Ani Harutyunyan

Հիշողությունը երգելով

Ամենաշատ հիշողություններն իրենց մեջ պահպանում են երգն ու երաժշտությունը: Բույրն էլ ունի հիշողություն, բայց կարճատև: Մարդկանց տեսնելիս էլ ես հիշում, բայց դեմքերը հոգնեցնում են: Երգերն էլ են ինչ-որ ժամանակ հոգնեցնում (երբեմն՝ երբեք), բայց մարդկանց չես կարող ընդհատել, կամ քո սիրելի պահից 100 անգամ կրկնել իրենց խոսելը, անջատել ու հեռախոսիդ հետ շպրտել սեղանին, ականջակալ միացնել, որ ոչ ոք չլսի քո հիշողությունը: Երգն իր մեջ ամփոփում է բույրն էլ, մարդկանց էլ, տեղանքն էլ: Աչքերդ փակում ես ու տեսնում չորս տարի առաջ միայն հինգ օր տեսած մարդկանց. մեկի աչքերի գույնը լավ չես հիշում ու քո պատկերացումներով ես լրացնում, մյուսի քիթը փոքր էր` մեծացնում ես, բայց դու ես ու քո հիշողությունները, իսկ բոլորը չէ, որ լավ են հիշում ամեն ինչ:

Լսում ես ու զգում, որ քթիդ թեթև դիպչում է ինչ-որ ժամանակ ինչ-որ կանգառում սպասող տղայի օծանելիքը. դու էլ էիր ամեն առավոտ սպասում նույն կանգառում, դրա համար էլ լավ ես հիշում:

Տարիներով չլսածդ երգերը նորից լսելիս հասկանում ես, որ չես մոռացել, անկախ քեզնից բառերը քթիդ տակ երգում ես: Երգում ես ու հիշում ինչ-որ սրահներ, սենյակներ ու փողոցներ, որ ինչ-որ ժամանակ երգն այնտեղ ես լսել ու երգել:

Մեկ-մեկ այնպիսի երգեր են մտքովս անցնում, որ ուզում եմ րոպե առաջ լսել: Երևի ոչ թե երգի պահանջն է, այլ հիշողությունների:

Ավելի շատ լսեք ձեր հին երգերը, թեկուզ դրանք ձեր ներկա ես-ի ճաշակով չեն, թեկուզ դուք փոխվել եք ու ձեզ համար այդ երգերը բարձրաձայն լսելն ու ձեր պատին կիսվելն ամոթ է հիմա, բայց մեկ է, ձեր ամենալավ հիշողությունները դրանց մեջ են: