Սևան մեդիա ճամբար. Աշնան ցուրտ օրն ու ֆոտոարշավը

Օրը շատ ցուրտ էր, և ոչ ոքի մտքով չեր անցնում, որ կարող էր այդքան հետաքրքիր անցնել: Մենք բաժավեցինք խմբերի և անցանք գործի: Մի մասը գնաց ֆոտոյի, իսկ մյուս մասը թիավարության ֆիլմը նկարելու:

-Ֆոտոյի երեխեք, ֆոտոյի երեխեք,- կանչում էր ընկեր Դիանան:

-Գալիս ենք…Գալիս,- գոռում էինք մենք ի պատասխան:

Հավաքվեցինք, տեղավորվեցինք մեքենայի մեջ ու գնացինք ֆոտոարշավի: Արշավը անցկացրինք Սևան քաղաքում: Քաղաքում շատ ցուրտ էր: Մեր միակ բողոքը դա էր, իսկ մնացածը շատ հրաշալի էր: Սևան հասնելուն պես բաժանվեցինք երկու խմբի և սկսեցինք ֆոտո անել: Փորձում էինք նկարել այն ամենակարևորը, որն ամբողջովին կնկարագրեր Սևան քաղաքը: Առաջինը, որ մեր աչքից չվրիպեց, դա կանգառում կանգնած մարդիկ էին, իսկ հետո նկարեցինք շուկան, կոշկակարներին և իհարկե, մի բարի պապիկի, ով գնումներ արած տուն էր վերադառնում:

Սկզբում ես հարցրեցի պապիկին, թե արդյո՞ք կարելի է իրեն նկարել: Պապիկը համաձայնվեց, բայց նկարելուց հետո մի քիչ նեղվեց, թե ինչու ես իրեն չեմ հարցնում` ով է ինքը և ինչով է զբաղվում: Ես վատ զգացի, որովհետև ախր ասել էին` անպայման ծանոթացեք մարդկանց հետ, հարցազրույց արեք: Պապիկը էլեկտրակայաններ կառուցող է եղել և աշխատել է մեր երկրին միշտ օգուտ տալ: Նա պատմեց նաև, որ մենակ է ապրում: Իմ հարցին, թե ինչու է մենակ ապրում, նա ասաց, որ եթե մի օր չբնակվի իր սեփական տանը, հաջորդ օրը այն կավերեն: Ես այսպես կարող էի երկար խոսել պապիկի հետ, բայց քանի որ մյուսները հեռվում սառչելով ինձ էին սպասում, աշխատեցի շուտ ավարտել խոսակցությունը ու հասնել նրանց:

Այսպես երկար շրջեցինք քաղաքով, բայց ձյունը հալվել էր, և մենք աշխատում էինք, ինչքան հնարավոր է, շրջանցել գոյացած ջրափոսերը: Մոտեցանք մի ձկնավաճառ կնոջ, ցանկացանք նկարել, բայց կինը մեզ վրա մի քիչ բարկացավ ու թույլ չտվեց նկարել իրեն: Դե, մենք էլ ինչ անեինք, չնկարեցինք: Ինչ իմանաս` ինչու չցանկացավ, հիմա մարդ էր էլի…

Մի խոսքով, շարունակեցինք մեր ֆոտոարշավը, և մեր տղաներից Արտյոմը մեզ համար քաղցրավենիք գնեց: Մենք վազելով նստեցինք մեքենան ու սկսեցինք իրար մեջ բաժանել քաղցրավենիքը:

Այսպես անցավ աշնան ցուրտ օրն անցկացրած մեր ֆոտոարշավը:

Լաուրա Սեկոյան

***

Ցուրտ օրվա տաք հուշեր

Ինչպես  միշտ  մեդիա  ճամբարում  անչափ  հետաքրքիր  էր  և  այսօր, որ  օրն  այսչափ  ցուրտ  էր, ոչ  ոք  չէր  կարող  պատկերացնել, թե  այդ  ցուրտ  օրը  ինչպես  կարող  էր  այդքան  հետաքրքիր  անցնել:

Որոշեցինք, որ  պետք  է  գնանք  ֆոտոարշավի, ավտոբուսում  տեղավորվելուն  պես  ծիծաղով  և  հաճելի  զրույցներով  հասանք  Սևան  քաղաք,  բաժանվեցինք  խմբերի  և  սկսեցինք  զանազան  և  հետաքրքիր  ֆոտոներ  անել: Ոմանք  համաձայնվում էին  նկարվել, ոմանք`մերժում: Նույնիսկ  մեկը  կար,  ինձ  ասաց.

-Ինձ  մի  նկարեք, գնացեք  սիրուն  տեսարաններ գտեք,  նկարեք:

Այնքան  հետաքրքիր  ֆոտոներ  ստացվեցին:

Միջավայրն  այնքան  հաճելի  էր, որ  ոչ-ոք  չէր  նկատում,  թե ինչքան  ցուրտ  է:

Բելլա  Առաքելյան