karine nahapetyan

Հազար գույներով

Կոկոլա, պստիկ Մաշ. այս երկու մականունները իմ մանկության ձայներն են:

Անկախ ամեն ինչից, ես ու քույրս` Նարինեն, ում մականունը Կոկոլա էր, իսկ իմը` պստիկ Մաշ, որը ես ժառանգել էի հայրիկիցս, երբ լսում էինք մեր մականունները, արդեն գիտեինք, որ մի քանի րոպեից ամբողջ թաղը դղրդալու է մեր խաղերի ձայներից… Ու բացարձակ կապ չունի, որ տատին հերթական անգամ ասելու էր.
-Աղջի՛, խասկցա էլի, խալխին էլ ճիժ կա, ո՞րն ա ծեր օրին, էսա-էնդա կխաղան, կտառնան սև տռճե:
Եթե ամառվա ծաղկուն շրջանին մտնեիք մեր թաղ, ապա կարող էիք հաշվել, թե քանի հատ տերև կա ծառերի վրա: Դե, դժվար ժամանակներ էին, իսկ մեզ` անհոգներիս, փող էր պետք: Եվ մենք մտածում էինք, որ կարող ենք այդ փողերով գնել ամեն ինչ, ամեն ինչ…
Մի դեպք պատմեմ:
Քույրս մի բույսի տեսակից, որին մենք «կոռոթիկ» էինք անվանում, ձեթանման, կանաչ հեղուկ էր ստացել. կտրտել էր, ջուր ավելացրել, տրորել և, «վուալյա»՝ ձեթ: Մեր աչքից դա չվրիպեց: Մեր հարևանի երեխաներից մեկի տան բակը դարձրինք ձեթի արտադրամաս: Սկսվեցին մեր տաժանակիր աշխատանքները: Մոռացել էինք ամեն տեսակի խաղ և զբաղմունք: Գործով էինք տարված: Մեր մայրիկներն էլ, տեսնելով մեզ, գալիս ու ասում էին.
-Տանը ձեթ չկա, կտա՞ք մեզ ձեր ձեթից:
-Ձեզ ձրի էլ կտանք,- ոգևորված պատասխանում էինք մենք:
Հետո սկսում էին մեզ գովել, գովել, գովել…
Մենք հավատում էինք, գրողը տանի, հավատում էինք՝  կուրորեն, անշահախնդիր:

Իսկ հիմա, մեզ ամեն ինչ թվում է անիրական ու սուտ: Փորձեք այժմյան ձեր ես-ը համեմատել` տարիներ առաջ մանկական մաքուր թրթիռով լցված ձեր նախկին ես-ի հետ: Համոզված եմ ` չեք ճանաչի իրեն, նա ձեզ կթվա մուլտֆիլմի հերոս, անիրական կերպար:
Հիշում եմ, տարիներ առաջ փոքր շուն ունեինք: Ամբողջ օրը նրան, մի կտորի մեջ փաթաթած, ման էի տալիս թաղով: Իսկ հիմա, ես մի գրամ սեր էլ չեմ տածում կենդանիների, մասնավորապես, շների հանդեպ:
Առաջ սիրում էի ամառը, իսկ հիմա ատում եմ այն, սիրում եմ ձմեռը, ցուրտը: Եվ էլի շատ ու շատ լավ ու վատ հատկանիշներ մեզ թողել ու հեռացել են: Երբեմն մեզ շատ հեռվից նայում են, հիշեցնում, որ եղել են: Եղել են:
Իսկ հիմա դուրս եմ գալիս թաղ, նայում եմ աջ, ձախ… Աստված իմ, մարդ չկա, ոչ ոք  չկա… Երանի եմ տալիս այն չեղած ասֆալտին, որ հեռավոր իր շերտերում դեռևս պահպանում է մեր ոտնահետքերը, ձայները, վերքերը…
Հախվերդյանն էր ասում. «Իսկ մանկությունը մի թռչուն է՝ թելով կապված մեր սրտերից, թելը պոկվում է, նա թռչում է ու հեռանում է մեզանից»:
Մանկության թելը վերջնականապես պոկվում է մեր սրտերից այն ժամանակ, երբ մեր մականունների փոխարեն մեզ սկսում են դիմել մեր իսկական անուններով:
-Նարինե, Կարինե…