nina arsutamyan portret

«Արմաթի» ճամբարը

2017 թվականին մեր դպրոցում բացվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որի սաներից եմ նաև ես: Իմ ինֆորմատիկայի ուսուցիչ ընկեր Ջանունցն ասաց, որ եթե ցանկանում եմ մասնակցել, ապա պետք է ունենամ մի նորարարական գաղափար: Ես շատ էի ուզում մեկնել ճամբար, ձեռք բերել նոր ընկերներ: Երեք օր մտածեցի, թե ինչ նորարարական գաղափար հորինեմ, և հանկարծ մտածեցի՝ լրագրող ռոբոտ, որը կարող է անել ցանկացած լրագրողի գործ:

Չգիտես՝ ինչու, ցանկացած ճամբար մեկնելուց առաջ սկսում եմ մտածել, որ լավ չի անցնելու: Կրկին նույն մտահոգությամբ էլ գնացի:
Գնացինք Հանքավանի «Զեփյուռ» ճամբարը: Առաջին օրն էր: Սենյակներն արդեն բաժանել էին, մեր սենյակում ինն աղջիկ էինք:
-Եկեք ծանոթանանք, երեխեք ջան, 10 օր իրար հետ ենք մնալու,- սենյակում արդեն բոլորն ընտրում էին իրենց անկողինները, իսկ ես շարունակում էի խոսել:
Ծանոթացանք: Մի օրվա մեջ ես, Արմինեն և Սոֆին դարձանք անբաժան եռյակ: 10 օրերի ընթացքում միշտ իրար կողքի էինք նստում:
Արդեն գնացինք և տեղավորվեցինք տաղավարում: Բոլոր 45 մասնակիցներն էլ ունեին իրենց նախագիծը, որն էլ ներկայացրինք: Երբ ավարտվեց 45 հոգու գաղափարների ներկայացումը, սկսվեց քվեարակությունը: 30 րոպե տևեց քվեարկության հաշվարկը: Ընտրվեցին լավագույն 7 գաղափարները, և ստեղծվեց 7 խումբ:
Ճամբարում դասընթացներ էին անցկացվում տարբեր բնագավառներից՝ «Picsart»-ից մինչև «U!com»:
Վերջին օրը առավել լավ 7 գաղափարներից ընտրվեցին լավագույն 3-ը:
Այդ ճամբարից միշտ կհիշեմ ես, թե ինչպես երկրորդ օրը երկու անգամ ջրվեցի, թե ինչպես էի ամեն օր թրջված գնում սենյակ, թե ինչպես էին տղաները գլխիս լցնում իրենց սափրվելու փրփուրը: Կարող եմ անվերջ թվել մեր չարաճճիությունները:
Մտքումս այնքան հիշողություններ կան, այնքան հետաքրքիր դեպքեր են խճճվել, որ չեմ կարողանում մտքերս լրիվ հանձնել թղթին: Չեմ կարողանում, քանի որ կարոտել եմ բոլորին: