nona petrosyan

Ժպտանք

Մի քանի օր առաջ ժպտալու միջազգային օրն էր: Հա, գիտեմ, առաջին հայացքից շատ տարօրինակ է հնչում: Այս օրը անվերջ աշխատող, հոգսերով լի, մարդկանց սթափեցնելու օր է: Չէ որ կյանքը շատ կարճ է` անընդհատ աշխատելու և ինչ-որ բանի մասին մտածելու համար: Ժպտացեք մարդիկ, ուրախացեք ընկերների հետ, հարազատների հետ, ուրախացեք ինքներդ ձեզ հետ:

Այստեղ հարց է առաջանում. Ինչպե՞ս ժպտալ, երբ շուրջը անվերջ խնդիրներ են, բայց յուրաքանչյուր «վատ» բանի մեջ կա մի լավ բան: Ուղղակի դա պետք է տեսնել: Տեսնել և ժպտալ, մի ժպիտը կարող է շատ բան փոխել: Ժպտա և կզգաս այն դրական էներգիայի տարափը, որ կարծես թափվում է քո վրա:

Հիշիր այն բարի ու քաղցր ժամանակները, երբ քեզ կարող էր ուրախացնել ընդամենը մեկ կոնֆետը, մայրիկի մեկ ողջագուրանքը, այն օրը, երբ դու գնացիր առաջին անգամ դպրոց, անգամ քեզ հետ պատահած անախորժությունները, որոնք արդեն անցյալում են, և ժպտա:

Քայլում եմ փողոցով, տեսնում եմ դասից վերադարձող երեխաների, որոնք այնքան ուրախ են, տեսնում եմ մի խումբ պապիկների, որոնք հիշել են իրենց ջահել տարիները և բարձր ծիծաղում են: Տեսնում եմ սիրահարված տղայի, տեսնում եմ տատիս խորհրդավոր ու ամեն ինչ ասող ժպիտը, երբ նայում է ինձ: Ինչպե՞ս կարող եմ չժպտալ` տեսնելով այս ամենը:

Եթե զգում եք, որ արդեն տարվել եք աշխատանքով ու առօրյա խնդիրներով, մի պահ կանգ առեք` ժպտացեք, ու հիշեք, որ դուք աշխարհի կատարելությունն եք: Եվ վերջապես, ժպիտն է, որ մարդուն գեղեցկացնում է, ցույց է տալիս նրա ողջ էությունը:

Հ.Գ. Փորձեք և կարող եք փոխել ձեր կյանքը, տեսնել ձեր շուրջը գեղեցիկը, այն անընդհատ ձեզ հետ է, ուղղակի թույլ տվեք, որպեսզի այն պատի ձեր հոգին: Եթե դու կարդում ես այս նյութը, ուրեմն ժպտա, առաջարկում եմ սոցիալական ցանցերում հիմար մարտահրավերներ նետելու փոխարեն տարածել բարու բումերանգը, այնպես անել, որ կողքինները նույնպես ժպտան: