«Գնահատում եմ այստեղ անցկացրած ամեն վայրկյանը»

«Մանանա» կենտրոնի կինոստուդիայում արդեն մեկ ամիս է Հայ Կամավորների Միության նախաձեռնությամբ Պաբլո Գարսիա Կոնդեն և Մեհրդադ Էղբալին անց են կացնում կինոյի դասընթացներ: Այսօր ես կզրուցեմ Մեհրդադի հետ:

-Բարև՛, ես Մեհրդադ Էղբալին եմ, 31 տարեկան, Իրանից։ Մասնագիտությամբ ռեժիսոր եմ։ Համալսարանն ավարտել եմ 2015-ին։

-Ինչպե՞ս եք ընտրել ռեժիսուրան որպես մասնագիտություն։

-Դպրոցում բավականին լավ էի մաթեմատիկա առարկայից, գլխավորապես մաթեմատիկա էի ուսումնասիրում։ Բայց համալսարան ընդունվելուց մի տարի առաջ նոր ընկերներ ձեռք բերեցի, ովքեր հետաքրքրված էին արվեստով։ Ես կապվեցի արվեստի հետ ու դադարեցի մաթեմատիկա սովորելը (ժպտում է)։ Գրեթե ամբողջ ժամանակս նրանց հետ էի անցկացնում։ Նրանք գրաֆիկ դիզայներներ էին, երաժիշտներ, արվեստագետներ։ Այդպես էլ ընտրեցի մասնագիտությունս։

-Ի՞նչ նախասիրություններ ունեք։

-Պինգ-պոնգ խաղալ եմ սիրում, մի փոքր դաշնամուր եմ նվագում։ Կարդում եմ վեպեր, պատմական վեպեր։ Նաև հետաքրքրված եմ քաղաքականությամբ։ Հետևում եմ ամբողջ աշխարհի նորություններին։

-Ինչպե՞ս որոշեցիք կամավորությամբ զբաղվել։ Սա Ձեր առաջի՞ն կամավորական փորձառությունն է։

-Այո՛, սա իմ առաջին կամավորական աշխատանքն է։ Ծնողներս շատ են սիրում Հայաստանը,  կարծում են, որ այստեղ խաղաղ է, ամեն ինչ շատ գեղեցիկ է։ Նրանք այստեղ հաճախ էին գալիս, ես էլ հաճախ միանում էի նրանց։ Ուզում էի ինքս ինձ մարտահրավեր նետել։ Ցանկանում էի փորձել ապրել հարևան երկրներից մեկում։ Այդ պատճառով էլ եկա այստեղ, դիմեցի AVC-ին և հիմա ես այստեղ եմ, որպես կամավոր։

-Իսկ ինչո՞վ եք այստեղ զբաղվում։

-Շաբաթական երկու օր անցկացնում եմ «Մանանա» կենտրոնում։ Այստեղ ես և մեկ այլ կամավոր` Պաբլոն, սովորեցնում ենք կենտրոնի սաներին ռեժիսուրա։ Ես աշխատում եմ պրակտիկ գիտելիքների ուղղությամբ, իսկ նա՝ տեսական։ Մնացած օրերին ես լինում եմ “Wedzig” կոչվող տեղում։ “Wedzig”-ը  ստարտափ է։ Այն կայք է, որը օգտագործվելու է Լոս Անջելեսում, բայց համակարգվելու է այստեղից։ Կայքը առաջարկում է բոլոր հարսանյաց ծառայությունները՝ ճաշացանկ, ծաղիկներ, երաժիշտներ և այլն, միաժամանակ մի վայրում։ Ես կայքի համար պատրաստում եմ հոլովակներ և զբաղվում եմ նրանց գովազդով։ Քանի որ որոշակի գիտելիքներ ունեմ ծրագրավորումից, նրանք էլ ինձ սովորեցնում են ծրագրավորման նոր լեզու։

-Ի՞նչ սպասումներ ունեիք Հայաստան գալիս։ Դրանք իրականացա՞ն։

-Մտածում էի, որ Երևանը շատ ավելի աղմկոտ ու մարդաշատ քաղաք կլինի, քանի որ այն մայրաքաղաքն է։ Այդպիսին է Թեհրանը։ Մարդիկ այնտեղ չեն քայլում, նրանք վազում են։ Բոլորը շտապում են աշխատանքի կամ մեկ այլ տեղ, քաղաքը շատ զբաղված է, բայց մարդիկ այստեղ շատ հանգիստ են։ Սակայն բնակչության համեմատ խցանումները Երևանում աննկարագրելի են։ Կարծում եմ՝ պատճառն այն է, որ շատ ընտանիքներ մեկից ավելի մեքենա ունեն։

-Ի՞նչն եք սիրում Հայաստանում։

-Շատ բաներ եմ հավանում։ Բայց առաջին հերթին մարդկանց։ Ես շատ չեմ ճանապարհորդել, եղել եմ Միջին Արևելքի ու Ասիայի երկրներում, բայց միևնույնն է, այն կարծիքին եմ, որ մարդիկ այստեղ շատ ջերմ են ու բարի։ Նրանք շատ հյուրընկալ են։ Երբ հայտնվում ես նրանց տանը, քեզ զգում ես նրանցից մեկը։ Նման բանի դեռ ոչ մի տեղ չէի հանդիպել, բացի Իրանից։ Կարծում եմ, դա մեր երկու ազգերի ընդհանուր հատկանիշն է։

Նաև շատ եմ հավանում այստեղի լանդշաֆտները՝ սարերը, բլուրները։ Երբ Երևանից դուրս ես գալիս, հայտնվում ես նեղլիկ, գեղեցիկ ճանապարհների՝ սարերի մեջտեղում։ Ասես ֆիլմերի տեսարաններ լինեն։

-Սիրելի վայրեր ունե՞ք Հայաստանում։

-Շատ եմ սիրում Գյումրին։ Այնտեղ եղել եմ երկու անգամ։ Այս քաղաքի եկեղեցիները, ճարտարապետությունը, ուտելիքը, ամեն ինչը հիանալի է։

Նաև սիրում եմ Թումոն։ Մի ընկեր ունեմ, ով այնտեղ էր աշխատում, ինձ հրավիրել էր Թումոն տեսնելու։ Կարծում եմ դա իմ տեսած ամենագեղեցիկ ուսումնական կենտրոնն է։ Նման բան դեռ չէի տեսել։ Երեխաներն այստեղ սովորում են հիանալի սարքավորումներով, միջավայրը շատ ընկերական է։ Նրանք զբաղվում են անիմացիայով, ռեժիսուրայով, ռոբոտաշինությամբ։ Մի քանի կոմիքսներ տեսա, դրանք հիանալի էին։ Նրանք նաև  բջջային հավելված են մշակել Եվրոպական միության հետ համատեղ։ Այս տեղը շատ ոգեշնչող է։ Շատ կցանկանայի ինքս էլ հաճախել նման տեղ պատանեկությանս տարիներին։

-Իսկ ի՞նչը չեք հավանում այստեղ։

-Շատ ցուրտ է ինձ համար։ Նաև տրանսպորտը կարող է ավելի լավը լինել։ Վերջին անգամ «մարշրուտկա» նստել եմ երեք շաբաթ առաջ։ Դրանից հետո որոշեցի, որ էլ երբեք չեմ օգտվելու դրանցից։ Մահանում էի ներսում։ Երևի գիտես, թե ինչքան ծանրաբեռնված է այն լինում։ Նույնիսկ եթե կանգնած ես, միևնույն է, կյանքիդ վտանգ է սպառնում։ Պիտի բավականին ճկուն լինես մարշրուտկա նստելու համար։

-Հիմա տաքսիների՞ց եք օգտվում։

-Մետրոյից։ Չնայած որ պետք է 10-15 րոպե քայլեմ իմ ուզած տեղը հասնելու համար, միևնույն է, նախընտրում եմ մետրոն։

-Իսկ Ձեր առօրյան փոխվե՞լ է։

-Այստեղ շատ եմ քայլում, ֆիզիկապես ավելի ակտիվ եմ։ Բացի այդ, AVC-ի շրջանակներում հանդիպում եմ նոր մարդկանց տարբեր երկրներից։  Այստեղ մարդիկ կան ավելի քան հիսուն երկրներից։ Ամեն անգամ նոր կամավոր ենք ունենում աշխարհի մի ծայրից՝ Եվրոպայից, Աֆրիկայից, Ասիայից։ Չնայած այս ամենին, չեմ կարծում, թե կյանքս շատ է փոխվել։

-Հասցրե՞լ եք նոր ընկերներ ձեռք բերել։

-Իհարկե՛։ Բազմաթիվ նոր ընկերներ ունեմ արդեն։ Մենք իրարից շատ բաներ ենք սովորում, քննարկում ենք այն ամենը, ինչ հետաքրքրում է մեզ՝ քաղաքականությունը, հիմնախնդիրները, որոնք կան Հայաստանում։ Նրանցից մի քանիսին, ինչպես նաև ինձ, հետաքրքրում է Միջին Ասիայի քաղաքականությունը, որը շատ բարդ է։ Ներկայիս դրությամբ կամավորներից հինգը կինոռեժիսորներ են։ Նրանք ակտիվ սոցիալական աշխատանքներ են կատարում այստեղ՝ աշխատում են LGBT հասմայնքի ներկայացուցիչների համար, նկարում են վավերագրական ֆիլմեր։ Այս ամենը շատ հետաքրքիր է։

-Կմանրամասնե՞ք մի փոքր այն հիմնախնդիրները, որոնք նկատել եք այստեղ։

-Հիմնախնդիրներից մեկը, որն ինձ ամենաշատն է անհանգստացնում՝ ես տեսնում եմ բազմաթիվ դեռահասների, որոնք ծխում են։ Հիմնականում տղաները, իհարկե։ Կարծում եմ սա շատ վատ սովորություն է։ Հետևանքները ի հայտ կգան ավելի ուշ, բայց դա պետությանը բավականին թանկ կարժենա։

Մի ընկեր ունեի, որ ծխում էր գրեթե տասը տարի։ Նա արտագաղթեց Ավստրալիա ու մի քանի ամիս անց թողեց ծխելը։ Պատճառը ակնհայտ էր․ ծխախոտի տուփն այնտեղ մոտ 40 դոլար արժե, ինչը շատ թանկ է։ Նրանք բարձրացրել են ծխախոտի գինը, քանի որ ծխող մարդիկ, այն մարդիկ են, ովքեր հետագայում առողջական խնդիրներ են ունենալու, և պետությունը պարտավորված է լինելու նրանց խնամքի ծախսերը հոգալ այլ բնակիչների հարկերով։ Այդ պատճառով ծխող մարդիկ վճարում են իրենց հետագա խնդիրների համար։

Ծխելը լուրջ հիմնախնդիր է այստեղ։ Իմ տեսած գրեթե բոլոր տղամարդիկ ծխում են թե՛ հասարակական վայրերում, թե՛ մարշրուտկայում, թե՛ ավտոբուսներում։ Հետևանքները երկրի համար հսկայական են լինելու։

-Ինչքա՞ն եք նախատեսել մնալ Հայաստանում։

-Իրականում, մնալուս տևողությունը ես եմ որոշում։ Հաճախ եմ գնում Իրան և հետ գալիս։ Երկու շաբաթից կրկին գնալու եմ Պարսկական նոր տարին նշելու ու հետ եմ գալու։ Կարծում եմ՝ եթե կարողանամ աշխատանք գտնել, կմնամ այստեղ։ Ինձ դուր է գալիս այստեղի խաղաղ միջավայրն ու հնարավորությունները։ Այն փաստը, որ Հայաստանը զարգացող և փոքր երկիր է, շատերը կարող են համարել թերություն, սակայն դա այդպես չէ։ Հայաստանը պատրաստ է աճելու ու զարգանալու։ Դա է պատճառը, որ այստեղ ամեն ինչ շատ արագ է զարգանում։ Բազմաթիվ հաջողված ՏՏ ստարտափներ եմ տեսնում։ Օրինակ, վերջերս իմացա մի ստարտափի մասին, որը հսկայական հաջողություն էր գրանցել։ Լսե՞լ ես “Render Forest” ծրագրի մասին։ Այս ծրագրի վարկանիշը ավելի բարձր է, քան Ֆեյսբուքինը։ Եթե ունես բիզնես և ցանկանում ես գովազդային հոլովակներ նկարել դրա համար, սակայն չունես բավարար գումար, կարող ես օգտվել այս հավելվածից։ Դու ընտրում ես քո կերպարները, թեման և պատրաստում ես մեկ րոպեանոց անիմացիոն հոլովակ։ Այս ամենը նույնիսկ մեկ ժամ չի տևում։

Այո, կարծում եմ, որ երկիրը պատրաստ է զարգանալու։ Կարծում եմ՝ հիմա դուք ունեք լավ կառավարություն, հասարակությունը լավն է, երիտասարդների մեծ մասը կրթված են։ Տեսնում եմ, որ շատերը վերադառնում են ԱՄՆ-ից և Եվրոպայից։ AVC-ում շատերը նույնպես ցանկանում են այստեղ մնալ։ Սա, կարելի է ասել, երկրի Ոսկե դարաշրջանն  է։

-Հայաստանում ստացած փորձառությունն ի՞նչ է տալու Ձեզ։

-Ամեն անգամ, երբ ինքդ քեզ մարտահրավեր ես նետում, աճում ես որպես անհատականություն։ Սովորում ես՝ ինչպես հարմարվել նոր կանոններին, ապրելակերպին, եղանակին, երթևեկությանը, ամեն ինչին։ Նաև լեզվին։ Փորձում եմ հնարավորինս սովորել, սակայն շատ չի ստացվում։ Այս ամենը հսկայական անձնային աճ է ինձ համար և ինձ դուր է գալիս այս փոփոխությունը։ Չգիտեմ ինչքան եմ մնալու այստեղ, բայց գնահատում եմ այստեղ անցկացրած ամեն վայրկյանը։