Մահապարտների անցած ուղով

«Արծիվ Մահապարտ» Հատուկ նշանակության զորագունդը 25 տարեկան է։

Իսկ գիտե՞ք, թե ովքեր են Արծիվ մահապարտները։ Նրանք այն մարդիկ էին, որոնք Արցախյան ազատամարտի տարիներին հավատում էին հաղթանակին և ուխտել էին ցանկացած գնով հասնել դրան։

Զորագունդը ստեղծվեց 1992թ․-ի օգոստոսի 15-ի Վազգեն Սարգսյանի մարտակոչով, որը մահապարտներն այսօր էլ լավ են հիշում․ «…Վաղը չէ, մյուս օրը, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքից, յուրաքանչյուր շրջանից, եթե ընդամենը 10-15 տղա գա, մենք կունենանք 500 հոգանոց մահապարտների զորագունդ (ես խնդրում եմ ճիշտ հասկանալ` կարելի է հավաքել տասնյակ հազարներ, բայց ես ուզում եմ 500 հոգանոց մահապարտների զորագունդ)։ Էդ զորագունդը պիտի կռվի ամենավտանգավոր տեղում, որտեղ ապրել-մեռնելու հավանականությունը 50 տոկոսը 50 տոկոսի նկատմամբ է։

Վաղը չէ մյուս օրը յուրաքանչյուր շրջանից` 10-15-ական հոգի։ Միասին գնալու ենք կռվելու ամենաբարդ հատվածում, ու մենք հաղթելու ենք․․․»

Այդպես էլ եղավ․․․

Եվ ահա իրենց զորագնդի ստեղծման 25-ամյակի առթիվ Արծիվ մահապարտները Արցախում էին։ Նրանց հետ «Արծիվ մահապարտների միություն» ՀԿ-ի աջակցությամբ նաև Արցախ էին այցելել «Արմինա» պարային համույթի սաները, ովքեր նաև պարային համարներով հանդես եկան ՊԲ զորամասերում։ Ինձ ևս բախտ էր վիճակվել, որպես լրագրող, լինել նրանց հետ։ Ճանապարհն անցնում էր այն հատվածներով, որտեղ 1992թ. սեպտեմբերին կռվել են մահապարտները։ Մեզ՝ երիտասարդներիս հետ այցելության ողջ ընթացքում ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» ՀՆԳ մարտիկներից Մարտին Մարտիրոսյանն ու ամենատարեց մահապարտ Սպարտակ Մաթևոսյանն էին, և զրույցս հիմնականում եղել է նրանց հետ։

Այդ ճանապարհի ամեն հատված նրանց հիշողության մեջ իր տեղն ունի, և հերթական անգամ անցնելով մտաբերում ու պատմում էին այս կամ այն հատվածում եղած դեպքերը, զորագնդի մարտիկների սխրանքները, անմահացած ընկերների մասին, երիտասարդներիս փոխանցելով այն մեծ ավանդը, որը մահապարտներն ունեցել են հայրենիքի պաշտպանության ու փրկության գործում։

-«Մահապարտ» անունը մեծ խորհուրդ ունի․սա չի նշանակում՝ գնալ մեռնելու, սա նշանակում է` կռիվ մղել մահվան հետ ու պարտության մատնել,- վստահեցնում է Մարտին Մարտիրոսյանը։

Իսկ Սպարտակ Մաթևոսյանը հաստատում է․

-Այո, մահապարտը չի գնում մեռնելու, գնում է հաղթելու։

-Զորագնդի ստեղծումը կռվի ամենաթեժ կետերում փոխեց մարտական իրավիճակը։ Պարտությունը, կարծես անիվ, շարժվում էր դեպի մեզ, մահապարտները դարձան պատնեշ՝ այդ պարտության անիվի ճանապարհը փակող, և այն գլորեցին հետ՝ պարտության մատնելով թշնամուն և հասնելով բաղձալի հաղթանակին,- բացատրում է Մարտին Մարտիրոսյանը,- հաղթանակն անհնար էր թվում․ անբարենպաստ դիրքեր՝ մենք ներքևում, իրենք՝ վերևում, քիչ զենք-զինամթերք․ ամենասկզբում փայտերով, որսորդական զենքով դուրս էինք գալիս տանկի դեմ, մեր մեկ զինվորը կռվում էր 10-15 թուրքի դեմ, բայց ի՞նչ արած, այդպես էր պետք․ կար նպատակ՝ հաղթել, ազատագրել մեր պատմական հայրենիքի այդ մի մասնիկը, և բոլորիս համախմբվածության ու մեր ազգային ոգու շնորհիվ հասանք այդ նպատակի իրականացմանը։  Այ, եթե բոլոր հարցերում ու միշտ էդպես միասնական լինենք, աշխարհում մեզ նմանը չի լինի։

Նայում եմ շուրջբոլորս՝ բարձրաբերձ լեռներ, ժայռեր, հսկայական կիրճեր։ Մտածում եմ՝ մի՞թե իրոք հնարավոր է այս պայմաններում կռվել ու հաղթել։ Եվ կարծես կարդալով միտքս, պարոն Մարտիրոսյանը ժպտում է ու ասում․

-Անհաղթահարելի բարձունքներ են թվում, չէ՞։ Բայց մեր տղաները հաղթահարեցին։ Ավելի բարձունքում` Վանք գյուղի մոտակայքում, Գանձասարի վանքն է։ Այն ժամանակ այդ բարձունքը նույնպես վտանգված էր․ եթե դա գրավեին, ոչ միայն կկորցնեինք այդ կարևոր պատմամշակութային, հոգևոր կոթողը, այլև այնտեղից կրկին ռմբակոծելու էին Ստեփանակերտը, և շատ հնարավոր է, որ պարտությունն անխուսափելի լիներ։

Գանձասարի այդ հինավուրց՝ Սբ․ Հովհաննես Մկրտիչ վանքում ևս եղանք, որտեղ և մեզ սպասվում էր մեծ միջոցառում։ Միջոցառմանը մասնակցում էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հոգևոր այրեր՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանի գլխավորությամբ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանը, մի շարք այլ պաշտոնատար անձիք։ Վանքի բակում ինչպես 25 տարի առաջ, կրկին Արծիվ մահապարտներն էին հպարտ կանգնած, միայն թե, ցավոք, հիմա նրանց շարքերը շատ էին նոսրացել։

Շնորհավորական ու շնորհակալական խոսքեր հնչեցին՝ ուղղված մահապարտներին։

ՀՀ ՊՆ «Արծիվ մահապարտներ» ՀՆԳ ընդհանուր համակարգող հրամանատար, Աստվածատուր Պետրոսյանն իր խոսքում հիշեց Վ․ Սարգսյանի մարտակոչը և մի փոքր ներկայացրեց մահապարտների կատարածը․

-Արցախի ինքնապաշտպանական ուժերի հետ միասին, կարողացանք ամրանալ Օխիի լեռնանցքով, Վաղուհաս-Դրմբոն-Չլդրան ուղղությամբ, և կարողացանք գրեթե երեք ուղղություններով հաղթող դուրս գալ, և դուրս գալ ամենաաննվաճ լեռնանցքի գոտիները, որտեղից արդեն Գետավանը, Չափառը և փրկվող Հաթերքն ու մյուս գյուղերն էին մեզ նայում։ Ձեռք ձեռքի տված կանգնեցինք բանակի հետ, և կարևորը այն չէր՝ պիտի կրակե՞ն, թե՞ ոչ․կարևորն այն էր, որ ամրապնդեցին հավատը սեփական ուժերի նկատմամբ։

-Ես շատ լավ եմ հիշում, երբ նեղ վիճակում էր հայտնվել այս տարածաշրջանն ու մանավանդ այս սրբավայրը, ես հասա Երևան, որ հեռուստացույցով խոսեմ և կամավորներ հրավիրեմ դեպի Գանձասար։ Լուսահոգի Վազգեն Սարգսյանն ասաց՝ դա ես կանեմ, դու գնա, մեզ դիմավորի,- հիշեց Պարգև Սրբազանը, շնորհավորեց մահապարտներին ու հիշատակի խոսքեր հղեց նահատակներին։

ԱՀ նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում ողջունեց մահապարտներին՝ նշելով, որ ուրախ է Արծիվ մահապարտներին տեսնել Արցախում՝ իրենց իսկ ազատագրած հայրենիքում․

-25 տարի առաջ, սպարապետ Վ․ Սարգսյանի կոչով ու նախաձեռնությամբ ՀՀ տարբեր շրջանների փորձառու կամավորներից կազմվեց մահապարտների գումարտակ։ Հերոս տղաներ, ովքեր առանց պահ անգամ վարանելու կանգնեցին հայրենիքի պաշտպանության դիրքերում՝ մեկնելով ռազմաճակատի ամենաթեժ հատվածներ։ Գումարտակը մեր մյուս զորախմբերի հետ մասնակցեց Մարտակերտի շրջանի ազատագրական և ինքնապաշտպանական մարտերին։ Մեր քաջ եղբայրների խիզախության ու անձնազոհության շնորհիվ կասեցվեց թշնամու առաջխաղացումը՝ հավատ ներշնչելով մեր ժողովրդին սեփական ուժերի հանդեպ, ամրապնդելով հակառակորդին անհրաժեշտ հարված հասցնելու և նրա հանցավոր ծրագրերը ձախողելու հայ զինվորի կամքն ու վճռականությունը։ Դա սրբազան պայքար էր, որը պսակվեց հաղթանակով։

Բակո Սահակյանը հայրենիքի համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության ու խիզախության համար «Արծիվ մահապարտ» զորագնդի մի խումբ մարտիկների պարգևատրեց «Մարտական ծառայություն» մեդալով։

Մահապարտներն ընդունելով շնորհավորանքները վստահեցնում էին՝ ցանկացած պահի, երբ լինի իրենց կարիքը, պատրաստ են կրկին, մեկ մարդու պես, անկախ տարիքից, կանգնել առաջնագծում։ Իսկ դա արդեն ապացուցել են «Քառօրյա» պատերազմում։

Հաջորդ կանգառը Չլդրան գյուղում էր՝ ահեղ մարտերի կիզակետերից մեկում։ Ճանապարհի հետ իհարկե շարունակվում էին նաև պատմությունները:

-Որպես մահապարտ առաջին կռիվներին մասնակցել եմ հենց Չլդրանում,- պատմում է Սպարտակ Մաթևոսյանը,- երբ հասանք առաջնագիծ, այնտեղ մնացել էին ընդամենը 13 հոգի՝ ամբողջ մի դիվիզիայի դեմ, միացանք նրանց՝ ամրացնելով պաշտպանությունը, հետո շարժվեցինք առաջ։

Մի հետաքրքիր դեպք պատմեմ էս կողմերից: Այն ժամանակ և՛ մեր, և՛ թուրքերի հագուստը նույնն էր՝ «աղվանկա»։ Մեր տղաները տարբերվելու համար մեջքի հատվածում սպիտակ խաչ էին անում։ Մի անգամ, երբ մենք հարձակվում էինք, իրենք նահանջում, տղաներից մեկը մոտեցավ ինձ ու ասաց. «Հրամանատար, մեր մեջ երկու հոգի կան, ոնց որ թուրք են»։ Հրահանգեցի «պառոլը» հարցնել։ Երբ ռուսերենով հարցրել էին, այդ երկուսը պատասխանել էին, թե ի՞նչ «պառոլ», հրամանատարը զոհվեց, «պառոլ» չգիտենք։ Այդտեղ պարզ դարձավ, որ թուրք են, ու վնասազերծեցինք։ Այսինքն, պատկերացնո՞ւմ եք, այնպես խուճապահար էին փախչում՝ նույնիսկ չէին էլ հասկացել, որ հայերի մեջ են հայտնվել։

Չլդրանում կանգ առանք զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձանի մոտ, որտեղ մահապարտները հարգանքի տուրք մատուցեցին իրենց նահատակ ընկերների հիշատակին։

Աստվածատուր Պետրոսյանը հիշեց, թե ինչպիսի դժվարին մարտեր են տեղի ունեցել այդ գյուղի դիրքերում․

-Օրը հազար հինգ հարյուրից ավելի «սնարյադ» էր ընկնում մեր տղաների վրա։ Պիտի գնալ գալուց իմանաք միշտ, որ էստեղ նաև ձեր տունն է․ էս տարածքը պահպանվել է նաև շնորհիվ մահապարտների։ Էստեղ մենք կորցրել ենք ինը հրաշալի տղաների․․․

Հուշարձանի կողքին, որպես 1992 թ-ին՝ Գագիկ Գինոսյանի կողմից խոցված տանկի խորհրդանիշ, կանգնեցված էր «БМП» (Հետևակի մարտական մեքենա՝ ՀՄՄ)։

Մեր հաջորդ՝ վերջին կանգառը եղավ Դադիվանքում։

Այստեղ նախ և առաջ կուզեի խոսել մի մարդու մասին, ում տեսել ու նրա մասին դեռևս լսել էի Գանձասարում։ Խոսքս Արծիվ մահապարտ, Դադիվանքի վանահայր և Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանի մասին է։ Չզարմանաք հոգևորականի անվան դիմաց կարդալով՝ «Արծիվ մահապարտ», քանի որ նրա մասին մահապարտներն ասում էին․

-Առավոտյան հագնում էր փարաջան ու աղոթում, հետո հագնում էր զինվորական հագուստը, ձեռքն առնում զենքն ու ելնում կռվի։ Տեղանքին լավ ծանոթ էր, ուժեղ հետախույզ։

Այո, նա զինվոր-հոգևորական էր․․․ Ես չէ, որ պետք է գնահատական տամ նրա գործունեությանը, բայց երանի այսպիսի կերպարները շատ լինեն մեզանում։

-Դադիվանքը եղել է մոտ 70 տարի գերության մեջ,-պատմում է ինքը՝ զինվոր-քահանան,- և 1960-ականներին այստեղ դարձրել են անասնագոմ, անասուն են պահել ամբողջ վանական համալիրում, և անասնապահը՝ այդ ադրբեջանական քուրդը, կրակ է վառել և պատերը սևացրել։ Բայց չկա չարիք՝ առանց բարիք: Այդ մրից սևացել են եկեղեցում եղած որմնանկարները, դրա արդյունքում 1990-ականներին արցախյան ազատագրական պայքարի ժամանակ թուրքերը չեն նկատել այս հոգևոր արժեքը ու չեն ոչնչացրել։ Որմնանկարներից մեկում Հիսուս Քրիստոսն է՝ հասակով մեկ, սուրբ Ավետարանը փոխանցում է Սբ․ Նիկողայոս Սքանչելագործ հայրապետին, իսկ կողքին Միքայել հրեշտակապետը և Մարիամ Աստվածածինը… Արձանագրության երրորդ տողի վերջին երեք տառը գրված է՝ «ՉԽԶ», որը նշանակում է՝ 1297թ․․այս որմնանկարները 720 տարեկան են և հրաշքով փրկվել են։

Տեր Հովհաննեսը այդ օրը Դադիվանքում գեներալ Պետրոսյանի կնքահայրությամբ մկրտեց նաև մահապարտներից մեկի դստերը։ Ներսում կնունք էր, դրսում՝ երգ ու պար: Ելույթ էին ունենում «Արմինա» պարային համույթի սաները։

Ահա այսպիսին էր Մահապարտների անցած ուղով մեր այցելությունը Արցախ։

Հ․Գ․ Իսկ զորամասերում անցկացրած ժամանակի, միջոցառումների մասին կպատմեմ իմ հաջորդ նյութերում։