Պապիկ ուսուցիչը

Երբ առաջին դասարան էի, մեր դպրոցում մի պապիկ կար: Չէի հասկանում` ով էր նա, և ինձ շատ տարօրինակ էր թվում, որ նա ամեն օր գալիս էր դպրոց: Մի անգամ մայրիկիս հարցրեցի, թե ով է այդ պապիկը: Մայրիկս պատմեց, որ պապիկը, որն ինձ տարօրինակ էր թվում, ընկեր Պողոսյանն է` մեր դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչը: 

Մեր բախտը բերել էր, որովհետև մեր դասարանը ուսուցչանոցի մոտ էր: Նա հաճախ էր այցելում մեզ և հարցեր էր տալիս տարբեր առարկաներից: Գալիս էր և առաջին հերթին հարցնում էր մեր ազգանունները: Չէինք հասկանում, թե ինչու: Յոթանասուն տարեկանում գալիս էր և մեզ հետ անգլերեն սովորում: Բայց մեր ուսուցիչն ավելի ուրիշ պատմություն ուներ: Նա Հայրենական մեծ պատերազմի վետերան էր, հետախուզության ժամանակ կորցրել էր իր ձեռքը, վերադարձել գյուղ ու իրեն նվիրել աշակերտներին: Շուրջ կես դար աշխատել էր մեր դպրոցում և վայելել աշակերտների և ծնողների սերն ու հարգանքը: Ամեն մայիսի իննի նա պատմում էր իր կյանքի պատմությունը: Ամենահետաքրքիրը նրա ձեռքը կորցնելու պահն էր: Փրկել էր մի ռուս զինվորի և նրա փոխարեն գնացել հետախուզության: 

Չնայած գալիս էր հարևան Գետաթաղ գյուղից Դարբաս, երբեք չէր ուշանում և մեքենա չէր նստում: Ապրում էր մենակ, մշակում էր այգին, մի ձեռքով խոտ էր հնձում, կով կթում: Նրա երեք տղաները ապրում էին մայրաքաղաքում, բայց ինքը երբեք չէր ուզում գնալ մայրաքաղաք` թողնել իր հայրենի գյուղը, կնոջ գերեզմանը և իր կառուցած տունը: Անհուն սիրով էր սիրում աշխատանքը: Ոչ մի րոպե իր կյանքը առանց դպրոցի չէր պատկերացնում, և պատահական չէր, որ ընկեր Պողոսյանին անվանում էին բոլոր ժամանակների ուսուցիչ, դասավանդել էր` և տատիկիս, և հայրիկիս, և ինձ: Ուսուցչուհի մայրս միշտ հպարտանում էր նրանով և միշտ ասում էր. «Ընկեր Պողոսյանը ինձ համար մի համալսարան է, ես նրանից շատ բան եմ սովորում»: 

Արդեն մեկ տարի է, ինչ մահացել է, բայց Պողոսյան ուսուցիչը մեր վայրերում կմնա որպես մեր ժամանակների Մեսրոպ Մաշտոց: