hasmik davtyan

Մեր ընկեր-կենդանիները

-Միս ուտում ե՞ս:

-Չեմ ուտում:

-Ինչի՞ չես ուտում:

-Բուսակեր եմ:

-Բայց միսը պարտադիր ա մարդու օրգանիզմի համար:

Ու նմանատիպ օրինակները շատ են:

Ինչպես հասկացաք՝ ես բուսակեր եմ:  Ինչ ինձ հիշում եմ, միս չեմ ուտում: Չգիտեմ պատճառը: Միգուցե պատճառն այն է, որ երբ փոքր էի, ինձ հարազատ դարձած ոչխարին մորթեցի՞ն: Հնարավոր տարբերակ է:

Բուսակերությունը նորմալ բան է, չնայած, որ ինձ շրջապատող մեծահասակները փորձում են հակառակը համոզել: Անընդհատ ասում են, որ օրգանիզմիս անհրաժեշտ սպիտակուցներ կարող եմ ստանալ միայն մսից: Իրականում դա այդպես չէ:  Կան շատ այլ մթերքներ, որտեղ բավականին սպիտակուցներ կան, օրինակ՝ ձվի մեջ, կարտոֆիլի մեջ և այլն:

Գիտեք, շատ հաճախ է պատահել, որ մեծերը համոզում են իրենց պատրաստած մսով ինչ-որ ուտեստ համտեսեմ, ասում են, որ հաստատ կհավանեմ ու կսկսեմ միս ուտելը: Բայց պատճառն այն չէ, որ ինձ դուր չի գալիս մսի համը, այլ ես չեմ կարողանում միսը բերանս դնել կամ նույնիսկ ձեռք տալ: Ախր, երբ պատկերացնում եմ, որ էդ միսը մի ժամանակ ողջ կենդանի էր, քայլում էր, շնչում, միգուցե ձագուկներ  ուներ … Չէ, չէ… Չեմ կարող:

Անհնարին բան եմ ասում, բայց եկեք պատկերացնենք, թե աշխարհում ոչ մի կենդանի չի սպանվում մարդու ցանկությունները բավարարելու համար: Հրաշալի չէ՞ր լինի: Մարդիկ իրենց արդարացնում են, թե դա գոյության կռիվ է, օրենք, և ուժեղը հաղթում է  թույլին: Ճիշտ չէ: Մեզ բոլորիս էլ փոքր ժամանակ սովորեցրել են, որ թույլին պետք է օգնել:  Ո՞ւր է մեր մեջ կորում մանկությունը: Ախր, կենդանիներն էլ են վախենում, ցավ զգում: Նրանք էլ, ինչպես և մենք,  բնության մի մասնիկն են: Եվ բնությունը այսպիսի դաժանություն չի հանդուրժում…

Սիրե՛ք ձեր ընկեր-կենդանիներին: