hakob melqonyan

Ինչպես հայտնվեցի 17.am-ում

Դաս էր: Եկան ասացին, որ դպրոցում հյուրեր ունենք, դասարանում գոռալով ասացի` ովքեր են, պատասխանեցին` ինչ-որ լրագրողական կազմակերպությունից են: Ճիշտ է, ես չէի որոշել այդ մասնագիտությամբ զբաղվել, բայց որ լսեցի` չգիտեմ, ինչ-որ բան ինձ հետ կատարվեց: Հետո հանդիպեցինք «Մանանայի» աշխատակիցների հետ: Հաճույքով էի լսում, թե ինչ են բացատրում և ինչ են սովորեցնում մեզ: Այդ օրը ես հարցերին պատասխանելու առումով պասիվ էի: Ինչքան գերազանցիկ կար, իրենք էին խոսում ու պատասխանում հարցերին: Երբ հասա տուն, զղջացի, որ պասիվ եմ եղել: Մտածեցի, շատ մտածեցի ու հասկացա, որ  պետք է անպայման մասնակցեմ դասընթացին: Եվ  սկսեցի ինքս իմ դեմ պայքարել: Ես պիտի հաղթեմ ու ապացուցեմ, որ հարցը դպրոցում լավ սովորելը չի, այլ` թե ինչ ես սիրում և թե ինչով ես ուզում զբաղվել: Հետո սկսեցի ընկերոջս հետ պայքարել ու ապացուցել, որ ճիշտ է, մենք դպրոցում լավ չենք սովորում, բայց եթե ինչ-որ մեկը սիրում է մի բան, ապա էական չէ դպրոցում լավ սովորելը:

Անցավ որոշ ժամանակ: 17.am-ից զանգահարեցին և ասացին, որ մրցույթը անցել եմ, և հրավիրեցին Գավառում լրագրողակլան դասընթացների: Շատ ուրախացա, առավելևս, երբ հայտնեցին, որ մրցույթը անցել է նաև ընկերս: Գնացինք դասերի ու սովորեցինք թղթակցել, լուսանկարել, ֆիլմերի գաղափարներ մտածել:  

Այդ օրերը անցան հիանալի, և երբ արդեն ժամանակն էր հրաժեշտի, ես մտածեցի, թե էլ երբեք չեմ հանդիպելու այդ հիասքանչ և հմուտ լրագրողական խմբին: Տուն գալու ճանապարհին Ռաֆայելի հետ որոշեցինք, որ պետք է ամեն գնով պայքարենք, արդեն իրականություն դարձած մեր երազանքի համար: Հաջորդ օրը, երբ գնացինք դպրոց, զգացինք, որ մեր դասընկերները տեսնելով մեր հաջողությունները, զղջացել էին, որ չէին հայտագրվել 17.am-ին: Ճիշտն ասած, ուրախացա մի պահ, հետո մտածեցի, որ իրենք եթե լինեին, ավելի լավ կլիներ: Եթե անկեղծ, մի քիչ գոռոզացա, հետո ուժ հավաքեցինք, մեզ խոստացանք,  որ պետք է պայքարենք ու հասնենք մեր նպատակին: Հարցազրույցներ վերցրեցինք և ուղարկեցինք 17-ին:

Զգում էինք, որ ինչ-որ բան փոխվել է մեր կյանքում: Մի քանի ժամանակ անց զանգ ստացանք «Մանանա» կենտրոնից, որ պետք է ճամբարի մասնակցենք: Ուրախություններիս չափ ու սահման չկար: Հաջորդ օրը բոլորին ասացի, որ գնում եմ ճամբար 17.am- ի հետ: Զգացի, որ բոլորը մի պահ լրջացան ու երևի մտածեցին, թե ինչու հենց Հակոբը, ով իրենց կարծիքով, ոչ գրել է սիրում, ոչ սովորել, բայց  այդ ամենին հասնելու համար մենք շատ էինք պայքարել:

Ես պետք է հմտանամ ու զբաղվեմ այս գործով: Եվ մի խորհուրդ էլ: Իմ սիրելիներ, եթե դուք ընտրել եք ինչ-որ մասնագիտություն և չունեք համապատասխան կրթություն, էական չի,  միշտ կարելի է սովորել ու դառնալ այն մարդը, որը դու ես երազել ու քո ծնողները:

Եվ ժամանակի ընթացքում իմ օրինակով ես կփորձեմ այդ ապացուցել: Խոստանում եմ կատարել ինձ վրա դրված պարտականությունները: Հուսամ, կյանքում շատ ու շատ հանդիպումներ կունենամ այդ հիանալի անձնակազմի և ճամբարակիցներիս հետ: