խաչիկ բունիաթյան

Իմ առաջին ցուցահանդեսը

Սովորական մի օր էր։ Ինչպես միշտ առավոտյան աչքերս բացեցի ու մտա ֆեյսբուք, և ահա տեսա մի բարեգործական ցուցահանդեսի գովազդ։ Առաջին հայացքից հավանություն տալով, ես նույնպես ուղարկեցի իմ լուսանկարները՝ այն լուսանկարները, որոնք արել էի Աղվերանի մեդիա ճամբարի ընթացքում։ Անցավ մի քանի օր և ահա գիշերը ժամը 11:15 ինձ զանգահարեցին։ Հոգնած վերցնելով հեռախոսը, սկսեցի խոսել, հոգնած դեմքիս միանգամից ժպիտ եկավ, ու անջատելով, սկսեցի տնեցիներին պատմել, որ ընտրել են իմ նկարներից` ցուցահանդեսի համար։ Քանի որ ես տեղյակ չէի պահել նրանց այդ մասին, սկսեցին հարցախեղդ անել ինձ։ Գրեթե 15 րոպե բացատրում էի, թե ինչպես է պատահել, որ մասնակցելու եմ ցուցահանդեսին։ Ահա եկավ ցուցահանդեսի օրը՝ անձրևոտ մռայլ եղանակ, բայց տրամադրությունս լիովին հակառակն էր, և ուրախ-զվարթ գնացի Հյուսիսային պողոտա։ Տեանելով, որ ոչ ոք դեռ չի եկել, զանգահարեցի: Փաստորեն մեկ ժամ շուտ էի եկել։ Եվ ահա հեռվից տեսա ցոցահանդեսի մասնակիցների խումբը։ Սկսվե՛ց։ Եվ իմ նկարները արդեն մոլբերտի վրա էին։ Ցուցահանդեսն անցկացվում էր բացօթյա, և անցորդները  անտարբեր չանցնելով նկարներիս կողքով,  հարցուփորձ էին անում նկարի պատմության մասին, իսկ ես պատրաստակամությամբ պատմում էի։ Ես ինձ հպարտ  էի զգում, քանի որ ամենափոքրն էի մասնակիցների մեջ։ Այդ օրվա ամենահիշարժան պահն այն էր, երբ ինձ նվիրեցին գիրք-ֆոտոալբոմ, որի մեջ ընդգրկված էին Անդրկովկասի հայտնի լուսանկարիչների աշխատանքները։

Հ.Գ. Չնչին հնարավորությունն էլ բաց մի թողեք։ Ինձ համար մեծ դաս  եղավ  այս  ցուցահանդեսը, քանի որ ես առաջին անգամ ինքնուրույն փորձեցի ակտիվ լինել, և համոզվեցի, որ ամեն բան սկսվում է նախաձեռնող լինելուց: Հավատացեք, ամեն ինչ ձեր ձեռքերում է։