«Հարկավոր է միայն ազատ կամք»

Հարցազրույց Բջնիի հոգևոր առաջնորդ, Սուրբ Աստվածածին եկեղեցու հովիվ Տեր Արիստակես քահանա Բաղալյանի հետ: 

Լուսանկարը` Մարթա Մինասյանի

Լուսանկարը` Մարթա Մինասյանի

-Ինչու՞ որոշեցիք դառնալ հոգևորական: 

-Դպրոցական տարիքում երեխաները իրենց առջև դնում են մի հարց. ի՞նչ դառնալ: Ու հետաքրքիրն այն է, որ առաջին մասնագիտությունը, որը գրավում է երեխաներին, լինում է ուսուցչի մասնագիտությունը: Իսկ երեխաների մյուս մասի համար օրինակ են լինում իրենց ծնողները: Իմ ծնողները նույնպես մեծ ազդեցություն ունեցան իմ ընտրության հարցում: Իմ ընտանիքի բոլոր անդամները քրիստոնյա մարդիկ էին, ու մենք հաճախ էինք գնում եկեղեցի, Պատարագի էինք մասնակցում ու երբեմն էլ մատաղ էինք անում: Էդ ամեն ինչը նպաստեց իմ մեջ հոգևորական դառնալու ցանկության առաջացմանը: Սակայն իմ որոշումը դեռևս հաստատ չէր, մինչև չծանոթացա ու չընկերացա ճեմարանում սովորող տղաների հետ: Այդ ժամանակ կամքս վերջնական հաստատվեց: Ինձ գրավեցին նրանց գիտելիքները, հաստատակամությունը, աշխարհընկալումն ու Աստվածճանաչողությունը. դա ավելի ամրապնդեց իմ ցանկությունը: Քննություններ հանձնելուց հետո դարձա ճեմարանի սան:

-Որքա՞ն ժամանակ է, ինչ դուք ծառայում եք եկեղեցուն: 

-Սկզբում ծառայել եմ Մայր Աթոռում, որպես սարկավագ, հետո որպես քահանա: Իսկ յոթ տարի առաջ տեղափոխվել եմ Բջնի:

-Ի՞նչ կպատմեք ձեր գյուղի ու եկեղեցու մասին: 

-Գյուղը կոչվում է Բջնի, եկեղեցին՝ Սուրբ Աստվածածին: Գյուղում կա բերդ, որը Բջնին երկու մասի է բաժանում ՝ Մեծ Բջնի ու Փոքր Բջնի: Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Մեծ Բջնիում: Այն կառուցվել է 1031 թվականին: Սկզբում եղել է վանք, հետո դարձել է եկեղեցի: Բջնին հայտնի է իր խաչքարերի ու եկեղեցիների բազմազանությամբ, սակայն այստեղ գտվող երեսունից ավելի եկեղեցիներից գործող է միայն Սուրբ Աստվածածին եկեղեցին: Երբ եկեղեցին վանական համալիր էր, նրա ձայնը որոշիչ էր կաթողիկոսական ընտրությունների ժամանակ:

Կա մի պատմություն, որ Լենկթեմուրի արշավանքի ժամանակ եկեղեցում փակված ժողովուրդը գաղտնուղու միջով անցնելով, հասել է բերդի մոտ ու փրկվել: Մենք գիտենք, որ եկեղեցին ծառայում է որպես հոգու փրկության միջոց, սակայն որոշ դեպքերում ծառայում է նաև մարմնական փրկության համար:

«Քարից հաց քամող» արտահայտությունն էլ լիարժեք ներկայացնում է բջնեցուն:

-Ի՞նչ եք կարծում, հավատացյալների թիվը գնալով քչանո՞ւմ է: 

-Յուրաքանչյուր մարդ, անկախ ամեն ինչից, հավատում է Աստծո գոյությանը, անգամ աթեիստը գիտակցում է, որ կա մի գերբնական ուժ ՝ ամենակարող Աստված, որին հավատում են շատ մարդիկ, իսկ ինքը ՝ իրեն բացառություն համարելով, հերքում է նրա գոյությունը:

-Իսկ տարիքային ո՞ր խմբի ներկայացուցիչներն են ավելի հաճախ գալիս եկեղեցի՝ Պատարագի: 

-Տարիքային բոլոր խմբերից էլ մարդիկ են գալիս. թե՛ փոքրերը, և թե մեծերը: Մարդիկ գալիս են այն դեպքում, երբ ունեն դրա կարիքն ու պահանջը:

-Ի՞նչ է անհրաժեշտ հավատացյալ մարդուն, որպեսզի նա շփվի Աստծո հետ: 

-Դրա համար հարկավոր է միայն ազատ կամք: Իսկ շփման միջոցը աղոթքն է:

Եթե մենք մի որևէ տեղից անընդհատ մի բան ենք վերցնում, այն սպառվում է, իսկ Աստծո օրհնությունը անսպառ է:

Կյանքը մարդուն մի անգամ է տրվում: Այն պետք է օգտագործել արդյունավետ: Եվ այնպես ապրել, որ երբեք չզղջաս քո որևէ քայլի համար: Մարդիկ ձգտում են բարեկեցության և կատարելության, իսկ լիարժեք կատարելության կարելի է հասնել միայն Աստծո ներկայությամբ:

Հարցազրույցը վարեցին Եվա Խեչոյանը և Ասպրամ Փարսադանյանը