Hripsime Vardanyan

«Հայոց հարցը» Մրգավան գյուղում

-Վա~յ, Հռիփսիմե ջան, արդեն լրագրող ես դարձել: Բա դու մեր հալը իմանալով` առաջինը պիտի գայիր մեր փողոց: Էս մեր Հայոց հարցի մասին գրի: Կարող ա` մի լուծում ստանա:

Պապիկիս հարևան Մարտին պապն է: Հայոց հարց ասելով նկատի ունի իրենց ջրի խնդիրը, որը մոտ 18 տարի է` չի լուծվում: Բնակիչները արդեն երկար ժամանակ է, ինչ պայքարում են տանը ջուր ունենալու համար: Լինում է ժամանակ, որ ջրի համար գնում են կողքի փողոց կամ Արտաշատ: Մի քանի անգամ նախագահական ընտրությունների ժամանակ եկել են, փոսեր քանդել, խողովակներ անցկացրել, և վերջ: Էլի ջուր չկա: Եվ այդպես մոտ 18 տարի: Բնակիչները բողոքել են, դիմել քաղաքապետարան, տարբեր լրատվամիջոցների են դիմել՝ հարցը բարձրաձայնելու նպատակով:

Փողոցի այս վիճակը հեռուստացույցով տեսնելուց հետո նախաձեռնվեց ջրաչափերի տեղադրումը, և այ քեզ հրաշք, ջուրը եկավ: Այդ ուրախությունը տևեց մի քանի օր: Էլի նույն վիճակը, էլի բողոքներ: Հիմա շաբաթը մեկ անգամ ջրի մեծ մեքենա է գալիս փողոց, ապահովում բնակիչներին երկու օրվա ջրով և գնում: Մնացած օրերին բնակիչները իրենք պետք է տեսնեն իրենց գլխի ճարը: Հույս ունեմ, որ այս հարցը շատ շուտ իր լուծումը կստանա:

Հ.Գ Եթե ինչ որ բարերար հրաշքով տեսնի այս հոդվածը և որոշի օգնել, ապա ասեմ այդ փողոցը՝ Արարատի մարզի, Մրգավան գյուղի Ա. Խաչատրյան փողոցն է: