anahit badalyan (kapan)

Ցանկանում եմ դառնալ այն բժիշկը, ում ազգանունը երբեք չեն մոռանա

Ասյա Հակոբյանը քաղաք Կապանից է, 2017-2018 ուս. տարում ընդունվել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, 1-ին կուրսի ուսանողուհի է: 

-Ասյա, տասներկու տարի դպրոցական լինելուց հետո այս սեպտեմբերի մեկին ոտք դրեցիր համալսարան՝ որպես ուսանողուհի: Ինչպիսի՞ զգացողություններ ունեիր առաջին անգամ համալսարան մտնելիս: 

-Սովորում եմ Հայաստանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Երբ առաջին անգամ մտա համալսարան, տպավորված էի, զարմացած, չգիտեի, որ այն այդքան մեծ է ու ընդարձակ: Մուտքի դուռը բացելուց հետո հասկացա, որ ես արդեն իմ երազանքի ճանապարհին եմ, երազանք, որին հասնելու համար ես շատ եմ աշխատել: Ինձ համար ամենաուրախալին այն էր, որ համալսարանում հագնելու էինք բժշկական խալաթներ, դա ինձ ինքնավստահություն կտար և կպատրաստեր, որպեսզի տարիներ անց այդ նույն կերպարանքով կարողանամ նաև աշխատել ու օգտագործել այն գիտելիքները, որոնք ձեռք եմ բերում հիմա: Ծանոթանալով համալսարանի անձնակազմին, կուրսեցիներիս՝ լցված էի միայն ու միայն դրական զգացողություններով, որոնք ինձ ուղեկցեցին նաև դասերի երկրորդ, երրորդ, չորրորդ օրերին և ուղեկցում են մինչև հիմա: Մի խոսքով՝ տպավորված էի և շատ ուրախ, որ հենց այդ համալսարանն եմ ընտրել: Մի տեսակ համոզվեցի ընտրությանս մեջ և էլ ավելի մեծ վստահությամբ սկսեցի հաճախել դասի:

-Ասում են՝ դպրոցական կյանքից հետո ուսանող լինելն ավելի մեծ զգոնություն և պատասխանատվություն է պահանջում, համամի՞տ ես այս մտքի հետ: Հե՞շտ ես արդյոք հարմարվում ուսանողի կարգավիճակիդ, դժվարություններ կա՞ն: 

-Ամեն ինչ իսկապես այդքան էլ հեշտ չէ, հատկապես այն ուսանողների համար, ովքեր Հայաստանի մարզերից են: Նրանցից մեկն էլ ես եմ: Բացի ուսանողի կարգավիճակին հարմարվել փորձելուց՝ ես նաև փորձում եմ ճանաչել Երևանը, նոր ծանոթներ ու ընկերներ ձեռք բերել, քայլել, զբոսնել, իմանալ՝ որ երթուղայինը որ ուղղությամբ է գնում, փորձում եմ համակերպվել այն մտքի հետ, որ հիմա, երբ ես ու եղբայրս ապրում ենք երկուսով, ճաշ պատրաստելը, տունը մաքրելն ու լվացքը իմ ուսերին են: Նախքան Երևան գալս այս ամենը մայրիկն էր անում, ես, իհարկե, կողքից օգնում էի, բայց հիմնական ուշադրությունս կենտրոնացրել էի դասերիս վրա: Հիմա պիտի սովորեմ համատեղել, որովհետև այժմ ամբողջ հոգսն ինձ վրա է, և դասերս էլ պիտի հասցնեմ: Չնայած՝ մայրիկը հաճախ է գալիս, օգնում է, թեթևացնում հոգսս ու փորձում է այնպես անել, որ առավելագույնս կենտրոնանամ դասերիս վրա ու հանկարծ հետ չմնամ: Կարոտում եմ հայրենի քաղաքս, ընկերներիս: Հաճախ ուղղակի ուզում եմ զբոսնել Կապանի երգող շատրվանների կողքով: Հեռու լինելն իսկապես հեշտ չէ, բայց կարող եմ ասել, որ նման ծանրաբեռնվածությունը միտքս շատ է զբաղեցնում: Տարօրինակ է հնչում, բայց դասերն այնքան շատ են, որ կարոտելու ժամանակ անգամ չեմ ունենում: Չնայած այս դժվարություններին՝ մայրս միշտ կողքիս է ու աջակցում է ինձ: Նրա խորհուրդներն ինձնից անբաժան են: Ես ինձ երբևէ մենակ չեմ զգում. կհոգնեմ, կցանկանամ հանգստանալ, քնել, գուցե այդպես էլ չեմ հասցնի, բայց երբևէ մենակ չեմ զգա: Ի վերջո, դժվարությունները մարդու համար են, և ես փորձում եմ քայլ առ քայլ հարմարվել այս ամենին, ինչն ինձ համար նոր է, անսովոր, բայց միևնուն ժամանակ՝ հետաքրքիր ու առեղծվածներով լեցուն:

-Շատ ժամանակ չի անցել: Ընդամենը 4 ամիս առաջ դու դեռ աշակերտ էիր, իսկ հիմա՝ արդեն ուսանող: Ըստ քեզ՝ ինչպիսի՞ հատկանիշներով է տարբերվում ուսանողն աշակերտից: Ինչո՞վ է հատկանշական հենց բժշկական համալսարանի ուսանող լինելը: 

-Միանշանակ զգալի է անցումը մի կարգավիճակից մյուսին: Կարող եմ ասել, որ աշակերտին դպրոցում դասավանդում են բազմաթիվ առարկաներ, և նա կարող է դրանցից մի քանիսը սիրել կամ չսիրել, սովորել կամ չսովորել: Իսկ ուսանող լինելով՝ դու քո պարտքն ես համարում կատարել բոլոր հանձնարարություններն ամենայն ուշադրությամբ, քանի որ լրջորեն գիտակցում ես, որ դա քո ընտրությունն է ու քո ապագա մասնագիտությունը:

Ցանկացած աշխատանք պահանջում է զգոնություն և ուշադրություն, բայց գաղտնիք չէ, որ ստանձնելով բժիշկ լինելու մեծ պատասխանատվությունը՝ դու անմիջականորեն գործ ես ունենում մարդկանց կյանքի հետ, ուստի ուսանողական տարիներին անուշադրության մատնած ամեն փոքր բան կարող է ճակատագրական դառնալ քեզ և քո հիվանդների համար: Մի օր դու բախվելու ես այն հիվանդին, ով քեզ հիշեցնելու է քո՝ անկարևոր համարած ու այդպես էլ չսովորած դասերը: Բժշկական համալսարանի ուսանողուհի լինելն ինձ համար մեծ պատիվ է և հպարտություն: Օրեցօր իմ մեջ կրկնապատկվում է պատասխանատվության զգացումը: Ես ավելի ու ավելի եմ գիտակցում ապագա մասնագիտությանս մեջ հմուտ լինելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Գիտակցում եմ, որ քայլում եմ երազանքիս ճանապարհով, որ շատ մոտ եմ բժիշկ դառնալուն: Ասում են՝ բժշկի համար բժշկությունն ավելին է, քան ուղղակի մասնագիտություն. այն նաև ապրելակերպ է: Սա հենց այն է, ինչին ես ձգտում եմ. լինել բժիշկ ոչ միայն որակավորմամբ ու դիպլոմով, այլ նաև գիտելիքների մեծ պաշարով, փորձով և հանրությանն օգտակար գործունեությամբ: Մտադրված եմ գերազանց սովորել և ջանք ու եռանդ չեմ խնայում դրա համար, ցանկանում եմ դառնալ այն բժիշկը, ում ազգանունը կիմանան ու կհիշեն:

-Որպես այսօրվա ուսանող, ով կյանքի մարտահրավերները հաղթահարելու փուլում է և ով փորձում է կայանալ իր ընտրած մասնագիտության մեջ՝ ի՞նչ կասես վաղվա ուսանողներին, նրանց, ովքեր քո պես գալիս են մարզերից և սովորում Երևանում: 

-Սկզբնական շրջանում գուցե օտար զգաս Երևանում՝ քաղաքում, որտեղ շատ ծանոթներ չունես, չես ճանաչում փողոցներն ու շենքերը, համալսարանիդ տեղն իմանում ես անցորդներից հարցուփորձ անելով և չափազանց շատ ես հոգնում: Դա բնական է: Փոքր քաղաքներից հետո մեծ քաղաքները միշտ էլ աղմկոտ են թվում, փոշոտ ու երբեմն էլ՝ անծայրածիր: Եթե Կապանում առավելագույնը հինգ րոպե էի նստում երթուղայինում, ապա այստեղ տրանսպորտով ավելի երկար եմ երթևեկում: Մեկ-մեկ ի հայտ է գալիս «ակցենտ» ասվածի խնդիրը, օրինակ՝ իմը խիստ տարբերվում է Երևանի խոսակցականից: Հետո անսովոր է, որ դուրս ես գալիս փողոց ու քսան րոպե քայլելուց հետո էդպես էլ ծանոթ մարդու չես հանդիպում: Քո փոքր քաղաքում այդքան ժամանակվա ընթացքում բոլոր ծանոթներիդ հանդիպած կլինեիր, մինչդեռ Երևանում կարող ես ժամերով շրջել, բայց ոչ մի ծանոթ դեմք չտեսնել: Այս ամենին գումարվում է կարոտը, որը սկզբում ուղղակի խեղդում է: Որքան հեռու ես՝ այդքան շատ ես կարոտում ու շատ ես զգում մտերիմներիդ, հարազատներիդ կարիքը: Բայց այս ամենը ժամանակավոր է: Առաջին հայացքից անհաղթահարելի թվացող այս դժվարությունները ժամանակի ընթացքում հարթվում են ու անցնում: Դու հարմարվում ես ու քեզ ավելի ինքնուրույն ես զգում: Ուսանողական, վարձով բնակարանդ դառնում է հարազատ ու սիրելի, սկսում ես այն սիրել այնպես, ինչպես քո մանկության տունը: Մաքրում ես, հավաքում, ի վերջո զգում ես, որ դա քո փոքրիկ անկյունն է, որը դու ես տնօրինում ու որն ինչ-որ չափով քոնն է: Զգում ես, որ դու ոչ թե օգնում ես մայրիկին տան գործերում (ինչպես երեխա ժամանակ էիր անում), այլ հենց ինքդ ես ձեռնարկում ու կատարում տան բոլոր գործերը:

Բայց լավ հիշիր, որ նախքան այս դժվարություններին բախվելը դու նախ պիտի լավ պարապես ու համալսարան ընդունվես: Ես շատ լավ գիտեմ, որ պարապմունքների ընթացքում գալիս են պահեր, երբ դու հուսահատվում ես, երբեմն էլ ուղղակի հիասթափվում ես ու որոշում հետ կանգնել սովորելու և ընդունվելու մտքից: Ես նույնպես անցել եմ այդ ամենի միջով, բայց երբևէ չեմ հանձնվել: Այսօր ես սովորում եմ իմ երազած մասնագիտությունն ու մեծ հեռանկարներ ունեմ, և իմ այս արդյունքը քրտնաջան աշխատանքի ու նվիրվածության շնորհիվ է: Ուղղակի ընտրիր այնպիսի մասնագիտություն, որը սիրում ես և որով կցանկանայիր զբաղվել կյանքի բոլոր փուլերում: Հիշիր, որ մեր երկրին պետք են կայացած մասնագետներ, ովքեր կփայլեն իրենց գործում: Բռնիր նպատակիդ ճամփան ու սլացիր դրանով: Թող ճանապարհին հանդիպած ամեն խոչընդոտ քեզ դաս լինի, որ չընկրկես ու էլ ավելի մեծ ջանասիրությամբ աշխատես: Ես ի սրտե ուզում եմ, որ դու էլ հասնես քո երազանքին ու սովորես այն մասնագիտությունը, որն իրոք սիրում ես: Սպասում եմ քեզ հաջորդ տարի այստեղ՝ Երևանում, արդեն որպես ուսանող: Հաջողությո՜ւն քեզ: