց առաջ հստակ նպատակ դնել ու քայլել դեպի նպատակակետդ: Սովորել ես ճանաչել քեզ՝ թույլ ու ուժեղ բոլոր կողմերովդ ու մարտահրավեր նետել քո մեջ եղած այն մեկին, ով իր թուլություններով խանգարում է այն ուժեղ ու համարձակ «ես»-ին:

Այ, այսքան բան եմ ես սովորել: Ու այսքանն այն դեպքում, երբ ես դեռ չեմ արել այն վերջին ու վճռորոշ քայլը, որից այն կողմ իմ երազանքն է: Հա, հիմա երևի դու էլ ես մտածում, որ եթե ես էլի վրիպեմ, հետ գնամ ու նորից սկսեմ ճամփաս, էլի ահագին բան կսովորեմ: Ո՞վ իմանա: Կոելյոն ասում էր՝ վախենում եմ՝ երազանքս կատարվի, ու ես էլ ապրելու նպատակ չունենամ: Տեսնո՞ւմ ես՝ ինչքան բան եմ սովորել: Տեսնո՞ւմ ես՝ ոնց եմ հանգիստ խոսում իմ՝ վերջին քայլս այդպես էլ արած չլինելու մասին… Իսկ դու գիտե՞ս՝ ես ինչ եմ զգացել, երբ այդ քայլս չեմ կարողացել անել: Ինձ համար հեշտ չի եղել հետ գնալ ու ճամփաս նորից սկսել: Ես հո քարից չե՞մ: Բոլորն ու ամեն ինչն ինձ օգնել են: Ինձ օգնել է այն, որ ես սկսել եմ գնահատել իմ՝ առավոտյան ողջ ու առողջ արթնանալու փաստը, ինձ օգնել է այն, որ ես սիրում եմ իմ արած ամեն բանը, որովհետև ուրախ եմ, որ կարողանում եմ մի փոքր բան անգամ անել ճիշտ ու գեղեցիկ ձևով, ինձ օգնել են այն մարդիկ, որոնց իմ կողքին լինելը ինձ համար թանկ է աշխարհում ամեն ինչից, և օգնել են նրանք, ովքեր իրենց ներկայությամբ ինձ ապացուցել են, որ աշխարհը լիքն է կեղծավորներով, ու իրենք ամենուր են, ինձ օգնել է իմ տեսած ու չտեսած ամեն ինչը: Ինձ օգնել են առավոտյան արևն ու երեկոյան լուսինը: Հիմա ես ժպտում եմ ամեն փոքր բանից, որ կարող է ուրախություն տալ մարդուն: Ես աննկարագրելի անկեղծությամբ ժպտում եմ, երբ պատուհանից տեսնում եմ ձյունը, երբ հանում եմ գլուխս պատուհանից, փաթիլները թափվում են մազերիս, հետո մտնում եմ տուն, արագ նայում հայելու մեջ ու կարողանում եմ տեսնել դեռ չհալված փաթիլները մազերիս վրա: Հա, ես ժպտում եմ դրանից, ուրախանում: Ես փորձությունների հանդեպ այնքան ուժեղ եմ դարձել: Ինձ էդպես է թվում: Ես անգամ կարողանում եմ խոսել սեփական արցունքներիս հետ ու հասկացնել նրանց, որ ես ավելի ուժեղ եմ, քան իրենք: Ես կարող եմ ու ես պիտի…

Հիմա, երբ ես այ այսքան բանը գիտակցում ու հասկանում եմ, ես զգում եմ, որ պատրաստ եմ այդ վերջին քայլին: Իսկ վերջին քայլը բնավ էլ ծանր բան չէ: Վերջին քայլն իրականում այն է, երբ պիտի ինքդ քեզ պատրաստես նվիրական երազանքիդ իրականացմանը: Բա գիտես՝ հե՞շտ է լինելու հետո, երբ այն կատարվի: Բա էլ ի՞նչն է քեզ ոգեշնչելու ու առաջ տանելու, էլ ինչի՞ շնորհիվ ես կոփվելու ու ամրանալու: Հենց սա է վերջին քայլը: Սա այն պահն է, երբ պիտի համոզես ինքդ քեզ, որ դու հրաժեշտ ես տալիս երազանքիդ՝ այն դարձնելով ներկա, իսկ հետո՝ անցյալի սիրունագույն հուշ: Հիմա ես շնորհակալ եմ երազանքիս, որ այն ինձ այսքան բան է տվել: Հա, ու մեկ էլ… Շնորհակալ եմ երազանքիս, որ տարիներ անց ինձ հիշեցրեց մոտիվացիա բառի՝ ինձ հետաքրքրելու մասին, ու այնպես արեց, որ առանց բառարան բացելու կարողացա իմանալ, թե ինչ է այն նշանակում: Մոտիվացիա նշանակում է ուժ, որը ներսից քեզ տանում է դեպի երազանքդ ու այնպես անում, որ դու ավելի ուժեղ գտնվես, քան հանգամանքները, մարդիկ ու «մարդիկ»: