aniharutyunyanarm

Մեկուսացված այգում` հողի հետ

-Մենք գյուղում միշտ էլ կարանտինի մեջ ենք էլի, ի՞նչ նորություն էր:

-Տո Աշոտ, էս սաղ ամերիկացիք են սարքել աշխարհի գլխին, դրանց ձեռի գործն ա: Հիմա էլ սաղին կարանտին են հայտարարել:

-Այ մարդ, հերիք ա էլի, քեզ դրել ես գիտնականի տեղ, ի՞նչ գիտես, դատարկ-դատարկ մի խոսի: Երկուսդ էլ սուս մնացեք, էս սխտորը կերեք,- սեղանին ափսեով սխտոր ու հաց դնելով` հրամայեց Գայանը:

-Էդ սխտորը դու էլ կուտես, քեզ բժշկի տեղ ես դրել, խունկ էլ չծխես էլ տան մեջ, ինչքան չար ու բարի հոգի կար՝ տնից հանեցիր:

Գյուղում մարդկանց տանը մեկուսացնելն ամենաբարդն է: Այստեղ մարդիկ ոչ թե տանը, այլ այգում ու բակում են մեկուսանում: Գարնան օդին գյուղում տանը մնալուց ավելի շատ մարդ կհիվանդանա: Գիտականորեն ապացուցված չէ, բայց փորձը ցույց է տալիս: Մարդ այգին կթողնի՞, անասուններին կթողնի՞ ու մնա տանը: Այստեղ մարդիկ շարունակում են գնալ աշխատանքի. տանից աշխատել չի լինի: Տանից այգին մշակել ու անասուններին կերակրել չես կարող: Ամեն ինչ դասավորել ու նոր, բերքառատ տարվան պատրաստվել չես կարող: 20-ից ավելի էլ մարդիկ այստեղ գրեթե չեն հավաքվում: Ոչ մի փողոցում այդքան շատ կին միասին սուրճ չի խմում, այդքան շատ տղամարդ օղի քաշելու սարքի մոտ` օղի:

Այստեղ մարդիկ կամ հանգիստ են, կամ չեն հավատում վիրուսի իրականությանը, կամ լուրջ վերլուծություններ են անում: Գյուղում երբեք ոչ մի հարցի շուրջ փորձագետների պակաս չկա: Յուրաքանչյուր փողոցում հավաքված 5-10 տղամարդկանցից երկուսը փորձագետներ են` հավերժ իրար հակառակ կարծիքներով ու անվերջ կռիվներով: Մնացածը միշտ հանգիստ են կամ չեն հավատում: Սխտոր են ուտում ու հանգիստ են: Այստեղ հանգիստ են նաև խանութները: Որովհետև մարդիկ ձմեռվա համար փակած պահածոներից դեռ ունեն, մառանում` սառը տեղ, մի քիչ անգամ խաղող, չորացրած լավաշ ու մի քանի լիտր օղի: Մարդիկ ավելի շատ վատ եղանակի լուրերից են անհանգստանում, կարկուտից ու գարնանն անսպասելի ցրտից են վախենում: Անկախ իրավիճակից` ավելի շատ լուրերի վերջին` եղանակի տեսությանն են սպասում: Ասում են` վիրուսը մի քանի ամսվա է, իսկ բերքն ամբողջ տարվա համար:

Արտակարգ իրավիճակը հարևան կանանց համար շարունակում է մնալ մեկի աղջկա ամուսնությունը, տղամարդկանց համար` ընկերոջ խոպանից վերադառնալը: Երիտասարդ տղաների համար` գյուղում անծանոթ աղջկա գալուստը, աղջիկների համար` նոր ու անծանոթ մեքենայի: Արտակարգ է միայն դպրոցականների համար, բայց ոչ թե իրավիճակը, այլ ամեն ինչ. դասի չեն գնում, առցանց էլ, դե, գրեթե դաս չեն անում:

Այստեղ մարդիկ դիմակներով չեն, ոչ էլ բժշկական: Ստից բաներ են, ասում են, որ վերջներս եկավ, էլ ի՞նչ դիմակ: Բայց ձեռքերը ավելի շատ, այնուամենայնիվ, լվանում են, վնաս չկա, ի՞նչ կա որ: Սխտոր են ուտում ու լվացվում են: Չեն հավատում ու լվացվում են:

Գյուղում մարդիկ մեծ մասամբ հանգիստ են, միշտ են այդպիսին: Բայց նաև զգույշ են, դե, միշտ են այդպիսին: Հողի ու անկանխատեսելի բնության հետ գործ ունեցող ցանկացածի պես տագնապի մեջ են, միշտ են այդպիսին: