Շնորհակալ եմ, որ դու կաս

Ազատությունը ոչ թե պարտականությունների, պարտավորությունների և սահմանափակումների բացակայությունն է, այլ վերջիններիս  սահմանների ընդունումը մեր ցանկությամբ ու գիտակցմամբ: Մարդիկ նման են ընտանիքների: Ընտանիքների բազմազանությունն էլ մանկուց նկատած կլինենք. դրսում պաղպաղակ մի կեր, այնինչ ընկերուհուդ արգելում են նույնիսկ դուրս իջնել կամ քեզ արգելում են անել այն, ինչը լիովին ընդունելի է ուրիշ ընտանիքներում, նաև` հակառակը:

Բնությունը մեզ ստեղծում է առանց սահմանների: Սահմանափակումները առաջանում են այն ամենից, ինչը կարող է պատահել ձեր կյանքում. առաջին քայլ, առաջին խոսք, առաջին սեր, առաջին հիասթափություն… Այո, առաջին, քանի որ առաջինից հետո եկող բոլոր թվերը առաջինի ձևափոխություններն են, և ոչ միայն թվերը, զգացմունքներն ու զգացողությունները նույնպես: Շրջապատը ստեղծում է քեզ, դու ստեղծում ես քո շրջապատը: Այս շրջապտույտից առաջանում է քո ինքնաարտահայտվելու կարողությունը: Այդ երկար և միանգամայն դժվար թվացող բառը այնքան էլ դժվար չէ իմաստով: Ուղղակի այն ամենը, ինչ կուզեիր ասել կամ անել այնպես, որ քո ուզած լսարանը քեզ հասկանա կամ հետևի: Ինքնաարտահայտում. այն ամենը, ինչը քո կյանքը իսկապես լիարժեք է դարձնում:
Ուտել-քնել-տնից դուրս չգալ… Դա երևի այն միակ օրակարգերից է, որը ունենալու դեպքում պիտի դեն նետես, ինչպես ես դա արեցի ոչ այնքան հեռավոր անցյալում, և որի համար անչափ հպարտ եմ հիմա: Հիմա գրում եմ, դասընթացներ վարում, ճամբարների և ֆլեշմոբերի մասնակցում, փորձում եմ մաքսիմալ զբաղված լինել: Ես գրեթե լիարժեք կարողանում եմ ազատ ինքնաարտահայտվել: Գրեթե, քանի որ ես ինձ հնարավորություն եմ տալիս զարգանալու և աճելու: Բայց հիմա ոչ բոլորն են կարողանում ազատորեն ինքնաարտահայտվել: Կարծում եմ, դա ոչ միայն երիտասարդի, այլ նաև երկրի ապագայի և նաև իմ խնդիրն է: Երբ երիտասարդը չի կարողանում լիարժեք, ԳՐԵԹԵ լիարժեք ինքնաարտահայտվել, նա չի կարողանա ինքնահաստատվել, և իր հետագա գործունեությամբ ոչ միայն չի օգնի, այլ հակառակը, նաև կվնասի երկրին, նաև` ինձ:
Ես ուրախ եմ որ ես կամ, ուրախ եմ, որ կան նաև նրանք, ովքեր իմ կողքին են և կերտել են ինձ :
Ես ուրախ եմ  նաև, որ դու կաս` էկրանից այն կողմ գտնվող, այո, ես քեզ հետ եմ: Շնորհակալություն, որ օգնում ես արտահայտվեմ ու կարդում ես իմ դատարկաբանությունները, որ կերտում ես ինձ յուրովի: