Դիմանալով անտարբերությանը

Լուսանկարը՝ Կարինե Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Կարինե Հովհաննիսյանի

Տատիկս միշտ պատմում էր, որ երբ մարդիկ որոշել են գյուղ կամ բնակավայր կառուցել, ամենից առաջ եկեղեցի են կառուցել, հետո նոր իրենց տները: Ճիշտ է, ինչքն էլ զարմանալի է, բայց փաստ է։ Երբ 1830-ական թվականներին հիմնվեց Գուսանագյուղը, գյուղի բնակչությունը անմիջապես որոշեց եկեղեցի կառուցել։ 1900-ական թվականներին Գյումրիից եկած հոր և որդու ջանքերով կառուցվեց Գուսանագյուղի Սբ. Աստվածածին եկեղեցին։

Լուսանկարը՝ Կարինե Հովհաննիսյանի

Լուսանկարը՝ Կարինե Հովհաննիսյանի

Շինարարական աշխատանքները տևեցին շուրջ 10 տարի, և 1910 թվականին ավարտվեց եկեղեցու շինարարությունը: Ասում են, որ հենց հաջորդ օրը տեղի ունեցավ առաջին Պատարագը։ Իսկ երբ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվեցին, և տարածվեց աթեիզմը, մեր եկեղեցին ևս արժանացավ մյուս եկեղեցիների բախտին և դադարեց գործելուց:

Ինչքան էլ որ դժվար էր գյուղացիների համար, բայց նրանք հարկադրված քանդեցին եկեղեցու գմբեթը և ամբոջությամբ սպիտակեցրին սրբապատկերները, որպեսզի ավելի նմանվի պահեստի: Շուրջ 70 տարի այն ծառայեց որպես պահեստ։ Իսկ քահանային՝ տեր Թադևոսին, աքսորեցին:

Լուսանկարը՝ Մանե Անտոնյանի

Լուսանկարը՝ Մանե Անտոնյանի

Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, եկեղեցին ցավոք, չվերականգնվեց։ Երբ հետ ես նայում, զարմանում ես, թե ինչպես են մարդիկ՝ չունենալով ժամանակակից տեխնիկա, կարողացել կառուցել այդպիսի ճարտարապետական կառույց: Իսկ հիմա, երբ կան բոլոր կենսական պայմաները, մարդիկ զլացել են նույնիսկ վերանորոգել: Սակայն վերջերս արդեն սկսել են վերանորոգման աշխատանքները, և հույս ունեմ, որ հաջորդ նյութս վերանորոգված եկեղեցու մասին կլինի։