Astghik Hunanyan vayots dzor

Երկրաբնակ մոլորակը

15 գարուն է արդեն, տնից դուրս գալիս բնազդաբար աչքս գցում եմ հեռու կանաչին տվող սարի վրա գտնվող հի՜ն կարկտակայանին՝ մանկությանս մեջ տպավորված սպիտակափայլ «մոլորակին»: 15 ամառ է արդեն, տնից դուրս գալիս տեսնում եմ, թե ինչպես է կիզիչ արևը նստում այն մեծ գնդի կողքին ու հետևում աշխարհին: 15 աշուն է արդեն, տնից դուրս գալիս նկատում եմ, թե ինչպես է նենգ մառախուղը պարփակում սարերը, խզում կապը իմ ու «մոլորակի» միջև, և 15 ձմեռ է արդեն, նստում եմ պատուհանիս կողքին գտնվող ճոճաթոռին, բրդե ծածկոցով ծածկված տա՜ք թեյ խմում ու ամեն անգամ հայացքս ուղղում պատուհանից դուրս՝ այն ակնկալիքով, որ արևը կծագի ու հերոսաբար կհալի սարի հաստ շերտերով ձյունը՝ նորից կտեսնեմ այն «մոլորակը», որն այդքան սպասում է, որ իր վրա էլ կրկին ուշադրություն դարձնեն:

Միշտ կարծել եմ, թե գարուններ, աշուններ ու նույնքան էլ ամառներ ու ձմեռներ ապրած այդ գունդը մոլորակ է: Հա, մի վայրկյան անգամ չեմ կասկածել, մինչդեռ այն սովետի ժամանակներից լքված կարկտակայան է: Կարկտակայան, ով սպասում է, որ իր վրա էլ ուշադրություն դարձնեն, ով ուզում է աշխարհին, կամ ավելի ճիշտ, իմ քաղաքին օգնել, բայց անզոր է: Ամեն անգամ, երբ տատիկի տուն էի գնում, այն ավելի ու ավելի մոտ էր թվում ինձ, ավելի մեծ, ավելի վեհ: Մինչև անգամ կարծում էի, որ մարդիկ չեն կարողանում այլմոլորակայիններին գտնել, քանի որ նրանք հենց այդ «մոլորակում» էլ թաքնվել են: Մեծանալուն զուգահեռ սկսեցի գիտակցել, որ դա ամենևին էլ մոլորակ չէ, բայց մանկությանս հուշերում այն միշտ էլ «մոլորակ» է մնալու, այդպես էլ կոչում եմ նրան՝ սպիտակ մոլորակ: Դե բնականաբար, ինչպես մյուս բոլոր հետաքրքրասերները, շա՜տ եմ մայրիկիս խնդրել, որ պատմի նրա մասին, երբեք չէի հոգնում դրա մասին լսելուց, միշտ նույն պատմությունը, բայց երբեք չհնացող:

Հիմա ձեզ էլ պատմեմ: Բայց մի րոպե. միացրեք ինչ որ սարսափ ֆիլմի երաժշտություն, նոր կարդացեք:

«Շուրջ 25 հատ 365 օր է անցել այն մեկ օրից, երբ կարկտակայանները դադարեցին գործել, ավելին՝ ավերվել են, թալանվել: Չէ, մի րոպե, պատմեմ սկզբից…

1945թ-ի Հայրենական մեծ պատերազմից հետո էլի սովետի կազմի մեջ մտնող Հայաստանի տնտեսությունը, իսկ ավելի կոնկրետ, գյուղատնտեսությունը, մեծ արագությամբ զարգանալ: 1980-ականներին Խորհրդային Հայաստանն արդեն տարածաշրջանում տնտեսապես ամենազարգացած հանրապետությունն էր, կոմունիստները ջանք չէին խնայում Հայաստանի գուղատնտեսությունը զարգացնելու համար: Դրան մեծապես նպաստեց կարկտակայանների կառուցումը (1970-1980թթ), կառուցվեցին բոլոր շրջաններում, բացառություն չէր նաև Վայոց Ձորը՝ Եղեգնաձոր, Խաչիկ, Աղավնաձոր, Գետափի շրջան: Մայրս ասում էր, որ եկան, կառուցեցին, սարի անունն էլ դրեցին «Թնդանոթի սար»: Հենց տեսնում էին ամպերը հավաքվել են, պատրաստ են պայթելու ու կարկուտ նվիրելու արդեն ծաղկած ծառերին, կրակում էին ու «վախեցնում» ամպերին: Այդպես ամեն տարի հարուստ բերք էինք ունենում, չէինք վախենում, որ կարկուտը կարող է բերքը վնասել, մինչև… Մինչև 1992թ-ին փլուզվեցին այն կարկտակայանները, որոնք պաշտպանում էին գյուղերը կարկուտից, որոնք գյուղացու միակ հույսն էին: Դե, չգիտեմ, մյուս գյուղերում գործո՞ւմ են, թե՞ չէ, բայց Եղեգնաձորում դադարեց գործել: Սկզբից լքվեց, հետո եկան, տարան բոլոր սարքավորումները, առանձին-առանձին, վաճառեցին, ու վերջ: Հետո ինչ-որ մեկը գնեց կայանը որպես գույք, մնացած բոլոր պետքական «դետալներն» էլ վաճառեց, հասնելով այն բանին, որ արդեն 25 տարի է, գյուղացիները վախով են դիմավորում գարունները: Կարկուտը գրեթե ամեն տարի գալիս է, ոչնչացնում նոր փթթող բերքը: Միգուցե դա է պատճառը, որ արդեն քանի տարի է, Հայաստանը՝ ծիրանի հայրենիքը, ծիրան չի տեսնում կարկուտի պատճառով, որ բալենին այնքան է վնասվում, որ երկրորդ, երրորդ, ինչու չէ նաև չորրորդ հայացքից հետո, դժվար թե ուզես ուտել:

Լավ է, է՜, ես ավելի լավ է նրան այդպես էլ որպես «սպիտակ մոլորակ» հիշեմ, չնայած չեմ կարող չգիտակցել, որ հենց այդ մոլորակն էլ կարող է փրկել այն բերքը, որն այսքան տարի է, հալածվում է բնության ու մարդկանց ագահության կողմից: