svetlana davtyan

Մայրիկս ուսանող է

Շատ եմ սիրում երազել, բայց առավել շատ սիրում եմ բոլոր երազանքներս իրականություն դարձնել: Սակայն այսօր իմ մասին չէ, որ ուզում եմ պատմել: Խոսելու եմ իմ կյանքում անփոխարինելի մի մարդու՝ մորս մասին: Մորս կյանքը և երազանքները սահմանափակվել են ամուսնությամբ: Ամուսնանալուց հետո մայրս դադարեց հավատալ և պայքարել իր երազանքների համար: Ինչպես բոլոր պատանիները, այնպես էլ մայրս, վաղ տարիքում ցանկացել է դպրոցն ավարտելուց հետո շարունակել ուսումը: Ընդամենը 14 տարեկան հասակում դպրոց եկող բոլոր անգլիախոս հյուրերի համար թարգմանչուհի է եղել: Շատ լավ տիրապետելով անգլերեն լեզվին՝ ցանկացել է սովորել Երևանի պետական համալսարանում՝ էլ ավելի ընդլայնելու իր գիտելիքների պաշարը: Բայց մայրս չընդունվեց իր նախընտրած բաժինը և ամեն ինչ թողեց մի կողմ՝ կյանքը նվիրելով իր ընտանիքին: Արդեն շատ տարիներ են անցել, բայց ամեն անգամ հիշելով՝ մորս աչքերը արցունքով են լցվում: Մի օր էլ մի կին մորս հարցրել էր.

-Գայանե՛, որտե՞ղ ես աշխատում:

-Ես չեմ աշխատում:

-Իսկ որտե՞ղ ես սովորել:

-Չեմ էլ սովորել:

Կինը շատ զարմացել էր և ասել, որ իրեն թվացել է, թե մայրս բարձրագույն կրթություն է ստացել, քանի որ շատ կիրթ է:

-Ինչո՞ւ հիմա չես սովորում:

-Աղջիկս արդեն մեծացել է, և նրա ժամանակն է սովորելու:

-Ո՛չ, երբեք ուշ չէ: Այն, ինչ չես արել տարիներ առաջ, փորձիր հիմա:

Այդ կնոջ խոսքերը մորս շատ էին ոգևորել, և մենք նրան սատար կանգնեցինք: Հաջորդ շաբաթ մայրս գնաց և ներկայացրեց ընդունելության իր դիմումը: Եղավ անսպասելին. մայրս ընդունվեց Մանկավարժական համալսարան՝ մեթոդիկայի բաժին: Չեմ կարող նկարագրել, թե ինչքան մեծ էր նրա երջանկությունը այդ ժամանակ: Ես նույնպես մի քանի անգամ գնացել եմ մորս հետ դասերի: Խմբում կային ինչպես շատ երիտասարդ աղջիներ, այնպես էլ մորս տարիքի և ավելի մեծ կանայք:

Նորությունը, որ մայրիկը պետք է սովորի, ընտանիքում, իհարկե, մի փոքր անսովոր էր, բայց հետո արդեն դարձավ շատ սովորական, ընդունելի և գովելի: Նա ոչ մի հարցում չի դժվարանում, սովորում է շատ լավ՝ իր աշխատասիրության շնորհիվ: Մայրս ինձ համար շատ վառ, հզոր, գեղեցիկ օրինակ է, որին միշտ ցանկանում եմ նմանվել: Ես նրանից սովորելու շատ բան ունեմ: Նա ինձ ցույց տվեց, որ մարդը հանուն իր երազանքի պետք է միշտ պայքարի: Ուրախ եմ, որ մայրս այսքան տարի անց իրականություն դարձրեց իր նվիրական երազանքը: