nina arsutamyan portret

Չգիտեմ էլ՝ որտեղից սկսել

Ութ ամիս է, ինչ արդեն թղթակցում եմ 17-ին: Լինելով թղթակից, ունեմ առաջին հաջողությունը. դա Սևանի մեդիա ճամբարին մասնակցելն է:

Ապրիլի 15-ն էր, երբ ուշ երեկոյան մտա ֆեյսբուք և տեսա, որ ապրիլի 28-ին լինելու է առաջին մրցանակաբաշխությունը և որպես լավագույն թղթակիցներ հրավիրել են մեզ:

Սկզբից զարմացա, որ ինձ նույնպես լավագույն թղթակից են ճանաչել, մտածեցի՝ երևի պատահաբար են ավելացրել ինձ: Բայց հետո հասկացա որ եթե ավելացրել են ուրեմն գիտեն թե ում են ավելացնում: Գնացի խոհանոց և սկսեցի մայրիկիս հետ խոսել.

-Մա՜մ: Ինձ ամսի 28-ին Երևան են կանչել 17-ից, մրցանակաբաշխություն է լինելու, լավագույն թղթակիցներին կանչել են, ես էլ եմ իրենց մեջ մտնում:

-Համբերի, մինչև ամսի 28-ը շատ ժամանակ կա:

Չհասկացա, թե մայրս ինչ նկատի ուներ: Չհասկացա՝ գնալո՞ւ եմ, թե՞՝ չէ: Գնացի հայրիկի մոտ, ով հեռուստացույց էր դիտում և սկսեցի.

-Պա՜պ: Ինձ ամսի 28-ին Երևան են կանչել 17-ից, մրցանակաբաշխություն է լինելու, լավագույն թղթակիցներին կանչել են, ես էլ եմ իրենց մեջ մտնում:

-Դու հենց ճանաչվես լավագույն թղթակից՝ նոր կմտածենք:

Անցավ մի քանի օր: Արդեն ապրիլի 23-ն է, ինձ զանգահարեց Լուսինեն.

-Նինա ջան, դու արդեն երևի տեղյակ ես, որ ապրիլի 28-ին Երևանում կայանալու է առաջին մրցանակաբաշխությանը, դու որպես լավագույն թղթակից հրավիրված ես:

-Հա, կգամ: Այսօր առավոտյան ծնողներիս հետ խոսել եմ, և նրանք համաձայն են:

Այդ պահին, երբ խոսում էի Լուսինեի հետ, միանգամից հիշեցի ճամբարային օրերը, հիշեցի ընկերներիս: Մտքումս ասացի, որ լավ է, կգնամ և կտեսնեմ իրենց:

Ապրիլի 24-ն էր: Դպրոցից եկա տուն, նստեցի համակարգչիս առաջ և սկսեցի խոսել բարձր-բարձր, իսկ կողքիս նստած էին հայրս, տատիկս և մայրիկս.

-Չորս օրից ճամբարի երեխաներով էլի կհավաքվենք, իրար կտեսնենք, շատ եմ կարոտել:

-Նինա, չես գնալու Երևան ,- մի տեսակ ձայնով ասաց մայրս:

-Ի՞նչ, ո՞նց չեմ գնալու:

-Հա, չենք կարողանում հարմարեցնել: Պապադ էս վիճակում (հայրիկիս ոտքը նոր են վիրահատել), ես պետք է չորս օրով գնամ Ջերմուկ՝ դասընթացների, Զաբելն էլ տանը չի, որ ասեմ՝ մնա պապայիդ մոտ, իսկ դու գնաս:

Տխրեցի: Տխրությունս այնքան շատ էր, որ մի օր լաց եղա: Այնքան էի լաց եղել, որ աչքերս ուռել և կարմրել էին: Այդ օրը ոչ ոքի հետ չէի խոսում: Ծնողներս նույնպես ինձ հարցեր չէին տալիս:

Գիտե՞ք՝ ինչու էի լաց լինում: Քանի որ կարոտս այնքան մեծ էր մեր ճամբարի երեխաների հանդեպ, և վատն այն է, որ այն մարդիկ, ում ասում էի, որ չեմ գալու, ինձանից շատ էին տխրում, քանի որ իրենք էլ ինձ էին շատ կարոտել:

Ապրիլի 28-ին դպրոցից շուտ եկա տուն: Անընդհատ ժամին էի նայում: Նայում էի ժամին, հեռախոսին և Երևան տանող ճանապարհին: Որոշեցի մի փոքր ցրվել, մտածեցի, որ ին- որ բան պատրաստեմ, գուցե ժամանակը անցնի, իսկ իմ մտքերը ցրվեմ: Արդեն 16.35 էր, զանգեցի քույրիկիս: Քույրիկս ասաց, որ իմ նվերները վերցրելէ: Հետո անջատեցի և զանգահարեցի ճամբարի երեխաներից մի քանիսին, սակայն նրանք չէին պատասխանում հեռախոսազանգերին:

Հաջորդ օրը մտա 17.am, նկատեցի, որ բոլորը նյութեր են գրել մրցանակաբաշխության մասին: Կարդում էի և պատկերացնում, թե ինչ է տեղի ունեցել: Կարդում էի և տխրում:

Դե ինչ, չկարողացա մասնակցել մրցանակաբաշխությանը, սակայն եթե հաջորդ տարի կայանա երկրորդը, ամեն ինչ կանեմ, որ մասնակցեմ: Իսկ մինչ այդ պետք է պայքարել լավագույնը լինելու համար: