lilit grigoryan

Անձնական դիջեյներ չե՞ք ուզի

Մտածում էի ու ուզում էի գտնել մի հաճելի բան, թե ինչով է մեր կյանքը տարբերվում հեռուստատեսությամբ ցուցադրվող հայկական սերիալներից: Դրանցից շատերը նկարահանված են իրական դեպքերի հիման վրա: Սերիալներում էլ կան դրվագներ, որտեղ մարդիկ առավոտյան վեր են կենում, փողոցով ուղղակի քայլում են, գնում են դպրոց, աշխատանքի, առևտուր են անում: Դե, մեր առօրյայի մի մասն են սրանք կազմում: Չեմ ուզում հայկական սերիալների մասին երկար խոսել, որովհետև չեմ հետևում դրանց ու երևի քննադատությամբ մոտենամ այդ հարցին:

Ձեզ դուր չե՞ն գալիս մեր հայկական սերիալները: Ինձ էլ: Ավելի ճիշտ՝ նույնատիպ սցենարներն ու դերասանական կազմը: Գիտեմ, շատ եմ լսել, որ մեկ սցենարում նույն դրվագը կարող է չորս, հինգ անգամ կրկնվել ու ձանձրացնել հեռուստադիտողին: Ասում են, որ հայկական բոլոր սերիալներում էլ գլխավոր դերում միշտ ինչ-որ սիրահար զույգ է, որի շուրջը ծավալվում են մյուս իրադարձությունները, այդ թվում՝ մշտապես մեկ-երկու ավտովթար, բարեկամների հետ տարբեր խնդիրներ, վեճեր, բաժանում ու միացում, նոր անծանոթ անձի առկայություն, որը փոխում է սցենարի ընթացքը: Նոր բան չասացի, գիտեմ: Ուզում էի չխոսել այս մասին, բայց չստացվեց:
Լավ, ինչ էի ուզում գտնել: Հա, հաճելի ու դրական բանը հայկական սերիալներում, որ չկա մեր կյանքում՝ երաժշտությունը: Ամեն դեպքի, քայլի հետ՝ երաժշտություն: Քայլում ես, ոտքդ ոլորվում է, ու հնչում է տխուր կամ տագնապալից երաժշտություն: Զվարճանում ես, վայելում օրդ՝ թեթև երաժշտություն: Հուզված ես՝ հուզիչ ու սիրտ շոյող երաժշտություն: Գեղեցիկ է: Անգամ քնած ես կամ նոր ես արթնանում, ու այդ ժամանակ՝ էլի տրամադրությանը համապատասխան երաժշտություն: Չեմ նայում սերիալներ, բայց անգամ, երբ հարևանի տանն եմ, երաժշտությունն ինձ ձգում է դեպի հեռուստացույցի էկրանն ու այնպես անում, որ այդ օրվա սերիան մինչև վերջ նայեմ ու սպասեմ հաջորդին:
Նույնը իրական կյանքում կուզեի: Դե, ես կարողանում եմ կարգավորել դա՝ քթիս տակ ինչ-որ երգեր երգելով, երբ գնում եմ խանութ, երբ տխուր եմ ու լուրջ պատճառ կա դրա համար, երբ ուրախությունից կարելի է անգամ ճչալ: Շշուկով երգում եմ, բայց ավելին եմ ուզում: Ուզում եմ, որ այդ ձայներն ավելի բարձր լինեն, ինչպես, օրինակ՝ մեր ավտոմեքենան սլանում է` ներսում ես, քամին ու Սելին Դիոնը: Ուզում եմ, որ մենք երկնքում ունենանք մեր անձնական դիջեյները:
Այս մի բանով սերիալներն ինձ ավելի հաճելի են: Ամեն բան քննադատելուց առաջ դրա մեջ լավը տեսնելը մեզ չի խանգարում, ավելին՝ դրական էներգիա է փոխանցում: