Իմ հայրենակիցը

Հարցազրույց Հայաստանի Հանրապետության ԵրկրապահԿամավորականների Միության (ԵԿՄ) Գավառի տարածքային բաժանմունքի նախագահ, գեներալ-մայոր Աշոտ Գասպարյանի հետ, ով պարբերաբար մասնակցել է ՀՀ և ԼՂՀ սահմանների պաշտպանության համար մղված ազատագրական-ինքնապաշտպանական մարտական գործողություններին:

-Հարգելի՛ պարոն Գասպարյան, ծնվել և մեծացել եք մի ընտանիքում, որտեղ բարի գործ կատարելը ապրելակերպ է եղել: Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ստալինյան վարչակարգի անհիմն մեղադրանքներով սկսվում են ձերբակալությունները: Իմ նախապապին՝ Միսակ Գասպարյանին, ով Կարմիրգյուղի գյուղապետն էր, փակում են նույն խցում, ուր փակված էր նաև Եղիշե Չարենցը: Իսկ դրա պատճառն այն էր, որ նա ընդամենը մտերիմ է եղել Աղասի Խանջյանի հետ: Մի գիշեր էլ նրանց ձիակառքով անվերադարձ տանում են անհայտ ուղղությամբ, իսկ պապիս որբացած երեք աղջիկները Չարենցի աղջիկների հետ մեծացել են նույն որբանոցում: 12 տարեկան հայրս՝ Տաճատը, կորցրեց հորը, որպես հակահեղափոխականի որդի՝ շատ ճնշումների ենթարկվեց, բայց կարողացավ ամուր կառչել այս հողին ու երկրին: Այն հայրենասիրությունը, որը կա իմ մեջ, եկել է իմ նախնիներից:

- Կասե՞ք մի քանի նվաճումներ, որոնցով ամենաշատն եք հպարտանում:

-Առաջին ուրախությունս ու հպարտությունս անկախություն ձեռք բերելն է, երկրորդը՝ Լաչինի հետ վերցնելը, երրորդը՝ Շուշիի ազատագրումը: Իմ ուրախությունն ու հպարտությունը անկախության հասնելն ու մեր հաղթանակներն են:

-Ի՞նչն եք կարևորում կյանքում տարիների հեռվից նայելով Ձեր անցած ուղուն:

-Ես առաջին հերթին կարևորում եմ հայրենիքը, ուր ծնվել ենք: Կյանքում միշտ պիտի միասնական լինենք, որ կարողանանք հաղթել մեր թշնամուն և հզոր պահենք մեր հայրենիքը:

-Ինչպե՞ս դարձաք ԵԿՄ նախագահ:

-Ես երկրապահի կողքին եմ եղել դեռ 1991թ.-ից: Երբևէ չեմ ցանկացել դառնալ ԵԿՄ նախագահ: Իմ աշխատանքները տեսնելով, առաջարկեցին, և, ես, որոշ ժամանակ մտածելուց հետո ընդունեցի:-Պարո՛ն Գասպարյան, ապրիլի 2-ը ճակատագրական դարձավ հայ ժողովրդի համար: Կհիշե՞ք այդ օրը

-Ապրիլի երկուսին՝ երեկոյան ժամը յոթին, ԵԿՄ նախագահությունից հրաման ստացանք, որ կազմակերպենք հավաք և առավոտ շուտ գնանք պատերազմի դաշտ: Ամբողջ Գավառի տարածաշրջանից հավաքվեցին 300 կամավորներ: Ի դեպ ասեմ, որ ամենաշատը մեր գյուղացիներն էին հավաքվել: Հավաքվեցինք և վաղ առավոտյան մեկնեցինք Արցախ: Ես նշանակվեցի Արաբկիրի, Քանաքեռ-Զեյթունի և Բյուրեղավանի ջոկատների հրամանատար: Եվ քանի որ ես Թալիշի ու Մատաղիսի դիրքերին էի ծանոթ, որոշեցինք, որ կմնանք այնտեղ (այդ դիրքերը մենք ենք պաշտպանել դեռ1994թ.-ից):

Ես վիրավորվեցի անօդաչու սարքի արձակած կրակից, բայց բարեբախտաբար զոհ չտվեցինք: 300 հոգի մարդ եմ տարել ու ոչ մի զոհ չեմ ունեցել:

-Պարո՛ն Գասպարյան, ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ սերնդին:

-Երիտասարդ սերնդին ես առաջին հերթին խորհուրդ կտամ լավ սովորել, պիտանի մարդ դառնալ: Այսօր մեր երիտասարդները այնքան ուժեղ են, մեզանից էլ են հմուտ: Ես մեր այսօրվա երիտասարդությանը խորհուրդ կտամ, որ միշտ մնան հայրենասեր, չլքեն Հայաստանը, արարեն, աշխատեն: Հիմա դարը երիտասարդներին է, իրենք պիտի մտածեն, թե ինչպիսի ապագա պիտի ստեղծեն Հայաստանի համար: