anush mkrtchyan

Նամակ թշնամի ընկերոջս. մաս 2

Բարև: Երկար ժամանակ է անցել նախորդ նամակիցս: Ես այն քեզ ուղարկել չկարողացա, որովհետև ես չգիտեմ մի փոստ, որը կապում է թշնամիներին: Դե, պարզ է, ա՜խր, ո՞վ է գժվել թշնամուն նամակ գրի, որ մի բան էլ փոստ լինի:

Մայրս շաբաթը մեկ անգամ վերընթերցում է նամակս: Ձևացնում եմ, թե չեմ տեսնում, իսկ նա իրոք հավատում է: Հավատում է ինձ ու քեզ, մեր ընկերությանը:
Արի՝ մի ամսից հանդիպենք Արաքսի մոտ: Արաքսը մեզ չի խանգարի, նա գիտի լռել: Նա մեզ կմիացնի, ինչպես բաժանել է:
Գիտեմ, որ քեզ կարգելեն գալ, ինձ էլ: Եթե հարցնեն, թե որ ընկերոջս հետ եմ հանդիպելու, ի՞նչ պատասխանեմ: Միգուցե ասեմ քո անունը, ներիր, բայց ես քո անունն էլ չգիտեմ:
Ես երկար եմ պատկերացրել մեր հանդիպումը, այնտեղ ես միայն լռում եմ:
Ա՜խր, ինչի՞ց խոսենք, իսկ եթե առաջին բառից վիճե՞նք, բայց մենք նոր ենք ընկերացել, չէ՞:
Իսկ միգուցե չհանդիպե՞նք: Իսկ ի՞նչ է փոխվելու դրանից: Միևնույնն է՝ մենք թշնամիներ ենք, թշնամի ընկերներ:
Ես ավարտում եմ նամակս ու անգամ անունս չեմ գրում: Թշնամին թշնամի է՝ առանց անունի, իսկ իսկական ընկերները առանց անունի են սիրում իրար: