arxiv

Հին «կռուգը»

-Պա՛պ, բա էս մարդն ո՞վ է,- հարցրի ես պապիս ու մատով ցույց տվեցի մի ծերուկի:

-Հա, էդ մեր տղեքից է…

Զարմացա «տղեք» բառի վրա, բայց ձայն չհանեցի, որովհետև մտածեցի, որ պապիկիս ընկերներից կլինի:

Այդ օրն առաջին անգամ եկել էի պապիկիս մանկության բակը: Այնքան էլ չհավանեցի. սիրուն շենքեր չկային: Տները հիմնականում «մեկուկես» հարկանի էին, քանդված ու բորբոսնած տանիքներով: Չնայած ինձ բակը դուր չեկավ, բայց տեսնում էի, թե պապս ինչպես է ժպտացող աչքերով նայում քանդված տներին: Բակը երկար էր, տներն էլ` իրար դիմաց: Մարդ չկար, միայն վարագույրներն էին բացվում` անծանոթներին զննելու համար:

Եկանք կանգնեցինք քանդված մի տան դիմաց, ու պապս, հիացմունքը չթաքցնելով, ասաց.

-Էս քեռուս տունն էր, հենց մեռավ, թալանեցին: Հիմա էլ ընկերս է էստեղ ապրում: Կիտա՜յ,- գոռաց պապիկս:

Դուրս եկավ նիհար-նիհար մի մարդ` նեղլիկ աչքերով, սպիտակ մազերով, ձեռնափայտն էլ ձեռքին.

-Պա՜հ, էս ում եմ տեսնո՜ւմ… Վա՜յ, Աբո՛ ջան, էս ո՞ւր ես, չկաս:

«Կիտայը» մոտեցավ պապիկիս ու չպպացնելով համբուրեց: Հետո էլ տխուր ասաց.

-Լավ ժամանակներ չի, է՜… Աբո՛ ջան… Գյամշոն մեռել ա, Սֆաթն էլ գնաց… Հիմա էլ, ասում են, տներ են քանդում:

-Հա՜… Լավ չի… Լավ տղերք էին: Բա Գյամշոն ինչո՞ւ մեռավ, է՞…

Ոնց հասկացա, «Գյամշոն» ու «Սֆաթը» «Կիտայի» նման պապիս ընկերներից էին: «Կիտայի» հայտնած լուրը տխրեցրեց պապիս: Երևանի հին թաղամասերից մեկն էլ` Հին կռուգը, պիտի քանդեին: Բակի տներն էլ էին կիսում պապիս տխրությունը, նրանք արդեն «կեսհարկանի» էին դարձել:

…Նստած նայում էի կոտրված նարդուն, իսկ շուրջս երկու տասնյակ պապիկներ էին հավաքվել, որ իրար երևի քսան տարուց ավել չէին տեսել:

…Ուժեղ քամի բարձրացավ, ու հին լուսամուտների ճռճռոցը երգչախմբի պես երգեց…

 Էլեն Գյուլնազարյան 13տ., 2003թ.