Ani Ghulinyan

Սևան մեդիա ճամբար. Ժպտում ենք ու ձեռքով ենք անում

Մինչ ճամբար գալը արդեն տխրել էի, որ 7 օրից այն պիտի ավարտվի: Բավականին երկար ժամանակ ունեի վերջին օրվան նախապատրաստվելու: Ամբողջ ընթացքում լաց չեմ եղել, ու ինձ թվում էր` այդպես հերոսական պահվածքով էլ կհասնեմ տուն: Մեզ տրված վերջին խոսքի ժամանակ ինքս զգում էի ձայնիս դրամատիկ երանգը, լացն էլ կոկորդումս անողոքաբար խեղդում էի, զգում էի, որ եթե նախատեսածիցս գեթ մեկ բառ էլ ավել ասեմ, բոլորի առաջ լաց կլինեմ: Նայում էի շուրջս նստած երեխաներին, ոչ բոլորի մոտ էր լացը զսպել ստացվում, բայց ես կարողացա:

Բարձրացանք սենյակներ, վերցրեցինք իրերը: Մի քիչ ծիծաղելի է, բայց վերջին անգամ բացեցի ծորակը, նայեցի պատուհանից, քաշեցի վարագույրը, գիտեի, որ ամեն ինչ վերցրել եմ, բայց մի անգամ էլ բացուխուփ արեցի դարակները: Սենյակից դուրս գալիս էլ մի վերջին հուսահատ հայացք գցեցի միջանցքին, ոնց որ ֆիլմում լինեի: Մի վեջին անգամ էլ սեղմեցի վերելակի կոճակը ու չնստեցի: Ամեն ինչ վերջին անգամ:
Իջանք հյուրանոցի դիմաց, հերթով գրկում ու հաջողություն էինք ասում իրար, բացառությամբ նրանց, ովքեր մեզ հետ Երևան էին գալու: Յուրաքանչյուրին գրկելիս նրա հետ կապված բոլոր դեպքերն էին աչքիս առաջ մեկ ակնթարթում անցնում, բայց էլի հուզմունքս զսպում էի, չէ որ պետք է միայն ժպտալ ու ձեռքով անել, ինչպես ճամբարի ընթացքում աշխատանքային կադրեր անողներն էին ասում: Հասավ վերջին մարդը, որին պետք է գրկեի, հրաժեշտ տայի ու նստեի ավտոբուս, ու այդ պահին այլևս չդիմացա: Ֆիլմերում հրաժեշտի տեսարաններ տեսնելիս, միշտ մտածել եմ, որ երբեմն կարելի է ուղղակի իրար կողքի մնալ ու հրաժեշտ չտալ, բայց պարզվեց հնարավոր չի: Էլ չեմ նստելու ճաշարանում Նարեի, Սուրենի ու Սեյրանի դիմաց, առավոտը Մանեի նման էլ ոչ ոք սուրճ չի դնի, ու իմ փոխարեն սենյակս չի հավաքի, Սևանն էլ պատուհանիցս ամեն օր էլ չի երևա:

Վերջացավ իմ կյանքի ևս մի հետաքրքիր անմոռանալի պահ, թերևս չի ստեղծվել իմ զգացածը ճիշտ նկարագրող բառ: Մենք լաց էինք լինում, որովհետև կորցրել էինք, որովհետև այլևս չէինք զգալու այն, ինչ զգացինք այստեղ: Վանաձոր-Երևան երթուղայինի մեջ մի մարդ, տեսնելով, որ լաց եմ լինում, հարցնում էր` հո հարազատ չե՞մ կորցրել: Ասացի` չէ, ուղղակի ճամբարից եմ գալիս: Ժպտաց, երևի ինքն էլ էր ժամանակին ճամբար գնացել, ինձ հասկանում էր:

Երեկ մի տարօրինակ միտք ծագեց գլխումս. ասում եմ` գուցե չգնայի ճամբար, որ բաժանումը այսքան ծանր չտանեի: Բայց հետո հիշում եմ մի խոսք, որ ճամբարի ընթացքում բոլոր լաց լինողներին ասում էի. «Մի տխրեք, որ վերջացավ: Ուրախացեք, որ ընդհանրապես եղել է»:

Ես իմ կյանքը առանց ճամբարի հիշողությունների չեմ պատկերացնում, այս պահին ես դրանցով եմ ապրում, ամեն ինչ այնքան օտար է դարձել, դեռ մոտ մեկ ամիս ժամանակ պետք կգա, որ նորից կյանքս բնականոն հունի մեջ գցեմ:
Անընդհատ երեխաներին գրկելու պահն եմ հիշում, բոլորին այնքան ամուր էի գրկում, որ դեռ երկար ժամանակ չմոռանամ:

Հիմա ես տանն եմ, սենյակումս նստած նամակագրություն եմ սկսել երեխաների հետ: Նայում եմ շարֆիս`Դավիթին եմ հիշում, որ մի օրով սեփականաշնորհել էր այն, համակարգչիս նայելիս`նրանով շա՜տ դանդաղ նյութ հավաքող Նինային ու Հակոբին եմ հիշում: Դե, «ֆլեշկայի» մասին էլ խոսք լինել չի կարող. Լուսինեի մոտեցող դեմքից անմիջապես հասկանում էի, որ դրա համար է եկել:

Այսպես անընդհատ կարող եմ գրել, օտարի կողմից սովորական թվացող ամեն դրվագ կարող եմ էջերով նկարագրել, բայց չեմ կարող: Թղթի վրա թափվող արցունքներն են խանգարում, դողացող գրիչը ու խեղդող կարոտը:

Ցտեսություն, Սևանի մեդիա ճամբար, ցտեսություն երեխեք, մինչ հաջորդ հանդիպում: