Մի փոքր գրադարանից, Շերլոկից ու հարևանների խոսելու նոր թեմայից

Հերթական ձանձրալի օրն էր այն շոգ ու անտանելի օրերից, որ արձակուրդներ են կոչվում, ու էլի պետք է ինչ-որ զբաղմունք գտնեի օրս անցկացնելու համար՝ ամբողջ օրը մեռած ձևանալուց բացի, իհարկե: Սովորաբար տանը մենակ չեմ մնում, իսկ այսօր մի երկու ժամ մենակ էի: Դե հա, միակ բանը, որ մտքովս անցավ, ու կանցներ նաև ինձ նման այլ մանկամիտների մտքով՝ պատերին կախված փափուկ խաղալիքներին «տաղանդ» ցույց տալն էր: Վերցրի սանրը, իբրև բարձրախոս, էլի, կապեցի մայրիկի կանաչ, կարմիր շալերն ու բարձրացա բազմոցին (դա էլ աստղային բեմս է). համերգն սկսված է: Ես իմ մի քանի ժամն անցկացրի՝ ինձ հայկական շոուբիզնեսի ամենապայծառ աստղը զգալով, իսկ հարևաններն իրենց մի քանի օրը՝ Ժուլետի թոռան՝ չստացված աստղ Աստղից բողոքելով: Հրաշալի է…

-Իսկ մնացած օրն ի՞նչ անեմ, Ուոթսոն (Ուոթսոնը փափուկ խաղալիքիս անունն է, գիտե՞ք, նա անչափ գաղտնապահ ու լավ ընկեր է):

Ա՜խ, դե իհարկե: Չէի՞ կարող ավելի շուտ հիշել «Նոթեր Շերլոկ Հոլմսի մասին» գրքի մասին՝ մինչ հարևանների բուռն քննարկման առարկա դառնալը: Մի բան ասեմ, էլի: Մի քանի ամիս առաջ էի գրադարանից վերցրել այդ գիրքն ու, մոռանալով դրա մասին՝ ոչ կարդացել էի, ոչ էլ ժամանակին վերադարձրել գրադարան: Մի քանի օր առաջ էլ գրադարանավարուհին զանգել ու սիրալիր հետ էր պահանջել գիրքը, դե ինչ արած, տարա հանձնեցի: Շատ անպատասխանատուն եմ, է՜:

Մի քսան րոպե անց գիրքն ինձ մոտ էր, մերոնք էլ՝ տանը: Բայց այնքան դժվար է ինչ-որ բան կարդալը, երբ մի քանի հեռուստացույց միանգամից միացնում են, ձայնն էլ մինչև հարյուրը բարձրացնում: Ինչ արած, պետք էր մի փոքր ու խաղաղ անկյուն գտնել: Վերցրի գիրքն ու իջա նկուղ: Դե, մեր նկուղն էլ ոնց որ իննսունականների փոքր բնակարան լինի՝ հին մահճակալ, փայտյա գրապահարան, խոհանոցային հին կահույք, պապիկի քաշած օղիով լի մեծ տարրաներ, հին սպասք, մանկական օրորոցներ ու «ճռռիկներ», և իհարկե, հով ու զով օդ: Տեղավորվեցի մահճակալին ու սկսեցի կարդալ: Կարդում էի ինքնամոռաց, ասես՝ աշխարհից կտրված: Եսիմ, դժվար թե մեկը կարդա «Շերլոկին»՝ առանց հետաքրքրությունից այրվելու: Ամառվա մի աննշան մասը կամ էլ հենց ողջ ամառն անցկացնելու հիանալի տարբերակ է գիրք կարդալը՝ դետեկտիվ, ֆանտաստիկ, գիտաֆանտաստիկ, էլի դետեկտիվ: Լավ, վերադառնանք նկուղ: Հասել էի «Բասկերվիլների շանը», երբ դեպքերը շատ արագ էին զարգանում, երբ ուր որ է, Ուոթսոնը կբացահայտեր իրեն ու երիտասարդ Բասկերվիլին հետևողին՝ այն գրանիտե սյան վրայի մարդուն, ու մեկ էլ հոպ՝ տեսնեմ մի տասը էջ պատռված է: Ու վերջ. կար կարդալ, չկա կարդալ: Պետք է տանեի գրադարան ու եթե բախտս բերեր, փոխեի նորով:

Երբեք ինձ նման թափթված մի եղեք: Եթե գիրքը չեք կարդում, մի վերցրեք այն ու ամիսներով ձեր տանը պահեք, չէ՞ որ մարդիկ կան, որ սպասում են դրան, որ բերեք, հանձնեք ու իրենք տանեն կարդան միգուցե նկուղում՝ մահճակալի վրա պառկած, կամ էլ գուցե տանը՝ դիմանալով բարձր ձայներին: Ու ոչ էլ վնասեք գրքերն ու պատռեք էջերը, որովհետև ինձ նման մարդիկ էլ կան, որ հասկանալով իրենց սխալը, որոշում են իրենց ամառը ոչ թե համացանցում անցկացնել, այլ գրքեր կարդալ, շա՜տ գրքեր:

Լավ, գնամ տեսնեմ՝ այդ ինչեր են խոսում հարևաններն իմ անկեղծ ելույթի մասին: